Հուլիսի 1-ից հանրապետությունում կբարձրացվեն աշխատավարձերը

ԼՂՀ կառավարությունԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:

Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով` հանրապետությունում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ, հաշվարկման հիմքում օգտագործվել են ՀՀ-ում գործող գործակիցները: Եթե աշխատողի` նոր համա­կարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը, իսկ նախորդ տարիներին առանձին ոլորտներում կատարված բարձրացումները կհամահարթեցվեն: Հաշվարկների համաձայն` այս մեխանիզմով մոտակա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի գործել լիարժեք, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց: Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը: Այս կարևորագույն խնդրի լուծման նպատակով ամսական շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետական բյուջեից` 19,5 հազար շահառուների համար:

Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին:

Կարևորելով աշխատավարձերի բարձրացման գործընթացը` ԼՂՀ վարչապետը նշել է, որ կյանքի է կոչվում նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրերի հիմնական դրույթներից մեկը: Ա. Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի հավելաճը կազմել է 17,6 տոկոս: Սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ կնվազի արտագնա աշխատանքի նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը, իսկ պետական կառավարման համակարգը կդառնա առավել մրցունակ:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ աշխատավարձային նոր քաղաքականությունը մեծ գումարներ է պահանջում: Նա հորդորել է կանոնակարգել ծախսերը և աշխատել պետական բյուջեի մուտքերը ավելացնելու ուղղությամբ:

Գործադիր իշխանության ղեկավարը այս ամենը, սակայն, բավարար չի համարել, որովհետև նվազագույն աշխատավարձը դեռևս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից. այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են,- շեշտել է նա: Աշխատավարձերի բարձրացման բացասական հետևանքներից առանձնացնելով գնաճն ու հատկապես մասնավոր հատվածում հնարավոր կրճատումները, վարչապետը նշել է, որ դրանք կանխելու համար կօգտագործվեն լծակներ թե’ պետական, թե’ հասարակական հատվածներում: Նրա խոսքով` անհրաժեշտ է բանակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի այստեղ իրականացվող աշխատավարձային քաղաքականությունը ևս համահունչ լինի բարեփոխումներին: Աշխատավարձերի տարեցտարի բարձրացման տեմպերը, վարչապետի համոզմամբ, պետք է գերազանցեն գնաճի տեմպերին: Այսպես` 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում ևս: Աշխատավարձերի նկատելի բարձրացման մասին իր խոսքը կառավարության ղեկավարն ավարտեց բոլորին ուղղած շնորհավորանքով` համարելով այն կարևորագույն քայլ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:

Այսօրվա նիստում գործադիրը փոփոխությունններ է առաջարկել «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում, համաձայն որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար, տարկետում տրվելու է արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը` ստացած գիտելիքները ծառայության ընթացքում օգտագործելու նպատակով:

Նիստում հաստատվեցին պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, ինչպես նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որում ընդգրկված է 9 միջոցառում: Դրանց իրականացումը նպաստելու է գրադարանային գործունեության կատարելագործմանը, գրադարանների տեսակների, գործառույթների, գրադարանների հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանների հավատարմագրման կարգի, ինչպես նաև գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերի սահմանմանը:

Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշման համաձայն` «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ կողմից արտադրված 75 տոննա առաջին վերարտադրության սերմացու կտրամադրվի ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որով հնարավոր կլինի ընդլայնել ցանքատարածությունները:

 

Անկախ

Դոլարը շարունակում է իջնել

 50 միլիոն դոլարՀունիսի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.7 դրամ:

Մարդու առևանգման մեջ մեղադրվող Գասպարին ձերբակալել են

ձերբակալվելՈստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 18-ին, ժամը 08.05-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1991 թ. ծնված Գասպար Ք.-ն, որը հունիսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Անկախ

Թմրանյութը պատրաստել էր տանը` ներարկման միջոցով օգտագործելու նպատակով

թմրանյութՈստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները հուլիսի 17-ին, ժամը 17.00-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 17 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին: Զննությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել է 1,5 լ տարողությամբ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ զանգվածով:
Կոլյա Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է տանը, ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

Հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

երթևեկ

Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 120 տրանսպորտային միջոց. 40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 80 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 18-ից 19-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, ապօրինի ծառահատման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Փոքր և միջին ձեռնարկություններն արտոնություններ են ստանում

msp-taxesԿառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտվելու որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: Փաթեթը ներառում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես` 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը նվազում է 3,5 տոկոսից 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններն ազատվում են հարկերից:

Բացի այդ, 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր: Հարկային մարմնին վերապահվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգել փաստաթղթի առկայությունը: Սահմանվում են նաև պատասխանատվության մեխանիզմներ ու գործիքակազմ: Ըստ այդմ` 2015 թ. հունվարի 1-ից առաջին խախտման դեպքում կիրառվելու է նախազգուշացում, երկրորդ խախտման դեպքում` վարչական տուգանք` 20 հազար դրամի չափով, երրորդ խախտման դեպքում` շրջանառության 5 տոկոսի չափով, 5-րդ խախտման դեպքում ՓՄՁ-ն տեղափոխվում է ավելացված արժեքի հարկի դաշտ:

Նախ հասկանանք, թե ինչ է շրջանառության հարկը: Ըստ «Շրջանառության հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի` շրջանառության հարկն առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) կամ շահութահարկին փոխարինող հարկ է: Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին կամ շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

Շրջանառության հարկ վճարողներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացույցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով կատարված աշխատանքների իրացումից ստացված հասույթը, առանց ԱԱՀ-ի, չի գերազանցել 58,35 մլն դրամը:

Vardan-BostanjyanՇրջանառության հարկի դաշտում կառավարության որդեգրած մոտեցումը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ճիշտ է համարում և նշում է, որ Հայաստանում միջին խավ ձևավորելու համար իսկապես անհրաժեշտ է շրջանառության հարկի փոքրացում: Որ նախատեսվում է հայկական բիզնես միջավայրում կայացնել նաև փաստաթղթավորման ինստիտուտը, տնտեսագետը նույնպես դրական է համարում` շեշտելով, որ թափանցիկ գործելը ցանկացած երկրի համար չափազանց կարևոր ինստիտուտ է: Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա, որովհետև փաստաթղթավորման ճանապարհով, օրինակ, որոշ բիզնեսներում ստվերային հատվածները կարող են դուրս գալ հրապարակային դաշտ, հետևաբար կսկսեն ավելի շատ հարկվել, և քանի որ ծախսերը կշատանան, գնաճի ռիսկեր կառաջանան: Այս առումով, սակայն, Վարդան Բոստանջյանը նշում է, որ գնաճի ռսկի պատճառով չփաստաթղթավորելը ճիշտ չէ:

Ի՞նչ արդյունքներ կունենան հարկային այս արտոնությունները

«Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք հարկային բեռը` 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է 1 տոկոս, և այստեղ մեր բյուջեի եկամուտները նախնական` մոտ 8 մլրդ դրամով նվազելու են, բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին` փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այստեղ պետք է ֆինանսների նախարարությունը լինի շատ հետևողական, որպեսզի մեր նպատակում, որը խոշոր բիզնեսի` հարկային դաշտում աշխատելն է և ՓՄՁ-ին որպես հարկատուներ չդիտարկելը, իրագործվի: Մեծ քայլ է կատարվում, իրոք, փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու, որպեսզի կայանան: Սա է հիմնական նպատակը»,- նշեց վարչապետը, երբ կառավարությունում ներկայացվում էր այս նախաձեռնությունը:

Փաստորեն` հիմա կառավարությունն ասում է, որ չի ուզում իր հարկային եկամուտներն ապահովել ընտանեկան կամ սոցիալական բիզնեսի ներկայացուցիչների միջոցով: Իսկ դրանց թիվը փոքր չէ: Ինչպես մեզ տեղեկացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանում այսօր գրանցված են մոտ 140 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից մշտական հաշվետվություններ են ներկայացնում մոտ 75-76 հազարը, իսկ մնացածը պասիվ վիճակում են: Այդ 75-76 հազարից էլ խոսքը շրջանառության հարկի դաշտում գործող մոտ 58-60 հազար տնտեսվարողների մասին է: Ընդ որում, այդ մոտ 60 հազար տնտեսվարողներից էլ, որոնց համար սահմանվում են հարկային արտոնություններ (շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից իջեցվում է 1 տոկոսի), մինչև 12 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսն առևտրի ոլորտում առհասարակ ազատվում է հարկերից: Իսկ ըստ Վարդան Այվազյանի հաշվարկների` այդ 60 հազար ձեռնարկությունների մոտ 80 տոկոսը` մոտ 47 հազարը, տարեկան մինչև 10 մլն դրամի շրջանառություն ունի:

Vardan-AyvazyanԲայց պետությունն այստեղ այլ շահ ունի: Այս 60 հազար տնտեսվարողները, նախ` լինելով երկրում գործող ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը, բյուջեի հարկային մուտքերի մեջ շատ փոքր տոկոս են ապահովում: Փոխարենը սոցիալական խնդիրներ են լուծում` աղքատության հաղթահարման, զբաղվածության և այլն:
Բացի այդ, քանի որ դրվում է պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջ, խոշոր բիզնեսից սպասվող հարկային մուտքերի ավելացմամբ նոր եկամուտներ են ապահովվելու:
Մյուս կողմից, ինչպես ասվեց, այդ 60 հազար տնտեսվարողներից մոտ 47 հազարը տարեկան մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունի: Ընդունենք նույնիսկ, որ 12 մլն է շրջանառության ծավալը: Այսինքն` այդ տնտեսվարողներն ունեն ամսական 1 մլն դրամի շրջանառություն: Ընդունենք, որ դրանից 30 տոկոսը տնտեսվարողի շահույթն է կազմելու` 300 հազար դրամ: Ընդունենք թեկուզ մինչև 1000 ԱՄն դոլար: Բայց հիշենք, որ խոսքն ընտանեկան բիզնեսի մասին է, դրանով զբաղված են տվյալ ընտանիքի անդամները: Իսկ նման պարագայում այդ 300-400 հազար դրամ ամսական եկամուտը ընտանիքը ոչ թե կուտակում, այլ նորից դնում է շրջանառության մեջ ` առօրյա ծախսերը կատարելով, նոր ապրանքներից ու ծառայություններից օգտվելով, գնումների քանակը մեծացնելով, մի մասն էլ նորից ներդնում է իր բիզնեսի մեջ, այսինքն` այդ գումարը նորից մտնում է շրջանառության մեջ: Դրա մի մասը նորից հասնելու է խոշոր բիզնեսին ու արդեն հարկվելու է 25 տոկոսով ու ապահովելու է բյուջեի լրացուցիչ մուտքեր:
Բացի այդ, քանի որ մանր ու միջին բիզնեսն արդեն սկսում են փաստաթուղթ ուզել խոշորից, վերջինս չի կարողանում իր նախկին ստվերային շրջանառությունը պահել, ու ստվերը որոշ չափով կրճատվում է: Եթե այս դեպքում 1.5 անգամ էլ ավելանա շրջանառության ծավալը, ապա բյուջեի եկամուտները շատ ավելի կավելանան, քան բյուջեն կորցնում է ՓՄՁ-ներին հարկերից ազատելով կամ նրանց համար արտոնություններ սահմանելով:
Մի վտանգ կա, որը հատուկ է հարկային արտոնյալ ռեժիմներին: Այս դեպքում, եթե բիզնեսը գործում է մի դաշտում, որտեղ սահմանված են արտոնյալ հարկային ռեժիմներ, ապա տնտեսվարողը կարող է խուսափել այլ դաշտ տեղափոխվելուց: Օրինակ` ինչ-որ մեկն ունի ինչ-որ կազմակերպություն, որը զարգանում, խոշորանում ու հասնում է մի մակարդակի, որ արդեն պետք է անցնի, օրինակ, ԱԱՀ դաշտ: Եվ նա իր ընկերությունը բաժանում է երկու մասի, որ երկուսն էլ շարունակեն գործել արտոնություններից օգտվող շրջանառության հարկի դաշտում:
Փաթեթի հեղինակները դա նույնպես բացառում են` նշելով, որ Հայաստանում գործում է «փոխկապակցված անձերի» ինստիտուտը, երբ ստուգվում է ամբողջ պատմությունը` տերերը, շարժը և այլն` գումարած տույժ-տուգանքների գործիքները, որոնց մասին նշվեց վերը:

Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը. Սաշուր Քալաշյան

DSC09361“Մշակույթի ոլորտը այսօր ամենախոցելին է հանրապետությունում: Հաճախ ենք կորցնում հուշարձաններ կամ տեսնում, թե ինչպես են դրանք աղավաղվում: Խնդիրն այն է, որ իրողությունը կատարվում է և միայն դրանից հետո ենք տեղեկանում դեպքի մասին: Մեր երկրում նման հարցերը մեկ օրում կամ մեկ ժամում են որոշվում՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը”, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկելով Զվարթնոցի տաճարի և Աֆրիկյանների շենքի հետ կապված խնդիրները, հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը

“Բացասական եմ վերաբերում քանդել և ինչ-որ տեղ հավաքելու տարբերակին: Նման պրակտիկա չկա: Օրենքով էլ սահմանված է, որ հուշարձանը կարելի է տեղափոխել բացառիկ դեպքերում՝ երկրաշարժերի կամ բնական պայմանների պատճառով: Հուշարձանի տեղափոխումն, ըստ մեր օրենքի, անօրեն է”, – ասաց պարոն Քալաշյանը:

Այն հարցին, թե ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը Աֆրիկյանների շենքի՝ առանց հատուկ թույլտվության քանդման գործով դիմի իրավապահ մարմիններին, Սաշուր Քալաշյանը պատասխանեց. “Եթե Մշակույթի նախարարությունը դեռևս թույլտվություն չի տվել, դա նշանակում է դեռ նախագիծ չկա, պետք է երաշխավորություն ունենա, որ պիտի ինչ-որ տեղ պահպանվի: Պատվիրատուն պիտի լուծի այդ հարցերը նախ: Ապօրինությունը մնում է ապօրինություն”:

Սաշուր Քալաշյանը ընդգծեց, որ հուշարձանների անմխիթար վիճակը ընդհանուր է Հայաստանի բոլոր քաղաքների համար:

Անդրադառնալով Զվարթնոցի տաճարում տեղի ունեցած միջադեպին` Սաշուր Քալաշյանն ասաց. «՜Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը: Եթե Զվարթնոցի պարագայում նշված լիներ, թե ինչ բնույթի միջոցառումներ են կարելի և ինչը ոչ, այսպիսի միջադեպի ականատես չէինք լինի: Հուշարձանի անձնագրում պետք է գրված լինի, որ  խնջույքներն ու միջոցառումներն արգելվում են, իսկ խախտման դեպքում հսկողը տեղական ինքնակառավարման մարմինն է: Նմանատիպ միջոցառումները զբոսաշրջիկներին չպետք է խանգարեն տեսնելու հուշարձանը:  Օրենքը դա պետք է կարգավորի, միջոցառումը, գուցե, հարող տարածքում արվի, բայց ոչ բուն հուշարձանի տարածքում»:

 

Սաշուր Քալաշյանի հետ համաձայն է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա նույնպես համակարծիք է, որ Երևանը կորցնում է իր դեմքը. “Արդեն կորցրել ենք Սևանի, Դվինի հյուրանոցները Երիտասարդական պալատը, սակայն դրանց փոխարեն նոր կառույցներ չեն շինվում, որպեսզի գոնե կորստի ցավը մի քիչ մեղմվեր: Գոնե մի հատված հին Երևանից պետք է պահպանել”:

Անկախ

Աֆրիկյանների ակումբի պաշտպան ակտիվիստներից մեկին բերման են ենթարկել

Աֆրիկյանների_ակումբ_1ՖԲ -ի օգտատերերից Արփինե Գալֆայանը գրում է.”Նոր հաղորդեցին Աֆրիկյանների ակումբի մոտից: Շենքի բակում փորձում էին դարպաս կառուցել և ակտիվիստները ոչ բռնի դիմադրություն են ցույց տվել: Մի քանի րոպե առաջ ոստիկանները մեկ հոգու՝ Անահիտ Աղեկյանին բռնությամբ բերման են ենթարկել, տարել են Կենտրոնի բաժին: Փաստաբան դեռ չկա մոտը”:

Անկախ

Այս տարի Հայաստանից արտահանվել է 49 տոննա ծիրան

ծիրանԳյուղատնտեսության նախարարությունից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից  Ռուսաստանի Դաշնություն և Շվեցարիա է  արտահանվել  49.0  տոննա ծիրան: 329.49 տոննա կեռաս  է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն:

Հիմնանորոգվում է Յուրի Բախշյանի անվան մանկական այգին

Յուրի Բախշյանի անվան մանկական այգի

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի Յուրի Բախշյանի անվան մանկական այգու վերանորոգման ծրագրային աշխատանքներին զուգահեռ, ականավոր քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի նախաձեռնությամբ այգու միջավայրի գեղարվեստական ձևավորումը՝ այգու տարածքում պատերի նկարազարդումը, երեխաներն են կատարում։

«Տասնամյա այս այգու հիմնանորոգումը կատարվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  2014 թվականի ծրագրերով, ներառված է քաղաքապետարանի բյուջեում։ Առաջարկեցի առաջացած պատերը նկարազարդելու համար դիմել երեխաներին, և նկարազարդման աշխատանքները դարձան այգու հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Բանգլադեշյան» կոչվող պլեների կենտրոնական նախագիծը, որին մասնակցում են կրթահամալիրի սաներն ու հյուրերը՝ Շուշիի գեղարվեստի քոլեջի սաները, Թբիլիսիի համար 24 դպրոցի աշակերտները։ Այստեղ համերաշխ թիմ է ձևավորվել, որտեղ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում՝ բարեկամության, խաղաղության»,- նշել է Յուրի Բախշյանի այրին՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։

Այգու պատերի նկարազարդումը կրթահամալիրի նախաձեռնությամբ վերածվել էր տոնական միջոցառման, որի ամենակրտսեր մասնակիցների համար այն անցկացվում էր կավճանկարչությամբ։

Յուրի Բախշյանի անվան մանկական այգին նաև կահավորվել է մանկական խաղային-մարզական գույքով, նստարաններով, աղբամաններով, նորացվել է այգու գիշերային լուսավորության ցանցը։

 

 Անկախ

Վարչապետն ընդունել է ԱԶԲ տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրենին

11393_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերին: Վարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ փոխգործակցությունը և ընդգծել համատեղ մի շարք ծրագրերի հաջող իրականացման փաստը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտի և քաղաքաշինության, իրականացվող նախագծերը կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Քլաուս Գերհաուզերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը հաջողությամբ համագործակցելու համար և տեղեկացրել, որ այժմ շարունակվում են աշխատանքները մեր երկրի և ԱԶԲ-ի միջև իրականացվելիք առաջիկա տարիների ծրագրի մշակման ուղղությամբ:
Միաժամանակ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարողականից և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ֆինանսավորման ծրագրեր իրականացնել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ մասնավոր հատվածի համար: Քլաուս Գերհաուզերը նշել է, որ ԱԶԲ-ն, բացի ֆինանսավորումից, պատրաստ է ցուցաբերել նաև տեխնիկական օժանդակություն:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և համատեղ այլ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը. «Շիրակ կենտրոնը» սկսում է բարեգործական նոր ակցիա

1982210_743314095679108_1357343048_nԳյումրիում հարյուրավոր անօթևան բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում: Նրանցից շատերն ապրում են ծայրահեղ աղքատ և ինքնամեկուսացած կյանքով: Համատարած գործազրկության պայմաններում այդ ընտանիքներն ու հատկապես նրանց մանկահասակ երեխաները մշտապես տառապում են թերսնվածությունից: Եվ դա այն դեպքում, երբ նրանց բնակության վայրերը հարմար են գյուղատնտեսական կենդանիների պահման ու խնամքի համար: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» որոշել է սննդամթերքի, հիգիեինիկ պարագաների, ինչպես նաև ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրմանը զուգահեռ, անհրաժեշտ կարողություններ ու պայմաններ ունեցող ընտանիքներին նախ տրամադրել շինանյութ, որպեսզի կառուցեն փոքրիկ գոմեր, ապա նվիրել հավեր, բադեր, սագեր, որոշ դեպքերում՝ նաև ոչխարներ, այծեր ու կովեր, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան բարիքներ ստեղծել իրենց սննդի խնդիրը լուծելու համար: «Շիրակ կենտրոնի» այս նախաձեռնությունը հիմնականում հասցեագրված է վագոն-տնակներում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: Այդ իսկ նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին և կոչ ենք անում արձագանքել ու այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարին.

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA

Client: Shirak Centre NGO Account N: 2472601614240020- for USA

Pass: 05532775, AUTHORITY 016 CORRESPONDENT BANKS OF ARDSHININVESTBANK CJSC Correspondent – Deutsche Bank Trust Company Americas, 60 Wall Street, New York, NY 10005 SWIFT Code – BKTRUS33 CCY- USD Accontant N: 04422630

 «Շիրակ կենտրոն» ՀԿ

Գյումրի

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

7045Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին և հատկապես այդ հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին: Հայաստանի Նախագահը և Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները:

Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առևտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն:

Հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահի և Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր»:

Վրաստանի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում:

Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

«Հուշակոթողները չպետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց». ՀՀԿ պատգամավորը զայրացած է

GarniԽորհրդարանում այսօր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բարձրացրեց վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող խիստ հրատապ մի հարց՝ պատմամշակութային հուշարձանների շրջակայքում իրականացվող մասնավոր բանկետ-խնջույքների վերաբերյալ: Պատգամավորը մասնավորապես անդրադարձավ Գառնու հեթանոսական տաճարի մոտ տեղի ունեցած խնջույքին՝ պատմելով, որ ինքը նույնպես հյուրերի հետ այցելել է Գառնու տաճար, սակայն իրենք ներս չեն թողել՝ ասելով, որ տաճարի մուտքը փակ է: Պատգամավորի հարցին, թե ինչու է փակ, պատասխանել են, որ պաշտոնական պատվիրակություն է ժամանալեու: «Բնականաբար, ես ճշտում եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն Գառնիի հեթանոսական տաճար այս պահին չի այցելելու,-ասում է Սամվել Ֆարմանյանը,- իսկ դրսում սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ՝ այդ թվում նաև Նորվեգիայից ժամանած հյուրեր, հայտնի կինոռեժիսոր Միկա Բաբայանն իր հյուրերի հետ միասին և այլն»:

Պատգամավորը կապ է հաստատել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և նրա միջամտությունից հետո հարցը կարգավորվել է. «Մեզ թողեցին մուտք գործել՝ որպես բացառություն»,-նշում է պատգամավորը:

Համարելով հարցը շատ կարևոր և ի նկատի ունենալով նաև, որ մամուլում այլ մշակութային կոթողների վերաբերյալ նույնպես նմանատիպ հրապարակումներ են շրջանառվում՝ Ֆարմանյանը ԱԺ նախագահին խնդրեց, որպեսզի վերջինս դիմի համապատասխան պետական մարմիններին՝ նրանց բացատրելու հետևյալը. «Եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ են, որ խնդիր ունենք պետական հոգածության տակ գտնվող պատմամշակութային հուշակոթողների հարցերը կարգավորել, ապա դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց, որոնք, վստահաբար, Գառնու հուշակոթողի մասին երեք նախադասություն էլ չեն կարող ասել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնել հարցը, որպեսզի այն առավել հնչեղ դառնա:

Նշենք, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտ խնջույք էր կազմակերպել Հայաստանի կենտրոնական բանկը՝  Հարավարեւելյան եվրոպական բանկերի համաժողովի շրջանակներում, որի համար թույլտվություն էր ստացել մշակույթի նախարարությունից՝ վճարելով ավելի քան 1 մլն դրամ:

Անկախ

Կբարելավվի գործարար միջավայրը

11392_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, դրանց նորոգման սև մետաղե հարմարանքներ, էլեկտրամեկուսացման ճկուն խողովակ, պղնձե գլանվածք և այլ ապրանքատեսակներ՝ արտահանելու անհրաժեշտությամբ: Սակայն արտադրական խնդիրների առաջացման պատճառով արտադրանքը հնարավոր չի եղել սահմանված ժամկետում արտահանել և անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով: Կառավարության որոշմամբ հնարավորություն կստեղծվի ավարտել վերամշակման աշխատանքը, արտահանել արտադրանքը՝ կայունացնելով ընկերության ֆինանսական վիճակը , պահպանելով ստեղծված աշխատատեղերը:
Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Այս ընկերությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթողն է և Հայաստան է ներմուծել գեոդեզիական սարքավորում: «Ժամանակավոր ներմուծում»՝ մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքի ավարտը:
Գործադիրը «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» (ՉՀԳ) ԲԲԸ պետական բաժնեմասի կառավարման լիազորությունն իրականացնող ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ կանոնադրական կապիտալում որպես լրացուցիչ ներդրում օգտագործել ՉՀԳ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը: 2013թ. օգոստոս ամսից մինչ օրս լեհական կողմը կատարել է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. այդ թիվը պետք է հասցվի 10 միլիոնի: Գույքի փոխանցումը լեհական կողմին կպարտավորեցնի շարունակել համամասնական ներդրումները:
Գործադիրն ընդունել է ՀՀ 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում: ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության 2013թ. մայիսի 15-ի համաձայնագրով նախատեսված է փաստաթղթերի և Արարատյան դաշտի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն Վեդու ջրամբարի կառուցման նպատակով: Սահմանված ժամկետում վճարումներն իրականացնելու համար այս ծրագիրը ևս ներառվել է ՀՀ 2014թ. պետբյուջե:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Նիստում հաստատվել է Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացին վերջնական սպառողի մասնակցության ապահովման կարգը, որով կարգավորվում են այդ գործընթացի իրավահարաբերությունները: Հավանություն է տրվել տնտեսական, ռազմական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթության որոշման հայեցակարգին:

Հստակեցվում են ոստիկանության գործառույթները

Կառավարության նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համար վճարման ենթակա գումարի հատկացումը կատարել ի հաշիվ անձնագրերի և քարտերի իրացումից 2014թ. առաջին եռամսյակում պետբյուջե փաստացի մուտքագրված պետտուրքի գումարի, նկատի առնելով նաև այն, որ 2014թ. պետբյուջեից հանվել է սովորական անձնագրի բլանկների տպագրության համար տարեկան նախատեսվող գումարը: Հաջորդ որոշումը նպատակ ունի կանոնակարգել հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների հաշվառումը: Նման առարկաները հաշվառումից հանելու հիմք է սահմանվել միայն դրանց հայտնաբերումը, քանի որ նշված օբյեկտներն ունեն ոչ միայն նյութական, այլև առավելապես պատմամշակութային արժեք և հասարակական կարևոր նշանակություն:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ հստակեցվել են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը: Հաշվառելու հիմք է տրանսպորտային միջոցի նկատմամբ հետախուզում հայտարարելու քրեական հետապնդման մարմնի որոշումը, հաշվառումից հանելու հիմք՝ կարճված քրեական գործի արխիվային պահպանման ժամկետի ավարտը: Որոշման արդյունքում առավել կանոնակարգված և արդյունավետ կիրականացվի հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման և տեղեկության տրամադրման գործընթացը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը կառավարությունը լրացրել է հետևյալ բովանդակությամբ. «Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի տեսաձայնագրության սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ»: Որոշման ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, կառավարությունը այն համապատասխանեցրել է «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքների փոփոխություններին, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրելու հետ կապված հարաբերություններում ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ քաղաքացու իրավունքների հավասար իրացման հնարավորության ապահովմանը:

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալները կանոնակարգող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությամբ:
Գործադիրը քննարկել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության, դրա միասնական չափանիշների ապահովումը: Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարել նախագծերի փաթեթը, միաժամանակ նշել մասնագիտական լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը՝ խնդրին համապարփակ և արդյունավետ լուծում տալու համար:
Նիստում քննության է առնվել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի վերահսկողությունը: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել օրինագիծը՝ անելով մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ամբողջովին ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Նույնպիսի պայման է առաջադրվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություն և լրացում է առաջարկվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում:
Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադրի պատճառաբանությամբ «Կրթության մասին» օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա, ուստի այդ հարցը նպատակահարմար է քննարկել լրացուցիչ կրթության համատեքստում: Բացասական եզրակացություն է ստացել նաև «Մեծահասակների կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առանձնացվող մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները կարող են խտրականության տեղիք տալ:
Գործադիրը քննարկել է ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են ապաքրեականացնել գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողին կանխամտածված մոլորեցնելը, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը: Հիշյալ արարքներն ապաքրեականացնելը չի բխում ՀՀ սահմանադրությունից և տեղին չէ՝ ելնելով դրանց հանրային վտանգավորությունից: Այս և մի շարք այլ նկատառումներով կառավարությունը դեմ է նախագծերի փաթեթի ընդունմանը:
Գործադիրը դեմ է արտահայտվել «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Կառավարությունը խնդիր է դրել հստակ սահմանել այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի այդ, միանվագ դրամական օգնությունը երիտասարդ ընտանիքներին պետք է տրամադրվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի շրջանակում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում:
Կառավարությունը համապատասխան հիմնավորումներով բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» և «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքների նախագծերին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ հարցեր

Գործադիրն ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Երևանի «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:

Օմբուդսմենի միջամտությամբ կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը

զորակոչՕրերս Օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից և ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ: Միաժամանակ, զինկոմիսարիատից զանգել են նաև ԲՈւՀ-ի դեկանատ՝ արգելելով տվյալ ուսանողից քննություն վերցնել:

Պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել  է վաղաժամ զինակոչից:

Օմբուդսմենը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանությունն ու սահմանների անվտանգությունն ապահովող զինվորների խիզախ, նվիրված և հայրենանվեր ծառայությունը, միևնույն ժամանակ հետևողական է նրանց իրավունքների խախտման յուրաքանչյուր հարցում՝ զինակոչի առաջին իսկ պահից:

Բոլոր այն դեպքերում, երբ ձեր նկատմամբ գրանցվում են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր, երբ զորակոչից առաջ անտեսվում են ձեր առողջական խնդիրները, երբ զինծառայության ընթացքում գրանցվում են բռնության ու խոշտանգումների դեպքեր կամ նշանակվում են կարգապահական տույժեր, որոնց կիրառումն ուղեկցվել է մարդու իրավունքների խախտումներով, կարող եք դիմել Պաշտպանի 116 թեժ գծին: Օմբուդսմենն անարձագանք չի թողնի զինծառայողի որևէ ահազանգ: