Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ:
Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Անկախ
Կողոպուտ կատարած կնոջ դեմքն արձանագրել է տեսանկարահանող սարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գրքերի հրավառություն Երևանում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու նաև դրանք տեղում ձեռքբերելու առիթ ստեղծելն էր, քանի որ երևանցիները մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել գրքի ու գրականության նկատմամբ, ինչի վկայությունը նաև 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակում անցկացված միջոցառումներն էին: Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ գրքերի այս ցուցահանդես-տոնավաճառը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած մշակութային միջոցառումների համատեքստում իր հատուկ տեղն ունի և կնպաստի նաև գրահրատարակչության գործի զարգացմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն էլ կարևորել է ցուցահանդես –տոնավաճառի անցկացումը տուրիստական այս թեժ շրջանում՝ նկատի ունենալով հանգամանքը, որ ցուցահանդեսին ներկայացված են նաև գրատպության բարձրորակ ու ժամանակակից ոճային լուծումներով հագեցած օտարալեզու գրքեր: Ցուցահանդես–տոնավաճառին մասնակցել են մի շարք գրախանութների, հրատարակչությունների ներկայացուցիչներ և ընթերցասեր քաղաքացիներ: Գրքերի տաղավարներում շրջելու ու նոր գիրք գնելու առիթը բաց չի թողել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Իսկ գրախանութների ու գրահրատարակչությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական մասով: Նման ցուցահանդես-տոնավաճառներն ավանդական բնույթ կկրեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա իրականացված աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ադրբեջանի հետախուզադիվերսիոն խումբը հայտնաբերվել է, անդամները ձերբակալված են
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետն ասել է. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը և Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչև կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին: Տեղեկություն կա, որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել. հանձնարարում եմ գյուղանախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել»:
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2014-30.06.2014թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն 2014թ. հուլիսի 7-ի դրությամբ իրագործվել են կատարման ենթակա բոլոր 29 կետերը:
Կարգավորվում են կենսաթոշակային համակարգի կիրառության հարաբերությունները
ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշումների կարգավորման առարկան կենսաթոշակային համակարգի կիրառությանն առնչվող առանձին հարաբերություններն են:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող չորս ցուցակ: Առաջին և երկրորդ ցուցակներով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր պահանջվող մասնագիտական ստաժի առնվազն կեսը ձեռք են բերել մինչև 2014թ. հունվարի 1-ը, իսկ երրորդ և չորրորդ ցուցակներով՝ այն անձինք, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կունենան օրենքով պահանջվող մասնագիտական ստաժը: Հաջորդ որոշմամբ հաստատվել են նշված պաշտոնների երրորդ և չորրոդ ցուցակները:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 160 բնակարանը՝ որպես սոցիալական բնակֆոնդ, հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որի ենթակայությամբ գործում է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Կբարելավվի Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
Նիստում հավանություն է ստացել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի կատարման ընթացքը և արդյունքը մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը ներկայացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Նախարարին հանձնարարվել է ամփոփել այդ տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման, փախստականների իրավիճակի կարգավորումից հետո իրենց բնակավայրերը վերադարձի պայմանների, պլան-սխեմաների, կենսագործունեության ապահովման կարգերը, որոնք կարող են գործել ռազմական դրության և արտակարգ իրավիճակի ժամանակ,
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ 2014թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել 40 մլն դրամ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնաարտադրական բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար:
Գործադիրը որոշել է Արագածոտնի մարզի Օրգով գյուղի Արբի Թրպանջյանի անվան միջնակարգ դպրոցի չշահագործվող կաթսայատունը հետ վերցնել և նվիրաբերել Օրգովի գյուղական համայնքին՝ գյուղապետարանի շենք կառուցելու պայմանով:
ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2014թ. հունիսի 26-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ հետաձգվել է մինչև 2017թ. հունիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխանող սարքավորումներ՝ կատարելով 1.32 մլրդ դրամի չափով ներդրում: 2015թ. սկսած տարեկան կարտադրվի շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի 25 տոկոսը կարտահանվի ՌԴ, Իրաք և Վրաստան: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 40 աշխատատեղ՝ 110 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվում է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության և մեկնման ծառայության միջև կնքված համաձայնագրով տրամադրվող դրամաշնորհը օգտագործվելու է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող 100 ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար: Վերոհիշյալ համաձայնագրով ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն: 2014թ. Միգրացիոն պետական ծառայության արտաբյուջետային հաշվին փոխանցվելու է ավելի քան 31 մլն, իսկ 2015թ.՝ մոտ 37 մլն դրամ:
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունների միջև սպորտի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Վաղարշապատի «Դոքս քոմպյուտր» ՍՊԸ-ին երեք տարի ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Անատոլի Այվազովին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մինչև 2016թ. ձմեռային զորակոչը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ Էմիլ Տարասյանը ազատվել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Անկախ
Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց
Հուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:
«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 9-ից 10-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, յուրացման` 5, խարդախության` 9, շորթման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անձնագրերի գումարները հօգուտ Հայաստանի՞
Ինչպես մարդիկ, այնպես էլ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտները լի են բազում թերություններով, նախ և առաջ` մարդկային գործոնի պատճառով: Պարզելու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները նոր անձնագրեր (կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ) ստանում, այս անգամ այցելեցինք Ներքին Շենգավիթի անձնագրային բաժանմունք:
Ժամը մոտավորապես 15:00 էր: Ամառվա շոգին կուտակված մարդիկ առավոտից կանգնած սպասում էին իրենց հերթին: Մթնոլորտն ավելի քան լարված էր, իսկ քաղաքացիները բողոքում էին, որ ընդամենը մեկ աշխատող էր իրենց սպասարկում, այն էլ դանդաղ: Մի քանի րոպե անց մարդկանց աղմուկից մոտեցավ վերադասներից մեկն ու հարցրեց, թե ինչ է պատահել, սակայն իրարանցումն այդպես էլ չդադարեց: Քաղաքացիներին վստահեցնում էին, որ երկու անձնագրերի միաժամանակ ձեռքբերումը պարտադիր է, իսկ վերջում, բացի նվազագույնը 25.000 և 3.000 ՀՀ դրամներից, «Տանդեմ Փեյմինթս» կոչվող մի ընկերություն յուրաքանչյուր անձնագրի դիմաց 300 ՀՀ դրամ էր գանձում` որպես սպասարկման գումար: Մինչդեռ սպասարման որակի մասին խոսքերն ավելորդ էին:
Պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվում`խոսեցինք «Տանդեմ» ընկերության հետ, որի գլխավոր հաշվապահ Լիաննա Մանուկյանը մեզ հավաստիացրեց, որ ընկերությունը ՀՀ ոստիկանության հետ կնքած պայմանագիր ունի և այն օրինական է գործում, իսկ գանձվող գումարները (մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում` 100 դր, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում` 300 դր) ընդամենը միջնորդավճար են և միտված են քաղաքացիների գործը հեշտացնելուն:
«Ոստիկանությունը տեղյակ է այդ մասին և մենք ոչ մի անօրինական գործ չենք անում: Իսկ մեր ընկերության գումար գանձելու սարքերը տեղադրված են բոլոր շրջանների անձնագրային բաժանմունքներում, և ոչ միայն», – մեզ հետ զրույցում ասաց Լ. Մանուկյանը: Մեր հարցին, թե ո՞ւր են ուղղվում գանձված գումարները` գլխավոր հաշվապահը մի փոքր մտորելուց հետո պատասխանեց. «Այդ փողերը գնում են մեր ընկերություն…»:
Հարցի իրողությունն ավելի լավ հասկանալու համար` փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այնտեղի աշխատակիցներից մեկը չցանկացավ պատասխանել մեր հարցերին և ասաց, որ զանգահարենք ոստիկանության թեժ գիծ: Թեժ գծի աշխատակիցն էլ իր հերթին հավաստիացրեց, որ այդօրինակ հարցերին միայն պատասխանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մեր խիստ հարցարդրումից հետո ստիպված փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի հեռախոսահամարը, որից անմիջապես հետո կապ հաստատեցինք տվյալ վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանի հետ:
Ըստ համապատասխան վարչության` անձնագրային ծառայություններում վճարային տերմինալների նախատեսումը քաղաքացիների տեղում վճարումները կատարելու համար են: Սակայն դա չի նշանակում, որ դիմումատուն պարտավորված է կատարել վճարումը նշված եղանակով: Վճարման եղանակի ընտրությունը պատկանում է քաղաքացուն՝ այն իրականացնել համապատասխան բանկերի՞, թե՞ տերմինալների միջոցով:
«Վճարումներ կատարելու սպասարկման դիմաց գանձվող լրացուցիչ գումարի տնօրինման և ծախսման ուղղությունների որոշումը դուրս է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավասությունից: Առաջարկվում է նշված խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու համար դիմել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է նույնականացման քարտին` որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա այն նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար: Նույնականացման քարտ ստանալու համար չի պահանջվում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի առկայություն: Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է 16 տարին լրանալու օրվանից», – տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը:
ՀԿԼ վարչության փոխանցմամբ` ի տարբերություն նույնականացման քարտի` կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը հիմնականում օգտագործվում է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու համար: Նշված անձնագիրը քաղաքացուն տրվում է անկախ տարիքից: 16 տարին լրացած անձանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու համար հիմք է նույնականացման քարտի առկայությունը: Վարչարարությունը պարզեցնելու նպատակով, այն դեպքում, երբ անձը չունենալով նույնականացման քարտ ցանականում է ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, երկու դիմումները ընդունվում են միաժամանակ:
Մեր հարցին` ո՞ւր են ուղղվում նորատեսակ անձնագրերի գումարները և ինչպե՞ս վստահ լինի քաղաքացին, որ այդ գումարները գնում են պետբյուջե` ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից պատասխանեցին. «Նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համար նախատեսված վճարները սահմանված են «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով և որպես գանձվող պետական տուրք, համապատասխան նախահաշիվների համաձայն` ծախսվում են պետական կարիքների համար»:
Եթե Հայաստանում օրենքը չի գործում հօգուտ քաղաքացիների, ապա յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամեն քայլ կատարելիս պետք է նյարդերի ամբողջ լարվածությամբ պաշտպանել սեփական իրավունքները:
Ելենա Չոբանյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ցուցարարների հետ (լուսանկարներ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի մոտ:
Ցույցը կազմակերպվել է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: «Նաիրիտ» գործարանն իր աշխատակիցներին 15-16 ամսվա աշխատավարձ է պարտք։
Կառավարության շենքի դիմաց նրանց հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ լուսանկարներում
ՀՀ բնապահպանության նախարարը ծանոթացել է տարածաշրջանային էկոլոգիական-հայրենագիտական ճամբարի առօրյային (լուսանկարներ)
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է , ծանոթացել կենտրոնի աշխատանքներին և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2014» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի, Երևանի, Հայաստանի մյուս մարզերի և կրթահամալիրի մի քանի դպրոցներից:
Ճամբարականներն աղուհացով են դիմավորել նախարարին: Նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ճամբարականների ընդհանուր պարապմունքին, որից հետո կազմակերպված կլոր սեղանի շուրջ քննարկել դպրոցականներին հետաքրքրող մի շարք շրջակա միջավայրին վերաբերող հարցեր: Նախարարն ընդունելի է համարել պատանի դպրոցականների՝ էկոլոգիական խնդիրների վերաբերյալ հայտնած մտահոգությունները և շնորհակալություն հայտնել դրանց լուծման հարցում ցուցաբերվող ուշադրության համար. «Ուրախ եմ, որ այստեղ` մեկ հարկի ներքո հավաքվել են դպրոցականներ բարեկամ Վրաստանից, հարազատ Արցախից և մեր հանրապետության տարբեր մարզերից: Շատ եմ կարևորում բնության պահպանության նկատմամբ ցուցաբերվող ձեր ուշադրությունը»:
Կլոր սեղանի շուրջ ներկայացվել են նաև Էկոտուրի քառամյա պատմությունն ու հաջողությունները, կրթահամալիրի Էկոլոգիական նախագծերը, ինչպես նաև քննարկվել է Էկոտուր 2015-ի ծրագիրը` կապված Սևանի ավազանի, մասնավորապես Սևանա լիճ թափվող գետերի՝ կենցաղային աղբով աղտոտման հարցերի ու էկոտուրի մասնակիցների նախաձեռնությամբ դրանց մաքրման աշխատանքների իրականացման հետ: Արամայիս Գրիգորյանը ողջունել և կարևորել է պատանիների պատրաստակամությունը Սևանա լճի մաքրման աշխատանքներին մասնակցություն ցուցաբերելու հարցում և խոստացել օժանդակել այդ աշխատանքներին և հաջորդ տարի ևս աջակցել էկոճամբարի կազմակերպմանը:
Այցի ավարտին բոլոր ճամբարականները ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նվեր են ստացել բնապահպանական ծրագրերի խորհրդանիշերով ձևավորված շապիկներ: Աշակերտներն էլ իրենց հերթին բնապահպանության նախարարին նվիրել են իրենց ձեռքով նկարած կտավը:
Նախարարության ենթակայությամբ գործող «Զիկատար» բնապահպանական ուսումնական կենտրոնի աջակցությամբ Էկոճամբարում կազմակերպվում են արշավներ հատուկ պահպանվող տարածքի անտառային հատվածներ և պատմամշակութային հուշարձաններ, որոնց ընթացքում բնապահպան մասնագետները դպրոցականների հետ անցկացնում են բնապահպանական թեմաներով ուսումնական դասընթացներ՝ օգտակար գիտելիքներ հաղորդելով հայրենի բնաշխարհի ներկա վիճակի, նրա պահպանության և վերարտադրության մասին: Կազմակերպիչները Ճամբարում անցկացնում են նաև էկոլոգիական բաց դասեր, քայլարշավներ, ճանաչողական զբոսանքներ:
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման պահանջին նոր մոտեցում ցուցաբերվեց
Կառավարությունը հուլիսի 3-ին որոշեց, որպես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շարունակություն, այդ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը` 2014 թ. հուլիսի 1-ը, հետաձգել և սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ: Այսպիսով, սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ները պետք է տրամադրվեն անվճար, իսկ մյուս գյուղերում` տարբերակված գներով` արժեքի 50 տոկոսի չափով: Կառավարության որոշմամբ` 2013 թ. հարկային տարվա արդյունքներով 30-58,35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների ներդրման ժամկետ սահմանվեց 2014 թ. օգոստոսի 1-ը, ՀԴՄ արժեքը` 150 հազար դրամ, իսկ 10-30 մլն դրամ հասույթ ունեցողների համար` 2014 թ. հոկտեմբերի 1-ից,ՀԴՄ գինը` 120 հազար դրամ, 5-10 մլն դրամ հասույթ ունեցողների համար` ժամկետը 2015 թ. հունվարի 1-ը, ՀԴՄ գինը` 80 հազար դրամ, և մինչև 5 մլն դրամ հասույթ ունեցող հարկ վճարողների համար ժամկետը սահմանվեց 2015 թ. հունվարի 11-ը, իսկ ՀԴՄ արժեքը` 60 հազար դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ կարևորեց կառավարության այս ձեռնարկը և հատուկ շեշտեց, որ այս զիջումները շատ թանկ են նստելու կառավարության վրա, քանի որ դրանց հետևանքով առաջացած կորուստների բեռը մնում է բյուջեի վրա: «Սա հարկավոր է հանրությանը ներկայացնել, որ ընդհանուր 4 մլրդ 380 մլն բեռ է ավելանում կառավարության վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ներին աջակցելու այս գործընթացին»,- ասաց նա:
Սա, ինչ խոսք, կարևոր որոշում էր, քանի որ բազմիցս դժգոհություններ ու մտահոգություններ էին արտահայտվել` կապված ինչպես նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետների, այնպես էլ դրանց արժեքի հետ: Այս որոշումով, փաստորեն, կառավարությունը փորձում է մի քիչ ավելի փոքր ծախս ստեղծել ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, ինչը ողջունելի է:
Ի դեպ, այս որոշումից ընդամենը մի քանի օր առաջ նույն կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման պարտադրանքը հանել` ազատելով նրանց լրացուցիչ ծախսերից: Այդ ժամանակ կառավարությունն իր եզրակացության հիմնավորման մեջ նշեց, որ ավելի լավ է օժանդակել ՓՄՁ-ներին` ավելի ուշ ու ավելի մատչելի գներով նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերել:
Չկա բարիք` առանց չարիքի
Հասկանալու համար, թե ինչու է կառավարությունը նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջ դրել, արժե դիտարկել մի քանի հանգամանք:
Ինչպես հիշում ենք, կառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի փաթեթ, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտարկվելու
որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3,5 տոկոսից դարձրեց 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառությունը, բացառությամբ բիզնեսի որոշ տեսակների, ազատեց հարկերից: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր:
Փաստորեն, ՓՄՁ-ների հարկային բեռը թեթևացվում է կամ հանվում` փոխարենը նրանից պահանջելով փաստաթղթավորում, ինչը խոշոր ձեռնարկություններին ստվերից թափանցիկ դաշտ բերելու հնարավորություն պետք է տա: Հիշենք նաև, որ
ՓՄՁ-ների աջակցության առաջին փաթեթի ընդունման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՓՄՁ-ների հարկային բեռի նվազման հետևանքով պետբյուջեի եկամուտները մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: «Բայց մենք այս քայլով, բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան»,- նշեց վարչապետը:
Այս փաթեթի ներդրման ժամանակ, ի դեպ, հայտարարվեց նաև հարկային վարչարարության պարզեցման ու ռիսկերի վրա հիմնված ստուգումների մասին: Իսկ նման պայմաններում պահանջվում է նյութատեխնիկական լուրջ բազա և նորարարական ծրագրեր ու մոտեցումներ: Հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրի ծավալների, շրջանառության վերաբերյալ տեղեկություններն անընդհատ ու պարբերաբար հասնեն տվյալների բազա, ու բավականին արագ ու դինամիկ հսկողության միջոցով պարզեն ռիսկերն ու այդ ռիսկերի «հասցեները»: Հայաստանում ներդրված են հարկային համակարգի աշխարհի ամենաառաջադիմական տեղեկատվական տեխնոլոգիաներ: Պակասում էր միայն նոր սրենդի ՀԴՄ-ների տեղադրումը, որը հնարավորություն կտար անխափան գործելու ամբողջ համակարգին: Ուստի, նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, թերևս, կարևոր որոշումներից է, ու միգուցե դրական արդյունքներ ունենա:
Բայց չմոռանանք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով` 3.85 դրամով թանկանալու է: Այս թանկացումը, ինչպես հուլիսի 4-ին նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, կազդի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա, հետևաբար` փոքր բիզնեսն անկում կապրի:
Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով սպառողական շուկայում գնաճ է տեղի ունենալու: Իսկ թե գնաճը ինչպես կազդի տնտեսության ամենազգայուն հատվածի`ՓՄՁ-ների վրա, դժվար չէ պատկերացնել: Սա նշանակում է, որ պետությունն ավելի շատ հարկեր կհավաքի ու որոշ չափով կթեթևացնի վերոհիշյալ ծրագրերի իրագործման հետևանքով սպասվող ծախսային բեռը:
Ստացվում է, որ կառավարությունը մի ձեռքով տալիս է, մյուսով` վերցնում: Եվ մնում է մխիթարվել, որ գոնե նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու բեռն ամբողջությամբ չընկավ ՓՄՁ-ների ուսերին, չնայած անգամ փոքր ծախսերը նրանց մի մասի համար էական նշանակություն կունենան: Այնպես որ, ինչպես «չկա չարիք առանց բարիքի» ասացվածքն է կենսունակ, այնպես էլ հակառակը` «չկա բարիք առանց չարիքի» տարբերակը:
Կայացել են հայ-ուրուգվայական բարձր մակարդակի բանակցությունները
|
Հուլիսի 9-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն: Մինչ Նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ: Այդ հարաբերությունները, ըստ Հայաստանի և Ուրուգվայի նախագահների, դրսևորվում են տարբեր բնագավառներում փոխգործակցության երկուստեք պատրաստակամությամբ ու միմյանց խնդիրների հանդեպ ցուցաբերվող առանձնակի վերաբերմունքով: Հանդիպմանը ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուրուգվայի հետ համընդգրկուն օրակարգի զարգացմամբ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում և պատրաստակամ՝ այդ նպատակին ուղղորդելու անհրաժեշտ ջանքեր: Հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման գործում զրուցակիցները կարևորել են փոխադարձ այցելությունների, երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական շփումների անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետ կապված առավել արդյունավետ աշխատանք իրականացնել: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2012թ. մայիսին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի և ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի նոյեմբերին կայացած այցերն ու Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար, մեր հայրենակցուհի Լիլիամ Քեշիշյանի՝ անցյալ տարի նոյեմբերին Երևան կատարած այցը: Հայ-ուրուգվայական հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և ուրախությամբ փաստել, որ ՀՀ Նախագահի այցի շրջանակներում երկու երկրների իրավապայմանագրային բազան կհամալրվի մի քանի նոր կարևոր համաձայնագրերով: Անդրադառնալով բազմակողմ համագործակցությանը՝ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Խոսե Մուխիկան կարևորել են արդյունավետ փոխգործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը, անշուշտ, մեծապես նպաստում է Ուրուգվայի հայ համայնքը, որը պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն է հաստատել Ուրուգվայում և ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական, քաղաքական կյանքում և իր համեստ նպաստն է բերում բարեկամ Ուրուգվայի զարգացմանը: Հայաստանի և Ուրուգվայի նախագահները կարևորել են նաև այն հանգամանքը, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Նախագահ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը կանգնել է արդարության պաշտպանի հարթակին` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ գործած այս ծանրագույն ոճրի ճանաչման և դատապարտման գործում Ուրուգվայը կատարել է, թերևս, ամենածանրակշիռ ներդրումը: Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այցի արդյունքներով Հայաստանի և Ուրուգվայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն: Ուրուգվայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ առանձնակի պատիվ է պետական այցով գտնվել Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ուրուգվայում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Երկուստեք մեծապես կարևորվել է միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը: Զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերին, որոնց ակտիվ գործունեությունը, փոխայցելություններն ու շփումները, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համոզմամբ, կարող են զգալիորեն ամրապնդել երկկողմ բարեկամությունը: Սերժ Սարգսյանը և Դանիլո Աստորին համոզվածություն են հայտնել, որ Հայաստանի Նախագահի պետական այցը Ուրուգվայ արգասաբեր կլինի, և առաջիկայում հայ-ուրուգվայական միջխորհրդարանական համագործակցության օրակարգն ավելի կհարստանա: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին սիրով ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը այցելելու Հայաստան՝ նշելով, որ մեծ է ցանկությունը լինել իր բազմաթիվ ընկերների և բարեկամների հայրենիքում, որոնց հետ ունի ջերմ կապեր: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ Ուրուգվայի խորհրդարանում և Սենատի աշխատակազմում կան ծագումով հայեր, ովքեր իրենց նպաստն են բերում օրենսդիր աշխատանքին: Դանիլո Աստորին իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար: Պետական այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Ուրուգվայի Հանրապետություն այցի առաջին օրվա առավոտյան Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, որտեղ ՀՀ Նախագահին ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի ամբողջ արտադրատեսականին, ծանոթացրել արտադրական հզորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոնտեվիդեոյում հանդիպում կունենա նաև Ուրուգվայի Գերագույն դատարանի նախագահ դոկտոր Խորխե Լառիյո Ռոդրիգեսի հետ: Օրվա ավարտին ի պատիվ պետական այցով Ուրուգվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի անունից կտրվի պաշտոնական ճաշ: |
Չինարին գիշերը «չի քնել»
Ադրբեջանական զինուժը երեկ գիշերը մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախին ասաց, որ վնասը, բարեբախտաբար, նյութական է: «Տանիքներ են կոտրվել, մեկի տուն ա մտել գնդակը, պատուհանով մտել, ընկել է սառնարանի մեջ: Հունիսի 21-ից հակառակորդը ԴՇԿ-ն դրել, գյուղի կենտրոնական ճանապարհը պահում է կրակահերթերի տակ: Հենց մեքենա է շարժվում, խփում ա»: Սամվել Սաղոյանը նաև նշեց, որ կրակոցները դադարել են գիշերը 2-ին:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում
Երևան քաղաքի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Իսակովի պողոտայով «Հաղթանակ» կամրջից Կենտրոնական ավտոկայան երթևեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի «Հաղթանակ» կամուրջ հետադարձ կատարելու համար։
Նշված փոփոխությունը կսկսի գործել հուլիսի 10-ից։
Որո՞նք են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքները
Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության և բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց: Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, որի իրականացման համար սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքներ, մասնավորապես`
1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, այդ բնագավառը որպես մասնագիտություն ընտրելու, ֆիզկուլտուրային և օլիմպիական շարժմանը մասնակցելու մարդկանց հավասար իրավունքների ապահովումը,
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում` ուսումնառության ամբողջ ընթացքում,
3) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, համահայկական խաղերի անցկացման, օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային և այլ մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին,
4) աջակցությունը մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը,
5) այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների` սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը,
6) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և ուսումնական բազաների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նոր ուսումնամարզական բազաների կառուցմանը,
7) մարզական գույքի արտադրության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում այլ տնտեսական գործունեության խթանումը,
8) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Շտապ. հակառակորդն արդեն մի քանի ժամ է՝ գնդակոծում է Չինարին
Իրավիճակը դարձյալ լարված է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Հակառակորդն արդեն մի քանի ժամ է` առանց դադարի գնդակոծում է Տավուշի մարզի Չինարի գյուղը:
Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ մոտ չորս ժամ է՝ ադրբեջանական դիրքապահները ԴՇԿ տեսակի զինատեսակից գնդակոծում են Չինարին: <<Չինարին քանդում են: Գյուղս քանդում են…ԴՇԿ-ն դրած գյուղի ուղղությամբ կրակում են, տների, փողոցների ուղղությամբ: Քիչ առաջ դուրս ենք եկել գյուղապետարանի մոտ, տեսնենք` ինչ ա եղել, վնասների մասին առայժմ չեմ կարող ասել>>,-ասաց Սամվել Սաղոյանը՝ նշելով, որ երկու օր էր` հակառակորդը լուռ էր, սակայն այս պահին գյուղում արտակարգ իրավիճակ է, Չինարին ամբողջությամբ գնդակոծվում է:
Չինարիի գյուղապետը նաև հայտնեց, որ կապ է հաստատել Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Այգեպարի ղեկավարների հետ, այդ համայնքներում հարաբերական խաղաղ է, և իր տեղեկությամբ՝ կրակոցները միայն Չինարիի ուղղությամբ են:
Լրացվում է:
1:16
Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գերմանական տեխնիկական ընկերակցության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:
Կառավարության ղեկավարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում: Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է տեխնոլոգիական կենտրոնի ընթացիկ, ինչպես նաև առաջիկա ծրագրերին:
Վարչապետին մանրամասներ են ներկայացրել Հայաստանում Start up (սկսնակ) բիզնեսի և ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ: Դա մեր երկրում մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող միակ նմանատիպ ծրագիրն է, որը համագործակցում է Սիլիկոնյան հովտում գտնվող ամենամեծ Cleantech Open ակսլերատորի հետ:
Ծրագրի շրջանակում հայտարարվել է լավագույն բիզնես գաղափարների մրցույթ՝ վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների ոլորտներում : Հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Cleantech Open-ի կողմից Սիլիկոնյան հովտում կազմակերպվող ամենամյա գործարար համաժողովին:
Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը դիտայց է կատարել Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում: Տարածքին ծանոթանալու նպատակն էր ուսումնասիրել տարածքը՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:
Հանրապետության վարչապետի Շիրակի մարզ այցը եզրափակվել է մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանն ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները և արձանագրված խնդիրների առնչությամբ համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկում Գավառում
Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գավառ քաղաքում: Հայեցակագային դրույթները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը:
Դավիթ Հարությունյանը, խոսելով Սահմանադրության իրավական-քաղաքական և արժեբանական նշանակության մասին, ընդգծել է, որ հասունացել է Սահմանադրության փոփոխման անհրաժեշտությունը` այն պայմանավորելով սոցիալ-քաղաքական, արժեհամակարգային իրողությունների փոփոխման դինամիկայով: «Սահմանադրական բարեփոխումներով պետք է լուծվի մարդու իրավունքների ապահովման հարցը»,-նշել է բանախոսը:
Նա առանձնացրել է երեք տեսակի իրավունք՝ ազատություններ, հիմնական իրավունքներ և այլ տիպի իրավունքներ: Նրա համոզմամբ, եթե չլինի որևէ երաշխիք, որը կապահովի այդ իրավունքների կյանքի կոչումը, ապա մենք չենք կարողանա այդ իրավունքներն իրացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ապահովության, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, Սահմանադրությունը չի կարող ապահովել դրանց ծավալը. դրանք կատարվում են օրենքներով, բայց Սահմանադրությունը պետք է կարողանա ամրագրել ճկուն ու կենսունակ մեխանիզմներ դրանց օրենսդրական ճիշտ կառուցվածքային ամրագրման առումով: Խոսելով իրավունքի գերակայության մասին` Հանձնաժողովի անդամը նշել է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, որպեսզի այն ունենա գերակա նշանակություն:
«Ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետությունն իր իրավունքն իրականացնելիս սահմանափակվի մարդու իրավունքներով: Մենք պետք է լրացուցիչ կարգավորումներով հասնենք այս ամենի իրագործմանը»,-հավելել է նա: Խոսելով իշխանության բաժանման ու հավասարակշռման մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պառլամենտում մեծամասնությունը և հանրապետության նախագահը տարբեր քաղաքական ուժերից լինեն, ապա տեղի կունենա քաղաքական բախում, անխուսափելի կդառնա քաղաքական ճգնաժամը: «Հայեցակարգով մենք ներկայացնում ենք մոտեցումներ, որոնցով պետք է կարողանանք հնարավորինս անվտանգ լուծումներ գտնել այս իրավիճակի համար»,-ներկաներին հավաստիացրել է Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ նա նշել է, որ այսօր կա գործադիր իշխանության երկվություն, մի մասի համար պատասխանատու է կառավարությունը, մյուս մասի համար` նախագահը, իսկ եթե այդ պատասխանատվության կատարման մեջ թերանում է կառավարությունը, ապա հնարավոր է պահանջել նրա հրաժարականը, իսկ նախագահի հրաժարական հնարավոր չէ պահանջել: «Ուրեմն պետք է լինի հանրային իրավական պատասխանատվություն բոլորի համար»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:
Գևորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել իրավունքների իրականացման կարգի սահմանմանը` նշելով, որ դրանով ավելի կանխատեսելի կդառնան այդ մեխանիզմները` ապահովելով ժողովրդավարական սկզբունքների իրականացումը: Սահմանադրությամբ նաև ազգային անվտանգության հարց պետք է լուծվի, օրինակ` որոշ թեկնածուներ սկզբում նշում են, թե գումար չունեն առաջադրվելու համար, սակայն հետագայում գումար են հայթայթում անհասկանալի տեղից: Նա նշել է, որ այդ գործընթացը պետք է թափանցիկ լինի, որպեսզի արտաքին ինչ-ինչ ուժեր չներգրավվեն: Ըստ Գևորգ Դանիելյանի` խորհրդարանական գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ որոշ հարցերում կարևորվի նաև խորհրդարանական փոքրամասնության կարծիքը, որի ձայնը անհրաժեշտ է: «Քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման առումով կարևոր է, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան հանրաքվեներ նախաձեռնելու, և կունենանք ավելի կառուցողական քաղաքական ուժեր»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:
Հարցուպատասխանի ժամանակ փոխանակվել են մտքեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային գրեթե բոլոր դրույթների վերաբերյալ: Մարզի բնակիչները հետաքրքրվել են կառավարման պառլամենտական մոդելի ներմուծման միջազգային փորձով: Հարցադրումներ են եղել սոցիալական պետության, դատական համակարգերի առնչությամբ, որոնց պատասխանել է Դավիթ Հարությունյանը` ասելով. «Մենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսություն ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, և սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում՝ ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձևի և բովանդակության առումով»: Անդրադառնալով դատական համակարգին վերաբերող հարցին նա ասել է, որ տեղական դատարանները կարող են բարձրացնել հանրային վստահությունը: Ըստ նրա՝ դատավորն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա, պետք է ապահովվի նրա անկախությունը:
Հանդիպմանը հնչել են առաջարկություններ, դիտողություններ ու դիտարկումներ ևս, որոնք քննարկվել են հանձնաժողովի անդամների հետ:
Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Վանաձորում:
Բնապահպանության նախարարն ընդունել է Մարտինա Կարբովսկու ղեկավարած պատվիրակությանը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ և ՀՀ համագործակցության շրջանակներում իրականացվող «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» ԵՄ Թվինինգ Ծրագրի Գերմանիայի Դաշնության կողմից ղեկավար Մարտինա Կարբովսկուն (Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարություն /BMUB) և Թվինինգ ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Թեոդոր Յուրոչեկին:
Մարտինա Կարբովսկին, իր կողմից շնորհավորելով նորանշանակ նախարարին, փոխանցել է նաև ԳԴՀ բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարի շնորհավորական ուղերձը և հույս հայտնել, որ վերոնշյալ ծրագրի ավարտից հետո ևս կշարունակվի ՀՀ և ԳԴՀ համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար և նշել. «Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը բավականին կարևոր են մեզ համար, քանի որ դրանք օգնում են կատարելագործելու և բարեփոխելու ոլորտի կառավարումն ու վարչարարությունը: Այսպիսի ծրագրերից է նաև Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացման ծրագիրը, որը մեկնարկել է 2013-ի հունվարին, աշխատանքների մեծ մասն արդեն արված են և հուսանք, որ նախատեսված ժամկետներում կհասցնենք ավարտել այն: Մեր նպատակն է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, հզորությունների ամրապնդման միջոցով ձևավորել էկոհամակարգային մոտեցմամբ բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման արդյունավետ համակարգ: Հուսամ, որ հետագայում ևս առիթ և հնարավորություններ կունենանք իրականացնելու համատեղ նոր ծրագրեր››:


















