Փորձելու նպատակով կոշիկներ է հագել և առանց վճարելու դուրս եկել խանութից

կոշիկի գողությունՓետրվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1971 թ. ծնված Գրիգոր Մ.-ն մտնելով ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում` Րաֆֆու փողոցում գտնվող առևտրի կենտրոն` հագել է 8.500 դրամ արժողության կոշիկներ, առանց վճարելու դուրս եկել խանութից և քիչ անց բռնվել խանութի հսկիչ-վաճառողի և այդ պահին նշված վայրով անցնող ոստիկանության ծառայողի կողմից:
Գրիգոր Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

«Առաջին ատյանի դատարանը փոխարենը քննիչից պահանջի գործի նյութերը, պահանջում է բողոքի քննությունը կասեցնել». Հայկ Ալումյան

Հայկ Ալումյան Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բազմիցս անդրադարձել է գործով նախաքննության հանգամանքներին` ներկայացնելով, թե ինչ պայմաններում է ընթացել նախաքննությունը, ինչ խախտումներով են կայացվել քննիչի որոշումները Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

«Դիմելով դատարան և բողոքարկելով քննիչի որոշումները, մենք հույս ունեինք, որ դատարանը կիրականացնի արդար որոշում: Ճիշտ է, մենք պատկերացնում էինք, թե ինչ ճնշումներ կլինեն դատարանի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, դիմեցինք դատարան: Դատարան դիմել ենք հոկտեմբեր ամսին և չորս ամիսների ընթացքում տեսանք, որ դատարաններից նույնպես դժվար է ակնկալել արդարադատություն, եթե խոսքը վեաբերում է այնպիսի անձանց, ովքեր որոշակի հովանավորչություններից են օգտվում: Մեր բողոքի քննությունը կասեցվեց: Դատարանը որոշեց, որ մեր բողոքը կքննի այն ժամանակ, երբ քննիչն ինքը ցանկություն կհայտնի դատարան ներկայացնել քրեական գործի նյութերը, իսկ քննիչը նման ցանկություն արդեն մի քանի ամիս է չի հայտնում: Դատարանը փաստում է, որ բողոքի քննությունն անհնար է առանց քննիչի կողմից գործի նյութերը ներկայացնելու և փոխարեն քննիչից պահանջի գործի նյութերը, պահանջում է բողոքի քննությունը կասեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով` քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ նյութերում կան այնպիսի տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում տեղեկացնել դատարանին, Բուդաղյանների հարազատներին և հասարակությանը: Դա ակնհայտ է, հակառակ դեպքում քննիչին ոչինչ չէր խանգարի:

«Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որ վերանայի Առաջին ատյանի դատարանի որոշումը: Իհարկե, նման որոշումները սովորաբար նախապես համաձայնեցված են լինում և’ Վերաքննիչ, և’ Վճռաբեկ դատարանի հետ: Մենք որոշեցինք անցնել բոլոր դատարաններով, որպեսզի հետագայում կարողանանք դիմել Եվրադատարան»,- ասաց փաստաբանը:

Հարցին` ինչպե՞ս կգնահատեք Սուրիկ Խաչատրյանի ԵԿՄ վարչության անդամ դառնալու փաստը, Հայկ Ալումյանը նշեց, որ հարցն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, և ինքը չի ցանկանում հարցի քաղաքական մասը մեկնաբանել, բայց, ըստ նրա, այդ հարցի մեջ կա նաև մի փոքր իրավաբանական բաղադրիչ: ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, հետևապես ոչ ոք չի կարող որոշել, թե ո՞վ կլինի այդ կազմակերպության վարչության անդամ կամ ղեկավար, բացի միության անդամներից: Իսկ թե միության անդամները ի՞նչ չափորոշիչներ են հաշվի առնում, միգուցե անցած ուղին, անբասիր վարքը, նրանց ներքին խնդիրն է:

Մահվան ելքով պատահար Շիրակի մարզի Փանիկ գյուղում

վրաերթՓետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Երկու սպանություն Արմավիրի մարզում. ամուսիններն սպանել են կանանց

դանակահարությունՓետրվարի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված Արաքսյա Մարտիրոսյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիր գյուղի գերեզմանատանը` Արթուր Ս.-ի հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, Արթուր Ս.-ն քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին և շեղբով կտրել պարանոցի հատվածը, որից հետո ինքնասպան լինելու նպատակով նույն շեղբով վնասել է իր պարանոցը և վերին ու ստորին վերջույթները:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Արթուր Ս.-ի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը:
Կատարվում է նախաքննություն:

 

Փետրվարի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված, նախկինում դատված Գրիշա Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մետաղաձողով հարվածներ է հասցրել կնոջ` 1971 թ. ծնված Ժենյա Հարությունյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Մեկնած օպերատիվ խումբը Մայիսյան գյուղի վագոն-տնակներից մեկում հայտնաբերել է Ժ. Հարությունյանի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Գրիշա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Դրամապանակի գողը մեկ այլ գողության համար բերման ենթարվածն էր

ձերբակալությունՓետրվարի 13-ին, ժամը 12.20-ին, 1992 թ. ծնված Տաթևիկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 10 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, 10 դոլար և ոսկյա ականջօղեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 12-ին մեկ այլ գողություն կատարելու համար ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված Անդրանիկ Խ.-ն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

21 ՃՏՊ, 1 զոհ, 20 վիրավոր` 3 օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 28-ը, յուրացման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, ապօրինի ծառահատման` 2, խարդախության` 14, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության` 5, խարդախության և յուրացման 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Պատերազմական իրավիճակում միակողմանի խաղաղություն քարոզելը զինաթափում է

վահրամՍոցիոլոգ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` այն նվիրելով  «Սիվիլնեթին ու մնացած երրորդ կողմի գռանտերով սնվող «խաղաղասերներին»»:

Միրաքյանը գրում է.  «Ի՞նչ անել, երբ պատերազմական իրավիճակ է և հակառակորդը մոբիլիզացնում է իր ուժերը քեզ հաղթելու համար: Տարբեր գործողությունների հետ  կարևոր է նաև հակառակորդին հոգեբանորեն զինաթափելը, այսինքն՝ խաղաղության, բարեկամության, հաշտության, միմյանց նկատմամբ սիրո, հաճելի անցյալի և այլ նմանատիպ գեղեցիկ գաղափարներ տարածել հակառակորդի տարածքում, որպեսզի նրանք ոչ թե կենտրոնան թշնամուն հաղթելու, այլ՝ խաղաղություն ու հաշտություն տարածելու ուղղությամբ, վերջին հաշվով հոգեբանորեն դասալիք դառնան:

Բայց ստեղ մի պրոբլեմ կա, հնարավոր չէ մի կողմից ռազմական հռետորաբանությամբ սեփական զորքերին տրամադրել հակառակորդի ոչնչացմանը, մոբիլիզացնել ուժերը, մյուս կողմից հակառակորդին համոզել, թե խաղաղության պետք է գնալ: Դիսոնանս կառաջանա, անարդյունավետ է նման կերպ աշխատելը: Ավելի լավ է երրորդ կողմը հակառակորդի թիկունքում խաղաղություն քարոզի՝ զինաթափի, իսկ ամենալավն է, որ հենց հակառակորդի ներսում խաղաղություն քարոզողներ հայտնվեն (հիշեցնեմ, որ պատերազմական իրավիճակում միակողմանի խաղաղություն քարոզելը զինաթափումն է): Օրինակները շատ են, հեռու չգնանք, ԽՍՀՄ-ը պարտվեց ու կործանվեց նաև խաղաղության ու բարեկամության կոչերի մթնոլորտի տակ:

Պատերազմական իրավիճակում, էթնիկ կոնֆլիկտների ժամանակ ամենալավ խաղաղության կոչը զինվելն ու թշնամուն կապիտուլյացիայի ենթարկելու կոչերն են»:

 

Գյումրու վագոն-տնակներում կյանքն անտանելի է դառնում

Գյումրիում արդեն քառորդ դար թիթեղյա վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ապրելը վերածվում է մի իսկական գոյամարտի հատկապես Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռան ամիսներին:

Առավել ևս, երբ համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում վառելիքի հայթայթումը նրանցից շատերի համար գրեթե անլուծելի խնդիր է:

Ներկայացվող տեսանյութը մի շարք անապահով ընտանիքների ապրելակերպի և նրանց «Շիրակ կենտրոնի» կողմից մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկօրյա ձեռնարկի մասին է:

Անկախ

Ճանապարհային ոստիկանության ծառայության որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք:
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ ծառայողական քննություն էր իրականացվել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչներ Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի նկատմամբ: Քննության արդյունքով Ասլանյանը ենթարկվել էր կարգապահական տույժի` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չկազմելու համար:
Սա միակ թերացումը չէր. բնակչության մեջ որոշակի դժգոհություններ կան այս ծառայության գործունեության նկատմամբ, և բոլորովին պատահական չէր ոստիկանության պետի խիստ ու վերջնագրային ցուցումը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը:
Ու չեղավ: 2014 թվականի փետրվարի 13-ին կրկին ուսումնասիրվեց Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի համատեղ ծառայությունը, ու պարզ երևաց, որ տեսուչները, մեղմ ասած, հետևություններ չեն արել:
Ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեցված է երկրորդ շարքում, քաղաքացին նստում է ծառայողական մեքենան:
Երկրորդ շարքում են կանգնած և ոստիկանության, և քաղաքացու մեքենաները, տեսուչը ծառայությունն իրականացնում է առանց գլխարկի:
Քաղաքացու հետ շփվելիս տեսուչը ծխում է, հետը խոսում է առանց մեքենայից իջնելու:
Դարձյալ` առանց գլխարկի:
Մութն ընկնելուց հետո ծառայությունն իրականացնում է առանց լուսային բաճկոնի, քաղաքացին այստեղ էլ անարգել նստում է ծառայողական մեքենան:
Ամենատարածված խախտումներից մեկն էլ, որը միայն այս տեսուչներին չի վերաբերում, քաղաքացիների հետ երկար-բարակ, անհարկի պարզաբանումներն են: Քիչ չեն նաև դեպքերը, երբ տեսուչները չեն գրանցում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Իսկ թե ինչու չեն գրանցում` կպարզի իրականացվող ծառայողական քննությունը:
Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում: Նշենք նաև, որ քաղաքացու դիմումի կապակցությամբ նույն տեսուչների նկատմամբ ստուգում է իրականացվում նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնում:
Ճանապարհային ոստիկանության ծառայության որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումները շարունակվում են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

 նախարարության լրատվական ծառայություն

Փրկարարները բացել են փակ դռները

փրկարարներՓետրվարի 17-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Փետրվարի 16-ին, ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 շենքի բնակարաններից վատառողջ բնակիչն ընկել է ննջասենյակի դռան մոտ և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-Ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Հ. Ա.-ը (ծնվ. 1933թ.) տառապում է սուր փսիխոզով:
Փրկարարների ցուցաբերած հոգեբանական աջակցության արդյունքում Հ.Ա.-ը հեռացել է դռնից և այն բացվել է:

Փետրվարի 16-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական օղակը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Փետրվարի 16-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչից երեք տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 31 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.16:29-ին (վերադարձ ՀՓՋ` ժ.17:08-ին):
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում է եղել Հ. Հ.-ը (ծնվ.2010թ.):

Փետրվարի 16-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անվասայլակից վայր է ընկել և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և շտապօգնության աշխատակիցները Չ. Բ.-ին (ծնվ.1924թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փետրվարի 16-ին, ժամը 14.54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարական օղակը:
Փրկարարները բացել են Լ. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Ոսկեհակ գյուղում և Երևանում տների տանիքներ են այրվել

Հրդեհ Փետրվարի 17-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են քանդման և հովացման աշխատանքներ: Այրվել են Մ. Ք.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը` 10 քմ:

Փետրվարի 16-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Երևանի ՛՛Էրեբունի՛՛  ԲԿ-ի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 35-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.18-ին, մարվել` 21.25-ին: Այրվել են Բ. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը` 5 քմ:

Օգնության են հասել փրկարարները

փրկարարՓետրվարի 17-ին, ժամը 04.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ.Թովմասյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ քաղաքացուն 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Ս. Պ.-ին (ծնվ.1949թ.) պատգարակով իջեցրել և անվնաս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Փետրվարի 16-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ի. Ջ.-ին (ծնվ.1955թ.) շտապօգնության ավտոմեքենայից անվնաս բարձրացրել են բնակարան:

Նարեկ Սարաֆյան. «Բռնությունների աճի մեղավորը հեռուստատեսությունն է»

brnutyun 4Հոգեբանության դոկտորի խոսքով՝ Հայաստանում բռնությունների տեսակները գրեթե ընդհանրական են

«Անկախի» այսօրվա զրուցակիցը` Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Նարեկ Սարաֆյանը, ուսումը շարունակել է Ֆրանսիայում՝ Սորբոնի համալսարանի հոգեբանության կենտրոնում: Այսօր զբաղվում է հոգեվերլուծություններով: Զիգմունդ Ֆրեյդի հետևորդը չէ, բայց նրա մասնավոր հետաքրքրությունը քրեական հոգեբանությունն ու բռնություններն են:
Ասում է՝ Հայաստանում բռնությունների թիվը մոտ 40 տոկոսով աճել է: Իսկ թե ինչով է պայմանավորում այս էական աճը, պարզեցինք զրույցի ընթացքում:

– Պարոն Սարաֆյան, իրո՞ք այսքան աճել են բռնությունները հանրապետությունում:
– Այո՛, աճը բավական զգալի է: Ես այս խնդրով զբաղվում եմ 4 տարուց ավելի: Բռնությունների ուսումնասիրությունը հոգեբանության ամենահետաքրքիր ճյուղերից է և ուշագրավ է իր վերելքներով ու վայրէջքներով: Եվ ահա թե ինչ կասեմ ձեզ. ագրեսիայի առումով մենք, անկախությունից սկսած, միշտ չէ, որ դեպի վեր ենք բարձրանում: Ամեն ինչ սահուն փոխվում է. մե՛կ վերելք, մե՛կ վայրէջք:
1990-ական թթ. սկզբերին թվում էր, թե ամեն ինչ վատ է, որովհետև տարեկան հազարավոր սպանություններ էին արձանագրվում: Նույնն էր թե՛ եվրոպական երկրներում, թե՛ ասենք` Միացյալ Նահանգներում: Բայց նրանց բնակչությունը 10 կամ 20 անգամ ավելի է, և այնտեղ անընդմեջ վայրէջք է արձանագրվում: Եվ ինչն է հետաքրքիր. Ամերիկայում ճգնաժամ եղավ, իսկ բռնությունների հանցագործությունների աճ է՛լ ավելի արձանագրվեց:

– Հայաստանում պատկերը չէ՞ որ մի քիչ այլ է. մենք սովոր ենք մետրոյում հրմշտել միմյանց, քիթումռութ ջարդել երևանյան բանուկ խաչմերուկներում:Ավտոմեքենաներով չենք զիջում մեկս մյուսին: Սրանք բռնություն ենթադրող հանգամանքներ են, չէ՞:
– Միանշանակ: Եվրոպայում պատկերը մի քիչ այլ է: Մարդիկ ակնհայտ ժպտերես են և անհոգ: Եվ այդ անհոգությունից դրդված են դիմում տարբեր տեսակի բռնությունների: Հայաստանում, դժվար է ասել, կա՛մ շատ հարուստ են ապրում մարդիկ, կա՛մ այնքան աղքատ, որ իրենց հոգսերը խեղդում են օղու շշի մեջ: Բնական է, որ այս դեպքում բռնությունները պետք է աճ ունենան: Ոստիկանությունը, պաշտոնական հաղորդագրություններ տարածելով, միշտ չէ, որ իրական պատկերն է տալիս: Հայաստանի տարբեր մարզերում պատկերը շատ ավելի ցավալի է: Ընտանեկան բռնությունները հատկապես վերջին մի քանի տարիներին աճել են: Մարդիկ սկսել են ամենուր ու ամեն ինչից վրդովվել: Դրա պատճառը հուսահատությունն է, մարդիկ ավելի շատ հակված են հանցագործություն կատարելու, քան խաղաղ ապրելու:

– Այո՛, մենք էլ ենք նկատում, որ մարդիկ դաժանացել են, իսկ ե՞րբ են բարիանալու,
լինո՞ւմ է ժամանակ, երբ մարդը բուժվում է ագրեսիայից:
– Անպայման: Դա անմիջապես չի լինում. հաղթողների համար այդ շրջանը շուտ է գալիս, պարտվողների համար՝ ուշ: Եվ այս իմաստով ժամանակին մեր ժողովրդի էյֆորիան և լավատեսությունը պայմանավորված էին լուրջ հաղթանակներով, օրինակ՝ Ղարաբաղյան պատերազմով:
Հետո ոչ մեծ անկում գրանցվեց, այնուհետև հաջորդեցին խաղաղ ու հանդարտ կյանքի լճացման տարիները, երբ հանցագործություններն ավելանում էին, բայց ոչ այնքան արագ, ինչպես 90-ականներին և 2000-ականների սկզբին:
Այժմ ամբողջ աշխարհում տարօրինակ իրավիճակ է. բռնության հանցագործությունները ավելի են աճել: Ամենուր: Եվ տնտեսության ու հանցագործության միջև եղած ուղիղ կապի ավանդական քրեաբանական վարկածն արդեն հերքվում է: Մարդիկ սկսում են հասկանալ, որ հանրության ավելի կամ պակաս անվտանգության համար բազում ու տարբեր պատճառներ կան:

– Ձեր հոգեվերլուծական հրապարակումները հաճախ են տեղ գտնում հեղինակավոր պարբերականներում: Վերջին հետազոտություններն էի ուսումնասիրում ու հասկացա, որ Ձեր թիրախը հեռուստաեթերն է:
– Ես կարող եմ ասել` զանգվածային լրատվության բոլոր միջոցները, բայց առաջին հերթին` էլեկտրոնայինները, ներառյալ ինտերնետը: Որովհետև տպագիր մամուլ հիմնականում կարդում են տարեց մարդիկ՝ ամենաքիչ քրեականացված տարրերը: Իսկ էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցները մի քանի առաքելություն ունեն. դրանք առաջարկում են նույն արժեքներն ու հաջողության նույն չափանիշները, որոնք բնակչության մեծ մասի համար անհասանելի են:
brnutyun 1Ուստի, շատ հաճախ որոշ մարդկանց մեջ միտք է առաջանում, որ պառավին սպանելն ու նրա բնակարանին տիրանալը նորմալ երևույթ է: Մյուս խնդիրն այն է, որ մեզ խաբում են: Անընդհատ ֆիլմեր են ցույց տալիս, որոնք չափազանց քրեական են: Եթերի զգալի մասը քրեական սերիալներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:
Ես հիշում եմ, որ ընկերներիցս մեկը մի քանի տարի առաջ Երևանում սոցիոլոգիական հարցում էր իրականացրել երիտասարդների ու դեռահասների շրջանում: Սոցհարցումը վերաբերում էր հերոսներին: Հարցվածների 80 տոկոսը լավ կյանքը պատկերացնում էր հանցագործության գնով, նրանց համար հերոս կարող էր լինել միմիայն քրեական հեղինակությունը:
Եվ դա շատերի մեջ մի իսկական հեքիաթ է ձևավորում: Այն մարդկանց համար, որոնք չեն հասկանում, որ իրենց ուղղակի հեքիաթ են պատմում, հեքիաթի ու իրականության այդ շփոթն իսկական ողբերգություն է դառնում: ԱՄՆ-ում, ի դեպ, հետազոտությամբ պարզվել է, որ ցածր խավի ամերիկացիների 57%-ը հավատում է, որ կինոն իրականություն է: Օրինակ՝ Նյու Յորքում փլվում են երկնաքերներ, բախվում են ավտոմեքենաներ, և ինչ-որ բան պայթում է: Այսինքն՝ նրանց իրականությունն ու կինոյի, հեռուստահաղորդումների ընկալումը չի տարբերվում: Այդպիսի երևույթ մեզ մոտ էլ կա: Մեկ այլ խնդիր է, որ մեր մարդիկ սովորում են իրենց խնդիրները լուծել ագրեսիվ եղանակներով:

– Ֆիլմերի և սերիալների պատճառո՞վ, որոնք դիտում ենք…
– Իհա՛րկե: Բայց դա չի նշանակում, որ մարդը նայեց հեռուստահաղորդումն ու անմիջապես սլացավ ինչ-որ մեկին ծեծելու: Դա դանդաղ է կատարվում: Եթե մարդը երկար ժամանակ նստած է հեռուստացույցի առջև ու ալիքներն է փոխում, մեծ թվով դիակներ է տեսնում, որոնք իրականում այնքան էլ շատ չեն:
Բայց նա այնքան էլ լավ ծանոթ չէ իրավիճակին հասկանալու համար, որ բոլոր ալիքներով նույն դիակներն են ցույց տալիս: Եվ փողոց դուրս գալով, թշնամական ու վտանգավոր աշխարհի հետ հանդիպման ակամա սպասումով` գիտի, որ կարող է ինչ-որ նենգության հանդիպել, ու նախապատրաստված լինելու համար, համենայն դեպս, ավտոմեքենայի մեջ «պատրաստություններ» է տեսնում: Նորմալ ու բարի մարդիկ փողոց են դուրս գալիս այն զգացումով, որ շրջակա միջավայրը վտանգավոր է, հարկ կլինի պաշտպանվել: Այդ ընկալումը շատ բացասական հետևանքներ է ունենում:

– Մի՞թե ուզում եք ասել, որ խորհրդային «սափրված» նորություններն ավելի նպաստավոր էին:
– Հարցն այն է, թե այդ մասին ինչպես են պատմում: Մի բան է, երբ հրճվանքից ձեռքերը դողում են, քանի որ հաջողվել է բացառիկ հարցազրույց սերիական մոլագարի հետ… Ի դեպ, բացատրություններից մեկը, թե ինչու են Ամերիկայում սերիական մոլագարներն ու մարդասպաններն այդքան շատ, հենց դա է: Նրանք չափազանց մեծ փառքի են արժանանում: Ամերիկացի քրեագետներն ասում են` չի կարելի բացառել այն գաղափարի հզոր ազդեցությունը, որ հանցագործություն կատարելով՝ հերոս ես դառնում:
Եվ պետք է ասեմ, որ մեզ մոտ նույնպես այդ երևույթը դիտվում է: Մարդիկ միմյանց ծեծում են, դա բջջային հեռախոսներով նկարում և տեղադրում են YouTube-ում: Խելամիտ, առողջ դատող մարդու տեսանկյունից դա ինքնամատնագիր է` մատնագիր սեփական անձիդ մասին: Բայց դիտումների ի՜նչ մեծ քանակություն:
Հիշո՞ւմ եք Երևանում ամիսներ առաջ տեղի ունեցած դեռահաս աղջիկների խուլիգանության պատմությունը: Ես այդպիսի բան չէի տեսել անգամ Եվրոպայում: Ագրեսիվության տոկոսը սարսափելի է աճել: Երիտասարդներն ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, ինչը, բնականաբար, վնասում է կրթությունը: Այդ ժամանակ մարդը խախտում է ինքնապահպանությունը՝ լողալով փառքի ալիքների մեջ, քանի որ նրան բացատրել են, որ կայքի դիտումների քանակը ավելի կարևոր է, քան կյանքը:

– Դուք ի՞նչ բաղադրատոմս ունեք, ի՞նչ է պետք անել:
– Գիտեք, Եվրոպայում 60-70-ականներին հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնության և սեքսի քանակն այնքան էր, որքան մեր օրերում: Շատ արագ հեռուստատեսային պրոդյուսերները հասկացան, որ եթե ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ երեխաները կարող են հանգիստ զբոսնել, իսկ ծնողներն էլ չտագնապեն նրանց կյանքի համար, ապա հարկ է չափավորել «ախորժակը»:
Հետո էլ գովազդատուները սկսեցին գովազդ չտեղադրել այն ալիքներում, որտեղ երեկոյան ու ամենադիտվող ժամերին շատ են բռնություն ցուցադրում:

 

 

Դու ավիրիր մեր գեղ, ոչ կով կծնի, ոչ հարս. Մելիք գյուղում հայհոյանքներով ճանապարհեցին Աշոտ Պողոսյանին,տեսանյութ

«Թուխմանուկի» ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը վերջնական անհետացման վտանգի առջեւ կարող է կանգնեցնել Արագածոտնի մարզի Մելիք գյուղը։ Փետրվարի 15-ին գյուղի բնակիչները Երեւանից ժամանած բնապահպանների օգնությամբ կազմակերպել են ստորագրահավաք՝ պահանջելով, որպեսզի հանքը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն պոչամբարի նախագծի շուրջ հասարակական լսումներ կազմակերպի ոչ թե Երեւանում, այլ հենց Մելիք գյուղում՝ բնակիչների մասնակցությամբ,հաղորդում էNEWS.am-ը ։

«Փետրվարի 10-ին լսումներ են կազմակերպել Երեւանում՝ առանց մեր ներկայության։ Մենք հետո ենք իմացել դրա մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Մելիք գյուղի բնակիչները։

Գյուղացիները վստահ են, որ իրենց գյուղում ծնելիության մակարդակի նվազման, ինչպես նաեւ կենդանիների անոմալ ծնունդների պատճառը գյուղին շատ գտնվող պոչամբարներն են։

«Իրանք իրավունք չունեն պոչամբար դնել գյուղից 200-300 մետր հեռավորության վրա։ Սաղ դրա երեսից 30-40 մեղուներս շարքից հելան»,- դժգոհեց Մելիքի բնակիչ Ազատ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախկին երկու պոչամբարներն արդեն լցվել են, եւ շահագործողը Բնապահպանության նախարարությանը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել։ Գյուղացիների խոսքով, չգործող երկու պոչամբարներից ծանր մետաղների արտահոսք է լինում ջրային ավազաններ։ Բնակիչներից Լեռնիկ Սարիբեկյանը պատմեց, որ երբ ինքն աշխատելիս է եղել հանքում, իրեն ստիպել են ջուրը պոչամբարից խողովակներով բաց թողնել գետի մեջ։ Աղտոտված ջրերով հողերը ոռոգելու հետևանքով պակասել է հողերի բերքատվությունը։

«Ես ունեմ 2400քմ կարտոֆիլի տարածք: Երբ հանքը չկար, 6-10 տոննա կարտոֆիլ էի հավաքում: Հիմա 1-2 տոննայից ոչ ավելի: Կաղամբը դնում եմ, ջրում եմ էդ ջրով, կաղամբը չորանում է»,- պատմեց Ազատ Գրիգորյանը:

Բնապահպանների հետազոտությունը ցույց է տվել, որ աղտոտված է անգամ գյուղի խմելու ջուրը, որի հետևանքով գյուղացիները ստամոքսային հիվանդություններ են ձեռք բերել:

Մինչ գյուղացիները գյուղապետարանի մոտ հավաքված ստորագրահավաք էին անցկացնում, գյուղ եկավ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը։ Մելիքցիները նրան տեսնելով չկարողացան զսպել իրենց վրդովմունքը։

«Դու Դիլիջան տներ կշինիս, հանգստատուն կշինիս, իսկ իմ կովերը չծնին: Ստեան չկայնիս էլ, դավայ, մարդասպանություն չանինք: Դու ավիրիր մեր գեղ: Ոչ ծնունդ կեղնի, ոչ կով կեղնի, ոչ հարս կծնի», – վրդովված տնօրենին դիմեց գյուղի բնակիչներից Հովհաննեսը։

Գյուղապետարանի շենքում նա բնակիչներին վստահեցրեց, որ պոչամբարից արտահոսքեր չեն լինում եւ խոստացավ վճարել աշխատավարձային պարտքերը։

Թեեւ տնօրենը խոստացել էր պատասխանել բոլոր հարցերին, բայց գյուղացիների հարցերի մեծ մասն այդպես էլ անպատասխան մնաց։ Քննարկումը վերածվեց վեճի, բանը հասավ հայհոյանքների։

Նշենք, որ Արագածոտնի մարզի «Թուխմանուկի» ոսկու հանքավայրում 2005-ից բաց եղանակով ոսկու արդյունահանմամբ է զբաղվում «Մեգո Գոլդ» ընկերությունը: 2005թ. այս ընկերությունը ստացել է հանքը շահագործելու թույլտվություն՝ 2 տարի բաց եղանակով, իսկ այնուհետև 6.5 տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչեւ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Ադրբեջանցիները շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 400 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տաքսու վարորդների մասնագիտությունը վտանգավոր համարվողների առաջին տասնյակում է. այս անգամ` շորթում

ՏաքսիներՓետրվարի 14-ին ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, 1961 թ. ծնված Վահան Ա.-ն Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի սուպերմարկետի մոտից նստելով 1952 թ. ծնված Վարդան Ն.-ի վարած «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան` ուղևորվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղ, ապա վերադառնալով Երևանի Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի մոտ, վարորդին խնդրել է սպասել, որպեսզի տնից վերցնի և իրեն վճարի 18.000 դրամ ուղեվարձը:
Շուրջ 10 րոպե բակում սպասելուց հետո վարորդը բաց դռնով մտել է Վահան Ա.-ի բնակարան և պահանջել ուղեվարձը, սակայն վերջինս հագուստի միջից հանելով խոհանոցային դանակը` բռնություն գործադրելու սպառնալիքով հրաժարվել է վճարել ուղեվարձը:
Կատարվում է նախաքննություն:

Ադրբեջանի սահմանը հատած 77-ամյա Մամիկոն Խոջոյանից արդեն մի քանի օր է՝ լուր չկա

mamikon-khojoyanՏավուշի մարզում լուրեր են տարածվել, թե հունվարի 28-ին Ադրբեջանի հետ սահմանը հատած և գերեվարված վերինկարմիրաղբյուրցի 77-ամյա Մամիկոն Խոջոյանին սպանել են և փորձում են հանձնել հայկական կողմին:

Այս տեղեկությունը, սակայն, Մամիկոն Խոջոյանի հարսը՝ Անահիտ Հարությունյանը, հերքել է: Նա նշել է, որ թեև արդեն հինգ օր է՝ լուր չունեն պապիկից, բայց խոսել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ, նա էլ ասել է. << Մի անհանգստացեք, մենք աշխատում ենք պապիկին վերադարձնելու ուղղությամբ>>:

Մամիկոն Խոջոյանին վերադարձնելու մասին լուրը հարսը լսել է նաև այսօր Երևանում` իր աշխատավայրում, գործընկերներից: <<Չգիտեմ՝ որտեղից են այդ տեղեկությունները>>,-ասել է Անահիտը: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն էլ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արդեն մի քանի օր է՝ որևէ տեղեկություն չեն կարողանում ճշտել համագյուղացու վերաբերյալ: Հակասական տեղեկությունները լսելուց հետո համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը զանգահարել է Կարմի խաչ: Միջազգային այս կազմակերպությունից նրան ասել են, որ հաջորդ շաբաթ  կապ կհաստատեն Ադրբեջանի իրենց գործընկերների հետ և տեղեկություններ կփոխանցեն:

 

Անկախ