Սպասվում են տեղումներ

big_1370943865_3pMiw6E0IPl21rFL5wbKGqvyLKՀանրապետության տարածքում`

Հունիսի 12-16-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա՝ ընդհանուր առմամբ 8-10 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 12-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է: 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

  • Օդի առավելագույն ջերմաստիճան 35.40C (1990 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան 9.30C (1985 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան 21.40C

 

Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով դասընթացի բացում ՀՀ ԱԳՆ-ում

393. Launching of the Conference on security issues at the MFA 11.06.2013Հունիսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Անվտանգության ոլորտի բարեփոխումների թեմայով վերապատրաստման դասընթացի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին` Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության պատվիրակությունը, ՀՀ գերատեսչությունների ու ԵԱՀԿ ներկայացուցիչները:

Դասընթացը կազմակերպվել է Հայաստանի ԱԳՆ, Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարության ու Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից: Այն անցկացվելու է Ծաղկաձորում հունիսի 11-14-ը, որի ընթացքում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի մասը կազմող Անվտանգության ոլորտի միջազգային խորհրդատվական թիմի փորձագետները անվտանգության խնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կդասավանդեն անվտանգության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի եւ դրա բովանդակության, հետհակամարտային միջավայրում բարեփոխումների ծրագրման եւ կոորդինացման, ինչպես նաեւ հիմնախնդրին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Իր ողջույնի խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց դասընթացի անցկացումը` նշելով, որ Հայաստանը ձեռնարկել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ: Միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ զինված ուժերի եւ անվտանգության համակարգի այլ բաղադրիչների արդյունավետությունն ու որակական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ`  առկա մարտահրավերներին, մասնավորապես՝ պետությանը եւ իր քաղաքացիներին ուղղված արտաքին սպառնալիքներին արձագանքելու դրանց կարողությունները ամրապնդելու նպատակով:

Իր ելույթում Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունեց սեմինարի մասնակիցներին եւ վստահություն հայտնեց, որ դասընթացն իր նպաստը կբերի Հայաստանի անվտանգության համակարգի բարեփոխումներին:

Վարչապետը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված տոնական ընդունելությանը

10465_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և երջանկություն:
«Բարի ավանդույթի համաձայն, այս օրը, բարեկամների շրջապատում, մենք նշում ենք այս երիտասարդ, սակայն կարևոր տոնը, որը կապված է ռուսական պետության նորագույն պատմության շրջադարձային իրադարձությունների հետ: Մեր ժողովուրդների կողմից պատմական ընտրություն է կատարվել՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման: Դրա համար այս տոնն ասոցացվում է այն հիմնարար փոխակերպումների հետ, որոնք տեղի ունեցան ողջ ռուս հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքում՝ նոր, ժամանակակից Ռուսաստանի կառուցմամբ:
Ռուսաստանի օրը տոն է, որը միավորում է այդ երկրի բոլոր քաղաքացիներին՝ տարբեր սերունդների և տարբեր ազգային մշակույթների: Սա յուրաքանչյուր քաղաքացու տոն է, որը հասկանում է, որ երկրի հաջողությունը կախված է նաև իր անձնական ջանքերից:
Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մեզ ոչ միայն հաջողվել է պահպանել դարավոր եղբայրական և բարեկամական կապերը, այլև ամրապնդել այն հիմքը, որի հիման վրա հայ-ռուսական հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մակարդակով: Կարևոր է, որ մեր հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ շնորհիվ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում իրականացվող նոր նախաձեռնությունների:
Մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հնարավոր է դարձել ոչ միայն բարձր մակարդակի փոխադարձ վստահելի երկխոսության, այլև այն նախաձեռնությունների և առաջարկությունների շնորհիվ, որոնք գալիս են մեր երկրների հասարակ քաղաքացիների կողմից»,
– ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ունենալով նման ընդարձակ հասարակական աջակցություն՝ երկու երկրներին կհաջողվի համատեղ ջանքերով էլ ավելի ամրապնդել երկկողմ միասնականությունը: Որպես երկու պետությունների առաջընթացի կարևոր նախապայման՝ Տիգրան Սարգսյանը նշել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

 

«Շանթ»-ը պարզաբանում է Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու պատճառները

arm137096204965«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ.

«Հաշվի առնելով համացանցում տարածվող հակասական ու տարաբնույթ տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում հայտարարել, որ Շանթ հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսևորել հեռուստաընկերության հանդեպ:

Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում:

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում և ոչ մի օգուտ չեն տալիս»:

 

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Բայց ինչ նման ենք… Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:

Նաև նշենք, որ Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջին բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարում` իրենց աջակցությունը հայտնելով հեռուստալրագրողին և քննադատելով այն իրողությունը, որ ֆեյսբուքում ազատ արտահայտվելը կարող է աշխատանքից ազատվելու պատճառ դառնալ:

 

Առվի ջրերը լցվել են անասնագոմ .ջրահեղձվել է 15 հավ

ջրահեղձվել է 15 հավՀունիսի 11-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով վարարած առվի ջրերը լցվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արմավիր թաղամասի թիվ 1 տանը կից անասնագոմը (մոտ 2 մ):

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրահեղձվել է 15 հավ. անասնագոմը չի վնասվել:

ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե…

Armen-rustamyanՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին` «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: «Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունն ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս  ուղղությամբ»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` այս խնդիրն առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի նախագահությունը: Նրա համոզմամբ, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները. առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝  ԵԽ-ն պետք է լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Ըստ Ռուստամյանի, աա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունն այդ քննարկումներին: Ըստ նրա` այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:

Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը, հատկապես` կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման  և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ:

«Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի ու ստանդարտների չկիրառմանը»,-համոզված է Արմեն Ռուստամյանը:

Վերջապես` լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գործընթացին, ըստ նրա, կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին` վերահաստատել 1994թ. զինադադարի բիշքեկյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր:

«Հուսով եմ՝ Հայաստանը կօգտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ին մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն»,-ամփոփեց դաշնակցական պատգամավորը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գնդապետ Հենրիկ Մուրադյանը հինգ տարի պայմանագրային ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով:

Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Կամո Քոչունցը, ով ազատվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանն ազատվել է ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ ազատվելով ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար:

 

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

001 (3)Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ:

Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում ծրագրային ընթացք են ստացել և երկու մայրաքաղաքների միջև այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվում:

<<Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը ևս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել է նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Երևանի կառավարման գործում: Անդրադառնալով Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համատեղ ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության ու հետևողականության համար: Առանձնակի կարևորելով Երևանի և Ստեփանակերտի  քաղաքապետարանների միջև 2012-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող գործնական քայլերը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նաև նկատել է, որ վերջերս Արցախում կազմակերպված համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի անցկացումը ևս լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրի հետագա ծրագրերի հետ կապված հարցեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՊՆ. Գագիկ Ջահնգիրյանը կանչվել է հարցաքննության

ջհանգիրյան«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի 11.06.2013թ. համարում «Վիրավորների թիվը երկուսից ավելի է» վերտառությամբ հոդվածում հրապարակվել է «Civilnet» ինտերնետային հեռուստաընկերության տաղավարում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, որում վերջինս` անդրադառնալով    2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված հանցագործությանը, հայտարարել է. «Տեղի է ունեցել ծանրագույն հանցագործություն: Մեկը սպանվել է, բանակի սպան, հրամանատարը ծանր վիրավորվել են: Էլի վիրավոր կա: Ես վստահ եմ, որ էդ երկուսը չեն վիրավորվել: Իմ տեղեկություններով` վիրավորների թիվն ավելի շատ է»:

Գ.Ջհանգիրյանի կողմից ներկայացրած տեղեկատվության աղբյուրը և դրա ճշմարտացիությունը ստուգելու համար ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Գ.Ջհանգիրյանին` 13.06.2013թ. ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժին կանչելու և գործով որպես վկա հարցաքննելու համար:

 

ՀՀ ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հայտարարությունը

բանտ2013թ. մայիսի 29-ին և 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:

Առաջինը հաշվետվությունը վերաբերվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Դ. Մ.-ի առողջական վիճակին, ով տառապում է մի շարք հիվանդություններով և նրա վիճակը գնահատվել է խիստ ծանր: Խմբի անդամներն արձանագրել են, որ դատապարտյալին անհրաժեշտ է շուրջօրյա խնամք, առանձնացված պալատ, մասնագիտացված բուժում, որպիսին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ապահովել հնարավոր չէ:

Ս.թ. մայիսի 29-ին Դիտորդական խմբի կողմից ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված հրատապ հաշվետվությամբ բարձրացվել են հիշյալ դատապարտյալին շատ շտապ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդիրները:

ՀՀ քրեակատարողական վարչությունից ստացվել է պատասխան, որի համաձայն՝ դատապարտյալ Դ. Մ.-ն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան տրամադրվում է համապատասխան բուժում: Միաժամանակ, Դիտորդական խմբին հայտնվել է, որ դատապարտյալ Դ. Մ.-ի՝ պատժից վաղաժամկետ ազատման հարցը կքննարկվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջիկա նիստում:

Դիտորդական խումբը դրական է գնահատում ՀՀ քրեակատարողական վարչության կողմից տվյալ հարցի լուծման վերաբերյալ դրսևորված պատրաստակամությունը:

Մյուս հրատապ հաշվետվությունը վերաբերվում էր նրան, որ 2013թ. մայիսի 28-ին դիտորդական խմբի անդամները «Վանաձոր» ՔԿՀ այցելության ընթացքում մի քանի դատապարտյալների վրա հայտնաբերել էին մարմնական վնասվածքներ, որի վերաբերյալ նույնպես ներկայացվել էր հրատապ հաշվետվություն:

«Վանաձոր» ՔԿՀ-ում առկա փաստաթղթերի և վարչակազմի կողմից ստացված պարզաբանումների համաձայն՝ «Ս.թ. մայիսի 27-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի 3 դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ՝ սամբոյի հնարք և հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, բարձրաձայն զազրախոսելու, խցից դուրս հրավիրելու օրինական պահանջին չենթարկվելու, խուզարկության իրականացմանը խոչընդոտելու պատճառով» :

Կատարվածի վերաբերյալ Դիտորդական խումբը մտահոգություն է հայտնում հետևյալի մասին` արդյոք կիրառված ֆիզիկական ուժը և հատուկ միջոցը համաչափ են եղել կատարված արարքին, որի վերաբերյալ խումբը արձանագրում է հետևյալ խնդրահարույց հարցերը.

–          Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ արձանագրություններում հստակ նշված չէ, թե կոնկրետ ինչպիսի հնարք է կիրառվել դատապարտյալների նկատմամբ:

–         Արդյոք բոլոր դատապարտյալների նկատմամբ որպես ֆիզիկական ուժ նույն հնարքն է կիրառվել:

–         Արդյոք տվյալ հնարքի կիրառումը համաչափ էր դատապարտյալների արարքին:

–         Դատապարտյալների վնասվածքները 2013թ. հունիսի 3-ի դրությամբ դեռևս արձանագրված չեն եղել դատաբժիշկ-փորձագետի կողմից, թեև վարչակազմի կողմից նման որոշում կայացվել էր:

–         Դատապարտյալ Ա. Գ.-ի վերաբերյալ տարբեր փաստաթղթերի ուսումնասիրությունը փաստում է, որ դատապարտյալի մոտ առկա ոչ բոլոր վնասվածքներն են արձանագրված:

–         Արդյոք կիրառված հնարքը կարող էր հանգեցնել դատապարտյալների մոտ արձանագրված մարմնական վնասվածքների առաջացմանը:

Տեղեկացնում ենք նաև, որ երկրորդ հրատապ հաշվետվության վերաբերյալ դիտորդական խումբը դեռևս պատասխան չի ստացել:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբ

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է Մարտի 1-ի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ

071409153230ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ նախորդ քառօրյայում Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի մերժմանը:

«Ժամանակավոր հանձնաժողովի մերժմամբ, սակայն, Մարտի 1-ի գործը չփակեց,-ասաց նա,-ընդհակառակը, դա հավելյալ բարդություններ հարուցեց: Մարդասպաններին պատժված տեսնելու հույսը զոհերի հարազատների մոտ փոխվեց հուսալքության»,-ասաց նա:

Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտման և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը թե երկրի ներսում, թե միջազգային ատյաններում:

Նա դիմեց Աժ նախագահին` առաջարկելով Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանում կազմակերպել լսումներ (համաձայն են նաև փակ լսումներին): «Հուսով ենք, որ հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած պատգամավորներն այդ լսումների ընթացքում կվերահամոզվեն, որ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտություն է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը օֆշորային սկանդալի մասին պարզաբանում խնդրեց ֆինանսների նախարարից

images (1)Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց 2012 թ. բյուջեի կատարողականը: Ըստ նրա՝ նշված տարում տնտեսական աճը կազմել է 7.2% աճ, որին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը, գնաճը կազմել է 3.2%՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հատկանշական համարելով այն երևույթը, որ բյուջեի կատարողականը ներկայացնում է մի մարդ, որը նշված ժամանակահատվածում կառավարության անդամ չի եղել, ասաց. «Սա իսկապես բնորոշ փաստ է և հերթական անգամ ցույց է տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ Ազգային ժողովի կանոնակարգը Տիգրան Սարգսյանին հնարավորություն է տալիս Ազգային ժողովում խուսափել հիմնական զեկուցողի կարգավիճակից, նա դա անում է, որովհետև կռահում է, որ կան հարցեր, որոնց պատասխանելը նրա համար հեշտ չէ»,-ասաց Փաշինյանը:

Դիմելով ֆինանսների նախարարին`ՀԱԿ պատգամավորը հարցրեց. «Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել տեղեկությունները հանրահայտ օֆշորային սկանդալի մասին: Մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի և երրորդ անձի օֆշորային գոտում բացել է հաշվեհամար, որի արդյունքում Հայաստանի բանկերից տրված 10 միլիոն դոլարի վարկը, ըստ էության, անհայտ վիճակում է գտնվել, և մամուլում տեղեկություններ կան, որ այդ միջնորդության գործում Տիգրան Սարգսյանն անձամբ է դերակատարություն ստանձնել, և գումարների մի մասն էլ հետ են փոխանցվել տվյալ բանկ»։

Ընդհանրապես, Փաշինյանի կարծիքով, դա շատ կասկածելի գործարք է, որն ուղղակի հարցականի տակ է դնում ոչ միայն կառավարության օրինական հանձնառությունը` ծառայել ՀՀ ժողովրդին, այլ անձամբ Տիգրան Սարգսյանի:

Փաշինյանին պատասխանեց ֆինանսների նախարարը`հիշեցնելով, որ վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել և ինչ տարբերակով է օգտագործվել համապատասխան պաշտոնյայի անունը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը հենց դրանում է. փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից այդ մասին ասել»:

«Պարո՛ն Փաշինյան, կարծում եմ, որ խնդիրը նրանում է, որ դուք բարձրացնում եք և տալիս եք հարց ոչ թե պատասխան լսելու, այլ հնչեցնելու համար»,-նկատեց Դավիթ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն` վերջերս «Հետք» էլեկտրոնային օրաթերթում հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում իր անունն արծարծելու համար:

 

«Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ

հայրենիքի զինվորԴիլիջանում մեկնարկել են «Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ, որոնց մասնակցում են 16-ից 22 տարեկան երիտասարդներ Հայաստանից ու Արցախից, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ: Ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական գործիչներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները: Դասախոսություններից բացի կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղ-մրցույթներ:

«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները կազմակերպում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

10464_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
ԵՄ դեսպանների խնդրանքով վարչապետն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրին՝ մանրամասն ներկայացնելով հիմնական առաջնայնություններն ու խնդիրները:
Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղի զարգացմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ուղղված աշխատանքների շուրջ:

Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ստորագրելՆախագահը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճան շնորհելու մասին: Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Արմեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապտությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հրանտ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Լևոն ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար

Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն ԼԻԼՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական

Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար»։

«Այս ձևը ձև չի». ՀՅԴ-ն նույնպես դեմ է

hyd-xmbakcutyuny-chi-n34542-1Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցը դիտարկեց երեք` կրթական, լեզվաքաղաքական և տնտեսական քաղաքականության հարթության մեջ:

«Առաջինի առումով բոլորս էլ համաձայն ենք: Այո, Հայաստանն ունի մրցակցային մեկ առավելություն՝ ինտելեկտուալ ներուժը: Կրթական ծառայության արտահանման առումով կարևոր է սա: Սակայն, երբ քննարկում էինք Լեզվի և հանրակրթության մասին օրենքները և այս հարցերը բարձրացնում էինք, ասում էիք` բոլոր ծրագրերը մանրամասն ներկայացնելու եք Ազգային ժողով: Ցավոք, մենք հիմա դա չենք տեսնում: Ինչքան էլ ասեք, որ հետագայում կներկայացեք և այլն, երկրորդ անգամ արդեն մենք օդի մեջ քննարկում ենք»:

Արծվիկ Մինասյանի մտահոգությունները վերաբերում են նաև Հայաստանում շնորհաշատ երեխաների համար անվճար և որակյալ կրթություն ապահովելուն և նրանց ներուժը Հայաստանին ծառայեցնելուն: Մինասյանի կարծիքով` ոչինչ չի ստիպում լավ կրթություն ստացածին մնալ Հայաստանում, ուստի պետք է նախ և առաջ պայմաններ ապահովել, որպեսզի այդ կրթությունը ստանալուց հետ նրանք մնան Հայաստանում և ծրագրում ներառել հստակ պայման:

ՀՅԴ պատգամավորը կիսեց գործընկերների մտահոգությունը` կապված ծրագրի բացակայության հետ. «Եթե ծրագիր չկա, ի՞նչն ենք քննարկում: Քննարկում եք, որ ի՞նչ անեք: Ո՞ւմ ենք տալիս արտոնությունը: Այս ձևը ձև չէ»,-ասաց նա:

Տնտեսական քաղաքականության տեսակետից նա գտնում է, որ եթե այս արտոնությունների քաղաքականությունն իսկապես բերելու է այն սոցիալական էֆեկտին, ինչի մասին վստահեցնում է կառավարությունը, ապա  անհրաժեշտ է այն ընդգրկել նաև այլ մրցունակ ճյուղերում:

Մինասյանին նաև հետաքրքրում է, թե ովքեր են դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամները, որտեղի՞ց է դպրոցը ֆինասնավորվելու: Նրա կարծիքով` սրանք ազգային անվտանգության հարցեր են:

Մինասյանն առաջարկեց  առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություն մտցնել և գրել, որ որ արտոնություններ կտրվեն այն դեպքում, երբ խորհրդարանին կներկայացվի ծրագիր: «Մենք հնարավորություն ունենք արտահերթ նիստեր գումարելու, լսումներ անցկացնելունք, սա կրթական քաղաքականություն է ի վերջո»:

Խմբակցության վերջնական տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. «Կառավարությունը պետք է հետաձգի այս օրենքի ընդունումը, ԱԺ-ին հանգամանորեն բոլոր հնարավոր ռիսկերը ներկայացնի, և մենք իմանանք, ինչ ենք ընդունում: Եթե մենք ինքներս մեզ չհարգենք, մեզ ոչ ոք չի հարգի»,-ասաց Վարդանյանը:

Դոլարը շարունակում է վայրէջքը

դոլարՀունիսի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ:

«Ռուբեն Վարդանյանը լիներ էս դահլիճում, կթքեր-կհեռանար». Արտաշես Գեղամյան

timthumbԴիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնությունների տալու նախագծի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը շտապեց պաշտպանել նախագիծn ընդդիմադիրների անողոք քննադատություններից: «Մի պահ պատկերացրեցի, որ հարգարժան և շնորհաշատ գործարար Ռուբեն Վարդանյանն էս դահլիճում լիներ ու լսեր էս ամենը, կթքեր կհեռանար»,-ասաց նա:

Գեղամյանը հարց բարձրացրեց, թե մինչև ե՞րբ պետք է այսքան անշնորհակալ լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք գումարներ են հայթայթում և ներդրումներ են անում հայրենիքում:

Գեղամյանն ընդունում է, որ կան մասնակի, տեխնիկական բնույթի թերություններ, բայց այնուամենայնիվ, նա հորդորում է բաց աչքերով նայել ճշմարտությանը, որն այս դեպքում հետևյալն է. հսկայական ներդրում է իրականացվում, որին պետությունը չի կարող անմասն մնալ, և այդ հարկային արտոնությունները պետության ներդրումն է այդ ծրագրին: «Նման ուսումնական հաստատության բացումը ՀՀ ողջ կրթական համակարգի վրա բարերար ազդեցություն կունենա և կբարձրացնի մեր կրթության վարկը»,-վստահ է Գեղամյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, արձագանքելով Գեղամյանին, ասաց. «Ընդհակառակը, եթե Ռուբեն Վարդանյանն այստեղ լիներ, ոչ թե կթքեր-կհեռանար, այլ կհարգեր իր երկրի խորհրդարանը»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

3226Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ Նախագահին և եղբայրական ռուս ժողովրդին առաջիկա պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է գործընկերոջը քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական ռուս ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վաղը տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը

3 (1)Վաղը Երևանի «Էրեբունի» թանգարանի տարածքում  տեղի կունենա «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները կներկայացնեն հայկական ծիսական ուտեստների շուրջ 60 տեսակ։ Միջոցառման նպատակը մեր ազգային խոհանոցի ցուցադրումն է հանրության լայն շերտերին։ Ներկայացվելու են եկեղեցական 13 տոներ։ Կցուցադրվի, թե այդ տոների ժամանակ ինչ կերակրատեսակներ են դրվել սեղանին, ինչ ձևավորմաբ և այդ կերակրատեսակներն ինչ նշանակություն են ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը և «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը։

«Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Աղասի Խանջյանի համանուն կտավի պատվին: Փառատոնի մուտքն անվճար է լինելու, բայց ուտեստները՝ վճարովի։ Մամուլյանի փոխանցմամբ՝ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով։

Փառատոնին իրենց ազգային կերակրատեսակներով, երգ ու պարով կներկայանան նաև Հայաստանում ապրող հույներն ու ուկրաինացիները։ Տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդեսին կլինի նաև ազգային երգ–երաժշտություն և պար, ազգային խոհանոցի ծեսերի հետ կապված թատերական ներկայացումներ և այլն։