Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին:

Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այսուհետ անակնկալ այցերով պարբերաբար կլինի բոլոր վարչական շրջաններում՝ տեղում հետևելու վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կազմակերպվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև անձամբ լսելու և ծանոթանալու բնակիչների բարձրացրած խնդիրներին:

Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետևողական դրանց լուծման հարցում:

Քաղաքապետարանի ստորաբաժանումներում ու վարչական շրջաններում հաստատված ընդունելության օրերի սահմանմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից բոլոր պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրվել բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Ասֆալտապատմանը զուգահեռ, մայրաքաղաքում ընթացքի մեջ են մայթերի և որոշ հրապարակների սալիկապատման աշխատանքները

001Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով մայթերի վերանորոգման աշխատանքներ են  նախատեսվել մայրաքաղաքի Աբովյան, Արամի, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյունի, Սարյան, Խորենացու, Թումանյան փողոցներում, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայում և Դավթաշենի այգում: 12550 քմ մակերեսով մայթեր արդեն իսկ վերանորագվել են, տեղադրվել են բետոնե նոր սալիկներ, որոշ հատվածներում վերատեղադրվել ու ամրացվել են նախկին սալիկները: Ամբողջությամբ փոխվել են նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակի սալիկները`2650 քմ մակերեսով: Տեղադրման համար օգտագործվում են 6.0 սմ հաստությամբ բետոնե սալիկներ, որոնց որակը պարտադիր պետք է բավարարի  մրցույթով սահմանված տեխնիկական պահանջները: Մայթերի ու հրապարակների սալիկապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել  2013 թվականի 3-րդ եռամսյակում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանում մեկնարկել է «Ուրախ ամառ»-ը

bakain chambarԵրևանում հուլիսի 1-ից  մեկնարկել է «Ուրախ ամառ» բակային միջոցառումների և ճամբարների արշավը։

Ծրագրի համակարգող՝ Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով ծրագիրն ընդգրկուն է և ուղղված է ամառային արձակուրդների ընթացքում երեխաների առօրյան, ազատ ժամանակը առավել բովանդակալից դարձնելուն։

«Վերջին երկու տարիներին Երևանում հարյուրավոր բակեր ու բակային տարածքներ են կառուցվել կամ հիմնանորոգվել, ինչը այսօր մեզ լավ հնարավորություն է տալիս նման միջոցառումներ կազմակերպել Երևանի մեծ ու փոքր բազմաթիվ բակերում։  «Ուրախ ամառ»-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնություններից ևս մեկն է, որ ուղղված է փոքրիկ երևանցիներին, այն էլ այսչափ մասսայական ընդգրկում ունի։ Ծրագիրը մարզական և դաստիարակչական նշանակություն ունի, ընդգրկում է սպարտակիադաներ, պետականության և ազգային մշակույթի ուսուցման թեմաներ»,- ներկայացրել է Իդա Խաչատրյանը։

Միջոցառումները առավոտյան և ցերեկային ժամերին կազմակերպվում են գրադարանների, մանկապարտեզների ու դպրոցների տարածքներում, իսկ երեկոյան՝ զով ժամերին բակերում։ Բակային միջոցառումների ու ճամբարների շարքում, հատկապես ճամբարների բացման ու ավարտի օրերին, ներառված են նաև զվարճալի ներկայացումներ՝ երեխաների սիրելի հեքիաթների ու մուլտհերոսների մասնակցությամբ։ Այս միջոցառումներին նաև ելույթ են ունենում Երևանի երաժշտության և արվեստի դպրոցների, մշակութային տների և այլ համույթների սաներ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն

3475

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոլդովայի Հանրապետություն:

Մինչ մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, և այժմ անհրաժեշտ է երկկողմ ակտիվ աշխատանքով, հաճախակի փոխայցելություններով ու տարբեր մակարդակի հանդիպումներով լրացնել բաց թողնվածը, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:

Երկու երկրների նախագահների երկկողմ, ապա ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են ՀՀ մշակույթի նախարարության և ՄՀ մշակույթի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄՀ գյուղատնտեսության և սննդարդյունաբերության նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները, այդ առումով, երկուստեք կարևորել են ՀՀ և ՄՀ միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

Հողամասում առաջացել է 3 մ խորությամբ փոս

փոսՀուլիսի 11-ին, ժամը 10.35-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արին գյուղում` Վ. Կոստանյանին պատկանող հողամասում, առկա է փոս (60 սմ լայնություն, 70 սմ երկարութուն և 3 մ խորություն):

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում հողամասում առաջացել է 0.4 քմ լայնությամբ և 3 մ խորությամբ փոս:

Բնակչին առաջարկվել է փոսը լցնել հողով և սահմանազատել տարածքը:

Արթիկ քաղաքում օձ է հայտնաբերվել

big_1373542792_3Հուլիսի 11-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 14.00-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Առաջին անգամ Հայաստանում` գեղանկարչական աշխատանքների բացառիկ ցուցահանդես

MHM79817 copyԱյսօր երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց  «Արևելքից` արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն, հայ արվեստագետներ» ցուցահանդեսը: Այն ուշագրավ է այն առումով, որ ցուցադրվում են վերջին 100 տարվա գեղանկարչական տարբեր ուղղությունների գործեր: Ոչ միայն հեղինակներն են տարբեր, այլև նրանց գեղեցիկի ընկալումը, այն ներկայացնելու ոճերն ու ձևերը:

Ցուցահանդեսում համաշխարհային ճանաչում ունեցող բոլոր ուղղություններն են (սկսած իմպրեսիոնիզմից), որոնցից ազդվել են հայ նկարիչները, յուրովի տեղայնացրել դրանք: 19-րդ տարի վերջից սկսած մինչև մեր օրերի գործեր են: Ընդ որում, հայ գեղանկարիչները  նախկինում այդպիսի ընդգրկումով երբեք չեն ցուցադրվել մեկ հարկի տակ:

Նախաձեռնողը «Աբրահամ Աննա աուկցիոն» ՍՊԸ-ն, Երևանում հիմնված «Բարձր արվեստ» կենտրոնն է: Վերջինս գործում է  2005-ից, իսկ վերջին շրջանում էլ ավելի է ակտիվացրել գործունեությունը` հայկական մշակույթը փորձելով մատչելի դարձնել տարբեր երկրների ներկայացուցիչների համար: Ընդ որում, կիրառվում են  ժամանակակից մեթոդներ և ձևեր, իսկ գլխավորը հայ նկարիչների գործերն աճուրդով վաճառելու, դրանք աշխարհին ճանաչելի դարձնելու հնարավորություն է տրվում:

Ի դեպ, ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակում: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Աբրահամ Աննա աուկցիոնի»  գործադիր տնօրեն Աննա Գրիգորյանը նպատակը մեկն է` միավորել արվեստի տարբեր տեսակները, ընդօրինակել 10-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի փորձը, և հետագայում գեղանկարչական այնպիսի ցուցահանդես կազմակերպել, որը նույնպես միջազգային ճանաչման արժանանա:

Իսկ ներկայիս ցուցահանդեսում, որը միավորել էր դասական և ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ, ճանաչված վարպետների գործերի կողքին, երիտասարդ, հեռանկարային ստեղծագործողների աշխատանքներ են: Ներկայացված են Փանոս Թերլեմեզյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Գևորգ Գևորգյանի (Ջոտտո), Արշիլ Գորկիի, Էդուարդ Իսաբեկյանի, Ժան Գարզուի, Սերգեյ Փարաջանովի, Ժան Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Սերգեյ Փարաջանովի, Վարուժան Վարդանյանի, Ռոբերտ էլիբեկյանի, Գարիկ Կարապետյանի, Կարեն Օհանյանի և ուրիշների գործերը: Շուրջ 7 տասնյակ արվեստագետների աշխատանքներ են:

Ցուցասրահում մեծ թվով այցելուներ էին: Ներկա էին նաև «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները: Ողջույնի խոսք ասաց Հարություն Խաչատրյանը:

Վերջում, հայկական արվեստի զարգացնան և քարոզչության գործում ունեցած մեծ ներդրաման համար, մրցանակ հանձնվեց «Ոսկե ծիրան» փառատոնի մասնակից, Ատոմ Էգոյանի «Արարարտ» ֆիլմում նկարահանված դերասանուհի Արսինե Խանջյանին: Պարգևը շատ շռայլ էր` Մինաս Ավետիսյանի «Մերկ կինը» նկարը: Դերասանուհին այդպիսի վերաբերմունքից անակնկալի եկավ և հուզմունքից արտասվեց: «Ծնվելով Լիբանանում, հայեցի դաստիարակություն ստանալով, պարտավորված էի զգում: Եվ ապրելով Կանադայում, երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել հայկական արվեստում ներդրում ունենալու: Ինձ օգնել է իմ ժողովրդի ուժը: Այս պարգևը մեծ անակնկալ է և էլ ավելի է իմաստավորում իմ կյանքը, քանի որ այն համարում եմ իմ սիրելի ժողովրդից ստացած գնահատական»,-ասաց նա:

Հրդեհներ մեր հանրապետությունում

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՀրդեհ Վանաձոր քաղաքում

Հուլիսի 11-ին, ժամը 15:25-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 58 շենքին հարակից տարածքում՝ ոչ բնակելի տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Հրդեհ  Շարուրի փողոցում

Հուլիսի 11-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 43 հասցեում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրդեհ Կապան քաղաքում

Հուլիսի 11-ին, ժամը 10.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 5-րդ շենքի թիվ 3 բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.03-ին, մարվել՝ 11.04-ին: Այրվել են Բ.Բաբայանին պատկանող բնակարանի պատշգամբի փայտյա կառուցատարրերը՝ 1 քմ:

 

Մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովված են հայտարարությունների ցուցատախտակներով

001 (20)Բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են   հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների տեղադրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականի կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքների շրջանակում վարչական շրջան-համատիրություն համատեղ ուժերով մայրաքաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերն ապահովվել են հայտարարությունների ցուցատախտակներով: Որոշ շենքերում, որտեղ շքամուտքերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ցուցատախտակները կփակցվեն դրանք ավարտելուց հետո: Յուրաքանչյուր վարչական շրջան յուրովի մոտեցում է ցուցաբերում և, ըստ այդմ,  շքամուտքերը կահավորում միանման ցուցատախտակներով:

Հայտարարությունների ցուցատախտակների առկայությունը, ինչպես վկայում են համատիրությունների ղեկավարներն ու իրենք՝ բնակիչները, էապես կրճատել են որոշ անբարեխիղճ քաղաքացիների և կամզակերպությունների կողմից շնեքի պատերին հայտարարությունների անխնամ փակցման  դեպքերը: Համատիրություններն անում են հնարավորը նման երևույթների նկատմամբ վերահսկողություն սահմանելու և փակցված ցուցատախտակները վնասելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դոլարի գինը բորսայում` 409,76 դրամ

դոլարՀուլիսի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,960,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.76 դրամ:

NASDAQ OMX Armenia

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Շտեֆան Ֆյուլեի հետ

Raffi_Hovannisian_Meets_Stefan_FuleԵրեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:

Ավելի ուշ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:

 

«Ժառանգություն» կուսակցության

լրատվական ծառայություն

Հնարավոր են կարճատև տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 12-13-ը շրջանների զգալի մասում, 14-15-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին կնվազի 2-3 աստիճանով, 15-16-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 12-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Հուլիսի 14-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.40C (1983թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան  10.40C     (1958 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.60C

Սեյրան Օհանյանը հանդիպել է սավանով կախված զինվորի ծնողներին

սեյրան Օհանյան10.07.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 05.07.2013թ. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին և Անահիտ Բագրատի Հայրապետյանին:

Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ  ՊՆ  քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը և ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը:

Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:

Ա.Լալազարյանը և Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը:

2013-ի առաջին կիսամյակում 126 հանցագործություն է բացահայտվել

ոստիկանություն3ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտել են ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 126 դեպք, այդ թվում` սպանության 6, սպանության փորձի` 1, ավազակության` 6, գողության` 56 /որոնցից 32-ը` բնակարանային/, խուլիգանության` 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 21, կողոպուտի 1, խարդախության 12 և 14 այլ դեպքեր /ԱՏՄ փախցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փաստաթղթերի կեղծման, մաքսանենգության, մարդու առևտրի, անձին ազատությունից ապօրինի զրկելու, կաշառակերության և այլն/:
Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 13 և այլ երկրների կողմից հետախուզվող 23 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԻԻՀ և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել և ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 27 անձ, որոնցից 2-ը՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ:

2013-ի 6 ամիսներին 517 միավոր հրազեն են կամավոր հանձնել

Զենք-զինամթերք2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 517 միավոր հրազեն և 25 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 517 միավոր հրազենից 78-ը կամ 15.1%-ը առգրավվել է, 87-ը կամ 16.8%-ը` հայտնաբերվել, իսկ 352-ը կամ 68.1%-ը հանձնվել կամավոր: Այդ 517 միավոր հրազենից 69-ը եղել է ատրճանակ, 42-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 44-ը` ինքնաձիգ, 5-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 318-ը` տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, որից 263-ը` որսորդական, 14-ը` տարբեր տեսակի գործարանային ու ինքնաշեն նռնականետ, 3-ը` գնդացիր և այլն:
Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 58.070 փամփուշտ, 187,1 մետր դետոնացիոն քուղ, 115 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 320 նռնակ, 39 ինքնաշեն նռնակ, նռնակի 211 պայթուցիչ, 28 պայթուցիկ սարք, 6.9 կգ պայթուցիկ նյութ, 49 ական և արկ, 91 ճայթիչ և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 96 միավոր հրազեն և 20 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 96 միավոր հրազենը կազմում է հանրապետությունում հայտնաբերված կամ կամավոր հանձնված հրազենի 18.6%-ը:
Այդ 96 միավոր հրազենից 22-ը կամ 22.9%-ը, առգրավվել է:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է «Զինանոց-2013» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ապօրինի կերպով պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:

Բենզասղոցով 10 կաղնի է հատել

ծառահատումՈստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգայց կատարելիս, Դիլիջանի ազգային պարկի 11-րդ և 12-րդ պահաբաժիններում հայտնաբերել են 10 հատված կաղնի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է Հաղարծին գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված, նախկինում դատված Արշակ Հ.-ն:
Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Վրաերթ Արմավիր-Մեծամոր ճանապարհին

ՎրաերթՀուլիսի 10-ին, ժամը 17.25-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի

ապակիՀուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել

ավտովթարՀուլիսի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Շևրոլետ Քռուզ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Շևրոլետ Քռուզ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: