ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիան հայտարարում է բակալավրիատի առկա վճարովի ուսուցման` 2014/2015 ուսումնական տարվա ընդունելություն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2014/2015 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի) 50 տեղ:Արական սեռի վճարովի ուսուցման սովորողները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված տարկետման իրավունքից:
Ուսման կիսամյակային վարձավճարը 250 000 դրամ է:
Առկա վճարովի ուսուցման ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը:
Ուսումնական պլանով նախատեսված դասընթացն ամբողջությամբ անցած եւ պետական քննությունները հաջողությամբ հանձնած վճարովի ուսուցման շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ:
Քննություններին մասնակցելու համար դիմորդին տրվում է քննական թերթ, որը ստանալու համար դիմորդները անձնագրերով օգոստոսի 15-ին ժամը 11.00-ին պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր:
Ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում օգոստոսի 21-ից 28-ը ներառյալ:
Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Աջափնյակի շախմատի դպրոց
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որԵրևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ միասին Աջափնյակի շախմատի դպրոցում ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մրցաշարի բացմանը: Շախմատային ընկերական հանդիպման մասնակիցները Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների շախմատի դպրոցների սաներն էին: Շնորհավորելով մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այսօրվա փոքրիկ շախմատիստները շարունակելու են բարձր պահել հայկական շախմատի միջազգային համբավը: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում: «Մենք՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին, նախաձեռնեցինք այս ծրագրի իրականացումը, որն առաջին իսկ օրից լայն արձագանք գտավ և մեծ ոգևորությամբ ընդունվեց երևանցիների կողմից: Մենք շարունակելու ենք այս ծրագրի իրականացումը, որպեսզի ապահովենք շախմատի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ ընդհանրապես, մենք մշտապես նախաձեռնելու և ողջունելու ենք բոլոր այն մրցաշարերը, որոնք կնպաստեն շախմատի զարգացմանը», – նշել է Երևանի քաղաքապետը:
Կազմակերպիչների խնդրանքով՝ մրցաշարի մեկնարկը տրվել է շախմատային տախտակի վրա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կատարած խորհրդանշական առաջին քայլով:
Այնուհետ, քաղաքապետը շփվել է նաև փոքրիկ շախմատիստների ծնողների հետ, ովքեր, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ շախմատի զարգացման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը:
Մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Պատասխանատուներն իրենց հերթին նկատել են, որ շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:
Միաժամանակյա խաղի սեանս՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին
Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մանկական զբոսայգում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր միաժամանակյա խաղի սեանս, որն անցկացրել է միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Միաժամանակյա խաղի սեանսին հետևել է նաև Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ օրն առանձնակի խորհուրդ ունի և պարտավորեցնող է սեանսի հատկապես պատանի մասնակիցների համար: Մարզական նոր նվաճումներ մաղթելով պատանի շախմատիստներին՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը, միշտ նրանց կողքին են լինելու և պատրաստ են անել հնարավորը՝ երևանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու և նորանոր նվաճումների հասնելուն աջակցելու ուղղությամբ: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Ռաֆայել Վահանյանին նվիրված «Անկրկնելի հաղթանակներ» խորագիրը կրող գիրքը, որի մեկ օրինակը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Որքանո՞վ են օբյեկտիվ էլեկտրաէներգիայի թանկացման` Նազարյանի հիմնավորումները
Ազգային ժողովում այսօր անցկացվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին խորհրդարանական ուժեր, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ բարձրացված հարցերին պատասխանում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ներկայացնելով սակագնի բարձրացման հիմնավորումները` Նազարյանն ասաց, որ դա պայմանավորված է էներգետիկ շուկայի մասնակից ընկերություններին անհրաժեշտ միջոցների հատկացմամբ, որի ողջ գումարը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կՎտ/ժամի դիմաց:
Նազարյանը ներկայացրեց այդ 17,5 մլրդ դրամի բաշխումն` ըստ ընկերությունների. «Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ 5,7 մլրդ դրամ, Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր՝ 2 մլրդ դրամ, Միջազգային էներգետիկ կորպորացիա՝ 0,5 մլրդ դրամ, Երևանի ՋԷԿ՝ 7 մլրդ դրամ, Հայկական ատոմակայան` 1,6 մլրդ դրամ, վերականգվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ` 1 մլրդ դրամ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն»-ը ՝ 0,1 մլրդ դրամ»:
Ըստ նրա` Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է այն հիմնական գործոնով, որ 2013-14 թթ. ընթացքում ատոմակայանի վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ավելի ուշ է մտել ցանց, և չի արտադրվել 300 մլն կՎտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել այդ էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին:
Գործոններից մեկն էլ եղել է սակավաջուր տարին. «Որոտանի կասկադը և Սևան-Հրազդան կասկադը միասին մոտ 200 մլն կՎտ էլեկտրաէներգիա պակաս արտադրեցին, և այս երկու գործոններով պայմանավորված՝ մենք ունեցանք Հայաստանի էլեկտրական ցանցերում 18.3 մլրդ դրամի վնաս, որը Բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում»,-ասաց Նազարյանը:
Ներկայացվեցին նաև մյուս ընկերությունների ֆինանսական ճեղքվածքների պատճառները` Բարձրավոլտ էլեկտրական ցանցերինը, օրինակ, առաջացել է վերականգնման և վերազինման ծախսերի, միջպետական էլեկտրական գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան էլեկտրագծի կառուցման համար ստացած արտոնյալ վարկի պատճառով: Միջազգային էներգետիկ կորպորացիայի կամ «Սևան-Հրազդան» կասկադի ֆինանսական ճեղքվածքը` 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներից, Երևանի ՋԷԿ-ինը` ընկերության կողմից արտոնյալ վարկի ստացումից,
Հայկական ատոմակայանի ֆինանսական ճեղքվածքը` շահագործման և պահպանման ծախսերից, ինչպես նաև շահագործման անվտանգության բարձրացման նպատակով աշխատած վառելիքի պահպանման ծախսերի ավելացումից և ռեզերվային ինքնավար ջրամատակարարում ապահովելու, լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունից: Հիշեցնենք, որ այս խնդիրն առաջ էր եկել այն բանից հետո, երբ ձկնաբուծության հետևանքով Արարատյան դաշտում լրջորեն վնասվել էին արտեզյան ջրային պաշարները:
Ինչևէ, ներկայացրած հիմնավորումները չբավարարեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ավելի արդար կլյներ, եթե այս լսումներին մասնակցեին էլեկտրաէնեգիա արտադրող ընկերությունների պատասխանատուները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը պետք է «փակի» ՀՀ քաղաքացին. «Այդ կազմակերպությունները, որ միաբերան հայտարարում են, թե աշխատում են 0% շահութաբերությամբ, արդյոք մազոխիստնե՞ր են, թե ոչ: Եթե ընկերությունն աշխատում է 0% շահութաբերությամբ, էստեղ 2 տարբերակ պիտի լինի` կամ հոգեբանական խեղումներ ունեն, կամ ուղղակի ապաշնորհ և վատ կառավարիչներ են»,-հայտարարեց նա:
Նազարյանը չհամաձայենց պատգամավորի հնչեցրած տեսակետների հետ: Նրա խոսքով` ներկայացված հիմնական գործոնները որևէ ձևով վատ մենեջմենթով չեն պայմանավորված: «Մենք երբևէ վատ մենեջմենթի արդյունքում ձևավորված ֆինանսական ճեղքվածքները հաշվի չենք առնում, այլ հաշվի ենք առել մեր մեթոդիկայում ամրագրված այն ծախսային հոդվածները, որտեղ մեր կանխատեսումները չեն արդարացվել, և տեղի է ունեցել վնաս»:
ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը նկատեց. «Փաստորեն, եթե մենք հիմա այդ ընկերությունների կրած վնասները փոխհատուցում ենք, ստացվում է, որ մենք իրենց պարտքով գումար ենք տալիս: Հետո, երբ այդ ծախսերը փակվեն, մեզ այդ գումարը վերադարձնելո՞ւ են, թե ոչ: Տրամաբանորեն, պետք է վերադարձվի, որովհետև սպառողի մեղքով չի առաջացել այս վիճակը»:
Ռոբերտ Նազարյանը միայն խոստացավ, որ հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է նվազմանը, ապա նա նշեց, որ դա չպետք է բացառել, բայց խոստանալ էլ չի կարող:
Անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էր մտահոգում այն հարցը, թե ինչու պետք է սպառողը վճարի գերկորուստների դիմաց:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, մի շարք հարցերի հետ միասին, հետաքրքրում էր, թե ինչ արդյունավետությամբ է կառավարվել Բաշխիչ ցանցերի աշխատանքը և ընդհանուր գնահատական տրվե՞լ է ցանցերի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:
Նազարյանը նշեց, որ կառույցի արդյունավետության նկատմամբ իր կողմից գնահատական հնչեցնելը ճիշտ չի լինի. «Մեր կարգավորող հանձնաժողովի մասով կարող եմ ասել, որ եթե կառույցը չի ապահովում լիցենզիայի պայմանները, խախտում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները և ոտնահարում սպառողների շահերը, ապա մենք վարչական վարույթ ենք իրականացնում և օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառում»:
Մի շարք հարցեր բարձրացրեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մասնավորապես կապված «ՀայՌուսգազարդի» հետ կնքած «տխրահռչակ» պայմանագրի հետ: Նա հետաքրքրվեց, թե այդ պայմանագիրը որքանո՞վ է ազդել սակագնի բարձրացման վրա:
Նազարյանը չցանկացավ գնահատական տալ այդ պայմանագրին, ինչ վերաբերում է ազդեցությանը, նշեց, որ կայանը վաճառվել է 31 միլիոն դոլարով, և պայմանը եղել է այն, որ 15 տարում այդ ներդրումը վերադարձվի: Ըստ Նազարյանի, կայանի բոլոր ծախսերն ամրագրված են իրենց պայմանագրերում. «Հիմա շատ ա, քիչ ա, դուք որոշեք: Մենք ամրագրել ենք այն անհրաժեշտ ծախսային հոդվածները, որից պակաս անելու իրավունք չունենք»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Զուրաբյանի ելույթից հետո նրան հիշեցրեց ոչ վաղ անցյալը: «Այս քաղաքական թիմը լրիվ բարոյական իրավունքն ունի մեզ կշտամբելու, քանի որ մտածում է, որ հայ ժողովուրդը երևի մոռացել է մութ ու ցուրտ տարիները»:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը խիստ վիրավորվեց Նաղդալյանի ակնարկից ` նշելով, որ այդ տարիները Արցախյան պատերազմի հաղթանակի տարիներ էին:
Լսումներին մասնակցում էր նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Նշենք, որ նախորդ շաբաթ Հանրային խորհրդում նույնպես տեղի էր ունեցել քննարկում այս թեմայով` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Վազգան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն կորուստները, որոնց մասին այստեղ խոսում են, չպետք է սակագնի մեջ ներառվեն, քանի որ դրանք այդ ընկերությունների ոչ որակյալ աշխատանքի հետևանքով են առաջացել:
«Կորուստները պետք է իրենց շահույթներով փոխհատուցեն,-կարծում է նա,-երկրորդը` ծառայություն մատուցող կազմակերպությունները չպետք է բարձր շահութաբերություն ապահովեն, որովհետև դա անդրադառնում է տնտեսության ոչ արդյունավետ զարգացման վրա, ինչի հետևանքով կարող ենք ունենալ ոչ մրցունակ ապրանքներ դրսի շուկաներում: Այդ իմաստով, էլեկտրաէներգիայի գինը պետք է միջինացված լինի այն երկրների էլեկտրաէներգիայի գների հետ, որոնց հետ մենք առևտրային հարաբերություններ ունենք»:
Խնդիրը լուծելու համար Սաֆարյանն առաջարկում է անել ամեն ինչ, որպեսզի կառուցվի Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որի դեպքում մենք իրանական կողմից կստանանք 3 խմ գազ և դրա դիմաց կվաճառենք 9 կՎ/ ժամ էներգիա. «Արդյունքում մենք կարող ենք 2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա էլ վաճառել Բաշխիչ ցանցերին, ենթադրենք, 1 դրամով»,-նշում է նա:
Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ են մոտ 400 միլիոն դոլար վարկային ռեսուրսներ: Սաֆարյանի խոսքով` Ճապոնիան պատրաստ է այդ ռեսուրսները տալ, պարզապես կառավարությունը պիտի կարողանա բանակցային գործընթաց իրականացնել, քանի որ խնդիր կա արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնության առումով: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ կարելի է այդ գումարը հայթայթել նաև ներքին ռեսուրսների միջոցով:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար(առանց ԱԱՀ-ի): Համաձայն այդ հաշվարկների` էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,85 դրամով կամ շուրջ 4 դրամով: Ըստ նախնական տվյալների, էլեկտարէներգիայի ցերեկային սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց կարժենա 41,85 դրամ՝ ներկայիս 38 դրամ փոխարեն, գիշերայինը՝ 31,85 դրամ` գործող 28 դրամի փոխարեն: Սակագների փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի ս.թ. օգոստոսի մեկից:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի արբանյակային ծրագրով
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին, որ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Մեծ պատ » չինական արդյունաբերական ընկերության և Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։
«Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիան» (ՉՄՊԱԿ) և «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան» (ՏՏՉԱ), որոնք մաս են կազմում «Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի», Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության և տիեզերքի հետազոտման ոլորտի համար:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի տիեզերական ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման արբանյակ, և այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում:
«Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, և այսօր ուղեծրային դիրքի կոորդինացման աշխատանքների փուլում ենք: Այս ոլորտում խոշոր կազմակերպությունների կողմից ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-ասաց նախարարը:
«Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության փոխնախագահ Չժաո Չունչաոյի խոսքով՝ չինական կողմը պատրաստակամ է աշխատել հեռահաղորդակցության հայկական արբանյակի նախագծման, կառուցման, ուղեծիր դուրսբերման, դրա ղեկավարման և սպասարկման, հայ համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։
Դոլարը էժանանում է
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Երևանի կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ընթացքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել կատարված փոփոխություններին՝ հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին և դեռևս առկա խնդիրներին:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և հեռուստաընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ: Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: Հանրապետության ղեկավարը կարևորել է հեռուստաընկերության դերը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, հանրության շրջանում ազգային և համամարդկային բարձր արժեքներ քարոզող կրթական, մշակութային, հայրենասիրական և այլ ուսանելի ու օգտակար ծրագրերի ուղղությամբ աշխատանքները՝ հասնելու համար այն մակարդակին, ինչն ակնկալվում է Հանրային հեռուստաընկերությունից:
Նախագահը հյուրընկալվել է նաև «Առաջին լրատվական» ծառայությանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է հիմնանորոգված առանձին մասնաշենքում լրատվական ծառայության աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, այցելել լրագրողների և տեխնիկական անձնակազմի աշխատասենյակներ, զրուցել նրանց հետ:
Այնուհետև Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը վերակառուցվում է
Հայաստան՚ Համահայկական Հիմնադրամից Անկախին տեղեկացնում են, որ ընթացքում են Վարդենիս-Մարտակերտ շուրջ 116կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները: Ճանապարհի 12 հատվածներում միաժամանակ ընթացող հողային աշխատանքները ներառում են ժայռային գրունտների պայթեցում, ճանապարհի հարթեցում, լայնացում, առկա ինժեներական կառուցվածքների տեղափոխում: Զուգահեռաբար տեղադրվում են ջրահեռացման խողովակներ, կառուցվում ափապաշտպան կառույցներ:
Տարեվերջին, հողային աշխատանքների ավարտին, երթեւկությունը հնարավոր եւ ժամանակային առումով նախընտրելի կարող է լինել նաեւ այն մարդատար մեքենաների համար, որոնք Հայաստանի հյուսիս-արեւմտյան շրջաններից ուղեւորվում են դեպի ԼՂՀ Մարտակերտի շրջան:
Ճանապարհի լիարժեք գործարկումը կաշխուժացնի կապը հայկական երկու հանրապետությունների միջեւ եւ կխթանի ճանապարհի երկայնքով տարածված շուրջ երկու տասնյակ համայնքների սոցիալ-տնտեսական կյանքը:
Ավտոճանապարհի անվտանգ եւ լիարժեք գործարկումը հնարավոր կդառնա միայն ասֆալտապատումից եւ ճանապարհի կահավորումից հետո, ինչը նախատեսվում է իրականացնել Հեռուստամարաթոն 2014-ին հավաքագրվելիք միջոցներով:
Առաջարկում եմ Սփյուռքի նախարարութունը անվանափոխել և դարձնել Ներգաղթի նախարարություն. Լևոն Շիրինյան
“Քառյակի պահանջները, մասնավորապես 12 կետերն արդեն ծամծմված թեմաներ են, որոնցից ժողովուրդն հոգնել է: Քառյակը կարող էր արմատական փոփոխությունների պահանջ ներկայացնել, սակայն նա դա չի անում: Այն խուսափում է դիմել ժողովրդին, համագործակցել նրա հետ, Քառյակը պետք է գիտակցի, որ առանց հասարակության պահանջի այս երկրում ոչինչ չի փոխվի”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա ընդգծեց, որ, եթե Հայաստանում որևէ կուսակցություն որոշի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել, ապա ժողովրդի զգալի մասը կկանգնի հենց այդ ուժի կողքին և հաղթանակը կլինի նրանը:
Քաղաքագետը նշեց` Քառյակը, որն իրեն կնքել է “ոչ իշխանական ուժ”, մանիպուլյացիա է անում. “Ո՛չ քառյակն է փոխվում, ո՛չ էլ իշխանության որակը. այն կուսակցությունները, որոնք խորհրդարանում են, իշխանություն են: Սա ընդամենը քաղաքական մանիպուլյացիա է և ունի որոշակի նպատակ: Նրանք այդ “ոչ իշխանական”անվամբ ապահովագրում են իրենց. եթե Հայաստանում ոչ մի փոփոխություն չլինի, նրանք դրա համար պատասխանատվություն չեն կրի”:
Ըստ Շիրինյանի` քառյակից չափավոր կեցվածք ունեցող քաղաքական ուժը “Բարգավաճ Հայաստանն” է. Այն իրեն այլընտրանք է անվանել, սակայն նույն ընդդիմությունն է. “Եթե “Բարգավաճ Հայաստանը” ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մոդելը որդեգրի, ապա կարող է հասնել Հայաստանում արդյունավետ փոփոխությունների: Եթե այդ կուսակցությունը դիմի Հայաստանի միջին խավին և հստակ աշխատի մեր երկրի արդյունաբերության և գիտության վերականգման ուղղությամբ, ապա հստակ հաջողություններ կգրանցի, կբացվի նախագահական ընտրությունների ճանապարհ, որի արդյունքում հաղթանակ կգրանցի”:
Շիրինյանի կարծիքով` Հայաստանում փոփոխություններ կատարելու և ճգնաժամից դուրս գալու լավագույն ճանապարհը ներգաղթը խրախուսելն է. “Առաջարկում եմ Սփյուռքի նախարարութունը անվանափոխել և դարձնել Ներգաղթի նախարարություն”,- ասաց նա` նշելով, որ անհնարին ոչինչ չկա “Այդ քայլը կնպաստի ներգաղթի աճին. Թայվանում 30-40 հազար քառ. կմ տարածքում ապրում է ավելի քան 20 մլն մարդ: Հայաստանում էլ է դա հնարավոր”:
Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն:
ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարներ՝ Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը և Արամայիս Գրիգորյանը ներկայացրել են բնապահպանական գործառույթների իրականացման ներկայիս մեխանիզմներն ու դրանց հստակեցման ուղղությամբ հնարավոր քայլերը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործառույթների հստակ տարանջատմանն ու պարզեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին շարունակել քննարկումները և ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:
Անկախ
Մահվան ելքով պատահար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից երկուսը մահացել են
Հունիսի 16-ին, ժամը 18.20-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևոր, 1967 թ. ծնված Թամարա Նիկողոսյանը և «ՎԱԶ-2106»-ի ուղևոր, 1964 թ. ծնված Մամիկոն Մկրտչյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները, «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 16-ից 17-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 8 և յուրացման 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՌԱՀՀԿ-ը քննարկեց խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմների կիրառման խնդիրը
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) եւ International Alert («Միջազգային տագնապ») կազմակերպությունը, արցախյան հակամարտության կարգավորման լույսի ներքո, անցկացրին երկրորդ համատեղ սեմինար-քննարկումը, որը նվիրված էր «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությանը:
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Conciliation Resources» կովկասյան ծրագրի մենեջեր Զիգֆրիդ Վյոբերը, փորձագետ-վերլուծաբաններ, հանրության եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով սեմինարը բացեց եւ նրա մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Առաջինը հանդես եկավ ուսումնասիրության հեղինակներից Գեղամ Բաղդասարյանը՝ շարադրելով հանգուցային այն թեզերը, որոնց վրա հիմնված է խնդրո առարկա հետազոտությունը: «Հյուսիսային Իռլանդիայի փորձին անդրադառնալը պատահական չէր,- նշեց Բաղդասարյանը,- ընդունված է այդ հակամարտությունը համարել որպես հաջողած լուծման մոդել: Բայց այն, իմ կարծիքով, լիարժեք լուծված չէ, քանի դեռ Բելֆաստում կաթոլիկների ու բողոքականների թաղամասերը շարունակվում են առանձնացված մնալ պատերով: Դա նշանակում է, որ տակավին բաժանարար «պատեր» կան տարբեր դավանանքի մարդկանց հոգիներում»: Այդուհանդերձ, հռետորի խոսքով, հյուսիսիռլանդական հակամարտության լուծումը հաջողված է այնքանով, որքանով կողմերի միջեւ կնքվել է խաղաղության համաձայնագիր:
Իր զեկույցում ՌԱՀՀԿ գիտական ծրագրերի ղեկավար Մանվել Սարգսյանն ընդգծեց յուրաքանչյուր հակամարտության եզակիության գործոնը։ Ըստ նրա, վիճահարույց է այն հարցը, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի դեպքում կիրառելի է կարգավորված ուրիշ հակամարտությունների, մասնավորապես հյուսիսիռլանդական փորձը: «Եվ այստեղ խնդիրը այս կամ այն առճակատման տարբեր միջազգային-իրավական ու քաղաքական իմաստների մեջ է: Հակամարտությունները կարող են ծագել միանման պատճառներից, բայց վերաճել բոլորովին տարբեր քաղաքական խնդիրների: Ուրեմն՝ երբ խոսվում է ամեն մի հակամարտության եզակիության մասին, նախեւառաջ պետք է առանձնացնել կողմերի միջեւ եղած վեճի առարկան եւ տվյալ իրավիճակով շահագրգիռ սուբյեկտների դիրքորոշումների առաջացող գծապատկերը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Անկախ փորձագետ Արմեն Գրիգորյանն էլ՝ զուգահեռներ անցկացնելով Հյուսիսային Իռլանդիայի եւ արցախյան հակամարտությունների միջեւ, շեշտեց մասնավորապես դրանց ինստիտուցիոնալ եւ քաղաքակրթական տարբերությունները: «Հյուսիսիռլանդական փորձը հուշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման բանալին մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայացումն է: Եվ, բացի դրանից, Դուբլինում «բարի ուրբաթը» աշխատեց, որովհետեւ հանրությունը լայնորեն ներգրավված էր այդ գործընթացում. բոլոր կողմերը կարողացան հստակորեն ներկայացնել ու լսելի դարձնել իրենց խնդիրները»,- ասաց փորձագետը:
Վերջում թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը, հասարակագետ Նիկիտա Զարոբյանը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ ուրիշներ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Հալեպի նահանգապետի հետ
Հունիսի 17-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:
Շնորհավորելով Տիգրան Գևորգյանին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Հալեպի նահանգապետը հաջողություն մաղթեց նրան իր գործունության մեջ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ընդունելության համար` ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորեց գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:
Կողմերը մտքեր փոխանակեցին Սիրիայում առկա իրադրության, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:
Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:
Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրեց նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը:
Դիմորդները միասնական քննություն հանձնեցին մաթեմատիկայից (լուսանկարներ)
Այսօր հանրապետության 34 քննակենտրոններում 6003 դիմորդ միասնական քննություն հանձնեց մաթեմատիկայից: “Անկախ”-ը եղավ ԵՊՀ-ի քննակենտրոնում, որտեղ մաթեմատիկայից միասնական քննություն էր հանձնում 227 դիմորդ:
ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը “Անկախ”-ի հետ զրույցում նշեց,որ հայտագրված 235 դիմոդից ԵՊՀ-ի քննակենտրոն է ներկայացել 227 դիմորդ, 8-ը բացակա էին, իսկ բացակայության պատճառները քննական կենտրոնի ղեկավարին հայտնի չէին: Դիմորդներից մեկը “Անկախ”-ին հայտնեց, որ 15 միավոր է ստացել հայերենից ու 12 միավոր` անգլերենից, բայց հուսով է` այս անգամ լարվածությունը չի խանգարի ու ավելի բարձր գնահատական կստանա: Մեկ այլ դիմորդ նշեց, որ մաթեմատիկա առարկան ընդամենը 1 տարի պարապել, մյուս առարկաներից բավականին բարձր միավորներ է ստացել` հայերենից` 18, օտար լեզվից` 17.75, և հուսով է` մաթեմատիկայի քննությունն էլ բարեհաջող կհանձնի ու կընդունվի ԵՊՏՀ:
Հանձնաժողովի անդամները մինչ քննության մեկնարկը ներս հրավիրեցին մի քանի ծնողների ` ականատես լինելու քննական թեսթերի ծրարի բացմանը: Դիմորդները ծնողների ներկայությամբ բացեցին պարկը և քննությունը մեկնարկեց ժամը 9.30: Նշենք նաև, որ դիմորդներից մեկն ուշացած ներկայացավ քննությանը` մեկնարկից մոտ 40 րոպե անց, և նրան քննություն հանձնել այդպես էլ չթույլատրվեց:

Միասնական քննությունը տևեց 3 ժամ: Այս ընթացքում ծնողներին հնարավորություն էր տրվում նախասրահում հետևել քննության ընթացքին: Ծնողները հիմնականում բողոքում էին տեսախցիկների որակից` նշելով, որ սրահների որոշ հատվածների հազիվ տեսանելիությունը իրենց մոտ կասկած է առաջացնում քննության ընթացքի հետ կապված: Քննությունից մոտ մեկ ժամ առաջ էլ առաջինն իր թեսթը հաձնեց ու քննասենյակից դուրս եկավ դիմորդներից Դավիթ Մեյմանյանը, ով “Անկախ”-ին հայտնեց, որ թեսթում բավականին դժվար հարցեր են եղել, նշեց նաև, որ ամբողջ թեսթը լրացրել է, սակայն համոզված է, որ սխալներ ունի: Հաջորդ դիմորդները ևս խոսում էին թեսթերի բովանդակության մեջ բավականին բարդ հարցերի առկայության մասին ու անհամբեր սպասում քննական թեստերի պատասխաններին:
Հիշեցնենք, որ դիմորդները հունիսի 20-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից և քիմիայից: Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին, իսկ վերջին քննությունը ռուսաց լեզվից է:
Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է /ԼՐԱՑՎԱԾ/
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել էին փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաև 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն և 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:
Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 16-ին Գոռ Հ.-ն ներկայացել է բաժին:
ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով Գոռ Հ.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը
Այսօր՝ հունիսի 17-ին առավոտյան 66 տարեկան հասակում մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը:
Սամվել Գեւորգյանը ծնվել է 1948թ. հոկտեմբերի 2-ին Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ:
1971-72-ին աշխատել է ուսուցիչ Թալինի շրջանի Ն. Բազմաբերդ գյուղում, 1972-73-ին` «Աշտարակ» թերթում, 1973-89-ին` հեռուստառադիոպետկոմում խմբագիր, ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ, 1989-1991-ին` «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, 1991-93-ին` հեռուստապետ-վարչության պետ, 1993-95-ին` ՀՀ Նախագահի խորհրդական: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
1995-ի հուլիսի 28-ին ընտրվել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության անդամ:
Սամվել Գեւորգյանը 2008թ. ակտիվորեն մասնակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը:









