Խուզարկությամբ «Կարաբին» հրացան է հայտնաբերվել

զենքՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, փետրվարի 10-ին, ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1951 թ. ծնված Գագիկ Վ.-ին: Նրանք խոստովանել են, որ 2011 թ. ամռանը Գեղաշեն գյուղի «Մարտիրոսի դաշտ» կոչվող վայրից գտել են հրազենի նմանվող սարք` երեք փամփուշտով, որը հաջորդ օրը տվել են նույն գյուղի բնակիչ Արմեն Հ.-ին:
Ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին Արմեն Հ.-ին տանը և կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրացան, որն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

զինամթերքՓետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 73 փամփուշտ, հակահետևակային նռնակի պայթուցիչ և հակատանկային ական:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.30-ին, 1969 թ. ծնված Մակիչ Վ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան` փողը և խզակոթը կարճեցված, նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 22 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 19.00-ին, 1969 թ. ծնված Մայիս Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 17.25-ին, 1975 թ. ծնված Գնել Ղ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի և 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 13.45-ին, 1986 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Մարիխուանա` բաճկոնի ծոցագրպանում

թմրամիջոցՓետրվարի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մշակույթի տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին և 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին:
Խուզարկությամբ Համլետ Ղ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` 85.86 գ և 8.3 գ դեղնականաչավուն կանեփանման զանգվածներով: Ըստ նրա հայտարարության` հայտնաբերվածը կանեփի թուփ է, որն ինքը քաղել է Շիրակամուտ գյուղի ձորի հարակից տարածքից:
Նույն օրը, ժամը 23.00-ին, դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` Համլետ Ղ.-ի մոտից հայտնաբերվածը 78.94 գ կշռով մարիխունա թմրամիջոց է:
ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Համլետ Ղ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

վթարՓետրվարի 12-ին, ժամը 00.35-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը կորցնելով ղեկավարումը` Մաշտոցի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Օպել» ու «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաների:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 12-ին, ժամը 03.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց բախվել է ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, բախվել է «Բելառուս-ՅուՄԶ» մակնիշի տրակտորի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փետրվարի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 12-ին, ժամը 19.45-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իակ վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:

Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու և Տրդատ Ճարտարապետի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21013», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:«ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101», Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի և «ԲՄՎ»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Սուրբ Սարգիս

սուրբ սարգիսՍա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ (այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին): Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել,  ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:

Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:

Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգիսն ու Սուրբ Գևորգը հայերի ամենասիրած սրբերն են: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան: Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է:

361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն  հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:

Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:

Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:

Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել  V դարում:

Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը:

Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում:

Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ:

 Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

«Ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն» . Պետրոս Ղազարյան

загруженное

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Նոր կարդացի, որ Կարեն Ավագյանը ոչ միայն արդարացնում է երիտհանրապետականների հարձակումը թռուցիկ տարածող ակտիվիստների վրա, այլև սպառնում է ավելի խիստ պատասխաններ տալ, եթե թռուցիկներն իր սրտով չլինեն։

Անկեղծ ասած, ծանոթ չեմ թռուցիկների բովանդակությանը, բայց ենթադրենք այնտեղ վիրավորական բաներ են գրված նախագահի և ՀՀԿ-ի հասցեին։

Շատ բնական է, որ դա Կարեն Ավագյանին դուր չի գա։ Ճիշտն ասած, ինձ էլ դուր չի գալիս որևէ մեկին վիրավորելը, անկախ նրանից, թե ինչպես ես վերաբերվում վերջինիս, դատապարտելի է։ Բայց սա դաստիարակության և ճաշակի հարց է։ Իսկ Կարեն Ավագյանը, կոչ անելով ինքնադատաստանի, շատ ավելի է վիրավորում Սերժ Սարգսյանին, քան թռուցիկներ բաժանողները։ Որովհետև թռուցիկ բաժանելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Եվ եթե ինչ որ բան էլ այն չէ, միջամտելու իրավունք ունեն միայն իրավապահները. ինքնադատաստանը նույնպես արգելված է Սահմանադրությամբ։ Արհամարհելով Սահմանադրությունը՝ Կարեն Ավագյանը արհամարհում և վիրավորում է նրա գլխավոր երաշխավորին՝ նախագահին։ Հարգարժան պատգամավորը պետք է նաև իմանա, որ ինքնադատաստանը երկու սայր ունի։ Շատերին դուր չի գալիս, որ կառավարության որոշումով պետական բուհերը միլիոնավոր դրամներ են տալիս իր հիմնադրամին, որ վերջինս իր քեֆով ծախսի։ Ելնելով ինքնադատաստանի կոչից՝ ոմանք էլ կարող է Ավագյանի օֆիսում մեթան գազով փուչիկ տրաքացնեն։ Մանավանդ որ այդ տեխնոլոգիան բոլորը գիտեն։ Չասեմ՝ ում շնորհիվ”։

 

Անկախ

Ամերիկացին երկու օրում ստանալու է ավելի շատ աշխատավարձ, քան հայաստանցին՝ մեկ ամսում

1014406_665034050225293_896140435_n

Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին քայլին՝ կապված դաշնային աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ: Նա մասնավորապես գրել է.

“Բարաք Օբաման այսօր դաշնային աշխատողների նվազագույն աշխատավարձը 7,25 դոլարից բարձրացրել է մինչեւ 10,10 դոլար՝ մեկ ժամվա համար… Փաստորեն, այսուհետ 8 ժամ աշխատողը մեկ օրում կվաստակի ամենաքիչը 80 դոլար… Հայաստանում անցած տարվանից նվազագույն աշխատավարձը սահմանված է 45 հազար դրամ կամ մոտ 110 դոլար ամսական… Այսինքն, նվազագույն աշխատավարձով աշխատող ամերիկացին ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ստանալու է ավելի շատ, քան հայաստանցին ՄԵԿ ԱՄՍՈՒՄ…”:

 

Անկախ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակԻնչպես Անկախին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում փետրվարի 13-17-ին սպասվում մարզերէ առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

երևանՕդի ջերմաստիճանը 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հրդեհ՝ “SAS” սուպերմարկետի պահեստում

հրդեհՓետրվարի 13-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան 58 հասցեում գտնվող “SAS” սուպերմարկետի պահեստում :

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն և գծպծ օղակը: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Աին-ից առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ տրանսպորտի և կապի   նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ

վալենտին“Սիրո տոնն ամենակարևոր տոներից մեկն է աղջիկների համար: Նրանք այդ օրը ձգտում են կատարելագործության: Անում են ամեն ինչ, որպեսզի դուր գան իրենց սիրելիին: Ես ինքս դեռ ընկեր չունեմ, բայց ունենալու պարագայում անպայման կփորձեմ ոչ միայն սիրո տոնին, այլև ամեն օր գոհացնել նրան”,- այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նորաձեւության մասին նշեց Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ուսանողուհի Զարուհի Խուդոյանը:

Հագուստի մոդելավորում բաժինն այս տարի ավարտող ուսանողուհին մեզ հետ զրույցում նշեց, որ Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, նորաձեւության աշխարհում տեղի է ունեցել կարևոր մի իրադարձություն. թողարկվել է Casadei կոշիկի ապրանքանիշի սահմանափակ հավաքածուն: Այս իրադարձությունը կոչված է առավել գունեղ դարձնել երկար սպասված ռոմանտիկ օրն ու ընդգծել այդ կոշիկները հագնողների կանացիությունն ու նրբաճաշակությունը: Այդ կոշիկները կարված են կարմրա-բալագույն կաշվից եւ լրացված Casadei-ի հայտնի դետալներով եւ Blade կրունկով: Հավաքածուն վաճառքի է հանվելու փետրվարի 1-ին, casadei.com կայքում.

“Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, յուրաքանչյուր աղջիկ պետք է արժանի եւ ճաշակով տեսք ունենա եւ, իհարկե, որակյալ կոշիկն այստեղ պակաս կարեւոր դեր չի խաղում: Հենց կոշիկն այն ամենակարեւոր դետալն է, որը լրացնում է ճոխ տոնական տեսքը: Կինը պետք է իրեն հարմարավետ զգա ցանկացած բաևձրության կրունկի վրա ու կարողանա իր կեցվածքով հրապուրի տղամարդուն: Այնպես որ կանայք մտածեք, թե ինչ եք հագնելու այդ օրը ու ինչպես եք անելու, որ ձեր կողակիցը ձեզնով հպարտանա”:

Հիշեցնենք, որ Սուրբ Վալենտինի  օրը, որպես   սիրո  տոն, նշվում է  փետրվարի 14-ին, եվրոպայում 18-րդ դարից սկսած, Ամերիկայում 1777թվականից:

Քրիստոնյա Վալենտինի  կյանքի  մասին  համարյա ոչինչ  հայտնի  չէ: Լեգենդը  պատմում է ,  որ  Տերնի եպիսկոպոսը, որը մի երիտասարդ էր, հատուկ մոտեցում էր  ցուցաբերում  երիտասարդ  սիրահարներին, օգնում էր  գրել նամակներ`սիրո  խոստովանությամբ , հաշտեցնում էր վիճվածներին, տալիս  էր  ծաղիկներ երիտասարդ  հարսնացուներին : Բայց  այդ  ժամանակ հռոմեական  կայսրը արգելում էր կայսերական զինվորներին  սիրահարվել  և ամուսնանալ, իսկ Վալենտինը  գաղտնի   պսակադրում էր  զինվորներին:

 

Երբ  Վալենտինը  բանտում էր, իբր թե  նա  սիրահարվում  է  իր  դահիճի կույր  աղջկան և բուժում է նրան: Ասում են, թե  հակառակն է տեղի  ունեցել, դահիճը  խնդրել է Վալենտինին  բուժել իր աղջկան, իսկ  նա  սիրահարված է  եղել սրբին:

Մինչ մահը նա  թողել է հրաժեշտի  նամակ և ստորագրել Քո Վալենտին, այստեղից են առաջացել  (վալենտինի բացիկներ) և հենց ինքը` տոնը:

Վալենտինի  մահվան  օրը  համընկնում էր   հռոմեական  տոների  հետ   որոնք կատարվում էին  Յունոնա սիրո  աստվածուհու  պատվին: Այդ  օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբը: Այսօր  սուրբ  Վալենտինի  տոնը  դարձել է բոլոր ժողովուրդների սիրելի տոներից  մեկը: Բոլոր  տոնական  խելագար  արարքները ,որոնք կատարում են  բոլորովին նորմալ մարդիկ , հանարավոր  չէ  հաշվել, օրինակ  սիրտ  բացիկներ, կոնֆետներ, օծանելիք և ծաղիկներ  նվիրելը:

Վալենտինի օրվա  դասական  խորհրդանիշը համարվում են  կարմիր վարդերը, որոնք  համաձայն  անտիկ  լեգենդի  առաջացել են հունական սիրո  և գեղցկության աստվածուհու շնորհիվ: Աֆրոդիտեն  շտապում էր  իր  սիրելի Ադոնիսի մոտ, հանկարծ  դիպչում է սպիտակ վարդերի փշերին  և նրա  աստվածային արյունը  ներկում է   վարդերը կարմիր գույնով: Ամերիկայում անցած  տարի  այս  օրը   գնել են   24 000 վարդ մեկ րոպեյում: Ինտերնետով  ուղարկված  բացիկների  թիվը  միլլիոնների  է  հասնում:

Դժվար  է ասել , թե  էլ  որ  տոնն է այսքան  տարածված , որքան սիրահարների   տոնը:

Տարբեր  ազգեր  այս  տոնը տարբեր  ձևերով են  նշում: Օրինակ  բրիտանացիները  սիրային  բացիկներ են  ուղարկում  ոչ  միայն իրենց  սիրելիներին  ու  ծանոթներին,   այլ  նաև  իրենց  տնային  կենդանիներին:

Իսկ  ճապոնացիները  ամենա օրիգինալն են` նրանք  փետրվարի  14-ը դարձրեցին  տղամարդկանց “մարտի 8-ը”, երբ  նվերներ  ստանում են միայն  տղամարդիկ:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները նույնպես միանում են կուտակայինի դեմ պայքարին

загруженное«Դեմ եմ» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ վաղը՝ փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:

«Դեմ եմ» նախաձեռնությունը լինելու է նրանց կողքին և սատարելու է աշխատակիցներին:

Վանաձորցիները բողոքի ցույց են անում Լոռու մարզի դատախազության առաջ`արդար դատաքննության պահանջով

նկար ցույցից2Այսօր բազմաթիվ վանաձորցիներ բողոքի ցույցի էին դուրս եկել ի պաշտպանություն 2012 թվականին «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվողներ Սամվել Դիլոյանի, Արտակ ու Արեն Վերանյանների:

Նշենք, որ այսօր Լոռու մարզի Առաջին ատյանի դատարանում, շարունակվում էր Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դատաքննությունը: Բողոքի ցույցին միացել էին նաև մեղադրյալների հարազատները` արդար դատաքննության պահանջով: Բացի այդ բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիները սպասում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով պետք է գար Լոռու մարզ: Ցույցի մոտ հարյուր մասնակից Լոռու մարզի դատախազության մասնաշենքի մոտ հավաքված` պահանջում  էին դատախազի հետ հանդիպում:

ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, այդպես էլ չժամանեց Լոռի: Փոխարենը մեղադրյալների հարազատները և գործով փաստաբան Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ:
Դատախազը խոստացավ խնդիրը հնարավորինս շուտ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին:

Փաստաբանի խոսքով` իրենց մտահոգությունները կապված են դատական նիստերի երկարաձգվելու հետ: Մեղադրող կողմը չի կարողանում ապահովել վկաների ներկայությունը:

Վիճաբանության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է

ծեծկռտուքՓետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը Ավան-Առինջ թաղամասի թիվ 13/6 հասցեում գտնվող մթերային խանութի հետնամասի տարածքում հայտնաբերել է 1981 թ. ծնված Կարեն Վերդյանի դիակը` դեմքի շրջանում քերծվածքներով:
Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Ավանի բաժանմունք են ներկայացվել 1996 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1994 Մեխակ Կ.-ն:
Փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 01.30-ին, Ավան-Առինջ թաղամասի 13/6 հասցեում Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն վիճաբանել են Կարեն Վերդյանի հետ, հարվածներ հասցրել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին. ինչի հետևանքով Կ. Վերդյանը մահացել է:
Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

 

Հայտնաբերվել է որոնվող կնոջ դիակը

դիակՓետրվարի 7-ին հաղորդվել էր Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արևշատ գյուղի կողքով հոսող Ազատ գետի աջ ափից մոտ 2 մետր հեռավորության վրա` դաշտերի մեջ, հայտնաբերվել է Վ. Կարապետյանի դիակը` ականջի և ձեռքի մասերում թռչունների կողմից կտցահարված:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը, յուրացման 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի, Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան ԲարսեղյանըԵրևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ առաջիկա տարիներին ծրագրված աշխատանքները պետք է նպաստեն, որ մայրաքաղաքը դառնա գործարարական առումով հյուրընկալ և իր յուրաքանչյուր բաղադրիչով` ջերմ:

Ճարտարապետի խոսքով` դեռևս 2003-ից Երևանի քաղաքաշինական զարգացմանը միտված բազմաթիվ ծրագրեր են ընդունվել և իրականացվել ի նպաստ մայրաքաղաքի բարեկեցիկ վիճակի:

«Երևանն առավել գեղեցիկ դարձնելու համար օրակարգային են գլխավոր հատակագծի իրագործմանն ուղղված միջոցառումների և  փոփոխությունների հետ կապված աշխատանքները, Փոքր կենտրոնի վերակառուցման օրենսդրական փաթեթի մշակումը, ինչպես նաև Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախագծման աշխատանքները: Առաջանահերթ են բնակելի թաղամասերի կանոնակարգումը, բակային տարածքներում պատշաճ միջավայր ստեղծելը, ճանապարհների բարեկարգումը, Կենտրոն վարչական շրջանը մեքենաներից բեռնաթափումը»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ առաջնահերթ ծրագրերի թվում են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, Կոնդ թաղամասի կառուցապատումը, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման նախագծերի մշակումը:

«Շուտով կկառուցվի Կիրովի անվան մանկական զբոսայգու տարածքը, ինչը բավական մեծ աշխուժություն կմտցի Երևանի ժամանցային կյանքում: Մխիթար Հերացի փողոցում ծրագրված է կարևորագույն պետական նշանակության կառույց, ինչպես նաև Օրբելի փողոցին հարող տարածքում` Կառավարման ակադեմիայի նոր շենքի շինարարություն»,- ասաց Տիգրան Բարսեղյանը:

Առաջիկա չորս տարիները կառանձնանան նաև ճարտարապետական և գեղարվեստական միջոցառումների առումով: Առաջիկայում նախատեսված են հայ-ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդաշնող հուշարձանի տեղադրում: Երևանը կհամալրվի Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի,  Սիլվա Կապուտիկյանի, Կիմ Երիցյանի, Հրանտ Շահինյանի հուշարձաններով և Գրիգոր Նարեկացու հուշակոթողով:

Ֆրիտյոֆ Նանսեն

նանսեն«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են»

Ֆրիտյոֆ Նանսեն

Հայ ժողովուրդն իր ցավի, տառապանքի ճանապարհին շատ սրտակից բարեկամներ է ձեռք բերել: Նրանցից է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, ճանապարհորդ և հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը:

Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է 1861 թ. հոկտեմբերի 10-ին, Օսլոյի մոտ գտնվող Ստորֆռոն փոքրիկ քաղաքում` փաստաբանի ընտանիքում:

Մանկության և պատանեկության տարիներին հրապուրվել է սպորտով` լող, չմշկավազք, դահուկային սպորտ: Ապա իր հնարավորությունները փորձել է նկարչության ասպարեզում: Սակայն Նանսենի իրական ձգտումը ճամփորդությունն էր:

Միանգամայն պատահաբար 19-ամյա Նանսենը մասնակցում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հինգ ամիս տևած դժվարին ճանապարհորդությանը: Սա թերևս վճռեց նրա ճակատագիրը, և ծնվեց ապագա բևեռախույզը: Նանսենը ճամփորդության ավարտից հետո ընդունվում է Քրիստիանա համալսարանն ու տրվում գիտական հետազոտություններին, որտեղ էլ 1897 թ. ստանում է կենդանաբանության պրոֆեսորի կոչում: Ուսումնառությունից հետո նա որպես կենդանաբան աշխատանքի է անցնում Բերգենի կենդանաբանական այգում:

Սակայն շատ չանցած` թողնում է պաշտոնն ու դարձյալ տրվում գիտական հետազոտությունների Պարմայի համալսարանում, որտեղ աշխատել է անվանի պրոֆեսոր Գոլջիի մոտ, Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական այգում: Այդտեղ աշխատելու տարիներին էլ` 1886 թ., Նորվեգիայի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից պարգևատրվում է ոսկե մեդալով:

Նանսենի երազանքն էր Գրենլանդիա կղզու մանրամասն ուսումնասիրումը: Նա կազմակերպում է փոքրիկ` հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր` արևելքից արևմուտք:

Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին: Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ`  դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ:

Ավարտելով նախադեպը չունեցող արշավանքը` Նանսենը դրա արդյունքները ամփոփեց մի քանի գրքում:

Շատ չանցած` 1890 թ. նա իր իսկ կառուցած «Ֆրամ» նավով հասավ Հյուսիսային բևեռ, որի համար դարձավ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ:

Արշավանքից անմիջապես հետո նա գտավ իր մեծ սիրուն` Եվա Սարսին` անվանի գիտնական Միքայել Սարսի դստերը և ամուսնացավ: Եվան մասնագիտությամբ երաժշտագետ էր և դաշնամուրի մասնավոր դասեր էր տալիս: 1893 թ. ծնվում է նրանց առաջնեկը` դուստրը, որին Լիվ անունն են տալիս: Հետագայում Նանսենը Եվայի և Լիվի պատվին Ֆրանս Իոսիֆի արշիպելագում կղզի անվանակոչեց:

Նանսենը և Եվան հինգ երեխա ունեցան: Բայց նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց: 1907 թ., երբ Նանսենը Լոնդոնում Նորվեգիայի թագավորության դեսպանի պաշտոնն էր վարում, Եվա Նանսենը մահացավ հիվանդությունից:

Սակայն գիտությունը չէր Նանսենի մղումը: Չթողնելով գիտական ուսումնասիրությունները` նա անցավ դիվանագիտական ծառայության:

1905 թ. Նորվեգիան անկախացավ Շվեդիայի թագավորությունից: Նանսենը Նորվեգիայի անկախության համար պայքարի առաջամարտիկներից էր, և մի քանի հանձնարարականներ կատարելուց հետո, Նորվեգիայի կառավարությունը նրան վստահեց Մեծ Բրիտանիայում Նորվեգիայի դեսպանի պաշտոնը, որը նա զբաղեցրեց 1906-1908 թթ.:

Անգլիայից Նանսենը վերադառնում է հայրենիք և դարձյալ զբաղվում գիտությամբ` մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Աշխարհավեր այս պատերազմում մեծ հումանիստը կեղեքվող ժողովուրդների կողքին էր: 1918 թ. նա ստանձնեց ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպանի պարտականությունները:

Ապագա մեծ հումանիստը, որպես դիվանագետ, Նորվեգիայի կառավարության կողմից նշանակվում է Ազգերի լիգայի ներկայացուցիչ: Սկզբնական շրջանում` 1920-1922 թթ. նա աշխատում էր Ռուսաստանում, որտեղ էլ հղացավ Նանսենյան էմիգրանտների անձնագրի գաղափարը: Նա Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատարն էր: Ռուսաստանում աշխատելու տարիներին էլ` 1921 թ., նա Միջազգային Կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության հանձնաժողովը»:

1922 թ. Ֆրիտյոֆ Նանսենը Ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: Հենց այս պաշտոնում էլ նա իրականացնում է իր առաքելությունը Հայաստան և անգնահատելի նպաստ բերում ցեղասպանությունից մազապուրծ հայ բնակչության գոյատևման գործին:

Նանսենի խաղաղասիրական, մարդասիրական առաքելությունը աննկատ չի մնում և նույն 1922 թ. նա արժանանում է Նոբելյան մրցանակի` անօգնական մարդկանց օժանդակելու ջանքերի համար: 1938 թ. նրա՝ Գաղթականների միջազգային գրասենյակը նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի, «Նանսենյան անձնագրերի» ստեղծման համար:

1925 թ. Նանսենը Ազգերի լիգայի հանձնարարությամբ ուսումնասիրում է հայ փախստականների իրավիճակն ու կազմում հանձնաժողով` նրանց կարիքները հոգալու համար: Այցելելով Հայաստան` նա ոչ միայն զբաղվում է փախստականների խնդիրներով, այլև փորձում է որոշ սոցիալական խնդիրներ լուծել երկրում, մասնավորապես ուսումնասիրում է Հայաստանի շրջաններում արհեստական ոռոգման ցանցի ստեղծման հնարավորությունները: Նա մասնակցել է Շիրակի ջրանցքի բացման արարողությանը:

Նանսենին փառավոր ընդունելություն ցույց տվեցին Հայաստանում: Նրան Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհեցին: Եղավ Հայաստանի տեսարժան վայրերում, այցելեց Մարտիրոս Սարյանին, որը նկարեց մեծ մարդասերի դիմանկարը:

Նանսենը շատ է ջանք թափում, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայ փախստականները հավաքվեն Խորհրդային Հայաստանում: Նրա ջանքերը մասամբ են հաջողություն ունենում  խորհրդային վարչակարգի պայմաններում և Ազգերի լիգայի անգործության հետևանքով:

Հայ ժողովրդի ցավին ծանոթանալով որպես Ազգերի լիգայի հանձնակատար` նա ընդմիշտ մնաց հայերի բարեկամը: «Ինձ համար դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը` առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը, հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան, հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ»։ «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»։

1928 թ. նա մասնավոր այցով մեկնում է ԱՄՆ, ուր վճարովի դասախոսություններ  կարդում և ողջ հասույթը տրամադրում հայ ժողովրդի խնդիրների լուծմանը, որի արդյունքում շուրջ 7000 գաղթական հայրենադարձվեց Հայաստան:

Նա հրատարակեց  բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ` նվիրված Հայաստանին: 1927 թ. նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդը»:

Կյանքի մայրամուտին Ֆրիտյոֆ Նանսենը նորից գիտությամբ է զբաղվում: Նա նախապատրաստեց երկրորդ` համեմատաբար ավելի մեծ արշավախմբի այցելությունը Արկտիկա, սակայն այդ իղձը իրականություն դարձավ միայն բևեռախույզի մահից հետո:

Մեծ հումանիստը մահացավ 1930 թ. մայիսի 13-ին, Լյուսակերում` իր տան պատշգամբում, թոռնուհու հետ խաղալիս:

Նրա մահից 8 տարի անց Նորվեգիայի Լիլիհամեր քաղաքում բացվեց Նանսենյան ակադեմիան:

«Անհրաժեշտ է, որ դիմացինի նկատմամբ սիրո և ազնվության զգացումը համակի մեր մտքերն ու արարքները, և մենք միշտ պետք է հիշենք, որ սերն ու համբերությունը անտառի ամենագեղեցիկ ծառերն են», – ահա մեծ մարդասերի կյանքի հավատամքը: