Բանականությունը արտաքին աշխարհը մեր մեջ պատկերացնելն է

DSC05230 Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառների, դրանց վիճակագրական տվյալների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են հոգեբույժ, հոգեբան, Նյու Յորքի բժշկական համալսարանի բժիշկ, պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանը և նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը:

 

Ըստ պր. Նաջարյանի հոգեկան հիվանդությունների առաջացման հիմնական աղբյուրը ընտանիքն է, որտեղ առկա նեղությունները, բռնությունը, վարքի խանգարումները /ալկոհոլի օգտագործում, թմրանյութեր/ հիմք են հանդիսանում հոգեկան առողջության վատթարացմանը:

-Այսօր մարդիկ ավելի շատ են դիմում հոգեբաններին և չկան այն կարծրատիպերը կապված հոգեբանների հետ: Մենք դեղորայքային բուժման դիմում ենք միայն ծայրահեղ դեպքերում,-հավելեց հոգեբույժը:

 

Իսկ ահա ըստ նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանի այսօր մեր հասարակության մեջ ամեն մի 14-րդ մարդը հոգեկան հիվանդ է, իսկ մեզանից յուրաքանչյուրը պոտենցիալ հոգեկան հիվանդ. “Այսինքն մեզանից ամեն մեկը ժամանակի ընթացքում ձեռք է բերում այդ հիվանդությունը”,-ասաց նա:

 

Հիվանդության 65-70 տոկոսը կապված է սոցիալական սթրեսի հետ: Խաչատրյանի հավելմամբ` սա ուղեղի հիվանդություն է, իսկ մենք գիտենք, որ ուղեղը չգիտենք, այսինքն չկա այս հիվանդության հստակ սահմանումը:

Բանականությունը արտաքին աշխարհը մեր մեջ պատկերացնելն է, իսկ երբ ի հայտ է գալիս հոգեկան հիվանդությունը` այդ պատկերացումը աղավաղվում է:

 

Լուսինե Ասատրյան

Փոխվարչապետը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

Արամայիս ԳրիգորյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին` համատեղ աշխատանքի համար:

Փոխվարչապետը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա ունի թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում աշխատանքի փորձ, ինչպես նաեւ լավ ծանոթ է մարզի խնդիրներին:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Նա կարեւորեց մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով

ԻնսուլինԱյսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց առողջապահության նախարարության  ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն 2013-2019 թվականների կարիքների համար  առողջապահության նախարարությունը մարդկային ինսուլինը ձեռք կբերի  անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից:

Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլլարին համարժեք, առաջարկել է  «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։

Արդյունքում հնարավոր կլինի նշված ժամանակաընթացքում ամբողջությամբ բավարարել ինսուլինակախյալ հիվանդների ինսուլինի պահանջարկը` տնտեսելով մեծ գումարներ: 2013թ. տնտեսման արդյունքում արդեն իսկ հնարավոր եղավ պլանավորված 152 000-ի փոխարեն ձեռք բերել շուրջ 189 500 սրվակ ինսուլին կամ շուրջ 37 500 սրվակ ավել, ինչը հանրապետությունում ինսուլինակախյալ հիվանդների իրական պահանաջարկն է:

Հիշեցնենք, որ 2013թ. առաջին կիսամյակի համար առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ինսուլինը ձեռք էր բերվել 4800 ՀՀ դրամով կամ շուրջ 12 ԱՄՆ դոլլարով, իսկ 3-րդ եռամսյակի համար Սանոֆի Ավենտիս ընկերության հետ կնքված միանվագ մատակարարման պայմանգրով` 6,55 ԱՄՆ դոլարին համարժեք 2684 դրամով: Անմիջապես արտադրող ընկերությունից ձեռք բերելու արդյունքում 2013թ.-ին ինսուլինի ձեռքբերման միջին գնի համեմատ 2014թ-ին տնտեսումը կկազմի շուրջ 323 մլն դրամ, իսկ 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում ինսուլինի ձեռք բերման գնի համեմատությամբ (1սրվակը` 4800 դրամով), 2014թ-ին ինսուլինի գծով տնտեսումը կկազմի շուրջ 602 մլն. դրամ:

 

 

 

 

 

ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահությանը` ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի ԵԺԿ անդամներ,
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Անգնահատելի է պարոն Մարթենսի ներդրումը Եվրոպայի քաղաքական միասնության, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածման գործում:
Հայաստանը բարձր է գնահատում պարոն Մարթենսի անձնական ավանդը «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության կայացման և առաջմղման հարցում:
Հիշարժան է նաև պարոն Մարթենսի անձնական նվիրումը Հայաստանի մերձեցմանը եվրոպական արժեհամակարգին և քաղաքական ընտանիքին: Նրա ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի երեք կուսակցություններ դարձան ԵԺԿ անդամ:
Պարոն Մարթենսի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում»:

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն:

«Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման և բազում հաջողությունների հարցում:

Բարձր ենք գնահատում Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում: Մասնավորապես, անուրանալի են պարոն Մարտենսի հետևողական ջանքերը համաեվրոպական մեծ ժողովրդականություն վայելող Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաև հայաստանյան երկու այլ քաղաքական կուսակցությունների անդամակցության գործում:

Հարազատ դարձած քաղաքական գործիչ Վիլֆրիդ Մարտենսի անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամների շարքում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

4154Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին հաճախակի դարձած հայ-թուրքմենական տարբեր մակարդակի փոխայցելությունների և դրանց արդյունքում միջպետական հարաբերություններում նկատելի աշխուժության մասին: Այդ համատեքստում Թուրքմենստանի դեսպանը կարևորել է ՀՀ Նախագահի հրավերով անցած տարի Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Դեսպան Նազարովը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի առավել խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը:

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

562. Minister Nalbandian met with Deputy Speaker of Lithuanian parliament 10.10.2013Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Նա հատկապես կարևորեց երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և զարգացող հումանիտար կապերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների, այդ թվում` միջխորհրդարանական փոխգործակցության  զարգացմամբ ու ամրապնդմամբ:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը անդրադարձավ մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝                Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան  – Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։

Մշակույթի նախարարությունը տեղափոխվում է Գյումրի

GyumriՀանրապետության նախագահի Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ՝ սեպտեմբերի 20-ին, կրկին հարց է բարձրացվել մշակութի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին:

“Մենք առաջարկություն ենք ներկայացրել մշակույթի նախարարությունը մշակութային մայրաքաղաք դարձած Գյումրի տեղափոխելու համար: Այս մասին քաջատեղյակ է նաև հանրապետության նախագահությունը”, – այս մասին օրեր առաջ հայտարարեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ինչին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արձագանքեց, թե նախարարն արդեն տեղափոխվել է Գյումրի, կապված՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումների հետ:
Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ մանրամասնում է. “Եթե “Հյուսիս-հարավ” ճանապարհաշինության ծրագիրը 2016 թվականին վերջնական ավարտվեց, սա հնարավորթություն կտա Գյումրի-Երևան հասնել 40-50 րոպեում: Եվ պայմանավորվածություն արդեն իսկ կա մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար. ես ուզում եմ, որ սպորտի նախարարությունն էլ տեխափոխվի Գյումրի քաղաք: Դա լուրջ շրջանառություն կլինի քաղաքի համար”:

Բալասանյանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին

26 004Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Հրավիրված հաշվետու ասուլիսում քաղաքապետը նախ հանդես եկավ կատարած աշխատանքների ամփոփ տեղեկատվությամբ, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Սամվել Բալասանյանը կարևորեց այս մեկ տարում քաղաքի ու քաղաքապետարանի ձեռքբերումները: Նշեց, որ 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքի ունեցած 1 մլրդ 58 մլն դրամի պարտքից այսօր վճարելու մնացել է 81 մլն-ը: Փակվել են աշխատավարձերի կուտակված պարտքերը, այժմ նոր պարտքեր չեն գոյացել, իսկ աշխատավարձերը վճարվում են սահմանված ժամկետներում:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքի բյուջեի սեփական եկամուտների վարչական մասի կատարողականը կազմում է 85%, ֆոնդային մասի կատարողականը՝ 29%: Համայնքի միջոցներով կատարվել են մոտ 410 մլն դրամի ասֆալտապատում: Երթուղի են դուրս բերվել 10 նոր ավտոբուսներ, քաղաքում  տեղադրվել են նոր նստարաններ, կարգավորվել է աղբահանությունը, մեծ նվաճումներ ու առաջընթաց կա սպորտի և արտաքին կապերի ոլորտում և այլն:

“Ֆոնդային բյուջեի հետ կապված ունենք լուրջ խնդիրներ: Հաշվեկշռում ունենք նյութական արժեքներ՝ շենք-շինություններ, հողեր, բայց երբ աճուրդի պրոցես է գնում, ուսումնասիրությունները պարզում են, որ այդ հողերը վաճառված են”, – ասում է Սամվել Բալասանյանը:
Որպես ձեռքբերումների առաջին կետ քաղաքապետն առանձնացրեց հատկապես ավագանու ինստիտուտի կայացումը. անցկացվել է 11 նիստ, ընդունվել 157 որոշում, ստեղծվել է ավագանու կազմում մշտական գործող 4 հանձնաժողով: Ավագանու նիստերը, սկսած առաջինից,  հեռարձակվում են համացանցով:
Քաղաքապետարանը ստացել է 4513 դիմում, 1196-ը՝ օգնություն ստանալու խնդրանքով, 960 ընտանիքի ցուցաբերվել է աջակցություն՝ սնունդի և հագուստի տեսքով:
Հարցին, թե ինչ թերություններ կան,  քաղաքապետը պատասխանեց. “Մենք ունենք շատ-շատ բաղթողումներ, թերություններ: Դրանք են՝ նույն ասֆալտապատումը, աշխատատեղերը, անօթևան վիճակը, նույն շինարարական աղբը կուտակված է: Սա անելու ենք”:

Հարցին  էլ, թե Գյումրու քաղաքապետի ընտրություններից առաջ ասվում էր, որ Սամվել Բալասանյանը գալու է Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու, արդյո՞ք հաջողվել է, նշեց. “Ինչ-որ տեղ փոխեցինք: Փոխվեց այն իրավիճակը, որը կար: Հայրապետյան Սերգեյը մի լավ բառ էր օգտագործել՝ մի քիչ քաղքոտել ենք, այսինքն ինչ-որ քաղաքատիպ  իրավիճակի ենք եկել: Երբ փողոց ես դուրս գալիս, տեսնում ես կանաչապատ տեղեր, ավտոբուսներ, կանգառներ, գեղեցիկ ցուցանակներ… Հիմա, որ ասեմ՝ Փարիզը միանգամից սարքվեց ու թերություններ չունի, սուտ կլինի: Եթե քաղաքային տնտեսություն ես՝ ունես թերություններ, և դրանք պետք է կարողանաս վերացնել: Մենք կփորձենք տարիների ընթացքում այդ ամենը կանոնակարգել: Բնականաբար, հաջորդ տարվա հաշվետվության ժամանակ մենք լուրջ ձեռքբերումներ կունենաք: Եթե չունենանք, դանդաղ լինի այդ ամենը՝ մեր ժողովուրդը նորից արտագաղթած կլինի, հույսն ու հավատը կորցրած կլինի, ոչ մի հոգեբանական մթնոլորտ փոխված չի լինի”:

Արտգործնախարարն ընդունեց «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին

 563. Minister Nalbandian recieved head of Germany-South Caucasus parliamentary friendship group 10.10.2013                   Հոկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին:

                    Նախարար Նալբադյանը` մեծապես կարևորելով  Գերմանիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գոհունակություն հայտնեց Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարևորեց երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները և միջխորհրդարանական բարեկամության խմբերի շփումները։  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Բյորնզենի գործունեությունը՝ որպես «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին և Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունը:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում  հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման, Հայաստան-ԵՄ համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Դոլարը բարձրանում է

դոլարՀոկտեմբերի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:

Աջակցություն կցուցաբերվի ևս երեք հարյուր փոքր և միջին ձեռնարկատիրոջ

10757_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից: Դրա համաձայն ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի և/կամ կառավարվի կանանց կողմից: Պարտավորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխիքային դրամագլուխը համալրել երկու մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Դրամագլուխը ձևավորվել է 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով. այդ ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 428 գործող և 454 սկսնակ ՓՄՁ սուբյեկտի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկը նշանակում է, որ մարդիկ կարող են հայտեր ներկայացնել և դրանց հիման վրա օգտվել վարկային միջոցներից: «Այժմ մենք տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ ենք տրամադրում Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին,- հավելել է վարչապետը: – Դա նշանակում է, որ բիզնեսը պետք է իմանա, որպեսզի բիզնես ծրագրեր մշակի, օգտվի այդ գրանտային տարրից: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առևտրային վարկային ռեսուրներ, որոնցից օգտվող չունենք: Սրան պետք է ուշադրություն դարձնել: Մենք եվրոբոնդերից ստացված գումարի մի մասը տալու ենք Կենտրոնական բանկին՝ վարկային միջոցներով բանկերի ֆինանսական ռեզերվներն ավելացնելու համար: Հիմա փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար Ասիական բանկից ենք վարկ վերցնում: Բայց այնպես պետք է անենք, որ պահանջարկն էլ հետևից հասցնի: Ես խնդրում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը զանգվածային լրատվական միջոցներին մանրամասն բացատրություն տա, կոնկրետ օրինակներով ցույց տա այն գրասենյակները, ուր նրանք կարող են դիմել և օգնություն ստանալ: Հեռուստատեսությամբ պետք է երևա, թե այդ կենտրոններն ինչպես են օգնում մարդկանց մշակել բիզնես ծրագրեր, որպեսզի ամեն ինչ հասանելի լինի մեր բնակչությանը, հակառակ դեպքում այս ծրագրերն արդյունավետ չեն կարող լինել»:

Գործադիրը «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով` մինչև 2013 թ. հոկտեմբերի 30-ը: Ընկերությունը վերազինում է ձուլման արտադրամասը` այն վերապրոֆիլավորելով ամրանների արտադրություն կազմակերպելու համար: Իրականացվելու է ավելի քան 8.5 մլրդ դրամի ներդրում, մինչև տարեվերջ ավարտվելու է վերազինումը, որի արդյունքում կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ:

Կառավարության որոշմամբ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում: Ներդրումային ծրագրով կառուցվող հանքաքարի հարստացման և խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015 թ., տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար: Նաև նախատեսվում է շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Լուծվում են կրթության ոլորտի հրատապ հարցերը

Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով կառավարության որոշմամբ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 60 մլն դրամ: Անդրադառնալով հարցին` վարչապետն ասել է. «Փաստորեն մենք առաջին անգամ ներդնում ենք այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը: Երկու տարի հետո մասնավոր ընկերությունները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել գնահատմանը: Նախարարությունը պետք է վերահսկի, որ գործընթացն օբյեկտիվ լինի. մեծ աժիոտաժ է լինելու: Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին: Այդ բարեփոխմանը ևս մենք պետք է անդրադառնանք»:

Հաջորդ որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է ավելի քան 137 մլն դրամ, որից ավելի քան 107 միլիոնը` «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» մասնաճյուղն անհրաժեշտ գույքով ու սարքավորումով ապահովելու, 30 միլիոնը` «Աուտիզմի ազգային հիմնադրամին» ամրացված մասնաշենքի նորոգման նպատակով:

Նախարարությանը հատկացված ևս մոտ 51 մլն դրամի մոտ 31 միլիոնն ուղղվելու է «Ապարանի ռազմական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի նորոգմանը, 10 մլն դրամը` Երևանի Գ. Մարգարյանի անվան N 94, 10 մլն դրամը` Երևանի Հ. Գալստյանի անվան N 83 ավագ դպրոցների շենքերի տանիքների նորոգմանը:

Հաջորդ որոշմամբ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 70 մլն դրամ` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար: Նշված գումարից 10 մլն դրամը նախատեսված է սիրիահայ երիտասարդների ուսման վարձը վճարելու համար: Հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարը տեղեկացրել է, որ պետության նախաձեռնած սոցիալական աջակցության ծրագրերով մեր երկրում կրթություն է ստանում շուրջ 10 հազար երիտասարդ:

Գազիֆիկացվում են Մեղրին և Ագարակը

ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:

Կառավարությունը որոշում է ընդունել «Վարկային համաձայնագրերով ձեռք բերված ակտիվների ամրացման և «ԵրևանՋուր»» ՓԲԸ-ին վարձակալության հանձնված և հանձնվող գույքի մասին». փաստաթուղթը հնարավորություն կտա հաշվապահական միջազգային չափորոշիչների համաձայն հաշվառել վարկային միջոցներով ձեռք բերված պետգույքը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը գրասենյակային գույքով, սարքավորումներով, համակարգչի մասերով, կենցաղային ապրանքներով ապահովելու նպատակով նախարարությանը հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Մոտ 11.5 մլն դրամ է տրամադրվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պաշտոնական կայքի նորացումը և արդիականացումը, համակարգչային ցանցի համալրումն ու անխափան շահագործումն ապահովելու, գրասենյակային գույքը համալրելու, ինչպես նաև աշխատակիցների աշխատաժամանակի հաշվառման համակարգ տեղադրելու համար:

Տեսողությունից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց աջակցության նպատակով գործադիրը որոշել է նրանց զբաղվածությունն ապահովել «Արև» համակարգի միջոցով:

 Հստակեցվում է սպասարկման գրասենյակների գործառույթը

ՀՀ կառավարությունը հաստատել է`

– իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացման կարգը,

– իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգի փոփոխությունը, որով հստակեցվում է այդ գործընթացը,

– ՀՀ արտաքին գործերի նախարարության «Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջազգային փառատոն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը. մեծանուն երգիչ-բանաստեղծի անունն ընդգրկվել է հռչակավոր մարդկանց և հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. օրացույցում, նրան նվիրված միջոցառումները շարունակվում են,

– Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող հողի հարկից և գույքահարկից ազատվող շենքերի և շինությունների ցանկերը հաստատելու որոշման փոփոխությունը, որով Արագածոտնի մարզի ցանկին ավելանում են մյուս մարզերի և Երևան քաղաքի ցանկերը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ոչ մետաղական հանքանյութի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին, որի գործադրմամբ կբարձանա ոլորտի արդյունավետությունը, կխթանվեն ներդրումները:

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կկրճատվեն էլեկտրական էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման արտոնագրի, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող շենք-շինությունների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, հողամասերի օտարումը կիրականացվի ուղղակի վաճառքով:

Կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Գործադիրը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը: Նրանք առաջարկում են կոնտակտային ոսպնյակների, օպտիկական ակնոցների արտադրությունը և առևտուրը դարձնել արտոնագրվող գործունեություն, ինչը չի բխում կառավարության որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված է արտոնագրման ընթացակարգի պարզեցմանը: Կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագիծը լրացուցիչ հիմնավորման ու լրամշակման կարիք ունի և այս տեսքով քննարկման ենթակա չէ:

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ավելացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափը: Հիշեցնելով, որ 2014 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև զինվորական կենսաթոշակը, կառավարությունն իր եզրակացության մեջ տեղեկացրել է, որ եկող տարվանից ներդրվելու է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց աշխատավարձի հաշվարկման միասնական համակարգ` վերանայելով նաև զինվորական կենսաթոշակի հաշվարկման կարգը, ինչը հնարավորություն կտա այս բնագավառում վարել էլ ավելի թիրախավորված քաղաքականություն: Ի մի բերելով այս և մի քանի այլ հիմնավորում` կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Գործադիրը դեմ է արտահայտվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Այլ հարցեր

Գործադիրն ի գիտություն է ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի զեկուցումը ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (18.07.2013 – 30.09.2013 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն 31 կետը կամ 100 տոկոսը հոկտեմբերի 9-ի դրությամբ կատարվել է: 31 կետից մեկն իրականացվել է 9 օր ուշացումով:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ներկայացուցչության իրավական կարգավիճակի համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինսուլինակախյալ հիվանդների` անվճար դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ և անխափան ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2013-2019 թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից:

Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել բեղմնավոր աշխատանք:

Հոկտեմբերի 9-ին ազատ է արձակվել 114 դատապարտյալ

համաներում2Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 114 դատապարտյալ:  Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ է արձակվել 7, «Արթիկ» ՔԿՀ –ից` 2, «Վանաձոր» ՔԿՀ –ից`  2, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 56, «Կոշ» ՔԿՀ –ից` 44, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 3:

Հոկտեմբերի 8-ին և 9-ին համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 392 դատապարտյալ:

Կնոջը դանակահարած ամուսնուն ձերբակալեցին

ձերբակալվածՀոկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հիսունն անց մի տղամարդ Վանաձորի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածներ հասցրել և դիմել փախուստի:
Ժամը 19.55-ին  շտապօգնության կայանից ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Լևոն Ա.-ն վիճաբանել է կնոջ` Սիրանուշ Ա.-ի հետ և դանակով երկու անգամ հարվածել նրա պարանոցին:
Լևոն Ա.-ն նույն օրն  ինքնակամ ներկայացել է բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է  քրեական  գործ:
Լևոն Ա.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 6 դեպքից` 2-ը,  խարդախության  8 դեպքից` 7-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և   գողության 2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղքատության դեմքը Գյումրու տնակային ավաններում

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում, անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու  նպատակով այցելեցին քաղաքի տնակային ավաններից մեկը:
Հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում, առանց մեկնաբանության:

Ինչպես խաբեությամբ դարձան միլիոնատեր

ոստիկանություն3Ոստիկանության Մալաթիայի բաժնում  նյութեր են ստացվել, որ 1988 թ. ծնված Մհեր Մ.-ն 2012 թ. դեկտեմբերի 24-ին Սովետաշենի ավտոշուկայում ծանոթացել է 1959 թ. ծնված Գագիկ Մ.-ի հետ, որն առաջարկել է գնել իր տիրապետման տակ գտնվող, սակայն 1980 թ. ծնված Տիգրան Պ.-ի անվամբ հաշվառված «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն, խաբեությամբ, գույք հափշտակելու դիտավորությամբ, պայմանավորվածություն են ձեռք բերել Մհեր Մ.-ի հետ՝ նշված ավտոմեքենան 4.500  դոլարով վաճառելու վերաբերյալ, և այն տրամադրել են նրան` կանխիկ ստանալով 1.000.000 դրամ:
Հաջորդ օրը Մհեր Մ.-ից ստացել են ևս 360.000 դրամ և պայմանավորվել ավտոմեքենան  հաշվառումից հանելուց հետո վերահաշվարկ կատարել:
Ս/թ. մարտի 18-ին Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն նշված  ավտոմեքենան հաշվառումից հանելու մասին կեղծ փաստաթուղթ են տրամադրել Մհեր Մ.-ին, իսկ վերջինս մարտի 20-ին նրանց է ուղարկել ընդհանուր գումարի մնացած մասը՝ 500.000 դրամ:
Գագիկ Մ.-ն և Տիգրան Պ.-ն խաբեությամբ Մհեր Մ.-ից հափշտակել են խոշոր չափերի հասնող 1.860.000 դրամ:
Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ քրեական  օրենսգրքի  178 հոդ 2-րդ մասով հարուցվել է  քրեական  գործ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Բախվել է չորս ավտոմեքենա, վնասվածքներ է ստացել հինգ մարդ

ավտովթարՀոկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ռենջ Ռովեր»,  «Լեքսուս», «ԳԱԶ-31105» և «Մերսեդես-Բենց ML E320» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց ML E320»-ի 2 ուղևորուհիները, «ԳԱԶ-31105»-ի վարորդը  և  ուղևորուհին  վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը

Vardenis Martakert Highway Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա կլինի Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհը /մոտ 116կմ/, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Այսօր դժվար է թերագնահատել մեկը մյուսին հաջորդած «Գորիս-Ստեփանակերտ» եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիներիի կարեւորությունն ու ազդեցությունը Հայաստանի եւ Արցախի տնտեսությունների եւ դրանով պայմանավորված` բնակչության կենսամակարդակի վրա:

Այս ավտոմայրուղիները Հիմնադրամին հնարավորություն ընձեռեցին արդյունավետ ձեւով եւ առավել կարճ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի գյուղերում եւ քաղաքներում կյանքի կոչել կարեւորագույն ենթակառուցվածքներ. կառուցվեցին եւ վերակառուցվեցին դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, մշակութային հաստատություններ եւ այլն:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ` զգալիորրեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպես նաեւ նոր խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար:

Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում, այլեւ ճանապարհաշինության  մի շարք չափորոշիչների ապահովում` ներառյալ  ճանապարհի ջրահեռացման, ձյունապաշտպան միջոցների, արգելափակոցների ապահովում: Տեղ-տեղ առաջացած սողանքային երեւույթների եւ հնարավոր հետեւանքների կանխարգելումը եւս խիստ կարեւոր է ճանապարհի անվտանգ շահագործումն  իրականացնելու համար, ինչի նպատակով ճանապարհի որոշ հատվածներում կկառուցվեն հենապատեր, ափապաշտպան կառույցներ, կկատարվեն քարաթափման աշխատանքներ: Կառուցման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կնշագծվի եւ կկահավորվի համապատասխան նշաներով: Կառուցվող ճանապարհի վրա անհրաժեշտ կլինի վերանորոգել թվով 16 կամուրջ:

Ճանապարհի կառուցումն ու մշտական ավտոհաղորդակցությունն իր ուղղակի ազդեցությունը կունենա ճանապարհից մինչեւ երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տարածվող համայնքների բնակիչների սոցիալ- տնտեսական կյանքի վրա: Ճանապարհից մինչեւ 2-3կմ հեռավորության վրա ընկած  համայնքներն  են Դրմբոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը, Գետավանը, Չափարը, Խնկավանը,  Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր գետաշենը, Քնարավանը, Եղեգնուտը: Շահառու համայնքների թվում կլինեն նաեւ 5կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքները, այդ թվում Քարվաճառի շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Հարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի, Չինավան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր Վերնաշեն, Մշենի, Նոր Մանաշիդ գյուղերը:

Հայաստան համահայկական հիմնադրամ