Հետախուզվող երկու կին է հայտնաբերվել

ձերբակալելՀոկտեմբերի 17-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 34 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ալվարդ Ս.-ին, որը հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին, որը հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդ. 2-րդ մասի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:                                                          

 

Մետրոպոլիտենի կայարանում ուղևորի մոտ կռփազենք է հայտնաբերվել

կռփազենքՀոկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Քաջիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ ձեռքի կաշվե պայուսակից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի մետաղյա կռփազենք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Աբովյանում

ձերբակալվածՀոկտեմբերի 17-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, 1954 թ. ծնված Գագիկ Զ.-ին:
Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է Կոտայքի մարզի դատախազություն, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և Ինտերպոլի ԱԿԲ:

Ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, ինքնաշեն ատրճանակ և 3 փամփուշտ

Զենք-զինամթերքՀոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անասուններն արածացնելիս, ՃՈ անշարժ պահակետի մերձակայքում, զենք է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

ԵՊՀ-ականները կայցելեն Արցախի զորամասեր

ԵՊՀՀայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊՀ ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 18-21-ը կիրականացնեն «Մենք հավատում ենք քեզ, զինվո′ր» խորագրով ծրագիրը։ Այն նվիրվում է ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 22 և հայոց ազգային բանակի կազմավորման 21-ամյակներին։

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 18-ին նախատեսվում է այցելություն Քաշաթաղի և Ստեփանակերտի զորամասեր, հոկտեմբերի 19-ին՝ այցելություն Մարտակերտի զորամաս, հոկտեմբերի 20-ին՝ Ասկերանի զորամաս, իսկ հոկտեմբերի 21-ին երիտասարդները կլինեն Մարտունու զորամասում:

Զորամասերին կնվիրաբերվի 5000 գիրք: Յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողները և երիտասարդ սպաները կպարգևատրվեն հուշանվերներով: ԵՊՀ դասախոսները հանդես կգան դասախոսություններով` հայոց պատմություն, քաղաքագիտություն և մի շարք արդիական թեմաներով: Միջոցառումները կուղեկցվեն ռազմահայրենասիրական երգերի կատարումներով:

Քառօրյա ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը, երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը, բանակի նկատմամբ հասարակության ուշադրության մեծացումը, ինչպես նաև՝ բանակում գերազանց ծառայող զինվորների խրախուսումը: 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱԳ նախարարը ընդունեց Արգենտինայի արտաքին առևտրի քարտուղարին

574. Minister Nalbandian recieved Argentinian Secretary for foreign trade 17.10.2013Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի արտաքին առևտրի քարտուղար Բեատրիս Պագլիերին, որ Հայաստան է ժամանել հայ-արգենտինյան գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Արգենտինայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման կապակցությամբ նշելով, որ այդ գործընթացում կարևոր դերակատարություն ունի արգենտինահայ համայնքը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Բեատրիս Պագլիերին ասաց, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացմամբ և արգենտինյան գործարարների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը և գործարար համաժողովը դրա վկայությունն են:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը խթանելու ուղիների շուրջ, կարևորվեցին գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, սննդի վերմշակման, դեղագործության և տուրիզմի ոլորտներում համագործակցությունը:

Երկուստեք նշվեց, որ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականցումը կարևոր գործոն է համագործակցության և փոխանակումների ընդլայնման համար:

 

 

 

 

 

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ս. Աֆյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՀիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.

1. Սաշա ԱՖՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Ճարտարապետության պետական կոմիտեն հակասում է Սահմանդրությանը

Հրայր-Թովմասյանarm137233714221Կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նիստում ասաց, որ նորաստեղծ կոմիտեի խնդիրն է լինելու ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, կառուցապատման համար բարենպաստ միջավայր ստեղծելն ու ներդրումները խրախուսելը, քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածքներում բարենպաստ պայմանների ստեղծման ապահովումը, օրենսդրական դաշտի բարելավումն ու այլ խնդիրներ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց վարչապետի հանձնարարականը` այս ամբողջ հարաբերությունները օրենքով կարգավորելու համար:«Թեպետ մեր դիտողություններից, առաջարկություններից հետո որոշակի վերախմբագրումներ են կատարվել, բայց ըստ էության հարցը չի լուծվում: Քողարկված ձևով այնուամենայնիվ մնում է, որ այս ոլորտում քաղաքականություն իրականացնողն այս կոմիտեն է, ինչը ուղղակիորեն կհակասի Սահմանդրությանը, քանի որ կոմիտեն քաղաքականություն չի կարող իրականացնել: Երկրորդը վերաբերում է լիազորություններին: Մենք ունենք Սահմանադրություն, մեր Սահմանադրության համաձայն պետական մարմնի լիազորությունները կարող են սահմանվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով: Մենք այստեղ, ուզենք թե չուզենք, պիտի հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ, ինչը չունենք մենք օրենքով, հիմքը չունենք, այսինքն՝ Սահմանադրությամբ այս կոմիտեի մասին բան չկա: Այս փուլում պիտի դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին, լիազորություններն այդպիսին պետք է լինեն, և օրենքով նոր կարգավորենք այս հարաբերությունները»,- ասաց Հ.Թովմասյանը:


Վարչապետի հարցին, թե «մենք նախադեպ ունենք չէ՞», Հ.Թովմասյանը պատասխանեց. «Վատ նախադեպ ունենք»: Մեկ այլ նախադեպ էլ էր գալիս՝ այս նախադեպին հղում անելով, մենք հիմա փորձում ենք դա օրենքով կարգավորել»:

Տ.Սարգսյանի հարցին, թե բոլոր կոմիտեների վերաբերյալ մենք հիմա խնդի՞ր ունենք, պետք է կարգավորենք օրենքո՞վ, արդադատության նախարարը նշեց, որ նրանց մի մասի լիազորությունները սահմանված են օրենքով: «Եթե անշարժ գույքի կադաստրի մասին խոսենք, մենք ունենք օրենք, որտեղ հստակ այդ լիազորությունները սահմանվում են: Ավիացիայի մասին օրենքով ևս սահմանվում են ավիացիայի ոլորտի լիազորությունները: Սակայն ջրային կոմիտեն օրենքով ստացած լիազորություններ չունի, բայց լավ վիճակից չէ, որ չունի»,- նշեց Թովմասյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարարին հանձնարարեց ներկայացնել օրենսդրական կարգավորման առաջարկություններ:

 

Երկրաշարժ` Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի ՝ Գյումրի քաղաքից 11կմ արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.730 և արևելյան երկայնության 43.730
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժ Գյումրիում

երկրաշարժՔիչ առաջ` ժամը 19:05-19:10-ի սահմաններում, Գյումրիում երկրաշարժի ցնցումներ են զգացվել: Հատկապես խուճապի են մատնվել բազմաբնակարան շենքերի բնակիչները: Նրանց հավաստմամբ ցնցումները եղել են ուղղահայաց:

“Տանը համակարգչի դիմաց նստած էի, հանկարծ սեղանն ուժեղ ցնցվեց, շարժվեց”, – նշեց շենքերից մեկի բնակչուհին:
“Այս պահին մեր շենքի բակում առնվազն 6 ընտանիք կա”, – մեզ փոխանցեց բարձրահարկերից մեկի բնակիչը:
Հավելենք, որ առավել հստակ և ճշտված տվյալներ կներկայացնենք վաղը:

Կկազմակերպվի միակողմանի երթևեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ

Ճանապարհային ոստիկանությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հոկտեմբերի 18-ից Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի՝ Կոմիտաս պողոտայի անցուղու խաչմերուկից (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գրասենյակի մոտից) մինչև Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկ հատվածում կազմակերպվելու էմիակողմանի երթևեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ կողոպուտի 1 և խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Չկա անկախ պետություն առանց ազգային արդյունաբերության

 Քարանյութ,“Քարակերտ” քարաձուլման գործարան, Սուրեն Գևորգյան,Տիգրան Խզմալյան Քարանյութի մշակման արդյունավետությունը կարող է հանդիսանալ որպես ազգային տնտեսության զարգացման առանցք: Այս թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին “Քարակերտ” քարաձուլման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, Նախախորհրդարանի անդամ Սուրեն Գևորգյանը և Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:

 Ոչ մետաղական հանքանյութերի /պեռլիտ, բազալտ, ցեոլիտ, տուֆ և այլն/ համալիր վերամշակմամբ նոր արտադրատեսակների ստեղծումը կարող է մրցունակ դառնալ միջազգային շուկայում և ապահովել գերշահույթ Հայաստանի համար:

Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ պեռլիտի` Արագած-պեռլիտ հանքավայրը, որի պարունակությունը ամենամեծն է և ամենաորակովը: Պեռլիտի վերամշակման 70 տոկոսը օգտագործվում է էներգոհամակարգում և շինարարության մեջ որպես ջերմամեկուսիչ նյութեր: Ըստ պր. Գևորգյանի, եթե ԱՄՆ-ում և եվրոպական այլ երկրներում ջերմամեկուսիչ նյութեր ստանում են փրփռապակուց, ապա Հայաստանը ունի բնությունից տրված հրաբխային ապառներ, որոնք հարուստ են պեռլիտով ու բազալտով, ապա հավելեց. “1980-ական թթ.-ներից Ամբողջ Ռուսաստանի ջերմամաեկուսացումը կատարվել է Հայաստանից ներկրված պեռլիտի հիման վրա` 98 տոկոսը, որն օգտագործվել է էներգոհամակարգի և շինարարության մեջ”:

Ընկերության պատրաստած արտադրանքի տեսակներից են թեթև բետոները, ջրակայուն սալիկները, թթվակայուն խողովակները, ջերմա և էլեկրտամեկուսիչները, սպիտակ ու գունավոր ապակիները, բյուրեղապակին, գյուղատնտեսական պարարտանյութերին ավելացվող և դրանց փոխարինող պեռլիտային խարնուրդները և այլն, սրանք լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության, շինարարության և նույնիսկ ռազմարդյունաբերության բնագավառներում և դրանց արտահանումը Հայաստանին կարող է տարեկան մի քանի միլյարդ դորլարի շահույթ բերել:

Գևորգյանի և Խզմալյանի ներկայացրած փաստերի համաձայն դեռևս 2007 թ. սեպտեմբերի 14-ին ՌԴ-ի և Հայաստանի կառավարության միջև կնքվել է պայամանագիր երկարատև տնտեսական համագործակցության մասին, որը ստորագրել է այդ թվականին դեռևս վարչապետ Ս. Սարգսյանը, նշելով որ դրանց հաջորդել են ուրիշ պայամանագրեր ևս, սակայն դրանք բոլորն էլ մնացել են թղթի վրա ստորագրված, իսկ իրենց առաջարկների և նամակներին կառավարությունը չի պատասխանում: Բանախոսները պահանջում են պետության աջակցությունը և երաշխավորում, որ իրենց արտադրանքը կարող է նաև նպաստել էներգոխնայողությանը. “Մարդիկ 10 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա կօգտագործեն”,-ասաց Գևորգյանը:

Այսօր ընկերությունը կարող է համագործակցել ամերիկյան խոշոր ընկերության հետ, որը կառավարությունից պահանջված 5 մլն դոլարի աջակցության փոխարեն պատրաստ է տրամադրել 100 հազար մլն դոլար, սակայն դրա արդյունքում բաժնետոմսերը կանցնեն նրանց, իսկ Սուրեն Գևորգյանը չի ցանկանում, որ Հայաստանը զրկվի իր բնական պաշարները օգտագորշելու իրավունքից:

Նրանց նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա և  այս կապակցությամբ առաջիկա օրերին կլինեն լսումներ Նախախորհրդարանի նախաձեռնությամբ` Հայաստանի տնտեսության զարգացման հեղափոխական թռիչքային հնարավորությունների մասին:

 

Լուսինե Ասատրյան

Ազգագրագետ. էթնիկ հայկական հարսանիքի ձևավորման փուլում ենք

համաժողովԱյսօր ձևավորվում է հայկական հարսանիքի նոր ծես`  թելադրված գլոբալացված շուկայի միտումներով, տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ և զուգորդված նախորդ դարերից պահպանված ծեսերով: Եվ քանի որ հարսանեկան նման ծեսը նույնությամբ կատարվում է թե Հայաստանում, թե Սփյուռքում, դա նշանակում է, որ այն էթնիկական հատկանիշ է ձեռք բերում· այսպիսին է պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանի կարծիքը:

Նա այսօր  «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային երկրորդ  համաժողովում  զեկույց  ներկայացրեց «Հայկական հարսանիք· վերակազմություն և ապակազմություն» թեմայով:

Շագոյանն ասում է, որ իրեն  հաճախ են խնդրում ներկայացնել, թե հին, ճիշտ հայկական հարսանիքն ինչպիսին է եղել, ինչից ենթադրելի է, որ տարածված կարծրատիպ կա, որ նախկինում եղել է  հարսանիքի ճիշտ,  էթնիրկ տարբերակ, ինչը հետագայում  կորսվել է:

Նրա խոսքով, սակայն,   ծեսը կենդանի ու փոփոխվող օրգանիզմ է· «Պետք չէ կարծրացնել այն, ինչ կենդանի օրգանիզմ է, պետք չէ միօրինականացնել այն, ինչ մեծ բազմազանություն է կրում»:

Ասում է, որ որպես ազգային ինքնության հենասյուն համարվում են լեզուն, կրոնը և ավանդույթներն ու ծեսերը, որոնց մաս է կազմում նաև հարսանիքը:

Սական ազգագրագետը նշում է, որ ծեսերի գրավոր նկարագրության առումով մեծ բաց ունենք·  պատառիկներ կան Խորենացու և այլ պատմիչների աշխատություններում, ապա երկար ժամանակ բաց է  մինչև տասնիններորդ դարը:

Որպեսզի ծեսը էթնիկ բնույթ կրի, այն պետք է նույնական լինի: Եթե նախկինում ծեսի նույնականության համար պատասխանատու էր եկեղեցին, ապա այժմ նույնական ծեսի ձևավորման գործում իրենց դերն ունեն նաև գլոբալացված շուկան և տեղեկատվական տեխնոլոգիաները:

Հարսանեկան ծեսերի վրա ազդեցության առումով առաջատար է Մեծ Բրիտանիան, որտեղից և սկիզբ է առել հարսանեկան սպիտակ շորը:

Շուկայի ազդեցությունը հարսանեկան ծեսի վրա Շագոյանը շեմն անցնելիս կոտրվող ափսեի օրինակով  է ներկայացնում: Եթե նախկինում կոտրում էին մեկ կամ երկու  հին ափսե, նուռ կամ  էլ պղինձ էին խազում, ապա այսօր միօրինակ է·  հարսն ու փեսան երկու ափսե են կոտրում` նոր, խանութից գնաված և հատուկ փաթեթավորում ունեցող ափսեներ: Եթե նախկինում ափսեի մասինկները բաժանում էին այլոց կամ օրինակ թաքցնում, ապա այսօր ավելի հեշտ է դեն նետելը· խանութում վաճառվում են հատուկ փաթեթավորված, հեշտ կոտրվող ափսեներ: Ավելի հեշտ է հարսանիքից հետո փաթեթով ափսեի կտորները աղբը նետել, քան թե տարածել:

Խոսելով ծեսի էթնիկական բնույթ ստանալու գործընթացից, ասում է· «Այսօրվա ծեսերը հաճախ ստանում են էթնիկության հատկանիշ, եթե այն հովանավորվում է եկեղեցու կողմից: Եթե այն կատարվում  է, հովանավորվում է առաքելական եկեղեցու կողմից, դրան վերագրվում է հայկականություն»:

 

Շնագայլը տեղափոխվել է անվտանգ տարածք

շնագայլՀոկտեմբերի 17-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատության փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում գտնվող կահույքի խանութում աղվես է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները խանութում հայտնաբերել են շնագայլ, որին տեղափոխել են անվտանգ տարածք:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային շրջաններում թաց ձյուն:

Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 18-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Երևանի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան     26.30C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -1.10C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան      12.90C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշջվել

ապակիՀոկտեմբերի 16-ին, ժամը 01.10-ի սահմաններուն, «Պրոտոն Վիռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վիճաբանությունը կանխելու նպատակով գազային ատրճանակից օդ է կրակել

ատրճանակՀոկտեմբերի 16-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորենացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը Խորենացու փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ին:
Պարզվել է, որ դեպքին մասնակից է եղել նաև 1984 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը իր մոտ եղած գազային ատրճանակից, վիճաբանությունը կանխելու նպատակով, 1 անգամ օդ է կրակել:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 14.25-ին, Արմեն Թ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը` լիցքավորված 2 փամփուշտով:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ոստիկանները «տաք հետքերով» բացահայտեցին Ստեփանավանում կատարված սպանությունը

ՍպանությունՀոկտեմբերի 16-ին, ժամը 00.40-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սրտի շրջանի կտրած-ծակած և աջ սրունքի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արա Հախվերդյանի դիակը:
Ոստիկանության Ստեփանավանի և Լոռու մարզի քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արևելյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արեն Հարությունյանը դանակով հարվածել է Ա. Հախվերդյանին և սպանել նրան:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Արեն Հարությունյանը ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Ոստիկանները հայտնաբերել են երթուղայինում դրամապանակ գողացողին

ձերբակալելՀոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող սրճարանի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արսեն Պ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ կանխիկ գումարով և բանկային քարտերով:
Վերջինս խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում` մի աղջկա պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1989 թ. ծնված Անի Բ.-ն է, որը ժամը 21.00-ին ոստիկանությունում հաղորդում է տվել:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: