ԴԵՄ ԵՄ ակցիան՝ Գյումրիում

դեմ եմ երթ գյումրում2Այսօր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրեցի երիտասարդները: Նրանք առավոտյան հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց, որտեղ պատրաստվեցին, հանդես եկան հայտարարությամբ ու երթով շարժվեցին դեպի ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպություն:
– Այսօր որոշել ենք գիրք նվիրելու օրն օգտագործել ՀՀԿ և քույր կուսակցության՝ ՕԵԿ-ին տրամադրելու 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ մեզ տված այն խոստումներն ու դեմ եմ երթ գյումրիումկետերը, որոնք հրամցրել են մեզ: Եվ շեշտելու ենք, որ կուտակայինը ևս մաս է կազմելու իրենց տված խոստումների, – հայտարարության մեջ նշեց «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ակտիվիստ Արսեն Վարդանյանը:
««Բարեփոխումների» անվան տակ ցանկանում են քաղաքացիների վերջին կոպեկները հավաքել ու գրպանել: Չգիտենք, 40 տարի հետո կտան, չեն տա, ով կլինի», – նշեց ակցիայի մասնակից Գոռ Թորոսյանը:
«Ես աշխատող չեմ, թող նախ ինձ համար աշխատատեղ ստեղծեն, ունենամ բարեկեցիկ կյանք, որ կարողանամ հիմա ապրել, այդ ժամանակ արդեն մտածենք՝ կուտակային վճարելու մասին: Եթե մարդը չի կարող հիմա ապրել, ինչպես մտածի 30 տարի հետո ապրելու մասին», – իր հերթին նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Երիտասարդները «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» գրությամբ թռուցիկները փակցնելով ճանապարհի սյուներին՝ շարժվեցին դեպի ՀՀԿ մարզային գրասենյակ: Այստեղ ակցիայի մասնակիցներին դիմավորեց գրասենյակի կազմակերպիչ Համազասպ Խաչատրյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ըստ ՀՀԿ կանոնակարգի մարզային կառույցի ղեկավարը չի կարող աշխատանքային ժամին լինել գրասենյակում՝ քանի որ աշխատում է պետական պաշտոնում:
«Այսօր գիրք նվիրելու օրն է, և մենք բերել ենք ձեզ վերադարձնելու 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ Ձեր կուսակցության տված նախընտրական խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացել, դրանք կարմիր գրիչով մեկ առ մեկ նշել ենք, և կխնդրենք 3 միլիոն անգամ կարդալ», – ՀՀԿ նախընտրական ծրագիրը հանձնելով կուսակցության ներկայացուցչին՝ նշեցին երիտասարդները:
Նրանց փոխադարձաբար  գրքեր նվիրեց Համազասպ Խաչատրյանը, նշեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցերի  շուրջ մեկնաբանություններ տալու, իսկ մարզային գրասենյակի պատասխանատուն էլ՝ Սահակ Մինասյանը, ով Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է, այդ պահին տեղում չէր:

դեմ եմ«Մենք ունենք մարզային խորհուրդ, մարզային խորհրդի նախագահ, տեղակալներ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,- ասաց Խաչատրյանը, ապա հետաքրքրվեց՝ ակցիայի մասնակիցների մեջ կա՞ն ուսանողներ: Իմանալով, որ բոլորն էլ ուսանողներ են, հարցրեց՝ հասկանում եք, չէ՞, ինչի համար եմ հարցնում. «Այո, նրա համար, որ միշտ թանկացնում եք վարձավճարները, մենք էլ ի վիճակի չենք վճարել», – հետևեց պատասխանը: Մինչդեռ, Հ.Խաչատրյանն ուզում էր ասել, թե ինչու ուսանողներն առավոտյան 12-ին լսարանում նստած չեն:
Նա երիտասարդներին խոստացավ, որ իրենց «նվիրած գիրքն» անպայման կընթերցվի, հաշվի կառնվեն դիտողությունները:

Մաքսային միություն մտնելուց հետո խոշոր ավտոներկրողները մենաշնորհ կստեղծեն, իսկ մանր և միջին ավտոներկրողները կկորչեն

Տիգրան Հովհաննիսյան«Ավտոներկրողների միության» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ Մաքսային միություն մտնելուց հետո խոշոր ավտոներկրողները մենաշնորհ կստեղծեն, իսկ մանր և միջին ավտոներկրողները կկորչեն: Ապա տեղեկացրեց, որ ավտոներկրողները ցանկանում են հանդես գալ օրենքի նախագծով, համաձայն որի` իրենց բիզնեսին կարգավիճակ կտրվի: Ավտոներկրողները լուրջ խնդրի առաջ են կանգնած, նրանք մեքենաներ են ներկրում և երկրորդ մեքենայից սկսած ավելացված արժեքի հարկ պետք է վճարեն:

«Բավական չէ, որ մաքսային վճարներն ենք տալիս, հիմա էլ ավելացված արժեքի հարկ պետք է վճարենք երկրորդ մեքենա բերելու համար: Մենք այդքան շահույթ չենք ստանում: Երկրորդ մեքենա ներմուծելու համար ստիպված ենք լինում մեկ ուրիշի անունով ձևակերպել մեքենան, որպեսզի ավելացված արժեքի հարկ վճարենք: Մենք դիմելու են Կառավարությանը` մեզ հարկային դաշտ մտցնելու համար, որպեսզի կարողանանք այնքան մեքենա ներկրել Հայաստան, որքան կկամենանք»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Հարցին` ինչո՞ւ ավտոներկրողները չեն դիմում Պետեկամուտների կոմիտե և պահանջում գրանցել իրենց, Ավտոներկրողների միության նախագահը պատասանեց. «Պետեկամուտների կոմիտեն ավտոներկրողների նկատմամբ ռեկետ է իրականացնում: Եվ առհասարակ մեր հարկային մարմիններում ավտոներկրողների նկատմամբ ռեկետ են իրականացնում: Երկրորդ մեքենայի ներկրումը որակում են որպես ապօրինի և պահանջում վճարել մեքենայի 20 %-ը: Սպառնում են քննչական ուղարկել և այլն: Արդեն հոգնել ենք այս ամենից»:

Անկախ

Լուսավորման երթ` փետրվարի 21-ին

լուսավորման երթ

«Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` իրազեկելով առաջիկա երթի մասին: Հայտարարությունում ասվում է.

«Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը:

Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար:

Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին»:

«Կուտակայինը հարկի նման մի բան է դարձել». Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանԿուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կուտակումները, չվճարման համար կիրառվող սանկցիաները համարժեք են հարկերը չվճարելու տուգանքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Ըստ նրա` եթե գործատուն չի կատարում պարտադիր վճարները, կուտակային թոշակի չվճարելու խստությունը համարժեք է հարկերը չվճարելուն, այսինքն՝ կուտակայինը հարկի նման մի բան է դարձել:

«Արդեն որոշ հիմնարկներում մարդիկ չեն ձևակերպվում որպես փաստացի աշխատող: Բացի այդ, եթե աշխատողը չհամաձայնի վճարել այդ 5 տոկոսը, գործատուն ստիպված կլինի վճարել, ինչը հարկային հարկադրանքին հավասար հարկադրանք է: Արդեն աշխատանքից ազատելու տենդենց է նկատվում և, եթե այդ տենդենցը շարունակվի, գուցե նախարարները հրաժարակա՞ն տան: Որոշ գործատուներ հիմա վճարում են, մի մասն այն պատճառով, որ ընդգրկված են պետական համակարգում, մի մասն էլ պատգամավորական մանդատից դրդված, ինչը ճիշտ չէ»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Բանախոսի խոսքով՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի օրենքը սահմանադրական ճանաչել, ապա լուրջ վտանգ կառաջանա: Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար փոքր ու միջին բիզնեսը ճկունություն կդրսևորի և այլ մեխանիզմներ կմտածի: Արդյունքում գործազրկությունը կավելանա, ստվերը կմեծանա: Իսկ դրանից հետո Կառավարությունը հետ քայլ կանի, թե՝ ոչ, ոչ ոք չգիտի:

 Անկախ

Արմեն Պողոսյանը գրեթե համոզված է, որ սպառողների դժգոհությունները գազի որակի վերաբերյալ, անտեղի են

արմեն պողոսյանՍպառողների միության նախագահ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց գազին վերաբերող տվյալներ, որոնք ստացվել են «ՀայՌուսգազարդ» ընկերության և Սպառողների միության նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը վստահեցնում է, որ սպառողներին մատակարարվող գազի ճնշումն ու կալորիականությունը սահմանված նորմայի սահմաններում է:

«Արդեն երկար ժամանակ է՝ մենք պարբերաբար լսում ենք դժգոհություններ գազի որակից: Ահա թե ինչու, մենք հանդիպեցինք «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչների հետ և որոշեցինք չափումներ և ստուգումներ կատարել: Ես ընկերությանն առաջարկել եմ պատահականության սկզբունքով ստուգումներ ու չափումներ անցկացնել, ապա գազի նույն փորձանմուշն ուղարկել մեկ այլ երկիր՝ փորձաքննության: «ՀայՌուսգազարդը» առաջին առաջարկն ընդունել է, կատարել չափումները, իսկ երկրորդ առաջարկը մերժել՝ պատճառաբանելով, որ դա կապված է մեծ ծախսերի հետ: «ՀայՌուսգազարդին» պատկանող լաբորատորիայում կատարվել են չափումներ և ստացված եզրակացության համաձայն՝ գազի և՛ ճնշումը, և՛ կալորիականությունը նորմայի սահմաններում են եղել»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Բանախոսը նշեց, որ իր կասկածները գրեթե փարատված են, նա գրեթե համոզված է, որ սպառողների դժգոհություններն անտեղի են, այնուամենայնիվ ցանկանում է գազի նույն մեկ այլ երկիր՝ փորձաքննության, սակայն չի ցանկանում դա անել Սպառողների միության միջոցներով:

Իսկ թե ի՞նչ տվյալների հիման վրա է Արմեն Պողոսյանը եկել այն եզրահանգման, որ «ՀայռուսԳազարդին» պատկանող լաբորատորիան ճիշտ եզրակացություններ է տվել Հայաստանում մատակարարվող գազի որակի և ճնշման վերաբերյալ, պարզ չէ:

Անկախ

Պատուհանի փեղկը բացելով` մտել է բնակարան և ոսկյա զարդեր ու գումար գողացել. հիմա նա ոստիկանությունում է

գողությունՓետրվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 3-րդ Միկրոշրջանի թիվ 2 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի փեղկը բացելով` մտել է 1974 թ. ծնված Իսահակ Մ.-ի բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու գումար:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Միայնակ մայրն ու մեկամյա փոքրիկը ձմեռվա ցրտին` առանց ջերմության

goharՆերս եմ մտնում Գոհարի մեկսենյականոց բնակարան: Այնքան ցուրտ է, որ վերարկու հանելն անիմաստ է: Ինքը` տանտիրուհին, տնային հագուստով է, հավանաբար, հարմարվել է «կլիմային»:
Հյուրասենյակից անցնում ենք փոքրիկ ննջասենյակ, որտեղ նրա մեկ տարեկան դուստրն է քնած` համարյա դրսի հագուստով: Ասում է, որ այսօր տանը դեռ տաք է, որովհետև հոսանք ունի և կարողացել է գոնե երեխայի սենյակում էլեկտրական վառարան միացնել: Իսկ մի քանի օր առաջ երեխային վերարկուով քնեցնում էր, վերարկուով արթնացնում, քանի որ հոսանքն անջատված էր:

Գոհարը միայնակ մայր է: 37-ամյա կնոջ պատմությունը տխուր է, զայրացնող ու անհեթեթ:
Հայրական ջերմ ու ապահով ընտանիքում մեծացած աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվի այս վիճակում: Իսկ ամեն ինչ սկսվեց նախ ծնողների վաղաժամ մահից: 2002 թ. մահացավ մայրը, նրանից մի քանի օր անց` հայրը: Երկուսն էլ` մոտ 50 տարեկան:

gohar-eghbor hetԱյդ օրվանից Գոհարն ու եղբայրն ապրում էին միայնակ: Եղբայրն աշխատում էր էլեկտրացանցում, և վաստակած գումարով կարողանում են քիչ թե շատ նորմալ ապրել: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր էր, բայց եղբայրը չէր թողնում, որ աշխատի, ասում էր` ի՞նչդ է պակաս, ես աշխատում եմ` հերիք է:

2010 թ. եղբայրն ամուսնանում է: Նրա ընտրությունը Գոհարի սրտով չէր, բայց դե ոչինչ անել չէր կարող: Իսկ երբ մեկ-երկու ամիս անց նորահարսը տանը գրանցվելու խոսակցություններ է բացում, դա արդեն Գոհարին հունից հանում է. «Իմ ստորագրությունն էր պետք, բայց ես համաձայն չէի: Գիտե՞ք ինչ, եթե դեռ եկած-չեկած էդ հարցը չբարձրացներ, դեմ չէի լինի: Բայց եթե ինքը եղբորս սիրող էր, էդ խոսակցությունը չպիտի բացեր: Ես զգացի, որ ինքն իմ եղբորը չի սիրում, տան համար է եկել, ու պրինցիպի ընկա: Էդպես հարաբերությունները լարվեցին: Եղբորս հետ էլ արդեն լավ չէինք»:

Երբ քրոջ ու եղբոր միջև հարսի պատճառով սև կատու է անցնում, հարցը լուծելու միակ ճանապարհը մնում է տունը վաճառելը, գումարը կիսելն ու առանձնանալը: Հենց այդ ժամանակ էլ Գոհարը պարզում է, որ ծնողների տան ժառանգորդը միայն եղբայրն է, ինքը ոչինչ չունի: Ծնողների մահից հետո եղբայրը գնացել էր նոտարական գրասենյակ և որպես միակ ժառանգորդ ներկայացել, բայց Գոհարը չի կարծում, թե եղբայրն այդ քայլը դիտավորյալ է արել:

Ինչևէ: Իր իրավունքները վերականգնելու համար նա դիմում է դատարան, դատարանը բավարարում է պահանջը:

gohar-yntanirov

Երբեմնի ընտանեկան ջերմ բնակարանը, որտեղ ընտանիքը հաշտ ու համերաշխ ապրում էր, վաճառում են, բաժանում երկու հավասար մասի: Գոհարն իրեն բաժին հասած գումարով կարողանում է մեկսենյականոց բնակարան գնել Զեյթունում և եղբոր ընտանիքին հրաժեշտ տալ` այլևս նրանց հետ չշփվելու որոշմամբ:

Դժվար էր համակերպվել միայնությանը: Բայց պետք էր կյանքը շարունակել, անձնական կյանք կառուցել, արդեն 30-ն անց էր: Ցավոք, այդ հարցում էլ բախտը չի բերում. պարզում է, որ տղամարդը, որի հետ ոչ օրինական ձևով ամուսնացել էր, հարբեցող է, թմրամոլ, անգամ հոգեկան խնդիրներ ունի: Այդ ամենն իմանալուն պես` Գոհարը հեռանում է նրանից, բայց արդեն հղի էր:

Երբ փոքրիկ Ռոզին ծնվում է, Գոհարի միակ ուրախությունն ու սփոփանքն է դառնում այս կյանքում: Բայց ուրախության հետ մեկտեղ առաջ են գալիս սոցիալական ծանր խնդիրներ, որոնք լուծելու համար ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ հարազատ, ո՛չ օգնող: Դա դեռ քիչ է, ծննդաբերությունից հետո էլ պարզում է, որ առողջական խնդիրներ ունի (արգանդի միոմա) և պետք է վիրահատվի: Նորածին երեխան ձեռքին կրկին հիվանդանոց է ընկնում: Մի կերպ այդ դժվարությունն էլ է հաղթահարում:

Գոհարի միակ նեցուկը մի հասարակական կազմակերպություն էր, որը մեծ միջոցներ չունենալով` կարողացել էր 37 000 դրամ տրամադրել նրա հոսանքի պարտքի մի մասը վճարելու համար, որպեսզի մինչ մայրն ու երեխան հիվանդանոցից վերադառնան` հոսանքը միացված լինի: Գոհարի խոսքով` կազմակերպության նախագահն անձամբ է գումարը տվել տեսուչին, որը, սակայն, վճարում չէր կատարել, այլ գումարը յուրացրել էր: Կազմակերպության նախագահն անգամ ոստիկանություն էր դիմել, բայց քանի որ գումարը տրվել էր առձեռն` առանց որևէ փաստաթղթային հավաստագրի, գործ չէր հարուցվել:

Այդպես Գոհարն ու նորածինը շուրջ վեց ամիս անց են կացնում առանց էլեկտրականության: Ասում է, որ երեխային լողացնում էր գազի վրա ջուրը տաքացնելով: Բայց եթե գարնանն ու ամռանը կարելի է փոքրիկ գազօջախով մի կերպ կենցաղային հարցերը լուծել, աշնանն ու ձմռանը վրա է հասնում ցուրտը: Այս ցրտաշունչ ձմռանը բնակարանում հոսանք չմիացնել, նշանակում էր մահվան դատապարտվել:

Գոհարի ողջ եկամուտը 21 000 դրամ նպաստն է, որից մի կերպ խնայողություն է անում, մաս-մաս հոսանքի պարտքը մարում: Բայց հունվարի վերջին տեսուչը կրկին հոսանքն անջատում է` ասելով, թե իբր կրկին մեծ պարտք է գոյացել: Գոհարը կասկածներ ունի, որ տեսուչն իր հոսանքի գումարն ավելի է գրում, որպեսզի վրեժխնդիր լինի իր դեմ ոստիկանություն բողոք ներկայացնելու համար: «Ախր ես ո՛չ սառնարան եմ միացնում, ո՛չ հեռուստացույց, միայն մի թույլ պլիտա է, որտեղի՞ց է էդքան գումար հավաքվում»:

Նրա էլեկտրաէներգիայի հարցն անգամ Հանրային խորհուրդ է հասնում: Նման հարցերով, իհարկե, խորհուրդը չի զբաղվում, բայց ՀԽ համապատասխան հանձնաժողովները կամ ՀԽ աշխատակազմը փորձում են հնարավորության սահմաններում պետական կառույցներին դիմել ու խնդիրներին լուծում տալ: Հենց նույն օրը ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը փորձում է պարզել էլեկտրաէներգիայի անջատման իրական պատճառն ու էլեկտրիկի հետ կապված պատմությունը: «Բայց այստեղ հարցն ավելի խորքային է,- ասում է Բարխուդարյանը,- եթե մի բնակարանում կա նորածին երեխա ու անօգնական միայնակ մայր, ապա նրանց թողնել առանց գազի ու էլեկտրաէներգիայի, պարզապես չի կարելի, ինչքան էլ որ պարտքի խնդիր լինի: Պարտքը մարելու տարբեր եղանակներ կան, որոնք վաղուց նորմալ երկրներում կիրառվում են սոցիալապես ծանր վիճակում գտնվողների համար: Պետք է դրանք սովորել, ոչ թե միայնակ կնոջը փոքր երեխայի հետ ձմեռվա կեսին թողնել առանց ջերմության»:

Սակայն այս պատմության մեջ Հանրային խորհրդի աշխատակցին ամենաշատը զայրացրել է Զեյթունի էլեկտրացանցի մի աշխատակցուհու լկտի պահվածքը: «Երբ զանգեցի էլեկտրացանց և աշխատակցուհուն հարցը ներկայացնելուց հետո խնդրեցի միացնել իր ղեկավարի հետ, նա միանգամից հարձակվեց ինձ վրա մոտավորապես հետևյալ տոնով. «Լավ ենք արել` անջատել ենք, որտեղից ուզում եք զանգեք, մենք ոչ մեկից չենք վախենում»: Հավանաբար գործավարուհի էր, անգամ չներկայացավ ու այդպես էլ հեռախոսը վայր դրեց` առանց իր վերադասին միացնելու: Ես չգիտեմ, այդ կառույցում նմա՞ն որակի մարդիկ են աշխատում»:

ՀԽ աշխատակազմի ղեկավարն ավելի ուշ կապվում է հայէլեկտրացանցերի հյուսիսային մասնաճյուղի փոխտնօրենի հետ, որը խնդիրը լսելուց հետո հրահանգում է Գոհարի բնակարանի հոսանքը միացնել` խոստանալով պարզել նաև տեսուչի հետ կապված պատմությունը, սակայն հաջորդ օրը զանգահարում և ասում է, որ չի կարծում, թե դա նրա ձեքի գործն է, քանի որ «տեսուչը շատ լավ տղա է»: Այնուամենայնիվ նշում է, որ եթե մի տոկոս էլ կասկած ունենա, ապա «կաշին կքերթի»:

Գոհարի բնակարանի հոսանքն այս պահին անորոշ ժամկետով ու անորոշ կարգավիճակով միացված է: Հայտնի չէ, թե ինչպես է նա կարողանալու այդ 21 000 դրամ նպաստից և՛ իր ու երեխայի ծախսերը հոգալ, և՛ 60 000 դրամ հոսանքի պարտքը մարել:
Հանրային խորհուրդը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան` խնդրելով որևէ կերպ աջակցել միայնակ կնոջը: Ի՞նչ օգնություն կտրամադրվի կամ կտրամադրվի՞ արդյոք` դեռևս հայտնի չէ: Բայց որ նրանց այդ վիճակում թողնել չի կարելի, ակնհայտ է:

Գոհարն այսօր ի վիճակի չէ աշխատելու: Նախ` երեխային խնամող չկա, մանկապարտեզ տանելու համար էլ դեռ շատ շուտ է, բացի այդ, կեսարյան հատումով ծննդաբերությունը լուրջ հետևանքներ է թողել նրա առողջության վրա: Ասում է, որ մեջքի ցավից չի կարողանում կռանալ, գործ անել և ժամանակ առ ժամանակ այնպիսի ցավեր է ունենում, որ հազիվ է դիմանում: Ենթադրում է, որ դա կեսարյան հատման ժամանակ ողնաշարի սխալ ներարկման հետևանք է:

Փետրվարի 13-ին Ռոզին դարձել է մեկ տարեկան: Մորից բարեհամբույր բնավորություն ժառանգած մարդամոտ փոքրիկը հյուրերին ընդունում է ժպիտով: Նրա ժպիտը մոր միակ ուրախությունն է ճակատագրի այս դառը փորձությունների հերթագայության մեջ: Գոհարն ասում է, որ եղբայրը եկել է իր տուն, տեսել երեխային, շատ է սիրել, փոշմանել է ամեն ինչի համար, փորձել է հաշտվել, բայց իր սիրտը կոտրված է, չի կարողանում մոռանալ տեղի ունեցածը, ասում է` արդեն ուշ է…

 

Հ.Գ.

Նյութի տպագրման հաջորդ օրը “Հայաստանի էլեկտրական ցանցերի” լրատվական բաժնից զանգահարեցին Անկախի խմբագրություն և հայտնեցին, որ ուզում են Գոհարի հետ զրուցել և նրանից պարզել հոդվածում բարձրացված խնդիրները: Այնուհետև Գոհարի հետ կապ հաստատելով` “Հայաստանի էլեկտրական ցանցերի” աշխատակիցները նրան խոստացել են աջակցել, բացի այդ` պարզել, թե իրականում տեսուչը նման քայլեր կատարել է թե ոչ: Անկախ-ը հույս ունի, որ ընկերությունը կաջակցի միայնակ կնոջը և հետամուտ կլինի այդ հարցի լուծմանը:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

8 ՃՏՊ, 3 զոհ, 1 վիրավոր` մեկ օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը, խուլիգանության` 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Չորս միլիոնի ոսկեղեն գողացողը` խոստովանությամբ

ոսկեղեն Փետրվարի 17-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ընկերուհու եղբայր Ղուկասը 10-15 օր առաջ Ստեփանավանի ոսկու խանութից ոսկի է գողացել, որի կեսը վաճառել է, և հիմա նա գտնվում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում:
Ոստիկանության Էրեբունու և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ղուկասը 1993 թ. ծնված Ղուկաս Ա.-ն է, որը փետրվարի 17-ին, ժամը 16.40-ին, Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 127/2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ փետրվարի 10-ին, ժամը 05.30-ի սահմաններում, պատուհանի ապակին կոտրելով` մտել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութ և գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Փետրվարի 17-ին խանութի սեփականատերը հրավիրվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հաղորդում տվել, որ պատճառված վնասի չափը կազմում է 4.000.000 դրամ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Վարորդը և 2 ուղևորները մահացել են

ավտովթարՓետրվարի 19-ին, ժամը 05.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 222 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները տեղում մահացել են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Ոչինչ չգողանալով` դիմել են փախուստի

ոստիկանությունՓետրվարի 17-ին, ժամը 19.40-ին, 1956 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյանի քաղաքի Էլեկտրոտեխնիկումի հանրակացարանում նկատել է 3 անծանոթների, ովքեր ապօրինի մտել են իր սենյակ և ոչինչ չգողանալով` դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.00-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Արտաշես Ա.-ն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

 

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

զենք-զինամթերքՓետրվարի 17-ին, ժամը 15.15-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի օղակաձև շրջադարձի մոտակայքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի հրացան, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 200 գ տրոտիլ, 5.45 մմ տրամաչափի 40 և 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Կինը բանկից բջջային հեռախոս է գողացել

գողությունՓետրվարի 17-ին, ժամը 21.40-ին, մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի բանկերից մեկի դրամարկղի վրայից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Իջևանի ՊՊԳՎ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Սուսաննա Ս.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Սեյրան Օհանյանը նախաճաշել է զինվորների հետ

այցելություն զորամաս 2ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն  առավոտյան անակնկալ այցելել է զորամասերից մեկը: Այս մասին Անկախը տեղեկանում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

այցելություն զորամասԱյցելության ընթացքում ստուգվել է զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզությունը: Այնուհետև նախարարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել է կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը: Ստուգայցը ավարտվել է ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ: Նախարարը զինվորների հետ նախաճաշել է:

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ճանապարհ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 19–ին` ժամը  09:30–ի դրությամբ,  Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի,  Ջերմուկի տարածաշրջաններում և  Սարավանի լեռնանցքում  տեղում է  թույլ  ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

 

Նապոլեոն Բոնապարտ

PORTRAIT OF THE EMPEROR NAPOLEONԿարծիք կա, որ անհատները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Սակայն համաշխարհային պատմության մեջ եղել են անհատներ, որոնք դարակազմիկ գործեր են արել: Նրանցից է զորահրամանատար, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը: Ընդամենը 157 սմ հասակ. կանացիակերպ կազմվածք, թույլ մարմին, բայց ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն…

Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թ. օգոստոսի 15-ին Կորսիկա կղզու Այաչո փոքրիկ քաղաքում: Նա աղքատ ազնվական Կառլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի բազմանդամ ընտանիքում (13 երեխա են ունեցել) երկրորդ երեխան էր: Նապոլեոնի հայրը իրավաբան էր, Կորսիկայի պառլամենտի անդամ և Կորսիկայի պառլամենտի կողմից դեսպանորդ է նշանակվել Ֆրանսիայում: Նա իր հետ տարավ նաև ավագ որդիներին, որոնք Ֆրանսիա մեկնեցին ուսում ստանալու բաղձանքով:

1779 թ. Նապոլեոնն ընդունվում է Բրիենի կադետական դպրոցը: Նրա առաջադիմությունը դպրոցում ակնառու էր հատկապես մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Սակայն դպրոցում երիտասարդ կադետը մեկուսի կյանք էր վարում, քանզի սովորող ազնվազարմ ֆրանսիացիներն այնքան էլ բարեհաճ չէին հայրենասեր կորսիկացու նկատմամբ:

Շուտով աչքի ընկած առաջադիմության համար Նապոլեոն Բոնապարտին տեղափոխում են Փարիզի կադետական թագավորական դպրոց: Այստեղ երիտասարդ կորսիկացին նոր ոգևորությամբ է շարունակում ուսումն ու հարստացնում իր գիտելիքները: Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները, 1785 թ. նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ:

Բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը, սակայն, ընկնում է Նապոլեոնի ուսերին, և երիտասարդ զինվորականը լավ վարձատրվող աշխատանք որոնելով` իր ծառայություններն է առաջարկում ռուսական բանակին:
Ռուսական բանակի շտաբում Նապոլեոնին ասում են, որ կարող է ծառայության անցնել իրենց մոտ պայմանով, որ պետք է մեկ աստիճանով կոչումազրկվի. այդպիսին էին ռուսական օրենքները: Եվ զայրացած Նապոլեոնը, դուրս գալով գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի մոտից, ասում է. «Ես իմ սուրը կվաճառեմ պրուսական թագավորին»:
Սակայն օտար երկրում ծառայություն անցնելու հարկը չեղավ:

1789 թ.` Ֆրանսիական հեղափոխության եռուն շրջանում, նա մեկնեց հայրենի Կորսիկա: Այստեղ շարժում էր սկսվել կղզին Ֆրանսիայից անկախ հռչակելու համար: Նապոլեոնը գրավիչ առաջարկ է ստանում` միանալ ազատագրական պայքարին: Սակայն ֆրանսիական հեղափոխությամբ խանդավառված երիտասարդ զինվորականը մերժում է և անմիջապես վերադառնում Ֆրանսիա` հեղափոխության բոցերի մեջ գտնելու իր բախտը:

Եվ բախտը նրան ժպտաց: Ֆրանսիան հեղափոխության բոցերի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ էր: 24-ամյա Նապոլեոնը Տուլոն քաղաքի պաշտպանության համար ստանում է բրիգադի գեներալի զինվորական կոչում:
Սակայն սև ամպեր են կուտակվում Նապոլեոնի գլխին: 1794 թ. հուլիսի 23-ի Տերմիդորի հեղաշրջումից հետո նրան պաշտոնաթող են անում: Մահապատժի է ենթարկվում Նապոլեոնի հովանավորը` Մաքսիմիլիան Ռոբեսպիերը: Դատ է բացվում նաև երիտասարդ գեներալի նկատմամբ: Բայց Նապոլեոնը կարողանում է պաշտպանվել և խույս տալ գիլյոտինից: Շատ չանցած` նրան վերականգնում են բանակում, որից հետո նա ճնշում է միապետականների խռովությունը:

1796 թ. գարնանը Նապոլեոնը մեկնում է Իտալիա որպես ֆրանսիական բանակի հրամանատար: Սա թերևս փրկություն էր երիտասարդ հրամանատարի համար, քանզի անընդհատ ներքաշվում էր ներքին դավադրությունների մեջ: Իտալիայում Նապոլեոնը փառքի է արժանանում: Մի քանի փայլուն ճակատամարտերում նա ջախջախում է ավստրիական ու սարդինական թագավորության բանակները և Իտալիայում հաստատում Ֆրանսիայի գերիշխանությունը:

Իտալական արշավանքի արդյունքում Նապոլեոնի հեղինակությունը կտրուկ աճեց, նա դարձավ Ֆրանսիայի քաղաքական առանցքային դերակատարներից մեկը: Սակայն նրան ծանր փորձություն էր սպասում: Չկարողանալով Եվրոպայում հարված հասցնել Անգլիայի տիրապետությանը` Փարիզը որոշեց դա անել գաղութներում: Եվ Նապոլեոն Բոնապարտին հանձնարարվում է ձեռնարկել եգիպտական արշավանքը:
Սկսվում է ծանր ու հոգնատանջ արշավանքը: Արդեն Եգիպտոսում ափհանման պահին ֆրանսիական բանակը քայքայվել էր ժանտախտի և մալարիայի պատճառով: Այսուհանդերձ, Նապոլեոնը տպավորիչ հաղթանակ տարավ Բուրգերի ճակատամարտում` ջախջախելով մամլուքների զորաբանակը: Բայցևայնպես, եգիպտական արշավանքը կատարյալ ձախողում էր Նապոլեոնի համար և օգտվելով առիթից, որ Ֆրանսիայում դարձյալ իշխանափոխություն է եղել, նա լքեց բանակն ու 1799 թ. հոկտեմբերին վերադարձավ Փարիզ:

Փարիզում նա ձեռնամուխ եղավ պետական հեղաշրջման և նոյեմբերի 10-ին տապալելով Դիրեկտորիայի իշխանությունը` դարձավ Ֆրանսիայի կոնսուլ և իր ձեռքում կենտրոնացրեց երկրի իշխանությունը: Եվրոպայում սկսվեց Նապոլեոնի դարաշրջանը:
Նա շարունակ պատերազմներ էր վարում Եվրոպայում և մեկը մյուսի հետևից ծնկի բերում Ֆրանսիայի թշնամիներին: Հատկապես տպավորչ հաղթանակ տարավ Մարենգոյի (1800 թ.) ճակատամարտում: Կարճ ժամանակում նա ամրապնդեց իր իշխանությունը` 1802 թ. դառնալով ցմահ կոնսուլ, իսկ 1804 թ. հռչակվեց Ֆրանսիայի կայսր:
Շարունակելով հաղթական ճակատամարտերը Եվրոպայում, 1805 թ. Աուստերլիցի, 1806 թ. Էնայի և 1809 թ. Վագրամի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ տանելով` Նապոլեոնը նվաճեց ողջ կենտրոնական Եվրոպան: Սա Նապոլեոնի և Ֆրանսիայի փառքի գագաթնակետն էր:
Նապոլեոնին մնում էր ծնկի բերել իր գլխավոր ախոյանին` Անգլիային, որի տիրապետությունը ծովում անհաղթահարելի էր թվում: Այդ նպատակին հասնելու համար Նապոլեոնը ձգտում էր դաշինք կնքել Ռուսաստանի հետ: Դաշինքը կայացավ, սակայն Նապոլեոնի ծրագրերը Անգլիայի հարցում հօդս ցնդեցին: Դեռևս 1805 թ. Տրաֆալգարի ծովամարտում անգլիական ծովակալ Հորացիո Նելսոնն ուղղակի ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը, ինչը ստիպեց Նապոլեոնին փոխել մարտավարությունն Անգլիայի դեմ:

Եվ ահա 1807 թ. հուլիսի 7-ին Տիլզիտի պայմանագրով Նապոլեոնը կարողացավ Ռուսաստանի հետ հակաանգլիական ռազմական դաշինք կնքել: Ռուսաստանը միացավ ցամաքային բլոկադային, որ նախաձեռնել էր Նապոլեոնն Անգլիայի դեմ, և խզեց հարաբերությունները Ֆրանսիայի թշնամու հետ:

Տիլզիտը նապոլեոնյան փառքի գագաթնակետը եղավ: Նա տիրապետում էր գրեթե ողջ Եվրոպայում: Իր ընկերներին և հարազատներին բազմեցրել էր եվրոպական գահերին, այդ թվում և իր փեսային` հայազգի Յոհակիմ Մյուրատին, որին բաժին էր հասել Նեապոլիտանիայի թագը: Բացառությամբ Անգլիայի` նրա հետ հաշվի էր նստում ողջ աշխարհը: Անգլիան մնաց այն ոսկորը, որն այդպես էլ խրվեց Նապոլեոնի կոկորդում:

Ռուս-ֆրանսիական հարաբերությունները հետզհետե սրվում են, և Նապոլեոնը որոշում է կատարյալ դարձնել իր տիրապետությունը եվրոպական մայրցամաքում, նվաճել նաև Ռուսաստանը:

1812 թ. ֆրանսիական 650 -հազարանոց մեծ բանակը` Նապոլեոնի հրամանատարությամբ, մտավ Ռուսաստան: Չնայած նախնական հաջողություններին և Մոսկվայի գրավմանը` Նապոլեոնի ռուսական արշավանքը տապալվեց: Մեկ տարի անց նրա բանակի մնացորդները` 30 հազար հոգի, խելակորույս փախան Ռուսաստանից:

Կայսրն արագ նոր բանակ հավաքագրեց և մի քանի տպավորիչ հաղթանակներ տոնեց ռուս-գերմանական միացյալ զորքերի դեմ: Սակայն պատմության անիվն այլևս անշրջելի էր: Ալեքսանդր Առաջին կայսեր գլխավորությամբ դաշնակից բանակները մտան Փարիզ:

Ստորագրելով գահից հրաժարվելու մանիֆեստը` Նապոլեոնը թույն ընդունեց: Բայց տարիների ընթացքում պահված թույնը կորցրել էր իր ազդեցությունը: Գալարվելով ողջ գիշեր` նա ողջ մնաց:
Դաշնակիցները, պահպանելով Նապոլեոնի կայսերական տիտղոսը, նրան որպես տիրույթ տվեցին Էլբա կղզին, իսկ Ֆրանսիայում վերահաստատվեց Բուրբոնների հարստությունը:

Սրանով Ֆրանսիայում հակասությունները չավարտվեցին: Հեղափոխական Ֆրանսիան չէր հանդուրժում Բուրբոնների վերադարձը, և հանձին Նապոլեոնի` շատերը տեսնում էին Ֆրանսիայի փառքը: Ահա 1815 թ. մարտի 1-ին Նապոլեոնը կրկին ափ դուրս եկավ Ֆրանսիայում և իր կողմը գրավելով ֆրանսիական բանակը` արագ երթով շարժվեց Փարիզ ու վերահաստատվեց գահին: Գրավելով կայսերական գահը` նա սուրհանդակներ ուղարկեց եվրոպական արքունիքներ` առաջարկելով խաղաղություն և դաշնակցություն: Սակայն եվրոպական գահակալները վախենում էին Նապոլեոնից ինչպես ժանտախտից: Նրանք միավորվելով` արշավեցին կայսեր վրա: Մի քանի հաղթանակներից հետո Նապոլեոնը 1815 թ. հունիսի 10-ին Վաթեռլոյի ճակատամարտում պարտվեց և գերեվարվեց անգլիացիների կողմից: Գահը գրավելուց 100 օր անց` 1815 թ. հունիսի 22-ին, նա կրկին հրաժարական տվեց և աքսորվեց Սուրբ Հեղինե կղզի:

Նապոլեոնը մահացավ 1821 թ. մայիսի 5-ին (շատ ուսումնասիրողների կարծիքով` թունավորումից)` իր հետ տանելով նաև Ֆրանսիայի փառքը: Նապոլեոնի աճյունն ամփոփված է Փարիզի Հաշմանդամների տանը:

Lինելով փառավոր զորահրամանատար` Նապոլեոն Բոնապարտը աշխարհին հայտնի է նաև իր տարօրինակություններով: Նա օպերային արվեստի մեծ սիրահար էր, բայց երբեք չէր ծափահարում օպերայում և ուրիշներին էլ արգելում էր: Նա գերտոկուն անձնավորություն էր. օրական քնում էր երկու-երեք ժամ: Սակայն կյանքի մայրամուտին արդեն հոգնում էր հաճախ և քնկոտության պահեր էր ունենում:

Մեր օրերում Նապոլեոնի կյանքն ուսումնասիրողներն այն համեմատեցին մեկ այլ պատմական դեմքի` Ադոլֆ Հիտլերի հետ և գտան ուշագրավ զուգադիպություններ. այսպես, Նապոլեոնը ծնվել է 1760 թվականին, Հիտլերը՝ 1889-ին: Տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնի կառավարման տարիները սկսվեցին 1804-ին, Հիտլերինը` 1933-ին, տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնը մտավ Վիեննա 1812-ին, Հիտլերը՝ 1941-ին: Տարբերությունը ՝ 129 տարի: Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա, երբ 52 տարեկան էին: Երկուսն էլ պատերազմում պարտություն կրեցին, երբ 56 տարեկան էին:
Շատ է խոսվել նաև Նապոլեոնի կանանց մասին: Այդ վտիտ, փոքրամարմին միապետը նախանձելի հաջողություն ուներ կանանց շրջանում: Բայց Նապոլեոնի մեծ սերը Ժոզեֆինան էր, որի հետ ամուսնացավ և նրան կայսրուհու տիտղոս շնորհեց: Ժոզեֆինան չկարողացավ զավակ և գահաժառանգ պարգևել Նապոլեոնին, և նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիական արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որը գահաժառանգ պարգևեց Ֆրանսիային: Բայց դա ընդամենը դիվանագիտական ամուսնություն էր` առանց սիրո և կրքի:
Նապոլեոնի մյուս մեծ սերը լեհուհի Մարիա Վալևսկայան էր, որ 1810 թ. որդի պարգևեց կայսրին:

Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին ՄԻՊ խորհրդականին

ատոմակայանի աշխատակիցների բողոքի ակցիանՔիչ առաջ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույց էին անում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ: Բողոքի ցույցի մասնակից աշխատակիցների աշխատավարձերից հունվար ամսին 5 տոկոսի չափով պահումներ են արվել:

Ատոմակայանի աշխատակիցները  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված մոտ 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին Մադու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանին: ՄԻՊ խորհրդականն էլ խոստացավ աշխատանքային 10 օրվա ընթացքում պատշաճ կարգով պատասխանել դիմում-նամակին:

Մեզ հետ զրույցում ատոմակայանի երիտասարդ աշխատակիցներից Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հունվար ամսվա իր աշխատավարձից 20 000 դրամի չափով պահում է արվել:

«Մենք բողոքում ենք ոչ թե մեր ղեկավարությունից, այլ մեր իշխանությունից: Մենք պայքարում ենք ոչ թե մեր ղեկավարության դեմ, այլ մեր իշխանությունների: Մենք մեր ղեկավարության հետ խնդիրներ չունենք, նրանք մեզ չեն վախեցնում կամ չեն սպառնում աշխատանքից հեռացնել»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ատոմակայանի աշխատակցներն անընդհատ կրկնում էին, որ իրենք ստրուկներ չեն և թույլ չեն տա, որ այս իշխանությունները նման օրենքների ընդունմամբ իրենց ստրուկի տեղ դնեն:

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, ատոմակայանի աշխատանքը մեր պայքարից չի տուժի, ատոմակայանը կշարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է նախկինում»,- ասացին աշխատակիցները:

Զրույցն ավարտվել է վեճով

ՀՀ-ոստիկանություն2Փետրվարի 17-ին, ժամը 19.00-ին, 1986 թ. ծնված Արգիշտի Ե.-ից և 1989 թ. ծնված Արգամ Վ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում դիմում է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.20-ի սահմաններում, զրուցելու նպատակով այցելել են Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակարաններից մեկը, սակայն բնակարանի բնակիչ Վահան Ա.-ն անհիմն վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում բնակարանում ու շենքի մոտ ձեռքերով, ոտքերով հարվածել է իրենց` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: