Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Սերժ ՍարգսյանՍիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:

Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները:

Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ և անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ հանրապետության տարածքում՝
   Հուլիսի 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին` հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 4-ին էապես չի փոխվի, 5-6-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝
Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքի  հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ·         Օդի առավելագույն ջերմաստիճան        38.80C (1975 թ.)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան              12.30C (1993 թ.)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան        25.10C

Ի՞նչ ընթացակարգով է ներկայացվում ամուսնության մասին դիմումը

ամուսնությունԱմուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:

Ամուսնացող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում ամուսնության համատեղ գրավոր դիմում: Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը,
բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո,
գ) ընտանեկան դրությունը,
դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները,
ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ամուսնացող անձինք ստորագրում են ամուսնության մասին համատեղ դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը: Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել՝
ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
բ) եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը,
գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա ամուսնացող անձանց կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող անձանց ստորագրությունները պետք է վավերացվեն օրենքով սահմանված կարգով:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն

Ագրարային համալսարանԱԳՐԱՐԱՅԻՆԸ ՆԵՐՔԱՇՎԵԼ Է ԻՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԽՆԴՐԻ ՄԵՋ

  2006 թ. դեկտեմբերի 28-ին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են պետական սեփականություն եւ կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: ՀԱԱՀ-ն այդ օրից համարել եւ համարում է, որ այս տարածքները վիճելի չեն կարող լինել եւ քննարկման ենթական չեն:

Մայիսի վերջից սկսած, այս իրադարձությունները մամուլում քննարկման առարկա են դարձել եւ սկսվել են ոչ թե Ագրարայինից, այլ` ՕԵԿ-ի գործողություններից` պետական սեփականություն հանդիսացող, համալսարանին օգտագործման հանձնված շինության տանիքը ապամոնտաժելուց հետո:

Բնականաբար, այդ քայլերը չէին կարող անարձագանք մնալ համալսարանի կողմից եւ փորձեցին պարզել, թե ինչ հիմքով է ՕԵԿ-ը պետական սեփականություն հանդիսացող գույքը ապամոնտաժում: Պարզվեց, որ 2008-ի նոյեմբերին,  քաղաքապետը անտեսելով կառավարության վերը նշված որոշումը, ՕԵԿ-ին է հանձնել սեփականության իրավունքով շինության մի հատվածը և կից հողատարածքը: Գործող օրենսդրությամբ քաղաքապետարանը այդպիսի լիազորություններ չունի: Պետական գույքի կարգավիճակի փոփոխություն կարող է իրականացնել միայն ՀՀ կառավարությունը` որոշմամբ:

Ի դեպ, քաղաքապետի 2008թ. որոշման մասին համալսարան տեղեկություն չի ուղարկվել և այդ մասին իմացել են միայն 6 տարի հետո: Համալսարանի ռեկտորատը, նույնիսկ եթե հակադրվի ամբողջ կոլեկտիվին և ուսանողությանը, ամենաբուռն ցանկության դեպքում անգամ, իրավասու չէ պետական գույքը օտարելու եւ պարտավոր է իրեն հանձնված գույքը պահպանելու: Քանի որ առաջացել է իրավական դաշտում հարց, ապա դրա լուծումը կտրվի միայն գործող օրենսդրությամբ: Կապել այն քաղաքական կողմնորոշումների հետ բարոյական չէ: Համալսարանը ապաքաղաքականացված կառույց է և որևէ փորձ` ներքաշել այդ դաշտ, անթույլատրելի է և հակասում է գործող օրենսդրությանը:

Եվ քանի որ ռեկտորը այս ոլորտում իրավասու չէ որևէ հարց լուծելու, խոսել նրա թիկունքում կանգնած անձանց մասին, անհեթեթություն է:

 

 

ՀԱԱՀ լրատվության բաժին

Գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ մի խումբ գրողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

Հովիկ աբրահամյանՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է.«Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական գաղափարախոսության կերտման գործում։ Միության անցած ստեղծագործական ճանապարհը հեշտ չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական, հայրենիքի նվիրյալ»։Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ միությունն ստեղծվել է դժվարին շրջանում, հայրենի գրականության նվիրյալներ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուսների ջանքերով, իսկ հետագա սերունդները շարունակել և զարգացրել են նրանց ստեղծած գրական ավանդույթները՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր երկրի անկախության վերականգնումից հետո։
«Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։ Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԳՄ-ն իր ստեղծագործական ներուժով՝ ի դեմս բանաստեղծների ու արձակագիրների, ձեռնամուխ կլինի այդ բարձր առաքելության իրականացմանը։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աննախադեպ զարգացմանը, տպագիր գիրքը մշտապես կմնա ընթերցողի հավատարիմ ուղեկիցը և կնպաստի մտավոր ու հոգևոր աշխարհի հարստացմանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում մշտապես աջակցելու է միությանը և ստեղծագործական հաջողություններ ու քաջառողջություն մաղթել գրողներին:
Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար և Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀԳՄ անդամներ, արձակագիրներ Վահագն Մուղնեցյանին, Նելլի Շահնազարյանին, Սաթենիկ Մկրտչյանին, Թադևոս Տոնոյանին, Վահան Սևանին և Ռաֆայել Սահակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ՀՀ կառավարությունը Հայաստանի գրողների միությանը նաև նվիրել է ծառայողական ավտոմեքենա:

 

Քաղաքական խորհրդակցություններ՝Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

դեսպան Կարեն ՆազարյանՀուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: 

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ռումինական պատվիրակությունը` Ռումինիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն:

Քննարկվեց հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հատուկ անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական և ոլորտային փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման միջոցով:

Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավոր ուղիները:

Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ: 

 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կնորոգվի 13 հենապատ

002Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են թվով  13 հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Երեքական հենապատեր կվերակառուցվեն Նորք-Մարաշում, Աջափնյակում և Արաբկիրում, երկուսը`Էրեբունիում, մեկը`Ավանում և ևս մեկը`Կենտրոն վարչական շրջանում: Ըստ անհրաժեշտության փոխարինվում կամ լրացվում են վնասված կամ բացակայող քարերը, սվաղվում ու թարմացվում  վնասված երկաթբետոնե կառուցվածքները, վերականգնվում է արտաքին տեսքը: Աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Ժառանգություն» կուսակցությանը փորձել են “վերբովկա “անել

«Ժառանգություն»Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին եւ առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ: Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության երիտասարդ անդամների նկատմամբ հավաքագրման փորձի երկրորդ դեպքն է: Հրայր Մանուկյանը՝ կանխատեսելով դեպքերի հնարավոր զարգացման ընթացքը, նաեւ նկատի ունենալով հիշյալ կառույցի գործելաոճը, հանդիպման էր ներկայացել ձայնագրիչով: Հարկ է նշել, որ Հրայրը լրագրող է:

 

Զրույցի ձայնագրությունը եւ սղագրությունը երեկ հրապարակվել էին որոշ լրատվամիջոցներում:

 

Նկատի ունենալով երեւույթի պետական եւ հանրային վտանգավորությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչությունը.

 

-կարեւորելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչպես նաեւ ազգային անվտանգության խնդիրների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը,

 

-հաշվի առնելով իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու իրողությունը եւ քաղաքական մրցակիցների նկատմամբ վարչակարգին հատուկ անօրինական  գործողությունները,

 

-վերահաստատելով «Ժառանգության» հանձնառությունը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի իրավունքների իրացման գործում,

 

-դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության եւ նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները:

 

Կոչ ենք անում նույն իշխանություններին՝ դադարեցնել քաղաքացիների հանդեպ ուժային կառույցների նմանօրինակ ապօրինի  գործողությունները եւ պահանջում ենք մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ:

 

«Ժառանգությունը» հետեւողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու եւ այն հասարակության դատին ներկայացնելու համար:

 

«Քերված փողոցներ: Ո՞ւր են կարմիր գծերը». Անահիտ Բախշյան

Anahit_BaxshyanԱվագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ խնդրով.

«Կրկին քերվում են Երևանի այն փողոցները, որոնք հիմնանորոգվել են վերջին 1-4 տարիների ընթացքում: Օրինակ՝ անցյալ տարի հիմնանորոգված Արշակունյաց փողոցը, որի ծայրամասն այս պահին  կրկին նորոգվում է, արդեն 20 օր է, ինչ Զաքյան փողոցն ամբողջովին քերվել է:

Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի  մատակարարելուց, կա մի  խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված  ավտոկայանատեղերը  փաստորեն  տվյալ ծառայությունը չեն  մատուցում,  և  այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները  փաստորեն  չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե  այդ վճարները  տեղափոխվե՞ն, երբ  սկսի  գործել, մասնավորապես Զաքյան փողոցի  գծանշված  ավտոկայանատեղին:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Անկախ

Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

231936501399229062Հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ճանապարհի աջակողմյան դաշտում շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1992 թ. ծնված Միհրան Աղաջանյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Քննարկվեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացված հայտերը

DSC_9502Հուլիսի 2-ին և 4-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվեցին ծխելու դեմ պայքարին, բնապահպանության ոլորտներին, վերարտադրողական առողջությանը վերաբերող, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգերում ներկայացված հայտերը։

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը ողջունելի համարեց այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթում 2014թ. ավելացել են բնապահպանությանն ուղղված անվանակարգեր։ «Ներկայացված են արդիական թեմաներ՝ էկոլոգիական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում, էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Այսօր մենք խնդիր ունենք հասարակության մոտ բնապահպանական մշակույթ ձևավորելու, իսկ դա հնարավոր չէ առանց բնության հետ շփվելու։ Այս ծրագրերի հմնական մեխը դա է։ Մրցույթին ներկայացված ծրագրերն իրատեսական են, արդյունքները՝ չափելի»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Մրցութային հանձնաժողովի անդամ, Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, անդրադառնալով ծխելու դեմ պայքարին և վերարտադրողական առողջությանն առնչվող ծրագրերին, նշեց, որ ի տարբերություն ՀԵՀ-ի կողմից հայտարարված նախորդ մրցույթների՝ այդ ոլորտներում ներկայացված հայտերն այս անգամ այնքան էլ բարձր որակի չեն, թեև կան նաև այնպիսիք, որոնք հետաքրքիր լուծումներ են առաջարկում։ Ի դեպ, ներկայացված ծրագրերի որակից դժգոհեցին գրեթե բոլոր ոլորտների փորձագետները։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաև հետագա մրցույթների հայտարարությունները ՀԿ-ներին առավել հասանելի դարձնելու հարցը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց այն հանգամանքը, որ որոշ ՀԿ-ներ մեկ այլ գրանտատուի կողմից ֆինանսավորված և ընթացքի մեջ գտնվող ծրագիրը ներկայացնում են տարբեր գերատեսչություններին՝ դրամաշնորհներ ստանալու համար։ Հիմնադրամի համակարգողը նշեց, որ պետք է խիստ լինել այդ ՀԿ-ների նկատմամբ և հետևողական՝ երևույթը կանխելու համար։ «Հասկանալի է, որ շարունակականությունն ապահովելու համար նույն ծրագիրը ներկայացնում են տարբեր կազմակերպությունների, սակայն այստեղ էլ պետք է ծրագրում նոր կոմպոնենտ դրվի՝ այն զարգացնելու համար։ Անընդունելի է, երբ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագիրը ներկայացվում է ևս մի քանի տեղ՝ դրամաշնորհի համար։ Նման հայտեր ֆինանսավորելով՝ չենք նպաստում ՀԿ դաշտի զարգացմանը։ Չեմ կարծում, թե մեր ՀԿ-ների մոտ կա գաղափարների պակաս, պարզապես պետք է ստիպել մարդկանց մտածել ու ավելի հետաքրքիր մտքեր ներկայացնել»,- նշեց Կարեն Ավագյանը։

ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութի արդյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին՝ փորձագետների կարծիքներն ամբողջացնելուց հետո։

 

Անկախ

 

Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցը՝«Ես հպարտ եմ, որ…» մրցույթի հաղթող (լուսանկարներ)

ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ  «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը «Կրթություն առանց սահամնների» հասարակական կազմակերպության հետ իրականացրել է «Ազգային հպարտություն» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մարզերի դպրոցներում իրականացվել է «Ես հպարտ եմ, որ…» խորագրով պաստառների մրցույթ, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանցիներ։ Մրցույթի նպատակն է եղել խթանել ազգային արժեքների, հայկական մշակույթի ճանաչողությունը, դրա անխաթար պահպանումը նոր սերնդի շրջանում։

Ես հպարտ եմ, որ

Իսկ այսօր տեղի ունեցավ մասնակիցների ցուցահանդես-մրցանակաբաշխությունը. աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով, խրախուսական մրցանակներով։

Աշակերտները պատրաստել էին ազգային արժեքները, պետական խորհրդանիշները արտացոլող պաստառներ՝  իրենց մեկնաբանությամբ ու մեծ սիրով։ Տարբեր մարզերի ու Երևանի դպրոցների աշակերտները պատրաստակամությամբ ու ոգևորությամբ յուրաքանչյուր այցելուին պատմում էին իրենք պաստառի պատմությունն ու առանձնահատկությունները։

Մայիսի 19-ին դպրոցներում կազմակերպվել է ԵՊՀ-ի, Կրթության ազգային կենտրոնի մասնագետների  կողմից մշակված ազգային դաս։ Դասին մասնակցել է նաև տվյալ մարզի, շրջանի, տարածքի այն անձանցից, ովքեր երեխաների համար ազգային ոգու դրսևորման օրինակ են եղել։

DSCN5666

Ցանցային մրցույթի առանձնահատկությունն այն է, որ աշակերտներն իրենք են քվեարկության 10 օրվա արդյունքում ընտրել  հաղթող պաստառները։ Կազմակերպիչները տեղեկացրին, որ հանրապետության  բոլոր մարզերից ընտրվել են առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներ. վերջիններս ստացել են խրախուսական մրցանակներ։

DSCN5675Ջոն Կիրակոսյան

Երևան քաղաքի առաջին մրցանակակիրներն էին  Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները։

DSCN5702DSCN5710

«Անկախ»-ի հետ զրույցում Ռ. Իշխանյանի անվան դպրոցի աշակերտներից Պետրոսյան Մերին նշեց, որ մեր ազգային հպարտություն-հերոս հայ նախնիները շատ են. այս է պատճառը, որ աշակերտները յուրքանչյուր ոլորտից մեկ հերոսի են ընտրել պատրաստելու իրենց պաստառները։ «Կոմիտասը մեր ժողովրդական երգի պարծանքն է, Վիլյամ Սարոյանը՝ աշխարհին հայտնի հայազգի մեծ գրող, Վազգեն Առաջին կաթողիկեսը՝ հայերիս համար քրիստոնեության խորհրդանիշն է, Նժդեհը՝ մեր պայքարի ոգին, Սասունցի Դավիթը հայ ազգի հավաքական ուժն է, Սողոմոն Թեհլերյանը՝ վրեժի ոգին՝ որպես Հայ Դատի արդարացի լուծման մարտիկ, Մինաս Ավետիսյանը հին և նոր կերպարվեստի վառ ներկայացուցիչ, Շառլ Ազնավուրը՝ աշխարհահռչակ հայ երգիչ-երգահան ու մեծ բարերար, ով կանգնած է հայ ժողովրդի կողքին, Իսկ Զվարթնոցի տաճարը՝ որպես հայ ճարտարապետության գլուխգործոց»,- իրենց պաստառը մեկնաբանելով՝  նշեց Պետրոսյան Մերին։

Պաստառում արտացոլված կերպարները սրանով չէին սահմանափակվում, աշակերտները ևս նշում էին՝ մեկ պաստառը քիչ է մեր ազգային ոգին ցույց տալու համար, բայց սա էլ յուրօրինակ հավաքական էր՝ հարուստ և փառահեղ։

Ես հպարտ եմ, որ

Իսկ Արմավիրի մարզի Լեռնագոգի միջնակարգ դպրոցի աշակերտները իրենց պաստառը վերնագրել էին «Ես իմ անուշ Հայաստանի…» և նշեցին, որ իրենց պաստառը նկարներով արտահայտում է Չարենցի փառապանծ «Ես իմ անում Հայաստանիի» յուրաքանչյուր միտք. «ամեն տողը պատկերել ենք մի նկարով»,-նշեցին հայկական տարազ հագած իրենց պաստառը ներկայացնող աշակերտուհիները։

DSCN5668 DSCN5669

Կազմակերպիչները խոստացան, որ այս և նմանատիպ նախաձեռնությունները տևական են լինելու, քանի որ ապացուցում են իրենց դերն ու կարևորությունը հայ ոգու, հայկական մշակույթի ու արժեքների դաստիարակության գործում։

Արմինե Ավետիսյան

 

Սևրի պայմանագիրը հայերին և քրդերին միավորող իրավական փաստաթուղթն է. քրդագետ

Սևրի պայմանագիրՄերձավորարևելյան հասարակական քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներն անմիջական ազդեցություն են թողնում այստեղ բնակվող էթնոդավանական փոքրամասնությունների, մասնավորապես` հայերի և քրդերի կենսագործունեության վրա:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայի շուրջ խոսեցին  իրանագետ Ռուդիկ Յարալյանը,  արաբագետ Սարգիս Գրիգորյանը և քրդագետ Վահրամ Պետրոսյանը:

Երեք մասնագետներն էլ ընդգծեցին հայ-քրդական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Ըստ նրանց` կարևորագույն և առաջնային խնդիր է նաև հայ-քրդական միջհամայնքային հարաբերությունների ուսումնասիրությունը, հատկապես` Մերձավոր և Միջին Արևելքի այն երկրներում, որտեղ առկա են հայկական և քրդական գործոնները:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանի խոսքով` քրդական գործոնի ակտիվացում հնարավոր չէ ակնկալել միանգամից Մերձավոր Արևելքի բոլոր քրդաբնակ տարածքներում, քանի որ  «մենք գործ ունենք տարբեր քաղաքական նպատակներ հետապնդող կուսակցությունների և խմբավորումների հետ»: «Իրանական քրդերի խնդիրը այլ է, քանի որ քրդերը ծագումով հանդիսանում են իրանական ժողովուրդ և,  ըստ էության, հակասություն, ինչպես Թուրքիայում և Սիրիայում, չի կարող լինել: Իրանական քրդերի պարագայում, իհարկե կլինեն ուժեր, որոնք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները կփորձեն օգտագործել, որպեսզի ակտիվացնեն Իրանի ներքին իրադարձությունները: Սակայն Իրանի տարածքային ամբողջականությունը շատ կարևոր է մեզ համար, հակառակ դեպքում` դա շղթայական ազդեցությամբ կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում», – ասաց նա:

Իսկ արաբագետ Սարգիս Գրիգորյանը գտնում է շատ կարևոր է կարգավորել հարաբերությունները Սիրիայում ապրող քրդերի հետ: «2011 թվականից հայերը և քրդերը իրենց դիրքորոշումը հայտնեցին սիրիական հակամարտության նկատմամբ; Հայերը, իհարկե, չեզոքության դիրքերից հանդես եկան. դա կապված էր նրա հետ , որ վստահություն կար ներկայիս իշխանությունների հանդեպ: Քրդերի դեպքում մի քիչ այլ էր: Նրանք այն ուժն են, որ այն տարածքում, որտեղ բնակվում են ունեն ինքնակառավարման մարմիններ և ինքնապաշտպանության ջոկատներ են ստեղծել, ընդ որում ` ռազմական փորձ ունեցող լուրջ համալրված զինյալներով, որոնք իրականացնում են այդ տարածքների պաշտպանությունը: Երևի թե դա միակ ուժն է, որ  տարածքներ չի կորցրել հակամարտության ընթացքում»: Ըստ Սարգիս Գրիգորյանի` ձևավորված իրողության կոնտեքստում պետք է զարգանան  փոխառնչությունները հայկական և քրդական համայքների միջև:

Թուրքագետ-քրդագետ Վահրամ Պետրոսյանն ասաց, որ հարկ է հաշվի առնել ոչ միայն հայ-քրդական համագործակցության ներուժը, որի ներքո կարելի է նշել Իրաքում քրդական կիսանկախ ֆեդերալ ինքնավար կազմավորման և Հարավային Կովկասում զույգ հայկական պետությունների` ՀՀ-ի և ԼՂՀ գոյության հանգամանքը, այլև կոնֆլիկտային պոտենցիալը, օրինակ` Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության թուրքական իշխանությունների համագործակցության իրողությունը: «Հայ-քրդական բարեկամություն ասելով` մենք նկատի չունենք պարզապես սիտուացիոն ձևով: Հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը սկսվել է դեռ 19-րդ դարում, երբ հայ և քուրդ գործիչները ձգտում էին համագործակցության: Որոշ հանգամանքների պատճառով դա չի ստացվել: Սակայն կա Սևրի պայմանագրի գործոնը, որը երկուսիս միավորող իրավական փաստաթուղթն է: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի միջև, իրավական բազայի կոնտեքստում նրանք հիմնվելու են այդ փաստաթղթի վրա», – ասաց Վահրամ Պետրոսյանը:

 

 Անկախ

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները

04,07,2014ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել են   ընթացիկ տարվա գյուղատնտեսության   ոլորտի կիսամյակային արդյունքները,  ներկա վիճակն ու կանխատեսումները:

 

Բուսաբուծության ոլորտ: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին  բարենպաստ է գյուղատնտեսության համար: Որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարություններն ու ձյան տեսքով առատ տեղումները, որի հետևանքով  Արարատյան  հարթավայրի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Այն հիմնականում պահպանվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում: Ակնկալվում է մինչև 8 հազար տոննա ծիրանի բերք՝ նախորդ տարվա 88,8 հազար տոննայի դիմաց:

Բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքերից, դեղձենու, խնձորենու, տանձենու, խաղողի այգիներից:

Լարսի անցակետի փակումը որոշակի խոչընդոտներ ստեղծեց հանրապետությունից կեռասի, կարտոֆիլի, բանջարեղենի որոշ տեսակների արտահանման գործում: Այդ ընթացքում որպես այլընտրանքային ուղի օգտագործվեց օդային փոխադրումների կազմակերպումը:

Անցակետի վերգործարկումից հետո անարգել շարունակվում է հանրապետությունից պտուղ-բանջարեղենի արտահանումը: Այսօրվա դրությամբ արտահանվել է 1523 տոննա վաղահաս կարտոֆիլ, 343 տոննա կեռաս, 168 տոննա ծիրան և այլն:

Շուկայում որոշ մրգերի ու բանջարեղենի ներկայիս համեմատաբար բարձր գները սեզոնային բնույթ են կրում և առաջիկա 10-15 օրերի ընթացքում աստիճանաբար կկարգավորվեն: Մասնավորապես՝ ծիրանի գնի որոշակի  նվազում սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի մատչելի գներով մատակարարումը՝ հուլիսի 15-ից, ապա նաև մնացած պտուղներն ու բանջարեղենը: Պետք է նշել, որ այսօր մեծ պահանջարկ վայելող վաղահաս կարտոֆիլի մեծածախ գինը կտրուկ նվազել է և կազմում է 60-70 դրամ, կաղամբինը՝ 60-80 դրամ,  վարունգինը՝ 60-150 դրամ և այլն:

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում վերջին ժամանակահատվածում գրանցվել են կարկտահարության դեպքեր (Լոռի, Շիրակ, Արագածոտն), որի հետևանքով արձանագրվել են բերքի որոշ կորուստներ, սակայն դրանք մեծ ծավալ չեն կազմում և չեն գերազանցում բազմամյա միջին մակարդակը, ուստի՝ հանրապետության ընթացիկ տարվա ընդհանուր ցուցանիշների վրա էական ազդեցություն չեն ունենա:

Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատությամբ ակնկալվում է 12.000 – 14.000 հա ցանքատարածությունների ավելացում, որից շուրջ 6000 հա հացահատիկային մշակաբույսեր:

 

Անասնաբուծության ոլորտ: Դեռևս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ անասնագլխաքանակի աճի ցուցանիշները հուսալի նախադրյալներ էին ստեղծել ընթացիկ տարում կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալներն ավելացնելու համար: Ըստ օպերատիվ տվյալների և              ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված վերլուծությունների, 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է շուրջ 407 հազար տոննա կաթ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ավելի քան 105 %-ով, 35 հազար տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 107 %-ով և 393 մլն ձու, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104.5 %-ով:

Համաձայն կանխատեսումների, ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ 2014 թվականին մեր երկրում արտադրվող կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 107 %-ով:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում են գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կտրուկ աճի միտումներ, ինչով էլ պայմանավորված է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն աճը:

Հատկանշական է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը երեք տարի անընդմեջ առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախորդ տարվա համեմատությամբ անասնագլխաքանակի աճման ցուցանիշներով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրների շարքում առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաև որոշ կենդանական ծագման սննդամթերքի գների էժանությամբ: Այսպես, 1 կգ տավարի մսի գներով Հայաստանը զիջում է միայն Բելոռուսի Հանրապետությանը, իսկ պանրի ամենացածր գները ձևավորված են Հայաստանում:

Անասնաբուծության ներկայիս վիճակը և զարգացման միտումները թույլ են տալիս փաստել, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրում կարելի է ակնկալել կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն և տևական աճ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Վահե Ջիլավյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից

հովիկ աբրահամյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Ջիլավյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Անկախ

Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

սեյրան ՕհանյանՀուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր և ստորագրվել են համապատասխան որոշումներ:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Հարավային Ամերիկա

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:

Հայաստանի Նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:

Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:

Անկախ

Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր

Նախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրՆախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:

Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:

Խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Կարևորում ենք հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը:

Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության»:

«Քաղաքացին սկսում է չտարանջատել հայրենիքն իշխանությունից». Բաբկեն Պիպոյան

pipoyan

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ դերասան Սեպուհ Ապիկյանն անփույթ գրառում էր կատարել, որով հրաժարվում էր ՀՀ քաղաքացիությունից: Չգիտեմ՝ այդ քայլը տարրական անփութություն էր, թե անհաջող PR քայլ, սակայն գրառմանը հետևեցին տարաբնույթ քննադատություններ, և Սեպուհի քայլը հասարակության կողմից օբյեկտիվորեն չընդունվեց. ինքս դատապարտում եմ դերասանի նմանատիպ արարքը: Սակայն ցավալին այն է, որ քննադատվում էր միայն Սեպուհը, և անգամ կային գրառումներ, որոնցում “որպես հայրենասիրության վերջին դրսևորում” հորդորվում էր լքել Հայաստանը՝ մեկնաբանությամբ, որ իր նմանները մեր երկրին պետք չեն:

Ցավալի է, բայց մոռանում ենք, որ իշխանությունների ընտրած քաղաքական կուրսը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հայրենի հողի վրա լքված լինելու զգացումը հասել են այնպիսի մակարդակի, որ շատերն արդեն Հայաստան աշխարհը՝ հայրենիքը, չեն կարողանում տարանջատել իշխանություններից: Դժգոհության ֆոնը մոտենում է առավելագույնին: Քանի-քանիսն են առանց որևէ բառ ասելու լքել մեր երկիրը, քանի-քանիսն են նեղացած հեռացել…
Պետք է խորապես ցավ ապրել յուրաքանչյուր արտագաղթողի համար, անկախ նրանից՝ նա գիտակցում և տարանջատում է հայրենիքն իշխանություններից, թե ոչ:
Վստահաբար կարող եմ ասել, որ հայրենասիրությունից վեհ տոնով խոսողներից շատերը երբևէ ոչ մի աշխատանքային առաջարկություն արտերկրից չեն ստացել, իսկ եթե ստանային կամ չնչին հույս ունենային, որ եվրոպական ինչ-որ երկրում կունենան իրենց փոքրիկ տեղն ու նշանակությունը …
Մարդիկ, ովքեր չգիտեն՝ ով է հայը, որոնք են հայկական ավանդույթները, որն է մեր պատմական հայրենիքը, որն է մեր պատմությունը, ինչ-որ մեկի սխալը քննադատելով, եվրոպական արժեքներ կրելով՝ փորձում են դառնալ հայրենասեր:
Հ.Գ.
Այս խոսքն ուղղված չէ Սեպուհին բոլոր քննադատողներին, այլ նրանց, ովքեր իրապես անտարբեր են հիմնական պրոբլեմի նկատմամբ. քաղաքացին սկսում է չտարանջատել հայրենիքն իշխանությունից: Մեր երկրի զավակների մի ստվար զանգված սրտի մեծ ցավով, հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի մեծ զգացումով ապրում և աշխատում է արտասահմանում՝ միաժամանակ բարձրացնելով ուրիշ երկրի պատիվը»:

1926716_639274219490157_687882640_n-420x279Հիշեցնենք, որ երեկ դերասան Սեպուհ Ապիկյանը (Ճպլ) գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ հայտնելով, որ այլևս Հայաստանը չի համարում իր հայրենիք, իրեն էլ՝ ՀՀ քաղաքացի, ինչը բուռն քննադատության թեմա էր դարձել սոցցանցերում:

Դերասանը մասնավորապես գրել էր.

«39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարձակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել հայրենիքիցս հեռանալու մասին… Ամենադժվար տարիներին, մութ և ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ ոչ!!! Սա իմ հողն ու ջուրն է, և նույնիսկ ամենավատ վիճակում ես երբեք չեմ լքի Հայաստանը…բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի և Հայաստանը այլևս չեմ ուզում համարել իմ հայրենիք…Շատ խորը վշտով և ցավ ապրելով եմ ասում այն, ինչ ասում եմ…Սա այն միակ երկիրն է, որտեղ երբ մարդը ընկնում է, առիթից օգտվելով, օգնության ձեռք մեկնելու փոխարեն, այդ մարդուն սկսում են ոտնահարել, «քացու տակ քցել», ոտքերով ծեծել, շատանում են դանակավորները՝ հասցնելով նրան վերջին շնչին…և այս խոսքերս ոչ թե վերաբերում է անհատ մարդկանց, այլ պետական կառույցներին…Անչափ «ցնցված» և «հիացած» մեծն Ճանապարհային ոստիկանություն «փոսի գայի» մականվամբ համակարգի «մեծահոգի» վերաբերմունքից և աշխատանքից…Միայն Հայաստանում կլինի նման հրեշավարի վերաբերմունք մարդու, անձի նկատմամբ… երբ, Աստված մի արասցե, ընկնում ես փորձանքի մեջ, վթարի մեջ, ունենալով ծանր մարմնական վնասվածքներ, բարոյական, ֆինանսական և հոգեկան մեծ կորուստներ, վնասվելով և դառնալով կիսահաշմանդամ, երբ միակ տուժողը դու ես, ջարդուխուրդ լինողը դու ես, մեծ ֆինանսական պարտքերի մեջ ընկնողը դու ես, վիրահատություն տանողը դու ես, 40 օր շարունակ սաստիկ ցավեր քաշողը դու ես, կողքից բողոքող չկա, ոչ ոք չի տուժել բացի քեզանից, միակ շատ խոշոր չափերի տուժողը  էլի դու ես բոլոր առումներով և բոլոր տեսակների մեջ, այդքանից հետո բացարձակ հաշվի չառնելով այդ կորուստները, այդ վնասները, որ դու արդեն կրել ես այդքանից հետո, քեզ վրա տուգանք են սահմանում 200.000 դրամի չափով… Ի՞նչ կարող եմ ասել, ԲՐԱՎՈ!!!!!! Պարզապես հիացած եմ այս ամենով…երևի թե ինքներս մեզ վաճառե՞նք, որ վճարենք այդ տուգանքները:

ԿԵՑՑԵՍ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳՈՂ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ!!!!!!»:

 

Անկախ