Ձեռնարկվում են անխափան ջրամատակարարում ապահովելու միջոցներ

11406_am_10Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ընթացիկ տարում ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 մլն խոր. մետր ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 550 մլն դրամ է հատկացրել՝ 100-ից ավելի խորքային հորերը վերագործարկելու նպատակով: Առավել հրատապ և լուծում պահանջող աշխատանքների իրականացման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
Նիստում հավանություն է տրվել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին:
ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանք իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը: Անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում պայթեցման եղանակով արհեստական քարաթափում իրականացնել և վերացնել վերահաս վտանգը:
ՀՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի որոշմամբ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Դիտարանի շենք-շինությունները, աշխարհում եզակիներից համարվող ստորգետնյա դեֆորմոգրաֆը 1990թ. առ այսօր չեն նորոգվել, չունեն գազամատակարարման համակարգ, ջրամատակարարման համակարգը և ճանապարհը գրեթե անմխիթար վիճակում են: Գործադրի 2013 թվականի որոշմամբ հավանություն է տրվել ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը և կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԱԻՆ աշխատակազմին ամրացված գույքը, որի շենք-շինությունները, տարածքը 40 տարուց ավելի է, ինչ չեն նորոգվել և անմխիթար վիճակում են: Որոշմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Երևանի Աճառյան 54ա հասցեում գտնվող շենքը և հողամասը մոտ 400 մլն դրամ գնահատված արժեքով հանձնվել են կառուցապատողին՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ին, որը դրա դիմաց կապիտալ կնորոգի Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի շենք-շինությունները, կկառուցի գազամատակարարման համակարգ, կկատարի նախահաշվով ներկայացված այլ աշխատանքներ, կնորոգի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի 1-ին, 10-րդ մասնաշենքերը, կվերականգնի ջրամատակարարման ցանցը և այլն:

Սահմանվել է նպաստ նշանակելու և վճարելու կարգը

11406_am_7Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև նշված նպաստն ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:
Նիստում հաստատվել են նպաստները նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել են առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքի հավաստագրի և դրա հավելված հանդիսացող ուղեցույցի նախագծերը, որոնց տպագրության համար հատկացվել է մոտ 14 մլն դրամ:

 

Կմեծանա Ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունավետությունը

11406_am_2Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

2014թ. գնման պլանով նախատեսված ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր որոշմամբ փոխել է գնման ընթացակարգերը և լրացուցիչ աշխատանքների համար նախատեսել ֆինանսական համապատասխան միջոցներ:

Փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է, որ ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում պետք է դիտարկվի հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2015թ. ապրիլի 1-ից և 2016թ. հունվարի 1-ից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, ինչը նաև նշանակում է, որ կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների: Խնդիրը միայն ժամկետների ճշտումն է:
Հաջորդ որոշման կարգավորման առարկան ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների գործընթացի արդյունավետ կազմակերպումն է: Սահմանվել է շինարարական ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած այլ գնումների դեպքում ևս պատվիրատուի ղեկավար հանդիսանալու ընդհանուր կարգ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների մասով:
ՀՀ կենտրոնական բանկի առաջարկով ընդունած իր երկու որոշմամբ կառավարությունը ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին (ՖԴԿ) հնարավորություն է տվել պետական, այդ թվում՝ վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից ստանալ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նպատակներից բխող, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այդ նպատակով ոլորտ ներգրավված մարմինների միջև նախատեսվում է ներդնել «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը:

 

ՀՀ վարչապետ. «Չեմ հանդուրժելու ամենաթողության ցանկացած դրսևորում»

 ՀՀ կառավարության հերթական նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:
Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական:
Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»:

Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունն սկսել է հարցերի քննարկումը:

 

Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է

IMG_3741 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հերթական այցելությունն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի հ. 40 տանը  վարձակալությամբ բնակվող  ամուսիններ  Հակոբ Բերբերյանի և Սոնյա Դաբաղյանի չորս անձից բաղկացած ընտանիքին  էր, որը վերջերս  հյուրընկալել է նաև Սիրիայից ներգաղթած իրենց բարեկամուհուն՝ անչափահաս երկու երեխաների հետ:

Սոցիալական ապահովության վարչության պետը տանտիկնոջ հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները: Ընդգծելով, որ սիրիահայերը և նրանց  խնդիրները  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են, Ռ. Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նման այցելությունները շարունակական բնույթ են կրում, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում արել և անում է հնարավորը մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին լուծում տալու և նրանց սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետն այս և մյուս սիրիահայ ընտանիքներին առաջարկել է ակտիվ կապ պահպանել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների հետ՝ աջակցություններն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այս անգամ Բերբերյանների ընտանիքին որպես աջակցություն  տրամադրվել  է  հագուստ, կոշկեղեն և  դրամական  օժանդակություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

 

ՀՀ ԱԺ-ի և ԼՂՀ ԱԺ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը

հհ-լղհՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը,

Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը:

Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր,

Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան,

Հաշվի առնելով,  որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ,

Վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարևորության մասին:

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ,

ՀԱՄՈԶՄՈՒՆՔ  Է  հայտնում, որ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինչպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար:

ԴԻՄՈՒՄ Է Մինսկի խմբի համանախագահներին ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին:

 

 

Ուսուցիչ՝ ստրո՞ւկ, թե՞ պետական ոլորտի աշխատող. մանկավարժները չեն պատրաստվում լռել

IMG_4467Սոֆյա Հովսեփյանն աշխատում է դպրոցում որպես հոգեբան: Երբ պարտադիր կուտակայինի վերաբերյալ ընդունվեց միջանկյալ օրենք, ըստ որի` քաղաքացին կարող էր իր դիմումի համաձայն հրաժարվել դրանից, նա առաջին համարձակներից էր, որ իր տնօրենին փոստով դիմում ուղարկեց: Դիմումն ընդունվեց, պահված գումարն էլ հետ վերադարձվեց, քանի որ, ինչպես ինքն է ասում, կարողացել էր դպրոցի տնօրենին բացատրել, որ կառավարության դրդմամբ չպետք է փոխհարաբերությունների խնդիր ստեղծել:

Սակայն, օրեր առաջ Ազգային ժողովը ՀՀԿ մեծամասնության շնորհիվ հաստատեց կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կառավարության ներկայացրած նոր փաթեթը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցիալական վճար՝ պետական ոլորտի համար պարտադիր սկզբունքով: «Մեր կառավարությունը որոշեց մանիպուլյացիայի ենթարկել բնակչությանը,- այսպես է մեկնաբանում իրողությունը մանկավարժ-հոգեբանը,- սրանով հասարակությանը բաժանեցին մի քանի մասի, որ հավանաբար թուլացնեն պայքարի ուժը, բայց պայքարը չի թուլանալու»:

Ինչ վերաբերում է կառավարության հայտարարություններին հուլիսի 1-ից պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի զգալի բարձրացումների վերաբերյալ, ապա, նրա խոսքով, գոնե մանկավարժների մասով դա ծիծաղելի է:

Սոֆյա Հովսեփյանը ոլորտի այն քիչ մասնագետներից է, որոնք աշխատում են մեկ ամբողջ դրույքով, և նրա մաքուր աշխատավարձը կազմում է 71 000 դրամ: Իր աշխատավարձից մի քանի հազար դրամի պահումն էլ լուրջ հարված է ընտանեկան բյուջեին: Սակայն մանկավարժների մեծ մասն աշխատում է ոչ լրիվ դրույքով, և նրանց աշխատավարձերը կազմում են չնչին գումարներ:

«Ուսուցչի ամսական մեկ դրույք աշխատավարձը (շաբաթական 22 ժամը) 98 հազար 780 դրամ է, եթե դրանից հանում ենք 24,4 տոկոսը, ստացվում է շուրջ 74 հազար դրամ: Հիմա դարձրել են 108 հազար 700 դրամ, որից եթե հանում ենք 24,4 տոկոսը, դրան գումարած այդ 5 տոկոս սոցիալական պարտադիր վճարը, ստանում ենք շուրջ 75 հազար դրամ ու ինչ-որ պոչ: Այսինքն` աշխատավարձի բարձրացումը կազմում է ընդամենը 1900 դրամ: Բայց հիշենք, որ մեկ ամբողջ դրույքով աշխատողները շատ քիչ թիվ են կազմում դպրոցներում, քանի որ այդքան ժամաքանակի անհրաժեշտություն չկա: Ուսուցիչ կա, որ շաբաթական ընդամենը 3-4 ժամ ունի: Փաստորեն, ոչ լրիվ դրույքով աշխատողների համար, որոնք նաև պետք է սոցիալական այդ նպատակային վճարը կատարեն, աշխատավարձի բարձրացումն ընդամենը մի քանի հարյուր դրամ է կազմելու»,- ասում է երևանյան դպրոցներից մեկի հաշվապահը՝ Շողակաթ Բաբայանը:

Մանկավարժները նշում են, որ դպրոցի ներսում այս հարցով կան լուրջ խմորումներ, բոլորն էլ դժգոհ են թե՛ աշխատավարձերի բարձրացում կոչվածից, թե՛ պարտադիր պահումներից, որոնք պետք է կիրառվեն հուլիսի 1-ից, սակայն այդ մասին բարձրաձայնողները քիչ են, քանի որ վախենում են անգամ այդ աշխատավարձով աշխատանքը կորցնելուց:
«Եթե ուսուցիչը համաձայնել է 40-50 հազար դրամով աշխատել դպրոցում, որովհետև այլընտրանք չունի, նշանակում է՝ նրա համար 2000 դրամը հացի կամ տրանսպորտի խնդիր է լուծում: Նա երբեք կամավոր սկզբունքով այդ գումարը չի տա»,- ասում է մանկավարժներից մեկը:

Նշենք, որ մեր զրուցակիցներն այն ուսուցիչներն ու կրթական ոլորտի աշխատակիցներն էին, որոնք միացել են «Դեմ եմ» նախաձեռնությանը:

Հունիսի 23-ին նրանց ընդունել է նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Մանկավարժները դժգոհություն ու անհամաձայնություն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թ. ապրիլի 2-ի որոշմանը և ՀՀ մի շարք իրավական ակտերի, այլև ՀՀ Հանրային խորհրդի բանաձևին: Նրանց խոսքով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, նախ պետք է կազմակերպվեին նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, ապա նոր դա ներկայացվեր ԱԺ: Մինչդեռ օրենքն ընդունվել է առանց հանրային քննարկումների:

IMG_4480

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներն առաջարկել են Հանրային խորհրդին կազմակերպել հանրային քննարկումներ վիճահարույց օրենքի վերաբերյալ, որի ընթացքում հանրության լայն շերտերը հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնելու:

Վազգեն Մանուկյանի հանձնարարականով հաջորդ օրը՝ հունիսի 24-ին, Հանրային խորհրդում կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԽ անդամներ, պետական համապատասխան կառույցների պաշտոնյաներ, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ ու մանկավարժներ:

Վերջիններս պետական կառույցների պաշտոնյաների ներկայությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնել են իրենց մտահոգությունը՝ կապված օրենքի կիրառման հետևանքով դպրոցում առաջացած խտրականության դրսևորման հետ, ներկայացրել մանկավարժի խիստ ցածր աշխատավարձի և ոչ լրիվ դրույքաչափով աշխատելու պայմաններում պահվող գումարի բացասական ազդեցության, ինչպես նաև հուլիսի 1-ից պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման պարագայում մանկավարժների աշխատավարձերի չնչին փոփոխությունների մասին՝ նշելով, որ սոցիալական վճարների գանձման դեպքում բարձրացումը մեծ մասամբ մի քանի հարյուր դրամ է կազմելու:

«Դեմ եմ»-ի ակտիվիստներն էլ իրենց հերթին նշել են, որ նոր օրենքի պարագայում իրենց կողմից բարձրացված խնդիրները չեն լուծվել, քանի որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի պայմաններում քաղաքացուց լրացուցիչ գումարներ գանձելը որևէ կերպ արդարացված չէ, իսկ պետական ոլորտի վրա կիրառվող սոցիալական վճարը պարտադիր բնույթ է կրում, ինչը հակասահմանադրական է:

մանկավարժներ-1Պաշտոնյաները փորձել են պարզաբանումներ տալ, ներկայացնել օրենքի փոփոխման արդյունքում ի հայտ եկած առավելությունները՝ միաժամանակ նշելով, որ սա ծանր բարեփոխում է և չի կարող ցնցումներ չառաջացնել հասարակական որոշ շերտերում:
Սակայն, ինչպես նշում են քննարկմանը մասնակից մանկավարժները, կողմերից ամեն մեկը մնացել է իր կարծիքին:

Մանուկյանն առաջարկել է Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որը քննարկումներ կանցկացնի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կամբողջացնի բարձրացված հարցերը, մտահոգություններն ու առաջարկները և կներկայացնի դրանք ՀՀ նախագահին ու ՀՀ կառավարություն:

«Դեմ եմ»-ի կազմում ընդգրկված մանկավարժները նշում են, որ պայքարող ուսուցիչների թիվը բավականին մեծ է, անգամ մարզերից կան ուսուցիչներ: «Բայց քանի որ մարզերի դպրոցներում հիմնականում աշխատում են տնօրենների բարեկամ-ծանոթները, նրանք ուզած-չուզած չեն կարող ընդվզել»,- նշում է մանկավարժներից մեկը՝ հիշեցնելով, որ եղել է նաև դեպք, երբ մանկավարժին հեռացրել են աշխատանքից «Դեմ եմ»-ին միանալու համար:
Այսօր այս մի խումբ երիտասարդ մանկավարժները պատրաստ են իրենց իրավունքների համար պայքարել մինչև վերջ, ասում են, որ տարիներ շարունակ գլուխները կախ իրենց աշխատանքը կատարել են՝ առանց պահանջներ ներկայացնելու: Եվ չափազանց վիրավորված են նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին մանկավարժները խաղաղ ցույց էին կազմակերպել կրթության և գիտության նախարարության շենքի մոտ՝ այլընտրանքային տարբերակով փորձելով ԿԳՆ շենք մտնող տարբեր ուսուցիչներին, կրթական ոլորտի աշխատակիցներին իրազեկել և բացատրել պարտադիր կուտակայինի բացասական կողմերը, միաժամանակ պահանջելով, որ Աշոտյանն իջնի ներքև, լսի իրենց և պարզաբանումներ տա: «Աշոտյանը չիջավ ներքև, ավելին, հաջորդ օրը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ մեր երկրում ուսուցիչները պաշտպանության կարիք չունեն, և թող այլ կառույցներ չհորդորեն նրանց բողոքի ակցիաներ կազմակերպել»,- հիշեցնում է Սոֆյա Հովսեփյանը:-Ցավոք, էդպես էլ նրանց գիտակցությանը չհասավ, որ ամոթ է, երբ հասարակության այն օղակը, որը պիտի խաղաղություն տարածի, այսօր դուրս է եկել պայքարի, իսկ կառավարությունն իր քայլերով ստիպում է ուսուցչին ասել, որ այլևս պետք չէ այս աշխատանքը, որը ստրկական է»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ 

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

վրաերթՀունիսի 25-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, «Մերսեդես ML 430 V8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Արամայիս Զոհրանյանին, որը տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Հայոց պատմությունից 20 է ստացել 38, Քիմիայից` 40 դիմորդ

քննությունԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 20-ին կայացած Քիմիայի և Հայոց պատմության միասնական քննությունների  գնահատականները:

ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ Հայոց պատմությունից քննությանը մասնակցել է 1636 դիմորդ: Միջին գնահատականը 13,43 է: Կտրվել է 192 դիմորդ (11,74 տոկոս): 7,5-13,25 է ստացել 593 դիմորդ (36,25 տոկոս), 13,5-17,75 է ստացել 472 դիմորդ (28,75 տոկոս), 18-20 է ստացել 379 դիմորդ (23,17 տոկոս):

20 բալ է ստացել 38 դիմորդ:

2013-ին Հայոց պատմության միջին գնահատականը 12,53 էր, անբավարար էր ստացել դիմորդների 10 տոկոսը, իսկ 49 դիմորդ էլ 20 բալ էր հավաքել:

Քիմիայից քննությանը մասնակցել է 969 դիմորդ: Միջին գնահատականը 12,94 է: Անբավարար է ստացել 147 դիմորդ (15,17 տոկոս): 7,5-13,25 է ստացել 360 դիմորդ (37,15 տոկոս), 13,5-17,75 է ստացել 243 դիմորդ (25,08 տոկոս), 18-20 է ստացել 219 դիմորդ (22,60 տոկոս):

Քիմիայից 20 բալ է ստացել 40 դիմորդ:

Նախորդ տարի Քիմիայի միջին գնահատականը 12,56 էր, անբավարար էր ստացել դիմորդների 18 տոկոսը, իսկ 62 դիմորդ էլ վաստակել էր 20 բալ:

 

Դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերեցին

գողությունԱպրիլի 28-ին, ժամը 22.00-ին, 1952 թ. ծնված Աշոտ Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտ ոմն Ռիմա գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և իր բազմազավակության մշտական տոմսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռիման 1977 թ. ծնված Ռիմա Շ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Նրան 8 տարի որոնում էին Մոսկվայի իրավապահները

ձերբակալվելՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Իվան Յ.-ն, որը 2006 թ. մարտի 15-ից ՌԴ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության վարչության կողմից հետախուզվում էր խուլիգանության և մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքներով:

«Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան ». ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ է մնացել:

Տաքսու վարորդը գողացել է ուղևորի ճամպրուկը

ճամպրուկՀունիսի 15-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1965 թ. ծնված Աշոտ Ս.-ն նույն օրը, ժամը 00.50-ին, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկից նստել է անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենա, գնացել Քանաքեռ ՀԷԿ թիվ 17 շենքի մոտ, իսկ երբ իջել և մի քանի րոպեով մտել է շենք` տաքսու վարորդը հեռացել է` գողանալով մեքենայում մնացած իր ճամպրուկը, որի մեջ եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, հագուստներ, տան բանալիներ և 150 դոլար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1963 թ. ծնված Հովհաննես Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, ներկայացել է բաժին:
Ճամպրուկն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

4 ժամում` 20 անսթափ վարորդ Երևանում

վարորդՀունիսի 25-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 26 ավտոմեքենա. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 6-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր. Արփինե Հովհաննիսյան

Արփինե-Հովհաննիսյան-600x600ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից հարց չտալու փաստին`մեկնաբանելով դրդապատճառները:

Նա գրում է. «Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիևին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ և մատչելի պարզաբանել.

ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաև դիվանագիտական բնույթի աշխատանք, հետևաբար և դիվանագիտական մոտեցումներ: Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է՝ ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր: Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիևի համար և հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ և ռեակցիոն պատասխանի և վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը:
Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք:
Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի»:

Երիտասարդական աշխատանքը հանուն ինտեգրացիայի. Սիրիահայերը հայրենիքում փախստական չեն

10477628_683052408397273_1224583175_nԱնձի ազատ տեղաշարժի իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք, յուրաքանչյուր ոք ունի ցանկացած՝ այդ թվում սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադանալու իրավունք: Կառավարությունները սովորաբար երաշխավորում են իրենց քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ֆիզիկական անվտանգությունը, բայց երբ մարդիկ փախստական են դառնում, անվտանգության այս ցանցն անհետանում է: Փախչելով պատերազմից ու հետապնդումներից և դառնալով փախստական` մարդիկ հաճախ հայտնվում են անչափ խոցելի իրավիճակում, զրկվում իրենց պետության պաշտպանությունից:

Հունիսի 24-ից 30-ը «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» հասարակական կազմակերպությունը (SYW) Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է երիտասարդ փախստականների խնդիրներին նվիրված «Youth work for refugee inclusion» միջազգային ծրագիրը, որին մասնակցում է տասը եվրոպական երկրների շուրջ 40 ներկայացուցիչ:

Փախստականը, ըստ ՀՀ օրենսդրության, ունի տնտեսական, սոցիալական և մշակութային նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացին: Սակայն փախստականները հարկադրաբար հայտնվելով օտար երկրներում՝ բախվում են, ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական և ինտեգրացիոն մի շարք խնդիրների: «Հայաստանն ունի յուրահատկություն. մեր փախստականների 99%-ը էթնիկ հայեր են: Ծրագրի գաղափարն առաջացավ 2012թ.-ին, երբ կազմակերպությունն սկսեց աշխատել Սիրիայի փախստականների հետ: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կան եվրոպական երիտասարդական կազմակերպություններ, որոնք մշակել են փախստականների հետ աշխատելու և նրանց խնդիրները լուծելու նոր մեթոդներ», -ասում է ծրագրի համակարգող Սիրարփի Մանյանը:

Փախստականների հոսքը Հայաստան սկսվել է 1988 թվականից, երբ Ադրբեջանից հարկադրաբար Հայաստան են տեղափոխվել ավելի քան 360,000 մարդ: Վերջին տարիներին սիրիական հակամարտության պատճառով Հայաստանում հանգրվանեցին բազմաթիվ սիրիահայեր, ովքեր, չնայած փախստականի կարգավիճակ չունեն հայրենիքում, սակայն թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեպես կայանալու կարիք ունեն:

«Անհրաժեշտաբար պիտի հաշվի առնենք հայկական առանձնահատկությունները. Սիրիահայերը հայրենիքում չեն կարող դիտվել որպես փախստական»,-իր բացման խոսքում նշեց ԵՄ փորձագետ, Երիտասարդական ակումբների նախագահ Ատոմ Մխիթարյանը:

«Youth work for refugee inclusion» միջազգային ծրագրի նպատակն է քննարկել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների փորձն ու գիտելիքները, մշակել երիտասարդ փախստականների հետ աշխատանքի նոր մոտեցումներ` նպաստելով նրանց` հասարակությունում արդյունավետ ներգրավմանը»,- նշեց հյուրընկալող կազմակերպության նախագահ Ռոբերտ Մխիթարյանը:

 

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լատվիա

Էդվարդ ՆալբանդյանԼատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա:

Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

g_imageՀունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

Ինչպիսին են հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում

հեհՀունիսի 25-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հրավիրված միջոցառման ընթացքում ներկայացվեցին Համշենը, համշենահայությունն ու նրա մշակույթը։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը։

Միջոցառումը կազմակերպել էր «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցաբար հասարակության տարբեր շերտերին ներկայացնում է հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը նկատում է, որ Թուրքիայում բնակվող համշենցիներն առանձնահատուկ են իսլամացած և ծպտյալ հայերի շրջանում։ Նրանց մի մասը հայախոս է՝ հաղորդակցվելով հայկական բարբառներից մեկով։ Թուրքագետը նշում է, որ բացի Թուրքիայից` առկա են համշենցիների խմբեր Միջին Ասիայում, Աբխազիայում, Ռուսաստանում։ Հետխորհրդային շրջանում բնակվող համշենահայերը քրիստոնյա են, հայախոս և իրենց համարում են հայ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի համշենցիներին, ապա նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, մյուս մասը՝ ոչ։ Թուրքագետը նկատում է, որ այս հարցում համշենցիները թերևս մեղավոր չեն, քանի որ տարիներ շարունակ թուրքական պատմագրությունը նրանց մեջ մտցրել է այն գաղափարը, թե իբր համշենցիները թուրքական ցեղի մի տեսակ են։ Եվ նրանց համար դժվար է միանգամից կարծրատիպերը հաղթահարել։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում որոշ տեղաշարժեր նկատվում են։ Համացանցի, հաղորդակցման միջոցների զարգացման, հայ գիտնականների ուսումնասիրությունների ու այցելությունների շնորհիվ համշենցիները տեղեկանում են իրենց ծագման մասին։

«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի հեղինակ Լուսինե Սահակյանը կինոնկարի ցուցադրումից  հետո պատասխանեց հանդիսատեսի հարցերին։ Նա մասնավորապես նշեց, որ ֆիլմն արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային, Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոներում, Տորոնտոյի «Նուռ» փառատոնում, Պրահայում և այլն: Այսօր արդեն ֆիլմի տիտրերը թուրքերեն թարգմանելու մտադրություն կա։

Նշենք, որ ֆիլմում տեղ են գտել դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության պատմության, նրա բնակիչների բռնի իսլամացման մասին։ Ռիզեի և Արդվինի նահանգներում կատարված բացառիկ նկարահանումների շնորհիվ հանդիսատեսը ծանոթանում է Խոփայի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Չայելիի գավառների համշենցիների պարերի, երգերի, նրանց խոսվածքի ու բանահյուսության, հավատալիքների, զբաղմունքի, ինչպես նաև խոհանոցի հետ:  Ներկայացվում են նաև ինքնության հետ կապված համշենցիների ընկալումներն ու նրանց ժողովրդագրական պատկերը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Լրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Լրագրողի դիմումը կքննարկվի Էթիկայի հանձնաժողովում. Փաստինֆո

հերմինե նաղդալյանԱզգային ժողովի Էթիկայի հանձանաժողովը հունիսի 26-ի դռնփակ նիստում կքննարկի լրագրող Արևիկ Իսաջանյանի դիմումն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Հանձնաժողովը պետք է որոշում կայացնի՝  դիմումի քննությունը սկսելու կամ մերժելու վերաբերյալ: Այս մասին գրում է Փաստինֆոն:

Խորհրդարանում հավատարմագրված լրագրողը հունիսի 12-ին դիմել է հանձնաժողովին՝ մասնավորապես հայտնելով, որ  իր մասնագիտական գործունեության իրականացման շրջանակում հունիսի 10-ին, մոտեցել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին՝ «մի քանի հարց ուղղելու իր սեփականատիրական գործունեության վերաբերյալ»:

«Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը վիրավորել է ինձ՝ լրագրողիս՝ անվանելով «անգրագետ» (որպես ապացույց՝ կարող եմ ներկայացնել նաև իմ և տկն Նաղդալյանի զրույցի ձայնագրությունը)»,- մասնավորապես ասված է դիմումում:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.