Անօթևաններին ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը կշարունակվի նաև 2014-ին

անօթևաններԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2011 թվականի տարեվերջից  մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2014 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ վերամիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է ժամանակավոր կացարան, զրուցել կացարանի շահառուների հետ: Նա, ի դեպ, դատարկաձեռն չէր այցելել: Երևանի քաղաքապետարանը շահառուներին  քաղցրավենիք էր տրամադրել:

Նշենք, որ ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Վերամիավորման արդյունքում կացարան է տեղափոխվել ևս 43 շահառու:

«Ծրագրի իրագործմամբ քաղաքապետարանը, ըստ էության, 2 կարևորագույն խնդիր է լուծել:  Առաջնահերթ հավաքագրել և ժամանակավոր կացարան, ինչպես նաև սոցիալական տարաբնույթ աջակցություններ է տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անօթևան անձանց։ Եվ երկրորդ. աշխատանքներ են ծավալվել հանցագործությունների սոցիալական կանխարգելման ուղղությամբ, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և ապա անօթևան  դարձած անձանց ժամանակավոր կացարանի տրամադրմամբ, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցմամբ, իրավական և խորհրդատվական աջակցություններով, որոնք կրկնահանցագործությունների առումով կանխարգելիչ արդյունավետություն ունեն, և ի վերջո նպաստել են այդ անձանց սոցիալական ինտեգրմանը հասարակական կյանքին» ,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Այնուհետ կացարանի աշխատակազմի հետ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2014 թվականին նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները:

 

 

Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները, (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները` 29 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 14-ը ծխել է, իսկ 36 վարորդ երթևեկել է առանց համապատասխան փաստաթղթերի:

1390288636,9305

Անկախ

Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ

ՊԲ,պնՀունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն հունվարի 20-ի ողջ օրվա ընթացքում և անցած գիշեր շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 240 անգամ՝ մանր և խոշոր տրամաչափի տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների վրա արձակելով ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու ուղղությամբ և մարտագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Անկախ

Միջնադարյան հայկական քաղաքային հաղորդակցությունները

մեծամոր-արմավիրԱռևտրա–վաշխառուական այս խավն աստիճանաբար ձևավորում էր հայկական բուրժուական հասարակարգը: Եվրոպայում նման զարգացումներ ի հայտ եկան միայն երեք դար հետո:

Յուրաքանչյուր հասարակարգի զարգացման մեջ առանձնակի կարևորություն ունի քաղաքաշինությունը և քաղաքային մշակույթի ձևավորումը:

Հայկական քաղաքների տեղադրումը, հատակագծումը, կառուցապատումը կանոնակարգված էին որոշակի ամրաշինական չափանիշներով` պայմանավորված քաղաքի գործունեությունն ապահովող բազմաթիվ գործոններով. բնակլիմայական բարենպաստ պայմաններ, միջազգային տարանցիկ առևտրի մայրուղիներ, սրբավայրի առկայություն և այլն: Այդ չափանիշներին ենթարկվել են հայկական բոլոր քաղաքները` չնչին բացառություններով (Արծն, Արշակավան):

Հայկական առաջին քաղաքը Վան-Տուշպան է, որ կառուցել է Վանի Արարատյան թագավորության տիրակալ Սարդուրի Առաջինը (մ.թ.ա. 840-825 թթ.): Վանն ամուր պաշտպանված քաղաք էր, հարուստ պաշտամունքային դիցարան ուներ:

Երկրի գլխավոր դիցարանը մայրաքաղաքում էր գտնվում նաև Երվանդունիների օրոք, երբ Արմավիրում հայոց արքաները կառուցեցին Արևի, Տիրի, Լուսինի, Անահիտի տաճարները, Սոսյաց անտառներ գցեցին:

Հայաստանում տարածված էր եռաքաղաք համակարգը. այսինքն` քաղաքը բաժանված էր երեք մասի. արքունիք, սրբավայր, բնակավայր:

Հայոց արքաներից առաջինը Երվանդ Դ-ն (մ.թ.ա. 220-200) էր, որ մայրաքաղաքից անջատեց հոգևոր իշխանությունն ու ստեղծեց եռաքաղաք: Նա տարանջատեց աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները: Արքունիքը տեղափոխեց Երվանդաշատ, կուռքերը` Բագարան, իսկ Երվանդակերտում գեղատեսիլ դաստակերտ կառուցեց:

Արտաշես Ա-ն (մ.թ.ա.  189-160) Արտաշատ մայրաքաղաքը կառուցեց Երասխ և Մեծամոր գետերի կազմած թերակղզու բլրաշարի վրա: Նա քաղաքի պարիսպը պատեց բլուրների լանջերով և տարանջատեց քաղաքն արքունի-վարչական, պաշտամունքային և բնակելի շրջանների: Առհասարակ Արտաշատն իր քաղաքային ուրույն հաղորդակցություններով դասական քաղաք էր և հին աշխարհի նշանավոր քաղաքներից: Պատմիչների հավաստմամբ` Արտաշատի կառուցման գործում հայոց արքային իր խորհուրդներով օգնել է Կարթագենի զորավար Հաննիբալը, որ Հռոմից հալածված` ապաստանել էր նրա մոտ: Ավանդույթը պատմում է նաև, որ Արտաշատի հատակագիծը հայոց արքան գծել է տվել իր կնոջ` հայոց թագուհի Սաթենիկի աչքի նմանությամբ:

Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55 թթ.) ստեղծելով իր հզոր կայսրությունը` երկրի կենտրոնում կառուցեց իր նոր մայրաքաղաքը` Տիգրանակերտը, որ դարձյալ եռաքաղաք էր` բուն քաղաքը սրբավայրով, պալատը` իր ընդարձակ որսատեղիներով, լճերով, զբոսայգիներով և բերդը, որ իրենից ներկայացնում էր քաղաքի միջնաբերդը: Հետաքրքիր է, որ Արտաշատում բերդ չկար: Դա պայմանավորված էր նրանով, որ բնակչությունը միատարր չէր. այստեղ մեծ կշիռ ունեին օտարազգիները, բացի այդ, Արտաշատը միակենտրոն քաղաք էր:

Հետագայում, 330 թ. Խոսրով Գ Կոտակը (330-338) Հայաստանի մայրաքաղաքն Արտաշատից տեղափոխեց Դվին: Պատմիչների վկայությամբ` Արաքսը փոխել էր հունը, և քաղաքի շրջակայքում առաջացած ճահիճները վատթարացրել էին միջավայրը: Սակայն դա չէր կարող վճռորոշ պատճառ լինել: Պատմությունը ցույց է տալիս, որ դրանից հետո էլ Արտաշատում կյանքը շարունակվում էր նույն հունով, և քաղաքը հետագայում էլ ստանձնեց Հայաստանի մայրաքաղաքը լինելու պատիվը:

Ուստի երևույթը պետք է դիտարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից: Արքան պայքար էր մղում կենտրոնախույս ուժերի դեմ: Նա անգամ կանգ չառավ արյունահեղության առջև և իսպառ ոչնչացրեց Մանազվաղյանների, Որդունիների, Բզնունիների նախարարական հզոր տները: Բնականաբար, երկրի մայրաքաղաք Արտաշատում` ազնվականության շրջանում, արքայի հանդեպ հզոր ընդդիմություն գոյություն ուներ, որի ներկայությամբ հայոց արքան իրեն ապահով չէր զգում: Հատկանշական է, որ արքան Դվին չտեղափոխեց Հայոց կաթողիկոսությունը, քանզի եկեղեցին էլ հզոր նախարարությունների նման հանդես էր գալիս ապակենտրոն քաղաքականությամբ: Այսինքն` հայոց թագավորը ստեղծեց վարչական միավոր, որում հստակ տարանջատված էին քաղաքական, հոգևոր և վարչական իշխանությունները:

Վասպուրականում Գագիկ Արծրունի թագավորն (908 – 943 թթ.) իր մայրաքաղաքը նույնպես կառուցեց եռաքաղաք սկզբունքով` կառուցելով Վան-Ոստան-Աղթամար եռյակը: Երեքն էլ կառուցված էին պարսպապատ, ամրաշինական, գեղագիտական նրբագեղությամբ: Թագավորը նստում էր Ոստանում, բուն քաղաքը Վանում էր, իսկ Աղթամարը կաթողիկոսական նստավայր էր, ուր Գագիկ Արծրունու հրավերով 927 թ. հաստատվեց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը:

I-II դարերում Հայաստանում բուռն զարգացում էին ապրում Նիկոպոլիսը, Նեոկեսարիան, Սեբաստիան, Վաղարշապատը, Մծուրքը: Այս նորերի հետ զարգանում էին նաև հին քաղաքները` Արտաշատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը, Արշամաշատը, Տիգրանակերտը, Արզնը, Վանը:

Առհասարակ քաղաքների զարգացման համար  որոշ նախապայմաններ էին անհրաժեշտ` մեղմ և բարեբեր կլիմա, առևտրային ճանապարհների մոտիկություն: Չինաստանից և Հնդկաստանից եկող Մետաքսի ճանապարհն Իրանի վրայով մտնում էր Հայաստան և ձգվում արևելքից արևմուտք: Առհասարակ քաղաքների զարգացման և բնականոն գոյության համար կարևոր նախապայման էր առևտրական ճանապարհներին մոտ լինելը:

Դեռևս 166 թ. Հռոմեական կայսրությունը և Պարթևստանը կնքում են համաձայնագիր, որով պայմանավորվում են միջազգային ապրանքափոխանակությունը կատարել երեք քաղաքներում: Դրանցից մեկն Արտաշատն էր:

Արտաշատը գտնվում էր բանուկ առևտրային ճանապարհների վրա, և այնտեղ արհեստների հետ զարգացած էր նաև առևտուրը: Հույն պատմիչ Ստրաբոնը նշում է, որ պոնտական Կոմանա քաղաքի բարգավաճումը կապված է բացառապես Հայաստանից բերված ապրանքների և Հայաստանի հետ կատարվող առևտրի շնորհիվ: Հայաստանի առևտրային շրջանառությունը միայն Փոքր Ասիայով չէր սահմանափակվում: Առևտուրն ընթանում էր Հյուսիսային Աֆրիկայի երկրների, Միջագետքի, անգամ` Հնդկաստանի հետ: Սակայն առևտրային հիմնական ուղիները ցամաքով էին անցնում և Չինաստանից եկող Մետաքսի ճանապարհն անցնում էր Հայաստանով, մասնավորապես` Արտաշատով:

Պետությունների արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն դեր ուներ միջազգային առևտրային ուղիների վրա վերահսկողություն հաստատելը: Տիգրան Մեծի  նվաճումներում կարևոր դեր էր  խաղում հենց հարավային առևտրային ճանապարհների վրա վերահսկողությունը, որն էլ առաջնահերթ իրականացրեց արտաքին նվաճողական քաղաքականություն վարող հայոց արքան:

Տիգրանը հատուկ ուշադրություն դարձրեց հատկապես Եփրատի գետանցներին, որոնց հսկողությունը վստահեց իր հպատակ արաբական ցեղերին:

Հարավային ճանապարհների վրա հսկողություն սահմանելու արդյունքում Հայաստանում բարձրացավ նաև Մծբին քաղաքի դերը:

Այս ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքները շարունակում էին պահել իրենց բնույթն իբրև քաղաքային համայնքներ, որ ունեին ներքին ինքնավարություն, բայց ենթարկվում էին թագավորի կողմից նշանակված շահապին:

Հայաստանի քաղաքների բնակչության կազմը միատարր չէր, ապրում էին հույներ, պարսիկներ, ասորիներ, հրեաներ: Սրանք  բնակվում էին առանձին թաղամասերով` ավաններում: Այս համայնական թաղամասերի գլուխը ռեսն էր:

Ավաններում էին բնակվում նաև օտարազգի վաճառականները, որոնք իրավունք չունեին գիշերելու Շահաստանում (Քաղաքամեջ) և քաղաքի դարպասները փակվելուց առաջ պարտավոր էին լքել Շահաստանի տարածքը: Օտարականների և այլ եկվորների համար արվարձաններում կառուցված էին պանդխտանոցներ:

Սակայն, անգամ խառն ազգաբնակչությամբ քաղաքներում ռազմա-ստրկատիրական ավագանին և քրմական դասը բացառապես բաղկացած էին հայերից:

Ազատ քաղաքացիներն ունեին իրենց «գործոց տները», որտեղ աշխատում էին ստրուկները:

Հայկական քաղաքների հիմնական բաղադրիչներն էին շուկան, թատրոնը և սրբավայրը` մեհյանը: Արտաշատի հովանավորն աստվածամայր Անահիտն էր: Քաղաքի միջնաբերդը` պարսպապատ մասը, համարվում էր բուն քաղաք, նրա շուրջը փռված բնակավայրն ավանն էր: «Գործոց տները» գտնվում էին ավանում: Ամեն քաղաք ուներ իր քաղաքային գավառը, որտեղ մեծահարուստներն ունեին իրենց ագարակները, ամառանոցները, դաստակերտերը` կցված հողագործ ազգաբնակչությամբ (Նախճավանի գավառ, Տոսպ գավառ, Զարեհավան գավառ)

Գործոց տներում արտադրվում էին զանազան ապրանքներ` սկսած զենքից և վերջացրած կենցաղում օգտագործվող մանրուքներով:

Քաղաքների կյանքում կարևորագույն դեր էր խաղում շուկան: Այն գտնվում էր Շահաստանում` պարիսպներից ներս:

Հայկական մեծ քաղաքներում կային նաև ցորենի, գարու, առաջին անհրաժեշտության ապրանքների պետական շտեմարաններ, որտեղ ամբարված ապրանքն օգտագործվում էր բացառապես պատերազմների, պաշարումների կամ սովի ժամանակ: Այս շտեմարանների, առհասարակ քաղաքի կարգուկանոնի հսկողությունը արքայի նշանակած շահապի ձեռքում էր:

Միջնադարյան քաղաքների կարևորագույն բաղկացուցիչ մասն էր կազմում նաև թատրոնը: Այն մեծ մասսայականություն էր վայելում բնակչության բոլոր խավերի մեջ: Եկեղեցին թատրոնը համարում էր հեթանոսական մնացուկ և պայքարում էր դրա դեմ, բայց ապարդյուն. թատրոնը քաղաքային բնակչության ժամանցի ամենակարևոր վայրն էր: Մանավանդ ժողովրդական տոներին մեծ էր թատրոնի այցելուների թիվը: Կային նաև շրջիկ թատրոններ, որոնք շրջում էին Հայաստանի փոքր ու միջին քաղաքներով:

Քաղաքային հաղորդակցությունների մեջ կարևորագույն տեղ ունեին քաղաքի պաշտպանական պարիսպները: Դրանք միշտ իշխանության և ժողովրդի հոգածության ներքո են եղել, քանզի ապահովել են բնակչության բոլոր խավերի անվտանգությունը: Պարիսպները երբեմն եղել են երկշերտ, եռաշերտ, ամրացված բուրգերով ու աշտարակներով: Երբեմն խաղաղ ժամանակներում պարիսպները ծառայեցրել են կենցաղային նպատակներով:

ախթալաՊարիսպներից դուրս եղել է խրամը` մի քանի մետր լայնությամբ խոր ջրանցքը, որ ունեցել է երկու նշանակություն. պատերազմների ժամանակ այն լցված էր, որպեսզի հարձակվող թշնամու բանակների հարձակողական թափը կոտրի, իսկ խաղաղ ժամանակներում ջրմուղի ջուրն օգտագործվում էր ոռոգման նպատակներով:

Խրամի և պարսպի մեջտեղում ևս մեկ կառույց կար` հողապատնեշը, որ նույնպես պաշտպանական նշանակություն ուներ:

Պարիսպների մեջ էր գտնվում քաղաքի դարպասը: Մեծ քաղաքները մի քանի դարպասներ են ունեցել: Երեկոյան` սահմանված ժամին բերդապետը կողպում էր քաղաքի դարպասները և բանալիները հանձնում իշխանին կամ քաղաքի ավագանուն: Առանց իշխանավորի թույլտվության քաղաքի դարպասները ոչ ոք չէր կարող բացել:

Արքայանիստ քաղաքը որ էր հայոց մայրաքաղաքը, կոչվել է «Ոստան հայոց»: Նման կոչում պատմիչները տվել են հատկապես Դվինին, որ մայրաքաղաք դարձավ IV դարում: Դվինը հատկապես հայտնի էր իր դրամահատարանով, խեցեգործությամբ, ապակե արտադրությամբ, գորգագործությամբ: Դվինը` որպես մայրաքաղաք, փոխարինեց Արտաշատին և իր նախորդի պես երկար ժամանակ կենսունակ եղավ:

Դվինը նույնպես գտնվում էր բանուկ առևտրային ճանապարհների վրա: Ուներ հինգ գլխավոր ճանապարհ և դուռ` արևմտյան, որ Կարինի ուղղությամբ էր տանում, հարավարևմտյան, որ դեպի Խլաթ էր տանում, արևելյան, որ տանում էր դեպի Արցախ և Պարտավ, հարավարևելյան` դեպի Նախիջևան և Թավրիզ և հյուսիսային, որ Լոռիով դեպի Թիֆլիս էր տանում:

Միջնադարում Հայաստանում արդեն ձևավորվում է քաղաքային դասը` իր ուրույն բնակչությամբ:

Քաղաքային բնակչությունն օրենքով ամրագրված իրավունքներ ուներ և արտոնություններ` գյուղական բնակչության համեմատ: Դեռ քերթողահայր Խորենացին է գրել, որ հայոց Վաղարշակ  արքան օժտել է արտոնություններով քաղաքաբնակներին և «հրաման է տալիս, որ քաղաքացիների հարգն ու պատիվը ավելի լինի, քան գյուղացիներինը, որ գյուղացիները պատվեն քաղաքացիներին ինչպես իշխանների…»:

Սա ամրագրված էր նաև Մխիթար Գոշի «Դատաստանագրքում»,որ սահմանադրության դեր էր կատարում հայոց մեջ: Քաղաքը, փաստորեն գրավիչ էր բնակչության բոլոր խավերի համար և դա խթան էր, որ Հայաստանում զարգանան քաղաքներն ու արհեստները:

Քաղաքի բնակչությունն ազատ էր, գյուղացիներն անազատ դաս էին: Այսպիսով, քաղաքների զարգացումը Հայաստանում ուներ լուրջ սոցիալական խթան:

Միայն IX-XIV դարերում Հայաստանում առաջացան 30 մեծ ու փոքր քաղաքներ և 20-ից ավելի գյուղաքաղաքներ: Դրանց զարգացմանը նպաստեց նաև այն, որ Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Հայաստանը համարվում էր չեզոք երկիր, և միջազգային առևտուրը բացառապես կատարվում էր Հայաստանի տարածքում:

Հայաստանում սելջուկյան արշավանքներից հետո քաղաքային կյանքն աշխուժացավ, երբ Զաքարյաններն ազատագրեցին երկիրը և քաղաքային կյանքը նոր շունչ ստացավ: Արագ թափով զարգացան արհեստները: Արտադրության ձևերը կատարելագործվեցին: Դեռևս X դարում ստեղծվեցին առաջին համքարությունները: Դրանք կազմակերպություններ էին, որոնք միավորում էին նույն արհեստով զբաղվող մարդկանց: Համքարությունները, փաստորեն, ներկայիս արհմիությունների նախատիպն էին: Նրանցում միավորված արհեստավորները պաշտպանում էին միմյանց շահերը, միասին որոշում շուկայում իրենց արտադրանքի գները:

Կային մշակված որոշակի կանոններ համքարության անդամների համար: Համքարության մեջ վեճերը լուծվում էին «Ծերոց ատյաններում», որոնք կազմված էին առավել տարեց, հմուտ վարպետներից: Համքարությունների անդամները նաև ապրում էին նույն փողոցում, շարքով: Անիում հայտնի էին Դարբինների, Թամբագործների փողոցները, Կոշկակարոցը և այլն: Նրանք իրենց արհեստը փոխանցում էին սերնդեսերունդ: Երբ վարպետը կամ հայրը համարում էր, որ ավարտվել է աշակերտի ուսումը և, նա կարող էր ինքնուրույն աշխատել ու ներկայանալ որպես վարպետ, իր ձեռքերը լվանում էր աշակերտի ձեռքերի վրա, որպեսզի իր ձեռքի շնորհն անցնի աշակերտին: Համքարության մեջ մտած և վարպետ համարվող անդամը կարող էր ունենալ իր կնիքը: Յուրահատուկ ծես գոյություն ուներ համքարության մեջ նոր անդամ ընդունելու համար: Այն կատարվում էր բոլոր անդամների ներկայությամբ: Համքարություններն ունեին իրենց նշան- դրոշները:

Հայաստանում քաղաքները բաժանվում էին երկու մասի. արքունի և ինքնավար: Վերջիններն ունեին որոշ ներքին ինքնավարություն և կառավարվում էին ավագանու կողմից: Այս քաղաքներն անգամ իրենց սեփական զորքն ունեին, որ կազմված էր արհեստավորներից:

Քաղաքները հիմնականում կառուցված էին առևտրային ճանապարհների վրա: Հյուսիսային առևտրային ճանապարհների վրա էին Անին, Կարսը, Դվինը, Երևանը, Երզնկան, Նախիջևանը: Հարավային ուղիների վրա էին Վանը, Արճեշը, Ոստանը, Խլաթը, Մանազկերտը:

Հայկական քաղաքներում կյանքը եռում էր աշխատանքով, հանդեսներով, տոնախմբությամբ, թատրոնով: Այստեղ մշակութային օջախների հետ մեկտեղ առկա էին բոլոր պայմանները ցոփ կյանքի համար:

Այդուհանդերձ, ակտիվ առևտրի գոյությունը ենթադրում էր այդ առևտրի անվտանգությունն ու հարմարվետությունն ապահովող հաստատությունների առկայություն:

Առևտուրն ապահովելու համար Հայաստանի քաղաքներում ամենուր պանդոկներ էին կառուցվում: Սրանք ունեին ամենայն անհրաժեշտը ճամփորդներին ու առևտրական քարավաններին սպասարկելու համար: Անհատ առևտրականները կամ ամբողջ քարավանները պանդոկներում ու քարվանատներում կարող էին օթևանի հետ մեկտեղ գտնել սնունդ, կեր անասունների համար, փոխադրամիջոց, անգամ զինված պահպանություն: Պանդոկներ ունեին ոչ միայն իշխաններն ու արքաները, այլև եկեղեցին ու նոր բարձրացող հայոց առևտրական, վաշխառուական խավը:

Իրենց տարածքով անցնող քարավանների ապահովության համար իշխաններն ու ֆեոդալները ստեղծել էին հատուկ զինվորական ջոկատներ, որոնք ուղեկցում էին քարավանները իշխանության տարածքում:

Հայոց քաղաքներում առանձնահատուկ տեղ ունեին բաղնիքները: Նրանք քաղաքային մշակույթի կարևոր տարրերից էին և ամենևին զեխության վայրեր չէին, ինչպես Ռուսաստանում և Արևելքում:

Արտաշատն ուներ ջեռուցվող բաղնիքներ. կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք: Այս մեխանիզմը տարածում գտավ աշխարհում միայն երկու տասնամյակ առաջ: Հայաստանի տարածքում համեմատաբար լավ են պահպանվել Ախթալայի, Ամբերդի, Լոռի բերդի բաղնիքները:

Կիլիկյան Հայաստանում քաղաքները գլխավորել են թագավորների ներկայացուցիչները` կապիտանները: Վերջիններս, հատկապես նավահանգստային քաղաքներում, ունեցել են քաղաքական, վարչական և ոստիկանական լայն լիազորություններ: Քաղաքային կարևորագույն պաշտոնյաներ էին ձեռներեցները, մուխթասիբները և դուկերը, որ հսկում էին շուկայում չափի ու կշռի կարգավորումները, գները, հավաքում էին հարկերն ու տուրքերը:

Կիլիկիո մայրաքաղաք Սիսում էին գտնվում արքայական պալատը, բանտը, դրամատունը, իշխանաց տունը, գրադարանը, համալսարանը` դպրատունը: Քաղաքում էին կենտրոնացած օտարերկրյա դեսպանատները: XII դարի վերջին Սիս է այցելում ավստրիական դեսպան Վիլլեբրանդ Օլդենբուրգցին և հիանում է քաղաքի գեղեցկությամբ ու ճոխությամբ:

Իր գեղեցկությամբ ու ամրությամբ աչքի էր ընկնում ծովափնյա Տարսոն քաղաքը: Այստեղ ավանդաբար կատարվում էին թագադրման արարողություններ:

Նշանավոր էին Ադանան, Մամեստիան: Տնտեսական նշանակությամբ մեծ էր հատկապես Այաս նավահանգստային քաղաքի դերը: Այն առևտրական կապող օղակ էր Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի միջև: Մի օրինակ միայն Այասի նշանակությունն ընդգծելու համար: Այասում նստող վենետիկյան պայլը, իր հպատակների առևտրական գործունեությունից գանձելով  ընդամենը կես տոկոս մաքս, մեկուկես տարվա ընթացքում ստացել է 7200 ֆրանկ եկամուտ: Այսպիսով, միայն վենետիկցիների առևտրական շրջանառությունը տարեկան կազմում էր մոտ մեկուկես միլիոն ֆրանկ, որից 2-4 տոկոսը` որպես մաքս, մտնում էր Սսի արքունիք:

1323-1337 թթ. Եգիպտոսը որպես հարկ հայոց պետությունից Այասից ստացել է 1200000 դրամ հարկ, որ միայն շրջանառու միջոցների մի փոքր մասն է կազմել:

Քաղաքային բնակչությունը բաժանվում էր մի քանի մասերի: Ստորին խավը` մանր առևտրականներ, սևագործ բանվորներ, համարվում էր ռամիկ: Ապահով զանգվածը կազմում էր ազատանին: Կար նաև հատուկ վարձով աշխատողների դաս` մշակ:

XIII դարում Հայաստանում առաջացավ նոր խավ` մեծատունների խավը: Սրանք առևտրական դասի այն ներկայացուցիչներն էին, որ կուտակելով հսկայական հարստություն` մեծ դերակատարություն ունեցան հասարակական կյանքում: Դրանցից ամենանշանավորն անեցի Տիգրան Հոնենցն էր: Նա հասարակ ծագում ուներ, սակայն, հետագայում, Զաքարյանների մոտ պաշտոն ստանձնեց և նրանց հարկային վերակացուն էր քաղաքում: Տիգրան Հոնենցը մեծ կալվածքներ, ամառանոցներ, ջրաղացներ, ագարակներ ձեռք բերեց: Նա նաև վաշխառությամբ էր զբաղվում: Որպես կանոն` հայ մեծատունները բարեգործությամբ էին զբաղվում: Տիգրան Հոնենցը 1215 թ. Անիում կառուցեց քաղաքի հրաշագեղ եկեղեցիներից մեկը, այն զարդարեց արվեստի գործերով:

Մյուս հայտնի մեծատունը մանազկերտցի Ումեկն էր, որ իր առևտրա-վաշխառուական գործունեությունը ծավալել է Կարինում: Ումեկը հետագայում հաստատվեց Տփղիսում: Նա 40000 դուկատով Զաքարյաններից գնել է Գետիկը և նվիրատվություններ է արել Գոշավանքին:

Ավելի հաջողակ ու մեծահարուստ Ավետենց Սահմադդինը 1263 թ. գնեց մայրաքաղաք Անին: Սահմադդինին էր պատկանում նաև Երևան քաղաքը:

Առևտրա-վաշխառուական այս խավն աստիճանաբար ձևավորում էր հայկական բուրժուական հասարակարգը: Եվրոպայում նման զարգացումներ ի հայտ եկան միայն երեք դար հետո: Սակայն հայ հասարակարգի զարգացումը կանգ առավ մոնղոլական արշավանքների պատճառով:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

Ավտոպատահար Մեղրի քաղաքում

ավտոպատահարՀունվարի 20-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29 ԼԼ 829 պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ժ. Մ.-ին:

Անկախ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն 21-22-ին կբարձրանա 1-3 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի ցերեկը հնարավոր է թույլ ձյուն:

Երևանի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     10.90C (1948 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -23.20C (1894 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -3.60C

Անկախ

2014թ.-ին ևս շուրջ 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի

խաղահրապարակԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են,որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում բակերի բարեկարգման  աշխատանքները վերջին մի քանի տարիների ընթացքում հասան աննախադեպ ծավալների: Գործընթացն իրականացվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչների լիարժեք հանգսիտն ու հարմարավետությունն ապահովելու նպատակով բակային տարածքներում ցուցաբերվեց համալիր մոտեցում: Ասֆալտապատման, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգերի արդիականացման և կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կահավորման աշխատանքներ: Միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400 բակերում տեղադրվել են 380 մանկական տարբեր խաղեր, շուրջ 700 մարզական գույք, 1700 նստարաններ, 200 զրուցարաններ ու ֆուտբոլի 19 փոքր խաղադաշտեր: Որոշ բակերում տեղադրվել են նաև ցայտաղբյուրներ ու շատրվանային փոքրիկ համալիրներ: 2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 240 բակերում էլ ընդհանուր գումարով 11990 քմ մակերեսների նկարազարդման աշխատանքներ են իրականացվել: Հարմարավետ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալուն ուղղված քաղաքային իշխանության որդեգրած այս քաղաքականությունը 2014 թվականին էլ նշանակալի զարգացումներ կունենա: Բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով արդեն իսկ ամրագրված ու հաստատված ևս 400 բակերի բարեկարգման աշխատանքները գարնանից սկսած գործնական ընթացք կստանան: Գործընթացը բոլոր բակերում այս տարի ևս իրականացվելու է նույն սկզբունքներով, չափորոշիչներով ու մոտեցումներով: 2014-ին բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շարունակական է լինելու նաև Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:

Անկախ

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

օպերատիվ իրավիճակը ՀայաստանումԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 12 դեպքից` 11-ը, խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 1 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 21-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Վագոն-տնակում այրված դիակ է հայտնաբերվել

վագոն տնակ է այրվումՀունվարի 19-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղում վագոն տնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը վագոն-տնակում հայտնաբերել է 1931 թ. ծնված Բակուր Մանուկյանի այրված դիակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.40-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Գյումրիում տիրող աղքատության և անօթևանության իրական պատկերը (Ֆոտոռեպորտաժ)

12«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ շաբաթ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններից մեկը, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ արվել լրագրողներին, լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին: Այս դեպքը այնուհետև մեծ հնչեղություն գտավ: Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացումներ տվեց, որ հիվանդ երեխաների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է իրենց ուշադրության տակ:

Այսօր «Շիրակ կենտրոնի» և «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության աշխատակիցները, համատեղ այցելեցին վերոհիշյալ և այլ նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված տասնյակ ընտանիքների և ցուցաբերեցին օգնություն, սննդի ու հագուստի տեսքով: Հիվանդ երեխաների ծնողները մեզ հայտնեցին, որ երեխաների վիճակը անհամեմատ լավ է և բուժումը տալիս է իր դրական արդյունքը: Այնուամենայնիվ չկա երաշխիք, որ նման հակահիգենիկ և անմխիթար պայմաններում հիվանդությունը չի կրկնվելու: Ստորև ներկայացնում ենք բարեգործական համատեղ ակցիայի և անօթևան տասնյակ ընտանիքների ապրելակերպը պատկերող, Նարեկ Թումասյանի լուսանկարային ռեպորտաժը՝ առանց մեկնաբանության:

Անկախ

Կնշվի Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) 39-ամյակը

ASALA_GERB_GUYNAVORԱյսօր՝ հունվարի 20-ին, ժամը 15.00, «Եռաբլուր» պանթեոնում ASALA-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին մարտիկները կնշեն կազմակերպության ստեղծման 39-ամյակը, տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։

39 տարի առաջ այս օրը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ կատարեց իր առաջին գործողությունը։ Այդ գրասենյակը կազմակերպում էր հայերի գաղթը Միջին Արևելքից դեպի ԱՄՆ։ Մինչև 2001 թվականը ASALA-ի կողմից տեղի է ունեցել ավելի քան 200 գործողություն, որոնց ընթացքում սպանվել են 42 թուրք դիվանագետներ։ Այս գործողությունների շնորհիվ է, որ 1986թ. Եվրամիությունը, հետագայում նաև այլ պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

Անկախ

Հրդեհ Առատաշեն գյուղում,կան տուժածներ

Հրդեհ Հունվարի 20-ին, ժամը 05.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռ. Բ-ին պատկանող վագոն-տնակում այրվել է երեսպատումը (3 քմ) և գույքը՝ մասամբ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Տուժածներ Ռ. Բ.-ը (ծնվ. 1942թ.) և Օ. Մ.-ը (ծնվ. 1959թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

 Անկախ

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով

արիության համարԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Այս մասին Անկախը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Տանը հրդեհ է բռնկվել էլեկտրական վառարանից. բնակիչները քնած են եղել

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ումՀունվարի 19-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 8/2 շենքի 10-րդ հարկում տուն է այրվում, իսկ 04.50-ին Այրվածքաբանության կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «դեմքի, վերջույթների թերմիկ այրվածք 2-րդ և 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1971 թ. ծնված Կարեն Չ.-ն` հայտնելով, որ գիշերը արթնանալով նկատել, որ տանը հրդեհ է բռնկվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանի այրման հետևանքով, երբ բնակիչները քնած են եղել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.00-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Մարդիկ պետք է արթնանան իրենց խորը քնից. Ակտիվիստ

1545857_419400308191273_500181477_n«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին` մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները,  ովքեր անտարբեր չեն պետք է միանան մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց անդամ Դավիթ Մանուկյանը:
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունն Ազատության Հրապարակում ժամանակ առ ժամանակ հավաք-երթեր է  անցկացնում:

Նախաձեռնության հավաքին են միացել նաև քաղաքական ոչ իշխանական չորս ուժեր՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», Բարգավաճ Հայաստան կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը:

«Դեմ! եմ»-ի անդամները խիստ կարևորում են հատկապես հարթակից ներքև գտնվող քաղաքացու մասնակցությունն այն պայքարին, որն առնչվում է յուրաքանչյուրին և մտնում յուրաքանչյուրի ընտանիք:

Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի օրենքի կիրառության մասին. հնարավոր է լինի կասեցման որոշում մինչև մարտի 28-ին ՍԴ վարույթում օրենքի սահմանադրականության քննարկումը:

Օրեր առաջ բողոքի հերթական ակցիայի՝ ավտոերթի մասնակիցներից շատերը հեռախոսազանգով հրավիրվում են ոստիկանություն. նախաձեռնության անդամները խնդրում են քաղաքացիներին զգոն լինել, գրանցել հեռախոսահամարը, ձայնագրել հեռախոսազրույցը, քանի որ ոստիկանությունը հերքում է այս իրողությունը:

«Անհրաժեշտ է պայքարել հանուն ազատության, մարդիկ պետք է արթնանան իրենց խորը քնից, ժամանակն է եկել ազատ ու արդար ապրելու, մենք չենք ուզում հավերժ-գերի լինել»,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Անուշ Ներսիսյանը:

Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ակցիաները չեն դադարելու. եթե Սահմանադրական դատարանը չարդարացրեց սպասելիքները, քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավելի բուռն են լինելու և շարունակական:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Ավտոպատահար Մարտունի -Ներքին Գետաշեն ավտոճանապարհին

ավտոպատահարՀունվարի 18-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի -Ներքին Գետաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TS 143 պետհամարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածներին, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Հակասահմանադրական այդ բաղադրիչը վերաբերում է ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածներին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու

կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմԱզատության հրապարակում մտքերով փոխանակվելուց հետո կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիները Աբովյան փողոցով երթով շարժվեցին դեպի հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով վերադարձան Ազատության հրապարակ: Աբովյան փողոցում պատուհաններից ոգեկոչումներով նրանց միացան շենքերի բնակիչները: Նշենք, որ մինչև երթի սկիզբը ոստիկաններըմոտեցան ակտիվիստներին` հորդորելով չխափանել երթևեկությունը և այդ դեպքում իրենք խոստանում են պահպանելակտիվիստների անվտանգությունը: Ոստիկաններն ու քաղաքացիները բանավոր խոստացան միմյանց չգնալ սադրանքների: Երթին մասնակցում էին ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածները, այլև մեծ թվով տարեց մարդիկ: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում հիշեցրեցին իրենց անունից ելույթ ունեցող կառավարության անդամներին, որ իրենք ևս դեմ են պարտադիր բաղադրիչին, քանի որ  «հակասահմանադրական այդ բաղադրիչը վերաբերում է ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածներին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»:

Մենք ենք տերը մեր երկրի.կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի հանրահավաքն ու երթը

ռուբեն հակյոբյանԱյսօր կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ «Դեմ ենք» շարժման և ԱԺ ընդդիմադիր 4խմբակցությունների կազմակերպած համատեղ բողոքի հանրահավաքն ու երթը: Բողոքի ակցիայի մասնակիցներըպահանջում էին Սահմանադրական դատարանում արդարացի քննություն կազմակերպել իրենց հայցի նկատմամբ ևճանաչել պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական: Ազատության հրապարակը լեփ լեցուն էր: «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկում էին բոլորը: Ազատության հրապարակում էին Սահմանադրական դատարանի  նախագահի ուսանողները, ովքեր գլխավերևում էին պահել պաստառ հետևյալ բովանդակությամբ. «Ապացուցեք մեզ, որ ձեր դասախոսությունները սուտ չեն եղել»:

Ակտիվիստներից Գևորգ Գորգիսյանը ելույթի իր պահին հայտարարեց, որ այդ կառավարությունն է ստիպել, դրդել ժողովրդին դուրս գալ փողոց: Նա շեշտեց օրվա կարևորությունը, ապա հավելեց. «Նրանք դրդեցին մեզ ինքնակազմակերպվել և ինքնակրթվել, և այսօր մենք հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր ապագային: 20-րդ դարը սկսվեց և ավարտվեց պայքարով: Նախ մեր պապերը պայքարեցին Սուլթան համիդյան, ապա երիտթուրքական, իսկ հետո նաև ստալինյան բռնատիրության դեմ: Այսօր մենք հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր երկրին»:

Ելույթներով հանդես եկան նաև կազմակերպիչ 4 խմբակցությունների ներկայացուցիչները:

արծիկ մինասյան«Մենք գտնում ենք, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, սա մեր միասնական պայքարի սկիզբն է, մենք կարող ենք հաղթել միայն մեր միասնության շնորհիվ: Այս միասնականությամբ էլ մենք պետք է պայքարենք նաև գազի պայմանագրի դեմ: Գնաճի տեմպերի ֆոնին առաջարկվում է նաև այս արատավոր համակարգը: Մենք մեր միասնականության շնորհիվ կարող ենք պայքարել և մեր կամքը պարտադրել այս իշխանություններին: Սահմանադրական Դատարանը մինչև հունվարի25-ը պետք է քննի օրենքի կասեցումը: Անկախ Սահմանադրական Դատարանի որոշումից, մենք պայքարը տանելու ենք մինչև վերջ, ապացուցելու ենք, որ հաղթել է մեր կամքը»,- ելույթի իր տեքստում ասաց Արծվիկ Մինասյանը:

նաիրա զորհաբյան«Ուժի մեջ է մտել պետական ռեկետի, գանձագողության, գրպանահատության մասին օրենքը», –հայտարարեց ՆաիրաԶոհրաբյանը` շեշտելով, որ իրականության չեն համապատասխանում իշխանության հավաստիացումները, որ օրենքը բխում է ՀՀ քաղաքացու շահերից. «Այն բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Ահա, թե ինչու իշխանության ներկայացուցիչներից մեկը հստակ հայտարարեց, որ իրենց չի հետաքրքրում դուք հավատում եք, որ մեծ տարիքում կստանաք արժանապատիվ թոշակ, թե` ոչ, հիմա փող է անհրաժեշտ,և բոլորդ պարտավոր եք ձեր ներդրումն ունենալ: Այսօր Սահմանադրական դատարանը վերջին հնարավորությունն ունի ապացուցելու, որ ծառայում է ոչ թե իշխանական կլանին, այլ ՀՀ սահմանադրությանը և քաղաքացուն: Մենք գտնում ենք, որ  այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, սա մեր միասնական պայքարի սկիզբն է, և մենք կարող ենք հաղթել մեր  միասնության շնորհիվ», – եզրափակեց նա:

«Արդյոք մենք կարո՞ղ ենք վստահել այս պետությանը: Հայաստանում կա՞ որևէ միամիտ, ով կարծում է, որ կուտակային ֆոնդերի կառավարիչները բարեխիղճ են և նրանց կարելի վստահել մեր գումարները: Նրանք սովորական բանդիտներ են,որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը: Համաշխարհային բանկի վերջին տվյալներով`Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 5 մլրդ դոլար: Հիմա ուզում են, որ մենք երկիր թալանողներին վստահե՞նք մեր գումարները: Կուտակային վճարումները հերթական գործիքն են, իբր քիչէր փոքր և միջին բիզնեսի ջախջախումը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, արագաչափերի, կարմիր կետագծերի կիրառումը, հիմա էլ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Եկել է այս իշխանության` ժողովրդին  հաշիվ տալու ժամանակը: Եկել է իշխանություններից հաշիվ պահանջելու ժամանակը»,- իր խոսքում շեշտեց ԼևոնԶուրաբյանը:

Իսկ Ռուբեն Հակոբյանը իր ելույթում ասաց. «Եթե համակարգը ներդրվի, ամեն տարի 50 մլրդի չափով գումար է կուտակվելու այդ ֆոնդերում, որոնք դուրս են հանվելու Հայաստանից: Աշխատատեղեր չեն ստեղծվելու, սոցիալական խնդիրներ չենլուծվելու, այդ գումարները չեն նպաստելու մանր և միջին բիզնեսի զարգացմանը: Քանի դեռ իշխանությունը չի գիտակցում,որ ժողովուրդը ծանր վիճակում է, այդ հարթակը մեզ է մնում»:

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 18–ին` ժամը 17.30–ի  դրությամբ, հանրապետությունում տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության   լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: