Պարզագույն խաղալիքներով խաղացող երեխաները ավելի ակտիվ են

խաղահրապարակՀետազոտության արդյունքում պարզվել է, որ էժան խաղալիքներով խաղացող երեխաները ֆիզիկապես ավելի ակտիվ և ստեղծագործ են, քան թանկարժեք խաղահրապարակային սարքավորումներով խաղացող երեխաները:

Հինգից 12 տարեկան տարրական դպրոցի 120 աշակերտների տվել են էժան և պարզագույն խաղալիքներ, ինչպես օրինակ դույլեր, խողովակներ, վարժանքի գորգեր և այլն:

Այնուհետև նրանց համեմատել են մոտակա դպրոցի թանկարժեք խաղահրապարակում խաղացող երեխաների հետ:

BMC Public Health ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ էժան խաղալիքներով խաղացող երեխաները ավելի քիչ են նստած մնում, նրանց մոտ նստած մնալու ցուցանիշը 61,5 տոկոսից նվազել է 30,5 տոկոսի:

Առօրյա առարկաներով խաղացող երեխաները մեկ րոպեի ընթացքում 13 քայլ ավել են կատարում և ավելի ինտենսիվ ու ակտիվ են խաղում, քան խաղահրապարակում խաղացողները:

Հետազոտողները այժմ կարծում են, որ սովորական խաղահրապարակները կարող են ճնշել էներգետիկ և ստեղծագործ երեխաներին, իսկ էժան խաղալիքներով խաղալը կարող է երեխաների գիրության դեմ պայքարելու ևս մեկ եղանակ լինել:

 Անկախ

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը

11104_am_2 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.amկայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին: «Այս ձեռնարկն ուղղված է նրան, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեր ազատ ժամանակը և ավելի մատչելի ձևով ծանոթանալ այն հարուստ պատմական ժառանգությանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը: Կարծում եմ, որ այն մեծ պահանջարկ կունենա սփյուռքում, որովհետև մեր հայրենակիցները կունենան լավագույն ստեղծագործությունները հայերենով լսելու բացառիկ հնարավորություն», – նշել է կառավարության ղեկավարը:
Մշակույթի և ժամանակակից նորարակական տեխնոլոգիաների համադրման այս գաղափարի հեղինակը Peoplemeter ընկերության նախագահ Նարեկ Մալյանն է: Նրա խոսքով՝ խոշորագույն հայերեն աուդիոդարանի ստեղծումը կարևոր դեր կունենա սփյուռքում հայապահպանության գործում և հնարավորություն կտա միավորել աշխարհասփյուռ հայերին: Նա տեղեկացրել է, որ շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում այժմ հասանելի է 300 աուդիոգիրք (հայ դասականներ, հոգևոր գրականություն), ևս 400-ը պատրաստման փուլում է: 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նախատեսված է ապրիլի 24-ին նահատակված գրողների աուդիոգրքերի ձայնագրում:

 

Անկախ

Մեծ Մանթաշի դպրոցը վերածվել է աշխույժ շինհրապարակի

շինարար          Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի 4 մասնաշենքերը կապող 5-րդ մասնաշենքի տարածքում սովորական շինարարական աշխատանքներ էին ընթանում երբ մարտի 4-ին շինհրապարակ այցելեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և նախարարության այլ պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ 70-ական թվականներին կառուցված այս դպրոցը բաղկացած է եղել 7 մասնաշենքից և նախատեսված է եղել 1200 աշակերտի համար:  Վերակառուցման այս նախագիծը իրականացվել է 360 աշակերտական տեղի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 274 աշակերտ, որի պատճառով վերակառուցման են ենթարկվել 7 մասնաշենքերից 4-ը, իսկ ներքին բակի տեղում կառուցվում է 5-րդ նոր մասնաշենք:

          ՙՙՄեծ Մանթաշի դպրոցը քաղաքաշինության նախարարության որդեգրած կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման առնչությամբ որդեգրած նոր ռազմավարական սկզբունքների համաձայն է վերակառուցվում: Նախ պարզվել է շենքի սեյսմազինվածության աստիճանը, որը  գնահատվել է 3-րդ կարգի վնասվածության, ապա ուժեղացման աշխատանքներ, որից  հետո  միայն սկսվել են վերակառուցման աշխատանքները՚՚,- նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա բացառեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող օբյեկտներում հիմնանորոգումների իրականացումը` առանց դրանց ուժեղացման – վերականգնման աշխատանքների կատարման: ՙՙՆախ, վեր ենք հանելու բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտներն ու գնահատելու ենք դրանց սեյսմազինվածության աստիճանը: Ապա, իրականացնելու ենք ավելի մեծածավալ ու առավել հուսալի միջոցառումներ, որոնք հետագայում կապահովեն կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները՚՚,- ընդգծեց նախարար Թադևոսյանը: Շրջայց կատարելով շինհրապարակի վերածված դպրոցի տարածքում` պարոն Թադևոսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարներին կատարվող աշխատանքի որակի և ժամկետների պահպանման առնչությամբ` հույս հայտնելով, որ արդեն այս սեպտեմբերին գյուղի երեխաները կայցելեն վերակառուցված, հարմարավետ դպրոցը:

<<Քաղաքաշինական>> ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թվականին: Դպրոցի առաջին մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են հանդերձարանները, տնօրինության, բժշկի սենյակը, ուսուցչանոցը, 290 տեղանոց հանդիսությունների դահլիճը` բեմով, հետբեմային սենյակով, հանդերձարաններով, գրադարանով:

Երկրորդ մասնաշենքում տեղադրված են սանհանգույցները, աշխատանքի ուսուցման արհեստանոցը, ճաշարանը իր խոհանոցով և օժանդակ շենքերով ու տարրական ուսուցման դասասենյակները: Երկրորդ և երրորդ մասնաշենքերում գտնվում են դասասենյակներ, լաբորատորիաներ և սանհանգույցներ: Չորրորդ մասնաշենքում են` մարզադահլիճը, հանդերձարանները, ցնցուղարանները, մարզագույքի և մարզիչի սենյակները, ռազմագիտության կաբինետը իր զինապահոցով և տնարարության կաբինետը:

Դպրոցի գլխավոր ճակատը երեսապատված է Անիի և Արթիկի սրբատաշ տուֆե սալերով: Մասնաշենքերի հին տանիքները փոխարինվել են նորերով, մինչ այդ կատարվել է ծածկերի ուժեղացման աշխատանքներ: Դպրոցում անցկացվում է կենտրոնական ջեռուցման համակարգ:

Դպրոցի վերակառուցման վրա ընդհանուր առմամբ կծախսվի շուրջ 500 մլն դրամ:

 Անկախ

 

 

“Արագաչափերը դարձել են բիզնեսի տեսակ”». Ավտովարորդների պաշտպանության լիգա

Տիգրան Հովհաննիսյան“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների հարցում կարգապահություն սահմանելու հարցում, հակառակ դեպքում վարորդները բացահայտ կթալանվեն:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` երթևեկությունը վերահսկող տեսախցիկների շնորհիվ վարորդները, իհարկե, ավելի կարգապահ են դարձել, սակայն տուգանքներն այնքան են շատացել, որ դրանց հանդեպ քաղաքացիներն ատելություն են զգում:
“Եթե մենք լուսարձակի կարմիր ազդանշանի տակ խախտում ենք գծանշանը, ապա նույն պահին էլ հետ ենք գնում, սակայն, միևնույն է, տուգանվում ենք: Սրա դեմ պետք է քայլեր ձեռնարկվեն: Քայլեր պետք է ձեռնարկվեն նաև տուգանքների չափի և դրանց համապատասխան գանձումներ կատարելու հարցում: Նվազագույն գերազանցման դեպքում, օրինակ, 5 հազար դրամ, արագության գերազանցման առավել կոպիտ խախտումների դեպքում՝ 10 կամ 15 հազար դրամ”,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ տեսախցիկները դարձել են բիզնեսի տեսակ:

Բանախոսը նշեց, որ սպասում են ոստիկանապետի պատասխանին: Բայց, եթե պատասխան չստանան, շարունակելու են իրենց պայքարը:
Վարորդ Արայիկ Բեգլարյանն իր դժգոհությունը հայտնելով նշեց, որ արագության սահմանման ցուցանակները խիստ խաբուսիկ են: Շատ դեպքերում էլ ցուցանակներ ուղղակի չկան:

“Մայրուղիներում սահմանված արագությամբ վարելով` մեկ էլ տեղեկանում ես, որ որոշ տարածություն անցնելիս պետք է իջեցնեիր արագությունդ, սակայն համապատասխան ցուցանակ չտեսնելով և չիջեցնելով` տուգանվել ես: Ստացվում է` պետք է անգիր անես ճանապարհները: Երբ պետք է գումարներ գանձեն քաղաքացիներից, հիշեցնում են միջազգային փորձի մասին, երբ պետք է կարգավորեն իրավիճակը` ոչ: Տաքսիստներից, տուգանքների ձևով, գանձում են իրենց ամսական եկամտի ամենաքիչը 20 տոկոսը”,- ասաց վարորդը:

Անկախ

Աշոտը սխալմամբ հրդեհ է առաջացրել ու նյութական վնաս է պատճառել նաև հարևաններին

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՄարտի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ փետրվարի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1956 թ. ծնված Աշոտ Վ.-ն իր անասնագոմի մոտ այրել է անասնագոմից դուրս բերված խոտերի մնացորդները, որի ժամանակ ուժեղ քամու պատճառով բռնկվել և մասնակիորեն այրվել են անասնագոմի վրա դարսված խոտի հակերը:
Հրդեհը տարածվել է և մասնակիորեն այրվել են նաև հարևանությամբ դարսված խոտի հակերը:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին (մարտի 3-ից 4-ը)

ԱվտովթարՄարտի 4-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին բախվել է քարի և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 43/1 հասցեի դիմաց «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 04.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 23/Ա հասցեի մոտ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանի Հ. Հովհաննիսյան թաղամասում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Սուբարո Տրիբեկա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» և «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ու շրջվել:
Առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 3-ին, ժամը 19.10-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցի վերջնամասում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Նռնակ` Երևանի 16-րդ թաղամասում

պակիստան,նռնակՄարտի 3-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Հրաչ Ա.-ն և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի մոտ եղբոր տղան նռնակ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Այրվել են Աղավնաձորի 3 բնակիչների խաղողի այգիներն ու խնձորենիները

խաղողի այգիներՄարտի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են ստացվել, որ 1987 թ. ծնված Ալիկ Ն.-ի և 1960 թ. ծնված Շավարշ Ն.-ի` կրակի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով այրվել են Աղավնաձոր գյուղի 3 բնակիչների խաղողի այգիներն ու խնձորենիները` պատճառելով ընդհանուր 1.825.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:

Դ!ԵՄ ԵՄ – Հակազդենք Ֆինանսների նախարարության ապօրինություններին

դեմ եմՍիրելի հայրենակիցներ,

Մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ, մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողություններիկապակցությամբ:

Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում:

Այս նպատակով, կոչ ենք անում ձեզ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվել ֆինանսների նախարարության մոտ՝ մեր իրավաչափ պատասխանը տալու այս ապօրինություններին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են

Մանուկ Հերգնյանը“2013-2014 թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը” ներկայացնելիս` այսօր զեկույցի համահեղինակ Մանուկ Հերգնյանը նշեց, որ գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը այսօր Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են: Այս պարագայում տնտեսության մրցունակության ցուցանիշ կարող է համարվել տնտեսության` համեմատաբար բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծման ու դրանց պահպանման կարողությունը: Զեկույցի համաձայն` արտադրողականությունը երկրի մրցունակության անկյունաքարն է: Արտադրողականության աճը պետք է ուղեկցվի տնտեսական աճով, այլապես այն կարող է հանգեցնել զբաղվածության կրճատման: Մրցունակության քաղաքականության համատեքստում տնտեսության զարգացման թիրախային վիճակը ենթադրում է հիմնական մրցակից երկրների արտադրողականության մակարդակի հետ ունեցած ճեղքվածքի զգալի կրճատում և յուրաքանչյուր աշխատունակ անձի համար համապատասխան վարձատրությամբ աշխատանքի առկայություն, որը կբացառի զուտ տնտեսական պատճառներից բխող արտագաղթը:

“Շատ մեծ դերակատարում ունի նաև ՀՆԱ աճը: Եթե 7 % միջին տարեկան աճի դեպքում թիրախային վիճակին հնարավոր է հասնել 10 տարում, ապա ՀՆԱ 10 % աճը նույն արդյունքները կարող է ապահովել մինչև 2016 թվականը: Հայաստանի տնտեսության ներկայիս աճի տեմպի պարագայում 3-4 %, տնտեսությունը տնտեսական թիրախային վիճակին կհասնի 2040-ին: Երկարաժամկետ հատվածում աճի բարձր տեմպեր ապահովելու ՀՀ մարտահրավերը վերաճում է բարձր արտադրողականությամբ կապիտալի մեջ մեծամասշտաբ ներդրումներ ապահովելու մարտահրավերի: Սա պահանջում է ներդրումների աճի բոլոր առանցքային խոչընդոտների առանձնացում և չեզոքացում: Այդպիսի սահմանափակումների վերլուծության համար մենք կիրառել ենք լայն տարածում գտած “Աճի ախտորոշման” գործիքը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդկային կապիտալի զարգացման ցածր որակը Հայաստանի տնտեսության “առանցքային սահմանափակումներից” է: Քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի: Աշխատուժի խնդիրները կապված են որակի հետ: Տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից առաջարկվող աշխատուժի որակների միջև էական ճեղքվածք կա”,- ներկայացնելով զելույցը` ասաց Մանուկ Հերգնյանը:

 Անկախ

Հայաստանում աշխատուժի մոտ 25%-ը, գործազուրկների մոտ 27%-ը ունեն բարձրագույն կրթություն

11102_am_4“Ի-Վի Քոնսալթինգ” ընկերության և “Տնտեսություն և արժեքներ” հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացման ժամանակ “Ի-Վի Քոնսալթինգ” ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը նշեց, որ Հայաստանում աշխատուժի մոտ 25%-ը, գործազուրկների մոտ 27%-ը ունեն բարձրագույն կրթություն:

Զեկույցի համաձայն` բարձրագույն կրթություն ունեցող բնակչության մասնաբաժինը Հայաստանի բնակչության մեջ կազմում է 50%: Գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժնով Հայաստանը մոտ է համաշխարհային միջին ցուցանիշին՝ 19%:

“Հայաստանում նկատվում է ավելի ուշագրավ երևույթ՝ աշխատուժի մեջ չընդգրկված, բայց բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասնաբաժին, ինչը խոսում է կրթության “ձևական բնույթի”, “դիպլոմի” որպես որոշակի սոցիալական կարգավիճակի արտահայտման լայն տարածման մասին: Երբեք չաշխատած շրջանավարտներից շատերի մոտ գործազրկությունը հիմնականում կամավոր բնույթ է կրում, երիտասարդները սա բացատրում են իրենց ցանկության բացակայությամբ, անձնական կամ ժամանակ չունենալու պատճառով: Այս երևույթը հիմնականում գերակշռում է սոցիալական գիտությունները` սոցիոլոգիա, հոգեբանություն և փիլիսոփայություն ուսանած շրջանավարտների մոտ: Սա նշանակում է, որ տնտեսությունը ներդրում է կատարում ոչ արտադրողական կապիտալի բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի մեջ, որն ի սկզբանե մտադիր չէ կիրառել ձեռք բերված կրթությունը ապրանքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար: “Իրական գործազրկությունը” գերակշռում է մանկավարժություն, մշակույթ և սպորտ ուսանած շրջանավարտների շրջանում”,- ասված է զեկույցում:

 

Անկախ

Գյումրիում հրատապ է դարձել անօթևան ընտանիքների վերահաշվառման խնդիրը

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը:

Մինչև սահմանված ժամկետը անօթևան ընտանիքները ՏԻՄ-երին պետք է ներկայացնեին տասնյակ փաստաթղթեր՝ հիմնականում բնակարանների փլուզման, բնակության և ընտանիքների կազմի վերաբերյալ: Միայն Գյումրիում մոտ 300 ընտանիք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը արտերկրում է եղել ու չի իմացել, որը հիվանդ է եղել կամ բոլոր պահանջվող փաստաթղթեր չի կարողացել ամբողջացնել: Իսկ հերթացուցակներում չհաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը քաղշիննախարարության կողմից չի դիտարկվում՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի:

Ի դեպ, 2008-ից հետո ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքների նոր հաշվառում չի իրականացվել: Ներկայացվող տեսանյութը Աթոյանների ընտանիքի բնակարանային խնդրի մասին է: Նրանք ավելի քան քառորդ դար ապրում են թիթեղյա վագոն-տնակում: Երկրաշարժի պահին փլվել է նրանց պատկանող հանրակացարանի շենքը:
Սակայն ընտանիքը չի կարողացել պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնել ու հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նրանց բնակարն չի հատկացվելու:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 3-ից 4-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը, խարդախության` 6, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 6, գողության և մարմնական վնասվածք հասցնելու` 5-ական, խուլիգանության և յուրացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Դիմումները՝ նաև առցանց տարբերակով

առցանց դիմումԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված  դիմումները ներկայացնել նաև առցանց տարբերակով:

Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ 2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել: Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստացել են իրենց պատասխանները:

Առցանց դիմումը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում տանը կամ ցանկացած վայրում, օգտվելով համակարգչից,  դիմում հղել ու նաև  պատասխան ստանալ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքը հնարավորություն է տալիս նաև տրամադրված  բանալի կոդերի միջոցով առցանց հետևել առձեռն, գրավոր ներկայացված դիմումի ընթացքին:

 

Փրկարարները բացել են փակ դուռը

փրկարարՄարտի 4-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Հ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՄարտի 3-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Արտաշիսյան փողոցում այրվել է 60 քմ,Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ 4000 քմ, Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Մեղրի քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գալազինո թաղամասում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 600 քմ, Աշտարակ-Կոշ ավտոճանապարհին՝ 1000 քմ, Արարատի մարզի Այնթափ գյուղում` 500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 1000 քմ:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:

Սողանք` Սյունիքի մարզում, Կավարտ-Բանավան ճանապարհը մասնակի փակ է

Սողանք Քարահունջ գյուղումՄարտի 4-ին, ժամը 10.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կավարտ-Բանավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, որը մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Առաջիկայում կներկայացնենք մանրամասներ կատարվածի վերաբերյալ:

 

Վաղը տեղումներ են սպասվում

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությանՀանրապետության տարածքում`
Մարտի 4-ին, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 4-ին, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան     21.00C (2004 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան         -22.30C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան      3.20C

Փրկարարներն էլ են անզոր օգնել գյումրեցիներին

AIN«Երկրորդական և երրորդական փողոցներում ահավոր վիճակ է, մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում սկսած ջրափոսերում հայտնված մարդկանցից, տրանսպորտային միջոցներից, մարդիկ ձեռք ու ոտք են կոտրում, այդ փողոցներն անցնելն անհնարին է, ձկնորսական սապոգներն էլ չեն օգնում: Չհաշված, որ դուրս ես գալիս փրկարարական աշխատանքի՝ այսօրվա դրությամբ մենք տեսխնիկապես այնքան էլ հագեցված չենք, որ քարշակող մեքենա ունենանք, հրշեջ մեքենաներով ենք քաշում, սա էլ պետք է հաշվի առնել: Միայն Գյումրիում 2 օր առաջ ստացել ենք ցեխի մեջ արգելափակված մեքենաների երեք կանչ», – Գյումրիում ստեղծված վիճակի մասին ասում է Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

Այս թեմայով կարդացեք նաև` Գյումրին անցել է ցեխի ու ջրի տակ. բոլորն անմե՞ղ են

Գյումրին անցել է ցեխի ու ջրի տակ. բոլորն անմե՞ղ են

գյումրիԳյումրին արդեն օրեր շարունակ հայտնվել է ցեխի ու հալոցքաջրերի տակ:  Թաղամասեր ու երկրորդական, երրորդական փողոցներ կան, որոնց բնակիչները փողոցների անանցելիության պատճառով փակվել են տներում: Նույնիսկ մեքենաների համար անչափ դժվար է երթևեկությունը, տաքսիներն ու անգամ շտապօգնության մեքենան հրաժարվում են մտնել այդ փողոցներ: Հենց այս խնդրի շուրջ այսօր քննարկում էր հրավիրվել Գյումրու քաղաքապետարանում:

Քանի որ որպես  հիմնական պատճառ նշվում է ջրմուղի ջրագծերի անցկացման համար նախորդ տարի փորված փոսերը,  ներկա էին բոլոր պատասխանատու կողմերը՝ ջրմուղի տնօրենը, շինարարությունն իրականացնող երկու ընկերություններն ու նրանց վերահսկող ծառայությունը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն  սկսելով հանդիպումը նշեց. «Քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրմուղի պատճառով: Հարգելի պատվիրատուներ, այսինքն՝ ջրմուղի ներկայացուցիչներ և հարգելի կատարողներ, ովքեր մրցույթը շահել են, ի՞նչն է պատճառը: Մեր այն փողոցներում, որտեղ ասֆալտապատում չկա, ջրի խողովակների անցկացումից հետո չի արվել համապատասխան աշխատանք: Հիմա ի՞նչ պետք է անենք այս իրավիճակից դուրս գալու համար: Մարդիկ չեն կարող երեխաներին դպրոց ուղարկել… Կա նաև ցանկը, թե որ փողոցներն ինչպիսի վիճակում են: Ես, որպես քաղաքապետ, շատ անհանգստացած եմ այս վիճակով: Տեսեք, նախորդ տարի ասֆալտապատում կատարեցինք, այսօր այդ փողոցներում շատ քիչ փոսեր են գոյացել, որտեղ էլ գոյացել են, փորձում ենք շատ արագ փոսանորոգում կատարել մեր ուժերով, խճապատել, այսինքն, էնպես արեցինք, որ կենտրոնական փողոցներում ցնցումներ չլինեն: Բայց, տեսեք, Գորկու փողոցը փորվեց երկու կողմից, և այնպես է ստացվել, որ այդ ամբողջ ցեխը եկել, Խաղաղության օղակ է հասել: Երեկ չէ առաջին օրը միայն այդտեղից մի մեքենա ցեխ ենք հանել»:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը համաձայն չէ հնչեցված գնահատականի հետ, թե ջրմուղն է մեղավոր. «Չգիտեմ ինչու, ջրմուղի անունը շատ է շահարկվում. ջրմուղը քանդեց, ջրմուղն  ավերեց: Ջրմուղը, բնականաբար, չի քանդել, չի ավերել, ընդամենը պատվիրատուն է և դրանով ավարտվում է ջրմուղի ֆունկցիան: Վերահսկողության բոլոր տեսակի գործառույթները վերապահված են «ԳԻՏԵԿ» խորհրդատվական ընկերությանը: Ես ուզում եմ ոչ թե պատասխանատվությունը մեզանից հեռացնել, այլ կոնկրետ հասցեատերերին նշել, ովքեր մեղավոր են այս վիճակի համար: Մեր ձեռքերը բավականին կարճ են շինարարին ուղիղ հանձնարարական տալու համար»: Քաղաքապետը զարմանում է, թե ինչպես կարելի է 70 մլն եվրո արժեցող ծրագիրն այսպիսի ընթացք ունենա, այդ բացը չհամարելով գումարի խնդիր:
Խնդրի շուրջ «ԳԻՏԵԿ» խորհրդատվական կազմակերպության գլխավոր ինժեների մշտական ներկայացուցիչ Դենի Հազեբրուքը նշեց. «Բնականաբար, երբ քաղաքում այսպիսի ծրագրեր ենք անցկացնում,  անհարմարություններն անխուսափելի են: Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել խրամուղիների փորման աշխատանքներից հետո մինչև բարեկարգում ընկած ինտերվալը, բայց միշտ չէ որ հաջողվում է: Հետո՝ եղանակային պայմանները, երբ արդեն գետինը սկսում է սառել, դա ավելի է վատացնում վիճակը»: Իսկ քաղաքապետի ճշգրտող հարցին, թե եթե Եվրոպայում այսպիսի վիճակ լիներ,  կհանդուրժեի՞ք, ի՞նչ կանեիք, ֆրանսիացի պաշտոնյան նշեց. «Իհարկե, եթե այսպիսի խնդիրներ առաջանում են, բնակիչները, բնականաբար, արձագանքում են, այս դեպքում մենք պետք է կապալառուներին մոբիլիզացնենք հարցը հնարավորինս արագ լուծելու համար»:
Պատասխանոտւներն ասում են, թե ստեղծված վիճակի պատճառն այն է, որ քաղաքը գրունտային ջրերի վրա է հիմնված, որն էլ հողը վեր է բարձրացնում:

Սակայն քաղաքապետն այս առումով ասում է. «Խիճն օգուտ տալիս է, խիճը կավահող չէ: Քանի որ մենք արդեն մեկ տարի աշխատում ենք, լավ ուսումնասիրել ենք. երբ փորվում է՝ հող են լցնում, վերջին հատվածը՝ խիճ, պետք է այդ հողային, կավաշերտը հեռացվի: Եթե խիճ է լինում, միայն այդ հատվածում է հնարավոր մի քիչ բարձրանա, ոչ թե ամբողջ փողոցով կավահողը տարածվի: Որովհետև ոչ մի խիճ լցված չի եղել, այ սա է պատճառը: Մենք գծի հետևի Նորավանում գրունտային ջրեր չունենք: Գրունտային ջուր հիմնականում ունենք՝ քյարիզների հետ կաված, քաղաքի կենտրոնական հատվածում: Երևանյան խճուղում ի՞նչ գրունտային ջրերի մասին է խոսքը»:
Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն էլ «ԳԻՏԵԿ»-ի ներկայացուցչին մի քանի անպատասխան հարցեր ուղղեց, թե արդյո՞ք նա տեղյակ է, որ տոպանում ընդհանրապես չի կատարվում, հետլիցքից հետո չի հավաքվել և տեղափոխվել ամբողջ փողոցի հողի շերտը. «Օրինակ, Գորկու փողոցը, որը երկու կողմից փորեցին: Ազգաբնակչությունը կփաստի, որ մենք այդ փողոցը քիչ թե շատ նորմալ տեսքի էինք բերել, այսօր գնացեք տեսեք փողոցի վիճակը: Դա ձեր աշխատանքի ամենամեծ թերացումն է և ձեր կողմից չկատարված վերահսկողության արդյունք: Հարկավոր է ամբողջ տեխնոլագիան պահպանել՝ և՛ փորման, և՛ հետլիցքի, և՛ բարեկարգման. վերջին հաշվով ձեր ծրագրում պայմանագրով կետ կա, որ դուք պարտավոր եք ինչպիսի վիճակում ընդունել եք փողոցը, այնպես էլ վերադարձնել քաղաքին: Մենք չենք ասում գնացեք մեր փողոցները սարքեք»:

Մարդիկ հատուկ ռեզինե սապոգ են առել, մի մասն էլ կալոշ են պահել, որ այդքան տեղը անցնեն տուն մտնեն. տնից դուրս ելնողը չի կարող տուն գնալ, դպրոցականը չի կարող դպրոց գնալը, մանկապարտեզ չեն կարող գնալ, մեքենա չի գնում, շտապօգնություն չի գնում, տաքսի չի գնում, հասարակական տրանսպորտ չի աշխատում, մինչև ե՞րբ… հարցնում են քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Շինարարություն կատարող «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը վիճակի համար այսպիսի մեկնաբանություն տվեց. «Տարբեր պատճառներ  են նշվում, բայց հիմնական պատճառը նրանում է, որ Գյումրի քաղաքում ջրահեռացման, սելավաջրերի հեռացման համակարգ չկա, որի հետևանքով հալոցքից թե գազոններից, թե սառած գրունտի կավահողը լվացվում ու լցվում են ասֆալտի վրա»:
Արդյունքում, քաղաքապետն առաջարկեց 10 օրից նորից հանդիպել նույն կազմով ու ներկայացնել  կատարված փոփոխությունները:

Մարիամ Խալաթյան

Անկախ