ՄԱԿ-ի նոր անկյուն` Գյումրու Կենտրոնական գրադարանում

IMG_1226ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի մի նոր անկյուն բացվեց Գյումրի քաղաքում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները,  պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ՝ օգտագործելով նվիրվաբերված ՄԱԿ-ի 2000 միավոր հրատարակությունները:

ՄԱԿ-ի անկյունը բացվեց Գյումրու քաղաքապետարանի Մկրտիչ Արմենի անվան Կենտրոնական գրադանում` Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ջանքերով: Անկյունը կլրացնի ՄԱԿ-ի կողմից Գյումրու այլ գրադարաններին ցուցաբերվող աջակցությանը:

Ի հավելումն դրան՝ շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով ՄԱԿ ՀՏՎ կողմից ավելի քան 2,500 միավոր գրականություն բաշխվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ԳՊՄԻ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ Գյումրու քաղաքացիները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք Գյումրիում ՄԱԿ-ի անկյուն բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավորություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:

Արտուշ Մկրտչյանը, Կենտրոնական գրադարանի տնօրենը, ողջունեց համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ նշելով, որ նմանօրինակ համատեղ ձեռնարկումները ուսանողներին և հասարակությանը հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:

4 ՄԱԿ–ի անկյուններ արդեն կան Հայ-Ռուսական  (Սլավոնական համալսարանում), Խաչատուր Աբովյանի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և  երեքը՝ Երևանից դուրս՝ Իջևան, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում: ՄԱԿ-ի երկու ավանդապահ գրադարանները գործում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի Ազգային գրադարանում:

2013թ.-ին Հայաստանում ապաստան են հայցել հիմնականում Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիներ

միգրացիաԸնթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ապաստան են հայցել 283 օտարերկրացիներ:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ դիմողների գերակշռող մասը՝ 258-ը, Սիրիայից են: Մնացած 25-ից 15-ը Իրաքից են, 8-ը՝ Իրանից:

Ապաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմելուց հետո 3-ամսյա ժամկետում: Կայացվում է կամ Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, կամ դիմումը մերժելու մասին որոշում:   Դրանով պայմանավորված՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ապաստան են ստացել 397 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց մի մասն ապաստան էր հայցել դեռևս նախորդ տարի: Ապաստան ստացածներից 373-ը Սիրիայից են, 21-ը՝ Իրաքից, 3-ը՝ Իրանից:

Շարունակությունը կարդացեք Pastinfo.am-ում

Վրաերթ Աճառյան փողոցում

ՎրաերթՀոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մեծածավալ օգնություն Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթևան ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաև մի շարք առողջապահական հիմնարկություններին ու Գյումրու տուն-ինտերնատին: Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել: Նախորդ օրը օգնություն տրամադրվեց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին 4 օր անց

ձերբակալելՀոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Անի թաղամասում հայտնաբերել են 1986 թ. ծնված Երվանդ Բ.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:

Օպերատիվ գործողություն՝ Սիմֆերոպոլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ոստիկանությունՀոկտեմբերի 9-ին, ժամը 02.45-ին, Սիմֆերոպոլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Չ.-ն, որը հունիսի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը ճշտվում է

ոստիկանություն3Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկունք գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի անձը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վրաերթի ենթարկված 5-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

վրաերթՀոկտեմբերի 8-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Տեղի կունենա երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ

youth8Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային  և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 13-16-ը Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպում է երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ։ Կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, գրաֆիկական գործերը, լուսանկարներն ու քանդակները։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կստանան մրցանակներ։

Հայաստանի երիտասարդական հիմնդրամը հրավիրում է 18-35 տարեկան ստեղծագործողներին մասնակցել ցուցահանդես-մրցույթին։ Ցանկացողները մինչև նոյեմբերի 10-ն իրենց աշխատանքները կարող են բերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ։ Հեռ.՝ 010567922։ Ներկայացվելիք լուսանկարները պետք է բերվեն տպագրված (A3 կամ A4 չափի)։

Նշենք, որ Երիտասարդության համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 10-ին, իսկ Ուսանողության միջազգային օրերը՝ նոյեմբերի 17-ին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տոների առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 278 անձ

համաներումՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի  «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 278 անձ: Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Նուբարաշեն» ՔԿՀ -ից ազատ է  արձակվել 42, «Արթիկ» ՔԿՀ –ից` 31, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 11, «Գորիս» ՔԿՀ –ից` 12, «Էրեբունի» ՔԿՀ –ից` 23, «Սևան» ՔԿՀ – ից`36, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ –ից` 1, «Կոշ» ՔԿՀ –ից` 57, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 33, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից` 7,  «Աբովյան» ՔԿՀ –ից` 11, որից 10-ը՝ կին, 1 անչափահաս,    «Հրազդան» ՔԿՀ –ից` 14 անձ:

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանն ընդառաջ` միջոցառումներ վարչական շրջաններում

001Քաղաքամայր Երևանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է  համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված «Երևանը երգերի մեջ» խորագիրը կրող համերգային ծրագրով:

Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երևանին: Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ:

Միջոցառման շրջանակում մշակույթի կենտրոնի սաների միջև անցկացվել է նաև  «Լավագույն ձևավորված զամբյուղ» խաղ-մրցույթ:

Անկախ հաղթողներից՝ պարգևների են արժանացել բոլոր մասնակիցները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այսօր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ տեղի կունենա

մարտուն իսրայելյանԱյսօր` հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի մենակատարների պետական անսամբլը և անհատ կատարողներ /դիրիժոր` Զավեն Վարդանյան/: Համերգի ընթացքում կհնչեն հեղինակի կամերային ստեղծագործությունները:

Մենք պետք է ձեռնոց նետենք ահաբեկչությանը եւ ռասիզմի դրսեւորումներին. Էդուարդ Շարմազանով

շարմազանովԱշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

ԱԺ փոխնախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը գտնվում է ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում եւ Հայաստանի ուշադրության կենտրոնում: Էդուարդ Շարմազանովի խորին համոզմամբ՝ ահաբեկչությունը ծնվում է այնտեղ, որտեղ բացակայում է հանդուրժողականությունը, ինչն էլ հանգեցնում է արմատական ազգայնամոլական տրամադրությունների:

ԱԺ փոխնախագահը ափսոսանք է հայտնել, որ ԱՊՀ տարածքում այսօր էլ կան երկրներ, որտեղ տիրում է միջազգային եւ միջդավանական թշնամանքը եւ որտեղ ծնվում են այլատյացությունն ու ահաբեկչությունը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԱՊՀ որոշ երկրներ, այս կամ այն ազգը համարելով իրենց թշնամին, պետական մակարդակով ատելություն են սերմանում նոր սերնդի մեջ:

ԱԺ փոխնախագահը արձանագրել է, որ ահաբեկչության առաջացմանը նպաստում են նաեւ սպառազինությունների մրցավազքը եւ հակամարտությունների կարգավորմանն ուղղված ռազմատենչ կոչերը:

Ելույթի ավարտին անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստի մասնակիցներին կոչ է արել ձեռնոց նետել ահաբեկչությանը եւ ռասիզմի դրսեւորումներին, ինչպես նաեւ համատեղ պայքարել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դեմ, քանի որ երբ շաչում է զենքը, լռում են օրենքները: 

Դավիթ Սարգսյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի աշխատանքներին

դավիթ սարգսյանՀոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի  2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին ու բռնկվել

ավտոպատահարՀոկտեմբերի 9-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ կամրջի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Երևանյան փողոցում գտնվող «Կարմիր կամուրջ»  բենզալցակայանի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի 29 SS 740 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով առաջացել է բռնկում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շարժիչի հատվածում այրվել են էլ. լարեր:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը

ավտոճանապարհՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ

defaultՖրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը

Դեռ միջնադարից` առանձին հայկական զորամասեր օտար բանակների կազմում բազում ճակատամարտերի են մասնակցել և փառավորել հայոց բազկի ուժը: Բյուզանդական կայսրության մեջ ամենամարտունակը համարվում էին Արմենիակների բանակաթեմի զորքերը, որոնք բացառապես հայերից էին կազմված: Հետագայում հայոց զինուժը տիրապետող էր Եգիպտոսում, մոնղոլներն իրենց նվաճումների ժամանակ պարբերաբար դիմում էին հայոց բանակի զինակցությանը: Եվրոպայում էլ փառաբանվել է հայոց բանակը: Բուլղարիայում հենց հայոց գնդերը արքայական գահ բարձրացրին Կամսարականների տոհմից քաջ Սամուել Կոմսաձագին: Վալախիայում և Մոլդովայում հայ քաջարի զորավարները հայկական գնդերով էին մասնակցում հակաթուրքական պայքարին: Անգամ Գրյունվալդի ճակատամարտում խաչակիր նվաճողների ջախջախմանը մասնակցեցին հայոց զորաջոկատներ:

nubar pasha21-1Այս շարքում, սակայն, առանձնահատուկ է Հայկական (Արևելյան) լեգեոնի դերակատարությունը ֆրանսիական բանակի կազմում: Առանձնահատուկ է, քանզի Հայկական լեգեոնը կազմավորվեց հենց Հայաստանի ազատագրման նպատակով և լիովին կանոնավոր բանակ էր:

Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դեմ պատերազմող Ֆրանսիան առանձնահատուկ շահեր էր հետապնդում Պաղեստինում և Կիլիկիայում: Հայությունը, ձգտելով ազատագրվել թուրքական լծից, ամեն կերպ աջակցում էր հակաթուրքական ուժերին: Թվում էր` Թուրքիան փլուզման եզրին է և հայության իղձերի իրականացումը մոտ է:

Հայրենիքի ազատագրման պայքարին նպաստելու նպատակով Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան 1916 թ. հոկտեմբերին Լոնդոնում հանդիպում է Ֆրանսիայի և Անգլիայի ղեկավարների` Ժորժ Պիկոյի և Մարկ Սայքսի հետ, որոնց առաջարկում է Անտանտի զորաբանակների մեջ ստեղծել առանձին հայկական զորամիավորումներ. պայմանով, որ նրանք պետք է կռվեն բացառապես պատմական Հայաստանի տարածքում: Առաջարկը հետաքրքրում է Ժորժ Պիկոյին, և նա Պողոս Նուբարի հետ երկարատև քննարկումից հետո գալիս է համաձայնության, այն է` ֆրանսիական բանակի կազմում կազմավորվում է հայկական զորամիավորում, որը պետք է պատերազմի բացառապես Թուրքիայի դեմ: Պատերազմի հաղթական ավարտից հետո Ֆրանսիան պարտավորվում է իր հովանու ներքո ինքնավարություն տալ հայկական Կիլիկիային, իսկ Հայկական լեգեոնը հետագայում պետք է կազմեր Կիլիկիայի հանրապետության բանակի կորիզը:

Հայկական լեգեոնի կազմավորման աշխատանքները պիտի իրականացներ Եգիպտոսի Հայ ազգային միությունը` ֆրանսիացի գնդապետ Ռոմիոյի հսկողությամբ: Լեգեոնում կարող էին զինվորագրվել միայն հայեր և արաբներ, հրամանատարական կազմը պետք է համալրվեր ֆրանսիացիներից և թուրքական բանակում ծառայած հայ սպաներից:

Արդեն 1916 թ. նոյեմբերի  16-ին Ֆրանսիայի կառավարության հրամանագրով ստեղծվում է Հայկական լեգեոնը, որի  պաշտոնական անվանումը «Արևելյան լեգեոն» էր:

Հայկական լեգեոնի ստեղծումը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն եգիպտահայության և Կիլիկիայի հայության շրջանում, այլև հեռավոր սփյուռքում:

Ի դեմս Հայկական լեգեոնի` հայությունը տեսնում էր ապագա Կիլիկյան Հայաստանի բանակը, բացի այդ, սա եզակի գործնական քայլ էր հայության դաշնակիցների կողմից հայության իղձերն ի կատար ածելու ուղղությամբ:

Հազարավոր մարդիկ ցանկություն հայտնեցին զինվորագրվել լեգեոնին: Սակայն ընտրությունը խիստ էր անցկացվում: Հայության բոլոր ուժերը միահամուռ գործի անցան:

Շուտով արդեն համալրվեց առաջին վաշտը 600 մարտիկներով, հիմնականում` մուսալեռցիներով, թուքական բանակում ծառայած և գերված հայ զինվորականներով, եգիպտահայերով: Նրանում զինվորագրվեց նաև Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարներից Եսայի Յաղուբյանը:

1917 թ. ամռանը 1200 ամերիկահայ կամավորներ ձևավորեցին Հայկական լեգեոնի երկրորդ վաշտը:

1918 թ. լեգեոնում արդեն հաշվվում էր ավելի քան 5662 զինվորական, որոնցից արաբ էին 500-ը, մնացածը` հայեր: Լեգեոնի նախնական տեղակայման վայրը Կիպրոս կղզին էր, որտեղ հավաքագրվում էին զինվորները, հանդերձավորվում, պարենավորվում, զինվում, այստեղ էին անցկացվում դաշտային պարապմունքները:

1918 թ. մայիսին լեգեոնը տեղափոխվում է Պաղեստին, ուր Պաղեստինի ընդհանուր ճակատի հրամանատար Ալենբիի ղեկավարությամբ պետք է ստանար մարտական մկրտությունը:

1918 թ. սեպտեմբերին Պաղեստինում անգլո-ֆրանսիական ուժերն ընդհանուր ճակատով հարձակման անցան: Թեժ մարտեր էին ընթանում հատկապես իր անառիկությամբ աչքի ընկնող Արարա լեռան մատույցներում: Մինչ այդ անգլիական բանակի բազմաթիվ գրոհներ թուրքերը հաջողությամբ հետ էին մղել` օգտագործելով տեղանքի հարմարությունները:

Հայկական լեգեոնի առջև դրված էր հենց Արարայի բարձունքները գրավելու խնդիրը: Ի դեպ, չգիտես ինչու, այս դիրքերում պաշտպանվող թշնամին թվային առավելություն ուներ: Գրոհող 600 հայ զինվորների դեմ Արարայի բարձունքները պաշտպանում էր 1600 զինվորից բաղկացած զորաբանակ, որից 600-ը գերմանական բանակի զինվորներ էին: Այս զորաբանակը մինչ այդ հաջողությամբ հետ էր մղել անգլիական 3000-անոց զորաբանակի հարձակումը:

Արարայի բարձունքները շատ կարևոր էին ռազմաճակատի համար: Դրանք դուռ էին բացում դեպի Պաղեստին և գրավելով Արարան` կբեկվեր պատերազմի ընթացքը: Ահա այս դժվարին առաքելությունը պիտի իրագործեր հայկական լեգեոնը:

Սակայն ցասումը, վրեժի ծարավը հայ հերոսներին գրոհի տարավ: Տալով ընդամենը 23 զոհ և 76 վիրավոր` հայկական լեգեոնը գրավեց Արարայի բարձունքները: Գերմանական մարշալ Լիման ֆոն Սանդերսի «Իլդիրիմ» («Կայծակ») բանակը չդիմացավ հայոց ցասման հարվածներին:

Արարայի հաղթանակը մեծ փառք բերեց Հայկական լեգեոնին: Նրան վերապահվեց Բեյրութի ազատագրման պատիվը, ինչը հայ մարտիկները պատվով ու ոգևորությամբ կատարեցին:

1918 թ. աշունը շատ առումներով բեկումնային եղավ պատերազմում: Հայկական լեգեոնը կենտրոնացավ Կիլիկիայի շուրջ` նպատակ ունենալով ներխուժել և ազատագրել Կիլիկիան: Մասնավորապես, հայկական զորաբանակի մի ստվար մասը կենտրոնանում է Ալեքսանդրեթի (Իսոսի) մատույցներում, մյուս մասը` Մերսինում:

1918 թ. դեկտեմբերի 17-ին եկավ բաղձալի պահը, և Հայկական լեգեոնը հարձակման անցնելով` մուտք գործեց Կիլիկիա: Մինչև 1919 թ. մայիսի վերջը Հայկական լեգեոնը համառ մարտերով, ստանալով ազգաբնակչության աջակցությունը, ազատագրեց Կիլիկիան թուրքերից: Թվում էր` հայության իղձերի իրականացումը շատ մոտ է: Կիլիկիա վերադարձան տասնյակհազարավոր հայեր: Կիլիկիո շեներն ու քաղաքները դարձյալ սկսեցին ծխալ, ծաղկել: Հայ քաղաքական ուժերը միասնաբար Կիլիկիո ինքնավարության ուղիներն էին քննարկում:

Փառքով ազատագրելով Կիլիկիան` Հայկական լեգեոնը ոչ միայն ջախջախեց ու քշեց թուրքական զորամիավորումները երկրից, այլև հայոց ջարդերի վրեժնառավ թուրքերից: Հայոց զենքի ցասումից ահաբեկված` շատ թուրքական բնակավայրեր դատարկվեցին: Թշնամին ահաբեկված փախուստի դիմեց:

Սակայն Ֆրանսիան իր առանձին ծրագրերն ուներ: Իր դաշնակիցներից (հիմնականում` Անգլիայից) առանձին ու թաքուն Ֆրանսիան հարաբերություններ սկսեց Թուրքիայի հետ. հաշտություն կնքեց Թուրքիայի հետ և պարտավորվեց ոչ միայն Կիլիկիան ծախել հայի դարավոր ոսոխին, այլև իր նահանջից առաջ զինաթափել Հայկական լեգեոնը` հայության վերջին պահապանն ու հույսը:

1920 թ. օգոստոսի 19-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես լուծարեց Հայկական լեգեոնը, իսկ 1921 թ. դեկտեմբերին ֆրանսիական հրամանատարությունը զինաթափեց այն: Զինաթափվեցին նաև պաշարված Հաճընին ու հայոց այլ բնակավայրներին օգնության փութացող զորամիավորումները: Ֆրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատուն շոյանքից սթրես է ապրում.գիտնականներ

o_720950Կատուները սթրես են ապրում, երբ իրենց շոյում են: Նման եզրահանգում են արել Բրազիլիայի, Ավստրիայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականները: “Ֆիզիոլոգիա ու վարք” հանդեսում հրապարակած իրենց հետազոտության արդյունքներում նրանք բացահայտել են, որ կատուների օրգանիզմում շոյանքի ընթացքում “սթրեսի հորմոն”` կորտիզոլ է մշակվում:

Հետազոտության հեղինակներից մեկի` Դենիել Միլսի խոսքով, “հատկապես սթրես են ապրում այն կատուները, որոնք շոյանքը չսիրելով հանդերձ, թույլ են տալիս իրենց փաղաքշել”:

Պարզվեց նաև, որ փափկամազիկները դեմ չեն, որ իրենցից բացի տանն ուրիշ կատուներ էլ լինեն,քանի որ մյուս կատուները շեղում են տիրոջ ուշադրությունն ու փաղաքշանքը:

 

Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի անկում

եղանակՀոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C:
Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Որակյալ և ապահով երթևեկություն ` 100 դրամով

տրանսպորտԱյսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ    «Հասարակական պաշտպան» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիգորյանը հայտնեց, որ որակյալ և ապահով երթևեկություն կարելի է ապահովել  100 դրամով:
-Բոլոր խոսակցությունները գնում են չիրականացված ծառայության գնի մասին։ Քաղաքապետը որոշում է ընդունել, որ հնում կնքված պայմանագրերի մեջ փոփոխություն լինի միայն սակագնի վերաբերյալ, որակի և մնացածների մասին չի խոսվում, հաշվարկ էլ չկա,- ասաց նա։
Նա նաեւ ներկայացրեց տրանսպորտի սակագնի իր հաշվարկները:
-Երթուղային տաքսիի համար 80-85 դրամ է կազմում, իսկ ավտոբուսինը՝ մի քիչ ավելի: Հաշվի ենք առել ծախսերի այսօրվա շուկայական գները,- նշեց Արամ Գրիգորյանը:
Անդրադառնալով տրանսպորտի սակագնի ձևավորման հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, ՀԿ ղեկավարն ասաց, որ հանձնաժողովի կայացրած որոշումները որևէ իրավական ուժ չունեն.
-Այս հանձնաժողովի ստեղծումը իմիտացիոն քայլ էր,- եզրափակեց նա:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը խոսեց այն մասին, որ արդեն մի քանի ամիս է անցել, սակայն  տրանսպորտի սակագնի հարցով դեռ ասում են՝ մտածենք, քննարկենք, ուսումնասիրենք:
-Վաղուց ամեն ինչ ուսումնասիրված է, ո՞ւր է Երեւան քաղաքի ավագանին: Գինն ու որակը ածանցյալ են, մենք պետք է խոսենք ինչն է պատճառը, որ այս վիճակում ենք: Կա ստվերային շրջանառություն, եւ տրանսպորտի ոլորտը ամենահարմարավետ բիզնեսի տեսակն է: Այստեղ հնարավոր է թաքցնել շահույթի կեսը: Մի երթուղում ձեւակերպված է երեք վարորդ, եւ քառասունինը միկրոավտոբուս,- հավելեց նա:

Մարիամ Հովհաննիսյան