Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 2 և խուլիգանության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2, սպանության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կողոպուտ կատարողը հայտնաբերվել է
Նոյեմբերի 3-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հաղորդում էր ստացվել, որ ժամը 13.00-ին Երևանի Արտաշիսյան փողոցի սուպերմարկետներից մեկի մոտ անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով հափշտակել է 1994 թ. ծնված Սոնա Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով մոտ 300.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ո.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սոնա Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, բացահայտ հափշտակել է Արմեն Ո.-ն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հանդիպում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ու ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է կապերի հետեւողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարևորել է լիտվական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
“Երևանի և Վիլյուսի հետ գործընկերային կապերի խորացման և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման լայն հեռանկարներ կան: Այդ ուղղությամբ Երևանը մշտապես բաց և պատրաստակամ է համագործակցելու: Իսկ Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը փոխշահավետ համագործակցության զարգացման լավ հնարավորություն է ընձեռում”,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ Էրիկաս Պետրիկասը, առիթից օգտվելով, նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի 2795-ամյակի կապակցությամբ, ապա նշել, որ իրենք ևս շահագրգիռ են Երևանի հետ առկա համագործակցության շրջանակների առավել ընդլայնմամբ:
“Այն զգալի և տեսանելի փոփոխությունները, որոնք կատարվում են Երևանում, գնահատելի են: Եվ, ըստ այդմ, պետք է քայլեր ձեռնարկենք Երևանի հետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ”,-նշել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը, նաև առաջարկել է քննարկել Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու հնարավորությունը:
Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վերահաստատելով քաղաքապետարանի մոտեցումները, հատկանշել է, որ հոկտեմբերին Երևանում կայացած Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Վիլնյուսի քաղխորհրդի քարտուղարի մասնակցությունը ևս մեկ խոսուն օրինակ է, որ երկու մայրաքաղաքների միջև առկա է հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ցանկությունը։ Իսկ Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու գաղափարին ի պատասխան, քաղաքապետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել հարցը:
Կողմերը քննարկել են նաև Վիլնյուսի հետ քույր քաղաքների հռչակման մասին համաձայնագիր հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյեմբերի 6-ը Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օր
2002թ.-ին Քեյփթաունում կայացած շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու տուրիզմի վերաբերյալ գիտաժողովի ընթացքում 20 երկրներից ժամանած տուրիզմի բնագավառի ավելի քան 280 ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվեց պատասխանատու տուրիզմի վերաբերյալ դեկլարացիան:
2013թ. նոյեմբերի 6-ին ՄԱԿ-ի համաշխարհային տուրիզմի կազմակերպության աջակցությամբ (UNWTO) տուրիստական կազմակերպությունների, տեղական համայնքների կողմից արդեն 7-րդ տարին է նշվում է Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրը (WTM World Responsible Tourism Day): Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հասարակությանը պատասխանատու տուրիզմի նպատակների և ձեռքբերումների մասին:
Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրը նպատակ ունի.
- Աջակցել զբոսաշրջության ընթացքում շրջակա միջավայրի հանդեպ ավելի պատասխանատու վարքի դրսևորմանը՝ կրթության միջոցով,
- բացահայտել զբոսաշրջային վայրերի և երկրների կայունության ապահովման խնդիրները,
- նպաստել տուրիստական շուկայի կրթական մակարդակի բարձրացմանը բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության համատեքստում,
- օգտագործել Համաշխարհային զբոսաշրջության շուկան (World Travel Market) որպես գործիք՝ պատասխանատու տուրիզմի գաղափարների առաջխաղացման համար:
«Էկոտուր» զբոսաշրջային գործակալությունը հանդիսանում է Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրվա (WTM World Responsible Tourism Day) պաշտոնական աջակիցը և օրվա շրջանակներում իրականացնում է մի շարք միջոցառումներ:
«Էկոտուր» զբոսաշրջային գործակալություն
«ՎԱԶ-2107»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի
Մասիս-Ռանչպար ճանապարհին «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
Ալագյազ-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է սյանը, 3 մարդ հիվանդանոցում է
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1967 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհային երթևեկության նշանի երկաթյա սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1957 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1950 թ. ծնված Սիլվա Խ.-ն և 1992 թ. ծնված Ելենա Ս.-ն տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
«ՎԱԶ-2101»-ը Արամուս գյուղում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել
Նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է 1970 թ. ծնված Տիգրան Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։
Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց
Նոյեմբերի 5-ին, ժամը ժ.21.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 -ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վրաերթը կատարել է 1952 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով։
Վլադիմիր Հ.-ն նշված ավտոմեքանայով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։
Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Երեկ նախաքննական մարմնի կողմից Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել, որը կիրագործվի առաջիկայում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
News.am-ը գրում է, որ ոստիկանները Պետրոսյանի բնակարան են այցելել այսօր առավոտյան` նրան ձերբակալելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով մահացել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ հեռացրել են նրա փայծաղը, կարել լյարդի պատռվածքը: Պետրոսյանը մի քանի օր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ռուսաստանի դռները միշտ բաց են հայերի առաջ, բայց` Սիբիրի կողմից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թ. հրամանով ուժի մեջ մտած «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման ծրագիրն» ուղղված է արտերկրում բնակվող հայրենակիցների պոտենցիալի համախմբմանը` ելնելով Ռուսաստանի շրջանների զարգացման կարիքներից, Ռուսաստանի ազգաբնակչության թվաքանակի կայունությանը, մասնավորապես` Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում: Այն փաստորեն միտված է լուծելու Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները: Նշվում է, որ ռուսական մշակույթով դաստիարակված, ռուսաց լեզվին տիրապետող և Ռուսաստանի հետ կապը խզել չցանկացող հայրենակիցներն առավել հեշտությամբ կարող են հարմարվել և դրական սոցիալական կապեր հաստատել ընդունող հասարակության մեջ:
Սևով սպիտակի վրա պարզ գրված այս շարադրանքից ընթերցողը մի բան է հասկանում, որ ծրագիրը նախատեսված է արտերկրում բնակվող ազգությամբ ռուս քաղաքացիների համար: Բայց միաժամանակ ծրագրի որևէ կետով այլազգիների մասնակցությունն արգելված չէ, ուստի Ռուսաստանն իր սիբիրյան դատարկությունը լցնելու համար պատրաստ է ընդունել ոչ միայն ռուս հայրենակիցներին, այլև նրանց, ովքեր գոնե «здравствуй» ասել գիտեն կամ հոգով-սրտով իրենց Ռուսաստանի հայրենակից են զգում: Իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն: Հատկապես հիմա, երբ սոցիալ-հոգեբանական լարվածությունը երկրում հասել է գագաթնակետին, և մարդիկ փախուստի մոլուցքի մեջ են, շատերն են ինքնամոռաց նետվում եղբայրական Ռուսաստանի գիրկը, որն էլ իր գիրկն է առնում «որբացած» հայ ժողովրդին և երանելի ապագայի խոստումներ տալիս:
Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան գրասենյակի սև մեծ դարպասը, որի մոտ ցանկացած ժամի կարող եք խմբված քաղաքացիների հանդիպել, շատերի համար դրախտի դռներ են:
Միջին տարիքի մի տղամարդ, որը կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ եկել էր տեղեկություններ ստանալու ծրագրի մասին, հնարավորություն չունեցավ այդ դռներից ներս մտնելու, քանի որ այն փակ էր: Հետո դարպասի վրա փակցված տեղեկատվական թերթիկներից իմացավ, որ այդ օրը գրասենյակի աշխատակազմը մինչև ժամը 13:00-ն էր աշխատում: Ի դեպ, հայերեն տեղեկատվական միակ թերթիկի վրա գրված մի քանի կարճ նախադասության մեջ 5-6 կոպիտ քերականական սխալներ կային, ինչը վկայում էր այն մասին, որ տեքստը գրողը վատ է տիրապետում հայերենին: Նույնը չէր կարելի ասել ռուսաց լեզվով տեքստերի մասին:
Ինչևէ, մինչ տղամարդն ընտանիքով սրտնեղած կհեռանար` անհամբեր սպասելով հաջորդ օրվան, որպեսզի նորից գա, հարցրեցի, թե ինչպես է ծրագրի մասին իմացել և ինչու է ուզում դիմել: Ասաց, որ նույն ծրագրով Կալինինգրադում վերաբնակեցված իր ծանոթներից է իմացել և որոշել է ինքն էլ դիմել: «Գոհ են, ապահովված են աշխատանքով, մեզ էլ խորհուրդ տվեցին գնալ»:
Հարցրի`տեղյա՞կ են, որ Հայաստանի քաղաքացիությունից պիտի հրաժարվեն, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիություն ստանան: Առանց վարանելու պատասխանեց. «Խնդիր չկա: Ինչի՞ս է պետք Հայաստանի քաղաքացիությունը, եթե չենք կարում ապրենք: Աշխատանք ունեմ, բայց բանի պետք չի` բանվորություն շինարարության մեջ: Երբ հիշում են` էն ժամանակ են վարձատրում…»:
Չէ, հաստատ որոշել է ընտանյոք հանդերձ հեռանալ: Եթե անգամ դժվար լինի, հետ չեն գա, քանի որ մտածում են` ինչ էլ լինի, Հայաստանից լավ է լինելու: «Վաղը–մյուս օրը ծերանալ կա, բան կա: Էստեղի թոշակով ո՞նց ենք ապրելու…»:
Տղամարդուն իր մտադրությունից հետ չի պահի անգամ սիբիրյան սառնամանիքների հեռանկարն ու երեխաների` ռուսական, ոչ հայանպաստ միջավայրում մեծանալը. «Կապ չունի` Սիբիր է, ցուրտ է, երեխեքն էլ, որտեղ իրենց լավ է, թող էնտեղ էլ մեծանան: Հայաստանում ապագա չկա»:
Նյութն ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի նաև մի երիտասարդի, որը «Ռուսաստանի հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս ապրել ու աշխատել է Մուրմանսկում և օրեր առաջ է վերադարձել: Շոկային տրամադրությունները դեռ թարմ են: Առաջին շոկն ապրել է հենց օդանավակայանում. «Ընկերոջս հետ իջել ենք ու սպասում ենք, որ մեզ պիտի դիմավորեն: Մարդ չկա, մենք էլ ոչ ոքի չենք ճանաչում, տեղ չունենք գնալու»:
Ամենազավեշտալին այն է, որ մինչև գնալները Հայաստանից հեռախոսով մի ռուս բրոքերի հետ պայմանավորվել են, որը խոստացել է մինչև իրենց տեղ հասնելը վարձով բնակարան գտնել, հետո տեղավորել, գրանցվելու և այլ հարցերը լուծել: Բայց երբ օդանավակայանում զանգել է բրոքերին, պատասխանել է` ուշ զանգեք, զբաղված եմ: «Մենք դրսում սառնամանիքին, անորոշ կանգնած սպասում ենք, ասում է` ուշ զանգեք: Նորից զանգեցինք, հարցրեցինք` ինչքա՞ն պիտի սպասենք: Ասաց՝ գնացեք մեր օֆիս, վճարեք հինգ հազար ռուբլի, որ ձեր համար տուն ման գանք: Զարմացանք` դեռ նոր պիտի ման գա՞ք, բա մինչև էդ պիտի դրսում քնե՞նք»:
Սակայն «հայրենակիցների» դրսում քնելը ռուսներին այնքան էլ չի մտահոգել, նրանք իրենց ասածն են ասել, ու վերջ: Բարեբախտաբար, երիտասարդներն այդ քաղաքում մի ծանոթ հայ ընտանիք են ճանաչել և զանգել են նրանց, որպեսզի գան, տանեն իրենց տուն: Իսկ մինչ ծանոթների տուն գնալը ներկայացել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Այդպես է կարգը: Այնտեղ էլ երիտասարդներին ասել են, որ գնան, յոթ օրվա մեջ գրանցվեն որևէ հասցեում, բայց էնպես չլինի, որ այդ հասցեում շատ մարդ գրանցված լինի: Նախազգուշացրել են, որ եթե չգրանցվեն` իրենց կտուգանեն ու դեպորտ կանեն: «Շվարած կանգնել ենք, ո՞վ մեզ կգրանցի իր տան վրա: Հետո պարզվեց, որ դա էնտեղ լուրջ բիզնես ա, բնակարան են գնում, էմիգրանտներին փողով ժամանակավոր գրանցում»:
Երեք ամսվա գրանցման համար երիտասարդներից յուրաքանչյուրը 100 դոլար է վճարել, հետո վեց ամսվա համար արդեն` 200 դոլար. «Այսինքն, եթե մարդ ընտանիքով գնա, պատկերացնո՞ւմ եք, թե մենակ գրանցման համար ինչքան գումար ա ծախսում»:
Ինչ վերաբերում է վարձով բնակարան գտնելուն, ապա էմիգրանտների համար դա ամենադժվարին խնդիրներից է. «Տեսնում են` սև ենք, վերջ, վարձով բնակարան չկա»:
Մեկ ամիս ստիպված են լինում ապրել ծանոթների տանը, մինչև վարձով բնակարան են գտնում, այն էլ` չափազանց բարձր գնով և վատ պայմաններով:
Մեր հերոսներին հաջողվում է նաև աշխատանք գտնել, իսկ երեք-չորս ամսից` ռուսական անձնագիր ստանալ: Սակայն այդ ամենը յուրաքանչյուրի վրա մի քանի հազար դոլար է նստում` չհաշված սոցիալ-հոգեբանական տանջանքները:
Բայց եթե նրանք դիմում գրեին և պարտավորվեին երկու տարի ապրել ու աշխատել այնտեղ, ապա պետությունը կփոխհատուցեր բազմաթիվ ծախսեր, դեռ մի բան էլ իր կողմից գումար կտար. «Հենց մի կոպեկ իրենցից վերցնես, ուրեմն գերի ես: Իսկ ես մտադիր չէի էնտեղ գերի մնալ, դրա համար էլ հրաժարվեցի էդ արտոնություններից ու էդ ծրագրից»,- ասում է զրուցակիցս` խոստովանելով, որ այդ ամենն արել է միմիայն ռուսական անձնագիր ստանալու համար,- ինձ ուղղակի պետք էր էդ անձնագիրը, որ ուզածս ժամանակ գնամ, օրինական աշխատեմ, հետ գամ»:
Նա հավատացնում է, որ ինչքան էլ պայմանները գրավիչ լինեն, երբեք չի համաձայնի ընտանիքով տեղափոխվել, քանի որ ռուսական մշակութային շոկից էլ դեռ չի ազատվել. «Նայում ես` սիրուն, ջահել աղջիկ` հղի, մի ձեռքին պիվի բանկեն, մյուսին՝ սիգարետը: Ծխում ա ու թքում: Ես ո՞նց էդ միջավայրում երեխեք ունենամ ու մեծացնեմ: Ինչ տեսնեն, էդ կսովորեն: Դրա համար էնտեղ ապրելը բացառում եմ»:
Նշենք նաև, որ ՌԴ միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 1997 թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի հիման վրա: Սակայն այդ համաձայնագիրը, կարելի է ասել, ուժը կորցրած է, քանի որ համաձայնագրում նշված դրույթները կյանքի չեն կոչվել: Նպատակը եղել է Հայաստանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն վարելը: Հայաստանը պետք է նպաստավոր պայմաններով վերաբնակեցներ Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներին, Ռուսաստանը` Հայաստանում բնակվող իր հայրենակիցներին: Սակայն ծրագիրը չի իրականացել, քանի որ Ռուսաստանի հայերն այդպես էլ ցանկություն չեն հայտնել վերադառնալ հայրենիք այդ ծրագրի շրջանակներում: Ռուսների դեպքում` որոշ ընտանիքներ տեղափոխվել են:
Այնպես որ այս նոր ծրագիրը որևէ կապ չունի վերոնշյալ համաձայնագրի հետ: Ինչ վերաբերում է միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության գործունեությանը, ապա այն բավականին ծանրաբեռնված է և հիմնականում շնորհիվ «Հայրենակիցներ» ծրագրի: Մեզ հետ զրույցում ծրագրին դիմող քաղաքացիներից մեկն ասաց, որ անցյալ տարվա տվյալներով` շուրջ 80 հազար հոգի ծառայության կողմից, ժողովրդի լեզվով ասած, «կանաչ անձնագիր» է ստացել: Սակայն ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկը, չցանկանալով, որ անունը նշենք, այդ թիվն անիրական համարեց: Նրա խոսքով` ծրագրի շրջանակներում տարեկան 3-4 հազար հոգի է մեկնում: Սակայն հարկ է նշել, որ «կանաչ անձնագիր» ստացած քաղաքացիները պարտադիր չէ` նույն պահին էլ մեկնեն, քանի որ այն ուժի մեջ է երկու տարի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ Պուտինն անցյալ տարի նոր հրամանագիր է ստորագրել ծրագիրն անժամկետ դարձնելու վերաբերյալ, ապա պարզ է, որ հեռացողների թիվը մի քանի հազարով չի սահմանափակվի:
Պաշտոնյան նաև նշեց, որ զարմացած է ծրագրի շուրջ բարձրացված աղմուկից, քանի որ այդ ծրագրով ավելի քիչ հայեր են Հայաստանից մեկնում, քան ասենք` Ամերիկայի Միացյալ Նահանգների գրին քարտի կամ Կանադայի միգրացիոն ծրագրերի, և եթե առաջինի դեպքում վերադառնալու հնարավորությունը մեծ է, ապա մյուս դեպքերում գրեթե բացառվում է:
Հակադրվելով այս տեսակետին` ասեմ, որ ԱՄՆ կամ Կանադա մեկնելու դեպքում էմիգրանտներն էապես փոխում են իրենց կյանքի որակը, մինչդեռ Ռուսաստանի դեպքում պարզապես ինքնակամ աքսորվում են Սիբիր:
Համամիտ եմ, սակայն, նույն պաշտոնյայի այն խոստովանությանը, որ նախ պետք է երկրում իրավիճակը փոխել, որպեսզի մարդիկ չցանկանան հեռանալ: Իսկ եթե ցանկանան, ապա կգնան անկախ ամեն ինչից ու ամեն գնով:
Դանակահարվել է ոստիկան, կան տուժած ոստիկաններ և ցուցահարներ, ոստիկանության հայտարարությունը
Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում:
Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը:
Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան:
Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Կան տուժած ոստիկաններ:
Կատարվում է դեպքի վայրի զննություն:
Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Նոյեմբերի 12-ից ճանապարհներին 5 նոր արագաչափ կգործարկվի
2013 թվականի նոյեմբերի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝Գողացած գործիքներն ու կահույքը վաճառել էր պատահական մարդկանց
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 հասցեում գտնվող գրասենյակային տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1953 թ. ծնված Յուրիկ Մ.-ին: նա խոստովանել է, որ նոյեմբերի 2-ի գիշերը, մուտքի դռան ապակին կոտրելով, նշված տարածքից գողացել է վարսավիրական գործիքներ և կահույք, որոնք հետագայում վաճառել է պատահական անձանց:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 21 դեպքից` 8-ը, խուլիգանության, յուրացման կամ վատնման, շորթման` 1-ական, խարդախության 4 և ապօրինի ծառահատման 2 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի և նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխի հետ։
Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում և մասնավորապես Երևանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաև հոգեբանական աջակցությունն է։
Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում իրականացվող տարբեր միջոցառումների, մարդասիրական իրավունքի և մարդասիրական համընդհանուր սկզբունքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքների հետ համատեղ մշակված հուշարձան կառուցելու մտահղացումը և դիմել է քաղաքապետին՝ տարածքի տրամադրման հարցով։
«Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել մարդասիրական համընդհանուր արժեքներին ուղղված ձեր գործունեությանը։ Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ հարցը կքննարկվի, ինչից հետո լավագույն տարբերակները կքննարկենք համատեղ»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սայաթ Նովայի 12․ Քաղաքացիները պարտադրում են օրենք
Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների
հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝
հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։
Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է
օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ
բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական
գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու
օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը
(2012), Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը
գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։
Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ
շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք և որոշումն
ընդունվել է օրենքների խախտումով։
Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից
շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր
կանգնելն է։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է
անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի
թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն
օրինականություն։
Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում
են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ և փոխում են
կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը։
«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն
Ծովագյուղում 5-ամյա երեխայի և 35-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել
Նոյեմբերի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի կենցաղի տան դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա և 35-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել Սևանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Բյուրեղավան ճանապարհի խաչմերուկում վրաերթի ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև հարվածել 20-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

