Քամին արևելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-24-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Նոյեմբերի 22-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-24-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Նոյեմբերի 22-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին «Նովոստի Ամենիա» մամուլի ակումբում կազմակերպվեց «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկումը:
«Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Մերի Թադևոսյանը խոսեց ծխելու բացասական ազդեցության մասին հղիության ընթացքի և պտղի առողջության վրա ու շեշտեց. «Հնարավոր գործոններից մեկը, որը կարող է ազդել փողերի անանցանելիության վրա, ծխախոտն է: Ծխելը հիմնականում ազդում է նաև արգանդի լորձաթաղանթի վրա»:
Տիկին Թադևոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նիկոտինի բացասական ազդեցությունը հնարավոր է պտղի վարքի և առողջության հարցում միանգամից երևան չգա, ու մանրամասնեց. «Մենք չգիտենք, թե ինչպես է հետագայում երեխան իրեն պահում դպրոցում, ինչպիսի ընկալունակություն ունի վիրուսների նկատմամբ, բայց նիկոտինի ազդեցությունը միանշանակ բասացական է»: Փորձագետը նշեց, որ այս առումով իրավիճակը Հայաստանում ծայրահեղ բարդ չէ` պայմանավորված ընտանիքի ամուր համակարգի առկայությամբ և շարունակեց. «ՀՀ-ում գոյություն ունեցողը չափազանց լավ իրավիճակ է, քան որևէ այլ երկրում: Դա շնորհիվ հայ ընտանիքի: Մեզ մոտ գործող ընտանեկան համակարգը զերծ է պահում այդ բոլոր խնդիրներից»:
Տիկին Թադևոսյանը փաստեց, որ անելիքներ կան ծխելու բացասական ազդեցության վերաբերյալ ճիշտ ուղղորդված քաղաքականության իրականացման հարցում, և կարևորեց նման ծրագրերի իրականացումը. «Եթե ամեն մեկն իր տեղում իր հնարավորությունների շրջանակներում դա կազմակերպի, խնդիր չի առաջանա»:
Այսօր տեղի է ունեցել նաև մեկ այլ խորհրդակցություն, որը նվիրված էր սույն թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 13-ը ՊԲ հարվածային խմբավորումների հետ անցկացված երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժության և դրա շրջանակում կազմակերպված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերի արդյունքների ամփոփմանը:
Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժության արդյունքներին՝ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել տարվա կտրվածքով անցկացված թերևս ամենակարևոր բանակային միջոցառումներից մեկի ընթացքը, ներկայացրել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, նշել լավագույներին և վերջում կատարել համապատասխան հետռևություններ:
Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի զորախաղերի ընթացքում աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:
Խորհրդակցությունը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բացի զորախաղերից, անդրադարձել է նաև բանակաշինության ներկա գործընթացներին, խոսել ձմեռային փուլի նախապատրաստման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքների շուրջ և այդ կապակցությամբ տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:
Այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմ, գնդապետ Մխիթար Ավշարյանի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա գարնանային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին նաև հավաստիացրել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը հաջողությամբ իրականացնելու համար:
Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետ, գնդապետ Գրիգորի Գասպարյանի զեկույցը: Բավարար գնահատելով գարնանային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաև զորամասերում և ստորաբաժանումներում՝ նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող գործընթացների ընդհանուր վիճակը:
Օրակարգային հարցերի շուրջ հանդես եկան նաև հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը և Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը:
Զեկույվներից ու ելույթներից հետո ներկաների համար ցուցադրվել է “Երիտասարդ համալրման գործընթացի կազմակերպումը պաշտպանության բանակում” վերտառությամբ տեսաֆիլմը: Այնուհետև ներկայացվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի “2013թ. գարնանային զորակոչի արդյունքների մասին” հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:
Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 12.37-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին՝ քաղաքային գերեզմանատան մոտակայքում, թունելային աշխատանքներ իրականացնելիս, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով 3 աշխատակից ստացել են վնասվածքներ և տեղափոխվել Քաջարան և Կապան քաղաքների բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, դեպքը տեղի է ուեցել ժամը 10.30-ի սահաններում: Թունելի կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Թունել» ՓԲԸ-ն:
Կապ է հաստատվել «Թունել» ՓԲԸ տնօրենի հետ, ով տեղեկացրեց, որ Քաջարան քաղաքի մոտակայքում գործում են բաց հանքեր, որոնց կողքով հոսում է գետ: Գետի հունը փոխելու նպատակով կառուցվել է 2650մ երկարությամբ թունել, որոնց աշխատանքներն ավարտվել են 2012 թ.: Թունելը նախատեսված է անցկացնել մինչև Ողջի գետը՝ հորատելով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը (22×3,5×3,5մ):
Աշխատանքները սկսվել են մոտ 1 շաբաթ առաջ: Անձրևաջրերից հողաշերտը թուլացել է, ինչի հետևանքով առաջացել է փլվածք (մոտ 1,5 խմ):
Փլվածքի հետևանքով վնասվածքներ ստացած 1954 թ. ծնված Ս. Մ. տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն, 1963 թ. ծնված Վ. Ե. Քաջարան քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղեկացվել են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է «Կենտրոն Մաքրություն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործը:
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 2013թ. դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Որոշման երկրորդ կետով 2014թ. հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են 2014թ. փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 11 դեպքից` 10-ը, խուլիգանության 1 և մաքսանենգության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Թաթուլ ճանապարհի 6-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 4 տան մոտ բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Արփիկ բանավան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ–Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Էլ–Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն. «Հայ-քուվեյթյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ այդ հարաբերությունները կրում են ոչ միայն գործնական, այլև բարեկամական բնույթ, որի խոսուն ապացույցն է արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը, համոզված եմ, որ մենք ևս երկու մայրաքաղաքների միջև կհաստատենք երկկողմ բարեկամական ու փոխշահավետ կապեր, ինչն էլ ավելի կամրապնդի ու կզարգացնի երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Էլ–Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը. «Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելուն և ամրապնդելուն: Վստահեցնում եմ, որ արդեն առաջիկայում Երևանն ու Էլ–Քուվեյթը կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որի շրջանակում էլ կծավալվի մեր համագործակցությունը»,- ընդգծել է Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահը:
Հյուրին ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները, քաղաքապետը կարևորել է նաև գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում. «Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաև Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում պարոն նահանգապետ՝ Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երևանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու և դրանց իրականացմանը ներգրավելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև ստորագրվելիք համաձայնագիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ: Քննարկվել են մայրաքաղաքաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներն ավելի վաղ կմեկնարկեն: Այս տարի ևս լավագույն ձևավորում ապահոված հասարակական, առևտրի և սպասարկման օբյեկտների ղեկավարները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից:
Անդրադառնալով որպես կանոն տոնական օրերին աշխուժացող առևտրին՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանն այս տարի ևս հետամուտ է լինելու առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի պահպանմանը`այդ թվում նաև նախատոնական առևտրի գործընթացը բացառապես թույլատրելի վայրերում իրականացնելու մասով: Քաղաքապետի տեղակալը ներկաներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը`մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում և բակային տարածքներում խիստ վերահսկողություն սահմանելու, իսկ հայտնաբերված խախտումների դեպքում համապատասխան վարչական մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Կանոնակարգված առևտուր ապահովելու աշխատանքներում քաղաքային իշխանություններին կաջակցեն նաև համատիրությունների ու ոստիկանության աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում քաղաքացիական նախաձեռնության մի քանի հարյուր անդամների կողմից, որոնք պահանջում են կառավարությաւնից ետ վերցնել օրենքը, հանել պարտադիր դրույթը և հաշվի նստել հանրության կարծիքի հետ: Ցույցի մասնակիցները վստահ են, որ հասարակության մի մասը տեղյակ չէ օրենքի խնդրահարույց դրույթներից, իսկ եթե տեղյակ է, ապա դեմ է:
Քիչ անց ակտիվիստներին մոտեցավ կառավարության նամակների ու դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ ասելով, որ եթե ներկայացվող պահանջները գրավոր ձևով տան, ապա ինքը կհանձնի կառավարություն: Ակտիվիստները պահանջեցին, որ կառավարության որևէ պատասխանատու պաշտոնյա հանդիպի իրենց հետ, և համատեղ քննարկեն ներկայացվող խնդիրները:
Ի դեպ, Ալեքսանդր Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները բողոքում են, քանի որ անտեղյակ են օրենքին:
Պաշտոնյայի հեռանալուց հետո ակտիվիստները սկսեցին բղավել՝ վախկոտներ և փուչիկներ բաց թողեցին օդ՝ հայտարարելով, որ ընդունված օրենքը, որն իբր ապահովում է քաղաքացու արժանապատիվ ծերությունը, նույնպես փուչիկ է:
Կառավարության շենքից դուրս եկավ նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը մասնակցում էր կառավարության նիստին: Նա հայտնեց, որ Հանրային խորհուրդը նույնպես մտահոգված է օրենքում առկա խնդրահարույց դրույթներով, և խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում կանցկացնի հանրային քննարկումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 04.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը, խարդախության` 4, խուլիգանության 1 և յուրացման կամ վատնման 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.40-ին Վրաստանի հանրապետության ՆԳ ԱԻ Դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.00-ին Մառնաուլի շրջանի Կոդա գյուղի մոտ Մերսեդես մակնիշի 33 DS 024 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ս. Ե.-ը տեղափոխվել է Մառնալուլի բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 19-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոտի դեզ է այրվում:
Նոյեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:
Ինչպես նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն և այլն) հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն է, որը շարունակելու է բաժանել պարենամթերք ծրագրում ներառված սիրիահայերին:
Նոյեմբերի 21-ը աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է չծխելու օր: Նույն օրը, ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 շենքին հարող հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` «Երևանն առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանրային միջոցառում` «Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով:
Միջոցառման օրը Հյուսիսային պողոտայում կտեղադրվեն հատուկ դեկորացիաներով տաղավարներ, որոնք կպատկերեն կյանքը` ծխախոտի կործանարար ազդեցութան ուղեկցությամբ և` առանց դրա:
ՀԿԽԸ կամավորներն անցորդներին կլուսաբանեն ծխելու վնասների մասին` նրանց տրամադրելով տեղեկատվական նյութեր, նաև կխրախուսեն նետել ծխախոտները համապատասխան արկղի մեջ, ինչի դիմաց նրանք կպարգևատրվեն քաղցրավենիքով:
«Ընտրիր քո ճանապարհը» կարգախոսով անցկացվող հանրային միջոցառումն ամփոփում է «Երևանն առանց ծխախոտի» ծրագիրը, որը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է ՀՀ նախագահի և Հայկական երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհով:
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ` նպաստելով ծխողների թվի կրճատմանը: Ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի 10 դպրոցներում` 13-14 տարեկան շուրջ 1000 աշակերտների համար կազմակերպվել են ՀԿԽԸ-ի կողմից հատուկ մշակված դասընթացներ` ծխելու վնասների վերաբերյալ, տրամադրվել են տեղեկատվական նյութեր, անցկացվել է նկարչական մրցույթ:
Խնդրի մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել և հեռարձակվել է սոցիալական հոլովակ, տեղեկատվական բաներներ են տեղադրվել սոցիալական ցանցերում:
Նոյմբերի 21-ին` օրվա խորհրդի մասին տեղեկացնելու նպատակով կուղարկվեն նաև բջջային հաղորդագրություններ:
Ահա արդեն 45 տարի Խ. Աբովյանի անվան համալսարան է շտապում ձայնի մշակման դասախոս, ձայնի մշակման ամբիոնի նախկին վարիչ, ներկայումս ամբիոնի վոկալ բաժնի վարիչ Հենրի Սիմոնյանը` նաև նախապատրաստվելով իր ծննդյան 75-ամյակին նվիրվելիք մենահամերգին:
Ինգա և Անուշ Արշակյաններ, Գայանե Հովհաննիսյան և էլի շատ ուրիշներ, որոնք այսօր հայտնի անուններ են, աշակերտել են նրան: Աշակերտներից մեկի՝ Տիգրանի սրտաբուխ նամակը ԱՄՆ-ից պակաս արժեք չունի պրոֆեսորի համար, քան բազում պատվոգրերը, շնորհակալագրերը, մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե 4 մեդալները, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը իր ծննդյան 70-ամյակի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարության պարգևը տարբեր զորամասերում հանդիպումների և ելույթների համար: Նա երկար ժամանակ ձգձգվող ՀՀ վաստակավոր արտիստի կամ մշակույթի վաստակավոր գործչի կոչումներից բարձր է համարում իր ունկնդիրների և սաների ծափերն ու գնահատականները:
Հենրի Սիմոնյանը ծնվել է 1938 թ. օգոստոսի 21-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Եղեռնից մազապուրծ ղարսեցիներ էին նախնիները: Մայրական պապը, որ Տրապիզոնի ճեմարանն էր ավարտել, դարձել էր Ղալթախչիի (այժմ՝ գ. Հարթագյուղ Լոռու մարզում) եկեղեցու քահանա և հետագայում բանտարկվել ու գնդակահարվել կոմունիստների կողմից: Ծնողների պատմածներից գիտի իր պապի երգի մասին: Լսել է, որ շատերը եկել են պատարագի իր պապի երգը լսելու համար:
– Երգը մեր տանը շատ է եղել՝ պապիս երգը, մայրիկիս երգը,- ասաց ու արցունքոտ աչքերով շարունակեց,- մայրս գաղթի ուղին բռնել է իր հոր 10 զավակների հետ, նրանցից երկուսն են հասել Հայրենիք, մյուսները զոհվել են ճանապարհին: Հայրական պապս էլ, որ զգալի ունեցվածք ու շինություն էր թողել Էրգրում, այստեղ ընդամենը 4 ոչխար է ունեցել, մահացել է հիվանդությունից:
Սիմոնյանի հայրը Ձորագէսի շինարարությունում է աշխատել, եղել է արհկոմի նախագահ: Հոր պատմածներից գիտի, որ շատ անգամ է շինարարների մոտ եղել ՀԿԿ կենտկոմի քարտուղար, երջանկահիշատակ Աղասի Խանջյանը: Օրեր են եղել, որ նա բանվորների հետ հավասար աշխատել է, նրանց հետ սնվել ու քնել: Պատմում էր այս մասին նույն սրտացավությամբ, հայի սրտացավությամբ: Շինարարության ավարտից հետո ընտանիքը տեղափոխվել է Կիրովական:
Հենրի Սիմոնյանը 1945-55 թթ. սովորել ու ավարտել է Կիրովականի թիվ 3 դպրոցը: Հրապուրված էր սպորտով և երաժշտությամբ: Բասկետբոլի հետ նրա բարեկամությունը երկար ճանապարհ չունեցավ, իսկ ահա հանդիպումը հայտնի երաժիշտ, Վանաձորի երաժշտական դպրոցի և ուսումնարանի հիմնադիր Էդվարդ Կզարթումյանի հետ` ճակատագրական եղավ: Նրա «ձայնդ փոր կպահի» գնահատականը դարձավ կյանքի ճանապարհի մեկնարկը: Նախ Վանաձորի երաժշտական ուսումնարանն ավարտեց, իսկ 1967-ին՝ Երևանի պետական կոնսերվատորիան: Սկզբում Նար Հովհաննիսյանի դասարանում էր, բայց ավարտեց Թամարա Շահնազարյանի դասարանը: Պատանեկության տարիներին շատ էր լսում ռադիո, հատկապես` իտալացի երգիչներին: Հետո իրեն լսեցին: Սկզբում աշխատանքի անցավ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես դերասան և մեներգիչ: Մեներգիչ էր նաև Հայֆիլհարմոնիայում: Համերգներ ուենցավ Հայաստանի բոլոր շրջաններում, գրեթե բոլոր մեծ ու փոքր շեներում: Համերգային շրջագայություններով եղավ Ֆիլիպիններում, Կանդայում, Ֆրանսիայում, Եվրոպայի նախկին սոցիալիստական բոլոր երկրներում, առանց բացառության: Սրտաբուխ էին նրա ելույթները Լոռիում՝ Վանաձորում, Ալավերդիում: Եգացանկում հայկական ժողովրդական, գուսանական երգեր են, դասական ստեղծագործություններ, ռոմանսներ, արիաներ:
Քիչ երգիչներ են կարողանում դասականը զուգորդել ժողովրդականի հետ: Իմ այս բնորոշմանը Հենրի Սիմոնյանը հակադարձեց.
– Իսկ ո՞վ է ասել, որ հայկական ժողովրդական երգը պիտի երգել ոչ դասական ոճով: Ես դրա կողմնակիցն եմ, իսկ դրա հիմնադիրներից մեկն անզուգական Շարա Տալյանն էր:
Հիշողությունները շատ են` Հայկական արվեստի օրեր Կիևում, տարբեր շրջագայություններ հին նվագարանների «Տկզար» անսամբլի հետ: Երկարատև ելույթներ ԱՄՆ-ում նորացված ու իր ղեկավարությամբ գործող «Տկզարի» հետ: Տաբեր տարիներ դասախոսական աշխատանքին զուգահեռ աշխատակցել է նաև «Տաղարան» համույթին և Նորայր Դավթյանի հիմնադրած ժողովրդական նվագարանների նվագախմբին: Պատրաստ է աջակցել ամենքին, ուրախացնել գիտի և ուրախանում է ուրիշների հաջողություններով: Բազում հանդիպումներ և բնակվելու ու աշխատելու առաջարկություններ տարբեր երկրներից: Եվ միշտ մերժում է նախնիների հիշողությամբ ապրելու և իր հայրենիքի հետ լինելու մտահոգությամբ, հայոց լուսավոր ապագային անփոփոխ հավատով:
Նրա ամեն մի այց Վանաձոր առանց երգի չի լինի: Նրա համար մեծ ու փոքր դահլիճներ չկան: Քրոջ՝ Անահիտի ընտանիքն անգամ կարող է դառնալ մի ամբողջ համերգի ունկնդիր: Արվեստասեր է Սիմոնյանների ընտանիքը: Հենրիի ավագ եղբայրը՝ Ալբերտը, նկարիչ էր, ժամանակին եղել է Մոսկվայի Տիմիրյազևյան հայտնի շրջանի գլխավոր նկարիչը: Վանաձորում լավ են հիշում նաև նրա մյուս եղբորը՝ կարի ֆաբրիկայի և սառնարանային տնտեսության ղեկավար Կառլենին: Մարսել եղբայն էլ, որը ԱՄՆ-ում է բնակվում, Վանաձորում եղել է քիմիական գործարանի փոխտնօրենը: Հենրին փոքր եղբորը` Մարտունին հիշեց, ու կրկին աչքերը թրջվեցին անժամանակ կորստի ցավից, հիշեց նաև հորեղբոր որդուն` Մեծ հայրենականում զոհված, շնորհաշատ նկարիչ Կորյուն Սիմոնյանին: Բոլոր եղբայրներն էլ երաժշտական ձայն ունեին, բայց դա որպես մասնագիտություն իր ճանապարհն էր, որով գնաց նաև իր դուստրը՝ Ծովին: Իսկ որդին՝ Արմենը, մասնագիտությամբ նկարիչ է, սակայն Մոսկվայում այլ ոլորտում է աշխատում: Կնոջ՝ վաստակաշատ մանկավարժ Կարինե Մելքոնյանի և Հենրի Սիմոնյանի ամենամեծ հպարտությունը երեք թոռնիկներն են: Ի դեպ, աղջկա կողմից երկու թոռնիկների հայրը ճանաչված վիրաբույժ Արտակ Վարդանյանն է, որ աշխատում է «Էրեբունի» բժշկական համալիրում: Ընտանիքը Հենրի Սիմոնյանի համար սրբություն է, իսկ Հայաստանը նրա մեծ ընտանիքն է:
Մանկավարժական համալսարանի երգ-երաժշտություն սփռող մասնաշենքի ամենավերին հարկի լսարանում զարմանքի ու կախարդանքի մեջ ես վերջակետ էի փնտրում ու չէի գտնում: Պրոֆեսորն ինձ մեկնեց «Գարուն» ամսագրի նախկին տարիների խունացած համարներից մեկը, որում Անահիտ Սահինյանի խոհ- գնահատականն էր Բուլղարիայում` հայկական եկեղեցում, Հենրի Սիմոնյանի ելույթի մասին: Կարդացի մի քանի տող, հիշեցի, որ ժամանակին կարդացել եմ այն և միանգամից հնչեցրի իմ ուսանողական տարիներին երջանկահիշատակ Էլվիրա Մակարյանից լսածս խոսքերը. «Ռուսաստանը մեծ է, նրան վտանգ չի սպառնում, Հայաստանը փոքր է և կխորտակվի, եթե արվեստը գլորվի անդունդ»:
– Արվեստն անդունդ չի գլորվի,- վստահ ասաց Հենրի Սիմոնյանը:
Իսկ ես ուզեցի որպես վերջակետ շնորհակալական խոսքեր ուղղել երևանաբնակ իմ բարեկամին` հին ալավերդցի Վոլոդյա Աղաբաբյանին իմ այս ծանոթությունը և հանդիպումը նախաձեռնելու համար:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ