Հուլիսի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:
Երևանում բացվել է «Պատրաստված է Հայաստանում» խանութը
Երեւանում բացվել է թեթեւ արդյունաբերական արտադրանքի «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, որտեղ վաճառվում է հագուստ, կոշիկ, գուլպեղեն եւ այլն. այս մասին տեղեկանում ենք Banks.am կայքից:
Ինչպես հայտնում են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության լրատվական ծառայությունից, Տիգրան Մեծի 20 հասցեում («Տաշիր» հանրախանութի դիմաց եւ «Սիլ» հյուրանոցի հարեւանությամբ) գտնվող խանութում վաճառվում է «Տոսպ», «Լյուքս», «Լիդա», «Մելանտե» եւ «Արտսոքս» ընկերությունների արտադրանքը։
Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ խանութներ կբացվեն նաեւ հանրապետության այլ բնակավայրերում։
Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ 10.5 մլրդ ՀՀ դրամ, որից ներմուծված ապրանքների արժեքը` շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ):
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է գործարանի արտադրամասերով և երկու լաբորատորիաներով, ծանոթացել արտադրության ընթացքին, աշխատանքային պայմաններին, սանիտարահիգիենիկ համակարգին: Վարչապետին ներկայացվել է, որ գործարանը հագեցած է արտադրության և լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով:
1998 թ. գործող մսամթերքի «Բիելլա» արտադրամասի հիման վրա հիմնադրված «Նատֆուդ» ՓԲԸ-ն 2008 թ. ձեռնամուխ էր եղել մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը, որը շահագործման է հանձնվել 2013 թ. հունվարին: Այսօր այն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում` օրական մինչև 40 տոննա արտադրական հզորությամբ: Նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս ընդլայնել արտադրանքի տեսականին և բարելավել արտադրանքի որակական հատկանիշները, ներդնել կառավարման ISO համակարգ: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 120 մարդ: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում աշխատատեղերի քանակը կկազմի շուրջ 180:
Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը:
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին:
ՌԴ տրանսպորտի նախարարի կողմից նույնպես հնչել են շնորհակալական խոսքեր բոլորին և անձամբ ՀՀ վարչապետին` գոտու ստեղծման ուղղությամբ գործադրած ջանքերի և իրականացված միջոցառումների համար:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը Մաքսիմ Սոկոլովի հետ շրջայց է կատարել ազատ տնտեսական գոտու տարածքում, ծանոթացել առաջարկվող ենթակառուցվածքներին և ծառայություններին:
Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման նպատակը մեր երկրում արտասահմանյան ուղղակի ներդրումների խթանումն է, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի և կայուն տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծումը:
ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է: ԱՏԳ-ն ունի 55799 քմ արտադրատնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում ձևավորվել է արդյունաբերաարտադրական ԱՏԳ` բարձր, գիտատար տեխնոլոգիաների և արտադրության զարգացման, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում` տեխնիկակիրառական ԱՏԳ` նորարարությունների, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղություններով: ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում: ԱՏԳ ռեզիդենտներն իրենց գործունեությունը ԱՏԳ տարածքում կարող են իրականացնել «մեկ պատուհան» ծառայության միջոցով: Նրանց համար ստեղծվել է շահավետ հարկային դաշտ. ազատում ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաև հետևյալ արտոնություններից` արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում: Այս ամենը կնպաստի արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցմանը և մրցունակության բարձրացմանը:
Հաստատվել են ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության զարգացման 2013-2020 թթ. ոլորտային ռազմավարությունները
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակում պետական աջակցությամբ իրականացված միջոցառումների մասին: Նա զեկուցել է, որ դրանց արդյունքում, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արդյունաբերական կազմակերպությունների տնտեսական գործունեության ցուցանիշների, 2013 թ. հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկված արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.3 տոկոսով:
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության 2013-2020 թթ. ոլորտային ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող 2013-2015 թթ. գործողությունների ծրագրերի նախագծերը: Նշվել է, որ հիշյալ ճյուղերի զարգացման տեսլականը մշակվել է Հայաստանում ոլորտներում առկա խնդիրների և զարգացման հնարավորությունների, ինչպես նաև համաշխարհային շուկայի կառուցվածքի ու միտումների գնահատման հիման վրա, և դրա իրականացումը հնարավորություն կտա զարգացնել առկա կարողությունները և արտահանման ծավալը: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում նիստի մասնակիցները կիսվել են կարծիքներով, հանդես եկել առաջարկություններով: Արված դիտողություններով հանդերձ խորհուրդը հաստատել է ներկայացված փաստաթղթերը:
Նիստում քննարկվել են նաև դեղագործության և բիոտեխնոլոգիաների, կոնյակագործության, գինեգործության 2012-2015 թթ. գործողությունների ծրագրում կատարված փոփոխությունները:
Այս շաբաթ բորսայում իրականացվել է 22,28 մլն դոլարի առք և վաճառք
Հուլիսի 22-26-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,827,350 ԱՄՆ դոլար 409.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,681,865 ԱՄՆ դոլար 410.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,280,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,226,314 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,052,551 EUR 540.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,857,685 EUR 542.70 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 868,958,046 ՌԴ ռուբլի 12.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,163,357 ՌԴ ռուբլի 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.7 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Կայացել է 4,53 մլն դոլարի առք և վաճառք
Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը
Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ) Հայաստան ներմուծվող «Բելառուս» մակնիշի տրակտորների առաջին խմբաքանակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է տրակտորների պահեստով: Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է նոր ձեռք բերված տրակտորների տեխնիկական հնարավորություններով և անձամբ փորձարկել դրանցից մեկը: Այնուհետև վարչապետի ներկայությամբ ստորագրվել է տրակտորի ձեռքբերման առաջին պայմանագիրը` ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Վարազդատ Կարապետյանի և Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչ Խոսրով Բաղդասարյանի միջև: Առաջին գնորդը նախապատվությունը տվել է վարչապետի վարած տրակտորին և շնորհակալություն հայտնել մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման համար:
2013 թ. արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում շուկայականից մոտ 30 տոկոսից ցածր գնով` կանխիկ (6.700.000 դրամ) և լիզինգային տարբերակով: Լիզինգն իրականացնում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը հետևյալ պայմաններով` 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս տոկոսադրույք, ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի տրակտորների համար և 3 տարի` հարակից սարքավորումների համար:
Դոլարը բարձրանում է
Հանրությանը հուզող հարցերը պետք է իշխանության տեսադաշտում լինեն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երևանում ծավալված քաղաքացիների ինքնաբուխ շարժմանը, որը վարչապետի խոսքով, զերծ է կուսակցականությունից և ունի սոցիալական բնույթ: Տիգրան Սարգսյանը նաև շեշտել է, որ հոծ զանգվածներին առնչվող որոշումները նախօրոք պետք է անպայման քննարկվեն հանրության հետ:
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
Գործադիրը հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել: Կարևոր է նաև այն, որ երբ խոսքը վերաբերում էր օղու և ծխախոտի ակցիզային հարկի բարձրացմանը, միշտ փաստարկ էր բերվում, որ եթե հարևան երկրներում գները ցածր լինեն, դա կհանգեցնի ստվերային շրջանառության: Հիմա ինձ տեղեկացնում են, որ մեր հարևանները նույնպես մտադիր են բարձրացնել ակցիզային հարկերը: Նաև այդ տեսակետից է պետք խնդիրը քննարկել, որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխման արդյունավետությունն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է ստուգում իրականացնող պետական մարմինների տեսչություններում ստեղծել կառավարման խորհուրդներ, հաստատել խորհրդի կանոնադրության օրինակելի ձևը: Սահմանվել է, որ յուրաքանչյուր խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքը կամփոփվի և կքննարկվի տեսչական բարեփոխման խորհրդում. ծրագիրը հնարավորություն կտա տեսնել նախաձեռնության ուժեղ և թույլ կողմերը, շտկումներ կատարել: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների երկու տեսչությունները միաձուլման ձևով վերակազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության:
ՀՀ կառավարությունը հաստատել է Սևանա լճի անտառտնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները, ինչի առնչությամբ ՀՀ վարչապետն ասել է. «Այս որոշմամբ մենք իրավական հիմքեր ենք ստեղծում հաշվարկելու այն գումարները, որ տրամադրում ենք Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար: Կարևոր էր ունենալ նաև անկախ փորձաքննական եզրակացություն: Այսօր մենք ստացել ենք նաև այդ եզրակացությունը: Իհարկե, ժամանակ է պետք, որպեսզի այդ բոլոր նորմատիվները փորձարկման ենթարկվեն փաստացի աշխատանքով, և երևի թե նպատակահարմար կլինի ևս մեկ անգամ անդրադառնալ այս խնդրին. տեսնենք այս նորմատիվները ապահովո՞ւմ են աշխատանքների ամբողջական ծավալի կատարումը»:
Բնապահպանական նորմերը և բիզնեսի շահերը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նոր օրենքի նախագծին, որը թելադրված է 1995թ. ընդունված նախկին օրենքի մի շարք դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, երկրի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու և նոր պահանջներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ` մոտեցնելով միջազգային նորմերին և չափորոշիչներին: Սակայն, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սույն օրենքի առնչությամբ շահերի բախում է նկատվել: Չնայած ապահովվել է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, բուռն քննարկումներ են եղել, որովհետև այս օրենքի նախագիծը նաև առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ազգային ժողովում: «Այժմ մենք ստանում ենք ազդակներ մասնավոր հատվածից, բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք գտնում են, որ իրենց շահերն են ոտնահարվում այս օրենքով, և գտնում են, որ մենք միակողմանի նախապատվությունը տվել ենք բնապահպանական խնդիրներին: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև մենք մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ դեբատներ կազմակերպենք, լսենք նրանց կարծիքը, թե որոնք են այն նորմերը, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացումը, որպեսզի նաև Ազգային ժողով ներկայացնելիս երկու տեսակետները հավասարակշռված ձևով առկա լինեն մինչև օրենքի ընդունումը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագրով: Գործող դրույթի համաձայն անձը, որից ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարի գանձումն ապահովելու նպատակով ապրանքներ են վերցվել, կարող է դրանք ստանալ պարտավորության կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում: Այժմ առաջարկվում է այդ ժամկետը փոխարինել մեկ աշխատանքային օրով: Կարգավորման նպատակը մաքսային հսկողության ժամկետի կրճատումն ու մաքսային ընթացակարգերի պարզեցումն է:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է քաղծառայողի ատեստավորման ինստիտուտը փոխարինել քաղծառայողի կատարողականի գնահատման համակարգով:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գետնախնձորն ազատել ԱԱՀ-ից. օրինագիծը կառավարությունն ընդունելի կհամարի իր առաջարկություններն ընդունելու դեպքում:
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Աջակցություն են ստանում սկսնակ գործարարները
Փոփոխություններ կատարելով «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագրում, կառավարությունն առավել գրավիչ է դարձնում պետական աջակցության այս ուղղությունը և ակտիվացնում է գործարար նախաձեռնությունները: Փոփոխությունը նաև ուղղված է սիրիահայ գործարարների աջակցությանը` Հայաստանում նրանց կողմից նոր գործ հիմնելու հարցում, ուստի համահունչ է ՀՀ կառավարության քաղաքականությանը:
Գործադիրը որոշել է երիտասարդ գիտնականների գիտական և գիտատեխնիկական գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացնել 100 մլն դրամ: Վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին առաջարկել է այս տեղեկատվությունն ավելի մանրամասն տարածել զանգվածային լրատվամիջոցներով, որպեսզի երիտասարդ գիտնականներն իմանան այս հնարավորությունը և իրենք նույնպես հայտեր ներկայացնեն ու մասնակցեն: «Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորին չափ լայն շրջանակներ, երիտասարդ գիտնականներ ընդգրկվեն ծրագրում, քանի որ շատ են գիտության ֆինանսավորման հարցը բարձրացնում, և հիմա տեսնում ենք, որ մենք փուլ առ փուլ ֆինանսական միջոցները, որոնք ուղղում ենք այս նպատակներին, ավելացնում ենք: Նաև կարևոր է, որպեսզի շահառուների թիվը մեզ համար հասկանալի լինի և մեծանա»,- հավելել է վարչապետը:
Հաշվի առնելով միջազգային օլիմպիադաներին Հայաստանի թիմերի մասնակցությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը, կառավարությունն այլ ծրագրի տնտեսած միջոցներից շուրջ 10 մլն դրամ է հատկացրել այդ նպատակին:
Կառավարությունն իր որոշմամբ ընդունել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Հրազդան քաղաքի 5-րդ բանավանում գտնվող մասնաշենքի և համապատասխան հողատարածքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև վերահաստատել Կապան քաղաքի Մ. Հարությունյան 5ա հասցեում գտնվող տարածքի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքը ամրացվել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին: Հաջորդ որոշումներով գործադիրը պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է «Վայոցձորառսպաս» ՓԲԸ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` նպաստելով ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը, Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել «Հանրապետություն» և «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ներին, իսկ Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի թիվ 2 հանրակացարանի բնակարաններից մեկը նվիրել այնտեղ բնակվող քաղաքացուն:
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է երկրի գազաքիմիական ճյուղի վերակառուցման ավելի իրատեսական ժամկետներ: Այժմ նոր օպերատորի և ֆինանսավորման բացակայությունը խոչընդոտում է համակարգաստեղծ կազմակերպության վերակառուցումը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ զարգացման ծրագրի ներդրումը և այլն: Որոշմամբ վերակառուցման ծրագրի և նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելու ժամկետները փոխկապակցված են:
Ստեղծվում է ուռուցքաբանության կենտրոն
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել Հայաստանում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի նորացված ծրագրային մոտեցմանը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ունենալ արդի գիտատար տեխնոլոգիաներով հագեցած միասնական կենտրոն` հետագայում այն դարձնելով տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոն:
ՀՀ կառավարությունը հաստատել է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը` սահմանելով, որ ծառայությունների փաթեթի մասով բուժօգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է պետբուջեի օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Կկանխվեն բացասական հետևանքները
ՀՀ կառավարությունը հաստատել է`
– հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը, որի կիրառումը կնպաստի մարդու առողջության վրա այդ սննդամթերքի ազդեցության բացասական հետևանքների կանխարգելմանը,
– ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգի լրացումը, որի շնորհիվ ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմինը կարող է արդյունավետ մասնակցություն ունենալ ջրօգտագործողների` հատկապես հիդրոէներգետիկայի համար ջրի պաշարի օգտագործման և բաշխման գործընթացում,
-այլընտրանքային ծառայության հարցերի հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը, այլընտրանքային ծառայության անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է`
– դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
– բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձին տրամադրելու կարգն ու պայմանները,
– աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը, դրա վերաբերյալ արձանագրության ձևը:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Գործադիրը Գագիկ Գրիգորյանին նշանակել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար։
Բորսայում դոլարի գինը` 410,55 դրամ
Դոլարը սկսեց բարձրանալ
Կայացել է Հյուսիս-հարավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի համաձայն քննարկվել և հաստատվել են Տրանշ 2-ի արտաքին ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջարկների գնա¬հատ¬¬ման արդյունքները, գնային առաջարկների ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովների կազմը, Տրանշ 3-ի շինարարության վերահսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակում անցկացված աուդիտորական ծառայությունների մատուցման մրցույթի արդյունքները և կնքվող պայմանագիրը:
Խորհուրդը հաստատել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել կառույցի կարողությունների ձևավորման միջոցառումների ծրագիր: Ի գիտություն է ընդունվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի ամփոփ բյուջեների, ինչպես նաև ՊՈԱԿ-ի 2013 թ. պահպանման ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Մեկ այլ հարցով արծարծվել է շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդուղիների տեղափոխման հարցը: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի և կապի, ֆինանսների, արդարադատության և քաղաքաշինության նախարարներին ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել լուծման առաջարկություններ:
Նիստում ամփոփվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման, հարցազրույցի անցկացման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել տնօրենի գործող պաշտոնակատար Արթուր Սարգսյանը: Վարչապետ Սարգսյանը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես, կարևորել է կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքը:
Կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Պետությունն է ափսոս
Քաղաքակիրթ աշխարհում մի սկզբունք կա. հանրային ծառայությունների ոլորտում թանկացումներ կատարվում են այն դեպքում, երբ ծառայությունների մատուցման որակական նոր փուլ է արձանագրվում: Օրինակ` անթրաշ ու կեղտոտ շորերով ռաբիս երաժշտություն լսող վարորդի ու ավերակ միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների փոխարեն հասարակությանը սկում են տրանսպորտային ծառայություններ մատուցել մաքուր, կոկիկ արտաքինով, օրինակելի հագուկապով, բարեկիրթ վարվելակերպով վարորդները` հարմարավետ ու արժանապատվությունը չվիրավորող մեքենաներով, որոնցում քաղաքացիներին նոր որակի այլ ծառայություններ էլ են մատուցվում: Հայաստանում այս առումով ոչինչ չի փոխվել, բայց երթևեկում ենք արդեն 50 տոկոսով ավելի բարձր ուղեվարձով, քան մեկ շաբաթ առաջ էր:
Քաղաքապետարանը համառորեն փորձում է ապացուցել, որ տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագների վերանայումը պայմանավորված է ոչ թե գազի թանկացմամբ, այլ պահեստամասերի, վառելիքի և ծառայությունների ընդհանուր գնաճով, որը տեղի է ունեցել աստիճանաբար: Եվ որպեսզի ասվածն ավելի համոզիչ թվա, վկա են բերում ուղևորափոխադրող ընկերությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է լրագրողներին ասեն, որ իրենք այս ամբողջ ընթացքում աշխատել են վնասով: Ու քանի որ դա շարունակել այլևս հնարավոր չէր, ուղևորավարձի բարձրացումը մնում էր միակ խելամիտ որոշումը: Մի՞թե:
Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված երթուղային նոր ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 76 երթուղի` 1565 միավոր շարժակազմով, ավտոբուսային 68 երթուղի` 939 միավոր շարժակազմով և տրոլեյբուսային 10 երթուղի` 108 միավոր շարժակազմով:
Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 370-380 միավոր շարժակազմ:
Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 13 մասնավոր և 2 պետական կազմակերպություններ: 2012 թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 49.3 մլն ուղևոր:
Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 43 մասնավոր կազմակերպություններ: Մայրաքաղաքում ուղևորափոխադրման հիմնական մասն էլ դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի մոտ 68 տոկոսը: Այսինքն` ինչքան էլ բարձրանա ուղեվարձը, դրանից քաղաքապետարանը ոչ մի օգուտ չի ունենա, այլ միայն երթուղիները սպասարկող մասնավոր գծատերերը ավելի պատկառելի գերշահույթ կստանան:
Վաղուց էր խոսվում, որ մայրաքաղաքի ուղևորափոխադրողները կամ ժողովրդական տարբերակով ասած` գծատերերն այնքան էլ գոհ չէին գործող 100 դրամ սակագնից և բողոքում էին, թե իրենք աշխատում են կորուստներով: Չնայած այստեղ մի հանգամանք կա. պետք է հաշվի առնել, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:
Այսպիսով` տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան են մուծում են ամսական 16 500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում են ամսական 33 800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36 400 դրամ, «Ռաֆ» մակնիշի մեկ մեքենայի համար` 28 600 դրամ, իսկ մեկ ավտոբուսի համար` 44 000 դրամ:
Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կեսաթոշակային վճարները, որոնք ամսական մոտավորապես կազմում են 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` «Ռաֆ» մակնիշի մեքենայի համար` 63 100 դրամ, 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68 300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70 900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78 500 դրամ:
Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկը չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում էր մոտ 10 հազար դրամ: Մի քիչ ավելի կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ էր մուծում գծատիրոջը: Ընդունենք, որ մեկ մեքենան ամբողջ ամիսը չի աշխատում, այլ 25 օր, և գծատիրոջը մուծվում էր 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը` 78 500 դրամ: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերն ամսական ստանում է մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնայած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է իրականացնում:
Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարում ենք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է մոտ 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ այն դեպքում, երբ վառելիքի ծախսը կատարում են վարորդները: Այդ դեպքում գծատերերի եկամուտների գումարն ավելին է, քան 3-5 պատգամավորի կամ նախարարի և մոտ 50 թոշակառուի ամսական աշխատավարձերն են:
Բայց և այնպես քաղաքապետարանը որոշեց 50 տոկոսով բարձրացնել ուղեվարձերը:
Քաղաքակիրթ աշխարհում` հատկապես Արևմտյան Եվրոպայում, մի ուրիշ մոտեցում էլ կա հանրային տրանսպորտի ոլորտում: Այնտեղ հասարակական տրանսպորտը ոչ միայն որպես շահույթ հետապնդող գործունեության ձև` շահութաբեր բիզնես չի դիտարկվում, այլև ինքնածախսածածկում չի ակնկալվում: Համարվում է, որ հասարակական տրանսպորտը քաղաքացիներին` երկրի աշխատող մարդկանց պետք է տնից և այլ տեղերից աշխատանքի վայր տեղափոխվելու համար, որտեղ նրանք աշխատում ու ստեղծում են նյութական բարիքներ: Եվ այդ ստեղծված բարիքների արդյունքից ստացված հարկերից գոյացող սուբսիդավորմամբ էլ պետք է ծածկվեն տրանսպորտի ոլորտի ծախսերը: Բացի այդ, եվրոպական երկրներում կարելի է միևնույն տոմսով երթևեկել ամբողջ երկրում` ամենուր նույն տոմսը ներկայացնելով: Այդ երկրներում գործում են աբոնենտային վճարումների ճկուն համակարգեր, զեղչեր սոցիալապես անապահովների, թոշակառուների, ուսանողների և այլ սոցիալական շերտերի համար և այլն: Մեր երկրում նման բաներ չկան և տեսանելի ապագայում էլ չեն լինի: Մեր երկրում պետությունը, որը պետք է աշխատի հանուն իր քաղաքացիների շահերի, անտրամաբանական հոգատարություն է ցուցաբերում հարուստների նկատմամբ` ոտնահարելով քաղաքացիների տարրական իրավունքները: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը, տրանսպորտի թանկացման մասին որոշում ընդունելով, առաջնորդվում է ոչ թե քաղաքացիների շահերով, ոչ թե իր բյուջեն հավելյալ եկամուտների հոսքեր ապահովելու մղումով, ոչ թե քաղաքակիրթ տրանսպորտային ոլորտ ունենալու նպատակով, այլ մասնավոր գծատերերի շահույթն անխափան ապահովելու «սուրբ պարտականությամբ»:
Ասում են, թե սրանից հետո երթուղայինների հոգնատանջ վարորդները կսկսեն արժանապատիվ վարձատրություն ստանալ: Չենք հավատում: Նրանք շարունակելու են նույն անարժանապատիվ աշխատավարձով նույն չարքարշ աշխատանքը կատարել, մարդիկ սկսելու են տրանսպորտի համար 50 տոկոսով ավելի վճարել, դրանից պետությանը ոչ մի օգուտ չի հասնելու, իսկ որոշ գծատերեր էլ, որոնք գերշահույթներ էին ստանում, հիմա ավելի շատ են ստանալու:
Որովհետև սա Հայաստանն է: Ու վե՛րջ:
Այսօր բորսայում դոլարով գործարք չի կնքվել
Կմշակվեն օդային փոխադրումների ոլորտի ազատականացման ռազմավարության առարկայական մեխանիզմներ
Կառավարությունում վարչապետի Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է ևս մեկ համաձայնագիր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) և «Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության (McKinsey & Company) միջև: Համաձայնագիրն ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «McKinsey & Company» ընկերության առաջատար արդյունաբերական ճյուղի համաշխարհային ղեկավար Անդրե Անդոնյանը:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ապահովման նպատակով ծրագրի մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով օդային փոխադրումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման, և, մասնավորապես, զբոսաշրջության, ներդրումների ներգրավման և առևտրի խթանման գործում` ընկերությունն առաջարկություններ կներկայացնի համակարգն առավել մրցունակ դարձնելու վերաբերյալ:
Կայացել է 6,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին: Որոշման արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, ընդհանուր առմամբ կիրականացվի շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: «Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու ներդրող է մեզ համար, – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Մենք այսօր խրախուսում ենք 10 մլն և ավելի դոլարին համարժեք ներդրումային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ծրագրեր, որոնք ապահովում են ժամանակակից բարձր վարձատրվող աշխատատեղեր, համահունչ են կառավարության ծրագրի գերակայություններին: Սա այդ ծրագրերից մեկն է, որը գերազանցում է 10 միլիոնը, և դրա համար մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ներդրողի հետ քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը: Այսօր համապատասխան համաձայնագիր կստորագրվի ներդրողի հետ, որտեղ կամրագրվեն ներդրողի և պետության մոտեցումները, քանի որ սա պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո իրականացվող ծրագիր է», – ասել է վարչապետը:
Շարունակելով մինչև 300 միլիոն դրամը գերազանցող խոշոր ներդրումային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությունը` կառավարությունը որոշել է մինչև երեք տարի ժամկետով հետաձգել մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը «Կագա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ: «Կագա Գրուպ»-ը Կոտայքի մարզում կառուցվող 3 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել 1.25 մլրդ դրամի չափով ներդրում, ներկրել հոլանդական ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 60 աշխատատեղ, իսկ «Ռուսալ Արմենալը» նախատեսում է իրականացնել արտադրության հերթական վերազինումը, որի արդյունքում կստեղծվի շուրջ 55 աշխատատեղ, կնվազեցվեն արտանետումները և վնասակար գործոնները, կբարելավվի աշխատապայմանները: Կարևորելով խոշոր ներդրողներին աջակցություն տրամադրելու կառավարության հերթական նախաձեռնությունները` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջերմոցային տնտեսությունը ներդրումների համար բավական հետաքրքիր ոլորտ է դարձել, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներմուծվում` 300 մլն դրամը գերազանցող, ինչը շատ ողջունելի է, և պետք է շարունակենք խրախուսել, քանի որ առաջին փորձերը ցույց տվեցին, որ սա շահութաբեր բիզնես է` և՛ աշխատատեղեր են ստեղծվում, և՛ ամբողջ տարվա ընթացքում են աշխատում, և՛ արտահանման մեծ ներուժ է ձևավորվում: «Արմենալ»-ում նույնպես ժամանակակից տեխնոլոգիա են ներմուծում, որն էապես կրճատում է յուղի ծախսը, այսինքն` նաև ներմուծման լրացուցիչ անհրաժեշտություն չի լինելու: Էկոլոգիական վիճակն է բարելավվում, ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, կարևոր է, որ նաև էկոլոգիական խնդիր է լուծվում»:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել ազատ տնտեսական գոտի` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սահմանվել են ԱՏԳ-ի գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Հաստատվել են միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները
Կառավարությունը հաստատել է 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Փաստաթուղթը լրամշակվել է 2013 թվականի մայիսին հաստատված ՀՀ կառավարության նոր ծրագրի հիմնական ուղղությունների և ոլորտային ծրագրերի համադրումով, յուրաքանչյուր միջոցառում և գերակա խնդիր ներկայացված են համապատասխան հիմնավորումներով, հստակ նշված են միջոցառումների անվանումը, նպատակը, կատարման պատասխանատու մարմինը և ֆինանսավորման աղբյուրը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի «ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշումը, ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի զեկուցումն այդ որոշման` 2013 թ. հունվարի 10-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը, ըստ որի կատարման ենթակա 42 կետերից 2013 թ. հուլիսի 17-ի դրությամբ կատարվել է 41-ը կամ 97.6 տոկոսը:
Քննարկելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը, գործադիրը, նկատի ունենալով, որ ներկայումս կառավարությունում քննարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատգամավորի մի շարք առաջարկներ հստակեցման, պարզաբանման և հիմնավորման կարիք ունեն, պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակի հետ, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ կառավարությունում գտնվող ՀՀ նոր օրենքի նախագծի շրջանակում:
Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, մասնավորապես, ուսման վարձի վերին շեմը սահմանելու մասին նախագծի վերաբերյալ նույնպես կառավարությունն առաջարկել է հեղինակների հետ միասին քննարկել առկա խնդիրները համապարփակ լուծում ապահովող նախագիծ մշակելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Հերթական աջակցությունը ՓՄՁ սուբյեկտներին
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներում` կառավարությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել է 200 մլն դրամ բյուջետային վարկ` 1 տարի մարման ժամկետով, տարեկան 0.1 տոկոսադրույքով, ինչը նպատակ ունի նպաստել նոր փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծմանը, նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում:
Կառավարությունը հավանություն է տվել առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին, նոր խմբագրությամբ շարադրել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» 2010 թ. մարտի 11-ի թիվ 235-Ն որոշման հավելվածը, լրացում կատարել 2013 թ. ապրիլի 25-ի թիվ 472-Ն որոշման մեջ, որ վերաբերում է կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գներին և միտված է օպտիմալացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերը:
Հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բյուրականյան միջազգային ամառային դպրոց երիտասարդ աստղագետների համար` նվիրված Անանիա Շիրակացու 1400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը:
Արդիականացվում է Սևանա լճի ավազանի նախագիծը
Կառավարությունը 2003 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը շարադրել է նոր խմբագրությամբ, ինչը պայմանավորված է ՀՀ ավազանային կառավարման տարածքները սահմանող դրույթների փոփոխություններին համապատասխանեցնելու, ինչպես նաև` նախագծի որոշ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու, քարտեզագրական նյութերը ճշտելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հստակեցվել են Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտին, թունելի երկարությամբ և առանցքից երեք հազարական մետր հորիզոնական շերտագիծն ընդունվել է որպես Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է լիճ տեղափոխող ջրահոսքերի որակական և քանակական ցուցանիշների վրա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է բնապահպանական կազմակերպությունների մասնակցությունը նմանատիպ հարցերի քննարկման գործընթացին:
Փոփոխություններ և վերաբաշխում կատարելով 2012 թ. թիվ 1616-Ն որոշման մեջ` կառավարությունն էներգակիրների նոր սակագների ուժի մեջ մտնելու կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման համակարգերում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսեր է նախատեսել ՀՀ 2013 թ. պետական բյուջեում և դրանց իրականացման համար անհրաժեշտ ծավալով ֆինանսավորման աղբյուրներ է առանձնացրել:
Արգիճի, Կավարտ գետերում, Խանջյանի հեղեղատարում հակահեղեղային աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած չնախատեսված լրացուցիչ աշխատանքների կատարման նպատակով գործադիրը հատկացրել է գումար և սահմանել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրացուցիչ աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով:
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն գործադիրը սահմանել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով նախկին որոշումը:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա ունենալ ամբողջական վիճակագրություն և բարձրացնել իրավախախտումների նախականխման աշխատանքների արդյունավետությունը:
Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության և Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացման ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. ծախսերի նախահաշիվը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացրել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություններում առկա սև և գունավոր մետաղների ջարդոնն անհատույց կօտարվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Այլ հարցեր
Կառավարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող ՀՀ 3 քաղաքացիներին նվիրել է իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է իր տնօրինության Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի 20 շենքի թիվ 61 հասցեում գտնվող ոչ բնակելի նշանակության շինությունը և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան 47/2 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունն օտարել մրցույթով:
Կառավարությունը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքի ղեկավար Սաիդ Ամոյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ, և համայնքի ընտրատարածքում 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Հովակիմյանին և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գարիկ Խլղաթյանին:
Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները
Կառավարությունում այսօր մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սփյուռքի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության և ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը: Գերատեսչությունների ղեկավարները վարչապետին զեկուցել են ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2013 թ. առաջին կիսամյակում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: