Բակո Սահակյանը հանդիպել է “Արցախի երիտֆորում-2013”-ի մասնակիցների հետ

Բակո Սահակյան, "Արցախի երիտֆորում-2013"Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում հանդիպել է “Արցախի երիտֆորում-2013”-ի մասնակիցների հետ:
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մեր հանրապետությունում երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարի բնութագրմամբ` երիտասարդությանը հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կշարունակի անել հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Բակո Սահակյան, "Արցախի երիտֆորում-2013"Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանըընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին

Արցախ, Բակո Սահակյանը, Պլասիդո Դոմինգո-կրտսերԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Արծարծվել են նաեւ մեր երկրում մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Փլուզման վտանգ Ծերենցի փողոցում,լուսանկարներ

Փլուզման վտանգ Ծերենցի փողոցումՆոյեմբերի 17-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկի շրջակայքում առկա է հողաշերտի նստվածք, իսկ տան պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Է. Ա.-ին պատկանող տան (կառուցված 1974 թ.,) ավտոտնակից մոտ 3 մ հեռավորության վրա տեղադրված է գազաբաշխիչ կայան, որի տակ առկա է հողաշերտի նստվածք (2×0,5×0,5մ): Տան արտաքին պատը ավտոտնակին միացնող բետոնե աստիճանի վրա առկա են ճաքեր (մոտ 5 սմ): Բազմաթիվ ճաքեր են առկա նաև տան պատերին:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետը, ԵՓՎ Մալթիա-Սեբաստիա բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, «1-04» ծառայության հերթափոխի պետը և թաղապետարանի կոմունալ բաժնի պետը:

 

Կարմիր բլուրի դամբարանում պեղված բարձրահասակ կնոջ ԴՆԹ-ն եզակի տվյալներ կհաղորդի Վանի թագավորության մասին

Կարմիր բլուրՀին աշխարհի հզորագույն երկրներից մեկի՝ Վանի թագավորության վերջին փուլում հիմնված խոշորագույն կենտրոնը Թեյշեբա Աստծուն նվիրված Թեյշեբաինի քաղաքն է, որը Երեւանի ներկայիս տարածքում գտնվող հայտնի Կարմիր բլուրն է:

Ժամանակին միջնաբերդում հսկայական պեղումներ է կատարել ռուս հայտնի գիտնական Բորիս Պիոտրովսկիի՝ Էրմիտաժի նախկին տնօրենի արշավախումբը: Երկար պեղումների արդյունքում այդպես էլ չէր հայտնաբերվել դամբարանադաշտը:

«Հիանալի գիտեինք ամրոցի պատմությունը, նրա մշակույթը, ռազմական պաշտպանվածությունը, բայց չգիտեինք բնակիչների թաղման ծեսը, աշխարհընկալումները, հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները և, վերջապես, ովքեր են ապրել այստեղ, արդյո՞ք սա Վանի կենտրոնական շրջաններից եկած բնակչություն էր, թե՞ տեղաբնիկներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ներկայում Կարմիր բլուրում հնագիտական պեղումներ կատարող խմբի ղեկավար, Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Բոլոր այս հարցերին կարող էր պատասխանել դամբարանադաշտը: Պիատրովսկին այն այդպես էլ չգտավ։ Եվ գուցե դեռ երկար չգտնվեին այդքան կարեւոր դամբարանները, եթե չլիներ Երևանը շրջանցող արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կարող էր անցնել միայն Կարմիր բլուրի այդ հատվածով։

Մինչեւ ճանապարհի կառուցումը որոշվեց այդ հատվածում պեղումներ կատարել՝ արժեքավոր գտածոները չկորցնելու համար։ Աշխատանքներն սկսվեցին այս տարվա օգոստոսին։ Երեք ամիս տեւած պեղումների արդյուքնում հնագետները հայտնաբերեցին այն, ինչ այդքան փնտրում էր Պիատրովսկու արշավախումբը։

Գիտնականներն արդեն մոտ երկու տասնյակ գերխիտ դասավորված դամբարաններ են պեղել, յուրաքանչյուրի տրամագիծը՝ մոտավորապես 3-4 մ: Ենթադրվում է, որ միայն ճանապարհի տակ ընկած հատվածում շուրջ 500 դամբարան կա: Դրանց պեղումները, Հակոբ Սիմոնյանի խոսքով, վիթխարի ինֆորմացիա կբացահայտեն՝ առնվազն 5000 արտեֆակտ, որոնք հնարավորություն կտան շատ ավելի մեծ պատկերացում կազմել Հայաստանում ձևավորված հնագույն կայսրության մասին:

«Պատահական չէ, որ Վանի թագավորները հատուկ ուշադրություն էին դարձնում Արարատյան դաշտին որպես շտեմարան, որտեղ պատրաստել են ամենաընտիր գինիները, հացահատիկի հսկայական պաշարներ են այստեղ կուտակվել: Միայն Կարմիր բլուրում պահվել է մոտավորապես կես մլն լիտր գինի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Դամբարաններում կարևոր գտածոներից գիտնականն առանձնացնում է կուռքերը։ Դրանք տուֆի սալեր են՝ աչքերի փոսիկներով: Նման կուռքեր հայտնաբերվում են առաջին անգամ:

Մյուս հետաքրքիր արտեֆակտը զարդարված բրոնզե գոտին է, որով թաղված է եղել դամբարաններից մեկում գտնված երիտասարդը։  Վերականգվելուց հետո կերեւա ուսագոտու ամբողջական պատկերը։ Գոտու հետ հայտնաբերվել է նաեւ երկաթյա նիզակ:

Մեկ այլ դամբարանում թաղված է եղել խիստ բարձրահասակ, երկար մատներով կին՝ կիսաերկարաճիտ կոշիկներով, որոնք զարդարված են եղել բրոնզե ճարմանդով։ Այս գտածոները կարեւրագույն տեղեկություններ կարող են հաղորդել Վանի թագավորության ժամանակաշրջանի տարազի մասին:

Մյուս կարևոր հատկանիշը, Հակոբ Սիմոնյանի խոսքով, այն է, որ յուրաքանչյուր դամբարանում երկու կմախք է հայտնաբերվել, ընդ որում, մեկը՝ ամբողջական, մյուսը՝ դիամասնատված։ Ենթադրվում է, որ երկրորդը զոհաբերվել է ինքնակամ կամ բռնի։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Էրեբունի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին պարանոցը կտրած հնդիկ ուսանողը մահացել է

181173Երեւանի Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ, նոյեմբերի 16-ին, պարանոցը կտրած հնդիկ ուսանողը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, հաղորդում էShamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունիի բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա: Նշված փողոցի թիվ 12 տուն է ժամանել ոստիկանության Էրեբունիի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի:

Վերջինս, ով պարանոցի կտրված մասով էր տեղափոխվում, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ, արյունոտված դանակներ, որոնցից եկուսը` կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են եղել արյունով:

Մահացածը Դենիշ Դաբուն էր, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի հատկանիշներով: Օպերատիվ քննչական խումբը ձեռնարկում է օպերատիվ քննչական համատեղ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ:

Լուսանկերները՝ Shamshyan.com-ի

Սևան-Դիլիջան ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է “Մերսեդեսի” վրա

բեռնատարը կողաշրջվել է «Մերսեդես»ի վրա Նոյեմբերի 16.-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «DAF» մակնիշի GWG 281 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի DDS 119 պետհամարանիշի մարդատար ավտոմեքենայի վրա, ինչից «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1964 թ. ծնված Գ. Օ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Օ.-ին, ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի խորհրդակցությունը

ՊՆ, զորակոչային հանձնաժողովՆոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Յուրա ԽաչատուրովԽորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային  զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համալրումը հանդիսանում է պաշտպանական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը։ Նախարարը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում զորակոչի կազմակերպումը դրվել է որակապես նոր՝ առավել թափանցիկ հիմքերի վրա։

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Անդրադառնալով 2013 թ. ամառային  զորակոչի արդյունքներին և ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն առանձնացրեց զորակոչի թե դրական դրսևորումները, թե արձանագրված որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչի ընթացքում առաջադրված խնդիրները կատարվել են, Յու. Խաչատուրովը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ, անդրադարձավ զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ` նիստի ընթացքում քննարկվեցին երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հանրակրթական հաստատություններում ֆիզիկական պատրաստություն առարկայի դերի բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև զորակոչային գործընթացի թափանցիկությանն ու արդարության սկզբունքի պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ աշխատանքի համար` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի հստակ կազմակերպման և անցկացման առումով տվեց  նաև որոշ ցուցումներ, որոնց ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն:

Խորհրդակցության ավարտին ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, պատասխանատու այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ և զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

 

 

 

 

Փլուզվել է պատշգամբի հենապատը

Նոյեմբերի 16-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքի 9-րդ հարկի պատշգամբի հենապատը պոկվել և ընկել է. զոհեր ու տուժածներ չկան:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ն. Հ.-ին պատկանող 17-րդ բնակարանի պատշգամբի երկաթբետոնե հենապատը (3 քմ) պոկվել և ընկել է. տուժածներ չկան:
Փրկարարները սահմազատել են վտանգավոր տարածքը:

փլուզում

 

Նոր Ախուրյան գյուղի տներից մեկում դի է հայտնաբերվել

տուն, Նոր ԱխուրյանՆոյեմբերի 16-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր Ախուրյան գյուղի Յ. Ղամբարյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են 1934 թ. ծնված Գ. Վ.-ին պատկանող բնակարանի դուռը և ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել վերջինիս դին:

Հրդեհ հացի գործարանում

հրդեհՆոյեմբերի 15-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դրոյի փողոցում գտնվող հացի գործարանում հրդեհ է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.25-ին գործարանի 1-ին հարկի արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է մոտ 500 քմ տարածք:
Հրդեհը մարվել է 4 մարտական հաշվարկի ուժերով` ժամը 21.48-ին:

շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

ՊԲ,պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

Վարչական շրջաններում աշնանային ծառատունկ է

 Աջափնյակ,ծառատունկ Աշնանային ծառատունկին վարչական բոլոր շրջաններում ընդհանուր հանրագումարով 20.000 ծառ և թուփ է տնկվելու։ Աջափնյակ վարչական շրջանում արդեն տնկվել է թփերի հատկացված խմբաքանակը։ 2200 թփից բացի վարչական շրջանում 1100 ծառ է տնկվում։

“Աշնանային ծառատունկին նոր տնկիներով են համալրվում Աջափնյակի հատկապես նոր բարեկարգված բակերը. այդպիսով իրականացնում ենք այդ բակերի լիարժեք բարեկարգումը։ Բնակիչների, համատիրությունների, ինչպես նաև կանաչապատման ձեռնարկության աջակցությամբ, այս օրերին ծառատունկ է Աջափնյակի բակերում, դպրոցների ու մանկապարտեզների, ինչպես նաև վարչական շրջանի այլ գերատեսչությունների հարակից տարածքներում”,- նշել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
Աշնանային ծառատունկին Աջափնյակում տնկվում են հացենի, սոսի, ինչպես նաև գնդաձև ակացիա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայացել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստը

երիտասարդության հարցեր,Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերին նվիրված Երևանի քաղաքապետարանում նախատեսվող միջոցառման հետ կապված հարցեր: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին, վերջինս առանձնակի կարևորել է երիատասարդության ակտիվ մասնակցությունը ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիարակություն քարոզող միջոցառումներին: Վարդան Ավետիսյանը քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներին է ներկայացրել նաև վարչության գործունեությունը, տարեկան անելիքներն ու երիտասարդության տարբեր խմբերի մասնակցությունն այդ ծրագրերին: Օգտվելով առիթից, գեներալ-մայորը խորհրդի անդամներին հրավիրել է մասնակցել նաև ՀՀ ՊՆ-ն կողմից կազմակերպվող 2014թ-ի հունվարի 28-ին՝ Բանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և նիստին մասնակցելու համար, Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը վստահեցրել է, որ խորհրդի անդամներն անպայման իրենց ակտիվ մասնակցությունը կունենան Բանակի օրվա և, ընդհանրապես, ՊՆ-ի կողմից նախաձեռնվող միջոցառումներին:
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Նիստի ընթացքում կամփոփվեն 2013թ-ին խորհրդի կողմից իրականացված աշխատանքներն ու կնախանշվեն 2014թ-ին նախատեսվող ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՁԻԱՀ-ից մահացած հայտնի մարդիկ

ՆուրիևՁԻԱՀ-ը մնում է չհաղթահարված սպառնալիք: 1981-ի մայիսի 5-ին  ՁԻԱՀ-ն առաջին անգամ ընդգրկվեց Հիվանդությունների գրանցամատյանում, իսկ 1983-ից որոշվեց ամեն տարի մայիսի 3-րդ շաբաթը նշել ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր, որի նպատակն է բնակչության ուշադրությունը սևեռել այդ խնդրին: Աշխարհի ավելի քան 100 երկրում պետական ու հասարակական կազմակերպությունները նշում են այդ օրը:

ՁԻԱՀ-ի առաջին զոհն ամերիկացի ավանգարդ կատարող Կլաուս Նոմին էր: Նրա հիվանդության մասին հայտնի դարձավ 1983-ին. ընկերները փորձում էին գումար հավաքել նրա բուժման համար, մինչդեռ բժշկությունն այդ հիվանդության ուսումնասիրման  առաջին քալերն էր անում, ու դեղամիջոցները միայն մշակման փուլում էին գտնվում: «Հուզիչ ծաղրածուն», ինչպես ժամանակակիցներն էին անվանում գերմանացի Կլաուս Նոմիին, մահացավ 1983-ի  օգոստոսի 6-ին:

Նրա մահից մեկ տարի չանցած` հասարակայնությանը ցնցեց ևս մեկ մահ: Այս անգամ ՁԻԱՀ-ը պատճառ դարձավ, որ կյանքից հեռանա ֆրանսիացի փիլիսոփա և պատմաբան Մեշել Ֆուկոն: Նա Ֆրանսիայում առաջին  հոգեվերլուծության ամբիոնի հիմնադիրն է,  լայն ճանաչում է ստացել «Խելացնորությունն ու քաղաքակրթությունը» գրքի հրապարակումից հետո: Այդ աշխատության համար  նա դոկտորական աստիճան է ստացել: Կյանքի վերջին 2 տարին նա ծանր հիվանդ էր: 1984-ի հունիսի 2-ին ուշագնաց հոսպիտալացվեց, իսկ հունիսի 25-ին ՁԻԱՀ-ով պայմանավորված բարդություններից մահացավ:

1985-ին մահացավ «Սիրելին վերադառնում է» և «Ինտիմ զրույց» ֆիլմերում խաղացած դերերով հայտնի Ռոք Հադսոնը:  Պարզվեց, որ հոլիվուդյան գերաստղ  Հադսոնը  համասեռական է: Նրա իրական կյանքը  էկրանի սիրային դրամաների հակապատկերն էր: 1985-ի  օգոստոսին նա աշխարհը ցնցեց իր կյանքի պատմությունով: Դրանից երկու ամիս անց` հոկտեմբերի 2-ին, մահացավ Բևեռլի Հիլզում գտնվող իր շքեղ առանձնատանը:

ԱզիմովՁԻԱՀ-ի  հայտնի զոհերից է ամերիկացի ջազային երաժիշտ, շեփորահար ու բենդ-առաջնորդ, XX դարի ջազի պատմության մեջ մեծ հետք թողած  Մեյլս Դևիսը: Նա ծնվել է 1926-ին և մահացել 1991-ին: Ապրեց շատ հագեցած կյանքով, շատ զբաղված էր ու, ինչպես ինքն էր հայտարարում, կյանքից հեռանալու հեռանկարի մասին մտածելու ժամանակ անգամ  չուներ.«Դա ասես ցնորք լինի, ես պառկում եմ անկողնում ու մտածում երաժշտության մասին ու արթնանում այդ մտքով: Երաժշտությունը միշտ ինձ հետ է, ու ես շատ ուրախ եմ, որ այն ինձ չի լքել»:

ՁԻԱՀ-ից զոհված անվանիներից է  «Queen»  խմբի մենակատար Ֆրեդի Մերքյուրին, որը մի քանի տարի պայքարել է հիվանդության դեմ և դա թաքցրել շրջապատից:  Կարծիք կա, որ նրան մահվան հանգեցրեց այն ժամանակվա կյանքի բանաձևը` «Sex, drugs, Rock-n-roll»: 1991-ին  Լոնդոնում մամլո ասուլիսի ժամանակ նա պաշտոնական հայտարարություն արեց իր հիվանդության մասին, խոստովանեց, որ հիվանդ է  ՁԻԱՀ-ով: Վերջին 2 օրը նա նույնիսկ խոսել չէր կարողանում, գործնականում կորցրել էր տեսողությունը: Նա մահացավ 1991-ի նոյեմբերի 24-ին: Իսկ 1992-ի ապրիլի 20-ին տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված համերգը: «Queen»  խմբի երաժիշտներն իրենց ընկերոջ անունով բարեգործական հիմնադրամ ստեղծեցին ու կուտակած միջոցներն ուղղում են ԱՄՆ բարեգործական այն ընկերություններին, որոնք օգնում են ՁԻԱՀ-ով հիվանդներին:

1992-ին ՁԻԱՀ-ից մահացավ ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը: 1983-ին, երբ դեռ այդ հիվանդության մասին քիչ բան էր հայտնի, Ազիմովի սիրտը վիրահատեցին, ու նա դոնորական  արյունից վարակվեց ՄԻԱՎ-ով: Տարիներ անց, երբ կրկնակի վիրահատության կարիք զգացվեց, պատահաբար էլ հայտնաբերվեց հիվանդությունը: Վիրահատությունից ստիպված էին հրաժարվել: ՁԻԱՀ-ի ֆոնի վրա նրա մոտ զարգացավ սրտի անբավարարություն, իսկ 3 տարի անց`  մահացավ: Գրողի մահից 10 տարի անց միայն կինը պատմեց մահվան իսկական պատճառը:

Фредди Меркьюри,1993-ին ՁԻԱՀ-ից մահացավ բալետի հայտնի պարող Ռուդոլֆ Նուրիևը: Ենթադրվում է, որ նա նույնպես հիվանդանոցում  է վարակվել, վիրահատության ժամանակ, դոնորական արյունից: Նուրիևը մինչև վերջ պայքարում էր հիվանդության դեմ, նորույթներ փորձում և դասեր տալիս: Նա ՁԻԱՀ-ով ապրեց 12 տարի:

1993-ին այս հիվանդությունից մահացավ հայտնի թենիսիստ Արթուր Էշը, առաջին աֆրոամերիկացին, որը հաղթեց ԱՄՆ չեմպիոնատում: Նրա մոտ ՁԻԱՀ հայտնաբերվեց 1988-ին: Նրա սիրտը վիրահատվեց 1983-ին, և ենթադրվում է, որ նա ևս դոնորական  արյունից է վարակվել:

1986-ին ՁԻԱՀ-ից մահացավ ամերիկյան առաջին սուպերմոդելը` Ջիա Մարիա Քարանջին: Նա Ամերիկայում  առաջին կանանցից էր, որոնց մահվան պատճառը պաշտոնապես ՁԻԱՀ-ը հայտարարվեց: Նա 26 տարեկան էր, սակայն այդ կարճ կյանքի ընթացքում հասցրեց մոդելային բիզնեսի բարձունքները նվաճել` սկսելով շատ ցածրից, աշխատեց մեծ գումարներ, արժանացավ սիրո ու փառքի և այդ ամենը թաղեց թմրանյութերի մեջ:

2000-ի  փետրվարի 12-ին Իսրայելում հիվանդանոց տեղափոխեցին տկար, գիտակցությունը տեղը, սակայն թթվածնային դիմակով հազիվ շնչող մի կնոջ:Նա ուրիշի անունով էր գրանցվել կլինիկայում, սակայն շատ շուտով բոլորը ճանաչեցին իրենց սիրելի երգչուհուն` Օփրա Հազային: Ընտանիքը երկար ժամանակ չէր հրապարակում նրա հիվանդության պատճառը: Սակայն շուտով գաղտնիքը բացահայտվեց. Օփրան մահանում էր ՁԻԱՀ-ից, իսկ հիվանդության պատճառը նրա ամուսինն էր` Դորոն Աշկենազին, որը նույնպես մահացավ  կնոջ  վախճանից 14 ամիս անց: Բժիշկներն ասում էին, որ եթե Օփրան շուտ դիմեր մասնագետի, նրան կարող էին փրկել, երկարաձգել կյանքը: Սակայն նա ամաչում էր ու  փորձում էր թաքցնել այդ փաստը:

Գագիկ Բեգլարյան. «Ամեն ինչ անելու ենք, որ տաքսու վարորդներն աշխատեն հավասար պայմաններում»

Գագիկ Բեգլարյան, տաքսու վարորդներՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում նոյեմբերի 15-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների:

Վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները ունեին երկու ուղղվածություն: Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ:

Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ թվարկված խնդիրներից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ:

«Նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: Առանց մեզ դիմելու բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե Տրանսպորտի և կապի նախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ»,-նշեց նախարարը:

Այս տեսակետին համակարծիք էին հանդիպմանը ներկա տաքսու վարորդների գերակշռող մասը:

Խնդիրների երկրորդ խումբը, որոնք մտահոգում էին վարորդներին, առնչվում էր ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:

«Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում: Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,-նշեց նախարարը:

Գ.Բեգլարյանը միաժամանակ ընդգծեց, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին:

Վարորդները համակարծիք էին, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը: Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացնում էր առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից և ոչ մեկն անպատասխան չմնաց:

Այս քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տաքսիստների բարձրացրած խնդիրների մեծամասնությունը ոչ միայն որևէ առնչություն չունի նախարարության գործառույթների հետ, այլև անիրազեկության արդյունք է:

Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, և նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը և կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարան,բյուջեի նախագիծՆոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է քննարկումների հետագա ընթացակարգը, որը նախատեսում է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման փուլ։ Երևանի քաղաքապետի տեղակալը  Խորհրդի անդամներին  հորդորել է ցուցաբերել ակտիվություն Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման փուլում։

 

Խորհրդի անդամները տվել են դրական եզրակացություն Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Որոշվել են Սիսակյան 3 վթարային շենքի` առաջին փուլով վերաբնակեցվող 25 ընտանիքները

001 (1)Որոշվել են Սիսակյան 3 վթարային շենքի` առաջին փուլով վերաբնակեցվող 25 ընտանիքները
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Չորրորդ հանդիպմանը հրավիրվել են շենքի բոլոր բնակիչները: Հիշեցնենք, որ նախորդ երեք հանդիպումների արդյունքում առաջին փուլով առաջնահերթության կարգով 25 բնակարանների բաշխման վերաբերյալ բնակիչների միասնական կարծիք չէր ձևավորվել: Նախորդ՝ հոկտեմբերի 9-ի քննարկմանը ներկա բնակիչները միաձայն կողմ էին արտահայտվել առավել առաջնահերթ վերաբնակեցման անհրաժեշտություն ունեցող բնակարանների վերաբերյալ հնարավոր եզրակացություն ստանալու ակնկալիքով ՀՀ քաղաքաշինության նախարարություն դիմելու որոշմանը: Սակայն քաղաքաշինության նախարարությունից ստացված գրությամբ չեն մատնանշվել հանրակացարանային շենքի առավել վտանգավոր հատվածների թվով 20-25 բնակելի տարածքները և միաժամանակ լիազոր մարմինը տեղեկացրել է, որ վթարային շենքերի փուլային վերաբնակեցման առաջնահերթությունը որոշելու մեթոդական հիմքեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն: Վերոհիշյալից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանն առաջին փուլով 25 բնակարանների բաշխման առաջնահերթության հիմք առաջարկել է ընդունել ՀՀ Կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի “Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին” հ.432 որոշումը, որին հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը: Բնակիչների կողմից առաջարկն ընդունվել է միաձայն: Սիսակյան 3 հանրակացարանային շենքի թվով 20 ընտանիքների բնակարաններ կհատկացվեն վերոհիշյալ որոշման այն դրույթներով, որոնք տարածվում են տվյալ շենքի բնակիչների վրա: Դրանք են.
1. Մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներ
2. Առաջին խմբի հաշմանդամներ
3. Կերակրողներից մեկին կորցրած`անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ
4. Երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներ
Եվս 5 ընտանիքների բնակարանների հատկացման հարցը որոշվել է նիստին ներկա բնակիչների առաջադրումների և միաձայն քվեարկության արդյունքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երիտասարդները պայքարում են պտղով պայմանավորված աբորտների դեմ

DSC_9639Շուրջ մեկ ամիս ոչ պետական բուհերի ուսանող երիտասարդները կպայքարեն պտղով պայմանավորված հղիության ընդհատման դեմ:

Նոյեմբերի 15-ին մեկնարկեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն իրականացվում է ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում» անվանակարգում:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը նշեց, որ ծրագրին կմասնակցեն 38 պետական և ոչ պետական բուհերի ուսանողական մարմիններում ակտիվ մասնակցություն ցուցաբերած 5-ական ուսանողներ, ու մանրամասնեց. «Նրանք հետագայում ստացված տեղեկատվությունը, տեղեկատվական բուկլետներն ու պաստառները կտարածեն իրենց ընկերների շրջանում:  Ծրագրի հիմնական նպատակն է պայքարել սելեկտիվ` պտղով, հենց իգական սեռով պայմանավորված աբորտների դեմ»:

Մեկ ամսվա ընթացքում ուսանողները կունենան հինգ հանդիպում ՄԱԿ-ից, բուհերից, հոգևոր դաշտից հրավիրված մասնագետների հետ, որոնց ընթացքում կստանան տեղեկատվություն երևույթի բացասական հետևանքների մասին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

ՄԱԿ-ի  բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գծով պատասխանատու Մհեր Մանուկյանը, խոսելով իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին, ասաց. «Ոչ միայն ուսանողների, այլև ողջ հայ հասարակության շրջանում աշխատելու խնդիր ունենք: Երևույթի մասին նոր-նոր են սկսել խոսել, և մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ողջ ՀՀ տարածքում կա տղա երեխայի վառ արտահայտված նախընտրություն: Ուստի պիտի աշխատենք բոլոր շերտերի հետ, և ունենք գիտակցություն փոխելու խնդիր»: Պարոն Մանուկյանը նշեց, որ երիտասարդների հետ շատ ավելի հեշտ է աշխատելը, քան տարեցների: Այնուհետև շեշտեց. «Հատկապես երիտասարդների հետ պիտի աշխատել այն պատճառով, որ ռիսկային խումբը նրանք են. նոր ընտանիք պիտի կազմեն, և պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք»:

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Իվանյանը խոսեց ծրագրի օգտակարության մասին. «Այսպիսի ծրագրերն ազդում  են ուսանողության զարգացվածության և գիտակցության վրա, քանի որ ամեն մասնագիտություն չէ, որ տրամադրում է նման գիտելիքնե: Այս ամենն ունի ազգապահպանության խնդիր, ինչը կարևոր է երիտասարդության համար»:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Վարագավան գյուղում օգնության կարիք ունեն

SAM_3323-5463-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 15-ին, ժամը 11.54-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղում գտնվող տներից մեկի արտաքին պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ 3-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատին ուղղահայաց կառուցված 10 քմ մակերեսով քարե պատից պոկվել և ընկել են մոտ 5 քար, ինչը իրենից վտանգ չի ներկայացնում:

Տաքսու վարորդն ուղևորի պայուսակից 150 հազար դրամ էր գողացել

ՏաքսիներՆոյեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 51-ամյա մի կին` հայտնելով, որ ժամը 19.30-ին Նոյ թաղամասում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայի սրահում գտնվող իր պայուսակի դրամապանակից գողացել է 150.000 դրամ:
Հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` «Օպել Աստրա», որը վարել է 1986 թ. ծնված  Արշակ Ա.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին,  Արշակ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: