Կառավարությունում այսօր ներկայացվել և ամփոփվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունները:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվության քննարկմամբ ՀՀ կառավարությունում եզրափակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության արդյունքների ամփոփման գործընթացը:
Ապահովվում է զինվորների կրթության շարունակականությունը
Օգոստոսի 1-ին Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացեց համակարգչային լսարան։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով։
Սա արդեն 3-րդ համակարգչային կենտրոնն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացում է զորամասերում։ Լսարաններ են բացվել ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում։ Առաջիկա 1-2 ամիսներին նման լսարաններ են նախատեսվում նաև Տավուշի և Արարատի մարզերում տեղակայված զորամասերում։
ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ առաջիկայում համակարգիչները կհամալրվեն նաև տարբեր ծրագրերով։ Նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է կարողանալ ճիշտ օգտագործել, ծառայեցնել կրթական նպատակներին։ ՙՏարեցտարի ավելանում է ուսանող զորակոչիկների թիվը, և մեր խնդիրն է ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին ապահովել զինվորների կրթության շարունակականությունը։ Նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս ծրագիրը շարունակական է, և մենք նման աջակցություն ենք ցուցաբերելու բոլոր այն զորամասերին, որտեղ դրա կարիքը կլինի՚,- ասաց Կարեն Ավագյանը։
Դավիթ Վարդանյանը բանակ է զորակոչվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսից, մասնագիտությամբ ծրագրավորող է։ 20 ամիս ծառայում է ՀՀ զինված ուժերում և այս ամիսների ընթացքում առաջին անգամ է նստում համակարգչի առջև։ Դավիթը կփորձի մինչև զորացրվելը թարմացնել համակարգչային իր գիտելիքները։ Երբ մի քանի ամիս առաջ իր ընկերների հետ հանձնարարություն ստացավ վերանորոգել լսարանը, չգիտեին, թե ինչ անակնկալ է սպասվում իրենց։ Զինծառայողներն իրենք են տեղադրել, միացրել, որոշ ծրագրերով հագեցրել համակարգիչները և ուրախ են, որ զինվորական ուսուցումն այսուհետև կուղեկցվի նորագույն տեխնոլոգիաներով։
Զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Էդիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կսահմանվի համապատասխան գրաֆիկ, և զորամասի բոլոր զինվորներն էլ կկարողանան օգտվել տեխնոլոգիական այս հնարավորությունից։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Կառավարությունն աշխատում է այս տարի ևս տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու վճռականությամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը, «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել են առաջարկներ, որոնց հիման վրա կառավարությունն ընդունել է երեք որոշում: Դրանք միտված են առողջապահության, մասնավորապես` դեղերի հսկողության ոլորտում բիզնես սկսելու պայմանների բարելավմանը, որպեսզի իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ գործունեությամբ զբաղվեն առանց ավելորդ և անհիմն պահանջների և ծախսի: Կկրճատվեն նաև անհարկի վարչարարությունը և փաստաթղթաշրջանառությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առողջապահության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նվազեցմանն ուղղված որոշումների մանրամասները մամուլի միջոցով փոխանցել հանրությանը:
Վարչապետն առաջարկել է ինչպես անցած տարի, այս տարի ևս ձեռնամուխ լինել տնտեսական աճի ցուցանիշի քննարկմանն ըստ ճյուղերի և ոլորտների: Նախարարները հանձնարարություն են ստացել վերլուծել իրենց ոլորտների տնտեսական աճը, որպեսզի կառավարության հաջորդ նիստն արդեն անդրադառնա այդ հարցին, մանավանդ որ ըստ ճյուղերի վեց ամսվա ամփոփ ցուցանիշներն արդեն հայտնի են: «Մենք պետք է կարողանանք գնահատել առկա ներուժն ու ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս ապահովենք տնտեսական բարձր աճ,-հավելել է Տիգրան Սարգսյանը:- Մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային լուրջ փոփոխություններ, և մենք պետք է կարողանանք ի հայտ բերել այն բացասական միտումները, որոնք առկա են ըստ ճյուղերի և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր: Պետք է պարզել նաև այն ոլորտները, որտեղ ունենք բավականին բարձր աճի տեմպեր և այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ աճի տեմպերը լինեն կայուն: Հաջորդ շաբաթ կառավարության նիստում կանդրադառնանք այս հարցերին»:
Կավելանա բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը, ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուի քանակությունը, սորտը և ցանքատարածությունները: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Այս, ինչպես նաև մյուս սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը: Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:
Հաջորդ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու:
Աջակցություն են ստանում արտահանող ընկերությունները
ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. սեպտեմբերի 29-ը: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակով` իտալական «SARTIS»-ընկերության պատվերների հիման վրա: Պատվիրատուն է տրամադրում ոչ միայն հումքը և նյութերը, այլև տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու համար: Դեռևս 2009թ. «Գլորիան» ներմուծել է 59 անուն մեքենա-սարքավորում, որի «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը: 2013թ. հունվարին երկու ընկերությունները համագործակցության պայմանագիր են կնքել ևս հինգ տարով: Հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը և մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը, գործադիրն ընդունել է մաքսային ռեժիմի ժամկետը դարձյալ երկարաձգելու որոշում, որի շնորհիվ կապահովվի «Գլորիայի» բնականոն զարգացումը, կմեծանա արտահանման ծավալը, Լոռու մարզում կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը երկրարաձգել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով երեք հայտարարագրով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմի ժամկետները: Ընկերությունը 2012 թ. ընթացքում Հայաստան է ներմուծել տրիկոտաժե գործվածք, որի որոշ մասով պատվիրված արտադրանքը կարվել և ուղարկվել է հասցեատիրոջը: Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով պատվիրատուն ժամանակավորապես չի կարողանում ֆինանսավորել մնացած պատվերի կատարումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Այդ ընթացքում աշխատանքը կավարտվի և արտադրանքը կարտահանվի, կպահպանվեն ստեղծված աշխատատեղերը:
Հստակեցվում են կառավարության աշխատակազմի լիազորությունները
Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարության աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով ամրագրվում են արդեն իսկ աշխատակազմի կողմից իրականացվող խնդիրը և գործառույթը:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, միանվագ դրամական օգնություն տալու կարգին ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելուն, կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն պաշտոնատար անձին կենսաթոշակ է նշանակվում զոհվածի պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով: Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը պետք է հաշվարկել, վերահաշվարկել` հիմք ընդունելով նրա աշխատավարձի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալը:
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների գործադիրը հաստատել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, նրանց հաշվառման, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության որոշ դրույթներ հստակեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է երկու որոշում, որոնցից մեկով պարզեցվում և ավելի ճկուն է դարձվում դիվանագիտական կադրերի համալրման մեխանիզմը, մյուսով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախարարությունում տպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր:
Գործադիրը սահմանել է հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը:
Օրենսդրորեն կամրագրվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրենքի նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու արժանապատվությունը և ապահովել նրանց արդյունավետ սոցիալական ներառումը` դրանով իսկ այս քաղաքականությունը համապատասխանեցնել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիային, որը Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ից:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունման նպատակն է պաշտպանել քրեական գործով տուժողի և միաժամանակ որպես քաղաքացիական հայցվոր հանդես եկող անձի իրավունքները: Օրինագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություն չունի:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Ներդրվում են ՀԴՄ հանրային հսկողության մեխանիզմներ
ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարության օժանդակությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է բազմագործառնական ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին նույնաբովանդակ որոշումը: Սահմանվել է, որ ամեն ամիս անցկացվող վիճակահանությանը հավասարապես մասնակցելու են նաև հարկ վճարողների կողմից 2013թ. հուլիսի 1-ից շահագործվող ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Պարգևավճար պետք է տրամադրվի հատուկ համարների առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած 5 և ավելի նիշերին համընկնելու դեպքում, ընդ որում, 8 և 7 նիշերի համընկնման դեպքում ս.թ. օգոստոսի 1-ից հետո յուրաքանչյուր վիճակահանության արդյունքում որպես պարգևավճար կտրամադրվի 5 ավտոմեքենա, ինչպես նաև նախապես հայտարարված քանակով այլ գույք կամ իրավունք:
Հաստատվել են նաև ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ների կիրառման կարգը:
Տեխնոլոգիական և գույքային աջակցություն է ցուցաբերվում համայնքներին
ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված ավելի քան 2 մլն դրամ սկզբնական արժեքով գույքը` տախեոմետրը, հետ վերցնել և հանձնել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրենություն» ՊՈԱԿ-ին: Տարածքային կառավարման նախարարությանը թույլատրվել է ՊԿՀ հաշվեկշռում գտնվող ավելի քան 25 մլն դրամ արժեքով գույքը նվիրաբերել համայնքներին`գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:
Կառավարության որոշմամբ Սևանի քաղաքային համայնքի Նալբանդյան փողոցի թիվ 36 բազմաբնակարան շենքի երկրորդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծվել են` Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 57,5 մլն դրամի սահմաններում:
Այլ հարցեր
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի կառավարությունների միջև հարկային հարցերի տեղեկատվության փոխանակման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012թ. նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրով Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի կառուցման բաղադրիչի իրականացման, այդ թվում աշխատանքների, ապրանքների, ծառայությունների գնումները համակարգելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու իրավասությունները վերապահվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին:
Կառավարությունն իր նիստում սահմանել է, որ 2013թ. հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում կայացող Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի համար նախատեսված պետտուրքի վճարումից:
Կառավարությունն ընդունել է 2013թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ մինչև ուսումնառության ավարտը` 2014թ. աշնանային զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայի համակարգչային գիտությունների ֆակուլտետի սան Տիգրան Գալոյանին:
Կառավարությունը հաստատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում Արամ Իսաբեկյանի ընտրության արդյունքը: Նրա հետ աշխատանքային պայմանագիր կկնքվի հինգ տարի ժամկետով:
Քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է (ուղիղ միացում) (Լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է: «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները փորձել են վրան տեղադրել քաղաքապետարանի առջև արդեն 7 օր նստացույց անողների համար, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Ոստիկաններն ու ակտիվիստները քաշքշել են միմյանց, ակտիվիստներից մեկը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոն բաժանմունք:
Իրավիճակին կարող եք հետևել Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամբ:
Թունավորվածը հրաժարվել է հոսպիտալացումից
Վաղը «Հաղթանակ» զբոսայգու տարածքում աղբահավաք կիրականացվի, ՀԲՃ-ն կոչ է անում միանալ ակցիային
Մեր ակտիվ երիտասարդները նախաձեռնել են աղբահավաքների շրջան Երևանի տարբեր հատվածներում, որոնցից առաջինը իրականացրեցին հուլիսի 21-ին Թումանյանի այգու հարակից ձորում :
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել առավել մաքուր ու հաճելի քաղաքում և անտարբեր չեն իրենց քաղաքի նկատմամբ՝ միանալ այս նախաձեռնությանը: Մեր հերթական 2-րդ աղբահավաքը անելու ենք «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, օգոստոսի 3-ին առավոտյան 10:30: Կհանդիպենք այգու մուտքի մոտ։ Ձեր հետ բերեք ռեզինե ձեռնոցներ և հնարավորության դեպքում մեծ տոպրակներ:
Միջոցառմանը կարող եք միանալ այստեղ՝ https://www.facebook.com/events/303147126497522/
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:
Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել են: Ճանապարհի հարթեցումից հետո այստեղ կատարվել է ոչ միայն երթևեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, այլև մայթերի նորոգում ու եզրաքարերի փոխարինում, անձրևատարների և դիտահորերի նորոգում, նաև՝ նորերի կառուցում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ:
«Շինարարների առջև անհրաժեշտ որակն ապահովելու խնդիր է դրված, և այդ ուղղությամբ քաղաքապետարանի պատասխանատուների հսկողությունն ամենօրյա է: Մեր պահանջը հստակ է. այդ ճանապարհները պետք է երկար ծառայեն երևանցիներին ու դրա պատասխանատուն հենց կապալառուն է: Շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերում հստակ նշված է, որ առաջիկա 5 տարիներին ճանապարհի սպասարկումը պետք է իրականացնի հենց այն կազմակերպությունը, որը կատարել է այդ աշխատանքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ծավալն այս տարի կկազմի շուրջ 2.5 միլիոն քառակուսի մետր: Կհիմնանորոգվի շուրջ 30 փողոց, կասֆալտապատվեն նաև բազմաթիվ երկրորդական փողոցներ, մայթեր ու բակային տարածքներ:
Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 2.6 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ և, շրջելով ճանապարհի ամբողջ երկայնքով, տեղում հետևել ընթացող աշխատանքներին:
Իսկակովի պողոտայի և նոր կառուցվող ավտոճանապարհի հատման հատվածում քաղաքապետի շրջայցի պահին կատարվում էին ուղետարի հարդարման աշխատանքներ` առաջիկայում պողոտայի երթևեկության երկրորդ ուղղությունը վերականգնելու նպատակով: Ճանապարհի հաստատված նախագծի վրա Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև աշխատաքների ներկա փուլը:
Նոր կառուցվող ավտոմայրուղին, համաձայն նախագծի, կունենա երկու ուղղություններով 2-ական երթևեկաշերտ և շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ` մի կողմից միանալով Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից՝ Լենինգրադյան փողոցին:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինհրապարակում աշխատանքներն ընթանում են երկու հերթափոխով՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, ինչը թույլ կտա արագընթաց մայրուղին հնարավորին շուտ հանձնել շահագործման:
Հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև տարածքի ընդհանուր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների մեկնարկի ուղղությամբ:
«Լենինգրադյան-Իսակով ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Արդեն պատրաստ է Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհի թունելային և Իսակովի պողոտայի կամրջի հատվածները: Առաջիկայում կավարտվեն նաև դրանց արտաքին հարդարման աշխատանքները: Հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ ևս կտարվեն աշխատանքներ: Վստահ եմ, երբ ճանապարհը շահագործման հանձնենք, կունենանք ոչ միայն որակյալ, այլև բարեկարգ ճանապարհ»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Արցախի պատվիրակները` միջազգային միջոցառումներում
Հուլիսի 2-ին Դոնեցկի առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ 7-րդ միջազգային ամառային տնտեսագիտական դպրոցի բացումը, որին մասնակցում էին 16 երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ: Բուն դպրոցը կազմակերպվել էր Սվյատոգորսկ քաղաքում: Որպես հրավիրված մասնագետ` հանդես եկա «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները» զեկույցով: Միջազգային դպրոցին Արցախից մասնակցում էր նաև Արցախի պետական համալսարանի դասախոս Վահրամ Պողոսյանը, որը ներկայացրեց Արցախի տնտեսության զարգացման դինամիկային նվիրված իր զեկույցը: Զեկույցները մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին մասնակիցների կողմից, ովքեր բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսներին` կապված ԼՂՀ Սահմանադրության և տնտեսության առանձնահատկությունների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ:
Միջոցառման շրջանակներում կապեր հաստատվեցին մի շարք երկրների համալսարանների հետ, որոնցից կարելի է առանձնացնել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի Վ.Գ.Շուխովի անվան պետական տեխնոլոգիական համալսարանի միջազգային կապերի գծով պատասխանատուի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` համագործակցելու Արցախի պետական համալսարանի հետ, ինչպես նաև առաջիկայում մասնակցելու այդ համալսարանում անցկացվող գիտաժողովին:
Միջազգային դպրոցի ավարտից հետո` հուլիսի 8-ին, Դոնեցկի ազգային համալսարանում տեղի ունեցավ հանդիպում համալսարանի երիտասարդ գիտնականների հետ, որը կազմակերպել էին ազգային համալսարանի միջազգային համագործակցության բաժինը և երիտասարդ գիտնականների խորհուրդը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջբուհական համագործակցության շրջանակներում տարբեր գիտական միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև երիտասարդ գիտնականների գիտական գործունեությանը հուզող հարցեր:
Առաջարկվեց հաճախակի հանդես գալ համատեղ գիտական միջոցառումների կազմակերպման նախաձեռնություններով, և, որպես դրա առաջին փորձ, Դոնեցկի համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Անտոն Պարամոնովի հետ քննարկվեցին ծրագրավորման մրցույթի անցկացման մանրամասները: Այն նախատեսվում է անցկացնել այս տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին Երևանում կամ Ստեփանակերտում, ինչպես նաև այդ շրջանակներում նախատեսվում է կազմակերպել «ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միավորումների դերը գիտական ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում» խորագրով միջազգային համաժողով: Ի դեպ, նշենք, որ Անտոն Պարամոնովի գլխավորած խումբը դարձել է ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալակիր, որն անցկացնում է АСМ ІСРС կազմակերպությունը:
Ավետիք Հարությունյան
ՀՀ երիտասարդական խորհրդարանի անդամ, Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս
Ո՞վ գիտի, թե ինքն ինչքան գազ ու հոսանք է ծախսել մինչև հուլիսի 7-ը
Դեռ չենք մոռացել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին որոշում ընդունեց սպառողներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել: Չենք մոռացել նաև, որ այդ որոշումը ուժի մեջ էր մտնում հուլիսի 7-ից: Այսինքն` մինչև հուլիսի 7-ը բնակիչները պետք է սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարեն նախկին` էժան գնով, իսկ հուլիսի 7-ից ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի համար` նոր սահմանված` ավելի թանկ գնով: Բայց կարծես այդ մասին մոռացել են սպառողներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարողները:
Պայմանագրի դրույթները չգործելու դեպքում նոր պայմանագիր պետք է կնքել
Ինչպես գիտենք, գազ ու էլեկտրաէներգիա ստանալու համար առաջին դեպքում պետք է լինել «Հայռուսգազարդի», իսկ երկրորդ դեպքում` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդներ: Բաժանորդ դառնալու համար քաղաքացին պետք է այդ ընկերությունների հետ պայմանագիր կնքի, որով էլ կարգավորվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները: Այսինքն` պայմանագրով են սահմանվում, թե ինչ սակագնով, ինչ պայմաններով պետք է մատակարարները քաղաքացիներին գազ ու էլեկտրաէներգիա մատակարարեն, ինչ ծառայություններ մատուցեն և այլն: Այդ պայմանագրերով է սահմանվում նաև, թե քաղաքացիներն ինչպես, ինչ ժամկետներում պետք է իրենց սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ անեն և այլն: Այսինքն` սա պայմանագրային հարաբերությունների տիրույթ է: Օրինակ` նույն «Հայռուսգազարդ» ընկերության կայքէջում նշված մեխանիզմի համաձայն` «Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը` պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցելու ցուցմունքի գրանցմանը: Հաշվարկային ժամանակաշրջանն օրացուցային ամիսն է: Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի: Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը վճարումը կատարում է վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում»:
Պայմանագրային հարաբերությունները մի կարևոր կողմ էլ ունեն. եթե պայմանագրային պայմանների մեջ որոշակի փոփոխություններ են լինում, ապա կողմերի փոխադարձ համաձայնությամբ կա՛մ նոր պայմանագիր է կնքվում, կա՛մ նախկին պայմանագրի մեջ կատարվում են համապատասխան փոփոխություններ: Որովհետև ինչպես գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումն են պայմանագրով կարգավորվում, այնպես էլ դրանց դիմաց վճարումները: Ուստի մատակարարող ընկերությունները բնակիչների հետ պետք է նոր պայմանագրեր կնքեին արդեն նոր` թանկացած սակագներով գազ ու էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Սակայն փաստը մնում է այն, որ մինչ այս պահը բաժանորդների հետ նոր պայմանագրեր չեն կնքվել: Իսկ դա նշանակում է, որ չկա այն հիմքը, համաձայն որի` բնակիչները գազի ու էեկտրաէներգիայի դիմաց պետք է մատակարարող ընկերություններին վճարեն նոր` թանկ սակագներով:
Բացի այդ, գազի ու էլեկտրաէներգիայի բարձր սակագները, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, գործում են հուլիսի 7-ից: Սակայն, ինչպես գիտենք, այդ «ապրանքների» ծախսի հաշվարկները կատարվում են ամսական կտրվածքով` հաշվարկվելով ամսվա սկզբից մինչև վերջին օրվա ընթացքում կատարված ծախսերը: Ու եթե բարձր սակագները սկսում են գործել ամսվա միջնամասի օրերից մեկից, ապա առանձին հաշվարկ պետք է կատարվի` պարզելու համար, թե յուրաքանչյուր բաժանորդ որքան գազ կամ էլեկտրաէներգիա է սպառել ցածր և որքան` բարձր գներով: Այսինքն` հուլիսի 7-ին համապատասխան հիմնարկների տեսուչները պետք է բաժանորդների գազի ու հոսանքի հաշվիչների թվերը ֆիքսեին բնակիչների ներկայությամբ, ու դրանց մասին տեղյակ պահեին բաժանորդներին:
Բերեմ տողերիս հեղինակի օրինակը: Հուլիսի 20-ի դրությամբ մեր բնակարանի դուռը թակել է միայն «Հայռուսգազարդի» ներկայացուցիչ-տեսուչը, առաջարկել ստորագրել մի փաստաթուղթ, որ իբր տեղյակ ենք, որ ինքը արձանագրել է հուլիսի 7-ի դրությամբ հաշվիչի ցույց տված ցուցմունքները: Նա չի հայտնել անգամ, թե ինչ թիվ է արձանագրված եղել` հուլիսի 7-ի դրությամբ: Ստացվում է` մենք տեղյակ ենք, որ ինչ-որ թիվ է արձանագրվել, սակայն տեղյակ չենք, թե ինչ թիվ է դա: Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի ծախսին` հուլիսի 7-ի դրությամբ, ապա մինչ օրս, անգամ Հայռուսգազարդի` տեղեկացման փաստաթուղթ չի արձանագրվել ու չգիտենք, թե այդ հաշվարկն ինչպես է արվելու:
Այս մտահոգությունը, դատելով առօրյա զրույցներից, բոլոր բնակիչներն ունեն, քանի որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ձևով է կատարվելու իր ծախսած էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկները:
Համոզված ենք, որ հաջորդ ամիս` ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարման ժամանակ մեզ հավաստիացնելու են, թե ամեն ինչ կարգին է, ոչ ոք ոչ մեկի իրավունքները չի խախտել: Համենայն դեպս, այդպես եղել է միշտ, ու դույզն-ինչ նշան էլ չկա, որ հույս առաջացնի, թե այս անգամ բացառություն է լինելու: Համոզված ենք, որ ընկերությունների մամուլի ծառայությունները նաև «խելամիտ ու համոզիչ» պատասխաններ կգտնեն, թե ինչու քաղաքացիներին չեն վերաբերվում որպես քաղաքացիների կամ իրավունքի սուբյեկտների: Համոզված ենք նաև, որ սուսուփուս մուծելու ենք այն գումարը, որն առաջարկվելու է մեզ` թեկուզ համոզված չլինելով, որ այն ճիշտ է հաշվարկվել ու դրանով իսկ հերթական անգամ հնարավորություն ու առիթ ենք տալու, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես ուզեն, այլ ոչ ինչպես օրենքն ու մարդակենտրոն հասարակության տրամաբանությունն է պահանջում:
Մայրաքաղաքի հիմնանորոգված փողոցների թիվը կավելանա շուրջ 30-ով
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներից ավելի քան 1,2 միլիոն քառակուսի մետրը բաժին է ընկնում շուրջ 30 փողոցների հիմնանորագմանը: Որոշ փողոցներում աշխատանքները ներառում են նաև մայթերի ասֆալտապատումն ու հին եզրաքարերի փոխարինումը նորերով: Մինչ օրս հիմնանորոգումն ավարտվել է 18 փողոցներում, 8 փողոցներում գործընթացը շարունակվում է, իսկ մնացած փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Գործընթացի հաջորդականության սկզբունքը կիրառվում է մայրաքաղաքում բնականոն երթևեկությունը չխաթարելու նկատառումով: Ծրագիրը կավարտվի տարվա 3-րդ եռամսյակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
«Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք» Վազգեն Մանուկյանը` երիտասարդ ակտիվիստներին

Ավարտվեց Հանրային խորհդի նախագահ Վազգեն Մանուկյանի և տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարող երիտասարդների հանդիպումը:
Հիշեցնենք, որ ՀԽ նախագահը քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներին առաջարկել էր այսօր Հանրային խորհրդում հանդիպել` ներկայացնելու ոլորտի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Ակտիվիստներն իրենց հերթին առաջարկել էին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա մասնակցել: Երիտասարդների հրավերն ընդունվել էր, որի վերաբերյալ Մանուկյանը հայտարարություն էր տարածել: Բարձր գնահատելով ուղեվարձի թանկացման դեմ պայքարում երիտասարդների դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ, նա նշել էր, որ այդ պայքարն արդարացված էր և հաղթանակը` ողջունելի:
«Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ»:
Ընդգծելով, որ ինչ որ բանի դեմ լինելով` քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել, նա բնական էր համարել, որ խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին. «Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել»:
Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունել էր հանդիպումը Մաշտոցի պուրակում անցկացնելու երիտասարդների հրավերը, որի ընթացքում առաջարկել էր քննարկել նաև նրանց կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և Հանրային խորհրդի հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները:
Նախաձեռնության անդամների հետ հանդիպելու էր գնացել ոչ միայն Վազգեն Մանուկյանը, այլև Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Վազգեն Սաֆարյանը:
Նշենք, որ հանդիպման հենց սկզբին ակցիայի մասնակիցները պահանջեցին մի քանի հեռուստաընկերությունների (որոնք, ըստ իրենց, օբյեկտիվ չեն ներկայացնի իրադարձությունները) հեռանալ և չլուսաբանել միջոցառումը:
Այնուհետև երիտասարդները հիշեցրին, որ իրենց խմբի որոշ անդամներ քաղաքապետարանի դիմաց այս օրերին նստացույց են անցկացնում, որն անցնում է բավականին ծանր պայմաններւմ. ցերեկը` կիզիչ արև, գիշերը` ցուրտ: Նրանք տեղեկացրեցին, որ նախաձեռնությունը որոշել է տղաների համար վրաններ տեղադրել` միաժամանակ իմանալով, որ ոստիկանությունը կփորձի խոչտընդոտել իրենց նախաձեռնությունը:
Նախաձեռնության մասնակիցներից մեկը` Վահան Քերոբյանը, հայտարարեց, որ քաղաքային տրանսպորտն աշխատում է միայն գծատերերի օգտին` նշելով, որ պետք է ստեղծել մի ընդհանուր ընկերություն, որը կներառի քաղաքային տրանսպորտի բոլոր ճյուղերը` այդ թվում նաև մետրոն: «Պետք է լինի ընդհանուր մոտեցում` տոմսային գաղափար: Դա պետք է լինի պետական, իսկ մենեջմենթը կարող է իրականացնել միջազգային որևէ մասնագիտացված կազմակերպություն»:
Ներկաներից մեկն էլ նշեց, որ խնդիրն ամենևին տրանսպորտի խնդիր չէ. «Մենք գործ ունենք Հայաստանում սոցիալական խորը անարդարության հետ, որը կապված է կրիմինալ էլեմենտների` պետական ապարատ ներթափանցելու և դրանք լիովին գերի վերցնելու հետ»:
Նրա խոսքով` պետք է հստակեցվի հանրային ոլորտում հայտնի մարդկանց դիրքորշումը. արդյո՞ք կրիմինալ պահվածքով դրսևորվող պաշտոնյաները պետք է մնան իրենց պաշտոնում, թե՞ պետք է հեռացվեն:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, հայտարարեց, որ գիծ և գծի տեր արտահայտությունները բռնաբարություն են հայոց լեզվի նկատմամբ. «Դա հանցավոր խմբերի կոդավորված լեզու է»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը, դիմելով ներկաներին, հիշեցրեց, որ 25 տարի առաջ իրենց պայքարն ուրիշ տեղ էր` Քաղբյուրոյի դեմ, պայքար երկրի անկախության, ժողովրդավարության, Ղարաբաղի ազատագրման համար` միաժամանակ բնական համարելով, որ Ղարաբաղի պատերազմում հաղթած և անկախ Հայաստան կերտած այսօրվա իրականության մեջ պայքարը պետք է գնա երկրի ներսում կյանքը կարգավորելու և բարեփոխելու ուղղությամբ: «Տրանսպորտի խնդիրն այդ խնդիրներից մեկն է: Ցուրտ ու մութ տարիներից հետո առաջացան «փափախ» անողներ, որոնք սպասարկում էին ժողովրդին, և եկամուտն ամբողջությամբ գնում էր տերերի գրպանը: Բնական է, որ տերերն էլ իշխանության հետ կապված մարդիկ էին: Դա շարունակվեց մինչ օրս, ինչն անախրոնիզմ է»:
Նա հիշեցրեց, որ Հանրային խորհուրդը տրանսպորտի խնդիրներ վերաբերյալ քննարկումները սկսել էր դեռևս նախորդ քաղաքապետի օրոք, ինչը կիսատ էր մնացել: Իսկ մինչ Տարոն Մարգարյանի կողմից ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումն ընդունելը, Հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցել էին նաև քաղաքապետարանի պաշտոնյաները: «Ցավոք, քաղաքապետարանը շտապեց և առանց խնդիրը լուծելու գնաց բարձրացման, դուք էլ ճիշտ արեցիք, որ պայքարեցիք, մենք էլ մեր կողմից ազդեցինք` և գրավոր, և բանավոր, որպեսզի այդ հարցը լուծվի»:
Չխորանալով տրանսպորտի խնդիրների լուծման մանրամասների մեջ և նշելով, որ դա սովոր է անել թուղթ ու գրիչով` սեղանի շուրջ, Վազգեն Մանուկյանը կոչ արեց ակտիվիստներին միանալ լուծումներ գտնելու և առաջարկներ մշակելու իրենց աշխատանքին:
Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը` նա ասաց, որ երբեմն հանրության կողմից ճիշտ չի ընկալվում այդ կառույցի գործունեությունն ու նպատակը: Նրա խոսքով` կան ինստիտուտներ, որոնք ազդում են իշխանության ներսում որոշումներ ընդունելու վրա: Նմանատիպ մի ինստիտուտ էլ, ըստ նրա, քաղաքացիական այս նախաձեռնությունն է կամ Հանրային խորհուրդը: «Ընդ որում, խորհրդի առավելությունն այն է (ոմանց կարծիքով էլ` թերությունը), որ այն մասամբ կապված է հասարակության հետ, մասամբ` իշխանությունների, և հնարավորություն ունի անմիջապես ազդել իշխանության վրա»,-նկատեց նա:
Մանուկյանը համոզված է, որ միայն փոխադարձ հանդուրժողականության և համագործակցության շնորհիվ կարելի է հասնել երկրում լուրջ բարեփոխումների իրականացմանը:
Ինչ վերաբերում է ակտիվիստների գործելակերպին` այս կամ այն կառույցի, ուժի հետ բանակցելու կամ չբանակցելու վերաբերյալ, Վազգեն Մանուկյանն իր քաղաքական երկարատև ու հարուստ փորձից երիտասարդներին խորհուրդ տվեց. «Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք: Եթե խնդիր եք լուծում, պետք է գնալ և´ բանակցության, և´ պայքարի: Բոլոր մեթոդները պետք է օգտագործել»:
ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը հիշեց, որ 1988-ից ի վեր Վազգեն Մանուկյանի հետ անընդհատ վիճում է այն հարցի շուրջ, որ նա երբեք չի ներկայացնում իր արածը. «Մենք ներսում գիտեինք, որ նա է շարժումն առաջ տանողը, բայց ցավոք, երբեք չէր ներկայացնում շատ բաներ, և դրա համար էլ մենք չունեցանք Վազգեն Մանուկյան նախագահ, ինչը նրա մեղքն է»:
Ներկաներից մեկն էլ, բարձր գնահատելով Վազգեն Մանուկյանի բացառիկ դերը Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության մեջ, բոլորի անունից խնդրեց, որ նա այդ բացառիկությունը պահպանի նաև այսօր և նման ակցիաների և շարժումներրի դեպքում անի այնպես, որ իր անվանման մեջ հանրային անունը կրող մարմինը միշտ լինի հանրային շարժման կողքին, իսկ շարժման մասնակիցները մշտապես զգան այդ պաշտպանությունը:
Վերջում, հիշելով 1996թ-ին հնչող կոչը, Վազգեն Մանուկյանը կրկնեց. «Ժողովո´ւրդ, համարձակվիր դառնալ երկրի տերը և այն կունենա ապագա: Համարձակվե´ք»:
Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:
Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Աղավնատուն և Սարդարապատ համայնքներից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել վերանորոգված բժշկական ամբուլատորիաների բացման հանդիսավոր արարողությանը:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը և շնորհակալական խոսքերը: 2006թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում Աղավնատան և Հոկտեմբերի ամբուլատորիաները հագեցվել էին առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Սակայն դեռևս խորհրդային տարիներին կառուցված երկու ամբուլատորիաների շենքերը գտնվում էին անբարեկարգ վիճակում. չէին գործում ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը, վնասված էին տանիքը և հատակը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախաձեռնված նոր շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2012 թ., ավարտին հասցվել 2013 թ. հունիսին: Արդյունքում Աղավնատուն համայնքում կատարվել է շուրջ 53.8 մլն ՀՀ դրամի ներդրում (49.5 մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3 մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ), Սարդարապատ համայնքում` շուրջ 56 մլն ՀՀ դրամի ներդրում (51.7 մլն ՀՀ դրամ` շինարարություն, 4.3 մլն ՀՀ դրամ` բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ): Աղավնատան ամբուլատորիան սպասարկում է Աղավնատուն, Ամբերդ, Դողս և Լեռնամերձ համայնքների շուրջ 6167, Հոկտեմբերի ամբուլատորիան` Սարդարապատ համայնքի շուրջ 5300 բնակչի:
2012 թ. Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի բնակիչները կառավարության ղեկավարին էին դիմել դպրոցի մասնաշենքերից մեկի վերանորոգման խնդրանքով, ինչին վարչապետը դրական էր արձագանքել և համապատասխան հանձնարարականներ տվել:
Վանանդ համայնքի դպրոցի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների արդյունքին ծանոթանալու նպատակով Տիգրան Սարգսյանը Սարդարապատ համայնքից մեկնել է Վանանդ համայնք: Շրջայցի ընթացքում հանրապետության վարչապետին ծանոթացրել են շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին և հարմարություններին: 105 մլն 976474 ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում, ինչպես նաև գյուղապետարանի և «Վարդանանց Ասպետներ» կազմակերպության կողմից կատարված 11 մլն 995633 մլն ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում շենքն ամբողջովին հիմնանորոգվել է և այսուհետ կծառայի որպես մանկապարտեզ: Շենքի տանիքի ծածկը փոխարինվել է ցինկապատ թիթեղով, վերանորոգվել են ջրահեռացման, սանհանգուցային համակարգերը և հատակները, իրականացվել են ներքին ու արտաքին ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջեռուցման և հակահրդեհային համակարգերի վերակառուցման աշխատանքներ: 2012 թ. հիմնանորոգվել է նաև դպրոցի առաջին մասնաշենքը, որի արժեքը կազմել է 70 մլն ՀՀ դրամ: Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին և խնդրել ֆինանսական աջակցություն տրամադրել նաև դպրոցի մարզադահլիճի վերանորոգման հարցում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել քննարկման:
Վարչապետի այցի վերջին կանգառը մրգերի, բանջարեղենի վերամշակման, բնական հյութերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերությունն էր: «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, օգտվելով ՀՀ կառավարության 2012 թ. մայիսի 17-ի որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից, մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղի 140 հա տարածքում կառուցել է գյուղմթերքների վերամշակման արդի գործարան` ներդնելով շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար:
Տիգրան Սարգսյանին են ներկայացվել ընկերության արտադրական հնարավորությունները, մթերման առաջին փուլի արդյունքները և հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Նշվել է, որ ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս վերամշակել օրական մոտ 350 տ միրգ և բանջարեղեն, արտադրել օրական 150 տ մրգային խտահյութ:
«Եվրոթերմ» ընկերությունն ունի արտահանման ուղղվածություն. հյութերի և նեկտարների արտահանման ծավալը կազմում է իրացման ծավալի մոտ 50 տոկոսը, մուրաբաների և պահածոների` 80-90 տոկոսը, խտանյութի` 95 տոկոսը: 2013 թ. առաջին կիսամյակում ընկերության թողարկած արտադրանքի ծավալը կազմել է 1.75 մլրդ ՀՀ դրամ` 2012 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.7 տոկոսով, իրացվել է 1.45 մլրդ ՀՀ դրամի արտադրանք, որից արտահանումը` 0.78 մլրդ ՀՀ դրամ: Արտադրանքն իրացվում է «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» և «Ալպենջուս» ապրանքանիշերով: Ընկերությունում աշխատում է 230 մարդ, միջին աշխատավարձը`140 հազար ՀՀ դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Գրիգորյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ-ի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ-ի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ:
Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014թթ. ուսումնական տարում կազմակերպել ՉԺՀ զինծառայողների ուսուցումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հուշագիրը ստորագրվել է ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լ.Այվազյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու.Ցզինցուի կողմից:
ՊՆ-ն նախկին ազատամարտիկների և սպաների բողոքի ակցիաների մասին
Վերջին ամիսներին մի շարք նախկին ազատամարտիկներ և պահեստազորի սպաներ օգտվելով օրենքով իրենց ընձեռված իրավունքներից, կազմակերպում են բողոքի ելույթներ` պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները և սահմանել մի շարք այլ արտոնություններ:
Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նախարարության ղեկավար կազմը հանդիպել են նախաձեռնող խմբի հետ և մանրամասն քննարկել նրանց բոլոր առաջարկությունները: ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զորացրված զինծառայողների ընտանիքների սոցիալական ու առողջական խնդիրների լուծումը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության գործու-նեության առաջնահերթ ուղղություններից մեկը և գտնվում է խնդրին առնչվող գերատեսչությունների ու հատկապես պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, պետք է ձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվելու է ազատամարտիկների բարձրացրած հարցերով: Համաձայն հանձնարարականի, ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերվող մասով աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը և շահագրգիռ վարչությունների պետեր:
Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Մեծապես կարևորելով ազատամարտիկներին հուզող հարցերին համակարգված լուծումներ գտնելու, դրանք օրենսդրորեն կանոնակարգելու և ամրակայելու անհրաժեշտությունը, ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է համագործակցելով նախկին կամավորականների հետ, ճշտել նրանց ցուցակները, ապահովել պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը և գտնել սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ ուղիները:
Սակայն, ազատամարտիկների առաջադրած պահանջների վերլուծությունը վկայում է, որ խնդիրն ունի ինչպես սոցիալական, այնպես էլ բարոյահոգեբանական ենթատեքստ:
Որոշ պաշտոնյաների, հասարակության առանձին խմբերի անհոգի վերաբերմունքի պատճառով Արցախյան ազատամարտի բազմաթիվ մասնակիցներ, զոհված ու հաշմանդամ դարձած կամավորականների ընտանիքներ այսօր իրենց մոռացված ու անտեսված են զգում, այնինչ բոլորիս կողմից փոքր-ինչ ավելի սրտացավ ու հարգալից վերաբերմունքի դեպքում հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ:
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը կողմ չէ ազատամարտիկների կողմից իրենց պահանջները բարձրաձայնելու համար հացադուլների և նստացույցերի դիմելու գործելակերպին և կոչ է անում կառուցողական երկխոսության ու ողջամտության շրջանակներում համատեղ աշխատանքի միջոցով գտնել առկա հարցերի լուծման ուղիները: Առավել ևս, որ հանրապետության իշխանությունները քաջ գիտեն ազատամարտիկների հոգսերն ու դժվարությունները և ամենօրյա մեծ աշխատանք են կատարում դրանք հնարավորինս թեթևացնելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ նախկին կամավորականների, զինված ուժերի վետերանների ու զինծառայողների, նրանց հարազատների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամների հետ աշխատելիս բոլորս հանդես կբերենք ավելի ուշադիր ու սրտացավ վերաբերմունք և կհիշենք Հայրենիք կերտելիս նրանց ունեցած ավանդի մասին:
Նորատիպ գրքեր՝ Երևանի գրադարաններին
Երևանի գրադարանները համալրվում են նորատիպ գրքերով. այս օրերին 193 անուն 8700 կտոր գիրք է քաղաքապետարանը բաշխում Երևանի գրադարաններին, երաժշտական և արվեստի դպրոցներին։
«Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարին ամփոփելիս քաղաքապետը խոստացավ շարունակական դարձնել տարվա շրջանակում կազմված ծրագրերից շատերը։ Այսօր քաղաքապետարանը շարունակում է իր ուշադրության տակ պահել գրադարանները, գրադարանային խնդիրները, այդ թվում նաև՝ գրաֆոնդի համալրումը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս օրերին իսկապես անհրաժեշտ գրականություն է բաշխվում մեր գրադարաններին։ Նոր գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակված գրականություն են, և, վստահ եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն ընթերցողների շրջանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, գեղանկարիչների ալբոմներ, պատմագիտական գրականություն, հեքիաթներ և այլն։
Գրադարանները նոր գրքերը ստանում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի պայմանավորվածության հիման վրա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ռումինական կողմի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը:
Ի պատասխան տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:
Զինծառայող է մահացել. նախնական տվյալներով նա ինքնասպանություն է գործել
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-3-ին կբարձրանա 2-3, 4-5-ին նույնքանով կնվազի:
Երևանում օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-5-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:




