Բաց նամակ կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ

կոմպոզիտորներԵրիտասարդ կոմպոզիտորներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միությունում (ՀԿԵՄ) արդեն տարիներ շարունակվող անհուսալի իրավիճակի կապակցությամբ: Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009 թվականին,անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ տարի ՀԿԵՄը ղեկավարվում է ինքնիշխան, ինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները:

Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդ կոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ին, քանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից, կրեատիվ նախաձեռնություններից և չունի գործող իրավաբանական համակարգ: Մինչդեռ կոմպոզիտորներից շատերն արդեն տարիներ  շարունակ ապրում և ստեղծագործում են արտերկում՝ առնչվելով և համագործակցելով տարբեր  ստեղծագործական կառույցների հետ: Նրանց համոզումն է,  որ ներկայիս Միության գործելակերպը խիստ անհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզում, ինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ:

Առկա է նաև Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրի՝ Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչության հարցը: Միության նախագահը գրեթե մեկ տարի առաջ նշել էր, որ որոշում կայացնելու համար հարկավոր է ընդամենը ժողով կազմակերպել, ինչը փաստորեն նրա համար մինչ այսօր անհնար եղավ: Հարց է ծագում՝ եթե միության անդամների մեծ մասն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և եթե հայտնի է, որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ հրավիրվել է ՀԿԵՄ «վարչության» նիստ, ապա ո՞րն է պատճառը, որ անվանակոչման հարցը դեռևս լուծում չի ստանում:

Միության ներքո կազմակերպվող սակավաթիվ համերգները վաղուց արդեն անհետաքրքիր են և դարձել են ինքնանպատակ: Միությունը գրեթե անգործության է մատնված և այդ պատճառով էլ կորցրել է իր դերը մշակութային կյանքում: Ավելորդ է ասել, որ նոր տեխնոլոգիաններն այս կառույցին ամբողջովին անհաղորդ են մնում: Ցավոք պետք է նշել, որ չեն օգտագործվում նաև Միության եղած միջոցները` կոմպոզիտորների միության շենքն իր երգեհոնային դահլիճով, Դիլիջանի ստեղծագործական տունը և այլն, որոնք  կարելի էր ծառայեցնել մի շարք հրաշալի ծրագրերի, ինչը երիտասարդները դժվարությամբ փորձում են անհատապե՛ս կյանքի կոչել:

Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, և կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակվի մնալ արդիական, ինչով և ՀԿԵՄ-ի գործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի:

 

Արամ Հովհաննիսյան, Ժնև (Շվեյցարիա)
Վահրամ Սարգսյան, Մոնրեալ (Կանադա)
Աննա Հակոբջանյան, Վանաձոր
Արման Ղուշչյան, Մոսկվա (Ռուսաստան)
Արթուր Աքշելյան,Ժնև (Շվեյցարիա)
Հովիկ Սարդարյան, Երևան
Դավիթ Սաթյան,Լոնդոն (Անգլիա)
Ժիրայր Շահրիմանյան, Երևան
Գևորգ Բադալյան, Երևան
Ռուբեն Աբրահամյան, Մոնրեալ (Կանադա)
Անդրանիկ Ֆատալյան, Քյոլն (Գերմանիա)
Էռնեստ Դուլգարյան, Երևան
Արսեն Բաբաջանյան, Մյունխեն (Գերմանիա)
Քաջիկ Գրիգորյան, Երևան
Հեղինե Սարգսյան, Արտաշատ
Սերգեյ Ումրոյան, Գյումրի
Դավիթ Պիվազյան,Երևան
Շուշան Սարգսյան, Կիև (Ուկրաինա)
Բելա Հովհաննիսյան, Գյումրի
Անդրանիկ Բերբերյան, Երևան
Ռուբեն Անտոնյան, Երևան
Գևորգ Դարբինյան,Համբուրգ (Գերմանիա)
Մանե Հովհաննիսյան, Երևան
Անժելա Ստեփանյան, Երևան
Աննա Զաքարյան, Երևան
Արթուր Հարությունյան,Երևան
Գոռ Հովհաննիսյան, Երևան

 

«Ուր է ոստիկանը» գոռացած ոչ սթափ վիճակով քաղաքացուն բերման են ենթարկել

Ոստիկանություն3Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերել Վահագն Մ.-ին, որը ժամը 02.20-ի սահմաններում մոտենալով Երևանի քաղաքապետարանի դիմացի աստիճաններին՝ գոռացել է, թե «ուր է ոստիկանը» (այն դեպքում, երբ քաղաքապետարանի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանները կանգնած են եղել հենց աստիճանների ներքևի հատվածում)։
Ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են Վահագն Մ.-ին՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նա բղավում և աղմկում։ Պարզելով, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ է՝ ոստիկանները նախ փորձել են հանգստացնել նրան, կարգի հրավիրել, հետո էլ առաջարկել են իրենց օգնությունը, սակայն Վահագն Մ.-ն շարունակել է գոռգոռալ, ցավագին է ընդունել ոստիկանների դիտողությունները, անհարգալից վերաբերմունք դրսևորել։
Ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Վահագն Մ.-ն բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով իրավախախտում կատարելու համար՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-261-րդ, 264-րդ հոդվածների իրավական հիմքով, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ, ինչպես և բացատրություն վերցնելու մասին արձանագրություն։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վահագն Մ.-ն ենթարկվել Է նաև անձի սթափության վիճակի զննության, որի արդյունքում՝ նրա մոտ արձանագրվել Է ոչ սթափ վիճակ։

Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալվել էՀոկտեմբերի 7-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հարություն Ա.-ին և 1978 թ. ծնված Արման Թ.-ին, որոնք 2011 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին խուլիգանության մեղադրանքով:

Մահվան ելքով վրաերթ Երևանի Գայի պողոտայում. վարորդը դիմել է փախուստի

վրաերթՀոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտիկ Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Սոթք – Քարվաճառ ճանապարհին 35 ավտոմեքենա է դուրս բերվել ձնակույտի արգելափակումից

SWNS_SNOW_CHELTENHAM_020009515.jpgՍեպտեմբերի 7-ին, ժամը 09.45-ին Գեղարքունիքի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.39-ի դրությամբ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի արգելափակումից դուրս է բերվել 35 ավտոմեքենա:

Դպրոցականները կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանել Թումանյանի թանգարանի մասին

shrjanakits durs 1Հոկտեմբերի 6-ին Երեւանի Հ. Թումանյանի թանգարանում կայացավ ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնած եւ իրականացրած «Շրջանակից դուրս» ծրագրի շնորհանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին դպրոցահասակ պատանիների կողմից ստեղծված 11 կարճ ֆիլմ-պատմություններ թանգարանի մասին: «Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացվել է Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում եւ նպատակ ուներ ֆիլմ-պատմությունների միջոցով ավանդական շրջանակներից դուրս բերել թանգարանի ասելիքը:

Ծրագրին մասնակցել են 13-15 տարեկան 12 պատանիներ Երեւանի տարբեր դպրոցներից, նրանցից մեկը՝ Արցախից: Ամռան ամիսներին մասնակիցները նախ հնարավորություն ստացան մանրամասն ուսումնասիրել թանգարանի ողջ նյութը, ապա ներգրավվեցին գործնական դասընթացում, որի շնորհիվ սովորեցին տարրական գիտելիքներ ֆիլմի թեմայի ընտրության, սցենարի ձեւավորման եւ ռեժիսորական մտահղացման վերաբերյալ: Այնուհետեւ յուրաքանչյուրը նշված փուլերով անցավ իր իսկ ֆիլմի զարգացման ընթացքում՝ թանգարանի կողմից ստանալով բացառիկ թույլտվություն՝ մտնելու սովորական այցելուների համար փակ տարածքներ, շոշափելու եւ նկարահանելու իրենց հետաքրքրող  նյութերը:

Այսօր արդեն 11 կարճ ֆիլմերը ազատ տեղադրված են համացանցում՝ հետեւյալ հասցեով, ու կոչված են թանգարանի թաքուն անկյուններն ու անծանոթ հերոսներին բացահայտել ինչպես վաղեմի այցելուների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր հենց այս կարճ ֆիլմերի շնորհիվ ցանկություն կունենան անձամբ տեսնելու ներկայացվածը: Ֆիլմերը ցուցադրության իրավունքով նվիրվել են Թումանյանի թանգարանին:

Առաջիկա օրերին մասնակիցների  խումբը ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ կայցելեն Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր, որտեղ նույնպես կցուցադրեն ֆիլմերն ու կնվիրեն դրանք նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանին:

«Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացել է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը շարունակել Երեւանի եւ մարզերի այլ թանգարաններում:

 

Փոխվարչապետն ընդունել է Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի պատվիրակությանը

տկնՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ բարեկամ Իրանի հետ հատկապես վերջին տարիներին միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվորեն զարգանում են` նշելով, որ Հայաստանի կառավարությունը ողջունում եւ խրախուսում է այդ համագործակցությունը: Նա հույս հայտնեց, որ պատվիրակության այցն արդյունավետ կլինի` Հայաստանի գործընկերների, մասնավորապես` Արմավիրի մարզի հետ փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման տեսանկյունից:

Հյուրերը նույնպես նշեցին, որ գործընկեր տարածաշրջանների միջեւ արդեն բավականին հետաքրքիր համագործակցության հիմք է դրվել, բայց առկա է փոխգործակցության բավականին մեծ ներուժ: Նահանգապետի խոսքով` Իրանի նոր կառավարությունը նույնպես ողջունում է Հայաստանի հետ միջտարածաշրջանային մակարդակով հարաբերությունների խորացումը, եւ այս ձեւաչափով գործակցության զարգացումը համարում է առաջնահերթություն:

Նահանգապետը նաեւ փոխվարչապետին եւ Արմավիրի մարզպետին հրավիրեց այցելել Արեւմտյան Ատրպատական:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

ՃՏՊ Ծովագյուղ գյուղի մոտակայքում

ՃՏՊ-ԱԻՆ2

Լուսանկարները` Mes.am-ի

Սեպտեմբերի 7-ին, ժամը 08.52-ին ԱԻՆ-ում  տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ում ՃՏՊ-ԱԻՆ3«ՎԱԶ-2106»  մակնիշի 63 LT 687 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` ծնվ.1984թ. Ս.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել խոտերի մեջ:
Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և անջատել գազամատակարարման համակարգը:

«Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել». Ալբերտ Աբգարյան

947266_504283082960285_2046683625_nԵրեք տարեկան էլ չկար, երբ դժբախտ պատահարը խլեց Ալբերտի աչքերի լույսը: Փոքրիկ տղան, որ մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շարունակեց նվագել, իսկ 12 տարեկանում արդեն ստեղծագործում էր:

Ընտրությունը կարծես արված էր. Ալբերտը պետք է կրթություն ստանար երաժշտության բնագավառում, ահա թե ինչու նախ ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան: Սակայն կար մի ոլորտ, որը նրան նույնքան հոգեհարազատ էր, որքան երաժշտությունը. դա  իրավաբանությունն էր, և ուսումնարանի վերջին տարում նա իրավաբանական կրթություն ստանալու որոշում է կայացնում: Այդ որոշումն անակնկալ էր ծնողների համար, և նրանք կարծում էին, որ Ալբերտը չի հասցնի մեկ տարում պատրաստվել 2000-ի ընդունելության քննություններին: Սակայն Ալբերտի համար կարևորը նշաձող սահմանելն էր, մնացածը կախված էր իրենից: Ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, պարապում է և փայլուն քննություններ հանձնելով` ընդունվում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

Սակայն երաժշտությունը բնավ չի անտեսում: Ավելին, իրավաբանականին զուգահեռ ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ապա                                                               ուսումը շարունակում իրավաբանականի մագիստրատուրայում, հետո կոնսերվատորիայի ասպիրանտուրայում… Խոստովանում է, որ նման հաջողություններ չէր ունենա, եթե չլինեին ծնողների հետևողականությունն ու ջանքերը: «Այդ հավատը, որ ես կարող եմ, ծնողներիս մեջ կար: Մեծ դեր ուներ նաև նրանց ճիշտ դաստիարակությունը: Ծնողներս ինձ երբեք չեն տարանջատել քրոջիցս ու եղբորիցս. իմ վրա բարկանում էին նույնչափ, որքան նրանց, սիրում, որքան նրանց»:

Համապարփակ և լուրջ գիտելիքներ ձեռք բերելով երկու ոլորտներից էլ` որպես իրավաբան աշխատանքի է անցնում Ազգային ժողովում` շարունակելով ստեղծագործել: 2009-ից մինչ օրս Ալբերտ Աբգարյանն աշխատում է նախագահական ապարատում` որպես իրավաբան. «Ես հասել եմ մի վիճակի, երբ արդեն ինքս ինձ և դիմացինին ապացուցելու բան չունեմ, այդ դժվար փուլն անցել է, ես հիմա ինձ լիարժեք մարդ եմ զգում»:

Ալբերտը լիարժեք կյանքով ապրելու կոչ է անում բոլոր ֆիզիկական խնդիրներ ունեցողներին` ընդգծելով, սակայն, որ դրա համար նախ և առաջ պետք է լիարժեք կրթություն ստանալ` համապատասխան ֆիզիկական, մտավոր կարողություններին և ամենակարևորը` ցանկություններին: «Պետք է ներդնես ձգտում, կամք, աշխատասիրություն: Պետք է ապացուցես, որ ի վիճակի ես: Մյուս կողմից էլ գործատուներին եմ կոչ անում` տվեք հնարավորություն հաշմանդամներին, որովհետև շատ դեպքերում նրանք ավելին կարող են անել, քան ոչ հաշմանդամները»:

Ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց աշխատանքի խնդիրը համարում է ողջ հասարակության խնդիրը, իսկ գործատուն այդ հասարակության մի մասնիկն է: «Էնպես չի, որ նախագահականում բոլորն ինձ էին սպասում: Եթե նախագահի նման մոտեցումը չլիներ, ես  այստեղ չէի լինի…»:

Այսօրվա պես հիշում է. 2007-ի դեկտեմբեր ամիսն էր: Սերժ Սագսյանը որպես վարչապետ հանդիպել էր ՀԿ-ների ղեկավարների հետ: Այդտեղ էր նաև ինքը` որպես ՀԿ-ի ղեկավար: Ելույթ ունենալով` Ալբերտը բարձրացնում է հաշմանդամների աշխատանքի խնդիրը և կոչ անում Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար:

Սերժ Սարգսյանն իմանալով, որ Ալբերտն իրավաբան է և աշխատում է Ազգային ժողովում, ասում է, որ եթե նա որոշի աշխատել կառավարությունում և համապատասխանի իրենց մասնագիտական պահանջներին, ապա նրան անպայման աշխատանքի կվերցնեն:

Երկու ամիս անց Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ` չմոռանալով Ալբերտին: Նրան հրավիրում են նախագահական` հարցազրույցի և անմիջապես աշխատանքի ընդունում:

Albert2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Ալբերտն իր երախտագիտությունը յուրօրինակ ձևով է հայտնում. ստեղծում է նախագահի նախընտրական քարոզարշավի երգը:

Ալբերտը խոստովանում է, որ այդ երգը ծնվել էր 2013-ի նախընտրական քարոզչությունից շատ ավելի վաղ` մոտ երկու տարի առաջ, սակայն հենց այդ նպատակով: Նա համբերատար սպասել էր և ներկայացրել ճիշտ պահին` հավանության արժանանալով նախագահի կողմից:

Ալբերտն ուրախ է, որ իրեն գնահատում են, ինքնավստահ, որ այդ հաջողություններին հասել է իր ջանասիրության ու ձգտման շնորհիվ: Սակայն այսքանով չի պատրաստվում սահմանափակվել. նա սիրում է բարձր նշաձողեր սահմանել և անպայման հասնել դրանց. «Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել»,-ասում է նա:

Ուստի Ալբերտի ձգտումներն ու ջանքերը շարունակվում են: Իսկ այն, որ տեսողության խնդիր ունի, միայն եռապատկում է  դրանք. «Աշխատանքը ժամը 9-ին է սկսվում, բայց ես այստեղ եմ ավելի վաղ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ես ունեմ ֆիզիկական որևէ խնդիր, ապա պետք է այնքան լավ աշխատեմ, որ ոչ միայն հավասարվեմ խնդիր չունեցողների կարողություններին, այլ ավելին` գերազանցեմ նրանց: Ի վերջո, բոլոր գործատուներն ուզում են ունենալ լավ աշխատող, որի վրա կարող են հենվել: Այդ հենարանը ես ապահովում եմ»:

Ասում է, որ պետական համակարգում աշխատելն իր համար լուրջ նպատակների հասնելու ևս մի միջոց է` օգտակար լինել պետությանը: Գուցե վերամբարձ է հնչում, բայց նա համոզված է, որ կարող է և անելու է այնպես, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ լինեն. «Ես զարմանում եմ, երբ մարդիկ ասում են` էս երկիրը երկիր չի, դժգոհում են, բայց փոխարենը ոչինչ չեն անում: Դժգոհելն ամենահեշտ բանն է: Պետք է հասկանալ խնդիրը և փորձել լուծել: Պետք է դնել նպատակ և հասնել: Ես չպիտի մտածեմ` պետությունն ինչ է անում ինձ համար, պիտի մտածեմ` իսկ ե՞ս ինչ եմ անում իմ երկիրը կառուցելու համար: Ես պարտավո՛ր եմ անել, քանի դեռ երիտասարդ եմ, որ հետո ծերության հասակում վայելեմ իմ արածի պտուղներն իմ հայրենիքի մեջ»:

Եթե հանկարծ հրաշք տեղի ունենար և Ալբերտը տեսներ, ի՞նչ կփոխվեր նրա կյանքում: «Կփոխվեր այն, որ անծանոթ վայրեր միայնակ կգնայի կամ մեքենա կվարեի` չնայած քաղաքից դուրս հիմա էլ եմ վարում` հուշումներով: Ուրիշ ոչինչ, հավատացեք, չէր փոխվի, որովհետև ես իսկապես լիարժեք կյանքով եմ ապրում»:

Իսկ  Ալբերտի կյանքում հրաշք արդեն տեղի ունեցել է. սեպտեմբերի 30-ին ծնվել է նրա առաջնեկ որդին` ավելացնելով նրա երջանկությունն ու հաղթահարվելիք ռուբիկոնները…

 

Մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները

պնՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն`  հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:

Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվելու է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվելու են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվելու է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

սարգսյան-պուտինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ` ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային բարեփոխումները, ինչն անկասկած նպաստել է միջազգային ասպարեզում նրա դիրքի հետագա ամրապնդմանը:

Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում և ընդգծել մեր միջև ձևավորված անձնական վստահելի հարաբերությունների կարևորությունը, որոնց շնորհիվ երկկողմ գործընկերության օրակարգն առաջընթաց զարգանում է և հարստանում կարևորագույն պայմանավորվածություններով քաղաքական ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրերով՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար բնագավառներում:

Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ընդգրկուն օրակարգի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացման համար:

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, մեր համատեղ նախաձեռնությունները հետագայում ևս կնպաստեն մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության սերտացմանը, կծառայեն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»:

Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ գրադարանային գործի զարգացման համար

003Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար։

«Դուք պրոպագանդում եք գիրքը, հետևաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձևավորման գործում։ Երևանի քաղաքապետը շատ է կարևորում ձեր համակարգը, հետևաբար բարձր է գնահատում և ձեր գործը. դրա վառ վկայությունն է այս տարի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում ընդգրկված գրադարանային պայմանների բարելավման ծրագիրը, և այն երախտիքի խոսքը, որն այսօր քաղաքապետի անունից փոխանցվում է ձեզ՝ պատվոգրի տեսքով»,- նշել է Կամո Մովսեսյանը։

Գրադարանային ոլորտի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտին ուղղված ուշադրությունն ընթացիկ տարում տեսանելի է մի շարք ձեռքբերումներով։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պարզվում է` հեռու գործընկերն ավելի լավ է, քան մոտ դաշնակիցը

ԵՄ-մաքսայինՄաքսային միություն–Եվրամիություն երկընտրանքը, որքան էլ պարզ է ու հասկանալի Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ազգաբնակչության ակտիվ զանգվածի համար, այնուամենայնիվ շատ հարցեր է առաջացրել: Օրինակ` բազմաթիվ մարդիկ այդպես էլ չեն հասկանում` Մաքսային միություն մտնելն ի՞նչ գնային փոփոխություններ կբերի Հայաստանի ներքին շուկայում: Մարդիկ ելույթ են ունենում ու վստահեցնում, որ Ռուսաստանի հետ ապրանքների շրջանառությունը կմեծանա, որ Հայաստանում ռուսական ներդրումները կշատանան և այլն: Բայց ինչքա՞ն են եղել, որ դեռ կշատանան: Նման հարցերը շատ են: Ու եթե դժվար է այսօր վստահաբար ասել, թե ինչպես կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա Մաքսային միություն մտնելու ընտրությունն ընդհանրապես, գոնե որոշ համեմատություններ հնարավոր է կատարել:

 Ովքեր են Հայաստանի հետ ավելի շատ առևտուր արել

Հավանաբար պետք է հաշվի առնել և՛ Մաքսային միությունից ներմուծվող ապրանքների հնարավոր էժանացումը, և՛ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների հնարավոր թանկացումը: Բայց Հայաստանի ու Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի ու ԱՊՀ այլ երկրների միջև դեռևս 1993 թվականից գործում են զրոյական մաքսատուրքեր: Այնպես որ այս առումով որևէ բան չի փոխվելու: Սակայն շատ փորձագետներ պնդում են, որ մուտքը Մաքսային միություն կհանգեցնի էժանացման: Այս հարցի վերաբերյալ օրերս  ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հարցազրույց է տվել «Ժամանակ» օրաթերթին ու նշել, որ  Մաքսային միության շրջանակներում ներքին առևտրային ռեժիմների փոփոխություն չի լինելու, միակ բանը, որ կարող է հանգեցնել էժանացման, էներգակիրների գնագոյացման խնդիրն է, որը, սակայն, այսօր գործող Մաքսային միության շրջանակներում դեռևս լուծված չէ: Ըստ տնտեսագետի` ավելի սպասելի են թանկացումներ, քանի որ Մաքսային միության անդամ երկրներին, այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով, բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության միայն 28 տոկոսը:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքված օպերատիվ տվյալների (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որի աղբյուրը հանդիսանում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և էներգետիկ կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին)` ՀՀ արտաքին առևտուրը 2013 թ.  հունվար-հուլիս ամիսներին կազմել է  1 տրլն 313.4  մլրդ դրամ կամ  3 մլրդ 189.9 մլն դոլար, առևտրի բացասական հաշվեկշիռը եղել է -633.6 մլրդ դրամ, այսինքն` ներմուծումը գերազանցել է արտահանմանը:

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշները, ըստ առանձին երկրների, 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 3 189 839.0 հազար դոլար, որից` ԱՊՀ երկրների հետ` 895 460.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրների հետ` 930 756.5 հազար դոլար: Ընդ որում, Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության և առևտրի հաշվեկշռի ցուցանիշը  կազմել է 709 502.9 հազար դոլար, Բելառուսի ցուցանիշը` 29 119.7 և Ղազախստանի ցուցանիշը` 3 710.6 հազար դոլար: Այսինքն` ակնհայտ է, որ 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին, ինչպես նաև նախորդ տարիներին, Հայաստանի Հանրապետությունն ավելի շատ առևտուր է արել Եվրամիության, ոչ թե Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների հետ:

Փաստորեն, արտաքին առևտրի առկա կառուցվածքի պայմաններում, երբ մեր երկրի հիմնական գործընկերները հանդիսանում են ԵՄ երկրները, մաքսային նոր ռեժիմների կիրառումը նախևառաջ կհանգեցնի թանկացումների:

Գազի գնի իջեցման սպասումները նույնպես իրատեսական չեն: Հայաստանն արդեն շահեկան վիճակում է ԵՄ երկրների համեմատ: Եթե մենք գազ ստանում ենք 270 դոլարով, ԵՄ երկրի համար գինը 400-ից ավելի է: Այստեղ նույնպես էժանացումը զգալի լինել չի կարող, եթե, իհարկե, Ռուսաստանը չհանի գազի արտահանման հարկը, ինչի լավագույն պատասխանը կարող է լինել ՄՄ-ի մեկ այլ անդամի` Բելառուսի դժգոհությունն այս հարցում:

Ովքեր են ավելի շատ ներդրումներ կատարել Հայաստանում

Բացի նրանից, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում մենք կկորցնենք տարիների ընթացքում ձևավորված արտաքին առևտրի առկա կառուցվածքը, ազատ առևտրի առկա ռեժիմները կփոխարինվեն ՄՄ առևտրային ռեժիմներով: Ահա առաջանում են  նաև ներդրումների հետ կապված հարցեր: Բազմաթիվ հայ տնտեսագետներ, վերլուծաբաններ ու փորձագետներ կանխատեսումներ են անում, թե Հայաստանի տնտեսության մեջ միանգամից ինչքան են ավելանալու Ռուսաստանի ու Մաքսային միության ներդրումները, ու թե դրանք ինչպիսի «հրաշք» են գործելու մեր տնտեսության զարգացման առումով:

Հետևաբար, հիմա էլ նայենք` օտարերկրյա ներդրումների մասով Հայաստանում Մաքսային միության անդամ երկրնե՞րն են ավելի շատ ներդրումներ արել, թե՞ Եվրամիության:

Այսպիսով` 2013 թ. հունվար-հուլիսին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 293.1 մլն դոլար: Ընդ որում, ՌԴ ներդրումները 2013 թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել են 38 մլն 422.6 հազար դոլար, որից ուղղակի ներդրումներ` 32 մլն 816.6 հազար դոլար: ՄՄ անդամ մյուս երկրների կատարած ներդրումների մասին, եթե իհարկե այդպիսիք կան, առանձին տվյալներ հրապարակված չեն: Սա այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրներից միայն Ֆրանսիան ընդհանուր 28 մլն  921.4 հազար դոլարի ներդրումներ է կատարել, որից ուղղակի ներդրումները եղել են 28 մլն 921.4 հազար դոլարի: Գերմանիան  12 մլն 408.2  հազար դոլարի ընդհանուր ներդրումներ է կատարել, բոլորն էլ եղել են ուղղակի ներդրումներ: Այսինքն` միայն Գերմանիան ու Ֆրանսիան միասին ավելի շատ ներդրումներ են արել, քան ՄՄ անդամ երկրները միասին:

Մի հարց էլ կա. մինչև հիմա ի՞նչն էր խանգարում Ռուսաստանին Հայաստանում ավելի շատ ներդրումներ կատարել, ի՞նչն է փոխվել, որ ռազմավարական դաշնակիցը միանգամից սկսի աստղաբաշխական ներդրումներ անել մեր տնտեսության մեջ:  Վերջապես, վերը բերված թվերն էլ, մեղմ ասած, չեն կարող համոզել, որ ռուսական ներդրումներ են համարվում նաև «գույք պարտքի դիմաց» ծրագրով ռուսական վերահսկողության տակ անցած հայկական հիմնարկ-ձեռնարկությունները ևս…

Ու արժե երկար մտածել` արդյոք Ռուսաստանի հետ առանց այն էլ ջերմ հարաբերություններն ավելի ջերմացնե՞լն էր տնտեսապես ձեռնտու, ինչը փորձում են մեզ համոզել վերջին մեկ ամսվա ընթացքում, թե՞ ԵՄ-ի հետ:

 

Փակ է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը

Սոթք-ՔարվաճառՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը գրադարանային համակարգի աշխատողներին

տարոն մարգարյանԳրադարանային համակարգի հարգելի աշխատողներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։
Մեր ժողովրդը դարեր շարունակ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրականությանն ու գրքին։ Այդ սերը հաճախ հասել է անգամ պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Այսօր ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով ու նաև այդպիսով նպաստում համակարգի զարգացմանը։
Ձեր շնորհիվ է նաև, որ տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկա պայմաններում մատաղ սերնդի, երիտասարդության շրջանում արթուն է գրքի, ընթերցանության նկատմամբ սերը։ Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անհերքելի ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում է, որ արժանի սերունդ դաստիարակելու գործում առավել կարևորվում է նաև ձեր առաքելությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաջառողջություն, սեր և համերաշխություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին։
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

 

ՃՏՊ Սևան-Դիլիջան ճանապարհին, ՊՆ 3 զինծառայողներ հիվանդանոցում են

ավտոպատահարՀոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Դիլիջան ավտոճանա­պարհի 19-րդ կմ-ի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին և 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ս.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:

«Բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը». ազատամարտիկ

Գնել Գրիգորյան«Ամեն մեկս մեր զենքով Հայ դատի Մարտունու գրասենյակում նստում ու սպասում էինք, թե մեզ երբ Ղարաբաղ կուղարկեն: Բայց ինձ հաճախ խաբում չէին ուղարկում: Բոլորն ուզում էին գնալ, բայց օրինակ` 5 հոգի էր պետք: Ինձ, էսպես ասած, փայ չէր հասնում: Դրա համար շա~տ եմ վիճել շտաբի ղեկավարի` Թաթուլ Կարապետյանի հետ»,- պատմում է 54-ամյա Գնել Գրիգորյանը` հիշելով, թե ինչպես է 1988-ին միացել Արցախյան շարժմանը:

Գրիգորյանն ասում է, որ տանը մեծ գրադարան են ունեցել, միշտ պատմական գրքեր է կարդացել, հայրն էլ հայրենասեր մարդ էր ու որդու մեջ դեռ մանկուց սերմանել է հայրենասիրության ոգին: Երբ խառը ժամանակներն են վրա հասնում ու հայրենիքը պաշտպանության կարիք ուներ, Գնել Գրիգորյանը, առանց երկար-բարակ մտածելու, վերցնում է իր 5 փամփուշտանոց որսորդական հրացանն ու միանում շարժմանը: Ընտանիքն էլ` հոր գլխավորությամբ, ողջունում է նրա քայլը: Միայն երկու փոքրիկներն էին նեղվում, չնայած փոքր հասակին` հասկանում էին, որ հայրը կարող է գնալ ու էլ չվերադառնալ:

«Մի անգամ գիշերը 2-3 ժամով տուն եկա հանգստանալու: Դուրս գալիս աստիճանների դիմաց երեխաները չոքեցին, թե պապա մի գնա, բայց ես երեխեքիս վրայով անցա: Հայրենիքը սպասում էր»,- ասում է նա:

Գրիգորյանը հիշում է, որ այն ժամանակ շատերը չէին էլ պատկերացնում, որ պատերազմ կարող է սկսվել, հավատում էին, որ Ղարաբաղի հարցը խաղաղությամբ կարող է լուծվել:

Գյուղից զենքը ձեռքին զինվորագրվում է 7 երիտասարդ, 1992-ից նրանց են միանում ևս երկուսը: Լիճքեցի 9 կամավորները մինչև պատերազմի հաղթական ավարտը մարտնչում են:

Հիշում է, որ սկզբում զինվորագրվողների մասին ասում էին, թե երևի մի շահ ունեն: «Մենք մե~ծ շահ ունեինք, բայց ոչ անձնական: Մեր շահը հայրենիքի պաշտպանությունն էր»,- ասում է Գրիգորյանը:

Երբ 1994-ին Լիճքից 106 երիտասարդներ են նոր կազմավորված հայոց բանակ զորակոչվում, նոր միայն գյուղի բնակիչները հասկանում են պատերազմի լրջությունը և բուն իրավիճակը:

«Մեր պատերազմը սկսվեց բահով, դանակով, եղանով, որսորդական հրացանով, նոր կամաց- կամաց անցանք ավտոմատին, հետո` այլ զինատեսակներին: Կամաց-կամաց սովորեցինք, փորձ ձեռք բերեցինք»,- ասում է Գրիգորյանը` հավելելով, որ սկզբնական շրջանում թշնամին շատ էր նեղում. թվով էլ էին շատ, պաշարներով էլ, ռուսական զորքերն էլ ադրբեջանցիներին օգնում էին:

Պատմում է, որ իրենք բազմաթիվ սոված օրեր են անցկացրել, բայց մարտական ոգին բարձր է եղել: Ասում է, որ զարմանում էին, երբ  ադրբեջանցիների նահանջից հետո տեսնում էին, թե սննդամթերքի ինչ պաշարներ են ունեցել նրանք:

«Թուրքը կռվող ազգ չէ: Քանակը դեռ որակ չի նշանակում: Բացի այդ, հայերից կամավոր զինվորագրվել էին մարդիկ, որոնց հայրենասիրական ոգին բարձր էր: Մենք ախպոր պես էինք, իրար թև-թիկունք, մեկս մյուսի համար պատրաստ մեր կյանքը զոհելու: Դրա համար էլ մենք հաղթեցինք»,- այսպես է բացատրում հայերիս հաղթանակը Գրիգորյանը:

Առաջին մարտական գործողությանը Գրիգորյանը մասնակցել է Վարդենիսում: «Լուրջ բան չէր, մի քանի կրակոց սահմանի վրա»,- հիշում է նա: Իսկ առաջին լուրջ ռազմական գործողությունը նրա մասնակցությամբ եղել է Ճամբարակի Ջիլ գյուղում:

Հիշում է, որ սկզբնական շրջանում դժվար էր թշնամու վրա կրակելը, այն գիտակցությունը կար, որ թշնամին էլ է մարդ: Սակայն հետագայում, երբ տեսնում է ընկերների մահը, ադրբեջանցիների վայրագությունները, վրեժի ծարավով է լցվում. «Էդ ամենը տեսնելով` երդվեցինք, որ վրեժ պիտի լուծենք մեր ընկերների համար ու տրամադրվեցինք, որ կա՛մ ազատություն պիտի լինի, կա՛մ մահ»:

Գրիգորյանը կամավորների հետ մասնակցել է Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վարդենիսի ինքնապաշտպանական մարտերին, ապա Քարվաճառի, Մարտակերտի, Դրմբոնի ազատագրմանը:

Երբ պատերազմն ավարտվում է, Գրիգորյանը չի շտապում քաղաքացիական կյանքին վերադառնալ: «Նոր էր կազմավորվել մեր բանակը, և կադրերի խնդիր կար: Ես դեռ անելիք ունեի»,- ասում է նա: Մինչև 1997-ը նա շարունակում է զինվորական ծառայությունը որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: Հետո արդեն, առողջական խնդիրներով պայմանավորված, ստիպված թողնում է ծառայությունը: 2008-ից Գրիգորյանը Լիճքի գյուղապետն է:

Այժմ 4 թոռների պապ Գնել Գրիգորյանը զբաղված է թոռների դաստիարակությամբ, ինչպես ժամանակին իր երեխաներին է դաստիարակել, որդուն բանակ ուղարկել, որտեղ նա անգամ մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորվել է, ապա կազդուրվելով շարունակել ծառայությունը:

Ասում է, որ անկախ ամեն ինչից, մարդ պետք է պատրաստ լինի հայրենիքը պաշտպանելուն. «Երիտասարդներին խորհուրդ կտայի, որ սիրեն իրենց հայրենիքը, պահեն ու պաշտպանեն: Պատերազմը չարիք է: Բայց եթե հանկարծ թշնամին ոտնձգության դիմի` բոլորս պիտի պատրաստ լինենք պաշտպանելու հայրենիքը»:

 

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Սոթք-ՔարվաճառՀոկտեմբերի 7-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Փրկարարները բացել են փակ դուռը

աինՀոկտեմբերի 6-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Հ.Չ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դուռը փակվել է, ներսում մնացել են անչափահաս երկու երեխա, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են Ս. Դ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Հոկտեմբերի 6-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ռ.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաները արգելափակումից

Սոթք-ՔարվաճառՀոկտեմբերի 6-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 մարդատար ավտոմեքենա: