Նոյեմբերի 26-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել և ծուխ է նկատվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.20-ին, 1988 թ. ծնված Աննա Ռ.-ին պատկանող բնակարանում, գազի արտահոսքի և հոսանքի կարճ միացման հետևանքով, պայթյուն է տեղի ունեցել, որից վնասվել են բնակարանի պատուհանների ապակիները և հյուրասենյակի միջնապատը:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները կընդլայնեն համագործակցությունը Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ:
Ողջունելով Երևանից ժամանած գործընկերոջը՝ Վլադիսլավ Բազանչուկը մասնավորապես նշել է, որ, առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև դինամիկ զարգացող և տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները, առավել քան ամուր հիմք են ստեղծում քաղաքաների վարչական միավորների միջև ևս հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը նկատել է, որ 2005-2006 թվականներին Մոսկվայի և Երևանի վարչական շրջանների միջև ծավալած փոխգործունեության շրջանակում արդեն իսկ կյանքի են կոչվել տնտեսական, սոցիալական, ինչպես նաև կրթական ուղղվածության մի շարք ծրագրեր և սույնը հաշվի առնելով վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը կլինի արդյունավետ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Ֆուերի հետ հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու առկա համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրերի ծավալները: Կողմերը մասնավորապես պայմանավորվել են գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի թիվ 8 և Մոսկվայի թիվ 1305 դպրոցների միջև փորձի փոխանակման ծրագիրը կյանքի կոչելու հարցում:
Հանդիպումների շրջանակում Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները գործընկերների հետ քննարկել են նաև տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու այդ համատեքստում կարևորել Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի կողմից ստորագրվելիք Երևան-Մոսկվա 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով նախատեսված վարչական երկու շրջանների համագործակցության նոր հնարավորությունները:
Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության ծրագրի ստորագրումից հետո առավել կհստակեցվեն գործակցության ուղղություններն ու, ըստ այդմ, կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«ՀԿԵ» ՓԲԸ երկու աշխատակիցներն արժանացել են ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի պատվոգրերի
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկու աշխատակիցները Կիշնևում նոյեմբերի 19-20-ին կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 59-րդ նիստի ժամանակ արժանացել են խորհրդի պատվոգրերին:
Պատվոգրերը շնորհվեցին «ՀԿԵ» ՓԲԸ Տեղեկատվահաշվողական կենտրոնի արտադրական բաժնի պետ Նելլի Շուշանյանին ու վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Արմեն Առաքելյանին՝ փոխադրման գործընթացում երկաթուղիների համագործակցության և համատեղ աշխատանքի ամրապնդման ունեցած ներդրման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և միջազգային հաղորդակցությունում երկաթուղային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի ապահովման համար:
Ոստիկանությունը Գյումրիում տարածք է ուզում
Վերջին շրջանում ոստիկանությունը Գյումրիում, կարծես, անընդհատ տարածքի կարիք ունի: Այս նպատակով կառավարության ղեկավարն անձամբ էր եկել Գյումրի, ուսումնասիրել մի քանի շենքեր: Խոսքը պետական սեփականություն համարվող վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքի, քաղաքապետարանի նախկին շենքի, որ այժմ օգտագործվում է տրանսպորտի պետական տեսչության և չափագիտության ազգային ինստիտուտի Գյումրու տարածքային բաժնի կողմից և երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի նորակառույց շենքերի մասին է:
“Մենք այստեղ ունենք պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություններ: Եվ հիմա խնդիր էդրված, որպեսզի դրանք օպտիմալ կառավարենք: Ունենք պետական գերատեսչություններ, որոնք տարածքները վարձակալում են, այն դեպքում, երբ մենք պետք է շահագործենք նոր պետական տարածքներ: Խնդիր էդրվում, որպեսզի նրանք վարձակալած տարածքներից դուրս գան, տեղափոխվեն պետական տարածքներ: Դրա համար անհրաժեշտ է որպեսզի մենք հասկանանք`որոնք են այդ տեղաբաշխումների լավագույն տարբերակները: Այդ թվում, նաև գոյություն ունի ոստիկանության տեղաբաշխման խնդիրը: Գյումրի քաղաքում տեղակայված ոստիկանությունն այս պահին զբաղենում է չորս տարածք և ցրված է տարբեր տեղերում, ընդ որում, մի մասը` վարձակալությամբ, մի մասի տարածքները հարմար չեն” Հիմա գնահատումենք, թե ոստիկանությանհամար ամենանպատակահարմար տարածքը որը կարող է լինել”, – նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղեկանալով կառավարության ղեկավարի այցի մասին` չափագիտության կենտրոնի աշխատակիցները հավաքվել էին շենքի բակում և իրենց անհամաձայնությունն էին հայտնում` ատարծքն ազատլու առումով: Սակայն վարչապետը լրագրողներին փոխանցեց, որ այս շենքը, մնալու է ինստիտուտին:
Հավելենք, որ Գյումրու ավագանու նոյեմբերի 12-ի նիստում որոշվել էր համայնքային սեփականությունը հանդիսացող Պարույր Սևակ փողոց 8 շենք, 1/1 հասցեում գտնվող 352.1քմ տարածքը ոստիկանությանն անհատույց օգտագործման տալ: Այս նախագծին դեմ էր արտահայտվել ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը` նշելով. “ՀՀ այս տարվա բյուջեն նախատեսել է ոստիկանության համար ծախսել 27 միլիարդ 861 մլն 927 հազար դրամ: Մեր քաղաքում կա 4000-ից ավել անօթևան ընտանիք, ես ուղղակի աննպատակահարմար եմ համարում էս տեսակ բյուջեով ոստիկանությանը մեր քաղաքի սուղ միջոցներից անհատույց տրամադրել այդպիսի հսկա մակերես: Առաջարկում եմ բանակցություններ վարել վարձակալման հնարավոր եղանակի համար և որոշակի գումար ներմուծել համայնքի բյուջե: Գտնում եմ, որ շատ անարդարացի է մեր քաղաքի պայմաններում ոստիկանությանը նման տարածք տրամադրելը: Չեմ ասում, թե ոստիկանությանն ընդհանրապես տարածք չտանք, այլ համայնքի գույքն արդյունավետ օգտագործենք, կարելի է դրանով գումար բերել բյուջե` գոնե խորհրանշական գումարով վարձով տրամադրելն ավելի արդարացի է”:
Սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանն այլ դիրքորոշում հայտնեց.“ Քանի որ “Անի” թաղամասում պետք է ոչ միայն պարեկային, նաև այլ ծառայություններ լինեն, հիմա չեմ ուզում հրապարակել, դրա հետ կապված, ես գտնում եմ, որ պետք է անհատույց տրամադրենք, որպեսզի էնտեղ ծառայություն կարողանանք իրականացնել
Շահագրգիռ քննարկում Հանրային խորհրդում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ
Նոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ:
Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը, թե ինչո՞ւ խնդիրը դրվեց հիմա, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է և անկայուն, ուստի երկարաժամկետ նախագծեր կազմելը վտանգավոր է, Հայաստանում կա սոցիալական լարվածություն, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ կա մեծ անորոշություն:
Նա մտահոգիչ է համարել նաև շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում և 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրս հանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:
ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որը միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների կողմից կատարված քննարկումների արդյունքները, ըստ որի մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես ունի բարեփոխման կարիք, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլև նոր խնդիրներ են ի հայտ գալիս:
Ըստ պատգամավորի՝ այդ մոդելով ժամանակին շատ երկրներ են ոգևորվել, սակայն աստիճանաբար սկսել են հետ կանգնել՝ հասկանալով, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:
Արծվիկ Մինասյանը պարտադիր կուտակային համակարգի փոխարեն առաջարկել է պայմանական կուտակային մոդելը, որը գործում է շատ երկրներում. հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ, ստեղծում աշխատատեղեր՝ մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը որպես կենտրոնացված բյուջեի քաղաքականություն: Պայմանական կուտակային մոդելի դեպքում ապահովվում է նաև արդարության սկզբունքը. եթե մեկը, օրինակ, վճարել է հազար դրամ, մյուսը՝ հարյուր, ապա թոշակի անցնելու ժամանակ ամեն մեկը ստանալու է իր վճարածին համարժեք գումար:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը հինգ տոկոսով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշակի անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնաշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողներիի համար գործել է կամավորության սկզբունքը:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:
Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք գտնում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:
Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:
Նա նաև նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝՝ հանրության 51 տոկոսը դրական է վերաբերում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջվա հարցումների արդյունքներ, որոնք տեղադրված են նաև կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը մեկուկես տոկոսը:
Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:
Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարևորել է կողմերի տեսակետները լսելու և հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաև ՀԽ լիագումար նիստի ժամանակ և հայտնելու է իր դիրքորոշումը:
Մայրապետյանին կվաճառվեն Սիրահարների այգու և Պռոշյան, Դեմիրճյան փողոցների հարակից տարածքները

Երևանի Պռոշյան, Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ: Նման որոշման նախագիծ է ներառված Կառավարության առաջիկա` նոյեմբերի 28-ին նախանշված նիստի օրակարգում,հաղորդում է Փաստինֆոն:
Հիշյալ հատվածում առկա բոլոր շենք-շինություններն ու հողատարածքները կառավարությունը մտադիր է օտարել «հաuարակության և պետության կարիքների համար» ձևակերպմամբ:
Կառավարությունը գտնում է, որ «նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ»:
Իսկ գերակայում է, քանի որ տվյալ տեղանքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ «Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում»: Նախագծից պարզ է դառնում նաև, որ կառուցապատման ծրագրերով uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ և, իհարկե, «առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդ»:
Ի դեպ, նշենք որ օտարվեղ նոր տարածքները կառուցապատման իրավունքով տրամադրվելու են «Լոկալ Դիվելոփըրզ» կազմակերպությանը, որն արդեն իսկ հայտնի է մայրաքաղաքում նմանատիպ ծրագրերի իրականացմամբ: Բավական է հիշել դեռևս 2008թ-ին կառավարության կողմից գերակա շահ ճանաչված Պուշկինի 2 հասցեի հիներևանյան շենքը, կամ Պուշկին 38 հասցեում բնակելի շենքերով շրջապատված բակը, որտեղ այս ընկերությունը 2009թ-ին նոր շենք կառուցելու թույլտվություն ստացավ: Իսկ վերջին այսօրինակ նվերը «Լոկալ Դիվելոփըրզ»-ին կառավարությունն արել էր այս տարվա օգոստոսին` Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելով, և դրանք ևս կառուցապատման իրավունքով, հանձնելով նույն ընկերությանը:
Եվ ահա, այս ծրագրերը դեռ չիրականացրած, կառավարությունը նույն ընկերությանը հիմա էլ նոր տարածք է տրամադրում:
Հիշեցնենք, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են գործարար Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Քննարկվել են մայրաքաղաքում հեծանվային նոր երթուղիների գործարկմանն առնչվող հարցեր
Մայրաքաղաքում նոր հեծանվուղիների ստեղծման հեռանկարն է քննարկվել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, հեծանվորդներ ու նախաձեռնող խմբի այլ անդամներ: Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշվի առնելով հեծանվորդների պարբերական աճը մայրաքաղաքում, ինչպես նաև հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործելու հնարավորությունը, քաղաքապետարանը, հետամուտ լինելով առկա պահանջարկի բավարարմանը, առաջիկա տարիներին նոր հեծանվային արահետներ կգործարկի մայրաքաղաքում: Քաղաքականությունը հետևյալն է. ստեղծել հիմնական երթուղիներ, որոնք հետագայում կճյուղավորվեն: Դրանցից մեկն անցյալ տարի շահագործման էր հանձնվել Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև «Օղակաձև» զբոսայգու Մոսկովյան փողոցն ընկած հատվածը: Այս համատեքստում 2014 թվականի գարնանն արդեն կնշագծվի ու համապատասխան ճանապարհային նշաններով կհագեցվի Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հատվածից մինչև Էրեբունի փողոցի <<Էրեբունի>> թանգարանն ընկած հատվածը: Երթուղին կլինի և զբոսաշրջային, և տրանսպորտային: Մինչ այդ աշխատանքային խումբը 10 օրվա ընթացքում տեղում ուսումնասիրություններ կկատարի`ճանապարհը հատվածաբար անցնելով ոտքով և հեծանիվներով: Այնուհետ ճանապարհային ոստիկանության հետ կհաստատվի նախագիծը`գարնանը այն կյանքի կոչելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տաքսու ոլորտի բարեփոխումներն ուղղված են կամայականությունները բացառելուն
«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին մամլո ասուլիս էր նախաձեռնել, որի ընթացքում իր կողմից բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ:
Այդ հարցադրումները հիմնականում առնչվում էին Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին:
Ընդառաջելով հենց մամլո ասուլիսի ընթացքում Տիգրան Հովհաննիսյանի կողմից հնչեցված հեռախոսային խնդրանքին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստակամություն հայտնեց ասուլիսից անմիջապես հետո ընդունել և լսել ինչպես խնդիրներ ունեցող տաքսու վարորդներին, այնպես էլ նրանց ուղղորդող ՀԿ նախագահին: Վերջիններս հանդիպմանը ներկայացան շուրջ կես ժամ ուշացումով:
Նախարարն ընդգծեց, որ հավասար դաշտի պայմանները լինելու են բոլորի համար և շատ պարզեցված:
«Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ բոլոր տաքսի վարորդների համար կլինի հավասար դաշտի պայմաններ»,-նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական բարեփոխումների փաթեթին, ապա, ըստ Գագիկ Բեգլարյանի, դրանով փորձ է արվել կանոնակարգել ոլորտում խնդիրներ առաջացնող իրավահարաբերությունները, տաքսու վարորդների համար ստեղծել գործունեության հավասար դաշտ և պայմաններ: Ընդ որում, ամբողջ այդ գործընթացն իրականացվել է նախևառաջ տաքսու վարորդների շահերից ելնելով, ինչպես նաև հիմնվելով նրանց առաջարկությունների և կարծիքների վրա:
Ի դեպ, հենց հանդիպման ընթացքում «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդունեց, որ իր իսկ կողմից հնչեցված հարցերի գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, և որ ինքը չի դիմել իրավասու կառույցներին տաքսու վարորդների խնդիրները լուծելու համար: Ավելին, նա խոստովանեց, որ մասնավորապես ավտոկայանատեղիների խնդրով ընդամենը մեկ անգամ են դիմել իրավասու մարմնին, և խնդիրը լուծում է ստացել: Նա նաև ակնկալեց նախարարի աջակցությունը վարորդներին հուզող խնդիրների լուծման հարցում, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վարորդներին սխալ ուղղորդելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին:
Վարորդների շահերի պաշտպանության «Փարոս» ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, անդրադառնալով ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը, իր ներկայացրած կազմակերպության մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց նախարարին իրենց մտահոգող խնդիրներին համակողմանի անդրադառնալու և դրանց համապատասխան օրենսդրական լուծում տալու նախաձեռնության համար: Նա ևս կարևորեց բոլոր վարորդների համար միևնույն՝ հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն էլ վերջ կտա անհիմն շահարկումներին:
Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների, և ամեն ինչ անում է, որպեսզի բացառվեն կամայականությունները, և բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Վարչապետը Գյումրին փակ քաղաք դարձնելու ու Պուտինի այցի մասին
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ծրագրերով է Հայաստան գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և ինչպես նա, որպես վարչապետ, մեկնաբանում այն լուրերը, որ Գյումրին վերածվելու է փակ քաղաքի:
“Փակ քաղաքի՞, – զարմացավ Տիգրան Սարգսյանը: – Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքը եղել է ու կմնա: Այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու, իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցելությանը Գյումրի, ապա մենք շատ ուրախ ենք, որ ոչ միայն Երևան է այցելելու Պուտինը, այլ նաև Գյումրի: Երկրորդը. միշտ էլ նկատած կլինեք, որ երբ բարձրաստիճան պաշտոնատար անձիք են այցելում Հայաստան, բնականաբար, մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն, մեր հարաբերություններն ընդլայնեն ու խորանան, և մենք համոզված եք, որ նման այցելությունները նպաստում են մեր բարեկամական կապերի ամրապնդմանը: Եվ այս այցելությունը հենց այդպիսին կլինի: Համոզված եմ, դա մեր ժողովրդի շահերից է բխում, նաև` գյումրեցիների շահերից”:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ բացի Վլադիմիր Պուտինից, այդ օրը Գյումրի են այցելելու բազմաթիվ հյուրեր ՌԴ-ից. “Մենք պատրաստվում ենք ֆորումի, նաև ՌԴ-ից այցելելու են տարբեր մարզերի ղեկավարներ, և հիշում եք, անցյալ տարի մենք անցկացրեցինք ռեգիոնալ ֆորում, այս տարի նույնպես այդպիսի ֆորում ենք անցկացնելու, որպեսզի Ռուսաստանի մարզերը հնարավորություն ունենան ավելի լավ ծանոթանալ մեր մարզերի կարողությունների հետ և այդ հիմքի վրա մշակեն համատեղ ծրագրեր, ներդրումային ծրագրեր, առևտրաշրջանառությունն ավելացնելու, նոր ձեռնարկություններ հիմնելու: Այնպես որ, սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայկական բիզնեսն իր կարողությունները ներկայացնի իր ռուս գործընկերներին, ցույց տա Հայաստանի ներդրումային գրավչությունը և նոր ներդրումներ գրավի, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից”, – Գյումրիում նշեց վարչապետը:
Վարչապետը շրջել է Գյումրու շենք-շինություններում
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա քաղաքաշինության նախարարի, Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի, և այլ պաշտոնատար անձանց հետ շրջայց կատարեց քաղաքի մի քանի շինություններ: Վարչապետը ծանոթացավ Գյումրու տեխնոպարկի շենքի շինարարությանը, եղավ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքում, չափագիտության ազգային ստանդարտների լաբորատորիայի (քաղաքապետարանի նախկին շենք), ազգային վիճակագրական ծառայության մարզային գրասենյակում, “Սամարիթեր” հիվանդանոցում:
Հիշյալ շենքերի ուսումնասիրության և այցի նպատակների մասին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում է. “Որպեսզի պետական ծառայությունները ռեացիոնալ բաշխվեն քաղաքում, հասանելի լինեն մեր քաղաքացիներին, հարմարավետ լինեն: Դրա համար նայում ենք բոլոր տարածքները և այնպես դասավորենք, որ տարբեր պետական գերատեսչություններ հարմարավետ կարողանան տեղակայվեն. պետք է օպտիմալ լուծումներ գտնենք”:
Քանի որ Գյումրու մի քանի շենք-շինություններ համարվում են պետական սեփականություն, այդ թվում վերը նշված տեղանքները, իսկ մի շարք պետական գերատեսչություններ աշխատում են վարձակալական տարածքներում, կառավարությունը ձեռնամուխ է եղել ի մի բերել սեփական տարածքներն ու դրանք համապատասխան բաշխեն իր ենթակայության տակ գտնվող կառույցների միջև:
Մասնավորաբար, մասնագետների հետ քննարկում էին, թե ո՞րն է ավելի ձեռնտու` վերանորոգել եղած շենքերը, թե հիմքից կառուցել նորը:
“Ունենք պետական գերատեսչություններ, որոնք տարածքները վարձակալում են, այն դեպքում, երբ պետք է մենք շահագործման հանձնենք պետական տարածքներ: Նույնպես խնդիր է դրվում, որպեսզի նրանք դուրս գան վարձակալական տարածքներից, տեղափոխվեն պետական տարածքներ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մենք հասկանանք, թե այս պահի դրությամբ այդ տեղաբաշխումների լավագույն տարբերակները որոնք են”, իր խոսքում նշեց վարչապետը:
Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչներին
Նոյեմբերի 25-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Նեվինգ Ռադսկջայերին, քաղաքական երկխոսության հարցերի պատասխանատու Ջաֆար Ուսմանովին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի ազգային պատասխանատու Ռուզաննա Բաղդասարյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Ելենա Վարդանյանը:
Ինչպես նշել է Ջաֆար Ուսմանովը, իրենք ցանկանում են ծանոթանալ Հայաստանի Հանրային խորհրդի գործունեությանը Տաջիկստանում նմանատիպ կառույցի գործունեությունը վերաիմաստավորելու և արդյունավետ դարձնելու նպատակով:
Ուսմանովի խոսքով՝ դեռևս 1996 թվականից իրենց երկրում գործում է Սոցիալական գործընկերության ակումբը, սակայն դրա հիմնական նպատակը իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների միջև համագործակցության խթանումն ու զարգացումն է: Բացի այդ, կառույցը գոյատևում է ԵԱՀԿ կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի Հանրային խորհրդի ստեղծման պատմությունը, նպատակները, կառուցվածքը, գործունեության ոլորտները, ՀԽ անդամ դառնալու կարգը և այլ մանրամասներ:
Նա նշել է, որ ի տարբերություն Տաջիկստանում գործող կառույցի, Հայաստանում ՀԽ գործունեության մեջ չկան քաղաքական կազմակերպություններ, խորհուրդը քաղաքականացված չէ, և գլխավոր նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդելու իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, հաշվի նստելու հասարակական կարծիքի հետ:
Մանուկյանը հայտնել է, որ ՀՀ Հանրային խորհուրդը 2009 թվականից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր, նաև մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի և Հունաստանի հետ կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագրեր: Նա նշել է, որ միջազգային կապերը մեծ դեր ունեն նմանատիպ կառույցի գործունեության համար:
ՀԽ նախագահը հյուրերին նաև տեղեկացրել է, որ մշակման փուլում է գտնվում Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը, որն առաջիկա ամիսներին պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը, ինչն առավել կամրապնդի ՀԽ դերը և կբարձրացնի կառույցի գործունեության արդյունավետությունը:
Հյուրերը նշել են, որ տպավորված են ՀԽ աշխատանքներից և գործունեության ոլորտների բազմազանությունից: Ջաֆար Ուսմանովը ցավով նկատել է, որ առայժմ Տաջիկստանում չլուծված են մնում իրենց կառույցի կարգավիճակին, նպատակներին, արդյունավետությանը վերաբերող շատ հարցեր:
Մանուկյանը խորհուրդ է տվել կառույցի վերաձևավորման հիմքում դնել քաղաքացիական հասարակության դերի բարձրացումն ու հասարակություն-իշխանություն երկխոսությունը: Նա կարևորել է նաև միջազգային կառույցներին անդամակցելու հարցը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ ու հետաքրքիր զրույցի համար՝ նշելով, որ փորձի փոխանակման նպատակով դեռևս առիթներ կունենան համագործակցելու Հայաստանի Հանրային խորհրդի հետ:
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և մառախուղ
Հանրապետության տարածքում`Նոյեմբերի 27-ի գիշերը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 27-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-28-ին ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.10C (1943թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.00C (1953թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.90C
Գազի բալոնը պայթել է, բայց հրդեհ չի բռնկվել
Նոյեմբերի 26-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկից լսվել է պայթյունի ձայն և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ 16-րդ թաղամասի թիվ 34 շենքի 89-րդ բնակարանում 20կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն, առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:
Ըստ թիվ 89 և թիվ 96 բնակարանների բնակիչների` պայթյունի հետևանքով երկու բնակարանների հյուրասենյակների ընդհանուր պատին առաջացել է մոտ 5 մետր երկարությամբ ճաք:
Ավտոպատահար Նորատուս գյուղում `5 վիրավոր
Նոյեմբերի 26-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նորատուս գյուղի մոտ, “Սուզուկի Վիտառա” մակնիշի 519313 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա հողամասը:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ` 1985թ. ծնված Ա. Խ.-ին և ուղևորներ՝ 1995 թ. ծնված Ա. Խ.-ին, 1967թ. ծնված Գ. Խ.-ին, 1986 թ. ծնված Ա. Ս.-ին, 1978 թ. ծնված Ա. Ղ.-ին տեղափոխել են Գավառի ԲԿ, որտեղ վարորդը` ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Բժիշկները 1995 թ. ծնված Ա. Խ.-ի վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար:
Յոթ պատահար հանրապետության ավտոճանապարհներին`ինը վիրավոր
Նոյեմբերի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օշական գյուղի «Ձախ ափ» կոչվող թաղամասի ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոր Խարբերդում «Աուդի» է այրվել
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.10-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցի թիվ 63/Ա տան դիմաց ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1981 թ. ծնված Սերոբ Շ.-ին պատկանող «Աուդի 80» մակնիշի ավտոմեքենան:
Հանգամանքները պարզվում են:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչություն:
ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը
Նոյեմբերի 25-ին արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:
Միջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց.
«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը:
Հայաստանը ակտիվ և արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարևոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում:
Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ: Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Տեղական շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահները, Մարդու իրավունքների հանձնակատարը:
Հայաստանի նախագահության ծրագրում ընդգրկվեցին երեք տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք կառուցված էին նախագահության հիմնական առաջնայնությունների շուրջ:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը խորհրդանշող փոստային նամականիշի մարման արարողությունն ամփոփում է նախատեսված միջոցառումների շարքը՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը դարձնելով մնայուն խորհրդանիշ: Philatelia-ն, ինչպես գիտեք, ծագում է հունարեն philos – «ընկեր, բարեկամ» և ateleia «անկեղծ, ազատ» արմատներից: Ես կցանկանայի, որ Հայաստանի նախագահության խորհրդանշանով դրոշմանիշերը շարունակեին տարածել Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող համամարդկային արժեքներն ու սկզբունքները, որոնց նպատակը մարդու ազատությունն է, մարդկանց հավասարությունը, փոխըմբռնումը, երկխոսությունն ու բարեկամությունը:»
Սա տհասության արդյունք է, նրանք չգիտեն՝ քանդակն ինչ բան է. Լեւոն Թոքմաջյանը՝ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների դժգոհության մասին
Առաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարը դարձնեն քննարկման առարկա, դրանով նրանք ցեխ են շպրտում Ֆլորայի վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆլորա Մարտիրոսյանի արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ անդրադառնալով Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե արձանի շուրջ բարձրացած աղմուկի ու հարազատների դժգոհության մասին,հաղորդում է news.am-ը:
Նա նշեց, որ քանդակի ստեղծման ամբողջ ընթացքում ինքը կապի մեջ է եղել երգչուհու ընտանիքի հետ, աշխատանքի բոլոր փուլերում երգչուհու Հայաստանում գտնվող եղբայրը եւ նրա ընտանիքը ներկա են եղել բոլոր տարբերակներին, լուծումներին։ «Սկզբից ցանկանում էի նրան պատկերել երգելուց, բայց դա չընդունեցին, ասացին, որ ցանկանում են, որ լուսանկարին մոտ լինի: Ամերիկայից ընկերուհիները եկան, տեսան, իրարամերժ տեսակետներ էին հայտում, մեկը ասում էր, կարող ենք այնպես անել, որ գանք, ձեռ տանք քարին եւ իր երգը հնչի, բայց դա քանդակագործության հետ կապ չունի, տեխնիկական հարց է։ Լուսանկարը քանդակից տարբեր է, ես ուզում էի հասնել իրականությանը, այնպիսին, ինչպիսին տեսել եմ, ինչպիսին կա Ֆլորան»,- ասաց քանդակագործը։
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերին, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, հարազատները եկան, տեսան եւ ոչինչ չասացին, «հաշտվել էին, որ պետք է պահպանեմ Ֆլորայի ծիծաղը»։
Լեւոն Թոքմաջյանի փոխանցմամբ՝ սա մահարձան, որը նեղ ընտանիքի քմահաճույքն է, «ամեն մի քանդակում աշխատել եմ դնել սիմվոլիկա, պոեզիա, ոչ թե լուսանկարչություն»։ Սեպտեմբերին խնդրեցին քանդակագործին, որ քանդակը տեղափոխեն, այդպես էլ եղավ, ընտանիքի անդամները մեքենա բերեցին եւ քանդակը տեղափոխեցին, երեք ամիսը քանդակը գտնվում էր քաղաքային Պանթեոնում՝ երգչուհու շիրիմի վրա, ու հանկարծ այս օրերին սկսեցին քննարկումներ։
«Քրոջ ընտանիքը եւ ամուսինը իրարամերժ են, քրոջ ընտանիքը ասում էր, որ մենք քեզ ճանաչում ենք, պետք է ազատ աշխատես, ամուսինը գտնում էր, որ ես լուսանկարչություն անեմ։ Ամուսնու կողմից մեղադրանք կա, որ սա Ֆլորան չէ, հարց է առաջանում՝ միթե սա պղծում չէ Ֆլորայի հիշատակին, փոխանակ գային, ծաղիկ դնեին, հավերժացնեին նրա հիշատակը, գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի։ Ես ամեն ինչ արել եմ, որ ստանամ իրական Ֆլորան, բայց սա ինչ-որ ընտանեկան տարաձայնությունների արդյունք է, այս աշխատանքը արժանի է գնահատման եւ պետք է իմ աչքերով նայեն Ֆլորային։ Ես մի անգամ ասել եմ, եթե շատ էիք ուզում լուսանկար լիներ, փայլեցված քարի երեսին նկարը դնում են եւ ծեծում են, նույնիսկ եթե Միքելանջելոն արթանար, չէր կարող այս գունագեղ նկարից ստանար Ֆլորային։ Առանց ամաչելու ամուսինը օվկիանոսից այն կողմ ինձ դասեր է տալիս, մի արվեստագետի, որ ամբողջ աշխարհում ինձ ճանաչում են, Ամերիկայից ինձ դասեր են տալիս եւ հրահանգներ են տալիս»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը։
Հարազատների դժգոհությունները, թե քանդակը նախնական պայմանավորված գումարից ավել գումար է ուզել, սկզբից պայմանավորվել էին, որ քանդակը լիներ մեկ քարից, բայց հետո այն դարձավ երկու քարից, Լեւոն Թոքմաջյանը այսպես պատասխանեց. «Ես իմ պայմանավորված գումարից ավել չեմ ուզել, նույնիսկ ինձ կոպեկներ են մնացել, սկզբից պատվիրատուն քրոջ ընտանիքն էր, ինձ ասացին ամուսնու հետ գործ չունես։ Պայմանավորվել էինք բյուստ, բայց երբ տեսա, որ մի ամբողջական քար չի տեղավորվում Ֆլորայի ծավալների մեջ, պայմանավորվեցինք երկու քարով։ Ընտանիքի անդամները եկան, վերցրին պատվանդանը, տարան պալիրովկա արեցին, բերեցին, վրան կապույտ բաներ առաջացան, ասացին, թե բա ինչի են կապույտ բծեր առաջացել, բայց մարմար է չէ՞, հնարավոր է նման բան։ Իրենց ասածները անիմն են,ես փող չեմ ավելացրել, իրենք տեղյակ էին, որ պետք է երկու կտորից լինի։ Երբ ես իմացա որ պատվիրատուն փոխվում է, ես գիտեի, որ ամուսինը քմահաճ մարդ է, հրաժարվում էի, ընտանիքը խնդրեց շարունակել, նկարները ուղարկում էի ամեն էտապում, փոքր դիտողություններ արեցին, եթե համաձայն չէին, ինչի՞ երեք ամսի շուտ եկան տարան։ Սա տհասության արդյունք է, նրանք չեն իմանում քանդակն ինչ բան է,սա տգիտության արդյունք եմ համարում, ուզում էին լուսանկարը լիներ, բայց ես չէի կարող մարմարը ներկել աչքերի մոտ կապույտ քսել, ինքը պարիկ էր դնում»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը։
Քանդակագործը նշեց, որ գոհ է իր քանդակից, եւ իր համար զարմանալի է, թե ինչի այս աղմուկը առաջացավ քանդակի տեղադրումից երեք ամիս հետո։ Նա կարծիք հայտնեց, որ հակասություն կա Ֆլորա Մարտիրոսյանի եւ նրա քրոջ ընտանիքների միջեւ։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:
Միջազգային կազմակերպոթյունները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը
Կանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում:
Մենք մեծապես ողջունում ենք Կանանց հարցերով խորհրդի վճռականությունը` հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության` գենդերային հավասարությանն առնչվող միջազգային իր պարտավորություններին, ներառյալ “Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման” ՄԱԿ-ի կոնվենցիան, որի ստորագրող կողմ է հանդիսանում Հայաստանը դեռևս 1993թ.-ից: Մենք խրախուսում ենք նաև Հայաստանի կողմից “Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման” Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրումը:
Բացի այդ, մենք աջակցում ենք նաև Խորհրդի կոչը` երաշխավորելու <<Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ>> օրենքի արդյունավետ կիրառումը:
Ինչպես նաև, մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է` ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերայի հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների և կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները:
Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության` օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պայմանավորված դրույթների և պարտավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը` լինելով այդ փաստաթղթերի ստրագրող կողմ:
Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման անկյունաքարը: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, և խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում:
Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին, 10 մարդ հիվանդանոցում է
Նոյեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի պողոտայի և Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 24-ին, ժամը 22.15-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 43 շենքի մոտ բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին` Բերդավան գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 08.35-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին «Ֆոլկսվագեն-LT» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 170-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

