Նոր հնարավորություններ` Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված կայքերում

քաղաքապետարան՛՛Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն՛՛ ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երևանը ներկայացնող կայքերի բարելավման և զարգացման  ուղղությամբ:

Մասնավորապես www.Iyerevan.am կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաև քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

Զգալի աշխատանքներ են տարվել նաև www.MyYerevan.am կայքը օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այստեղ ինտեգրվել է նոր` YerevanResto բաժինը, ինչը Երևան քաղաքի սննդի և ժամանցային օբյեկտների մասին ինքնատիպ տեղեկատու-ուղեցույց է: Կայքի այս բաժինը նպաստում է տեղեկատվության մատչելիությանը` այդպիսով խթանելով  նաև Երևանում զբոսաշրջության զարգացումը: Կայք է ինտեգրվել նաև ՛՛3600 Երևան՛՛ նախագիծը, որի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի մոտ 300 վիրտուալ տեսարաններ:

Աշխատանքներ են տարվում նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի`www.yerevan.am-ի հզորացման և այցելուների համար օգտվելն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Իսկ չէ՞ր լինի՝ գծատերերի գերշահույթը կրճատվեր, մանավանդ որ սպասարկման որակը խայտառակ է և այդպես էլ մնալու է. Պետրոս Ղազարյան

պետրոս-ղազարյան1

Կենտրոն հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։ Նա մասնավորապես գրել է. «Մերգծատերերը ,որոնց մեջ պատահական մարդիք չկան, երկար տարիներ գերշահույթներ են ստացել՝ բերելով էժան ևանորակ ավտոմեքենաներ ու ուղևորներից քամելով մաքսիմալ շահույթ: Այսօր պարզվում է, որ ուղեվարձը թանկանում է ոչ թե գազի գնի պատճառով, այլ որ գծատերերը ավելորդ փող են ծախսում յուղի, կալոտկաների և մնացած մասերի համար: Իսկ չէ՞ր լինի, եթե նրանց գերշահույթը կրճատվեր, մանավանդ որ սպասարկման որակը խայտառակ է և այդպես էլ մնալու է:
Չնայած կարո՞ղ եք մեկ պատճառ ասել, թե ինչու հասարակության շահը պետք է պաշտպանվի»։

 

Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող “Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր”: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարության աշխատակազմի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, “Հայաստանի ԴՈՍԱԱՖ” համահայկական  հասարակական կազմակերպության և ազատամարտիկների ներկայացուցիչներ:
Հայաստանի անկախության հաստատման տարիներից սկսած` արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկներն ընդգրկված են կրթադաստիարակչական գործընթացներում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործընթացի իրականացման շրջանակում ՀՀ ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ավանդաբար կազմակերպում է “Գիտելիքի օրվա առաջին դասը վարում են ազատամարտիկները” խորագրով բաց դասեր, ինչպես նաև ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և հանդիպումներ, “Նախնական զինվորական պատրաստություն” առարկայի բաց  դասեր`   ազատամարտիկների  մասնակցությամբ: Պարբերաբար կազմակերպվում են ուսանողների և դպրոցականների երթեր դեպի Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի Հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ և լսարաններ անվանակոչվել են ՀՀ հերոսների և ազատամարտիկների անուններով: Ուսումնական հաստատություններում գործում են փառքի սրահներ և ազատամարտիկների թանգարաններ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հայրենասիրության դասաժամեր և միջոցառումներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան համալրվել է ուսումնաօժանդակ պարագաներով` ազգային հերոսների, Ղարաբաղյան պատերազմի հերոս-ազատամարտիկների,  կին ազատամարտիկների պաստառներով, ինչպես նաև ՀՀ ազգային հերոսների կյանքի և գործունեության մասին պատմող տեսասկավառակներով, մասնավորապես, “Գեղազնիկ Միքայելյան”, “Թաթուլ Կրպեյան”, “Ջիվան Աբրահամյան”, “Մովսես Գորգիսյան”, “Մոնթե Մելքոնյան” տեսաֆիլմերով:
Պետության կողմից կրթության բնագավառում սահմանված են նաև արտոնություններ, որոնցից օգտվում են ազատամարտիկները և նրանց ընտանիքի անդամները, մասնավորապես, ազատամարտիկների դպրոցական տարիքի երեխաները կարող են անվճար ուսուցում ստանալ արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատություններում (մարզադպրոցներ, արվեստի դպրոցներ, գեղագիտական և մանկապատանեական կենտրոններ), ինչպես նաև ամառային անվճար հանգիստ անցկացնել Ծաղկաձորի և Հանքավանի առողջարարական ճամբարներում: Արտոնություններ են սահմանված նաև ազատամարտիկների ավագ տարիքի երեխաների համար, մասնավորապես, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, մրցույթից դուրս, ընդունվում են միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, պահուստային տեղերի հաշվին, անվճար ուսուցման համակարգ:
Պետության կողմից սահմանված է նաև, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունն իրականացվում է պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

 

Վրաերթ Մեծ Մասրիկ գյուղում

ՎրաերթՀուլիսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում,  «Լեքսուս ՌX-300»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վրաերթ Նոր Հաճըն քաղաքում

վրաերթՀուլիսի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում,  «Լենդ Կրաուզեր»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճըն քաղաքի Շահումյան և Չարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հրդեհ արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելու հետևանքով

հրդեհՀուլիսի 18-ին, ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից   ոստիկանության Մեղրիի բաժնում  նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել 1955 թ. ծնված Գուրգեն Կ.-ին պատկանող` Հայրենադարձների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տանը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.40-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Գուրգեն Կ.-ի տան առաջին հարկը` իր գույքով և տանիքային հարկն ամբողջությամբ` 140 քմ մակերեսով, իսկ հրդեհի տարածման  հետևանքով այրվել է հարևանությամբ գտնվող, 1947 թ. ծնված Մարտուն Կ.-ի  տան տանիքը` 50 քմ  մակերեսով:
Նույն օրը պարզվել է, որ հրդեհն  առաջացել է տան բնակչուհի, 1932 թ. ծնված  Բախտիկ Կ.-ի կողմից էլեկտրական արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելու հետևանքով:
Գուրգեն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 1.475.000 դրամ:
Մարտուն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 100.000 դրամ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարությունների միջև

441. Armenia-Germany Political Consultations  19.07.2013Հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Երևանում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Անթիե Լեենդերթսեի գլխավորած պատվիրակությունը:  Հայկական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և հումանիտար հարցեր:  Երկուստեք գոհունակություն հայտնվեց   խորհրդարանական սերտ համագործակցության կապակցությամբ: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: Փոխնախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկուստեք կարևորվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին, Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:

Երկուստեք կարևորվեցին քաղաքական  խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:

Այցի շրջանակներում  դեսպան Անթիե Լեենդերթսեն հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ:

 

Օֆշորի սկանդալային գործարքներում բացակայում է վարչապետի ստորագրությունը

Տիգրան Սարգսյան«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր տեղեկություններ ձեռք բերել օֆշորի սկանդալային գործարքների վերաբեյալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ վարչապետը  Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից  «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։ Կիպրոսի ռեգիստրից բավական ուշագրավ տեղեկություններ են տրամադրել իրավաբանական ընկերությանը։ Վերջինիս փոխանցած տեղեկությունների համաձայն, հիմնադրման  պահին ընկերության տնօրենի ֆունկցիաներն իրականացրել է Սոտիրուլա Միքայելը, իսկ քարտուղարությունը՝ Romanos Office Services Ltd ընկերությունը։ 10.000 բաժնետոմսերից թողարկվել է ընդամենը 1.000-ը՝ յուրաքանչյուրը 1 եվրո արժողությամբ, որոնք Conmaco Ltd. ընկերության կողմից  սկզբնական շրջանում ձեւակերպվել է երեք անձանց՝ Աշոտ Սուքիասյանի, Սամվել Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի անուններով։ Սակայն, պարզվում է,   որոշ ժամանակ անց, բաժնետերերը փոխվել են եւ, օրինակ, Տիգրան Սարգսյանի անունով ձևակերպված բաժնետոմսերը փոխանցվել են ոմն Է.Սուքիասյանի։ Փոխվել է նաև ընկերության տնօրենն ու քարտուղարությունը և ներկայումս Աշոտ Սուքիասյանն է հանդիսանում ընկերության և տնօրենը, և քարտուղարը:   Կիպրոսից տեղեկացնում են, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ Սամվել Կճոյանը չեն ստորագրել ընկերության Կիպրոսի  Ընկերությունների Ռեգիստրի Դեպարտամենտ և Պաշտոնական Գրասենյակում գտնվող պաշտոնական գործերում առկա փաստաթղթերից որևէ մեկը։ Համենայն դեպս, նրանց ստորագրությունը բացակայում է փաստաթղթերում։ Ավելին, Աշոտ Սուքիասյանն է ստորագրել նաև այն փաստաթղթերը, համաձայն որոնց նա հանդիսանում է ընկերության տնօրեն և քարտուղար՝ 20/11/2012թ.-ից ի վեր։ Ի դեպ, հենց նա է հաստատել նաև Հայաստանի վարչապետի անունով ձևակերպված բաժնետոմսերի փոխանցումը Է.Սուքիասյանին։     Նշենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել։    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Կիպրոսի իրավաբանական ընկերությունից ստացված հարցման պատասխանն ուղարկվել է ոստիկանություն՝ քրեական գործին կցելու  և քննության առարկա դարձնելու համար։

ՃՏ պատահարներ Երևանում

ավտովթարՀուլիսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 76 երթուղու  միկրոավտոբուսի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/2 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 22-ամյա ուղևորուհին   ընկնել է միկրոավտոբուսի սրահում և  մարմնական վնասվածքներով   բուժօգնության դիմել հիվանդանոց:
Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ի սահմաններում,   «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի թիվ 70 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա  կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 18-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հուլիսի 18-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «ԲԻԴ»  և  «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի  հետևանքով վարորդները և «ԲԻԴ»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 18-ին, ժամը 02.00-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի Q-7»   և   «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը  և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Գողացել են ադամանդե քարերով ոսկյա մատանի

կալանքՀուլիսի 18-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել   մի կին  և հայտնել, որ ս/թ հուլիսի 17-ին, իր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարող 1992 թ. ծնված Արտյոմ Ա.-ն իր հյուրասենյակից գողացել է 5 գ կշռով ադամանդե 3 քարերով ոսկյա մատանի:
Վնասի չափը պարզվում է:
Նույն օրը, ժամը 18.30-ին, Արտյոմ Ա.-ն Գայի պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 18-ից  19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  11  դեպքից բացահայտվել է 10-ը, իսկ կողոպուտի` 1,  խարդախության`  5  և խուլիգանության 2  դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 11 մարդ  ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երկարատև ազատազրկում`առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար

խարդախությունԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար Ք.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` գրավատան գործունեությամբ զբաղվող «Կրեդիտ Լայն» ՍՊ ընկերության տնօրեն Ք.Պետրոսյանը, ով փաստացի իրականացրել է նաև տարադրամի փոխանակման գործունեություն, 2010թ. հուլիսից մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, թվով 5 քաղաքացիների վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Մասնավորապես` ըստ դատավճռի` Ք.Պետրոսյանը, հաջողակ գործարարի տպավորություն ստեղծելով, արտարժույթ վերցնելու, շահավետ փոխարժեքով փոխանակելու և արագ վերադարձնելու, ներդրված գումարների հաշվին իբր մատչելի գնով ոսկյա զարդեր ու ադամանդե քարեր գնելու և վաճառելու, դրանից գերշահույթ ստանալու և հնարավոր ներդրողներին բաժնեմաս հատկացնելու, իբր խոշոր դրամական շրջանառություն ունեցող և շահույթ ակնկալող վարկային կազմակերպություն հիմնադրելու, այդ կազմակերպության բաժնետեր դարձնելու պատրվակներով, առավել խոշոր չափերի գումարներ ստանալու եղանակով չարաշահելով վերոնշյալ 5 քաղաքացիների վստահությունը, նրանցից ստացել և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1 535 100 ԱՄՆ դոլար, 30 000 եվրո և 6 880 000 ՀՀ դրամ գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. հուլիսի 4-ի դատավճռով` Ք.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 5 տարի 6 ամիս ժամկետով:

Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք:
Ծննդյան 75-ամյակի առթիվ և գրականության ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն՝  աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում և լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները ևս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչև 16:00-ն կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 18-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը անակնկալ այցերով եղել է Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում ու անձամբ լսել բնակիչներին:

Կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթի հարցերից բացի, բնակիչները նաև իրենց առաջարկներն են ներկայացրել քաղաքապետին: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու լսելով առաջարկները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բնակիչների հետ անմիջական շփումները լինելու են պարբերաբար ու շարունակական. «Սա ևս մեկ առիթ է մեր քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու, դրանց լուծումներ տալու և, ինչու չէ, նաև տեսնելու վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի շփումը քաղաքացիների հետ: Սա դառնալու է ավանդույթ, և լինելու ենք բոլոր վարչական շրջաններում ու միայն սրանով չի սահմանափակվելու քաղաքացիների հետ մեր շփումը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես այս, այնպես էլ վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային շրջայցերի ընթացքում քաղաքացիների հետ անմիջական շփումներ ունենալուց բացի, առաջիկայում կմշակվեն նաև այլ մոտեցումներ՝ նման շփումներն առավել հաճախակի դարձնելու ուղղությամբ:

Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի ու ջերմ ընդունելության համար՝ նշել են, որ քաղաքային իշխանություն-բնակիչ մշտական կապն իսկապես անհրաժեշտություն է և տալիս է իր դրական արդյունքները:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ ցուցաբերել հետևողականություն և հնարավորին կարճ ժամկետում լուծումներ տալ դրանց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Արտակարգ իրավիճակներ` Արցախում

ԼՂՀ փրկարար ծառայությունԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Հրդեհներ
Նշված ժամանակահատվածում ԼՂՀ տարածքում գրանցվել է հրդեհի բռնկման
17 դեպք, հիմնականում այրվել են չոր, խոտածածկ տարածքներ:

Մեքենան գլորվել է ձորը
Հուլիսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր-Աղավնո ճանապարհի 8 կմ-ին ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ Ստեփանակերի բնակիչ, 1988 թ. ծնված Վ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Ավտոմեքենայի վարորդ Վ. Հայրապետյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Վերջինիս տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Բախվել են մեքենաներ
Հուլիսի 17-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել Ճարտար համայնքի բնակիչ, 1958 թ. ծնված Շ. Մանասյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և Քարահունջ համայնքի բնակիչ, 1986 թ. ծնված Ի. Լալայանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները:
Ուղևորներ` 1996 թ. ծնված Ս. Դոլուխանյանը և 1954 թ. ծնված Լ. Ռ. Բաղդասարյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մարտունու շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Օձի խայթոց
Հուլիսի 11-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչ, 1998 թ. Ա. Ավագյանն աջ ոտքի սրունքի հատվածում ստացել է օձի խայթոց: Տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է:

Օձը հայտնաբերվել է և վնասազերծվել
Հուլիսի 17-ին, ժամը 15.35-ին Ստեփանակերտի բնակչուհի Ռ. Հարությունյանից ահազանգ է ստացվել, որ Ամիրյան 26 հասցեում գտնվող տան մեջ օձ է հայտնաբերվել: ՓԾ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և վնասազերծել օձին:

Զենք-զինամթերք
Հուլիսի 11-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի բնակիչ Ա. Մնացականյանը համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկական միավոր 120 մմ տանկի, 30 մմ ՀՄՄ-ի արկեր և 7 հատ Ֆ-1 նռնակ) վնասազերծել են:

***
Հուլիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի բնակիչ Ա. Ասրյանն արտը հնձելիս զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ) վնասազերծել են:

 

Կողնորոշվելու վերջնագիրը կամաց-կամաց մոտենում է Հայաստանին

Armenia-UEՉնայած այն հանգամանքին, որ արդեն բավական երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ վերաձևակերպումներ չեն կատարվում, Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, բայց  այդ գործելաոճը, վերջին շրջանում, կարծես անընդունելի է դառնում աշխարհի ուժային կենտրոնների ու քաղաքական բևեռների համար: Եթե մինչև այժմ միջազգային հարաբերությունների երկու ուժերի առճակատումն այնքան էլ ընդգծված չէր, և այդ պայմաններում Հայաստանին հաջողվում էր բավականին հաջող «սպրդել» շահերի բախման տիրույթից, ապա այսօր վիճակն օրեցօր փոփոխվում է:

 Հետզհետե ավելի զգալի է դառնում Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժգնացումը: Այդ ճնշումները, ճիշտ է, նոր չեն սկսվել, բայց Արևմուտք-Ռուսաստան` Եվրամիություն-Եվրասիական միություն, ՆԱՏՕ-ՀԱՊԿ առճակատման խորացմանը զուգընթաց, հատկապես G8 գագաթաժողովից հետո, երբ Պուտինը բավականին կոշտ ու հատու շեշտադրումներ կատարեց:

Արդեն այս գարնանից այդ ճնշումը նկատվում էր Հայաստանի վրա Եվրոպայից, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ բացահայտ նշում էին, որ Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհով և ում հետ է շարունակում իր ընթացքը, չնայած ՀՀ ղեկավարությունը մինչ օրս էլ պնդում է, թե նման երկընտրանք իրենց երբեք չի առաջադրվել: Այդ ճնշումը զգացվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկզբում Հայաստան ներմուծվող գազը թանկացրեց, հետո զենք վաճառեց մեր հակառակորդին և այլն:

Ռուսաստանի կողմից հարցը թերևս պարզ է` իր նախաձեռնությամբ հռչակված Եվրասիական միության գաղափարին աջակցելն ու Մաքսային միությանն անդամակցելը:

«Բայց ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ինչի մասին այսօր շատ-շատ են խոսում, անկեղծ ասած, ես չեմ հասկանում` ինչի մասին են խոսում, այդպիսի միություն դեռ չկա: Կուրգինյաինը եկավ Հայաստան, վերադարձավ ու այնտեղից շատ կոպիտ ու գռեհիկ ձևով մեղադրեց Հայաստանին, որը չի համաձայնվում մտնել նոր Խորհրդային Միություն. նրա բառերն են: Եթե չկա այն կազմակերպությունը, նույնիսկ չկա նրա կանոնադրությունը, ապա ինչի՞ մասին կարելի է խոսել, ինչպե՞ս կարող է Հայաստանը ցանկություն հայտնել մտնել մի կազմակերպության մեջ, որն ուղղակի գոյություն չունի»,- ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Ռուսաստանը, իհարկե, պատրաստվում է նոր աշխարհաքաղաքական բևեռ ստեղծել: Ու թեև այս պահին Արևելքի` ի դեմս Ռուսաստանի, և Արևմուտքի միջև ակնհայտ առճակատում չկա, դա դեռ չի նշանակում, թե այն չի լինի: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, երկու կողմերից յուրաքանչյուրն արդեն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ բռնել իր կողմը: Այդ դեպքում մենք բավականին տհաճ իրավիճակում կհայտնվենք:

«Մինչև վերջերս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան կոշտ չէին, հետևաբար, Հայաստանը հնարավորություն ուներ երկուսի հետ էլ հավասարաչափ հարաբերություններ զարգացնելու` երբեմն ինչ-որ տատանումներով: Հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանը սկսել է ավելի հակադրվել Արևմուտքին, բացի այդ, փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Դրա համար, իմ կարծիքով, Հայաստանի առջև երկու կողմն էլ դրել են հստակ կողմնորոշվելու հարցը, որ Հայաստանը ընտրություն կատարի: Ես անձամբ կողմնակից եմ Եվրոպական ուղղության, որովհետև չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնելն իմաստ ունի, որովհետև ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ պրոհայկական դիրքորոշում է բռնում: Բայց նման բան չկա: Հետևաբար, եթե Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը, դա Արևմուտքն էլ կարող է անել, և չարժե կորցնել այն մեծ առավելությունը, որ տալիս է Արևմուտքը»,- ասում է նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Իհարկե, խելամիտ ընտրությունը ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» տարբերակն է, բայց  ինչքանո՞վ դա կհաջողվի Հայաստանին, առավել ևս` ներկա պայմաններում, դժվար է ասել:

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը հայտարարում են, որ Հայաստանի` Եվրոպային ավելի շատ ինտեգրվելու քայլերը որևէ այլ երկրի դեմ ուղղված չեն:

Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ ջղագրգիռ քայլերն էլ ոչ թե արդարացում, այլ տրամաբանական պատճառ ունեն. Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը Եվրամիության հետ ազատ ու համապարփակ առևտրի պայմանագիր և ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախաշեմին է և այլն, և դրանից նյարդայնանում է, Հայաստանը կորցնելու վտանգ է զգում` հակառակ նախկին ԽՍՀՄ տարածքներում իր գերակայության վերահաստատման ձգտումների:

Օրինակ` վերջերս Հայաստանում էր Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որ Հայաստան չէր եկել «թիթեռ նկարելու», այլ ասոցացման համաձայնագրի կետերը վերջնական փուլից առաջ մեկ անգամ ևս համաձայնեցնելու: Իսկ այդ կապակցությամբ ի՞նչ քայլեր արեց Ռուսաստանը: Հիվանդանոցից զոռով ՀՀ քաղաքացուն, ցուցադրաբար կանացի խալաթ հագցրած և նվաստացած վիճակում դատարան քարշ տվեց ու իր լրագրողների բերանով անընդհատ սկսեց շեշտել նրա ազգությունն ու քաղաքացիությունը:

Այսինքն` բարդ իրավիճակ է ստեղծված Հայաստանի համար: Ռազմական անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի կողմնորոշված է դեպի ռուսական կողմը: Բայց մյուս կողմից էլ` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Օրինակ` դեռ Ֆյուլեի նախորդ տարվա այցից հետո հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 43 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում: Ռուսաստանը մեր անկախության այսքան տարիների ընթացքում երբևէ լուրջ առավելություններով վարկ չի տվել մեզ, եթե չասենք հակառակը` բռնազավթել է մեր տնտեսության գերակշիռ` ռազմավարական նշանակություն ունեցող հատվածը: Այսինքն` ֆինանսական առումով էլ Հայաստանին ձեռնտու է հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ: Ֆյուլեի այցից հետո` անցյալ շաբաթ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էր անդրադարձել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և նշել, որ այն նոր խթան կդառնա ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

«Հայաստանում արդեն ավարտին են մոտենում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որն ունի նաև տնտեսական առևտրային բաղադրյալ: Նախանշված է, որ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում վերջնամշակումից հետո տեղի կունենա համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: Ես ասեմ, որ սա կարևոր ձեռքբերում է, և այս առումով ես կցանկանայի իմ շնորհավորանքն ուղղել Հայաստանին, որ իր ստանձնած պարտավորություններն ավարտին հասցնելու փուլում է: Այս պայմանագիրն իսկապես նոր թափ պետք է հաղորդի ՀՀ -ԵՄ հարաբերություններին: Բնականաբար, ենթադրվում են օրենսդրական առումով որոշակի փոփոխություններ, իսկ նման փուլի ավարտից հետո այն ենթադրում է տնտեսության շոշափելի արդիականացում, որից անմասն չեն մնալու առևտրատնտեսական փոխանակումները»,- հայտարարել էր դեսպանը:

Ակնարկը պարզ է ու հասկանալի. ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համար Հայաստանին «պարգևավճար» կտան` առևտրատնտեսական փոխանակումների, թերևս նաև վարկերի ու դրամաշնորհների տեսքով:

Բացի այդ, Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ հակատանկային հրթիռներ տրամադրեց: Այսինքն` Եվրոպան ցույց տվեց, որ պատրաստ է ստանձնել նաև Հայաստանի ռազմական անվտանգության որոշ հարցեր:

«Արտաքին կողմնորոշումն այնքան էլ էական ազդեցություն չի ունենա, որովհետև, ի վերջո, եթե Ռուսաստանը դժգոհ եղավ, ի՞նչ պետք է անի, բազան հանի-տանի՞ Հայաստանից: Բնականաբար, բազան թողնելու է, որովհետև այդ բազան առաջին հերթին պետք է իրեն, հետո նոր` մեզ: Այն արտոնյալ պայմանները, որով ինքն այսօր մեզ մոտ ռազմաբազա ունի, ոչ մի տեղ չի կարող գտնել, ո՛չ ֆիզիկապես տեղ կա, ո՛չ էլ այդ պայմանները: Հետևաբար, նա կշարունակի Հայաստանի հետ հարաբերություները: Այստեղ իշխանությունների հարցն է, այսինքն` Ռուսաստանը այստեղ կարող է վրեժ լուծել այն մարդկանցից, ում մեղավոր կգտնի այս իրավիճակի համար: Արդյոք մեր իշխանություններն այդքան կամքի ուժ կունենա՞ն իրենց գիծը պահելու, թե՞ ոչ: Կարծում եմ` կկարողանան, պիտի կարողանան, որովհետև այլ ելք չկա»,- համոզմունք հայտնեց  Արա Պապյանը:

Մի խոսքով, իրադարձություններն աշխարհում, մեզ անմիջապես հարող ու մի քիչ հեռու տարածաշրջաններում բավականին արագ ու հետաքրքիր զարգացումներ են ապրում, և այս պայմաններում դժվար է կանխատեսել անգամ, թե ինչ վիճակ կստեղծվի Հայաստանի համար նույնիսկ մինչև այս տարեվերջ:

 

 

 

Այրվել է պահեստային շինություն

հրդեհՀուլիսի 18-ին, ժամը 21.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայում` անվադողերի գործարանի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.19-ին, մարվել` 22.30-ին: Անվադողերի գործարանի տարածքում ամբողջությամբ այրվել է պահեստային շինություն` 800 քմ:

Խոշոր ավտոպատահար Մոսկվա-Վոլգոգրադ ավտոճանապարհին,չորսը զոհ

ավտոպատահարՀուլիսի 18-ին, ժամը 21.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 17-ին ժամը 03.47-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավտոճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ` 1975թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ` 1975թ. ծնված Նարինե Բաբայանը, 2009թ. ծնված Միքայել և 2007թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում զոհվել են:

Հրդեհ Մեղրի քաղաքում

big_1374158407_7Հուլիսի 18-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 13.33-ին:

Այրվել է Գ.Կարապետյանին պատկանող թիվ 4 տան տանիքը` 120 քմ, 2-րդ հարկն ամբողջությամբ, 1-ին հարկում` 2 խոհանոց և կից Մ.Կարապետյանին պատկանող թիվ 6 տան տանիքը մասնակի` 40 քմ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում: Նախագահը նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Պերճ Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա: Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին ամուր առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ: