Աշխարհում ամենահին տաբատը հայտնաբերվել է Չինաստանում

02134857.976195.4579Հնագետները Չինաստանում հայտնաբերել են աշխարհում ամենահին տաբատը, որի տարիքը մոտավորապես 3,4 հազար տարի է, հայտնում է ScienceNews.-ը: Տաբատը հայտնաբերվել է  Չինաստանի ծայր արևմուտքում գտնվող Տաիմյան իջվածքի գերեզմանոցում: Մասնագետները ենթադրում են, որ այն պատկանելիս է եղել ասիական քոչվորներից մեկին: Բացի այդ, նրանք համոզված են, որ այն աշխարհում ամենահին տաբատն է:

Սակայն գտածոյում ամենաարժեքավորն այն է, որ տաբատի գոյությունը ցայտուն կերպով  ապացուցում է` քոչվորներն այն ստեղծել են ձի քշելու համար ու, որ այն շատ վաղուց է ստեղծվել:

Հետաքրքրական է, որ այն պատրաստված է բրդյա գործվածքից ու  առատորեն զարդարված ձեռագործով ու տարբեր օրնամենտներով:

Անկախ

ԿԳՆ հայտարարությունը բուհերում անվճար տեղերը նվազագույնի հացնելու վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀայտարարությունում խոսվում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար տեղերի քանակը նվազագույնի հասցնելու մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: Մասնավորապես, ասվում է`

“Հաշվի առնելով տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին շրջանում տեղ գտած որոշ հրապարակումներ առ այն, որ անվճար տեղերի քանակը ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հասցվել է նվազագույնի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը:
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն  որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրա¬գույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաև նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:
Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:
Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:
Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաև բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաև կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:
Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաև ՀՀ օրենսդրությամբ (<<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենք, <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք, <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք ) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:
Հարկ ենք համարում նշել նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի փոխհատուցման  ճկուն համակարգ:
2013 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին, յուրաքանչյուր տարի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Հիշյալ ծրագրի շրջանակում, պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ստացել 850 ուսանող”:

 

Հայաստանի տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում`
Հունիսի 2-6-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Եվրասիական տնտեսական միությանը բարդ կյանք է սպասվում. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյան«Մաքսային միության կազմում հիմնադիր երեք երկրների միջև կան հակասություններ։ Սակայն հակասությունները վերաբերում են նաև նոր անդամներին, այդ թվում՝ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով. « Հակասություններ կան բոլոր միություններում, այդ թվում՝ Եվրամիությունում։ Եթե այդ միությունը կայանա, ինչում ես վստահ չեմ, դա կլինի դժվար կյանք, ինչպես յուրաքանչյուր միության կյանքն է։ Լինելու են մշտական հակասություններ և դրանք լուծելու ուղիների որոնում։ Պետությունները, որոք միության կազմում են լինելու, ունեն օբյեկտիվորեն տարբեր շահեր. օրինակ, Ղազախստանը և Ռուսաստանը շատ նման են իրար. ունեն մեծ տարածք, համեմատաբար քիչ բնակչություն, խիստ կլիմա և հարուստ էներգապաշարներ, այդ պատճառով ունեն համանման շահեր, իսկ Բելառուսի դեպքում դա այդպես չէ։ Մենք առավել ևս. Հայաստանը ոչ միայն չունի հարուստ էներգապաշարներ, այլև չունի ընդհանուր սահման։ Մեր հանրապետությունը մնացածից կտրված է ոչ թե պարզապես ինչ-որ այլ երկրով, այլ Վրաստանով, որը չունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս հակասությունները լուծելու համար կոնֆլիկտներ են ստեղծվելու, որոնք շարունակական գործընթաց են դառնալու»։

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի կարող ասել, թե երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը՝ «համաձայնեցման գործընթացը սկսվել է և դեռ երկար կշարունակվի»
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությանը, Իսկանդարյանը նշեց, որ այն, ինչ քննարկվում էր ԶԼՄ-ում և այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, իրականում տարբեր բաներ են. Հայաստանում դա չափազանցված խուճապով ընդունվեց. «Երբ ընթանում էին Ասոցացման պայմանագրի ստորագրման համար տարվող աշխատանքերը, ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ԼՂՀ-ը պետք է մտներ Եվրամիություն: Իհարկե ոչ: Ո՞րն է խնդիրը: Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական միություն ՝ որպես Հայաստան, իսկ ՀՀ և ԼՂՀ միջև միասնական սահման կա, և միասնական սահման էլ կմնա»,-ասաց Իսկանդարյանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, թե համաձայն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ. Ղարաբաղի հարցը Մաքսային միությունում չի լուծվում:

Անկախ

Վարդենիսում քաղաքացին որսորդական հրացան է հանձնել

հրացանՈստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1967 թ. ծնված Ռուբերտ Գ.-ն օրերս կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ՏՕԶ տիպի երկփողանի, որսորդական հրացան:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:

Նոր միջոցի շնորհիվ պլաստիկն ավելի արագ կքայքայվի

МусорԱստրախանի Պետական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ստեղծել են մի միջոց, որն  էականորեն արագացնում է պոլիմերային նյութերի քայքայումը, գրում է econet.ua-ն: Նորույթի հեղինակը` Աննա  Կաշիրսկայան այդ միջոցը ստացել է տարածաշրջանում հողից   միկրոօրգանիզմ- դիստրուկտորների անջատումով: Հեղինակների կարծիքով, մշակված կենսատեխնոլոգիան նպաստում է  թունավոր նյութերի նվազեցմանը: Հաստատվել է, որ 7 տարվա ընթացքում պոլիէթիլենային թաղանթի  քայքայվել է 66%-ով, իսկ մյուս պոլիմերային նյութերում թունավոր նյութերի մակարդակը էականորեն նվազել է: Նման մշակումը թույլ կտա քայքայման արգասիքները օգտագործել որպես պարարտանյութ: Ի դեպ, բնական պայմաններում պոլիմերների քայքայմանը պրոցեսը տևում է  ավելի քան 100 տարի: Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է  նախագծին աջակցելու պատրաստակամության մասին:

Անկախ

2 տղամարդիկ ծեծել են Աքորի գյուղի բնակչին և նրա մորը

ԾեծկռտուքՀիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ դաստակի կոտրվածքով և աջ նախաբազկի սալջարդ քերծվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1982 թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աքորի գյուղում վիճաբանության ժամանակ:
Մայիսի 31-ին, ժամը 00.35-ին, նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Աքորի գյուղի իրենց տան բակում համագյուղացիներ` 1967 թ. ծնված Ստյոպա Ա.-ն և 1978 թ. ծնված Սամվել Ս.-ն ծեծի են ենթարկել իրեն և մորը՝ 1960 թ. ծնված Լուսաբեր Թ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Մրգաշատում 24-ամյա երիտասարդին դանակահարողը հայտնաբերվել է

ձերբակալվելՄայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ին: Նա բացատրություն է տվել, որ մայիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի սկզբնամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ի ն` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

«Շևրոլե»-ի համարանիշերը կեղծելով` տեղադրել է իր «ԳԱԶ-31029»-ի վրա և շահագործել

ճոՕրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի սկզբներին Տարոն Ս.-ն 1983 թ. ծնված Երվանդ Ա.-ից խնդրել է նրա «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը և վերջին 1 թվի փոխարեն գրելով զրո թիվը, ինքնակպչուն ժապավենով ամրացրել է, տեղադրել իր «ԳԱԶ-31026» մակնիշի ավտոմեքենայի վրա ու շահագործել:
Կատարվում է հետաքննություն:

 

60 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4-ը երթևեկության ընթացքում ծխել է, 128-ը` մեքենան վարել առանց համապատասխան փաստաթղթերի

մեքենաՄայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց. 60 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 128 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը  վերասարքավորած է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:

 

Ավելի քան քառորդ դար շարունակվող սին խոստումներ անօթևան ընտանիքներին

Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն: Անցած տասնամյակների ընթացքում այդ վթարայինների բնակիչներին երկրի իշխանությունները պարբերաբար շենքերի ամրացման սին խոստումներ են տվել:
Այդ շենքերի բնակիչները հիմնականում չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Ավելի քան քառորդ դար վերականգնման սպասող, սակայն տարին տարվա վրա է՛լ ավելի քայքայվող ու ինքնափլուզվող շենքերից մեկն էլ Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26-րդ շենքն է: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը այդ կիսով չափ բնակեցված շենքի վթարային վիճակի մասին է:

Սևանա թերակղզու մոտ մեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ

ավտոմեքենան ցեխակույտի մեջՀունիսի 2-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ թերակղզու մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ՎԱԶ 21-07» մակնիշի 09 US 645 պետհամարանիշով ավտոմեքենան:

Արսեն Խոջոյանին տեղափոխում են Հրազդանի բժշկական կենտրոն

Արսեն Խոջոյան2014-ի մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հայկական կողմին էր հանձնվել ապրիլին և արդեն տասն օր է` Սևանում էր` անասնապահությամբ զբաղվող հոր օգնելու նպատակով: Արսենը, սակայն, վերջին օրերին գանգատներ ուներ առողջությունից: Նրա մոտ նկատելի է ընդհանուր թուլություն, անքնություն, ոտքերի ցավեր, երբեմն նաև քթից արյունահոսություն:

ՀՀ Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նախարարության բուժվարչության պետի ուղեկցությամբ Արսենը կտեղափոխվի Հրազդանի բժշկական կենտրոն` բուժզննության նպատակով:

 

Անկախ

Հանրապետականն ունի 47000 երիտասարդ. ՀՀԿ ԵԿ հավաքում վերլուծեցին կուսակցական վիճակագրությունը

հհկ«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացված է ՀՀ բոլոր համայնքներում։ Հայաստանում որևէ այլ կուսակցություն չունի նման ներկայացվածություն, թե՜ հորիզոնական, թե՜ ուղղահայաց կապեր ապահովող կառույցներ։ 30093 ՀՀԿ-ական 18-30 տարիքային խմբում է, կուսակցության 16818 անդամ 30-35 տարեկան է»,- մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը։ Դիմելով երիտասարդ գործընկերներին՝ նա նաև ընդգծեց, որ այդ ներուժը պետք է կարողանալ հնարավորին չափ արդյունավետ օգտագործել. «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ գաղափարախոսությամբ, ինչ ռեսուրսով, ինչ նվիրվածությամբ դուք քաղաքական կյանքում կհերթափոխեք մեզ»։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ ՀՀԿ գործադիր մարմնի անդամը խոսեց կազմակերպչական խնդիրների մասին, բերեց կուսակցությանն առնչվող վիճակագրական տվյալներ, որոնց վերլուծությունը կօգնի հասկանալ առկա խնդիրները և գտնել լուծումներ։ Ռուբեն Թադևոսյանը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ոչ միայն պետք է համալրում ստանա, այլև մաքրվի։

Ներկաները կարևորեցին յուրաքանչյուր ՀՀԿ-ականի իր տարիքային խմբին, նախասիրություններին ու կարողություններին համապատասխան ծրագրերի մեջ ներգրավելու անհրաժեշտությունը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն

անդրադարձավ կուսակցական կարգապահության հարցերին, կարևորեց հանրության բոլոր շերտերի հետ երիտասարդ հանրապետականների սերտ համագործակցության հարցը։ Նա ընդգծեց, որ այսօր կուսակցությունների միջև հիմնականում գաղափարների և միջավայրերի պայքար է։ Ուստի իրենք գաղափարախոսությանը զուգահեռ պետք է կարողանան գրավիչ միջավայր ապահովել՝ սեփական շարքերը համալրելու ու ամրապնդելու համար։ Դրան զուգահեռ՝ Կարեն Ավագյանը շեշտեց կուսակցությանն անդամագրումների ճիշտ կազմակերպումը. «Արհեստական որևէ թիվ մեզ չի հետաքրքրում, մենք չենք ցանկանում, որպեսզի մեր կառույցներն ուռճացված տվյալներ ներկայացնեն»։

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Ծաղկաձորում անցկացված ՀՀԿ ԵԿ հավաքում հաշվետվություններով հանդես եկան նաև երիտասարդական կառույցի մարզային և Երևանի խորհուրդների, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Նշենք, որ ՀՀԿ ԵԿ հավաքները կազմակերպվում են կուսակցության հերթական համագումարներից հետո։ Դրանց ընթացքում քննարկվում են համագումարում հնչած ելույթները, թեզերն ու դրույթները, նախանշվում են նաև առաջիկա անելիքները։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Փոքրիկ Գառնին Սիրիայի դրոշն է նկարում, որ ծննդավայրի կարոտն առնի

սիրիահայեր (1)2012 թ. փետրվարի 28-ն էր: Սիրիայի Նոր գյուղ թաղամասում բնակվող հայկական ընտանիքում նոր երեխայի ծնունդի էին սպասում: Երիտասարդ կնոջ` Դալարի երկունքի ցավերը բռնել էին, և ամուսինը` Հակոբը, նրան հիվանդանոց էր տեղափոխում:

Սակայն կես ճանապարհին նրանք ստիպված էին կանգ առնել. ճանապարհը դեպի հիվանդանոց փակ էր, կրակոցներ էին հնչում… «Դալա՛ր, դիմացիր»,- ասում էր Հակոբը կնոջը:
Իսկ ճանապարհը չէր բացվում ու չէր բացվում: Շտապօգնություն էլ հնարավոր չէր կանչել, քանի որ երբ կրակոցները սկսվում էին, կյանքը Հալեպում կանգ էր առնում: Ի վերջո, երկարատև տանջանքից հետո երիտասարդ ամուսինները հասնում են հիվանդանոց, և Դալարը հաջողությամբ երկրորդ զավակին` Զավենին լույս աշխարհ է բերում:
Սիրիահայ այս ընտանիքն այսօր Հայաստանում է, հայրենիք է տեղափոխվել մոտ մեկուկես տարի առաջ: Իսկ մինչ այդ նրանք փորձում էին կառչած մնալ հայրենի քաղաքին` վառոդի ծխի և արկերի պայթյունների տակ չհավատալով, որ երբեմնի խաղաղ ու բարեկեցիկ Հալեպն այլևս հիշողություն է:
Անիրական երազից նրանց վերջնականապես հանում է 2012-ի օգոստոսին իրենց տան մոտ հնչած պայթյունը, ու երիտասարդ ընտանիքը հենց հաջորդ օրը լքում է սիրելի քաղաքը:
Մինչ Երևան հասնելը, նրանք մեկնում են Դամասկոս` Դալարի հայրական տուն, որտեղ իրավիճակը դեռևս այնքան էլ լարված չէր: Սակայն Դամասկոս հասնելը մի մեծ փորձություն էր: Օդանավակայանի ճանապարհին պարզվում է, որ ընդդիմադիրները պայթեցրել են օդանավերին վառելանյութ մատակարարող բեռնատարները: Կառավարական օդանավակայանն արդեն հրե ճիրաններում էր: Իրավիճակը խիստ լարված էր: Նրանք օդանավակայանի և Հալեպի մեջտեղում էին, բայց ո՛չ առաջ կարող էին գնալ, ո՛չ հետ, երկու ճանապարհներն էլ փակվել էին գրոհայինների կողմից. «Շուտով ամուսնուս մոտեցավ մի սիրիահայեր (2)մարդ, որն իր վրա պատասխանատվություն առավ մեզ գյուղերի միջով օդանավակայան հասցնել»,- պատմում է Դալարը:
Ավտոմեքենաները կանգնեցնում են և այդ մարդու ուղեկցությամբ ոտքով շարժվում առաջ. մի կողմում կառավարական զորքերն էին, մյուս կողմում` գրոհայիները, իսկ երկնքում ժամանակ առ ժամանակ պայթյուններ էին որոտում:
Ի վերջո, հասնում են օդանավակայան. ինքնաթիռը, որ թռիչք պետք է կատարեր ժամը 15:00-ին, օդ է բարձրանում ժամը 21:30-ին: Բարեբախտաբար, այդ ծանր փորձություններից հետո նրանք հասնում են Դամասկոս:
8 ամիս անց են կացնում Դամասկոսում: Նրանց դուստրը` 7-ամյա Գառնին, ընդունվում է հայկական դպրոց, Հակոբը, որ մասնագիտությամբ ոսկերիչ է, աշխատանք է գտնում, բայց այլ բնագավառում: Սպասում են, մինչև Հալեպում իրավիճակը կայունանա` վերադառնան: Բայց ոչ միայն Հալեպում չէր խաղաղվում, այլև պայթյունները կամաց-կամաց հասնում էին Դամասկոս: «Մի օր հենց աղջկաս դպրոցի մոտ պայթյուն եղավ, դպրոցի ամբողջ ապակիները կոտրվեցին, թափվեցին: Հասկացանք, որ այստեղ էլ այլևս ապահով չէ, և որոշեցինք տեղափոխվել Հայաստան»,- ասում է Դալարը:
Եվ օրեր անց, երբ գնում են հայկական դեսպանատուն, վիզաները վերցնում և տաքսի նստած տուն վերադառնում, հանկարծ երկնքում մեծ ծուխ են նկատում: Վարորդը պատմում է, որ քիչ առաջ մի քանի թաղամաս այն կողմ մեծ պայթյուն է եղել:
Երբ Դալարը լսում է թաղամասի անունը, մի պահ քարանում է, հետո բացականչում. «Գառնին, Հակո՛բ, Գառնին»,- ապա ինքնամոռաց տաքսու դուռն ընթացքի մեջ բացում է, որ իրեն դուրս նետի:
Թաղամասում, որտեղ պայթյունը եղել էր, դստեր դպրոցն էր գտնվում: Հետո պարզվում է, որ պայթյունը հենց դպրոցի կողքին է եղել, և ուսուցչուհին պատմել է, որ եթե այն 10 վայրկյան առաջ լիներ, հետևանքները շատ ծանր կլինեին, քանի որ երեխաների դպրոցից դուրս գալու պահին է եղել: «Երեկոյան ամուսնուս ասացի` վերջ, այլևս անհնարին է մնալը, պետք է Հայաստան գնանք: Իսկ այդ օրվա վախը ինձի մնաց»:
Մեկ շաբաթ անց նրանք արդեն Հայաստանում էին:
Երեխաների անվտանգությունն ապահովում են, բայց սոցիալական խնդիրը գնալով ավելի ու ավելի է ծանրանում: Հակոբն աշխատանք չունի: Իր մասնագիտությամբ ցանկացել է գործ ձեռնարկել, սակայն մի շարք դժվարությունների առաջ է կանգնել: Փորձել է անգամ շինարարության բնագավառում աշխատել, սակայն այստեղ էլ նրան խաբել են` խոստացած գումարի փոխարեն մի քանի անգամ քիչ գումար տալով: Հիասթափվել է, երդվել, որ այլևս Հայաստանում որևէ գործ չի անի: Հակոբի եղբայրները 10 տարուց ավելի է` Ֆրանսիայում են ապրում: Որոշել է եղբայրների մոտ գնալ:
սիրիահայեր (3)«Մենք Սիրիայում շատ լավ կապրեինք, որևէ խնդիր չունեինք, կյանքը շատ հեշտ էր: Այստեղ 100 դոլարը կմանրես, մեկ օր էլ չի բավականացնի: Կյանքն այստեղ շատ թանկ է, չհաշված, որ ամսական 400 դոլար միայն տան վարձ կվճարենք,- ասում է Դալարը:-Սիրիայում էդքան աղքատություն կար, բայց անկարելի բան էր, որ մարդ մուրացկանություն աներ կամ աղբամանները մտներ, նման բաներ մենք տեսած չէինք: Այստեղ ահավոր է»:
Ընտանիքն ապրում է խնայողությունների և եղած ոսկին վաճառելու հաշվին: Սակայն ապրուստի այդ միջոցն էլ շուտով կսպառվի: Իսկ այս պահին նրանց վարձակալած բնակարանում ապրում է 9 հոգի. օրեր առաջ նրանց են միացել նաև Հակոբի մայրը, քույրը ամուսնու և երկու երեխաների հետ: Վերջիններս Հալեպից տեղափոխվել էին Եվրոպա, սակայն նրանց արտաքսել են: Ընտանիքի բոլոր անդամներն առայժմ անգործ ու անորոշ վիճակում սպասում են, իսկ թե ինչի` իրենք էլ չգիտեն:
Դալարին մի քիչ տխրեցնում է նաև տեղացիների վերաբերմունքը իրենց նկատմամբ, չնայած չի ժխտում` լավ վերաբերմունքով մարդիկ էլ շատ կան: Պատմում է, որ օրեր առաջ գնացել է հագուստ գնելու, և վաճառողներից մեկը դժգոհ տոնով ասել է, թե մենք ղարաբաղցիներից չէինք ազատվել, դուք եկաք:
Չնայած սոցիալական ծանր վիճակին, մարդկանց հետ դեռևս անսովոր հարաբերություններին` Դալարը գերադասում է Հայաստանում մնալ: «Ամենակարևոր զգացումը, որ սա իմն է, չէ՞ որ Հայաստանը մեզի համար միշտ երազ էր: Այստեղ շատ լավ է, միայն գործն է, որ մեզի համար խնդիր է»:
Դալարն անգամ համաձայն է, որ ամուսինը միայնակ մեկնի Ֆրանսիա, աշխատի, իսկ ինքը երեխաների հետ մնա Հայաստանում: Նա չի ուզում, որ երեխաները Եվրոպայում մեծանան. «Հիմա այստեղ, որ կտեսնեմ, թե Գառնին ինչպես օրինավոր հայկական դպրոց կերթա, մաքուր հայերենով կխոսե, հայ ընկերուհիներ, ընկերներ ձեռք կբերե, ինձի համար ուղղակի հարստություն է»:
Փոքրիկ Գառնին, որն արդեն մաքուր արևելահայերենով է խոսում, նույնպես սիրում է Հայաստանը, Երևանը: Բայց հարցին` կուզե՞ս վերադառնալ Սիրիա, ասում է. «Այո, շատ եմ կարոտել մեր տունը, մեր բակը, կուզեմ գնալ, կարոտս առնել ու նորից հետ գալ»:
Քիչ անց Գառնին ցույց է տալիս իր նկարած նկարներից մեկը. Սիրիայի դրոշն է. «Երբ Սիրիայի դրոշը տեսնում եմ, լաց եմ լինում»,- ասում է կարոտած աչքերով փոքրիկը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Փոքրիկ երգիչները շնորհավորում են իրենց տարեկիցներին,լուսանկարներ

փոքրիկ երգիչներՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1

Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի նախաձեռնությամբ,

Մարզահամերգային համալիրի տնօրինության աջակցությամբ,

այսօր համալիրում տոնական համերգ էր, որին մասնակցում էին

Հայաստանյան փոքրիկ երգիչները:

Միջոցառմանն իրենց յուրահատուկ գույնը հաղորդեցին

հեռուստահաղորդավարներ Էլիզաբեթ Դանիելյանն ու  ԱրեգԳալոյանը:

Միջոցառմանը մասնակցում  էին՝ Սոնա Գյուլխասյանը, Էլինա Չոլախյանը ,

Դավիթ Վարդանյանն ու Կարենը Օհանյանը, Ծիածան Երգչախումբը,

Խենթություն համույթը, մենապարող՝ Յուրա Նազարյանը ,

երգիչ՝ Միկա Վարոսյանը, Մոնիկա Ավանեսյանն իր Շոկո Ֆաբրիկայով,

Գայանե Ղազարյանը, Կարապետ Կարապետյանը,Մանե Առաքելյանն

ու ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները, ինպես նաև

Նադյա Սարգսյանն ու Նինելա Մխիթարյանը:

Անկախ

Հովհաննես Մանուկյանը հունիսի 1-ին այցելեց անչափահաս դատապարտյալներին

Հովհաննես ՄանուկյանՀՀ արդարադատության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնռցին, որ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցեց չորս դատապարտյալների «Վերջին զանգի» միջոցառմանը:

Հովհաննես Մանուկյանը զրուցեց անչափահաս դատապարտյալների հետ, լսեց նրանց հուզող խնդիրներն ու ապագայի հետ կապված ծրագրերը: Շրջանավարտ դատապարտյալներին կոչ արեց շարունակել ուսումը և, օգնության կարիք ունենալու դեպքում, դիմել իրեն:

Նախարարի խոսքով՝ Հունիսի մեկը ստիպում է բոլորիս ևս մեկ անգամ վերաիմաստավորել մեր երախաների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

«Ես, որպես նոր ձևավորված Կառավարության անդամ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մեր առաջնահերթություններից մեկը մեր երեխաների համար խաղաղ ու ապահով հայրենիք ստեղծելն է: Եթե մենք կարողանանք  որոշ ժամանակ անց մեր սերունդներին փոխանցել շատ ավելի կայուն ու ապահով Հայաստան, դա կնշանակի՝ մենք մեր առաքելությունը որոշ չափով կատարել ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ կոչ անելով բոլորին Հայաստանի նորագույն պատմությունը կերտել ավելի մեծ հավատով ու ոգով:

Նախարարի խոսքով՝ այսօր ավելի շատ պետք է մտածենք այն երեխաների մասին, ովքեր զրկված են ծնող ունենալու բերկրանքից, մայրական սիրուց ու քնքշանքից, այն երեխաների մասին, որոնք ճակատագրի բերումով գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, այն երեխաների մասին, որոնք ծանր սոցիալական վիճակում են: «Մենք պետք է փորձենք մեր ունեցած ուժերի սահմանում մի փոքր ավելի պայծառ դարձնել այդ երեխաների կյանքը»,- ասաց Հովհաննես Մանուկյանը՝ բոլորին մաղթելով համբերություն և հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ:

Նախարարը մասնակցեց «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անչափահաս դատապարտյալների ձեռքով պատրաստված կավե հուշանվերի ու նկարների ցուցահանդես վաճառքին:

 

Օրվա կապակցությամբ նախարարն անչափահաս դատապարտյալներին ու դատապարտված կանանց երեխաներին նվերներ հանձնեց Նախարարության կողմից:

Անչափահաս դատապարտյալների համար անակնկալ էին պատրաստել նաև «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպությունն ու «Մանչո Գրուպ» ՍՊԸ-ն, «Տոսպ» ԲԲԸ-ն ու «Հայ կոլա» ընկերությունը:

 

Անկախ

ՙՙՉինարին հզոր է, թուրքը մեր դեմ անզոր է…՚՚, լուսանկարներ

չինարի Հունիսի մեկը Տավուշի մարզի Բերդ քաղաքում նշվել է մոտ երկուսուկես հազար փոքրիկների մասնակցությամբ: Երեխաների միջազգային օրվա առիթով տեղի ունեցած տոնախմբությանը մասնակցել են ոչ միայն Բերդի դպրոցների ու մանկապարտեզների փոքրիկները, այլև սահմանամերձ գյուղերի` Չինարիի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Չինչինի ու Վարագավանի մանկապարտեզների մանուկները: Փոքրիկ տավուշցիների շքերթը` թմբուկների և շեփորների ուղեկցությամբ սկսվել է Բերդի գլխավոր Մաշտոցի փողոցից, այնուհետև երեխաները այցելել են Բերդի մանկական քաղաքային զբոսայգի, որտեղ էլ կայացել է մանկական համերգային ծրագիրը: Ելույթ են ունեցել Բերդի և հարակից գյուղերի մանկապարտեզների երեխաները, կազմակերպվել է նաև Բերդի գեղարվեստի դպրոցի երեխաների ստեղծագործական ցուցահանդեսը: Հունիսմեկյան տոնը եզրափակվել է հրավառությամբ: Սահմանամերձ Չինարիից հունիսմեկյան միջոցառմանը մասնակցել է 20 երեխա: Նրանց ուղեկցող, մանկավարժ Վարսիկ Օրդյանը Անկախի թղթակցին պատմել է, որ փոքրիկները Բերդից գյուղ են վերադարձել նվերներով` գրքերով, քաղցրավենիքով: Փոքրիկ Չինարեցիները կավճանկարությամբ պատկերել են հայրենիքը, Մասիս սարի լանջին հրեշտակները, պատկերել նաև սահմանային դրվագներ: Ամենատպավորիչ պահը շքերթն էր, որի ընթացքում չինարեցի մանուկները գոչյուններով են անցել` վանկարկելով` ՙՙՉինարին հզոր է, թուրքը մեր դեմ անզոր է…՚՚:

 

Անկախ

Հեծանվային մրցույթ և համերգային շոու ծրագիր `երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

համերգային շոու ծրագիր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը «Սիրողական սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» և «STR սպորտային մեքենաների ակումբ»-ի հետ համատեղ  մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել են «Մանկական գավաթ» հեծանվային մրցույթը: Մարզական այս միջոցառմանը  մասնակցել են տարիքային երեք խմբերի (3-5, 6-9, 10-14) շուրջ 60 երեխաներ, ովքեր հեծանիվ վարելու իրենց հմտություններն են ներկայացրել և միաժամանակ պայքարել առաջին երեք մրցանակային տեղերի համար: Մրցույթում առանձին ծրագրով 3-5 տարեկան շուրջ երեսուն երեխաներ էլեկտրամոբիլ վարելու ունակություններն են դրսևորել իրենց մարտկոցային մեքենաներով: Մրցույթի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի խթանումն ու տոնական օրվա համատեքստում մանուկներին հագեցած  առօրյա ապահովելն էր: Մասնակից բոլոր երեխաները պարգևատրվել են հուշամեդալներով և պատվոգրերով: 002Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառման համատեքստում, երեխաների տոնն ավելի բազմաբովանդակ դարձնելու  նպատակով, կազմակերպվել է նաև  տոնական համերգային ծրագիր` մանկական սիրված համույթների մասնակցությամբ: Հանդիսությունն ուղեկցվել է բազմաթիվ անակնկալներով ու մանկական ուրախ միջոցառմամբ: Զուգահեռաբար,Ազատության հրապարակի բակում կազմակերպվել է երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են Հրազդանի կիրճի մի հատվածի երթևեկության դադարեցման մասին

քաղաքապետարանՀարգելի երևանցիներ,

Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարը վերացնելու  ուղղությամբ իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: