Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ցանկ. քաղաքացուց առաջարկ քաղաքապետարանին

տրանսպորտՔաղաքացի Սերգեյ Տոնոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ցանկ` կոչ անելով, որ քաղաքապետարանը ծանոթանա առաջարկին:

Առաջարկների փաթեթը  ներկայացնում ենք ստորև.

1.Ուղեվարձի գնի ձևավորման 3 եղանակներ
1.1 Երևանը բաժանվում է տրանսպորտային 6–8 գոտիների: Յուրաքանչյուր գոտու սահմաններում գործում է առանձին սակագին: Սակագները փոփոխվում են ըստ հատած գոտիների քանակի։
1.2 Ժամկետային տոմսերի համակարգի ներդրում (մեկօրյա, եռօրյա, շաբաթական, ամսեկան անսահմանափակ երթևեկման տոմսեր անկախ գոտիների քանակից)։
1.3 Քանակային տոմսերի համակարգի ներդրում (1, 2, 6, 10, 20, 60 երթևեկման համար նախատեսված տոմսեր անկախ ժամկետից և գոտիներից)։
Գոտիների քանակը, աշխարհագրական դասավորվածությունը, սակագները ենթակա են տնտեսական լուրջ հաշվարկի։ Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդհանուր էլեկտրոնային համակարգի ստեղծում, ներառյալ արբանյակային տեղորոշման համակարգ (GPS), տոմսերի հաշվառման համակարգ և ընդհանուր կոորդինացման համակարգ։ Սոցիալական խոցելի խավերի համար նախատեսվում է տոմսերի պետության կողմից սուբսիդավորված հատուկ սակագին ։

2.Կանգառների ձևավորում և բարելավում, տրանսպորտային միջոցներ
2. 1 Կանգառներում տեղադրվում են կրպակներ, որտեղ՝
ա. վաճառվում և վերալիցքավորվում տոմսեր են,
բ. ուղևորները ստանում են տեղեկատվություն,
գ. փակցված է երթուղիների քարտեզը:
2.2 Կանգառներում տեղադրված երթևեկության կանոններին համապատասխանող «ԿԱՆԳԱՌ» նշանը տեղափոխել այսօր տեղադրված կանգառի սկզբնամասից վերջնամաս, քանի որ այն հանդիսանում է վարորդների համար ուղենիշ, և այժմ առաջին մոտեցող տրանսպորտի վարորդը կանգ է առնում նշանի մոտ՝ առաջացնելով իր հետևից տրանսպորտային խցանում։
2.3 Նույն գործողությունը վերաբերում է կանգառներում տեղադրվող էլեկտրոնային ցուցանակներին, քանի որ նրանք հանդիսանում են ուղենիշ և տեղեկատվության աղբյուր կանգառին մոտեցող նոր ուղևորների համար։ Փոփոխությունը կկանխի մարդկանց կուտակումները կանգառի սկզբնամասում։
2.4 Նույն գործողությունը վերաբերում է նաև կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցատախտակներին և ուղևորի ու վարորդի տեսադաշտը փակող ուրիշ օբյեկտներին։
2.5 Արգելել հասարակական տրանսպորտին բացել դռները կանգառի սահմանագծերից դուրս։
2.6 Պարտադրել վարորդներին կանգ առնել կանգառի վերջնամասում վերջինիս դատարկության դեպքում։
2.7 Բոլոր կանգառները համալրել տեսախցիկներով։
2.8 Արգելել քաղաքային տրանսպորտին երթևեկել ճանապարհի ձախ եզրային գծով:
2.9 Արգելել տաքսիների մուտքը հասարակական տրանսպորտի կանգառի սահմաններ։ Կանգառներից ներքև ստեղծել տաքսիների համար նախատեսված կայաններ: Բոլոր տաքսիների համար մշակել միաձև նշաններ, օրինակ՝առջևի դռների վրա կոնտրաստ գույնով անկյունագիծ:

3 Աշխատակիցներ
3.1 Հասարակական տրանսպորտի վարորդների համար նախատեսել հատուկ համազգեստ։ Վարորդներին պարտադրել լինել սափրված, հարդարված, մաքուր և կոկիկ։ Նույնը վերաբերում է տրանսպորտային ոլորտում ծառայություն մատուցող բոլոր աշխատակիցներին։
3.2 Արգելել վարորդներին հասարակական տրանսպորտի մեջ միացնել ցանկացած տեսակի երաժշտություն, խոսել բջջային հեռախոսով և կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող խոչընդոտել անվտանգ երթևեկությանը։ Արգելել վարորդներին ծխել տրանսպորտի սրահում։

4. Երթևեկության անվտանգություն, ավտոկայանատեղիներ
4.1 Բոլոր երկկողմանի ճանապարհների վրա ստեղծել ճանապարհների հանդիպկած գծերը իրարից անջատող հատուկ արգելապատնեշներ (20–25սմ)։ Նպատակը՝ կանխել հանդիպակած գծով ՕԲԳՕՆը և ոչ պատշաճ տեղում շրջադարձերը
4.2 Խաչմերուկների վրա ստեղծել անկյունագծային վանդակավոր անվտանգության գծանշում (“Box Junction”, «Вафельница»)՝ խցանումները կանխարգելելու համար։
4.3 Ճանապարհային շինարարական աշխատանքների վայրը պետք է հստակ առանձնացված լինի հատուկ ճանապարհային կոների միջոցով և սկզբնամասում տեղադրված և լուսավորված «Արգելքի շրջանցումը» ավտոճանապարհային նշանով։
4.4 Արգելել տնտեսվարողների կողմից ճանապարհային հատվածների ինքնակամ զավթումը։
4.5 Ավտոկայանատեղիների հատվածում յուրաքանչուր ավտոմեքենային հատկացնել առանձին կայանատեղի։
4.6 Տեղափոխել երթուղային տրանսպորտի կայանները երթուղիների մեկնարկային կանգառներից անվտանգ և ոչ հասարակական գոտի (օրինակ՝ Աբովյան պուրակ, Ավանում՝ Մարշալ Բաբաջանյան–Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկ և այլն)։

5. Լրացուցիչ միջոցներ
5.1 Ստեղծել անանուն հեռախոսային և SMS «թեժ տրանսպորտային գիծ» կարճ հեռախոսահամարով։ Տրանսպորտային միջոցների սրահներում փակցնել թեժ գծի համարները և տեղեկատվություն։
5.2 Ֆինանսական կազմակերպությունների հետ մշակել մեխանիզմ, որը թույլ կտա վարկավորել շահագործող/սպասարկող ընկերւթյուններին տրանսպորտային ոլորտը զարգացման նպատակով (օրինակ՝ նոր ավտովուսներ ձեռք բերելու համար)։
5.3 Շահագործող/սպասարկող ընկերություններին պարտադրել, օգտվելով նախորդ կետի պայմաններից, մեկ տարի ժամկետում ձերբազատվելԵրևանում շահագորցվող երթուղային միկրոավտոբուսներից։
5.4 Ուղևորներին սպասակումից ստացված միջոցները կառավարվում են հատուկ նախատեսված պետական բանկային հաշիվներիօգնությամբ։ Ամեն հաշվարկային ժամանակշրջանի վերչում եկամուտները բաշխվում են սպասարկող/շահագորցող տնտեսվարողների միջև ըստ նրանց կատարած աշխատանքի (աշխաըանքի կատարվածությունը հսկվում է վերոհիշյալ էլեկտրոնային և արբանյակային համակարգերի միջոցով)։
5.5 Բոլոր գործողությունները իրականացնել թափանցիկ եղանակով, բոլոր ֆինանսական և տեխնիկական փաստաթղթերը տեղադրելով համացանցում։
5.6 Բոլոր խախտումների համար նախատեսել խստագույն ֆինանսական պատժամիջոցներ:

Հ.Գ. Որպես հաջող իրականացրած նախագծեր ուսումնասիրել Նիդերլանդների Թագավորության, Չինաստանի, մասնավորապես Շանհայ քաղաքի, Սինգապուրի հասարակական տրանսպորտի համակարգերը:
Հատուկ նշում՝ Ռուսաստանի տրանսպորտային համակարգ ըուսումնասիրության դաշտից հանել որպես ձախողված, ծախսատար և տրանսպորտային լուրջ խնդիրներ առաջացնող համակարգ:

Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանն այսօր Երևանում հանդիպել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին

միպ-հանդիպումՓաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով իրականացնում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարից հետո ՌԴ Քրեական օրենսգրքի  264 հոդվածի 4-րդ մասով մեղադրվող և այժմ «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանում գտնվող Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը այսօր Երևանում հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում էին քրեական գործի մանրամասներին, հասկանալի պատճառներով չեն ներկայացվել  ԶԼՄ-ներին, իսկ ինչ վերաբերում է  կասկածյալի պահման և նրան դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման հանգամանքներին, փաստաբան Ռուբեն  Մարգարյանը հայտնեց բառացիորեն հետևյալը.  «Օրերս՝ հուլիսի 23-ին, ես հանձն եմ  առել այս գործը, իսկ  արդեն  հուլիսի 24-ին ես և իմ գործընկերները  քննիչից ստացել ենք  մեկուսարանում   մեղադրյալին այցելելու  թույլտվություն, և հուլիսի 25-ին ես անձամբ հանդիպել եմ Հրաչյա Հարությունյանին «Մատրոսկայա տիշինա»-ում:

Պահման  պայմանները լիովին բավարար են, նա դուրս է գալիս շոկից, բայց դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նոր Նախիջևանի և Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը թույլտվություն է խնդրել, որպեսզի եկեղեցու ներկայացուցիչները մուտք գործեն Հարությունյանի մոտ: Նման վիճակում հոգևոր աջակցությունը խիստ անհրաժեշտ է մարդուն, և մենք քայլեր ենք ձեռնարկում այդ հանդիպումը կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում  կասկածյալին դատարանի դահլիճ կանացի հագուստով բերման ենթարկելու հանգամանքին, որը բոլորի մոտ վրդովմունք առաջացրեց,  ապա ես վստահ եմ, որ պատկան մարմինները կտան իրենց  գնահատականը  այդ փաստին, և մարդու իրավունքների նման խախտումը անհետևանք չի մնա: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը արդեն իսկ համապատասխան դիմում է  ուղարկել,  իսկ ես իմ կողմից կարող եմ ասել, որ և՛ որպես Հրաչյա Հարությունյանի  փաստաբան-պաշտպան,  և՛ որպես ՌԴ արդարադատության նախարարությանը կից գործող Հասարակական խորհրդի անդամ, մտադիր չեմ անուշադրության մատնել այս հարցը և  վերաբերվել դրան որպես քիչ կարևորություն ունեցող հանգամանքի, ավելին,  պատրաստվում եմ  այն հասցնել տրամաբանական ավարտի:

Ակնհայտ է, որ այս միջադեպը որևէ կապ չունի մեղադրյալի ազգային պատկանելիության հետ, սա պարզապես  ակնառու  օրինակ է մարդու հանդեպ «համակարգային անտարբերության», ով  քրեական դատավարության գործընթացում  հայտնվել է  կասկածյալ-մեղադրյալ կարգավիճակում:  Այստեղ դժվար է մատնանշել մեկ չինովնիկի, ով թույլ է տվել  իրավախախտում մի մարդու հանդեպ, ով տրավմայի և դեղորայքի  արդյունքում այդպես էլ չէր հասկանում, թե ուր են իրեն տանում:  Քննիչը,  «իբր»,  պարտավոր չէր  հետևել նրան, թե ինչ հագուստով մեղադրյալին կտանեն դատարան. նրա խնդիրն էր դատարան ներկայացնել կալանքի տակ վերցնելու մասին միջնորդություն, իսկ մացածը, «իբր», դուրս էր նրա պատասխանատվությունից:

Ուղեկցողները ևս «իբր» կապ չունեին. այդ պահին  ձերբակալվածի   համար պատասխանատու էիր ոչ թե  Պատժի կրման ֆեդերատիվ ծառայությունը,  այլ Ներքին գործերի նախարարությունը, իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք  պարզապես հսկում էին ձերբակալվածին  հիվանդանոցում: Բժիշկները, ովքեր կտրել էին հիվանդի հագուստը օգնություն ցուցաբերելու համար, «իբր» պարտավոր չէին  նրա համար այլ  հագուստ փնտրել, առավել ևս, որ հիվանդին հիվանդանոցից որևէ տեղ տանելը  նրանց նախաձեռնությունը չէր:  Իսկ դատավո՞րը… Ահա դատավորը, ի դեպ, հենց այն անձն է, ով պարտավոր է դատարանի դահլիճում հետևել  կարգուկանոնին, նա դատարանում գլխավորն է, և տարօրինակ է, որ նրա մոտ հարց չի առաջացել, թե ինչու մեղադրյալը, լինելով տղամարդ, կանացի հագուստով է: Գուցե և դատավորը մտածել է այդ հարցի շուրջ, սակայն ուշ է եղել, քանի որ դատարանի դահլիճ արդեն մուտք էին գործել լրատվամիջոցները, և կանացի հագուստով լուսանկարը, որը հետագայում դարձավ   համընդհանուր քննարկաման առարկա, արդեն արվել էր:  Ոչ ոք  «իբր»  մեղավոր չէ, բայց ստացվում է, որ բոլորը պարզապես անտարբեր էին: Այդ պատճառով էլ  դա կարելի է անվանել «համակարգային անտարբերություն», որը չի կարելի հաղթահարել միայն ուղեկցող ոստիկանին  նկատողություն տալով:  Կրկնվեմ՝  բոլոր դեպքերում այս հարցը մենք տրամաբանական ավարտին կհասցնենք»:

Բացի այդ, փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով հասարակական հիմունքներով ստանձնել է Նոր Նախիջևանի ու  Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմի  կողմից վերջերս Մոսկվայում ստեղծված Անվճար իրավաբանական աջակցության կենտրոնի ղեկավարությունը, Պաշտպանին ներկայացրեց իրենց գործունեությունը՝ առաջկելով  քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնի  համագործակցության հնարավորությունները :

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից  29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության   2 դեպքից` 1-ը,   իսկ շորթման 1 դեպքը  բացահայտվել է:  Բացահայտվել է նաև գողության 7 դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թրանսփարենսի ինթերնեշնլը Տարոն Մարգարյանի հարցով դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Տարոն ՄարգարյանԵլնելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հայտարարագրերի վերլուծության և հրապարակման, ինչպես նաև բարձրաuտիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտման գործառույթներից՝ համաձայն«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի (հոդված 43) և էթիկայի հանձնաժողովի՝ սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դրույթից (հոդված 44), Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը`
1. հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ և համադրվե՞լ են արդյոք նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ,
2. համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետևություններ են արվել,
3. ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:

Ընդ որում, եթե վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ հարուցվել է վարույթ և եղել են ուսումնասիրություններ, ԹԻՀԿ-ը խնդրում է տրամադրել դրանց արդյունքները, իսկ եթե ոչ` ապա հիմք ընդունելով իր դիմումը՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում պարզել մամուլի հրապարակումներում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարուցել վարույթ՝ պարզելու.
-ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ,
-ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները:

Գույքի և եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿՀԸ ներկայացնելուց հետո (http://hetq.am կամ http://www.ilur.am): Մինչդեռ, ըստ ՀՀ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011 թ. և 2012 թ. գույքի և եկամուտների հայտարարագրի, պարոն Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Ի լրումն վերոնշյալի՝ ԹԻՀԿ-ը ս. թ. հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ և 42.1-րդ հոդվածներով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված տեղեկացված լինելու իրավունքը` դիմել է քաղաքապետին խնդրելով տրամադրել
1. Երևան քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների,
2. ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը,
3. ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

TH_Artsakh_PNՆախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ`կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով:

Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան

10586_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ 10.5 մլրդ ՀՀ դրամ, որից ներմուծված ապրանքների արժեքը` շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ):

Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է գործարանի արտադրամասերով և երկու լաբորատորիաներով, ծանոթացել արտադրության ընթացքին, աշխատանքային պայմաններին, սանիտարահիգիենիկ համակարգին: Վարչապետին ներկայացվել է, որ գործարանը հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով:
1998 թ. գործող մսամթերքի «Բիելլա» արտադրամասի հիման վրա հիմնադրված «Նատֆուդ» ՓԲԸ-ն 2008 թ. ձեռնամուխ էր եղել մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը, որը շահագործման է հանձնվել 2013 թ. հունվարին: Այսօր այն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում` օրական մինչև 40 տոննա արտադրական հզորությամբ: Նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս ընդլայնել արտադրանքի տեսականին և բարելավել արտադրանքի որակական հատկանիշները, ներդնել կառավարման ISO համակարգ: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 120 մարդ: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերի քանակը կկազմի շուրջ 180:

Քարակերտ-Արտենի ուղեմասի վրա բեռնատար գնացքը բախվել է խոշոր եղջերավոր կենդանիների

ЮКЖД призывает граждан соблюдать правила безопасности на железной дороге            2013 թ. հուլիսի 28-ին Քարակերտ-Արտենի ուղեմասի 2803-րդ կիլոմետրին բեռնատար գնացքը բախվել է խոշոր եղջերավոր կենդանիների:  22 վագոնից շարժակազմը՝ 1738 տոննա ընհանուր քաշով, վրաերթել է 6 կով: Բախման արդյունքում վնասվել է էլեկտաքարշը, որի վերանորոգման համար գնացքը մոտ 1 ժամ կանգնել է Քարակերտ կայարանում:

            Քարակերտ-Արտենի ուղեմասում պահատարի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար:

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում և գծերը հատելիս: Ընկերությունը պահանջում է խստիվ հետևել անվտանգության կանոններին և չանցնել գծերը դրա համար չհախատեսված տեղում:

Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ:

Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե’ք ուշադիր և հիշե’ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:

 

3 հրատապ հաշվետվություն` ՔԿՀ-ների վերաբերյալ

 բանտ2013թ. հուլիսի 16-ին և 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն:

Առաջին հաշվետվությունը վերաբերվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հ.Տ.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն էր ներկայացրել դեռևս 2013թ. հունիսի 13-ին, որին պատասխան չէր ստացվել:

Ինչպես 2013թ. հունիսի 13-ին, այնպես էլ հուլիսի 16-ին ներկայացված հրատապ հաշվետվություններով բարձրացվել էին դատապարտյալին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և վիրահատելու հարցերը, քանի որ դատապարտյալ Հ. Տ.-ն տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, նրան անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն, որը, սակայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացնել հնարավոր չէ, և դատապարտյալը ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում:

Երկրորդ հաշվետվությունը վերաբերվում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Գ.-ի առողջական վիճակին: Դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է պատժի կրման հետ:

Հրատապ հաշվետվությամբ բարձրացվել էր դատապարտյալ Ա.Գ.-ին անհապաղ պատժից ազատելու հարցը:

Հաջորդ հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. հուլիսի 17-ին «Վանաձոր» ՔԿՀ կատարված այցելության ժամանակ արգելվել էր դիտորդների մուտքը քրեակատարողական հիմնարկ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրենց ուղարկված հրամանին կից ցուցակում դիտորդների անուններն ընդգրված չեն եղել: Մինչդեռ նույն դիտորդները «Վանաձոր» ՔԿՀ-ում նախորդ այցելությունների ժամանակ որևէ խոչընդոտի չէին հանդիպել:

Հրատապ հաշվետվությամբ բարձրացվել էր Դիտորդների խմբի բնականոն գործունեությունը ապահովելու շուրջ միջոցներ ձեռնարկելու խնդիրը:

Ներկայացված բոլոր հրատապ հաշվետվությունների առնչությամբ դեռևս որևէ պատասխան չի ստացվել, մինչդեռ կարգի համաձայն հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները արդարադատության նախարարության կողմից պետք է տրվեն երեք օրվա ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող  հասարակական դիտորդների խումբը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝ որպես իրավասու մարմնի  նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն:

Նման գործելակերպի շարունակման դեպքում, Դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

 

 

Ոստիկանի կողմից վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծ2013 թվականի հուլիսի 22-ին` ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Մելքոնյանն իր վարած «Մերսեդես-Բենց Ե-240» մակնիշի, 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված, հետիոտն Արտաշ Գասպարյանին:
Տուժածին տեղափոխել են Երևան քաղաքի Մ. Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` նույն օրը մահացել է:
Դեպքի առթիվ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ:

Փրկարարները բացել են դուռը և տանտիրոջը գտել ինսուլտի նախանշաններով հատակին ընկած

փրկարարՀուլիսի 29-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարախանյան փողոցի թիվ 38 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին ինսուլտի նախանշաններով հայտնաբերել 1931 թ. ծնված Հ. Հ-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՃՏՊ Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում. տուժածներ չկան

ապակիՀուլիսի 29-ին, ժամը 00.44-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի 24 ԼԼ 528 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Փղախտով տառապող Աշոտը վերափոխվել է, որ փոխի աշխարհը

Ashot-էսսեԱշոտի համար տարիներ առաջ եկեղեցին տուն էր և օթևան: Բայց օրերից մի օր ծնողազուրկ, մանկատանը մեծացած և անօթևան, մուրացիկ դարձած տղան մի մեղք գործեց, որից հետո  կյանքն ասես երես թեքեց նրանից: Հետո զղջաց, ապաշխարեց, պատիժն օրենքով կրեց, բայց միևնույնն է, մեղքի խարանը մնաց ճակատին: Մեղանչել էր եկեղեցու դեմ:

Բայց ամենաահավորը ոտքերի հիվանդությունն էր, որ սրվեց. հազվադեպ հանդիպող փղախտ հիվանդությունը և բացվող խոցերն անտանելի տառապանք ու ցավ էին պատճառում, որից ազատվելու համար հաճախ էր մտածում ինքնասպանության մասին: Իսկ երբ դուրս էր գալիս փող մուրալու կամ դիմում էր ինչ-որ կազմակերպությունների, որ օգնեն, հաճախ գործած հանցանքը երեսով էին տալիս: «Դու ի՞նչ արժանիք ունես, որ քեզ օգնենք», «Դու աններելի մեղք ես գործել, գո՛ղ…»,- և այդպես շատ դռներ էին նրա առջև փակվում:

Տարիներն անցնում էին, իսկ Աշոտի մեղքը հոգում ավելի էր ծանրանում, ոտքերի վերքերն ու ցավն էլ` խորանում` խորացնելով նաև մարդկանց ու աշխարհի հանդեպ ունեցած մաղձն ու ատելությունը:

Աշխատում էր եկեղեցի չգնալ, բայց հոգու խորքում զգում էր, որ միայն դա իրեն կփրկի: Մի օր Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում նստել, ոտքերը բացել ու ցավից լաց էր լինում: Ոչ ոք չէր մոտենում, բոլորը խուսափում էին: Եկեղեցի հաճախող մի երիտասարդ աղջիկ` Արմինեն, որն Աշոտին վաղուց գիտեր, մոտենում է նրան: Զրուցում է, կարեկցում, և չնայած ընկերները դեմ էին, Արմինեն շարունակում է ամեն անգամ Աշոտին եկեղեցու բակում տեսնելիս մոտենալ ու զրուցել: Կամաց-կամաց Արմինեն ոչ միայն Աշոտին է փոխում, այլև մյուսներին: Բոլորը սկսում են Աշոտի հետ շփվել:

«Ընկերներս հասկացան, որ նա լավ մարդ է: Սկսեցինք օգնել նրան թե՛ հոգեպես, թե՛ նյութապես: Աշոտը շատ փոխվեց, հիմա հաճախ է գալիս եկեղեցի»: Արմինեն պատմում է, որ այս տարի նրա 32-ամյակին ընկերներով հյուր են գնացել և շատ լավ օր անցկացրել: Դա Աշոտի համար աննախադեպ երևույթ էր. նա գրեթե երբեք չէր նշել ծնունդը և միշտ անիծում էր այդ օրը: Հաջորդ օրն Արմինեն իմանում է, որ Աշոտն իրեն տարած ամբողջ սնունդը մի աղքատ ընտանիքի է տվել:

Արմինեն, որն այսօր արդեն Աշոտի ամենամտերիմ ընկերներից է, չի ընդունում, որ մարդիկ մինչ օրս նրա արածը մատնացույց են անում կամ էլ ասում` թող աշխատի, ապրի: «Ո՞նց են պատկերացնում, որ նման մարդը աշխատի: Եթե կարող են օգնել` թող օգնեն, բայց թող չմեղադրեն: Ինքը բոլորից շատ է ուզում աշխատել»:

Արմինեն մի ցանկություն ունի, որ Աշոտն ինչ-որ կերպ հայտնվի Գերմանիայում, և նրա հիվանդությունը բուժվի:

Ashot-2-1024x576Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղն էլ Աշոտին վաղուց գիտի: «Նա պարզունակ մարդ չէ,- ասում է,- շատ եմ շփվել հետը, կարդացել նրա բանաստեղծությունները»:

Տեր Կյուրեղը տեղյակ է նաև եկեղեցու հետ կապված նրա պատմությանը և կարծում է, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Աշոտն անցել է լուրջ ապաշխարության շրջան: «Մարդը հանցանք է կատարել, այո, ծանր հանցանք, բայց նա զղջում է և ապաշխարում, իսկ զղջացողին Աստված ընդունում է,- ասում է տեր Կյուրեղը,- իսկ եթե նրան մերժեինք, նա կհայտնվեր ինչ-որ աղանդում: Ինչևէ, մարդը փորձում է այս վիճակով հանդերձ ապրել: Եթե որևէ մեկն իր աչքով տեսներ նրա ոտքերի վիճակը` կսարսափեր: Հիմա դեպի լավն է գնում, և դա նաև նրա հոգեվիճակից է»:

Ashot-nerkelՍակայն կա մի խնդիր, որն Աշոտը մեծ դժվարությամբ է հաղթահարում. տրտունջը, բողոքը, դժգոհությունը, որն ըստ քահանայի, հոգևոր իմաստով մեղք է: Տեր Կյուրեղը կարծում է, որ մարդ միշտ Աստծուց շնորհակալ լինելու առիթ ունի. լույսը բացվեց, արդեն  պիտի գոհանաս: Եկեղեցու հոգևոր հովիվն Աշոտի հետ բավականին դժվարին աշխատանք է կատարում, որպեսզի նա ձերբազատվի ադ զգացողությունից: Հաջողվում է: «Հիմա մեջս շնորհակալական զգացումն եմ փորձում ամրապնդել,- խոստովանում է Աշոտը, որն այդ պահին եկեղեցու բակի նստարաններն էր ներկում,- սկսել եմ աղոթել էն մարդկանց համար, որոնք ինձ օգնում են, թեկուզ մի դրամով: Ամեն դեպքում մարդիկ ինձ համար ինչ-որ բան անում են, իսկ ե՞ս ինչ եմ անում նրանց համար»:

Առաջ, երբ դուրս էր գալիս փող հավաքելու, և մարդիկ վիրավորում էին, հայհոյում էր, անիծում: Հիմա փորձում է վատ բաներ չասել, չնայած խոստովանում է, որ դժվար է. «Երբ մարդիկ ինձ  արհամարհում են ու վիրավորում, ահավոր ներվայնանում եմ, ու եթե էդ պահին չպատասխանեմ, հնարավոր է` սրտի նոպա ունենամ»:

Ashot-khoterԱշոտի կամավորական աշխատանքը միայն եկեղեցու նստարանները ներկելով չի  սահմանափակվում: Նա խնամում է նաև եկեղեցու բակի ծաղիկներն ու բույսերը, իսկ որ ամենազարմանալին է, եկեղեցու արևելյան հատվածում ցաքուցրիվ եղած բազմաթիվ ծանր քարե թափոններն է մի քանի ամսում կարգի բերել:

Ashot-qarerԱշոտի այդ արարքը շատ է զարմացրել եկեղեցու մոմավաճառ տիկին Շարմաղին. «Եկեղեցում շատ առողջ տղամարդիկ կան, բայց ոչ ոքի մտքով չէր անցել, որ էդ գործերն անեն: Եկեղեցու հետևամասն էն վիճակում էր, որ մարդ չէր կարողանում անցնել: Աշոտն այդ ամենն էնպես է դասավորել, որ ես ապշում եմ` ինչպես է կարողացել»:

Տիկին Շարմաղը բոլոր այն մարդկանց, որոնք Աշոտի մեղքը երեսով են տալիս ու չեն ներում, հորդորում է մի պահ հետ նայել իրենց անցյալին` հիշեցնելով Աստվածաշնչի խոսքը` նախ քո աչքի գերանը հանիր, հետո ուրիշի աչքի շյուղը. «Չի նշանակում, որ մարդ մի անգամ ընկել է ցեխը, կարելի է տրորել, մինչև հիմնահատակ խորտակվի, սուզվի-գնա: Ոչ, եթե կարող ես` մարդուն ցեխից հանիր»:

Միգուցե շատերն ասեն` զուգադիպություն է, բայց ինչ Աշոտը սկսել է իր մտածելակերպը փոխել, իր կյանքն ավելի օգտակար ու դրական բաներով լցնել, ոտքերի վիճակը դեպի լավն է գնում, անգամ խոցերն են փակվել, որոնք անտանելի ցավում էին և տհաճ հոտ արձակում: «Ճիշտ է` դեղերն էլ մեծ նշանակություն ունեն, վերջերս առողջապահության նախարարությունն ինձ որոշակի դեղորայքով օգնել է, տեր Կյուրեղն էլ օգնել է, որ մի քանի կարևոր ու թանկ դեղեր ձեռք բերեմ, բայց ես համոզված եմ, որ ոտքերիս վիճակի թեթևացման մեջ մեծ է Աստծո դերը»:

Ասում է, որ ամեն անգամ, երբ իրեն դրամով օգնում են, իր պարտքն է համարում դրա տասը տոկոսը մի կողմ դնել եկեղեցու համար` որպես տասանորդ: Մեծ ցանկություն ունի այլ եկեղեցիներում ևս կամավորական աշխատանք կատարել, եթե իհարկե ընդունեն:

Միգուցե այդպես Աշոտն ուզում է վերադարձնել եկեղեցուն այն, ինչ տարիներ առաջ անգիտակցաբար խլել է, և մեկընդմիշտ հոգին ազատել մեղքի ծանր բեռից: Բայց ամենից շատ նա ուզում է փոխել իր նկատմամբ մարդկանց վերաբերմունքը և ատելության ու արհամարհանքի փոխարեն արժանանալ սիրո ու կարեկցանքի, որի կարիքն այսօր շատ ունի:

 

Շիրակում առատ բերք է սպասվում, եթե անձրևները չխանգարեն

coren“2013 թվականը Շիրակի մարզում հացահատիկի բերքահավաքի մասով լավ ցուցանիշերով փակված տարի է: Նախորդ տարիների հետ համեմատ 3500 հա ավել ցանք է կատարվել մարզում, որից միայն հացահատիկ` 2500 հա: Մենք այս տարի սպասում ենք շատ առատ բերք մարզի բոլոր տարածաշրջաններում”, – ասում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Մարզում հացահատիկի մշակության համար բարենպաստ եղանակային պայմաններ են եղել, ինչն էլ առատ բերք է խոստանում: Արդեն որոշ համայնքներում մեկնարկել է անգամ բերքահավաքի գործընթացը, միայն վարչության պետը համայնքների ղեկավարներին կոչ է անում` ամեն ինչ անել այս բերքառատ տարին հաջողությամբ փակելու համար. “Մարզի շուրջ 218 հացահատիկահավաք կոմբայնների միջոցով մենք կարողանում ենք ամեն համայնքում, եթե անձրևները չխանգարեն, մոտ 10 օրից ավարտել բերքահավաքը: Չնայած հիդրոմեդ ծառայությունից տեղեկացրել են, որ այս օրերին տեղումներ են լինելու, բայց համայնքապետերի միջոցով կարելի է այնպես կազմակերպել, որ գիշերը ցերեկ անելով բերքահավաքի ընթացքն ապահովվի: Եթե կարողանանք բերքահավաքն անթերի կազմակերպել, մարզն այս տարի ունենալու է 130 հազար տոննա հացահատիկային մշակաբույսերի համախառն բերք: Նման բան Շիրակի մարզում չի եղել: Այսինքն, 40 հազար տոննա ավել բերք ենք ակնկալում: Այստեղ շատ բան կախված է համայնքի ղեկավարից, որպեսզի հետևի, ժամանակին կազմակերպվեն աշխատանքները”:

Շիրակում անձրևներն արդեն ամենօրյա են դարձել. այս ընթացքում մի շարք համայնքներ հացքաղ իրականացրել են, մյուսները կսպասեն անձրևների դադարին:
Մարզում շարունակվում է իրականացվել նաև սերմնաբուծության և սերմարտադրության ծրագիրը: Վարչության պետը համայնքների ղեկավարներին ու ֆերմերներին հիշեցնում է. “2011թ. առաջին վերարտադրության ցորենի սերմացուի գումարների վերադարձը` 1 կգ 160 դրամով, շատ համայնքներում թերացել են վճարել:Եվ այս տարի պետք է հավաքեք ոչ միայն 2012թ. հետվերադարձը, այլև 2011թ. մնացած 54 մլն-ը”:
Մովսես Մանուկյանը նաև ուրախությամբ փաստում է. Շիրակի մարզում առաջին անգամ ցանվել է սուպեր-էլիտա ցորենի սերմացու: Այն միշտ ցանվել է ՌԴ-ում: “Մենք հիմա Շիրակի մարզում ունենք 3 խոշոր ֆերմերային տնտեսություններ` Հացիկ, Ախուրյան, Կառնուտ համայնքներում, որոնք արտադրելու են սուպեր-էլիտա ցորենի սերմացու: Հավատացնում եմ, ամեն մի տնտեսության մոտ բերքը տատանվում է 70-80 ցենտների սահմանում”:
Ինչպես առաջին վերարտադրության և էլիտար ցորենի սերմացուի, այստեսակի ցանքերից նույնպես ստացվածը բերքը տրամադրվելու է մյուս համայնքներին` 7 և ավել հա հողակտոր ունեցող ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին:

Սատանի կամրջից քաղաքացի է ընկել

Սատանի կամրջից քաղաքացի է ընկել

Հուլիսի 28-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սատանի կամրջից մի երիտասարդ սայթաքել ու ցած է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հայտնաբերվել է կնոջ դի

աինՀուլիսի 28-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ` ջրանցքում, հայտնաբերվել է կնոջ դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 75-80 տարեկան անձը չպարզված կնոջ դի:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցներ:

Փլուզում Արամի փողոցում

աինՀուլիսի 28-ին, ժամը 07.58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արամի փողոցում տան պատ է փլուզվել:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է տան ճաշասենյակի և լոգարանի ընդհանուր պատը ( 18 քմ): Տուժածներ չկան:

Հրդեհ Կապան քաղաքում

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀուլիսի 28-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Թեջադին» կոչվող տարածքում այրվում է շինություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքացիներին անվտանգ տեղափոխել են բնակության վայր

աինՀուլիսի 27-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչներ Ա. Կ.-ն և Ս. Պ.-ն բարձրացել են գյուղի մոտակա սարը և մոլորվել, չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:

Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել մոլորված քաղաքացիների հետ և «Google Earth» քարտեզի օգնությամբ փորձեր են ձեռնարկվել քաղաքացիներին կորդինատներ տալու և ուղղորդելու դեպի գյուղ:
Քաղաքացիներին տեղափոխելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Մարգահովիտի գյուղապետը և մոլորված քաղաքացիներից մեկի եղբայրը :
Ժամը 22.45-ին քաղաքացիներին անվտանգ տեղափոխել են բնակության վայր: Տուժածներ չկան: