«Նոր Հայաստան» շարժումը թևակոխել է իր ամենաարդիական հանգրվանը: Րաֆֆի
Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է արդեն անձամբ մասնակցել «Բարև Երևանի» բոլոր հավաքներին և ապրիլի 5 -ին կամրագրվի վերջնական հաղթանակը, քանի որ «Բարև Երևանը» միակն է, որ երիտասարդական է, միջկուսակցական, վերկուսակցական:
«Ժառանգության» առաջնորդը անդրադարձավ քաղաքական այն գործիչներին և ուժերին, որ փետրվարի 18 -ին ոչինչ չարեցին, բայց հիմա հետադարձ գնահատականներ են տալիս իրեն և ողջ շարժմանը. «Պետք է սկսենք յուրաքանչյուրս մեր մասին խոսել, մեր արածները գնահատել:Ոչ փառքը, ոչ էլ մեղքը միայն ինձ չէ, որ պատկանում են:Ապրիլի իննին ես պատրաստ չէի հաջորդ օրը ցավակցական ուղերձներ հղելու, ես պատրաստ չէի արյան ու բախումների: Այսօր ես վստահ եմ, որ ճիշտ եմ, որ հավատացի ընտրություններին, թեև գիտեմ, որ կեղծիքներ շատ կլինեն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այսպես ևս հինգ տարի շարունակվել պարզապես չի կարող»:
«Ժառանգության» առաջնորդը չհերքեց, որ մարզային հանդիպումների ժամանակ նկատել է որոշակի զգացողություն, որը բնութագրեց հետևյալ կերպ. «Կար մի ժողովրդական ակնկալիք, որ առայժմ չարդարացվեց՝ թողեց մի դատարկ տեղ. չեմ կարող ասել, թե ինչով պետք է լցվի այդ դատարկ տեղը, դեռևս ոչ ոք չի կարող ասել, բայց ակնհայտ է, որ եթե ապրիլի իննին շարժվեինք այլ կերպ, հաջորդ օրը կունենայինք ողբերգության Հայաստան»:
Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվեց
Խորհրդարանը սկսեց հերթական քառօրյա աշխատանքը: Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագծի քվեարկությունը տեղափովեց հաջորդ քառօրյա` քննարկումները շարունակելու և օրինագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է օրինագծի այս տեսքով ընդունմանը, և այն առաջարկները, որոնք ընունելի կլինեն ՀԱԿ-ի կողմից, ընդունելի կլինեն նաև ԲՀԿ-ի համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական գնահատեց օրինագիծը` նշելով, որ այն բավականին լուրջ քննարկումների ճանապարհ է անցել նաև նախորդ քաեռօրյայում: Սակայն նրան մի միտք է անհանգստացնում. «Շատ բարեկիրթ ձևով մեր առաջարկները ներկայացրեց Տաճատ Վարդապետյանը, բայց չգիտես ինչի` միշտ էլ չարախնդացողներ ենք ունենում, և հասարակությանը ներկայացվում է, թե իբր ՀՀԿ-ն դեմ է օրինագծի ընդունմանը: Մարդիկ կան, որ իրենց թվում է, թե իրավական օրենքներով բարուրված են ծնվել և կարող են ամեն ինչ ասել` էսպես արհամարհական ժեստերով: Մենք չենք ներում, բայց հանդուրժում ենք»:
Ըստ Սահակյանի` թվացյալ է այն կարծիքը, թե Հանրապետականը չի ուզում այս նախագիծն անցկացնել: «Հանրապետականը ոչինչ չունի թաքցնելու»,-հավաստիացրեց նա:
Պարզապես, ըստ նրա, որոշակի հարցեր կան, այդ թվում նաև` խմբագրական, որ պետք է քննարկվեն, մինչև օրինագիծը բոլորի համար ընդունելի տեսք ստանա:
Օրինագծի հիմնական զեկուցող Գագիգ Ջհանգիրյանն ամփոփիչ ելույթում անդրադարձավ ներկայացված առաջարկներին: Ընդհանուր առմամբ` նա այդ առաջարկներում լուրջ հակասություններ չի տեսնում, սակայն համամիտ է օրինագիծը հաջորդ քառօրյա տեղափոխելու և քննարկումները շարունակելու Հանրապետականի առաջարկին:
Նոր շեշտադրումներ
Հայոց ցեղասպանության 98-ամյակի առիթով կազմակերպված տարաբնույթ միջոցառումներում կարմիր թելի նման անցնում էր գաղափարախոսական մի կարեւոր առանցքային թեմա, որը ոչ թե սոսկ կարգախոսային բնութագիր ուներ, այլ աւելի շուտ առաջադրանքային։
Այն հստակորեն վերաբերում էր ճանաչման եւ դատապարտման պահանջատիրական ռազմավարությունից դեպի հատուցման իրաւականացում անցմանը ։ Սա իհարկե համատարած առաջադրանքի չի վերածվել դեռեւս։ Ճիշտ է, որ կարմիլ թելը երեւում է տարաբնույթ միջոցառումներում, այսուհանդերձ չենք կարող արձանագրել, որ համազգային համախոհություն ու համաձայնություն է կայացել այս ուղղությամբ։
Զգուշաւոր մոտեցումները հրամայական են։ Ներագզային առումով զգացվում է անհրաժեշտություն գիտակցական հողի ձեւաւորման, որը կնպաստի կանխելու հիասթափության դյուրաւ գոյառելի ալիքը։ Մեկից աւելի են այն միտումները, որոնք շրջադարձային փուլ են ակնկալում հարյուրամյակի առիթով։ Հարյուրամյակի բերելիք առանձնահատկությունը դեռեւս պարզ չի։ Այս կապակցությամբ տեղի ունեցող քննարկումները անպայման համեմատական եզրեր են ուզում որոնել Ցեղասպանության հիսնամյակի հետ, որը իրոք ներազգային առումով իրադրային նշանակություն ունեցաւ եւ համահայկական նպատակի շուրջ համախմբեց հայությունը։
Պայմանների եւ հանգամանքների տարողունակությունների տարբերությունները ճիշտ գնահատելը օգտակար կլինի այս դեպքում։ Հարյուրամյակը ի վերջո որեւէ եզրագիծ չէ, որից այս կողմ եւ այն կողմ էական տարբերություններ են լինելու։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական անունը ինքնաբացատրական է։ Այն թելադրող, որոշող եւ աշխարհում գործող հանձնաժողովների հանձնարարականներ տվող հանձնաժողով չէ, այլ ուղղակի համակարգող բոլորի նախաձեռնությունները։ Համագործակցողի եւ օժանդակողի դերակատարություն ունի հիմնականում եւ ոչ թե պարտադիր որոշումներ կայացանողի։
Տարբեր խնդիր է անշուշտ, որ նման հանձնաժողովի ամենաներկայացուցչական դեմքերով հատկանշվող համընդգրկուն ձեւաչափը ինքնին կստեղծի կարեւորագույն միջավայր Ցեղասպանության նկատմամբ կիրառելի քաղաքականության շուրջ քննարկումներ ծաւալելու, ռազմավարական ուղիներ ճշտելու եւ գաղափարախոսական առանցքներ ձեւաւորելու։
Այս բոլորով հանդերձ մի քանի ուղենշային բովանդակություն ունեցող հայտարարություններ ստեղծում են որոշակի նախադրյալներ հետագաում ճշտելի առաջադրանքի ուղղությամբ։ 100-ամեակին ընդառաջ եւ Վիլսոնյան իրաւարար վճռի 90-ամյակի առիթով նախագահ Սարգսյանը խոսում էր Սեւրի պայմանագրի ներկայացրած իրաւական եւ այժմեական նշանակության մասին։ Պաշտոնական Երեւանի կողմից կատարվող հայտարարությունները եւ աւելի ուշ պետական հանձնաժողովի նիստերի քննարկումներին վերաբերող հրապարակումները բանաձեւում էին հայ ժողովրդի պատմական բոլոր իրաւունքների վերականգնման կամ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման առաջնահերթությունները։
Իրադրային նշանակություն ունի երկու վեհափառ հայրապետների համատեղ հայտարարությունը՝ Թուրքիայից պահանջելու անհապաղ վերադարձնել հայոց վանքերը, եկեղեցիներն ու եկեղեցապատական կալվածքները։ Իրադարձությունները ագուցված էին իրար, այն առումով, որ ոչ շատ առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրավիրել էր միջազգային օրենսգետներ քննարկելու համար միջազգային օրենքի համահունչ՝ հատուցման հարցը իրաւական հարթության վրա տեղադրելու համապատասխան ուղիների որոնումը։
Իհարկե իրաւականը չի կարելի տարանջատել քաղաքականից։ Խնդիրը սակայն այս դեպքում այն է, որ բոլոր նախադրյալները հուշում են, որ հարյուրամյակին ընդառաջ Հայաստանից եւ սփյուռքից հնչող շեշտադրումները խոսում են այն փաստի մասին, որ հայաստանյան խոսելաոճով Ցեղասպանության հետեւանքների վերացման կամ սփյուռքյան բառապաշարով համազգային պահանջատիրության իրաւական թղթապանակը կազմելու ուղղության վրա ենք։ Մինչեւ 100-ամյակ՝ գեթ այդ թղթապանակի հայեցակարգային նախագիծը։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
«Բարև Երևան»-ը դիմել է դատարան և ԿԸՀ-ից պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:
Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը «Բարև Երևան»-ի կարծիքով հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:
Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:
Քաղաքապետարանի կողմից կատարված այս խախտումը նկարահանվել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից:
Մադուրոն ընդդիմությանը զրկել է աշխատավարձից
Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր պատգամավորներին զրկել են առանց աշխատավարձի: Խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ընդդիմությունը փող չի ստանա այնքան ժամանակ, մինչև չընդունի Նիկոլաս Մադուրոյին որպես Ուգո Չավեսի հետնորդ նախագահ: Սակայն նույնիսկ իրավասություններից զրկված ընդդիմադիրները շարունակում են Վենեսուելայի խորհրդարան հաճախել:
Ապրիլի կեսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ընդամենը 2 տոկոս ձայների առավելությամբ հաղթեց Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը պահանջում է կրկին հաշվել բոլոր քվեաթերթիկներն ու խախտումը հայտնաբերելու դեպքում` կրկին ընտրություններ անցկացնել:
Էդուարդ Շարմազանովի պատասխանը ԲՀԿ-ական որոշ պատգամավորներին
Ի պատասխան Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ “իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ”՝ ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.
“ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք եւ անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի:
Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան եւ ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի եւ Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը”:
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց: ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, այդ թվում` 9 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստում:
Պայքարի մի մարտավարությունը արդեն բավական չէ
Թուրքագետ Արտակ Շաքարյանը այսօր “Արմատ” մամուլի ակումբում խոսեց Թուրքիայում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջոցառումների, թուրք – ադրբեջանական համատեղ միջոցառումների ու արձագանքերի մասին: Թուրքագետի հավաստմամբ Թուրքիան դատարանի մակարդակով արդեն վաղուց ընդունել է ցեղասպանությունը. խնդիրն այն է, թե մենք ինքներս ինչպիսի ճանաչում ենք պահանջում Թուրքիայից: “Մենք ինքներս դեռ չենք հստակեցրել մեր պահանջները: Չկա ընդհանրական մոտեցում անգամ այն հարցի շուրջ, թե ինչ ենք անելու, եթե ցեղասպանության իրողությունը ճանաչվի, ինչ ենք պահանջելու Թուրքիայից: Արդեն վաղուց հստակ պահանջ ձևակերպելու ժամանակն է, մինչդեռ մենք անգամ հստակ չգիտենք հող ենք ուզում, թե ինչ-որ ֆինանսական փոխհատուցում”, – ասաց Արտակ Շաքարյանը և, ի պատասխան այն հարցին, թե օրինակ ինչպիսի պահանջը կարող է լինել ամբողջական և կբավարարի գոնե բանակցությունների սկզբում, հավելեց. “Սևրի Հայաստանը գուցե իրատեսական չէ, բայց դրանից կարելի է սկսել քննարկումները”:
Թուրքագետը անդրադարձավ նաև այն խնդրին, որ թուրքական հակագործողությունները մեր քարոզչությանը զարգացել են, ուստի արդեն չի կարելի բավարարվել պայքարի մի մարտավարությամբ՝ ասենք միջազգային ճանաչման գործընթացով. “Պետք է շարունակենք ձգտել միջազգային ճանաչման, բայց մի ռազմավարությունը արդեն բավական չէ: Պետք չէ մոռանալ, որ միջազգային իրավունքը ուժի իրավունքն է, ոչ թե արդարության: Քանի դեռ Հայաստանը ուժ չի ներկայացնում իրենից, միջազգային հարթակում արդարություն ակնկալելն անիմաստ է: Իբրև երկրորդ մարտավարություն կարող ենք ընտրել քրդերի հետ դաշնակցելը: Քրդերը մեր պոտենացյալ դաշնակիցն են, պետք է լայնածավալ համագործակցել նրանց հետ”, – կարծիք հայտնեց բանախոսը:
Ընտրապայքարը շարունակվում է
Երևանի ավագանու ընտրություններին մնացել է մեկ շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, ու նախընտրական քարոզարշավը մի քիչ զավեշտալի ընթացք է ստանում:
Առհասարակ նորմալ է, երբ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունները, հատկապես իշխանության մաս չկազմողները, ընդդիմադիր կեցվածք են ընդունում ու իրենց քարոզարշավը կառուցում քննադատության հիմքերի վրա: Ինչպես նշում են քաղաքագետները, նախընտրական շրջանում քննադատում են բոլորը, ովքեր դրա փոքր–ինչ հնարավորությունն ունեն, և միայն գործող իշխանություններն են, որ չեն կարող քննադատել. նրանք էլ պետք է իրենց արած գործերի հաշվետվությունը ներկայացնեն: Ուստի տրամաբանական կլիներ, եթե ընդդիմադիր ու այլընտրանքային կեցվածք ունեցող քաղաքական ուժերը քննադատեին իշխանականներին, իսկ իշխանություններն էլ հաշվետվություն ներկայացնեին, թե ինչ են արել վերջին 4 տարիներին:
Աննորմալ քաղաքական դրսևորումների երկիր Հայաստանս…
Բայց մեր ընդդիմադիրները սկսել են քննադատել ոչ միայն գործող իշխանություններին, այլև իրար վրա են, այսպես ասած «բոչկա գլորում», իսկ իշխանություններն էլ զբաղված են իրենց մութ գործերով, ընդդիմադիրների ասածները հերքելով ու ցույց տալով ոչ թե այն, թե ինչքան աշխատանքներ են կատարել 4 տարիների ընթացքում, այլ թե հիմա ինչ քաղաքաշինական աշխուժություն է տիրում…
Թերևս նորմալ է թեկուզ, որ ընդդիմադիրներն իրար քննադատում են: Ընտրապայքարը մրցակցություն է, իսկ մրցակցության մեջ ոչ միայն պետք է ցույց տալ, թե դու ինչքան լավն ես, այլև ինչքան վատն է մրցակիցդ: Բայց այն երևույթները, որոնք այսօր ընդդիմադիրների մեջ են նկատվում, անտրամաբանական են, քանի որ ընտրությունների այս փուլը սկսելուց առաջ բուռն քննարկվում էր միասնական ցուցակով ու թեկնածուով ընտրության գնալու հարցը: Դա չստացվելուց հետո արդեն ակնհայտ դարձավ այն դիրքորոշումը, որ ընդդիմադիրները կարող են ինքնուրույն պայքարել ընտրությունների ժամանակ և արդեն ավագանու կազմում միավորվել մեկ նպատակի շուրջ` Երևանում հաստատել ընդդիմադիր իշխանություն: Սա նշանակում էր, որ եթե ընդդիմադիրները չօգնեին էլ իրար, գոնե պարտավոր էին իրար չխանգարել: Բայց մի՞թե այն դրվագնները, երբ «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչը մեղադրում է ԲՀԿ-ին նախընտրական պաստառներն արգելված չափսերով և քանակով փակցնելու համար ու դրանք որակում որպես ընտրախախտում, երբ «Ժառանգության» ներկայացուցիչը, հիմք ընդունելով ՀՀԿ-ի ներկայացուցչի ակնարկը, հարց-երկընտրանք է առաջարկում իր նախաձեռնած շարժմանն առաջին օրվանից միացած ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն էլ կոշտ արձագանք է տալիս այդ միջադեպին: Արդյոք նորմա՞լ է, երբ «այլընտրանքի» ցուցակի առաջին և երկրորդ համարները տարբեր դիրքորոշումներ են արտահայտում գործող իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյոք նորմա՞լ է, որ ՀԱԿ-ի ակտիվիստները դեռ շարունակում են իրենց վերագրել միակ և անկրկնելի ընդդիմադիրի բոլոր դափնիները:
Թերևս, որպես քաղաքական պայքարի միջոցներ, նորմալ են, բայց երբ այս ուժերը նպատակադրել են հետընտրական դաշինք ձևավորել, նման երևույթները ոչ միայն նորմալ չեն, այլև պետք է բացառված լինեին:
Նույնն է պատկերը նաև իշխանական ճամբարում: Հայկական ներքաղաքական իրականության մեջ միշտ էլ ընդգծվել է այն երևույթը, որ ընտրությունների նախընտրական փուլերում իշխող ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը որդեգրում է որոշ ընդդիմադիր կեցվածք, երբեմն` ուժեղ, երբեմն` թույլ արտահայտված: Բայց երբ այդ ուժի` Երևանի ավագանու համամասնական ցուցակի առաջատար, գործող կառավարության անդամ, ՀՀ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը սկսում է հայտարարել, թե «թաղապետն ո՞վ է, որ վախենում եք», սա արդեն զավեշտի է նման: Քանի որ նման արտահայտությունն անողն արտակարգ իրավիճակների նախարարն է, դա արդեն «քաղաքական արտակարգ իրավիճակ է»…
ՀՀԿ–ն թաքցնում է կրծքանշանները, ԲՀԿ–ն` քաղաքական կողմնորոշումը
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, բավական հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: Ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշում էին, որ ՀՀԿ-ականներին հանձնարարվել է բնակիչների հետ հանդիպման ժամանակ հանել ՀՀԿ կրծքանշանները: Օրերս էլ լրագրողները նկատել էին, թե ինչպես է իր կրծքանշանը հանում ու գրպանը դնում հենց ՀՀԿ ցուցակի առաջատար, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սա լուրջ ազդակ է քաղաքական իրականության համար և կարելի է հասկանալ հետևյալ կերպ. իշխող կուսակցությունը մտահոգվում է, որ իր կուսակցության անունը հեղինակազրկված է, և փորձում է քաղաքական քարոզչության շեշտը դնել ոչ թե կուսակցության, այլ նրա ` երևանցիների կողմից փոքրիշատե հարգանքի արժանացած մեկ ներկայացուցչի անվան վրա` Տարոն Մարգարյանի: Սա, իհարկե, լավ նախանշան է, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներս ՀՀԿ-ի շատ ու շատ գործիչներ ուղղակի ամբարտավանության մակարդակի էին հասցրել քաղաքական ինքնավստահությունը և ամենակարողության դրսևորումը: Ու նաև նշանակում է, որ անցած համապետական ընտրությունների ժամանակ իշխող վերնախավի ինքնավստահությունը ճաք է տվել…
Անդրադառնանք բուն «քարոզչությանը»: Ինչպես վերջին 18 տարիներին, այս անգամ ևս ընտրություններին կգործադրվեն «ավանդական քարոզչական» տեխնոլոգիաները: Երբ մարզպետները Երևանում բացում են նախընտրական շտաբներ և անձամբ ղեկավարում ու համակարգում այդ շտաբների «աշխատանքները», երբ ամեն օր ուսուցիչները, համատիրության աշխատողները, պետական հիմնարկների տարբեր տրամաչափի ներկայացուցիչները ցուցակներով ընկնում են դռնեդուռ ու մարդկանց մոտ «քարոզչություն» կատարում, պարզ է դառնում, թե ինչ հիմնական չափորոշիչներով են ընթանալու ընտրությունները…
Բայց իշխող ՀՀԿ-ից հետ չի մնում նաև այլընտրանքը… Արդեն բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց բնակարանների դռները ծեծում ու ընտրությունների ժամանակ իրենց օգտին քվեարկելու «խթանիչներ» են առաջարկում: Արդեն իսկ կարելի է ասել, որ թեժ փողային պայքար է ընթանալու հատկապես «անընտրելի» ՀՀԿ-ի ու «այլընտրանք» ԲՀԿ-ի միջև: Օրինակ` օրերս «Հրապարակ» թերթը գրեց, որ վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների և ԲՀԿ ավագանիներից ոմանց միջև: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» և ընտրողներին «մոլորության» մեջ գցելու համար: Թերթը հայտնում է, որ ԲՀԿ-ի մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, և խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլև փողային:
Ի դեպ, եթե խոսենք զուտ պաշտոնական, օրինական ծախսերից, ապա պաշտոնական տվյալներով էլ ամենաշատը ծախսել է ՀՀԿ-ն, երկրորդը` ԲՀԿ-ն:
Ըստ «Փաստինֆո» գործակալության` ապրիլի 19-ի դրությամբ նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը:
Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն` ապրիլի 19-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 45 մլն 992 հազար դրամից ծախսվել է 44 մլն 344 հազար 114-ը:
Ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ԲՀԿ-ականները չեն հստակեցնում` ի վերջո, իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ: Ստացվում է` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, բայց հավակնում է ընդդիմադիր ձայներին, իշխանություն էլ չէ, բայց փորձում է իշխանությունների մեթոդով ձայներ «գնել»:
Նաիրա Կարապետյանի վարքի դեմ բողոք է ներկայացվել ԱԺ էթիկայի հանձնաժողով
«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացրել` պահանջելով քննել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:
Դիմումի բովանդակությունից պարզ է դառնում, որ Մոսկվայի տունը Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ համատեղ իրականացնում է կրթաթոշակային ծրագիր՝ ուսանողների համար, և որոշ ժամանակ առաջ պատգամավորը զանգել է ծրագրի պատասխանատուներին և հոխորտալով ու վիրավորելով <պահանջել, թե ինչու իր ասած ուսանողին կրթաթոշակ չեն նշանակել: <>,- ասել է Նաիրա Կարապետյանը:
Նաիրա Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ «Մոսկվայի տան» տնօրենի հետ բոլորովին այլ խոսակցություն է ունեցել, եւ դա կապված չի եղել ոչ կրթաթոշակների եւ ոչ էլ ուսանողների հետ:
«Շատ ցավում եմ, որ նման պաշտոն զբաղեցնող կինը զբաղվում է ապատեղեկատվություն եւ սադրանք տարածելով, սակայն ուրախ եմ, որ նա, այնուամենայնիվ, դիմել է ոչ թե այն ոճին եւ տոնայնությանը, որով ինձ հետ էր խոսում, այլ էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովն է այն մարմինը, որը կոչված է նման իրավիճակները պարզաբանելու եւ հանրությանը իրականությունը ներկայացնելու»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ էթիկայի հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում դռնփակ` բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Նաիրա Կարապետյանն ասել է, որ սա այն դեպքն է, որ կառաջարկի նիստն անցկացնել դռնբաց, որպեսզի բոլորին պարզ լինի, թե իրականում ինչ է կատարվել:
«Կապ չունի, ընկեր». ոստիկանը` Գագիկ Ծառուկյանին
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են դրել անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրին, որից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, դուրս գալով հուշահամալիրից, փորձել է միանգամից գնալ դեպի իր մեքենան: Սակայն, ինչպես հաղորդում էYerevanNews.am-ը, ոստիկանները նրան թույլ չեն տվել այդ ճանապարհով իջնել` ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով: Գագիկ Ծառուկյանը, դիմելով ոստիկանին, ասել է . «Այ ախպեր ջան մեքենան էնտեղ ա», ինչին ի պատասխան` նրան ոստիկաններն ասել են. «Կապ չունի, ընկեր»:
Գագիկ Ծառուկյանին ուղեկցող ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պարզաբանելով տեղի ունեցածը, լրագրողներին հայտնել է, որ ըստ էության միջադեպ` որեպս այդպիսին, չի եղել. “Կարող էր լինել, եթե չլիներ պարոն Ծառուկյանի զուսպ և հարգալից պահվածքը: Բայց դրա համար կարծում եմ՝ լրատվամիջոցները պետք է դիմեն ոստիկանությանը, թե ինչպես է պատահում, որ հուշահամալիրի մոտ հերթապահություն իրականացնող փոխգնդապետը նման վերաբերմունք է ցուցաբերում երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի, Անվտանգության խորհրդի անդամի նկատմամբ»,-ասել է նա:
«Բարև Երևան» դաշինքի անդամները ներկայացրեցին իրենց արձանագրած խախտումները
Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում «Բարև Երևան» դաշինքի անդամներ Սիմոն Ղունախչյանը, Անահիտ Բախշյանը և Դանիել Իոանեսյանը ներկայացրեցին քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումները:
Դաշինքը արձանագրել է խախտումներ քարոզարշավի ամենասկզբից, երբ տարածվեց լուրը, թե արդեն կատարվում է անձնագրերի հավաքագրում: Ըստ Դանիել Իոանեսյանի` խախտումների զգալի մասը վերաբերում է նախընտրական պաստառներին, որոնց օգտագործումը պետք է սկսվեր ապրիլի 7-ից, մինչդեռ, օրինակ, ԲՀԿ կուսակցությունը սկսել էր պաստառների փակցնման աշխատանքները մինչև հիշյալ օրը:
Խախտվել են նաև սպիտակ տախտակների սահմանափակումները, մասնավորապես, ՕԵԿ և ԲՀԿ կուսակցությունների կողմից, այդ կուսակցությունների պաստառները նախ մեծ են թույլատրելի չափից, և հետո` 1-ից ավելի են, ինչի հետևանքով զբաղեցնում են ավելի շատ տարածք, քան տախտակի թույլատրվող 1/7 մասն է: ՀՀԿ-ի պաստառները փակցվել են չսահմանված վայրերում:
Դաշինքի անդամները իբրև խախտում որակեցին նաև ապրիլի 7-ին` կանանց ու աղջիկներին ծաղիկներ բաժանելը: «Ծաղիկները նվիրվում էին Տարոն Մարգարյանի կողմից` համանքային միջոցների հաշվին», -մեկնաբանեց Դանիել Իոանեսյանը:
Բանախոսները հիշեցին նաև, որ ապրիլի 9-ին ոստիկանությունը բռնության էր ենթարկել «Բարև Երևան» դաշինքի անդամներին: Մալաթիա Սեբաստիայում և Շենգավիթում ոստիկանները քաղաքացիական հագուստով նկարել էին դաշինքի անդամների քարոզարշավին մասնակցող քաղաքացիների դեմքերը, խոչընդոտել թռուցիկների բաժանմանը:
Դաշինքի անդամները ուշադրություն հրավիրեցին նաև այն փաստի վրա, որ իրենք հիշյալ և բազմաթիվ այլ դեպքերը ուրբաթ օրը ներկայացրել էին ԿԸՀ, իսկ շաբաթ օրը ՀՀԿ կուսակցության խախտումները արդեն վերացված էին: «Միթե սա չի նշանակում, որ ԿԸՀ-ն կողմնապահ է, որովհետև կապվել և նախազգուշացրել է կուսակցություններից մեկին, իսկ, օրինակ, ՕԵԿ-ին կամ ԲՀԿ-ին տեղյակ չի պահել», – հարց բարձրացրեց Դանիել Իոանեսյանը` շեշտելով, որ խախտումների քաննարկումը կկայանա այսօր` ժամը 5-ին ԿԸՀ-ում:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Panorama.am» լրատվական կայքի հարցին
Հարց. Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից և դրանց բովանդակությունից՝ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է:
Առաջիկայում Հայաստան կժամանի ԵԽ դիտորդական առաքելությունը
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Հանդիպմանը Օ. Պավլյուկը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար: Առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաեւ ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի հրավերն ընդունելու համար եւ ողջունեց դիտորդների առաջիկա այցը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Ա. Գեւորգյանը նշեց, որ հունիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետեւ կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երեւանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու լավ հնարավորություն համարեցին:
Կողմերը քննարկեցին նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Նա նշեց, որ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաեւ ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկը հավաստիացրեց, որ Եվրախորհուրդը կարեւորում է ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պետք է խոսքից գործի անցնել
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրերն էին պատմական գիտ. թեկնածու Գևորգ Մելքոնյանը և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը, ովքեր փորձեցին վերլուծել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համատեքստում մեր երկրի անելիքները:
Ըստ Գևորգ Մելքոնյանի` բավարար չէ, որ Հայաստանի ներսում գրվեն հոդվածներ ու գրքեր ցեղասպանության վերաբերյալ, անհրաժեշտ է թարգմանել այդ գրքերը աշխարհի տարբեր լեզուներով և հարցը տանել միջազգային ճանաչման:
Հայկազուն Ալվրցյանը ևս շեշտադրում կատարեց այն պրոբլեմին, որ վերջին տարիներին մենք շարունակ խոսում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բայց գործի չենք անցնում, քանի որ այս հարցում զգացմունքների մակարդակում ենք մնացել: Բանախոսը նշեց, որ, որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանից դուրս շատ ավելի լուրջ ուսումնասիրություններ ու գործեր են արվում այս ուղղությամբ: Անգամ ազգությամբ թուրք ուսումնասիրողներ կան, ովքեր լրջագույն աշխատություններ ունեն` գրված հայերի տնտեսական կորուստների մասին, իսկ մեր մասնագետները աղոտ պատկերացումներ ունեն այս թեմայի շուրջ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու պետական մակարդակով հոլիվուդյան ֆիլմեր չեն պատվիրվում հայոց ցեղասպանության թեմայով, բանախոս Հայկազուն Ալվրցյանն ասաց, որ այդ հարցը պետք է լուծի ոչ թե պետությունը, այլ անհատները, ովքեր ունեն գումար, բայց անհասկանալի է, թե ինչով են զբաղված առհասարակ: Բացառությամբ մի քանի սփյուռքահայերի` մյուսները ասես չեն գիտակցում, որ թեկուզ հենց կինոինդուստրիայի մակարդակով իրոք կարելի է բարձրացնել այս խնդիրը, ինչի վառ ապացույցն են, օրինակ, «Մայրիկ» և «Արտույտների ագարակը» ֆիլմերը:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին ցեղասպանված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Յան Բաուերն ու պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները։
«Պատվո» հյուրերի հուշամատյանում Յան Բաուերը կատարեց գրառում. «Շնորհակալություն, որ կարողացա լինել այս թանգարանում։ Տխուր ու ողբերգական է։ Կարող ենք դասեր քաղել։ Ես շատ տխուր եմ, որ Դուք ունեցել եք այսպիսի ողբերգական անցյալ»։
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։
Նշելով, որ առաջին անգամ է լինում Հայաստանում, նա ասաց. «Ինչին, որ ականատես ենք այստեղ՝ բավականին հուզիչ է»։
Ինչ պետք է անել ցեղասպանությունները կանխելու համար հարցին ի պատասխան՝ Յան Բաուերը նշեց. «Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկիր է, եւ մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մենք պետք է դասեր քաղենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»։
Խորհրդատվություններ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ
Ապրիլի 18-ին Երեւանում կայացան Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ հերթական խորհրդատվությունները` արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:
Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի եւ Ալեքսանդր Միխնեւիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապերի եւ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նույն օրը Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Զոհրաբ Մնացականյանը եւ Ալեքսանդր Միխնեւիչը խորհրդատվությունների ժամանակ քննարկեցին միջազգային կառույցների շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Գալուստ Սահակյանը մտքում հայհոյել է
Այսօր Աժ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն դիտարկմանը, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը որպես իշխանավոր կնքեց իր մահկանացուն, մտածեց և իրեն բնորոշ տոնով ասաց. «Ասում են` »
«Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան մոգոնելը քաղաքական ճակատագրի վախճան է: Եթե լուրջ արտահայտվեր, կպատասխանեի, կին է, չեմ կարող հայհոյել, մտքումս պատասխանեցի»:
Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին՝ Գ.Սահակյանը նշեց, որ քաղաքական դաշտում այդպես էլ չձևավորվեց կազմակերպված ընդդիմություն, և դա ցավ է: Նրա հավաստմամբ՝ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, առաջիկայում կներառվեն կառավարության ծրագրում: «Հեշտ չի լինելու, բայց մենք պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնելու՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ կարգավիճակ կունենա»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ ժողովուրդը պահանջում է սոցիալական վիճակի բարելավում, մարդու իրավունքների պաշտպանություն, արտագաղթի կանխում և այլն:
Գ.Սահակյանի խոսքով՝ իշխանությունը դարձյալ պիտի կատարի թե´ ընդդիմության, թե´ իշխանության դերակատարություն, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
***
Արման Արմենի Սաղաթելյան
/Կենսագրական համառոտ տվյալներ/
Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին:
1992թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:
1997թ. ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին:
1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում:
2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
2003-2004թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետ՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար:
2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է:
2011-2013 թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է:
Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ): Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ:
Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Մի երկու շաբաթ էլ որ դիմանանք` էլ մի 3 տարի ընտրության երես չենք տեսնի
Թեև Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 6-ին, ակտիվ փուլ մտավ միայն այս շաբաթ, ինչը պայմանավորված էր ապրիլի 9-ի սպասումներով:
Մինչև հիմա ապրիլի 9-ն էր խանգարում, իսկ ա՞յժմ
«Բարևի» շարժման ղեկավարները և այդ շարժմանը միացած ՀՅԴ ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել են, որ իշխող ռեժիմի դեմ պայքարում կարևորագույն հանգրվան են համարվում հենց Երևանի ավագանու ընտրությունները: Այդպիսի ակնարկներ են արել նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչները, իսկ ՀԱԿ-ի անցյալ շաբաթ կայացած հիմնադիր համագումարում այդ հանգամանքը կարևորվեց նաև նորաստեղծ ՀԱԿ կուսակցության և նրա քաղաքական վերնախավի կողմից:
Ու եթե մինչև համամասնական ցուցակների առաջադրումները ներքաղաքական գլխավոր հարցը մնում էր այն, թե արդյոք ընդդիմությունը հանդես կգա՞ միասնական դիրքերից, ապա այժմ, երբ դա տեղի չունեցավ, մյուս գլխավոր հարցը մնում է, թե արդյոք ընդիմադիր ուժերը կկարողանա՞ն համագործակցության եզր գտնել` արդար ու թափանցիկ ընտրություններ ապահովելու նպատակով վերահսկողություն սահմանելու հարցում, և արդյոք ընտրություններից հետո հնարավոր կլինի՞ միասնական ջանքեր գործադրել և ընդդիմադիրներից որևէ մեկին «դարձնել» քաղաքապետ:
Իհարկե, արդեն չենք քննարկում, թե ինչքան լավ կլիներ, որ ընդդիմությունը կարողանար կամք դրսևորել ու միասնական ցուցակով հանդես գալ, բայց նաև նշենք, որ քաղաքական պայքարի այս փուլում մեկ այլ հնարավորություն է, որ ընտրապայքարին մասնակցող ուժերը հանդես գան առանձին-առանձին, յուրաքանչյուրն ավելի ջանադրաբար աշխատի, յուրաքանչյուրը տանի որոշակի վստահության քվե, ու այդ քվեների միասնական գումարն այնքան լինի, որ իշխող քաղաքական ուժը չկարողանա մեծամասնություն ստանալ, հետևաբար` ինքնուրույն ավագանի ձևավորել և քաղաքապետ առաջադրել:
Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ընդդիմադիր ուժերն իրենց ինչպես կդրսևորեն հետընտրական զարգացումներում, և կկարողանա՞ն համակարգված կազմակերպել իրենց գործունեությունը, որ արդեն ավագանու ներսում կարողանան ընդդիմադիր մի որևէ ուժ ներկայացնող թեկնածուի միասնաբար «կարգել» Երևանի քաղաքապետ: Բայց դրա համար դեռ պետք է ընտրություններում արդյունքներ ունենան:
Մի խոսքով, արդեն այս շաբաթվանից ակտիվորեն քարոզչություն սկսեց իշխող ՀՀԿ-ն` հանձին իր համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի և ԲՀԿ-ն` ժողովրդին Հյուսիսային պողոտայում իր քարոզչանյութերով գլխարկներ ու շապիկներ բաժանելով: Մյուս ուժերը, իհարկե, նույնպես սկսեցին քարոզարշավը, բայց ոչ այնպես ակտիվ, ինչպես ՀՀԿ-ն:
Մինչ այդ իշխող ՀՀԿ-ն արդեն մի քանի շաբաթ էր, ինչ հեռուստաեթերը ողողել էր իր միջոցառումների, ծրագրերի մասին պատմող տեսանյութերով, ինչը, ի դեպ, համարվում է պասիվ քարոզչություն: Բայց իր նախընտրական քարոզչությունը սկսելու շեմին իշխող ուժը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական շատ ուժերի, գործիչների ու սովորական քաղաքացիների զայրույթը հարուցեց: «Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառքը, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունն իրականացվի բացառապես ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան»,- նշված էր այդ հայտարարության մեջ:
Եվ սա այն ժամանակ, երբ հասարակությունը շարունակ խոսում է, թե համատիրությունները և տեղական հեղինակությունները, տնօրեն-ուսուցիչներն իրենց «ազդեցության գոտուց» անձնագրեր են հավաքում և 10-15 հոգանոց «հավաստիների» ցուցակ կազմում, խոստանում մայիսի 3-4-ը գումարով խրախուսել` «ճիշտ» կողմնորոշվելու համար, փակել կրպակներում ունեցած պարտքերը և այլն: Տպավորություն է ստեղծվում, թե այս հայտարարությունը ՀՀԿ շտաբից չի հնչել, այլ մի որևէ ընդդիմադիր ուժի գրասենյակից, որը տարիներ ի վեր պայքարում է այլասերված ընտրական տեխնոլոգիաների դեմ…
Բայց սա չէ կարևորը, այլ այն, որ ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի հայտնի և անհայտ գործիչներ արդեն բացեիբաց այս ընտրապայքարը համարում են ոչ թե քաղաքական պայքար, այլ «Տարոնի ընտրություն»: Այսինքն` փորձ է արվում անձնավորել, թե իբր երևանցին պետք է ընտրի ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին, այլ վերջին տանամյակների «լավագույն քաղաքապետ» Տարոն Մարգարյանին, որը հասարակության մեջ որոշակի հարգանք է վայելում:
Երևանի ավագանու ընտրությունները չեն կարող քաղաքական չլինել
Հայտնի է, որ Երևանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է ՀՀ ընդհանուր բնակչության մոտ կեսը: Այսինքն` նա, ով իշխում է Երևանում, փաստացի իշխում է Հայաստանի կեսին, եթե նույնիսկ հաշվի չառնենք, որ իրականում Երևանում ավելի շատ մարդ է բնակվում, քան մնացած բոլոր մարզերում միասին:
«Ես մի պահ պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի, երբ Երևանի քաղաքապետը լինի ընդդիմադիր… Նախ` Երևանի բնակչությունը քաղաքականապես ավելի ակտիվ է, ինչը բնական է մայրաքաղաքի բնակչության դեպքում, երկրորդ` այստեղ բնակվում է մեր երկրի բնակչության մեծամասնությունը, և երրորդ` հիմնականում Երևանում են կենտրոնացած ոչ միայն Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի կենտրոնները, այլև ֆինանսատնտեսական կապիտալի գերակշիռ մասը: Ուստի ես վստահորեն կարող եմ ասել` ով իշխում է Երևանում, նա իշխում է ամբողջ Հայաստանում, և Երևանի քաղաքապետն իր կարևորությամբ երկրորդ մարդն եմ դիտում Հայաստանում երկրի նախագահից հետո: Դրա համար էլ Երևանի ավագանու ընտրությունները մնում են միակ տարբերակը իշխանության մենաշնորհի հիմքերը թուլացնելու համար»,- նշեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:
Նա, ի դեպ, նշեց նաև, որ թեժ մթնոլորտում անցած նախագահական ընտրություններից հետո կայանալիք ընտրությունները, եթե նույնիսկ հանենք մնացած բոլոր բաղադրիչները, ուղղակի չեն կարող քաղաքական չլինել:
Այսինքն` որքան էլ ՀՀԿ-ն փորձի հասարակության ուշադրությունը շեղել Երևանի ավագանու ընտրություններից` դրանք որակելով ոչ քաղաքական, միևնույն է, ընդդիմությունն անընդհատ ակտիվ է պահելու այս թեման, ինչպես վերջին անգամ դա հրապարակավ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, թե «բոլորը պետք է հասկանան, որ ընտրելով Տարոնին` ընտրում են այս ռեժիմը, քանի որ Տարոնն այս ռեժիմի խամաճիկն է»:
Մինչդեռ ավելի լավ կլիներ, որ ընդդիմադիրները հստակ արտահայտվեին` կհամագործակցե՞ն ընտրությունների վերահսկման գործընթացում, և ընտրություններից հետո միասնական ճակատով հանդես կգա՞ն, թե՞ ոչ: