Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված երկու օրենք

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան

6Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:
«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:

5«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:

– Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
– Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:

1– Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:

– Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:

2– Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե …

– Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:

3– Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:

– Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:

– Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:

– Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:

4– Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
– Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:

– Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:

– Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:

 

 

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Արամի փողոցում

ձերբակալությունՈստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Նորայր Ա.-ին, որը հունիսի 11-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Արցախի վարչապետի մոտ խորհրդակցություն է հրավիրվել ՀԱԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղում բռնկված հրդեհի առիթով

Արա ՀարությունյանՀունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր:

Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների քայլերի հաջորդականությունը և նախքան հրդեհի մարումը կրթօջախում տիրող իրավիճակը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության, ինչպես նաև ոստիկանության  աշխատողներին նվիրված ու բանիմաց աշխատանքի համար և հայտնել, որ նրանք արժանանալու են խրախուսանքների: Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ օպերատիվ և արդյունավետ արձագանք է տրվել արտակարգ իրավիճակին:

Անդրադառնալով հրդեհի առաջացման պատճառներին և փրկարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան հետևություններ անել դրանց վերացման և ապագայում կանխարգելիչ միջոցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է ուսումնական վարժանքների դերն արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի դեպքերից խուսափելու գործում:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տաքսու ուղևորուհի՞ն էր մոռացել, թե՞ վարորդը գողացել էր` կպարզի քննությունը

ՏաքսիներՀունիսի 8-ին, ժամը 21.25-ին, 1984 թ. ծնված Արմինե Կ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, իր գնած նոր հագուստը, պայուսակը, որի մեջ եղել է «Այֆոն-4» մոդելի բջջային հեռախոս, վարորդական իրավունքը, սոցիալական քարտը և բնակարանի բանալիները թողնելով «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում` մտել է Մաշտոցի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող խանութ և մոտ 10 րոպե անց վերադառնալով` նկատել, որ տաքսու վարորդը հեռացել է` գողանալով նշված իրերը` պատճառելով 435.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Մերսեդես C-180» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը 1964 թ. ծնված Ապրես Վ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 16-ին, ժամը 11.00-ին, ներկայացել է բաժին և հայտնել, որ Արմինե Կ.-ն իրերը մոռացել է իր ավտոմեքենայի մեջ, որոնք ինքն արդեն վերադարձրել է:
Կատարվում է քննություն:

«Արարատը» երկխոսություն կստեղծի բուհի և գործատուի միջև

Ռուբեն ԹոփչյանՀայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի 9-րդ ընդհանուր ժողովն ավարտվեց սեմինարով` նվիրված TEMPUS-ի ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արարատն» է:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես եկավ «Արարատ ծրագիր` նպատակների քննարկում. վստահության ձևավորում» թեմայով զեկույցով:  Թոփչյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակները, քննարկվեցին ներկայում առկա խնդիրները և դրանց պատճառները:  Ուսանողներն առաջ քաշեցին  մասնագիտության ընտրությունն ավելի լուրջ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը, այլապես դպրոցն ավարտած երիտասարդը հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր ընտրած մասնագիտության մասին, ինչն էլ սխալ կողմնորոշման պատճառ է դառնում:

Քննարկվեց նաև շուկայում առկա հակասության պատճառը. մի կողմից շուկան ունի աշխատողների կարիք, մյուս կողմից էլ շուկան լի է գործազուրկներով: Ուսանողները դժգոհեցին նաև կրթական ծրագրերի անհամապատասխանությունից շուկայի պահանջներին:

Թոփչյանը նշեց, որ ծրագրի նպատակներից  է, որ բուհերը հաշվի առնեն  իրենց մատուցած կրթական ծրագրի պահանջարկված լինելը: ՈԱԱԿ-ը ևս հաշվի է առնում այդ գործոնը ծրագրային հավատարմագրում իրականացնելիս:

«Արարատը» եռամյա ծրագիր է, որ մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին: Նպատակն է երկխոսություն ստեղծել աշխատաշուկայի և բուհերի միջև, որպեսզի շուկան կարողանա իր պահանջները բուհին հասցնել, նա էլ իր հերթին շուկայի պահանջներին պամապատասխան մասնագետներ պատրաստել:

Ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ-ն: Իսկ ծրագրի արդյունքները կենտրոնացվելու են ՈԱԱԿ-ում, որոնք  էլ կիրառվելու են բուհերի ծրագրային հավատարմագրման ժամանակ:

Հարկային օրենսգիրքը` կայուն և կանխատեսելի բիզնես միջավայրի երաշխիք

18_06_2014_3Մեկնարկել են ոլորտի միասնական օրենսդրության մշակման աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակում Երևանում այսօր մեկնարկել է «Միասնական հարկային օրենսգրքի մշակում. փոփոխություններին ընդառաջ» միջազգային համաժողովը: Հայաստանի վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից. «Միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը և ներդրումը կարևոր խթան կհանդիսանա մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման և ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում»:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքերով` մտադիր ենք ունենալ երկարաժամկետ հատվածի հարկային օրենսգիրք, ինչը կբխի տնտեսության զարգացման հեռանկարային հայեցակարգից և կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Ըստ ֆինանսների նախարարի, ձևավորման ու շարունակական զարգացման ավելի քան 20 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել հարկային համակարգում: Շեշտադրելով վերջին տարիներին ոլորտի էական ձեռքբերումները` էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ու տեխնոլոգիաների ներդրումը, հարկ վճարողների սպասարկման ընթացակարգերի բարելավումը, բազմաթիվ բիզնես գործընթացների ավտոմատացումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կադրային ներուժը, Գագիկ Խաչատրյանն ընգծել է, որ այս ամենին զուգահեռ ժամանակակից հարկային համակարգերին հատուկ և առաջադիմական լուծումներով հարկային օրենսգրքի մշակումը և կիրառումը կարևոր ներդրում կլինի հայաստանյան հարկային համակարգի հետագա զարգացման գործում. «Հարկային համակարգը կլինի առավել կայուն, իսկ գործարար միջավայրի ու ներդրողների տեսանկյունից` առավել կանխատեսելի, կապահովվի պետական բյուջեի հարկային եկամուտների անհրաժեշտ մակարդակը: Մեկ փաստաթղթում կհամախմբվեն և կպարզեցվեն հարկային օրենսդրությունն ու հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը, կվերանան դրանցում առկա կրկնությունները, անհստակությունները, տարընթերցման պատճառ հանդիսացող դրույթները: Օրենսգրքով կամրապնդվեն հարկման հիմնարար սկզբունքները. հարկային քաղաքականությունը կլինի առավել հասցեական ու նպատակային, իսկ վարչարարությունն` առավել թափանցիկ: Կկատարելագործվեն նաև արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու և հարկումից խուսափելու ռիսկերը կառավարելու գործիքները, կամրապնդվի հայաստանյան հարկային համակարգի մրցունակությունը»:
Միջոցառմանը կարևորվել է նաև շահագրգիռ բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի, հասարակության և միջազգային փորձագետների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը միասնական հարկային օրենսգրքի մշակման և ներդրման գործընթացին:

Արսեն Խոջոյանի մայրը ֆինանսական օգնություն է խնդրում

Արսեն ԽոջոյանՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջությունը շարունակում է մտահոգել նրա ծնողներին: ՙՙՀրազդանի՚՚ բժշկական կենտրոնում վերջին բուժզննությունից հետո Արսենը բժշկի հսկողության տակ է և ընդունում է անհրաժեշտ դեղորայքը, որը նրան նշանակվել է: Սակայն երեկ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած որդու առողջական վիճակը շարունակում է մնալ ոչ բավարար: «Դե որ ասեմ, լավ ա, սուտ կասեմ: Արսենը բողոքներ ունի»: Արսեն Խոջոյանն այժմ Սևանում է, զբաղվում է անասնապահությամբ, որ գումար աշխատի, ընտանիքը սոցիալական ծանր վիճակից դուրս բերելու համար: ՙՙԱնընդհատ ինձ հարցում են, եթե առողջական խնդիրներ ունի, ինչի տանը չի: Դե ես էլ կուզեմ, էրեխին կողքս պահին, ձեռիս մեջ պահեմ, որ լավ լինի, բայց սոցիալապես ծանր վիճակում ենք, գնացել ա մի երկու կոպեկ առնի: Էն օրն էլ Բերդի ուսումնարանից են զանգել, ասում են` Արսենը թող գա քննությունները հանձնի: Մինչև գերի ընկնելը կարուձևի էր գնում՚՚,-ասաց տիկին Սվետան: Նշենք, որ Անկախն ավելի վաղ անդրադարձել էր Խոջոյանների ծայրահեղ ծանր վիճակին` նշելով նաև, որ Արսենը առողջական խնդիրներով երկու քույր և մեկ եղբայր ունի: Նրա մայրը նշել է, որ միջնորդությամբ մինչև հունիսի 20-ը Բերդի վարկային կազմակերպությունից, որին 700 հազար դրամ են պարտք, ժամանակ էին խնդրել, որ մարեն գումարը, սակայն այսօր հունիսի 18-ն է և որևէ օգնություն չի եղել: «Գոնե էդ հարցում օգնեին, որ կարողանամ երկու անչափահաս աղջիկ երեխաներիս տանեմ Երևան` հերթական բուժզննության: Երևանից բժիշկներն անընդհատ զանգում են ու ասում, որ տիկին Սվետա երեխաների բուժզննության օրերն են, բերեք երեխաներին, բայց անգամ տաքսիի փող չունեմ»: Սվետլանա Խոջոյանը նաև հայտնեց, որ իր համար անակնկալ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է զանգահարել և իրեն առաջարկել օգնություն: Նորանշանակ մարզպետը Խոջոյանների ընտանիքին է փոխանցել 400 հազար դրամ, որը տիկին Սվետան վճարել է հիվանդ երեխաների դեղերի և մի մասն էլ մարել վարկը: Սակայն այս ընտանիքն այժմ էլ ծանր վիճակում է, ակնկալում է բարեգութ մարդկանց աջակցությունը` այս փուլում ընտանիքը հանելու ծանր վիճակից:

Անկախ

ԵԹԵ «ՔՑԵԼ», ԱՊԱ ԱՅՍՊԵՍ. ավելի քան 90 մլն գրին քարտի համար

Green qard 2Բոլորիս շրջապատում էլ պատահում են մարդիկ, որոնք թվում է՝ միշտ էլ ինչ-որ բանով զբաղված են: Հաճախ հենց այդ մարդիկ են ձեռնարկում ու հանդես գալիս, այսպես ասած, բացառիկ նախաձեռնություններով: Մեր հերոսուհի Արմինե Դ.-ի նման մարդկանց դուք էլ լսած ու տեսած կլինեք, բայց երբեք չեք կարող մտածել, որ գեղեցիկ կինն ընդամենը երկու տարվա ընթացքում կարող է կուտակել մոտ 90 մլն դրամ: Ահռելի այս գումարը նա հաջողել է «վաստակել սեփական քրտինքով», բայց հետո իրավապահները պարզել են, որ տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Դեպքը տեղի է ունեցել 2004-ին: Այն «Անկախին» պատմեց կենսաթոշակի անցած, փորձառու օպերատիվ ծառայություն իրականացնող Արմեն Գ.-ն:

Որպես նախաբան
Քաղաքացի Կարինե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական ծառայություններից մեկում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով (խարդախություն) հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացուհին հաղորդում էր տվել այն մասին, որ իր մտերիմ ընկերոջ ծանոթը՝ ոմն Արմինե, իրենից վերցրել է 10 000 ԱՄՆ դոլոր գումար գրին քարտ դասավորելու պատրվակով և անհետացել:
Իրավապահներին դժվարություններ էին սպասում: Մեր զրուցակից Արմեն Գ.-ն պատմում է, որ քրեական հետախուզության աշխատակիցները միանգամից լծվեցին գործին, բայց երկար ժամանակ գործն, այսպես ասած, առաջ չէր գնում:
Քաղաքացու հաղորդումից շատ չէր անցել, որ ոստիկանություն դիմեց ևս մեկ քաղաքացի՝ Տիգրան Բ.-ն: Վերջինս իրավապահներին հայտնեց, որ 25 000 դոլար գումար է տվել քաղաքացուհի ոմն Արմինեին, որպեսզի «դասավորի» Եվրոպա մեկնելու թղթերը: Տիգրան Բ.-ն ավելացրեց նաև. «Ո՛չ փողերս եմ կարողանում հետ վերցնել, ո՛չ էլ Արմինեին եմ կարողանում գտնել»:
Այս հաղորդումը կցվեց նախորդին, ու իրավապահների համար բացահայտման թելը կարծես թե ուրվագծվեց:

Պատմության սկիզբը
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են շատերը: Բոլորն էլ միաբերան կրկնում էին, որ ճանաչում են Արմինե Դ.-ին, ներկայացնում էին նրան որպես «ճկուն միտք ու համոզելու մեծ տաղանդ ունեցող»:
Դե, Արմինե Դ.-ն իրեն հավատացողներին սարեր էր խոստանում, բայց, բնականաբար, խոստացածն իրականություն չէր դարձնում:
Ըստ քրեական գործի նյութերի՝ մինչ, այսպես ասած, «գործ» ձեռնարկելը, Արմինե Դ.-ն դրա մասին տեղեկացնում է հարազատներին, ծանոթներին, ընկերներին, հարևաններին: Բոլորին վստահեցնում է, որ կարող է յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած երկիր ուղարկել մշտական բնակության:
Արմինե Դ.-ն գյուղի աղջիկ էր, սովորել էր համալսարանի արևելագիտության ֆակուլտետում՝ մասնագիտանալով արաբագիտության ասպարեզում:
Երիտասարդ «խաբեբան» իր վաղեմի ընկերուհիներից մեկի մոտ գլուխ է գովում, ասում, որ հրաշալի կապեր ունի, հաճախ է լինում տարբեր երկրներում, ու նրանք, ովքեր ցանկանում են մշտական բնակության անցնել արտասահմանյան երկրներում, սիրով օգնում է:
Արմինե Դ.-ն ընկերուհուն հավաստիացնում է նաև, որ հենց դեսպանատներում լավ ծանոթներ ունի ու կարողանում է «գործ դասավորել»:
Այս ամենինց շատ չէր անցել, երբ Արմինե Դ.-ի ընկերուհու մտերիմը ցանկություն էր հայտնել Եվրոպա մեկնել բուժման նպատակով: Մուտքի արտոնագիր ստանալու համար որոշում են հենց Արմինե Դ.-ին դիմել:
Արմինե Դ.-ն հավատացնում է, թե, իբր տուրիստական հայտնի ընկերություններից մեկի տնօրենն է, և գործը գլուխ բերելու համար գումար է ուզում, բայց այդպես էլ չի «օգնում»:
Արմինե Դ.-ն իր առաքելությունը լավ էր կատարում, կարողանում էր կարճ ժամանակահատվածում վստահություն ներշնչել, համոզել մարդկանց, ձևաթղթեր էր լրացնում, ստորագրում: Սակայն այդպես էլ Արմինե Դ.-ի մտերիմ ընկերուհու ծանոթը բուժման նպատակով Եվրոպա չմեկնեց, իսկ հիվանդի վիճակն օր օրի վատանում էր:
Արմինե Դ.-ն հաշվի չէր առնում, որ մարդու կյանքի հետ գործ ունի. նորանոր խոստումներ էր տալիս, ժամանակ ձգձգում:
Արմինե Դ.-ն «գործի» հաջողված մեկնարկը տվեց և վաստակեց մի կլորիկ գումար մոտ 60 հազար եվրո և 4500 ԱՄՆ դոլար: Դրանից հետո Արմինեն անհետացավ: Նա կապերը խզեց նաև մտերիմ ընկերուհու հետ: Վերջինիցս էլ պարտքով 7 000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել ու չէր վերադարձրել:

Եվս երկուսը
Բայց մինչ այս պատմությունը Արմինե Դ.-ն հասցրել էր ևս երկու հոգու խաբել: Նրանցից մեկը` Արմեն Ա.-ն, Արմինե Դ.-ի հետ ծանոթացել էր ազգականի միջոցով: Ուզում էր ընտանիքով ԱՄՆ մեկնել՝ մշտական բնակության: Արմինե Դ.-ն գին սահմանեց՝ 20 000 դոլար և հավելեց, որ ամեն ինչ անում է օրինական ճանապարհով: Փաստաթղթերի հետ պահանջեց ամբողջ գումարը, այնուհետև գործի ընթացքի մասին տեղյակ էր պահում՝ ասելով, թե կզանգի ու դեսպանատուն գնալու օրն ու ժամը կասի: Արմինե Դ.-ն այդպես էլ չզանգեց Արմեն Ա.-ին, իսկ փողերը հավաքեց: Արմեն Ա.-ի ընկերոջն էլ Արմնինե Դ.-ն ծուղակը գցեց:
Հավատացրել էր, որ բանկերից մեկի կառավարիչն իր մտերիմներից է, անգամ նշել էր, որ հայտնի բանկիրներից մեկն իր նախկին ամուսինն է, և իր համար կարող է մեծ վարկեր «դասավորել»:
Այս խոստումն էլ արժեցավ 19 000 ԱՄՆ դոլար: Երբ Արմինե Դ.-ն փողը վերցրեց, տարբեր պատճառաբանություններով վարկի ստացումը ձգձգեց: Եվ մի օր էլ անհետացավ…

Գործարար Արմինե Դ.-ն
Արմինե Դ.-ն նոր ծանոթների մոտ փորձում էր լավ տպավորություն ստեղծել: Օրինակ՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեկին էլ իր ծուղակը գցելու համար ասել է, թե Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում խանութ ունի ու վաճառվող ապրանքները մաքսազերծելու համար իրեն պարտքով գումար է անհրաժեշտ:
Չմերժվելու համար էլ նոր ծանոթուհուն խոստացել է խանութը բացվելուն պես նրան աշխատանքի ընդունել: Ահա այսքան հաջող Արմինե Դ.-ն վերջինիցս գրպանել է 2000 ԱՄՆ դոլար, իսկ վերադարձնելը, բնականաբար, մտքից հանել: Ու մի յոթ ամիս անց միայն նոր ծանոթուհուն պարզ դարձավ, որ Արմինե Դ.-ն Երևան քաղաքի Սայաթ- Նովա փողոցում ոչ մի խանութ էլ չունի:
Արմինե Դ.-ն կենտրոնանում էր ընտանիքներին Եվրոպա և ԱՄՆ ուղարկելու վրա: Շատ շատերը հավատացին նրան, վստահեցին իրենց դրամական միջոցները, անձնական փաստաթղթերը, լուսանկարները, բայց…
Արմինե Դ.-ին հանդիպելու ու նրանից պարզաբանումներ ստանալու ջանքերն ապարդյուն էին, քանի որ ջանասիրաբար բոլորից թաքնվում էր:

Խաբեց նաև ընկերուհու մորը
Արմինե Դ.-ն հասցրեց խաբել նաև իր ամենամտերիմ ընկերուհիներից մեկի մորը, որը նրան սեփական աղջկա պես սիրում էր, ընդունում: Մի օր ընկերուհուն ասաց, որ իրեն պարտքով 3000 եվրո է անհրաժեշտ: Ընկերուհին էլ դիմեց մորը: Ընկերուհու մայրը Արմնինե Դ.-ին սիրով ընդառաջեց: Արմինե Դ.-ն մի քանի անգամ բավական մեծ գումարներ վերցրեց ընկերուհու մորից ու պարտաճանաչ վերադարձրեց:
Այս ամենից շատ չանցած՝ Արմինե Դ.-ն ընկերուհուն տեղեկացնում է, որ իրեն մեծ գումար է անհրաժեշտ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում խանութ բացելու համար: Ի դեպ, ընկերուհուն էլ գայթակղիչ առաջարկ էր արել. խանութը բացելուն պես նա դառնալու էր բաժնետեր:
Այս խոստումներից ու նախկինում վերցրած գումարները կանոնավոր վերադարձնելուց հետո, նրան չվստահել, անշուշտ, չէր լինի: Արմինե Դ.-ին տվեցին շուրջ 45 մլն դրամ:
Սակայն, որոշ ժամանակ անց Արմինե Դ.-ն տրտնջում է, թե՝ այսքանը գործի համար բավարար չէ: Ընկերուհու մայրը խոստանում է էլի գումար հայթայթել և դիմում է իր ընկերուհուն ու իր երաշխավորությամբ նրանից վերցնում 20 000 ԱՄՆ դոլար: Ընկերուհու մայրը հետո ևս երկու հոգուց Արմինե Դ.-ի համար փող խնդրեց: Մեկից 7 000, մյուսից էլ՝ 12 000 ԱՄՆ դոլար:

Եվ այսպես…
Հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Արմինե Դ.-ն տարբեր քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով՝ կարողացավ վաստակել շուրջ 90 մլն դրամ:
Քրեական գործի նյութերում նոր ակնհայտ փաստեր ի հայտ գալու հետ մեկտեղ, վարույթն իրականացնող անձինք որոշեցին փոխել Արմինե Դ.-ի մեղադրանքը: Գործով քննիչը քրեական գործը դատարան ուղարկեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Մեղադրանք
Քաղաքացի Արմինե Դ.-ի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Միջազգային քրեական ոստիկանության (ԻՆՏԵՐՊՈԼ) օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվեց արտասահմանյան երկրներից մեկում, և հենց նրանց միջոցով տեղափոխվեց Հայաստան: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, իսկ դատարանը նրան դատապարտեց 7 տարի 6 ամիս ազատազրկման:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հայտնաբերվել են օձեր

օձերՀունիսի 18-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի մուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 17-ին, ժամը 12.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ առողջարանային համալիր» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կաթսայատանը օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 17-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի 2 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նամակ ՀՀ-ում եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին

աֆրիկյաններԵվրոպայի խորհրդի գրասենյակ

Պրն. Օլեքսանդր Պավլյուկ, գրասենյակի ղեկավար

 

Եվրոպական միության պատվիրակություն

Ն.Գ. պրն. Տրայան Հրիսթեա, դեսպան, պատվիրակության ղեկավար

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Ռայներ Մորել, արտակարգ և լիազոր դեսպան

 

Իտալիայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Ջովաննի Ռիչուլլի, արտակարգ և լիազոր դեսպան

 

Լեհաստանի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Զդիսլավ Ռաչինսկի, արտակարգ և լիազոր դեսպան

 

Լիտվայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Էրիկաս Պետրիկաս, արտակարգ և լիազոր դեսպան

 

Հունաստանի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Իոաննիս Տայիս, արտակարգ և լիազոր դեսպան

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն

Ն.Գ. տկն. Քեթրին Ջեյն Լիչ, արտակարգ և լիազոր դեսպաններ

 

Շվեդիայի Թագավորության դեսպանություն

Ն.Գ. տկն. Դիանա Յանսե, արտակարգ և լիազոր դեսպան

 

Շվեյցարիայի դեսպանություն

Ն.Գ. պրն. Լուկաս Գասսեր, արտակարգ և լիազոր դեսպան

 

Ռումինիայի դեսպանություն

Ն.Գ. պրն. Սորին Վասիլե, արտակարգ և լիազոր դեսպան

 

Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Անրի Ռենո, արտակարգ և լիազոր դեսպան

 

Պրն. Թիմոթի Դեյվիդ Սթրայթ, պատվավոր հյուպատոս

Նորվեգիայի թագավորություն, Ֆինլանդիա

 

Պատճենը՝ լրատվամիջոցներին

 

17.06.2014

Մեծարգո դեսպաններ,

 

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության անունից ձեր ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ ՀՀ կառավարությունը փորձում է խախտել 21.10.2008թ-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան (Գրանադա, 3.10.1985): Մասնավորապես, խախտվում է վերոնշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որի համաձայն. “Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելելպահպանվողորևէհուշարձանիամբողջականկամմասնակիտեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…”:

Աֆրիկյանների ակումբի շենքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցներից է, որը ներառված է պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՀՀ կառավարության 7.10.2004թ N 1616-Ն որոշման հավելված 2-ի համաձայն շենքը ենթակա էր տեղափոխման: Սակայն վերոնշյալ կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ Սահմանադրության հոդված 6-ից ելնելով՝ Կառավարության այս որոշումը ուժը կորցրած է համարվում:

Մենք խիստ մտահոգված ենք այն փաստով, որ 2011թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը, մասնավորապես Մշակույթի նախարարությունը, շարունակաբար արհամարհում է ՀՀ միջազգային պարտավորություններին հետևելու՝ իր վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու և հուշարձանի պահպանությունն ու վերականգնումն իրականացնելու մեր պահանջները: Ավելին, 2014թ. հունիսի 9-ից սկսած կառուցապատող կազմակերպությունը սկսել է շենքի ապամոնտաժումը: Մի քանի տասնյակ քաղաքացիների, մասնագետների և լրատվամիջոցների ջանքերով առայժմ հնարավոր է եղել կանխել հուշարձանի ապամոնտաժումը: Սակայն վտանգ կա, որ ցանկացած պահի ապամոնտաժման աշխատանքները կարող են վերսկսվել: Մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով՝ իրավական գործընթաց, հանրության իրազեկում և մոբիլիզացում, շենքի մոտ շուրջօրյա հերթապահություն և այլ գործողություններ:

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության մեջ ներգրավված են ակտիվիստներ, մասնագետներ, լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ, որոնք շարունակաբար մասնակցել են մի շարք մշակութային, բնապահպանական, հանրային տարածքի, մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնությունների, մասնավորապես՝ Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը, Պահպանենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունները, Վճարում ենք 100 դրամ նախաձեռնությունը և այլն:

Մենք ձեզ կոչ ենք անում հանդես գալ որպես Գրանադայի կոնվենցիայի երաշխավորներ, մանրամասն ծանոթանալ իրավիճակին և արձագանքել: Արձագանքները կարող են լինել աջակցող հայտարարությունների ու մեդիա միջամտությունների, բանակցությունների, հանրային քաղաքական ճնշման տեսքով և այլ միջոցներով:

Կանխավ շնորհակալ ենք խնդրին ընթացք տալու համար և ակնկալում ենք ձեր շուտափույթ արձագանքը:

 

 

Հարգանքով՝

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն

 

 

 

Փրկարարները դուրս են բերել քաղաքացիներին վերելակից

վերելակՀունիսի 18-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 61 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մնարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Հունիսի 17-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մնարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին վերելակից դուրս են բերել:

Թուրք ժխտողականներին չհաջողվեց խափանել Ցեղասպանությանը նվիրված ելույթը Ավստրալիայի խորհրդարանում

Հարութ-Սասունյան1Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը հրավիրել էր տողերիս հեղինակին ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների կողմից, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:

Թուրքական ժխտողական խումբը ձգտում էր Անկարայի մարդու իրավունքների սահմանափակումները ներմուծել մի այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Ավստրալիան է, փորձելով սահմանափակել ոչ միայն տվյալ ելույթ ունեցողի խոսքի ազատությունը, այլև խորհրդարանի՝ իր ընտրած անձանց հրավիրելու իրավունքը: Ինձ անվանելով «պրոպագանդիստ», որն «օգուտ է քաղում հակամարտությունից և ատելությունից», թուրքերն իրենց  նամակում «խստորեն» խորհուրդ էին տվել պատգամավորներին ներկա չլինել իմ ելույթին:
Ավստրալիայի թուրքական միության գործադիր տնօրեն Գյունեշ Գյունգորը կեղծ հայտարարություն էր տարածել, թե իբր ես Համբիկ Սասունյանի «ազգականն» եմ, այն պարզ պատճառով, որ կրում եմ միևնույն ազգանունը: Համբիկը մեղավոր էր ճանաչվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Թեև յուրաքանչյուր մարդու կյանքը շատ թանկ է, սակայն Գյունգորը կոկորդիլոսի արցունքներ է թափում միայն մի թուրք դիվանագետի մահվան առիթով՝ անտեսելով 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունները… Ինչքանո՞վ դուր կգա Գյունեշ Գյունգորին, եթե նրան մեղադրեմ մի քանի հանցագործների հետ «ազգակցական» կապ ունենալու մեջ, որոնց գտել եմ համացանցում, միայն այն պատճառով, որ նրանք կրում են միևնույն ազգանունը:

 

Գյունգորն իր նամակում նաև չարախոսել է ականավոր իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որն ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը` Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա: Հուսահատորեն փորձելով ամեն գնով արատավորել Լեմկինի անբասիր վարկը, Գյունգորը պնդել է, թե «նիստի վերջում նրա ագրեսիվ մեկնաբանությունների պատճառով նրան [Լեմկինին] դուրս են հրավիրել սենյակից»: Գյունգորը նույնիսկ սխալ էր գրել Լեմկինի անունը:

 

Վերջում թուրք պրոպագանդիստը փորձեց ներկայացնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև եղած տարբերությունը: Հայոց ցեղասպանության հարցերում փորձագետ ձևանալուց հետո Գյունգորը խոստովանեց իր տգիտությունը` նշելով, որ «Օսմանյան կայսրության վերջին շրջանի մասին դեռ շատ բան պետք է իմանալ և շատ եզրակացություններ անել»:

 

Հակառակ Գյունգորի փորձերին խոչընդոտելու իմ ելույթը՝ պատգամավորները և հյուրերը, այդ թվում՝ գիտնականներ, ընտրված պաշտոնյաներ և հրեական համայնքի ղեկավարներ ինձ դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով: Զարմանալիորեն Գյունգորը հայտնվեց խորհրդարանում լսելու իմ ելույթը՝ չվստահելով միջոցառումը չեղյալ համարելու իր սեփական կարողությանը: Չնայած ունկնդիրներին բավականին ժամանակ էր տրված ցանկացած հարց տալու համար, սակայն Գյունգորը և նրա երկու թուրք գործընկերները որևէ հարց չտվեցին: Շատ զարմանալի էր, որ երբ թուրքերը լքում էին խորհրդարանի դահլիճը, լսվեց, որ Գյունգորի գործընկերներից մեկը նրան ասաց. «չեմ հասկանում, թե նման գիշերներին ինչ ենք անում այստեղ…»:

 

Իմ մյուս ելույթները տեղի ունեցան լիքը դահլիճներում` առանց խափանման: Ըստ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ Սիդնեյում ապրիլի 24-ին իմ առաջին ելույթի ժամանակ 1100 մարդ է ներկա եղել: Հաջորդ գիշեր ես երկրորդ անգամ ելույթ ունեցա նույն քաղաքում: Այնուհետև, ապրիլի 27-ին ելույթով հանդես եկա համանման մի միջոցառման ժամանակ Մելբուռնում` 500 հյուրերի ներկայությամբ:

 

Իմ ճամփորդության ընթացքում միակ տհաճ երևույթը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հղած ուղերձն էր Սիդնեյի ոգեկոչման արարողությանը: Վերցնելով մի էջ նախագահ Օբամայի «պիեսների ժողովածուից», Էբոթն իր հակիրճ ուղերձում, խուսափելով ցեղասպանություն բառից, օգտագործեց ցանկացած այլ բառ (սարսափ, ողբերգություն, սարսափելի իրադարձություններ, կորուսյալ կյանքեր): Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը գրեց վարչապետին, որ նրա ուղերձը չի կարդալու լսարանի առջև, որովհետև «ցեղասպանություն բառի կոպիտ բացթողումը մեծ վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ»: Ղահրամանյանը հիշեցրեց վարչապետին նախորդ տարվա նրա ուղերձի մասին, երբ որպես ընդդիմության առաջնորդ նա պատշաճ կերպով բնութագրել էր Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն վարչապետի` Ավստրալիայի գանձապետ,  երկրի կառավարության ամենաբարձրաստիճան նախարար Ջո Հոկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը հստակորեն ճանաչող պաշտոնական հայտարարությամբ:

 

Ես հեռացա Ավստրալիայից՝ խորապես տպավորված 50 հազարանոց հայ համայնքի քաղաքական բարձր ակտիվությամբ, որը ծնկի է բերում թվաքանակով իրեն մի քանի անգամ գերազանցող, ավելի քան 200 հազարանոց թուրքական համայնքին:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հրշեջ-փրկարարները տասնյակ մարդկանց կյանք են փրկել

հրդեհ ստեփանակերտումԻնչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հունիսի 16-ին ժամը 13.37-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը բռնկվել է առաջին հարկի լսարաններից մեկում և արգելափակել ելքերը, լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին շենքում գտնվում էին 150 ուսանող և 30 դասախոս ու աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 15.50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում էին հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրդեհի հետևանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը և հասցված վնասի չափը ճշտվում են։

Անկախ

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
հունիսի 18-20-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Հունիսի 21-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Հունիսի 18-20-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:Հունիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան  36.00C (2006 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան       9.90C (1981 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան  22.50C

Անկախ

Հայ արվեստագետը լուսանկարների ցուցահանդես է բացել Դիարբեքիրում

diyarbakir  Հայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտիչյանը Դիրարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում ներկայացրել է իր «Տեղ չունեցող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Միջացառմանը մասնակցել են Գազիանթեփից (Այնթափ) և Քահրամանմարաշից (Մարաշ) ԱՄՆ-ը գաղթաց հայեր և մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ: Ցուցահանդեսի հեղինակը նպատակ է ունեցել ներկաներին տանելու դեպի հիշողությունների գիրկը: Սիլվինա Տեր-Մկրտչյանը, նշելով, որ ցուցահանդեսի համար Դիարբեքիրը ամենաազդեցիկ վայրերից մեկն է, ասել է. «Ես իմ ցուցահանդեսի միջոցով ուզում եմ մարդկանց տանել դեպի հիշողություններ և այսպիսով միավորելով նրանց զգացումները՝ օգնել, որպեսզի նայեն դեպի միասնական ապագա»:

Ցուցահանդեսը, որի ընթացքում լուսանկարներից բացի կներկայացվեն նաև տեսապատկերներ, այցելուների համար բաց կլինի մոտ մեկ ամիս:

 Անկախ