Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում. վարչապետ

Տիգրան Սարգսյան,Եվրամիության Արևելյան գործընկերությունՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Երևանում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի բացմանը: Համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ համաժողովի օրակարգային խնդիրն արդիական է և գտնվում է նաև ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու հանդիսանում է գործադիրի ամենօրյա քննարկումների առարկան: «Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս: Այս տարի Չինաստանում կայացած ամառային Դավոսի ժամանակ տարբեր երկրների կառավարությունների ղեկավարներ քննարկում էին, թե որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, և որն է դրանց լավագույն պատասխանը: Ֆորումի մասնակիցները համաձայնության եկան մի հարցի շուրջ, որ այդ մարտահրավերներին լավագույն պատասխանն այն բարեփոխումներն են, որոնք պետք է իրականացվեն կրթական համակարգում: Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող աշխարհում, որտեղ հիմնական առանձնահատկությունը փոփոխությունների արագությունն է և անորոշությունների տեսակարար կշռի ավելացումը»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ երիտասարդ սերունդն առաջին հերթին պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն, ինչը նշանակում է, որ երիտասարդներին պետք է տրամադրվեն մտածողության նոր գործիքներ:
Կառավարության ղեկավարի համոզմամբ` բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ, սկսած մանկապարտեզից-դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս: «Եթե դուք բարձրագույն կրթություն եք ստացել, դա չի նշանակում, որ պատրաստ եք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին: Պետք է մշտապես ձեռք բերեք գիտելիքներ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ժամանակակից հասարակության հիմքը համալսարաններն են, որոնց շուրջ պետք է ստեղծվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց իրենց գիտելիքները ներառել արդյունաբերության մեջ»,– դիմելով համաժողովին ներկա ուսանողներին` նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը կհուշի պատասխաններ, թե ինչպես իրականացնել այդպիսի ծրագրեր և հասնել հաջողության:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակում:
Համաժողովին մասնակցում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը և կրթության ոլորտի այլ մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից:

 

 

Ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշջվել

ապակիՀոկտեմբերի 16-ին, ժամը 01.10-ի սահմաններուն, «Պրոտոն Վիռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վիճաբանությունը կանխելու նպատակով գազային ատրճանակից օդ է կրակել

ատրճանակՀոկտեմբերի 16-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորենացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը Խորենացու փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ին:
Պարզվել է, որ դեպքին մասնակից է եղել նաև 1984 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը իր մոտ եղած գազային ատրճանակից, վիճաբանությունը կանխելու նպատակով, 1 անգամ օդ է կրակել:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 14.25-ին, Արմեն Թ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը` լիցքավորված 2 փամփուշտով:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ոստիկանները «տաք հետքերով» բացահայտեցին Ստեփանավանում կատարված սպանությունը

ՍպանությունՀոկտեմբերի 16-ին, ժամը 00.40-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սրտի շրջանի կտրած-ծակած և աջ սրունքի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արա Հախվերդյանի դիակը:
Ոստիկանության Ստեփանավանի և Լոռու մարզի քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արևելյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արեն Հարությունյանը դանակով հարվածել է Ա. Հախվերդյանին և սպանել նրան:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Արեն Հարությունյանը ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Ոստիկանները հայտնաբերել են երթուղայինում դրամապանակ գողացողին

ձերբակալելՀոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող սրճարանի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արսեն Պ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ կանխիկ գումարով և բանկային քարտերով:
Վերջինս խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում` մի աղջկա պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1989 թ. ծնված Անի Բ.-ն է, որը ժամը 21.00-ին ոստիկանությունում հաղորդում է տվել:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Մահվան ելքով պատահար Կապան-Գորիս ճանապարհին. վարորդը և ուղևորուհին մահացել են

ավտովթարՀոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1942 թ. ծնված Նապոլեոն Պետրոսյանի վարած «Մերսեդես-Բենց 210 Դ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Գորիս ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1955 թ. ծնված Գայանե Գինոյանը, տեղում մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

007Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված  համագործակցության երկրորդ համաժողովը:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ  Միշել  Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի քաղաքապետը լավ է ծանոթ, քանզի այս համաժողովն առաջին անգամ անց է կացվել հենց Երևանում.

«2010 թվականի հոկտեմբերին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության անդրանիկ համաժողովը, որն ինստիտուցիոնալ  հիմք  դրեց հայ և ֆրանսիական համայնքների միջև  համագործակցությանը։ Այդ համաժողովում մենք ընդունեցինք կարևոր համապարփակ  փաստաթուղթ` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խարտիա, որն ուրվագծում է մեր համագործակցության գերակա ուղղությունները. տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն, ֆրանսերենի ուսուցում»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը` նկատելով, որ այն Հայաստանի մայրաքաղաքի համար սկիզբ է առնում դեռևս 1960-ական թվականներից:

«Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 7 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ  և  իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով ու ոլորտներով համագործակցության խորացումը։ Վերջին  20  տարվա  ընթացքում Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի,  Լիոնի,  Մարսելի, Նիցցայի  և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության,  քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ Երևան քաղաքն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այսօր նպատակային աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդյունավետ համագործակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային  ասոցիացիայի  հետ, որի շրջանակում վերջին տարիներին իրականացվել  են  մի  շարք կարևոր ծրագրեր մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական  դպրոցներում։

«Անցյալ տարի Հայաստանին շնորհվեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը, վստահ եմ, որակական նոր հնարավորություններ է ընձեռում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Ֆրանսիայի հետ համագործակցության  ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մեր ֆրանսիական գործընկեր քաղաքների  ունեցած փորձը և փորձի փոխանակումների ու տեխնիկական աջակցության միջոցով այն կիրառելու հնարավորությունը»,- շեշտել է Տարոն Մարգարյանն ու կարևորել նաև տարբեր ծրագրերի շրջանակներում համայնքների համագործակցությունը։ Երևանի քաղաքապետը նաև ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության բոլոր ուղղություններն են կարևոր ու մեկը մյուսին փոխլրացնող։

«Ըստ այդմ, կարծում եմ, որ պետք է մշակենք համագործակցության ինստիտուցիոնալ  նոր  մոդելներ։ Պետք է առավելագույնս օգտագործել ոլորտների մեկը մյուսին փոխկապակցված ծրագրերի իրականացումը։ Ես համոզված եմ, որ ապակենտրոնացված համագործակցության հաջողությունը պայմանավորված է ծրագրերին համայնքների կորպորատիվ մասնակցությամբ։ Այս ձևը հատկապես արդյունավետ կլինի վերապատրաստումների և փորձի փոխանակումների ծրագրերի դեպքում։ Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների և ռեգիոնների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ստեղծել բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ միասնական  բանկ, որը կվերլուծի և կմշակի օպտիմալ ծրագրեր։ Եվ այս գործում մեծապես կարևորում եմ և՛ ֆրանսիական, և՛ հայկական այն կազմակերպությունների դերը, որոնք միավորում են համայնքներն ու ռեգիոնները։ Համոզված եմ, որ նշված մոտեցումների և սկզբունքների շնորհիվ, մենք կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների  արդյունքում կծնվեն նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն բարեկամ երկու    երկրների միջև համագործակցությունը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Աշխատանք՝ երիտասարդական նվագախմբում

երաժիշտՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ ստորև նշված լարային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով.
• Ջութակ` 7 տեղ
• Թավջութակ` 2 տեղ
• Կոնտրաբաս` 1 տեղ
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել մինչև 32 տարեկան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող երաժիշտները կամ համապատասխան մասնագիտությամբ ուսանողները:

Այլ մանրամասներ, ինչպես նաև դիմումի ու հայտի ձևը կարելի է գտնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքում (http://www.syoa.am/hy/1311449871)

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Ողբերգական պատահար ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում

պնՍ.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ):

Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում քաղաքացու կողմից ներկայացված դիմում-բողոքներին

դիմում«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 1999 թ. նոյեմբերի 24-ին) 2-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը և առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց այդ տեղեկությունների` առաջարկությունը կամ դիմումը և կամ բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

Առաջարկությունը, դիմումը և բողոքը չի քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

Քաղաքացիները, իրավաբանական անձինք իրենց առաջարկությունները, դիմումները և բողոքները ժամանակին և օրենքով սահմանված կարգով քննարկելու նպատակով տալիս են այն պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպություններին, որոնց անմիջական տնօրինությանն է վերապահված տվյալ հարցի լուծումը:

Բողոքները տրվում են այն մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց անմիջականորեն ենթակա է այն մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց գործողությունները բողոքարկվում են:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով բողոքները կարող են տրվել դատարան:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, կազմակերպությունները, որոնց տնօրինությանը չի վերապահվում առաջարկություններում, դիմումներում, բողոքներում առաջարկված հարցերի լուծումը, դրանք ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են ըստ պատկանելության կամ այդ մասին ծանուցում են դիմողներին, իսկ անձնական ընդունելության ժամանակ պարզաբանում են, թե նրանք ում պետք է դիմեն: Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողություններն են բողոքարկվում:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ընդունել և իրենց լիազորությունների սահմաններում, հիշյալ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, պատասխանել դրանց և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,

բ) ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի` ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների վերաբերյալ ընդունված որոշումների փաստացի կատարումը,

գ) իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համալիր ուսումնասիրություն` այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս:

Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը կազմակերպելու համար պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները:

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն` նրանց առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու նպատակով:

Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` քաղաքացիներին հայտնված օրերին և ժամերին:

 

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ռուսաստանում սպանել են Ադրբեջանի քաղաքացու

դիակՀոկտեմբերի 16-ին Մոսկվայի Չերկիզովյան շուկայի տարածքում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի Ռուսլա Արիֆօղլու Գարախանլըի դին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետաքննության արդյունքում պարզվել է, որ 27-ամյա Ռուսլանին նախ բութ գործիքով ծեծել են, այնուհետև կտրող-ծակող գործիքով սպանել:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Մահվան ելքով ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին

ավտոպատահարՀոկտեմբերի 16-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 181 ՕԼ 64 պետհամարանիշով միկրոավտոբոսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1942 թ. ծնված Ն. Պ.-ը և ուղևոր Գ. Գ.-ը տեղում մահացել են:

Վիրավորներ Օ. Մ.-ը, Լ. Ա.ը և Ս. Ս.-ը տեղափոխվել են Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-21-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան      26.80C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -0.70C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան     13.40C

Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը

Եվգենի ԿասպերսկիՀոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ՀՊՃՀ 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել են “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության շաբաթ” միջոցառումների շարքը:

Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին իր թիմով:

Այսօր Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Ողջունելով Ե. Կասպերսկուն և իր աշխատակիցներին Հայաստան գալու առիթով` ռեկտորը նշել է, որ թեև Ե. Կասպերսկին առաջին անգամ է այցելում ճարտարագիտական համալսարան, այդուհանդերձ Պոլիտեխնիկի և “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության համագործակցության հիմքերը դրվել են դեռևս մի քանի տարի առաջ և հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր: Դրա վառ ապացույցն են ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների և ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում և գիտաժողովներում, ինչպես նաև այս տարի փետրվար ամսին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան և ԱՊՀ երկրներ” փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվգենի Կասպերսկին նշել է, որ ընկերությունը հուսալի գործընկեր ունի տարածաշրջանում` ի դեմս ճարտարագիտական համալսարանի: “Մենք Պոլիտեխնիկի հետ բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ այստեղ է կուտակված այն ներուժը, որը կարող է և ունակ է լուծել երկրի տեղեկատվական անվտանգության հարցերը”,-ընդգծել է Ե. Կասպերսկին:

Հանդիպման ավարտին ՀՊՃՀ ռեկտորն իր գոհունակությունն է հայտնել ընկերությանը կրթական ասպարեզում մինչ այժմ համալսարանին ցուցաբերած օժանդակության համար և, ի նշան երախտիքի, հայտնել, որ ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի ժամանակ:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

Ներկայացվեցին Կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի, ինչպես նաեւ արդեն իսկ կայացած հանրային քննարկումների արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարությունների, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի, խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ:

Խորհրդակցությանը իրավասու պետական կառույցների ներկայացուցիչները խորհրդատուների հետ քննարկեցին աղբահանության կազմակերպման մշակված տարբերակները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում խորհրդատուներին կներկայացվի կարծիք` առաջարկվող տարբերակների վերաբերյալ, ինչի հիման վրա խորհրդատվական թիմը կսկսի երկրորդ` տնտեսական, ֆինանսական վերլուծությունների աշխատանքները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է. Հասմիկ Ավետիսյան

1381878_205530299629023_1614630514_n‹‹Անտեսված գեղեցկություն» այս խորագիրն էր կրում նկարիչ Հասմիկ Ավետիսյանի այսօր Ժամանակակից արվեստի թանգարանում բացված անհատական ցուցահանդեսը` նվիրված ալբինիզմին: Ալբինիզմը (լատ.«albusե-սպիտակ) գենետիկ շեղում է, մելանին գունանյութի ի ծնե բացակայության պատճառով:

Հասմիկ Ավետիսյանի համար ալբինիզմը անուշադրության մատնված բոլորովին նոր աշխարհ է, կարելի է ասել` մի նոր ռասա.‹‹Ուրիշի անծանոթ տեսակը ընդունելը բարդ երևույթ է մեր հասարակության մեջ: Պատճառն այն է, որ անծանոթ տեսակը անծանոթ աշխարհ է, որը մշտապես վախեցնում է: Սակայն երբ մտնում ես այդ նոր և տարօրինակ աշխարհը, դու հասկանում ես, որ այն բնակեցված է և հաճախ մոտ ու ծանոթ մեզ››:

Նկարչուհի խոսքերով ցուցահանդեսի նպատակն է աշխարհին բացել մի նոր գեղեցկություն: Խորագիրը հենց այդպես է՝ ‹‹Անտեսված գեղեցկություն››, այսինքն նրանց գեղեցկությունը ոչ ոք չի նկատում.‹‹Այս ցուցահանդեսը ներկայացվել է որպես իրադարձություն: Սա փորձ է աշխարհին ցույց տալու մի նոր  բան: Նրանք մեզանից ոչնչով չեն տարբերովում: Միգուցե միայն նրանով, որ ավելի բարի են, ավելի փափուկ և անպաշտպան››:

Ալբինիզմ 1393003_205530126295707_1249059118_nՑուցահանդեսի ողջ ընթացքը ուղեցկվում էր երաժշտությամբ, որը առավել տպավորիչ էր դարձնում ցուցադրությունը: Սկզբում տեսնում ես նրանց առանձնահատկությունը, այնուհետև նկատում գեղեցկությունը:

Տիկին Ավետիսյանի համոզմամբ ‹‹ճերմակ ագռավները›› իրնեց ճերմակությամբ ‹‹գունավորում››, փայլ են տալիս  այս անբացատրելի աշխարհին.‹‹Առանց նրանց մեր իրականությունը շատ տաղտուկ և անհետաքրքիր կլիներ…››

Վերջում հավելենք, որ ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 28-ը:

 

                                                              Աննա Եղիազարյան

 

Քննարկվել է Երևանում Լիոնի օրեր անցկացնելու հնարավորությունը

Լիոն,Հայ-ֆրանսիականՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Ֆրանսիայի Հանրապետություն ժամանած քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժուլյեն Լաֆարիերի հետ: 

Ողջունելով հյուրերին՝ Լիոնի քաղաքապետի տեղակալը նախ, օգտվելով առիթից, իր գոհունակությունն է փոխանցել Արամ Սուքիասյանին` երկու քաղաքների միջև ծավալվող արդյունավետ համագործակցության համար: Ժուլյեն Լաֆարիերն արդյունավետ է գնահատել հատկապես կրթամշակութային երկուստեք համագործակցությունն ու հատկանշել, որ այդ ուղղությամբ առկա ձեռքբերումները, սակայն, դեռ բավարար չեն ու պետք է ավելացնել իրականացվող ծրագրերի  ծավալները և ընդլայնել ուղղությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և երկուստեք կրթամշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին նկատել է, որ այդ ուղղությամբ զարգացման դաշտ իրապես կա, ու Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը: Արամ Սուքիասյանը մասնավորապես առանձնացրել է կրթական և մշակութային օջախներում ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ ծրագրերի ակտիվացումը, ինչպես նաև ոլորտում փորձի փոխանակման կազմակերպումը: Բացի այդ, Երևանի քաղաքապետի տեղակալը առաջարկել է նաև քննարկել Երևանում և Լիոնում մշակութային օրերի անցկացման հնարավորությունը, ինչը լրացուցիչ հնարավորություն կընձեռի երկու քաղաքների բնակիչներին ծանոթանալու մեկը մյուսի մշակութային ժառանգությանն ու սովորույթներին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ համակողմանի քննարկել առաջարկը և փորձել հնարավորին կարճ ժամկետում կյանքի կոչել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դոլարի գինը բորսայում` 406 դրամ

դոլարՀոկտեմբերի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,090,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

 

NASDAQ OMX Armenia