Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  24  դեպքից բացահայտվել է 21-ը, գողության 30 դեպքից` 16-ը,  խարդախության 18 դեպքից` 17-ը, իսկ կողոպուտի   և  խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 1 և  գողության 7  դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԿԸՀ-ն որևէ խախտում չի արձանագրել

կըհՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է  թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

Հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող երեք թեկնածուներից երկուսն են բացել նախընտրական հիմնադրամներ և պատշաճ կարգով ներկայացրել հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Հաշվեհարդարի սպառնալիքով փորձել են 2 միլիոն շորթել

ոստիկանություն3Սեպտեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս` ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1982 թ. ծնված Կ.  Մ.-ն: Պարզվել է, որ ոմն Զավեն, հաշվեհարդարի սպառնալիքով, նրանից փորձում է շորթել 2.000.000 դրամ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության,  Երևան քաղաքի  և ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ քիմիական մշակման ենթարկված 2.000.000 դրամը Կ. Մ.-ի կողմից փոխանցելու ժամանակ Ա. Իսահակյան փողոցի թիվ 22 շենքի մոտ բռնվել և բերման են ենթարկվել 1975 թ. ծնված Ռ. Պ.-ն, 1960 թ. ծնված Լ. Կ.-ն,  1955 թ. ծնված  Ա. Ն.-ն, 1950 թ. ծնված Ա. Խ.-ն, 1964 թ. ծնված Հ. Ա.-ն  և 1993 թ. ծնված Վահան Ա.-ն:
Վահան Ա.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել է մշակված 2.000.000 դրամը:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ջուլիա Զիլբերքվիթ.«Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս»

1-1Սեպտեմբերի 10-ին հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը։ Հնչեցին Սերգեյ Սլոնիմսկի, ՙՀրեական ռապսոդիա՚. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։

Համերգին նախորդած մամուլի ասուլիսում Ջուլիա Զիլբերքվիթը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է և տպավորված է Երևանով։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթներ ունեցել է անցած տարի Օդեսայում։ ՙՆվագախումբն ուղղակի հրաշալի է, մենք կատարել ենք շատ բարդ ստեղծագործություններ։ Ես շատ լավ կապեր ունեմ մաեստրո Սմբատյանի հետ։ Ելույթ եմ ունեցել շատ դիրիժորների հետ. կան դիրիժորներ, ովքեր այնքան էլ շատ չեն սիրում նվագել մենակատարների հետ, սակայն Սերգեյ Սմբատյանը միշտ մեր կողքին է։ Երիտասարդական նվագախումբը շատ լավ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ է և շատ աշխատասեր։ Երբեք չեն նեղսրտում, երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան ևս մեկ անգամ կրկնել։ Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս՚,- նշեց դաշնակահարուհին։ Նա նաև տեղեկացրեց, որ կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկին շատ ուրախ է ՙՀրեական ռապսոդիայի՚ հայաստանյան պրեմիերայի համար։ Սա հեղինակի դաշնամուրային առաջին կոնցերտն է և նվիրած է հենց Ջուլիա Զիլբերքվիթին։

Ջուլիա Զիլբերքվիթը լրագրողների հետ զրույցում ասաց նաև, որ ծանոթ է հայկական երաժշտությանը, շատ է սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը. ՙԱրամ Խաչատրյանի ստեղծագործությունները մեր ռեպերտուարի մասն են կազմում, այնպես, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը։ Ես չգիտեմ որևէ երաժշտի, որ ստանալով մասնագիտական կրթություն դպրոցում, կոնսերվատորիայում՝ չնվագի Խաչատրյանի գործերը՚։

Դաշնակահարուհին տեղեկացրեց նաև, որ Նյու Յորքում բազմիցս է մասնակցել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին, որոնք արդեն ավանդույթ են դարձել և 10-15 տարի անցկացվում են աշնան ամիսներին։ Ըստ դաշնակահարուհու՝ երկու ազգերի այդ մեծ վիշտը համախմբում է մարդկանց։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ուրախալի է, որ այն մենակատարները, ում հետ նվագախումբը մեկ անգամ աշխատում է, ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը։ Սա, ըստ Սերգեյ Սմբատյանի, մեծ ձեռքբերում է։ Նա նաև տեղեկացրեց, որ 2013-14թթ. համերգաշրջանը լինելու շատ բովանդակալի՝ լի անակնկալներով. կան միջազգային պայմանավորվածություններ, Հայաստան կժամանեն հանրահայտ մենակատարներ։ Բացի այդ, նոր համերգաշրջանում երիտասարդական նվագախումբը հրավիրված է լավագույն փառատոների ու գործակալությունների կողմից։

Նվագախմբին համերգաշրջանի բացման առթիվ շնորհավորելու էր եկել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով նշեց, որ նվագախմբի ելույթները երիտասարդական ոգի են բերում մեծ արժեքներին. «Ես շատ ուրախ եմ մեր երիտասարդների աշխատասիրության, նվիրվածության համար»:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Առաջին անգամ Հայաստանում Եվրոպական միության արդարադատության դատարանի մոդել դատախաղ-մրցույթ

215«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ 2013թ.-ի սեպտեմբերի 10-ից 12-ը իրականացնում է Եվրոպական Միության Արդարադատության Դատարանի (տեքստում նաև ԵՄԱԴ) առաջին մոդելային դատախաղ-մրցույթը Հայաստանում: Դատախաղի հաղթող թիմը ուսումնաճանաչողական այցելություն է իրականացնելու Եվրոպական Միության Արդարադատության Դատարանում, որը տեղակայված է Լյուքսեմբուրգում: Այցելության ծրագիրը ընդգրկելու է նաև Եվրոպական Միության մի քանի այլ կառույցներ:

Ծրագրի ղեկավար Հայկուհի Հարությունյանի խոսքերով՝ դատախաղ մրցույթը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում և խոստումնալից մրցույթ է լինելու: «Միջոցառման նպատակն է ներազդել ՀՀ-ում դատական ու իրավական պրակտիկայի զարգացման վրա՝ առաջատար դատական համակարգերի մոդելների ներկայացմամբ»,-ավելացրել է Հայկուհի Հարությունյանը:

Մրցույթի բանավոր փուլին կմասնակցեն Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմերը: Մասնակից թիմերը կազմված են 3 կամ 4 անդամից, մրցույթի ընթացքում յուրաքանչյուր թիմին աջակցելու է թիմի մարզիչը: Դատախաղ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 11 թիմ 8 ուսումնական հաստատություններից:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հրավիրել է փորձառու իրավաբանների, բարձր որակավորում ունեցող եվրոպական միության իրավունքի մասնագետների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցել որպես դատավոր մրցույթի բանավոր փուլի դատալսումներին:

Դատախաղի գործը ներկայացնում է  ԵՄ անդամ չհանդիսացող պետության քաղաքացիների հայցապահանջները Եվրոպական Միության կառույցների դեմ: Դիմումատուների քաղաքացիության երկիրը փոխկապակցված է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրով: Նման դատավարական վեճի շուրջ աշխատելը՝ հայ երիտասարդ իրավաբանների համար մի հնարավորություն է պատկերացնելու համար ԵՄ անդամ չհանդիսացող երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության  հնարավորությունները  ԵՄ ատյանների առջև ԵՄ իրավունքի հիման վրա:

Դատախաղի հայկական մոդելը զարգացնելիս՝ Դատախաղի կազմակերպչական թիմը ուսումնասիրել է ԵՄ Արդարադատության Դատարանի միջազգային դատախաղ-մրցույթի ընթացակարգերը, ինչպես նաև ԵՄ Արդարադատության Դատարանի դատավարական ընթացակարգերն ու գործունեությունը: Հայկական դատախաղում հնարավորինս վերարտադրված են իրական ԵՄԱԴ-ի ընթացակարգերն ու գործունեության կանոնները:

Դատախաղ-մրցույթի կազմակերպչական փուլում մրցույթի դիմողները մասնակցել են  նախապատրաստական դասընթացի: Մրցույթի կազմակերպիչներն ու փորձագետները մասնակիցներին առաջարկել են նաև վերաբերելի գրականություն և ռեսուրսներ, ներառյալ  ԻՊԱՍ-ի փորձագետների կողմից մշակված՝ԵՄԱԴ-ի  նախադեպային գործերի ժողովածուն:

Դատախաղի եզրափակիչ փուլը բաց է հանրության համար: Կազմակերպությունը հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձանց մասնակցել միջոցառմանը:

Դատախաղ-մրցույթը իրականացվում է  «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում:  Նախագիծը իրականացվում է 2013թ.-ի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ: Սույն ծրագրի ԵՄ ֆինանսավորումը կազմում է 149,491 եվրո: Նախագծի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական Միության, ԵՄ իրավունքի, ԵՄ արդարադատության համակարգի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը՝ իրազեկման բարձրացման տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպման միջոցով:

Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնեց Երեւանի թիվ 174 դպրոցը

3-009Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց,-“ Ինձ համար հաճելի պարտականություն է ներկա գտնվել հերթական կրթական օբյեկտի շահագործման հանձնմանը: Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամնեը 10 օր է անցել եւ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում 4-րդ կրթական օբյեկտը, որից երկու դպրոց գյուղական բնակավայրերում` ամբողջությամբ նոր կառուցված, երկուսը մայրաքաղաքում` հիմնանորոգված, եւս երկուսը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Եկող տարի արդեն շահագործման կհանձնվի 15 կրթական, մշակութային օբյեկտ”: Նախարարը տեղեկցրեց նաեւ, որ դպրոցաշինությունը քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից է, ուստի առանձնահատուկ կարեւորվում է կրթական օբյեկտների տեխնիկական վիճակը: Նախ` գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարվում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո միայն իրականացվում է նորոգում: “Քաղաքաշինության նախարարությունը սկսած 2012 թվականից նախաձեռնել է կրթական, մշակութային օբյեկտների գույքագրման գործընթացը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրությունների միջոցով պարզել շենքերի տեխնիկական վիճակը, ճշգրտելու հիմնանորոգման առաջնահերթությունները,-հավելեց Ս. Թադեւոսյանը:

Շնորհակալություն հայտնելով թիվ 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանն իր հիացմունքն արտահայտեց լայնածավալ եւ հիմնավոր շինարարական աշխատանքների կատարման, լուսավոր ու հարմարավետ դպրոց պարգեւելու առնչությամբ:

1200 աշակերտի համար նախատեսված թիվ 174 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները իրականացրել է “Մոմիկ” ԱԿ-ն: 1979 թվականին կառւցված դպրոցում մինչ այս երբեւէ հիմնանորոգում չի իրականացվել: Շինարարական օբյեկտի ընդհանուր մակերեսը 9334.0 քմ է:  Կատարված  աշխատանքների շրջանակերում հիմնանորոգվել է դպրոցի առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը /տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույցներ, հատակներ, դռներ, պատուհաններ եւ այլն/, այդ թվում իրականցվել է ներքին հարդարման մեծածավալ աշխատանքներ, ինչպես նաեւ փոխվել են ներքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական մատակարարման, կոյուղու/ համակարգեր: Հիմնանորոգման աշխատանքների վրա պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ:

Պաշտպանն արձագանքել է ցմահ դատապարտյալի բաց նամակին

ազատազրկվածՑմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը բաց նամակով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով նրա օժանդակությունը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մի շարք խնդիրների հետ կապված:

Օմբուդսմենի հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցն ու Բռնությունների և խոշտանգումների կանխարգելման բաժնի ավագ մասնագետ Վլադիմիր Բաղդասարյանը երեկ  այցելել են Արմենակ Մնջոյանին, նրա հետ քննարկել դիմումում արծարծված խնդիրները, պարզաբանել Պաշտպանի լիազորությունները և բարձրացված հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից մինչ այս ձեռնարկված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Միաժամանակ, Օմբուդսմենն Արմենակ Մնջոյանի կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծում տալու նպատակով, հանձնարարել է սկսել խորքային ուսումնասիրություն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբերյալ համակարգային խնդիրները վերհանելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում լուծումներ գտնելու նպատակով:

Կատարված աշխատանքների արդյունքների հետ կապված Պաշտպանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ հրապարակային զեկույցով:

ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը

datakanՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել`

– ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին,
– ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին:
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Բացի այդ, նախաքննության ընթացքում որպես կասկածյալներ հարցաքննվել են`
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը,
– ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը,
– ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանը:
Մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալ Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988.177 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալներ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26.608.000 ՀՀ դրամ:

 

Քաղաքացին զինամթերք է թողել փողոցում ու զանգել ոստիկանություն

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Հ. Հովսեփյան փողոցում գտնվող շինության  հետևի ճաղերի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է  «ԱԳՍ-17» նռնականետի 30 մմ տրամաչափի 2 նռնակ, 12,7 մմ տրամաչափի  գնդացրի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի  գնդացրի 8 փամփուշտ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 18 փամփուշտ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 103 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Գողը, հանդիպելով տանտիրոջը, դիմել է փախուստի

ձերբակալելՍեպտեմբերի 9-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.15-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն, պատուհանը բացելով, մտել է այդ տունը և փորձել գողություն կատարել, սակայն հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի:
Արսեն Ս.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Հրդեհ Երկաթուղայինների 6-րդ փողոցում

հրդեհՍեպտեմբերի 11-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ս. Դավիթ կայարանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների 6-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժաը 03.08-ին, մարվել` 03.14-ին: Այրվել է տանիքը (2 քմ):

Թմրամիջոց ավտոմեքենայում

թմրամիջոցՍեպտեմբերի 9-ին, ժամը 19.05-ին,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, Վայոց Ձորի մարզային վարչությունների և Եղեգնաձորի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտյոմ Ն.-ին` իր «Տոյոտա Կորոլա»  մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1985 թ. ծնված Արման Ե.-ին ու 1978 թ. ծնված Հայրապետ Ա.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված կանեփանման կանաչ  զանգվածներ, որոնցից մեկը` 219 գ, մյուսը` 136 գ, իսկ փոխանցման տուփի հետնամասից հայտնաբերվել է   թղթով փաթեթավորված կանեփանման բույսի 1,6 գ կշռով չորացված, մանրացված զանգված:
Արտյոմ Ն.-ն հայտարարել է, որ  զանգվածները պատկանում են իրեն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ բուսածածկ տարածքումՍեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում այրվել է 0,5 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Արզնի խճուղու 2-րդ կմ-ում՝ 2500 քմ և ջերմահարվել՝ 30 ծառ, Սևան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում՝ 2500 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 1 հա և 30 փշատենի, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում՝ 200 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում՝ 2,5 հա ցորենի հնձած արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Խոստովանել է, որ գողություն է կատարել

ձերբակալությունՍեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել  1949 թ. ծնված Խաչիկ Ա.-ն և հաղորդում  տվել, որ հունիսի 16-ին, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մտնելով՝ իր տնից գողացել են 10.000 ՌԴ ռուբլի:
Խաչիկ Ա.-ն հայտնել է նաև, որ գողություն կատարելու մեջ կասկածում է համագյուղացի Հովհաննեսին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հովհաննես Ա.-ն. նա խոստովանել է, որ  գողությունը կատարել է ինքը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երեխային չեն առևանգել

ոստիկանությունՍեպտեմբերի 9-ից 10-ը որոշ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել  Ծովինար  Միքայելյանի անվամբ`  «Խնդրում եմ օգնել բակում խաղալու ժամանակ առևանգված դստերս» վերտառությամբ հոդվածների տեսքով, որոնցում նշված էր, որ ս/թ փետրվարի 25-ին Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցում խաղալու ժամանակ իր դստերը` Սուսաննա  Թիֆիլյանին,  առևանգել են:
Տեղեկատվության մեջ նշվում էր, որ կասկածներ կան, թե իբր Ս. Թիֆիլյանին առևանգել են ոմն Արտակ Պետրոսյանի ծնողները` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 22.00-ին,  բաժին է հրավիրվել 1962 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանը  իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանի  հետ և  հայտնել, որ ինքը  թոռնուհու խնամակալն է, ու տվել  է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առևանգել, և հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ. Հայ բոլշևիկյան շարժման ամենակարկառուն ներկայացուցիչը

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԱլեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի  նրա սիրտն արդեն նվաճված էր:

Ստեփան Շահումյանի կերպարը հակասական է ու շղարշով ծածկված: Ոմանք նրան համարում են XX դարասկզբի մեծագույն գործիչ, ոմանք` դավաճան և ապազգային…

Ստեփան Շահումյանը ծնվել է 1878 թ. հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում:

Պատանեկության տարիներից սեր ունենալով գիտության հանդեպ` նա սովորեց քիմիա, ճարտարագիտություն, հետագայում նաև` գրականություն և փիլիսոփայություն:

1889-1898 թթ. Շահումյանը սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, որտեղ առաջին անգամ հաղորդակից է դառնում հեղափոխական գաղափարներին և  կատարում առաջին հեղափոխական քայլերը: 1898 թ. նա մտնում է ՌՍԴԲԿ շարքերը, իսկ 1899 թ. Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան) հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը` «Սպարտակը»:  Մի տարի անց, Բոգդան Կնունյանցի հետ հիմնում է Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը: Նա ակտիվ կազմակերպչական աշխատանքներ   տարավ 1903-1905 թթ. Ալավերդու բանվորական ելույթների և 1903 թ. Հաղբատի գյուղացիների զինված ելույթների նախապատրաստման գործում: Աջակցեց Հաղբատի կոմբջիջի աշխատանքներին: Շահումյանի ուսուցիչներն էին նշանավոր հեղափոխականներ Դեդուշկան (Մելիք Մելիքյան), Բանվոր Խեչոն (Ասատուր Կախոյան)  այլք:

Ուսումնարանն ավարտելուց հետո` 1898-1902 թթ. նա սովորում է Ռիգայի ճարտարագիտական համալսարանում: 1902-1905 թթ. նա փիլիսոփայություն է ուսանել Բեռլինի համալսարանում, 1911 թ. էքստեռն կարգով ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Այնքան մեծ էր Ստեփան Շահումյանի հեղինակությունն ու ազդեցությունը, որ ժամանակակիցները նրան կոչում էին «Կովկասի Լենին»: Առհասարակ նա ոչ միայն մարտիկ-հեղափոխական էր, այլև մարքսիզմի տեսաբան: Նա խմբագրեց «Նոր խոսք» «Սոցիալ-դեմոկրատ», «Պրոլետարիատ», «Կայծ» թերթերը, բազում հոդվածների և հրապարակումների հեղինակ էր: Հայերեն է թարգմանել Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատությունները:

Ստեփան Շահումյանը հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի հոգեզավակն էր: Մանթաշյանցն էր հովանավորում և ֆինանսավորում Շահումյանի ուսման ծախսերը: Մանթաշյանցի կրտսեր դուստրը սիրահարվել էր Շահումյանին: Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի նրա սիրտն արդեն նվաճված էր…

1917 փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանում տապալվեց ցարական կարգը, հսկայածավալ կայսրության ողջ տարածքում քաոս սկսվեց: Գավառներում տեղական իշխանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին կոլեգիալ մարմիններ: Մասնավորապես, 1917 թ. հոկտեմբերին Թիֆլիսում մենշևիկների, էսէռների, մուսավաթականների և դաշնակցականների համատեղ ջանքերով ստեղծվեց Հասարակական անվտանգության անդրկովկասյան կոմիտեն:

Սակայն այս մարմինը սոսկ ձևական բնույթ ունեցավ, և նրա իշխանությունը Անդրկովկասի վրա այդպես էլ չտարածվեց:

Այլ իրադրություն էր Բաքվում: Բաքուն այդ տարիներին, ինչպես և Օդեսան թերևս ամենաբազմազգ քաղաքներից էր կայսրության տարածքում: Այնտեղ էր կենտրոնացած Անդրկովկասի բանվորական ուժի մեծ մասը: Քաղաքական առումով էլ Բաքվում խառնաշփոթ էր. բանվոր դասակարգը, բնականաբար, համակրում էր բոլշևիկյան կուսակցությանը: Սակայն հայ հոծ բնակչության հաշվին ուժեղ էին նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև` տեղական թաթարների կողմից մեծ աջակցություն ստացող մուսավաթականները:

Իշխանության համար պայքարում, սակայն, ուժեղ գտնվեցին բոլշևիկները և 1917 թ. հոկտեմբերի 31-ին գումարված բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի ընդլայնված կոնֆերանսը հայտարարեց քաղաքում իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Ձևավորվեց Բաքվի խորհուրդը, որի գործկոմի նախագահ ընտրվեց Ստեփան Շահումյանը: Գործկոմի կազմում ընտրվեցին նաև Պ. Ջափարիձեն, Ի. Ֆիոլետովը, Մ. Բասինը, Ս. էֆենդիևը, Ի. Վացեկը, ձախ էսեռ Մ. Վեզիրովը և ուրիշներ։ Իսկ 1917 թվականի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստ. Շահումյանին նշանակեց Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար:

Առհասարակ, կոմունայի մեջ մեծ թիվ էին կազմում հայ բոլշևիկները: Հետագայում գնդակահարված 26 կոմիսարներից ութը ազգությամբ հայ էին:

Բաքվի կոմունան սկզբից ևեթ հայտարարեց, որ պաշտպանում է բոլշևիկյան Ռուսաստանի շահերը երկրամասում: Սակայն նույն ժամանակահատվածում Թիֆլիսում այլ զարգացումներ էին ընթանում: 1917 թ. նոյեմբերի 15-ին Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատը: Նրա մեջ մտած հիմնական ուժերը, սակայն, տարբեր շահեր ու նպատակներ էին հետապնդում: Վրաց մենշևիկները, հույսը դնելով գերմանա-թուրքական աջակցության վրա, ձգտում էին Անդրկովկասի տարանջատմանը Ռուսաստանից: Դրան դեմ չէին նաև մուսավաթականները, որովհետև այդ միջոցով թուրքական զորքերը հնարավորություն կունենային ճեղքելու կազմալուծված Հայկական ճակատն ու արշավել Բաքու, որի արդյունքում մուսավաթականները այնտեղ կտապալեին Կոմունան և կվերցնեին իշխանությունը:

ՀՅԴ-ն դեմ էր Անդրկովկասի` Ռուսաստանից անջատվելուն: Դա առավել կմեկուսացներ հայությանը և նրան կթողներ անպաշտպան թուրքական ներխուժման դեմ: Այս առումով դաշնակցությունը սերտ համագործակցում էր Բաքվի կոմունայի և Ստեփան Շահումյանի հետ, մանավանդ որ վերջինս հանդես էր գալիս հակաթուրքական միասնական ճակատ կազմելու առաջարկությամբ: Այդ ժամանակաշրջանում Ստեփան Շահումյանն անգամ առաջարկեց Անդրկովկասի վարչական բաժանման տարբերակ, ըստ որի` Անդրկովկասի հայաբնակ տարածքները պետք է մաս կազմեին Արևելյան Անդրկովկաս կոչվող երկրամասի` Երևան կենտրոնով: Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, ըստ Շահումյանի, պետք է վճռվեր համաժողովրդական քվեարկությամբ: Առհասարակ, այդ շրջանում Շահումյանը հանդես էր գալիս ընդգծված հայանպաստ դիրքերից. նրան են պատկանում «բոլշևիկ լինելով հանդերձ` ես հայ եմ» արտահայտությունը:

1917 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որում նշվում էր արևմտահայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ընդունվեց նաև Ստեփան Շահումյանի ջանքերով:

Իրերի բերումով 1918 թ. Շահումյանի հետ համագործակցության փորձ արեց նաև Արամ Մանուկյանը` հույս ունենալով նրա միջոցով ռուսական նահանջող զորքերը պահել ռազմաճակատի գծում: Սակայն Շահումյանն այլևս անզոր էր որևէ էական բան փոխելու:

Այսինքն` ՀՅԴ աջակցությունը Ստեփան Շահումյանին և Բաքվի կոմունային էական էր: Հետագայում Շահումյանն իր նամակներում գրեց. «Դաշնակցական կուսակցությունը մեզ պաշտպանում է ամեն բանում»: Իսկ նրա որդին` խորհրդային  գեներալ Սուրեն Շահումյանը, ավելի ուշ  գրել է. «Դաշնակները գնում էին բոլշևիկների հետ, որովհետև հայ բնակչության համար ավելի հուսալի էին համարում այդ դաշինքը: Չլիներ այդ դաշինքը, թուրքերը և ադրբեջանական մուսավաթականներն ավելի շատ հայեր կկոտորեին, կիրականացվեր նոր ցեղասպանություն»: Հետևաբար, անհիմն են խորհրդային պատմագիրների պնդումները, որոնք փորձում են Կոմունայի տապալման մեջ նաև ՀՅԴ-ի մեղքը որոնել:

Ինչևէ:  ՀՅԴ-ն անզոր էր մենակ դիմագրավելու դեպքերի զարգացմանը, և ի վերջո Անդրկովկասը հռչակվեց Ռուսաստանից անկախ հանրապետություն:

Ստեղծված իրադրությունը շտկելու և հակաթուրքական միասնական ճակատ կազմելու ծրագրով Ստ.Շահումյանը գնաց Թիֆլիս: Սակայն նրան գրկաբաց չընդունեցին: Մենշևիկները փորձեցին ձերբակալել Շահումյանին, սակայն  նա դաշնակցականների օգնությամբ խույս տվեց և ծպտյալ հեռացավ Բաքու:

Ստեփան Շահումյանի և ՀՅԴ-ի միջև համագործակցությունը շարունակվեց մինչև 1918 թ. մարտի 3-ը, երբ Խորհրդային Ռուսաստանը ստորագրեց Բրեստ-Լիտովսկի դավաճան պայմանագիրը, որով նա ճանաչում էր Թուրքիայի իրավունքները Արևմտյան Հայաստանի վրա: Սա առիթ դարձավ, որ հայ քաղաքական ուժերը սթափվեին և այլևս հույսեր չկապեին Ռուսաստանի հետ:

Մարտի 2-ին մուսավաթականներն իրենց կազմած «վայրի դիվիզիայով» Բաքվում խռովություն են բարձրացնում: Բաքվի կոմունայի շահերը պաշտպանում և փաստորեն կոմունայի իշխանությունը փրկում են դարձյալ հայերը` գեներալ Հակոբ Բագրատունին, որ մինչ այդ Պետրոգրադի պարետն էր, և Հայոց ազգային խորհրդի զորամիավորումները` Հմայակ Սրվանձտյանի, Համազասպի, Սեբաստացի Մուրադի  հրամանատարությամբ:

Առհասարակ Բաքվի պաշտպանությունն իր վրա էր վերցրել ՀՅԴ-ն իր մարտունակ խմբերով: Այդ օրերին անգամ Հյուսիսային Կովկասի հայության շրջանում ՀՅԴ-ն զորահավաք էր հայտարարել` Բաքվի կոմունայի փրկության համար: Շահումյանը Ասքանազ Մռավյանին զորահավաքին աջակցելու հրաման էր տվել: Հետագայում Հովհաննես Քաջազնունին իր հուշերում գրեց. «Մեզ վրա հենված` բոլշևիկները խորտակեցին Բաքվում Մուսավաթի ուժը 1918 թ. մարտին»:

Սակայն Ստ. Շահումյանը, վախենալով ՀՅԴ աճող հեղինակությունից, ապրիլի 13-ին հրաման է արձակում հայկական ազգային երկրորդ հետևակային գունդը ցրելու մասին: Նրա հրամանով պետք է գնդի հիման վրա կազմվեին Կարմիր բանակի ստորաբաժանումներ` բոլշևիկ հրամկազմով: Իսկ ապրիլի 15-ին նրա գլխավորությամբ ստեղծվում է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Շահումյանը խորհրդի կազմի մեջ դաշնակցականներին էական դերակատարությունից զրկում է, սակայն ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով հայության շահերին, իր մոտ 5000-անոց ռազմական ջոկատներն առաջնորդում է ճակատ` թուրքերի դեմ:

Խոսելով հայերի զինված ուժերի՝ Բաքվի կոմունայի պաշտպանությանը մասնակցելու մասին` այն ժամանակ Կովկասյան ռազմաճակատի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կորզանովը գրել է. «Հայերը տարածքային հավակնություններ չունեին, այլ միայն սահմանափակվում էին Բաքվի մարզի պաշտպանությամբ, քանի որ Բաքուն

թուրք-թաթարների կողմից գրավվելու դեպքում հայկական խաղաղ ազգաբնակչությունը անխուսափելիորեն կոչնչացվեր: Բացի դրանից, թշնամական ուժերի մի մասի զբաղված լինելը Բաքվի ճակատում հեշտացնում էր Հայաստանի ռազմական ընդհանուր դրությունը»:

Սակայն դա չկարողացան գիտակցել անձամբ Շահումյանը և Բաքվի բոլշիկ պարագլուխները: Նրանց ապաշնորհ գործելաոճի  հետևանքով Բաքվի շուրջ թուրքերի օղակը գնալով սեղմվում է: Հուլիսին իրավիճակը ճգնաժամային է դառնում: Կոմունան այլևս անկարող էր պայքարել: ճակատում մնում են միայն հայկական զորամիավորումները: Եվ այս ճակատագրական պահին Բաքվի կոմունան` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, փախուստի է դիմում` թողնելով բնակչությանը թուրքական յաթաղանին: Շահումյանն իր հետ Բաքվից տանում է գանձարանը, զենք- զինամթերքը` քաղաքի պաշտպաններին թողնելով անհույս վիճակում: Հայկական զորամիավորումները պայքարում են մինչև արյան վերջին կաթիլը: Սեպտեմբերի 16-ին թուրքերը, մտնելով Բաքու, արյան նախճիր են սարքում, որին զոհ է գնում 30 հազար հայ:

Շուտով փախուստի դիմած Բաքվի կոմունան գերվում է: 1918 թ. սեպտեմբերի 20-ին Շահումյանին ու նրա զինակիցներին գնդակահարեցին:

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահին

482. Minister Nalbandian received OSCE Minsk group co-chair 10.09.2013Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբիԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին։

Ջեյմս Ուորլիքը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված  մեկ ամբողջություն կազմող  սկզբունքների և տարրերի հիման վրա։

Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձան բանակցային գործընթացին առնչվող հարցերին։

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

imagesՀարգելի խորհրդարան,

 

Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր եւ բուռն զարգացումներով, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Ուշադրության է արժանի սեպտեմբեի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար:

Առաջին, կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարեւան Ադրբեջանի եւ նրա ավագ եղբայր Թուրքիայի՝ խնդրի լուծման այլընտրանքային, այդ թվում` ռազմական նկրտումները հօդս են ցնդում:

Երկրորդ, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը եւ թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարեւորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:

Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին:

Ավելին` այս հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ: Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների եւ արեւմտամետների:

 

Հարգելի խորհրդարան,

 

Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռեւս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին: Պետական շահի գերակայությունից ելնելով` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ՝ միեւնույն ժամանակ զարգացնելով երկխոսությունը եվրոպացի եւ այլ գործընկերների հետ:

Կարծում եմ՝ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական եւ եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ եւ հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ամենեւին կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ:

 

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Գ.Բեգլարյան. «Կարևորագույն խնդիր է հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը»

Photo (1)ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի/ԱԶԲ/ Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի փոխառության գործառնությունների վարկային գծով ղեկավար Բհիմանտարա Վիդյաջալայի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

ԱԶԲ-ն ծրագիրը ֆինանսավորում է 500 միլիոն դոլարի չափով։ Այդ գումարով կկատարվի «Հյուսիս-hարավ»-ի Աշտարակ-Լանջիկ-Գյումրի ճանապարհի մոտ 150 կմ հատվածի վերակառուցումը ( 72 կմ հատվածում շինարարական աշխատանքներն ընթանում են, 18.25 կմ հատվածի համար նախապատրաստվում է հայտարարել մրցույթ, իսկ մոտ 60 կմ հատվածի մրցույթը կմեկնարկի նախագծային աշխատանքների ավարտից հետո) և Արտաշատից մինչև Քաջարան՝ մոտ 304 կմ հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, նախնական նախագծումը և ԱԶԲ կողմից իրականացվելիք մոտ 60 կմ հատվածի վերջնական և մանրամասն նախագծումները:

 

Բհիմանտարա Վիդյաջալան տեղեկացրեց, որ այցելել է շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների որակին: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը հաջողությամբ կավարտվի սահմանված ժամկետում:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ կարևորագույն խնդիր է  հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարը ընդգծեց, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 556կմ ճանապարհի համար, որը ընդգրկում է Մեղրիից Աշոցք ճանապարհահատվածը,  վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

«Մեզ համար այսօր շատ կարևոր են այդ ուսումնասիրությունները, քանի որ դրանք ամբողջ ծրագիրը առաջ տանելու գործիք են: Ծրագրի շրջանակներում մեզ հետ աշխատող բոլոր բանկերը պահանջում են նախագծային ամբողջ փաթեթը հետագա աշխատանքները կազմակերպելու համար»,-նշեց նախարարը:

Բհիմանտարա Վիդյաջալան ընդգծեց, որ իրենք նույնպես շահագրգիռ են բարձրացված խնդիրներին արագ լուծում տալու համար:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Բալասանյանը աղճատու՞մ է պատմական ճարտարապետությունը

IMG_1037Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը` լրատվամիջոցներին հայտնելով, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն քաղաքում չթույլատրված շինարարություն է կատարվում: Խոսքը վերաբերում է “Սև բերդ” ամրոցին, որը հանդիսանում է  հանրապետական նշանակության հուշարձան: 2012թ. նոյեմբերի 12-ին կնքվել է առքուվաճառքի պայմանագիր և կառույցը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք են բերել Ռենատա Գևորգյանն ու Սամվել Բալասանյանը:

Այսօր պատմական ամրոցում քաղաքապետը շինարարական աշխատանքներ է կատարում. այն դառնալու է փառատոնային հսկա համալիր:

Շիրակի մարզի անշարժ հուշարձանների ցանկում “Սև բերդ” ամրոցը /”Հարավային”/ 19-րդ դարի կառույց է և ընդգրկված է “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում”:

“Կատարվող աշխատանքներն անօրինական են, քանի որ խախտվել են “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” 11 նոյեմբերի 1998թ. ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, այն է` հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ: Իսկ համաձայն նույն օրենքի 30-րդ հոդվածի`հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումն է` առանց հուշարձանի տեսքի փոփոխության”, – ասում է Ավետիք Մելիք-Սարգսյանը և հավելում, – “Խնդիրը կայանում է նրանում, ես չգիտեմ այդ գմբեթը, աշտարակը, ինչ է կոչվում, այն ծածկու՞մ է պատերը, որոնք ջրահեռացման հատուկ ճարտարապետական լուծումներ ունեն, այս ամրոցի յուրահատկությունը չի՞ խաթարված, քանի որ չկա համապատասխան ինֆորմացիա”:

Բանախոսը գտնում է, որ այս կառույցին հարիր չէ եվրոոճի դուռ-լուսամուտը, կամ մետաղական տանիքը: Եթե ասածի նման կառույցն ունենալու է ամֆիթատրոն, ապա նստարաններն էլ ամրոցի կառուցման ժամանակների արատացոլումը պետք է ունենա և այլն: Ա.Մելիք-Սարգսյանն առաջարում է բերդի վերակառուցման հարցը դնել հանրային քննարկման, ինչպես դա անում են:

“Բոլորը հավաքվեցին մեծ դահլիճում, ծառերի խնդիրն էր, էկոլոգիական խնդիրը բերեցին ներկայացրեցին, որպես հուշարձանի` հրապարակում եկեղեցու կամ հին հյուրանոցի շենքի աղճատման հարց: Հիմա համեմատենք` սա՞ է իսկապես պատմական ճարտարապետական կոթողի աղճատման խնդիր, թե՞ այն ծառերը”:

Մարզային ծառայության պետըշն ակնկալում է ստանալ Գյումրու քաղաքային իշխանության պատասխանը: Ի դեպ, ամրոցի վերակառուցման հարցերով մշակույթի նախարարությունն արդեն հետաքևշրքրվում է. սա հայտնեց Մելիք-Սարգսյանը:

Խնդրի առնչությամբ Գյումրու քաղաքապետարանի պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: