Չնայած այն հանգամանքին, որ արդեն բավական երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ վերաձևակերպումներ չեն կատարվում, Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, բայց այդ գործելաոճը, վերջին շրջանում, կարծես անընդունելի է դառնում աշխարհի ուժային կենտրոնների ու քաղաքական բևեռների համար: Եթե մինչև այժմ միջազգային հարաբերությունների երկու ուժերի առճակատումն այնքան էլ ընդգծված չէր, և այդ պայմաններում Հայաստանին հաջողվում էր բավականին հաջող «սպրդել» շահերի բախման տիրույթից, ապա այսօր վիճակն օրեցօր փոփոխվում է:
Հետզհետե ավելի զգալի է դառնում Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժգնացումը: Այդ ճնշումները, ճիշտ է, նոր չեն սկսվել, բայց Արևմուտք-Ռուսաստան` Եվրամիություն-Եվրասիական միություն, ՆԱՏՕ-ՀԱՊԿ առճակատման խորացմանը զուգընթաց, հատկապես G8 գագաթաժողովից հետո, երբ Պուտինը բավականին կոշտ ու հատու շեշտադրումներ կատարեց:
Արդեն այս գարնանից այդ ճնշումը նկատվում էր Հայաստանի վրա Եվրոպայից, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ բացահայտ նշում էին, որ Հայաստանը պետք է ընտրի, թե ինչ ճանապարհով և ում հետ է շարունակում իր ընթացքը, չնայած ՀՀ ղեկավարությունը մինչ օրս էլ պնդում է, թե նման երկընտրանք իրենց երբեք չի առաջադրվել: Այդ ճնշումը զգացվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկզբում Հայաստան ներմուծվող գազը թանկացրեց, հետո զենք վաճառեց մեր հակառակորդին և այլն:
Ռուսաստանի կողմից հարցը թերևս պարզ է` իր նախաձեռնությամբ հռչակված Եվրասիական միության գաղափարին աջակցելն ու Մաքսային միությանն անդամակցելը:
«Բայց ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ինչի մասին այսօր շատ-շատ են խոսում, անկեղծ ասած, ես չեմ հասկանում` ինչի մասին են խոսում, այդպիսի միություն դեռ չկա: Կուրգինյաինը եկավ Հայաստան, վերադարձավ ու այնտեղից շատ կոպիտ ու գռեհիկ ձևով մեղադրեց Հայաստանին, որը չի համաձայնվում մտնել նոր Խորհրդային Միություն. նրա բառերն են: Եթե չկա այն կազմակերպությունը, նույնիսկ չկա նրա կանոնադրությունը, ապա ինչի՞ մասին կարելի է խոսել, ինչպե՞ս կարող է Հայաստանը ցանկություն հայտնել մտնել մի կազմակերպության մեջ, որն ուղղակի գոյություն չունի»,- ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Ռուսաստանը, իհարկե, պատրաստվում է նոր աշխարհաքաղաքական բևեռ ստեղծել: Ու թեև այս պահին Արևելքի` ի դեմս Ռուսաստանի, և Արևմուտքի միջև ակնհայտ առճակատում չկա, դա դեռ չի նշանակում, թե այն չի լինի: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, երկու կողմերից յուրաքանչյուրն արդեն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ բռնել իր կողմը: Այդ դեպքում մենք բավականին տհաճ իրավիճակում կհայտնվենք:
«Մինչև վերջերս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն այդքան կոշտ չէին, հետևաբար, Հայաստանը հնարավորություն ուներ երկուսի հետ էլ հավասարաչափ հարաբերություններ զարգացնելու` երբեմն ինչ-որ տատանումներով: Հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանը սկսել է ավելի հակադրվել Արևմուտքին, բացի այդ, փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում: Դրա համար, իմ կարծիքով, Հայաստանի առջև երկու կողմն էլ դրել են հստակ կողմնորոշվելու հարցը, որ Հայաստանը ընտրություն կատարի: Ես անձամբ կողմնակից եմ Եվրոպական ուղղության, որովհետև չեմ կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնելն իմաստ ունի, որովհետև ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ պրոհայկական դիրքորոշում է բռնում: Բայց նման բան չկա: Հետևաբար, եթե Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը, դա Արևմուտքն էլ կարող է անել, և չարժե կորցնել այն մեծ առավելությունը, որ տալիս է Արևմուտքը»,- ասում է նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Իհարկե, խելամիտ ընտրությունը ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» տարբերակն է, բայց ինչքանո՞վ դա կհաջողվի Հայաստանին, առավել ևս` ներկա պայմաններում, դժվար է ասել:
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը հայտարարում են, որ Հայաստանի` Եվրոպային ավելի շատ ինտեգրվելու քայլերը որևէ այլ երկրի դեմ ուղղված չեն:
Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ ջղագրգիռ քայլերն էլ ոչ թե արդարացում, այլ տրամաբանական պատճառ ունեն. Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը Եվրամիության հետ ազատ ու համապարփակ առևտրի պայմանագիր և ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախաշեմին է և այլն, և դրանից նյարդայնանում է, Հայաստանը կորցնելու վտանգ է զգում` հակառակ նախկին ԽՍՀՄ տարածքներում իր գերակայության վերահաստատման ձգտումների:
Օրինակ` վերջերս Հայաստանում էր Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որ Հայաստան չէր եկել «թիթեռ նկարելու», այլ ասոցացման համաձայնագրի կետերը վերջնական փուլից առաջ մեկ անգամ ևս համաձայնեցնելու: Իսկ այդ կապակցությամբ ի՞նչ քայլեր արեց Ռուսաստանը: Հիվանդանոցից զոռով ՀՀ քաղաքացուն, ցուցադրաբար կանացի խալաթ հագցրած և նվաստացած վիճակում դատարան քարշ տվեց ու իր լրագրողների բերանով անընդհատ սկսեց շեշտել նրա ազգությունն ու քաղաքացիությունը:
Այսինքն` բարդ իրավիճակ է ստեղծված Հայաստանի համար: Ռազմական անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի կողմնորոշված է դեպի ռուսական կողմը: Բայց մյուս կողմից էլ` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Օրինակ` դեռ Ֆյուլեի նախորդ տարվա այցից հետո հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 43 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում: Ռուսաստանը մեր անկախության այսքան տարիների ընթացքում երբևէ լուրջ առավելություններով վարկ չի տվել մեզ, եթե չասենք հակառակը` բռնազավթել է մեր տնտեսության գերակշիռ` ռազմավարական նշանակություն ունեցող հատվածը: Այսինքն` ֆինանսական առումով էլ Հայաստանին ձեռնտու է հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ: Ֆյուլեի այցից հետո` անցյալ շաբաթ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն էր անդրադարձել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին և նշել, որ այն նոր խթան կդառնա ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
«Հայաստանում արդեն ավարտին են մոտենում ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որն ունի նաև տնտեսական առևտրային բաղադրյալ: Նախանշված է, որ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում վերջնամշակումից հետո տեղի կունենա համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: Ես ասեմ, որ սա կարևոր ձեռքբերում է, և այս առումով ես կցանկանայի իմ շնորհավորանքն ուղղել Հայաստանին, որ իր ստանձնած պարտավորություններն ավարտին հասցնելու փուլում է: Այս պայմանագիրն իսկապես նոր թափ պետք է հաղորդի ՀՀ -ԵՄ հարաբերություններին: Բնականաբար, ենթադրվում են օրենսդրական առումով որոշակի փոփոխություններ, իսկ նման փուլի ավարտից հետո այն ենթադրում է տնտեսության շոշափելի արդիականացում, որից անմասն չեն մնալու առևտրատնտեսական փոխանակումները»,- հայտարարել էր դեսպանը:
Ակնարկը պարզ է ու հասկանալի. ԵՄ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համար Հայաստանին «պարգևավճար» կտան` առևտրատնտեսական փոխանակումների, թերևս նաև վարկերի ու դրամաշնորհների տեսքով:
Բացի այդ, Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ հակատանկային հրթիռներ տրամադրեց: Այսինքն` Եվրոպան ցույց տվեց, որ պատրաստ է ստանձնել նաև Հայաստանի ռազմական անվտանգության որոշ հարցեր:
«Արտաքին կողմնորոշումն այնքան էլ էական ազդեցություն չի ունենա, որովհետև, ի վերջո, եթե Ռուսաստանը դժգոհ եղավ, ի՞նչ պետք է անի, բազան հանի-տանի՞ Հայաստանից: Բնականաբար, բազան թողնելու է, որովհետև այդ բազան առաջին հերթին պետք է իրեն, հետո նոր` մեզ: Այն արտոնյալ պայմանները, որով ինքն այսօր մեզ մոտ ռազմաբազա ունի, ոչ մի տեղ չի կարող գտնել, ո՛չ ֆիզիկապես տեղ կա, ո՛չ էլ այդ պայմանները: Հետևաբար, նա կշարունակի Հայաստանի հետ հարաբերություները: Այստեղ իշխանությունների հարցն է, այսինքն` Ռուսաստանը այստեղ կարող է վրեժ լուծել այն մարդկանցից, ում մեղավոր կգտնի այս իրավիճակի համար: Արդյոք մեր իշխանություններն այդքան կամքի ուժ կունենա՞ն իրենց գիծը պահելու, թե՞ ոչ: Կարծում եմ` կկարողանան, պիտի կարողանան, որովհետև այլ ելք չկա»,- համոզմունք հայտնեց Արա Պապյանը:
Մի խոսքով, իրադարձություններն աշխարհում, մեզ անմիջապես հարող ու մի քիչ հեռու տարածաշրջաններում բավականին արագ ու հետաքրքիր զարգացումներ են ապրում, և այս պայմաններում դժվար է կանխատեսել անգամ, թե ինչ վիճակ կստեղծվի Հայաստանի համար նույնիսկ մինչև այս տարեվերջ:
Tags: ԵՄ, Ռուսաստան, քաղաքական
