2007 թ. հունիսի 13-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել ապօրինի կերպով թմրամիջոցներ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով 1949 թ. ծնված Յուրիկ Բ.-ին և նրա ուղևորներ Վանիկ Մ.-ին ու Վարդան Գ.-ին բերման ենթարկելու մասին: Անձնական զննությամբ Վանիկ Մ.-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել Էր 5 գրամ, Յուրիկ Բ.-ի մոտ` 2,2 գրամ, իսկ ավտոմեքենայի սրահից` 9,9 գրամ ափիոն թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգվածներ և 7,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ ու Էլեկտրոնային ճշգրիտ ոսկերչական կշեռք:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2007 թ. հունիս ամսին Յուրիկ Բ.-ն 4,75 գ կշռով ափիոն թմրամիջոցը ձեռք է բերել 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ից, որը մահացել է 2008 թ.-ին:
Յուրիկ Բ.-ն հրավիրվել է ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունք և տվել խոստովանական ցուցմունքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը, խուլիգանության՝ 1 և խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է դրամանենգության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս տարի ծիրանի արտահանման ցուցանիշը կգերզանցի նախորդ տարվանը
Այսօր «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել է ավելի քան 3000 տոննա ծիրան, մթերումն ինտենսիվ շարունակվում է և այս տարի թերևս կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը` 13 հազար տոննան:
Կարեն Բաղդասարյանն ասաց, որ «Սպայկա» ընկերությունը ծիրան մթերում է 400-500 դրամով, վճարումը կատարվում է կանխիկ: «Մենք կանգնած ենք ֆերմերների կողքին: Եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերում ինչ-որ գնի շրջանակներում, մենք չենք խախտում այն: Աշխատում ենք նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մինչև վերջ մթերելու ենք արդեն հայտարարված գնով, ի տարբերություն շատ այլ մթերողների, ովքեր նախապես այլ գին են ասում, մթերման ժամանակ` այլ գին` գյուղացիներին կագնեցնելով խնդրի առաջ», – ասաց Կարեն Բաղդասարյանը և նշեց, որ հայկական ծիրանը դրսում վաճառվում է 750-800 դրամի սահմաններում:
Այն հարցին, թե ինչպես անդրադարձավ «Սպայկայի» հրդեհն իրենց գործունեության վրա, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ մեծ վթարը կարող էր ազդել մթերումների վրա, բայց ընդամենը մեկ ամսվա ընթացքում, շնորհիվ մեր ղեկավարի կամքի, կոլեկտիվը վերակազմավորեց իր ուժերը: Մայիսի տասնհինգի գիշերը տեղի ունցավ այդ դեպքը, մենք արդեն երկու օր առաջ գործարկել ենք սառնարանային համալիրը, այսինքն, թույլ չտվեցինք, որ հրդեհը ազդի մեր աշխատանքի վրա»։
Ազգային ժողովն արտահերթ նիստում 3 նախագիծ ընդունեց
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից ներկայացված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այնուհետև պատգամավորներն ընդունեցին Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 74 կողմ, 9 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
67 կողմ, 5 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային-մաքսային արտոնություններ տալու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը:
Առաջին քայլը՝ Երևանում ֆրանսիական լիցեյի բացման ուղղությամբ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ստորագրել են կրթական համագործակցության հուշագիր՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ներկայացնելով և կարևորելով նախաձեռնությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հուշագրի վավերացմամբ հնարավորություն է ստեղծվում Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում, ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի, խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի ներդնումը: “Մենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ սկիզբ ենք դնում Հայասատում ֆրանսիական լիցեյի հիմնադրման և կայացման գործընթացին: Այս փուլում թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարան կձևավորվի, զուգահեռ աշխատանքներ կտարվեն կրթության բովանդակության ձևավորման, մասնագետ-ուսուցիչների վերապատրաստման և Հայաստանի հանրակրթության ոլորտի ֆրանսերենի դասավանդման լավագույն փորձը կենտրոնացնելու ուղղությամբ”,- նշել է նախարարը և հավելել, որ դպրոցի լավագույն շրջանավարտները, ըստ համաձայնագրի, բացի ՀՀ հանրակրթական դպրոցի ավարտական վկայականից, կստանան նաև ֆրանսիական կողմից տրված համապատասխան վկայական, որը կհավաստի աշակերտի լեզվական իմացության համապատասխան մակարդակը: Նախարարը նաև շեշտել է, որ դա հնարավորություն կընձեռի ֆրանսիական լիցեյի շրջանավարտներին ընդունվել Ֆրանսիայի լավագույն բուհեր: Ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև՝ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է. <Մեր հիմնական նպատակը՝ Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ Հայաստանում լիարժեք ֆրանսիական լիցեյի կայացումն է: Ֆրանսիայի նախկին նախագահ պարոն Սարկոզին այս գաղափարի մասին խոսել է Երևանի ֆրանսիական հրապարակում՝ հայ հասարակության ներկայությամբ: Սա դժվարին աշխատանք է, սակայն ես վստահ եմ, որ երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը համատեղ ջանքերով լավագույնս կյանքի կկոչվի>:
Նախաձեռնությանը հետևողականորեն աջակցելու համար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ևս կարևորել է Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու գաղափարը՝ շեշտելով, որ Հայաստանում իր գործունեության երկու տարիների ընթացքում արդեն երրորդ պայմանագիրն է ստորագրվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Դեսպանը նշել է, որ այս պահին դրվում է ֆրանսիական լիցեյի հիմնադրման առաջին քարը: <Թիվ 119 ավագ դպրոցում գործող երկլեզու կրթությամբ դասարանները կարող են դառնալ Հայաստանում ֆրանսիական լիցեյի կրթական ծրագրի հիմքը>,- նշել է Ա. Ռենոն և ավելացրել, որ իրենք հեռահար նպատակ ունեն ապահովելու բակալավրի ծրագրով կրթություն: Դեսպանը տեղեկացրել է, որ ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել լավագույն աշակերտների համար սահմանել կրթաթոշակներ, ինչպես նաև ստանձնել է ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպումն ու ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստումը:
Դպրոցում նախատեսվում է իրականացնել “Ֆրանսերեն լեզու” և “Ֆրանսերեն գրականություն” առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական ծրագրային և “Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն”, “Ֆրանսիական քաղաքակրթություն” առարկաների ուսուցում` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ` գնահատման համակարգի կիրառմամբ:
Ծրագիրը ներդրվելու է տարեկան մեկ դասարանում մեկ մակարդակ ներդնելու սկզբունքով` սկսած 2013-2014 ուսումնական տարվանից: Ֆրանսիական կողմը պարտավորվում է աջակցել կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը՝ ապահովելով անհրաժեշտ մեթոդական աջակցություն, ծրագրերի շարունակականություն, դասավանդողների պարբերաբար վերապատրաստումները ֆրանկոֆոն միջավայրում:
Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանը ավարտելու վերաբերյալ սովորողին կտրամադրվի լրացուցիչ դասընթացներին մասնակցելու մասին տեղեկանք` նշելով սովորողի ստացած գնահատականները, իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունը հաջողությամբ հանձնած լավագույն սովորողները կստանան Ֆրանսիական ծրագրերն ավարտելու մասին վկայական:
Եղանակը` ՀՀ-ում
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 20-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 36.40C (1941թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 8.40C (1913թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 22.30C
Երևանում մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում և մի շարք այլ հարցեր: Համաժողովի բացմանը ներկա էին նաև ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվինգ Վան Շտաան և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում կազմակերպվող այս համաժողովի Երևանում անցակացումը, մասնավորապես նշել է. «Համաժողովի թեման, իրոք, դիպուկ է ընտրված։ Չնայած Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նստաշրջանների, հանձնաժողովների նիստերի շրջանակներում այս հարցերի շուրջ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ, միևնույն է, մասնակցային ժողովրդավարության թեման ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև ավելի ու ավելի առանցքային է դարձել: Ընդ որում՝ կառավարման բոլոր մակարդակներում։
Մասնակցային ժողովրդավարությունը, համոզված եմ, լուրջ մարտահրավեր է ոչ միայն հետխորհրդային երկրների համար։ Հունաստանում, Իսպանիայում, Թուրքիայում և մի շարք այլ երկրներում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ քաղաքացիական հասարակությունը դարձել է ավելի զգայուն և իշխանություններից ակնկալում է առավել արդյունավետ կառավարում։
Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում։ Եվ, իմ խորին համոզմամբ, որոշումների կայացման հարցում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության ու կառավարման անբաժանելի բաղադրիչը։
Զարգացած տեխնոլոգիաների մեր դարում, սրընթաց փոխվող աշխարհն ինքն է առաջադրում պահանջներ, որոնց ինչպես միջազգային ու ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում անհրաժեշտ է համարժեք արձագանքել: Եվ այս տեսանկյունից համացանցը, ժամանակակից նոր տեխնոլոգիաները, տեղեկատվական նոր միջոցներն ու աղբյուրները, նոր ու լայն հնարավորություններ են տալիս՝ մի կողմից քաղաքացիների կարծիքների ու սպասելիքների արտահայտման, մյուս կողմից հետադարձ կապի և որոշումների կայացմանը նրանց մասնակից դարձնելու համար ։
Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ նախաձեռնել և իրականացնում է քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության մասնակցության բազմազան ձևերի ներդրման, հասարակական ու մասնագիտական խորհուրդների կազմավորման գործընթացներ, որոնց մասով արդեն իսկ արձանագրում ենք որոշակի արդյունքներ:
Այս առումով համաժողովն, անկասկած, փոխադարձ օգտակար կլինի։ Վերոնշյալ գործընթացներում մենք հատկապես կարևորում ենք երիտասարդների ներգրավումը, նրանց մասնակցությունն ու նախաձեռնություններին աջակցելը։
Մենք հստակ գիտակցում ենք, որ այսպես կոչված «էլեկտրոնային ժողովրդավարությունը» շարունակում է փոխել մեր կենցաղը, կառավարման համակարգերը, նաև՝ մեզ ու մեր վարքագիծը։ Ուստի, ընդունելով ժամանակակից մարտահրավերները, զարգացնելով կառավարման մեր գործիքները և ավելի մոտ ու անմիջական կապի մեջ լինելով մեր քաղաքացիների հետ, նաև մեկս մյուսից սովորելով պետք է առաջ գնանք»։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում մասնակիցների ու ներկաների ձևավորած միասնական տեսակետներն ուղենիշ կդառնան հետագա գործունեության համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Փրկարարները կանխել են 32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը
Հունիսի 19-ին, ժամը 00.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում Վիլնիուսի փողոցի թիվ 99 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհու՝ 1981 թ. ծնված Է. Մինասյանի ինքնասպանության փորձը կանխվել է:
Շարունակվում են Շատին գյուղի կորած բնակչի որոնումները
Հունիսի 19-ին, ժամը 09.30-ին վերսկսվել են 1933 թ. ծնված Թամամ Արմենակյանի որոնողափրկարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 19.58-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի մոտ:
Նոր Արեշի բնակիչը թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել
Հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների բնակարանում
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը:
Տեղեկացնում ենք նաև, որ մարդկային և նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները:
Հիշեցնենք, որ ներկայում թանգարանում ընթանում են հիմնավոր վերանորոգման աշխատանքներ, ինչի կապակցությամբ մշակութային արժեք ներկայացնող բոլոր իրերը տեղափոխված են և գտնվում են ապահով վայրում:
ՃՏՊ Էրեբունի-Նուբարաշեն ավտոճանապարհին
Հունիսի 19-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի-Նուբարաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ջիպ» մակնիշի 11 ՕՏ 878 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է Նուբարաշենի խճուղու 5/5 հասցեի մոտ գտնվող գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում հերթապահել են, իսկ գազի վարչության աշխատակիցներն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ:
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում
Հունիսի 19-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի ՀԱ Բ4 թաղամասում գտնվող «Սապիր» գիշերային ակումբի մոտակայքում` ավտոտեխսպասարկման կետում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.07-ին, մարվել՝ 04.08-ին:
Ավտոտեխսպասարկման կետում այրվել է կախովի առաստաղից 0,5 քմ հատված և էլ. վահանակ:
Սարերում կորած նախրապանները և նախիրը գտնվել են
Հունիսի 18-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ հունիսի 17-ի առավոտյան երեք նախրապաններ 45 խոշոր եղջերավոր անասուններով դուրս են եկել Կոտայքի մարզի Բուժական գյուղից և շարժվել Հանքավան գյուղի ուղղությամբ, իսկ հունիսի 18-ի կեսօրից նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայր են մեկնել Եղվարդ և Հրազդան քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը:
Հունիսի 19-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 07.35-ին Աղվերան-Երնջատափ գյուղերի սահմանային սարերում հայտնաբերվել են մոլորված նախրապանները (Հ., Ա. և Հ. Հաբեթնակյան), ովքեր տեղանքին ծանոթ չլինելու պատճառով որոշել էին գիշերել տվյալ հատվածում:
Տուն ներխուժած գողը տեսնելով արթնացած տանտիրուհուն՝ դիմել է փախուստի
Հունիսի 16-ին, ժամը 03.30–ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Նուբարաշենի 9-րդ փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ սպորտային համազգեստով մի երիտասարդ մտել է իրենց տուն և տեսնելով, որ տանը մարդ կա՝ դիմել է փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.20-ին, անհայտ անձը բաց դռնից մուտք գործելով նշված տուն՝ գողացել է ճնշման սարք, չորս զույգ գուլպա, արևային ակնոց, մեկ տուփ անձեռոցիկ և մեկ տուփ «Ինդոմետազին» քսուք:
Տան բնակիչների արթնանալու և տանտիրուհուն տեսնելուց հետո՝ անծանոթը նշված իրերը գցել է տան բակում և դիմել փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով Նուբարաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1965 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Արթուր Օ.-ն: Նա խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Արթուր Օ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
Բջջային հեռախոսների գողը ձերբակալվել է
Օրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Մ. Ա.-ի բնակարանից 3 բջջային հեռախոս գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատված Ռուդիկ Բ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:
Ռուդիկ Բ.-ն ձերբակալված է:
Դեսպան Համլետ Գասպարյանի այցը Գեռլա
Հունիսի 15-ին դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Տրանսիլվանիա` մասնակցելու Գեռլա քաղաքի օրերին: Գեռլա քաղաքի օրերը ավանդական տոնակատարություն է, որ արդեն 15 տարուց ի վեր կազմակերպվում է տեղական իշխանությունների կողմից եւ համընկնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Անցյալ տարի Իջեւանի հետ բարեկամության համաձայնագիր կնքելուց հետո քաղաքային իշխանությունները քաղաքապետ Մարիուս Սաբոյի նախաձեռնությամբ որոշեցին այսուհետեւ պաշտոնապես միացնել զույգ տոները եւ հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը հայտարարել քաղաքի օրերի մեկնարկ:
Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Հորեա Ույորեանուն, Գեռլայի հետ եղբայրացած ֆրանսիական, իտալական, գերմանական, պորտուգալական եւ լեհական քաղաքների պատվիրակներ, իսկ Իջեւան քաղաքը ներկայացնում էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
Ժամանակին հայերի կողմից հիմնված քաղաքային այգուն հարող ընդարձակ մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը գեռլացիների առջեւ հատուկ ուղերձով հանդես եկան դեսպան Գասպարյանը եւ Վարուժան Ոսկանյանը` ընդգծելով նախկին Արմենոպոլիսի եւ շրջանի մյուս հայաբնակ քաղաքների նշանակությունը Տրանսիլվանիայի զարգացման եւ առաջադիմության գործում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնելով ռումինական իշխանություններին եւ տեղական պատասխանատուներին ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ տեղի հայ կաթոլիկ համայնքի կարիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Քաղաքի օրերի հանդիսավոր բացումից հետո ռումին բարձրաստիճան պաշտոնյաները եւ հրավիրյալ պատվիրակները ներկա եղան Գեռլայի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդության տաճարում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագին եւ Հայոց մշակութային տան գեղարվեստական ծրագրին:
Հաջորդ օրն առավոտյան դեսպան Գասպարյանը մասնակցեց Գեռլայի քաղաքապետարանում եղբայրացած քաղաքների պատվիրակների հետ կազմակերպված խորհրդակցությանը, որտեղ քննարկվեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցեր:
Օգտվելով առիթից` այդ օրերին Ֆրանսիայից ժամանած մասնագետի հետ դեսպան Գասպարյանն այցելեց նահանգային վարչական կենտրոն Կլուժ քաղաքի պետական արխիվներ, Գեռլայի եւ Դումբրավենի թանգարաններ եւ եկեղեցապատկան պահոցներ՝ ծանոթանալու այդ հաստատություններում պահվող հայկական ձեռագրերին, գրավոր փաստաթղթերին եւ պատմական ու գիտական հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերին, որոնք պետք է մաս կազմեն հետագայում կայանալիք ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ խոշոր ցուցահանդեսի:
Նոյեմբերյանի հետ եղբայրացած Դումբրավեն քաղաքում դեսպան Գասպարյանը հանդիպում եւ գործնական զրույց ունեցավ նաեւ քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի հետ:
Գեռլայում դեսպան Գասպարյանը հարցազրույցներ տվեց ռումինական հեռուստատեսության տարբեր ծրագրերի:
ՀՀ դեսպանի Տրանսիլվանիայի քաղաքներ այցը կազմակերպվել էր տեղի համայնքային ղեկավարներ Յոն Էստեգարի եւ Յոն Կալինեսկուի հետ համագործակցաբար:
Գյումրու ավագանին բոյկոտու՞մ է
Հունիսի 18-ը Գյումրիի ավագանու հերթական նիստի օրն էր: Օրակարգում ընդգրկված էր 15 հիմնական, 5 լրացուցիչ հարցեր և երկու հայտարարություն: Նիստը նախատեսած էր ժամը 12:00-ին, սակայն ավագանու 21 անդամներից ներկա էր միայն 9-ը, և ըստ ՏԻՄ օրենքի, եթե ներկա են ավագանու հիմնական թվից կեսից պակաս անդամներ, ապա իրավունք կա նիստը հետաձգել 30 րոպեով, որից հետո, անդամների թիվը չավելանալու դեպքում` նիստը չեղյալ է համարվում: Գյումրիի քաղաքաետն այդպես էլ վարվեց, և 30 րոպե հետո ավագանու անդամներն արդեն դահլիճում 11-ն էին ու քվորումն ապահովված էր:
Գյումրիի ավագանու անդամներից 6-ը նախապես, ըստ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժ/պ-ի, տեղյակ էին պահել` զբաղվածության պատճառով նիստին չմասնակցելու մասին:
Նշենք, որ վերջին ութ ամսվա ընթացքում, ինչ ձևավորվել է նոր ավագանին, սա առաջին դեպքն էր: Ավագանու անդամները միշտ մասնակցում են նիստերին, բացակայում են մեկը կամ երկուսը: Իսկ այս նիստն առանձնահատուկ էր նրանով, որ վերջապես Գյումրիի ավագանին ունեցավ նիստերի դահլիճ` վերանորոգված և կահավորված. մինչ այս նիստերը գումարվում էին քաղաքապետի աշխատասենյակում:
“Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, այսպես էլ է լինում” – լրատվամիջոցներին բացատրում էր Սամվել Բալասնայանը և խորհուրդ տալիս` քաղաքական ենթատեքստեր չփնտրել: – “Ոչ մեկն էլ չի բոյկոտում ավագանու նիստը: Դուք կարող եք իրենցից ճշտել”, – շարունակեց քաղաքապետը:
Նիստում քննարկվեցին հողեր օտարելու, աճուրդներ կազմակերպելու, սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու, ավագանու նախկին մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին հարցեր:
Գյումրիի ավագանին գրեթե բոլոր հարցերի շուրջ միաձայն կողմ էր քվեարկում: Ավագանու միաձայն որոշմամբ ընդունվեց նաև Գյումրիում բնակվող երկու սիրիահայ ընտանիքների 20,000-ական դրամի չափով ամենամսյա օգնություն ցուցաբերել` 1 տարի: Նրանք բնակվում են վարձակալած բնակարաններում և այս նպաստը հնարավորություն կտա կիսով չափ փոխհատուցել բնակարանի վարձավճարը:
Գյումրիում գերադասում են թաց ասֆալտը
Մինչ Երևանում քննարկում են կենտրոնը ձևափոխելու հարցը, Գյումրիում արագ տեմպերով ասֆալտապատում են կենտրոնական հրապարակն ու նրան հարող փողոցները: Քաղաքի մյուս փողոցներում զուգահեռ ընթանում են փոսային նորոգման աշխատանքներ և այնպիսի ջանասիրությամբ են աշխատում ասֆալտապատող ընկերությունները, որ հորդ անձրևն իսկ անզոր է խանգարել: Մասնավորապես, Վազգեն Սարգսյան փողոցում ջրմուղի քանդած ասֆալտն էր վերականգնում “Սադե” ընկերությունը: Երեկ երեկոյան, հորդառատ անձրևի տակ, երբ բոլոր փոսերը լցված էին ջրով, այս շինկազմակերպությունը փութաջան ասֆալտ էր փռում: Առավոտյան արդեն մարզպետի ու քաղաքապետի հանձնարարությամբ երեկոյան թաց ասֆալտը նույն եռանդով քանդվեց: Այսպես եղավ նաև մոտ մեկ ամիս առաջ` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ անձրևաջրախառն ասֆալտը նույն պաշտոնյաների պահանջով քանդվեց:
“Ես շնորհակալ եմ լրատվամիջոցներին, որ այդքան ուշադիր են և բարձրաձայնում են: Վ.Սարգսյան փողոցի ասֆալտն այսօր գնացել քանդել ենք տվել”, – դեպքի մասին ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
“Բարեբախտաբար, մի քանի օր անձրև չեկավ և կարողացանք հրապարակը` իր հարակից չորս փողոցներով ասֆալտապատել: Կապիտալ հիմնանորոգում կատարվեց կառավարության հատկացրած 300 մլն-ի և մարզպետարանի միջոցներով: Նույն չափի գումարներ մենք ենք ներդրել փոսային նորոգումներ կատարելու համար”, – նշեց Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետի փոխանցմամբ, մարզպետի հետ համաձայնություն է ձեռք բերվել ամբողջությամբ հիմնանորոգել Շիրակացի փողոցը` մի հատվածը մարզպետարանի, մյուսը` քաղաքապետարանի կողմից:
“Կփորձենք նաև զուգահեռ խճապատել երկրորդական փողոցները: Շատ ծանր վիճակում են գտնվում Անի և Մուշ-2 թաղամասերը կապող ճանապարհը, Կոմիտաս, Սավոյան, Բաղրամյան, Գերցեն, Շարա Տալյան փողոցները: Գիտեք, մեր “Գրեյդեր” մեքենաները շատ հին են և հիմա, մի փոքր նորոգվելուց, կարգի բերելուց հետո կսկսենք այդ փողոցների հարթեցման աշխատանքները”, – տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:



