Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

1404904383,1784Հուլիսի 9-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սախարովի հրապարակում բախվել է Ա. Սախարովի հուշարձանի բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 10.45-ին, «FAW» մակնիշի ավտոբուսի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները վայր են ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ 56-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել և հայտնել, որ հուլիսի 7-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սևանի փողոցի թիվ 86 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղու թիվ 3/2 հասցեի մոտ` վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հիվանդանոց դիմած կնոջը:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 4-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքի, աջ շրթունքի, ձախ նախաբազկի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան կտուրից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդը բացատրություն է տվել, որ վնասվածքն ստացել է հուլիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, գտնվելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում, որը Մխչյան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է:
Կատարվում է նախաքննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 08.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1956 թ. ծնված Միքայել Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզել է, որ հուլիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, դեռևս չպարզված վայրում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Միքայել Մ.-ին` պատճառելով նշված վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Միքայել Մ.-ին Բալահովիտ գյուղում գտնվող ռեստորանի մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Գագիկ Խ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Գագիկ Խ.-ն հուլիսի 8-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզում` Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 07.30-ին, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գ. Արզումանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

001 (3)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:  

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած վեց ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը` Դավթաշեն վարչական շրջանները: 2014թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով` ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով վարչական շրջանների գրանցած արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատկանշելով Արաբկիր վարչական շրջանի գրանցած ցուցանիշը, ընդգծել է, որ այն լավագույնս ապացուցում է գնահատման համակարգի ներդրման արդյունավետությունը. «Բոլորդ եք հիշում, որ դեռևս երկու տարի առաջ Արաբկիրը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը: Բայց հետևողական և սրտացավ աշխատանքի արդյունքում վարչական շրջանի ողջ թիմը հասավ ցանկալի այն արդյունքին, որն ունի այսօր, ինչի համար և իմ շնորհակալությունն ու գոհունակությունն եմ փոխանցում Արաբկիրի ողջ թիմին: Անշուշտ, գովելի է նաև այն ակնհայտ մրցակցային ոգին, որ ձևավորվել է վարչական շրջանների միջև: Եվ, այս ամենը հաշվի առնելով, ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում փորձել շտկել նկատված բացթողումները: Ըստ այդմ, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին էլ հանձնարարվել է տեղերում աջակցել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերին՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով. «Երևանցիների սպասելիքները մեր թիմից իսկապես մեծ են, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել նրանց սպասելիքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության վերջում, անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված և ընթացիկ աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերով իրականցվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող կանոնակարգված գործունեությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կդիմի Սահմանադրական դատարան

Դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները.  մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Այժմ շարժման անդամ Արմեն Եփրեմյանը, նշում է, որ իրենց գերակա խնդիրը համաներման հասնելն է այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին չեն կարողացել վճարել և արդյունքում նրանց տուգանքները եռապատկվել կամ հնգապատկվել են. «Մեր պահանջներին ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ հարցը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել, որի կազմում եղել են  հասարակական կազմակերպություններ (որոնց մասին մենք իհարկե ոչինչ չգիտենք): Որոշում է կայացվել զիջումների գնալ և տուգանքների չափերը որոշ չափով նվազեցնել: Մենք կարծում ենք, որ դա բավարար չէ, քանի որ համաներում չի հայտարարվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր նախկինում խախտել են կանոնակարգը», – ասաց նա` ընդգծելով, որ իրենք դեմ չեն տուգանքներին , պարզապես «դրանք պետք է համահունչ լինեն մարդկանց գրպանին»:

Ըստ նախաձեռնության մեկ այլ մասնակից Արմեն Պետրոսյանի` համաներում չհայտարարելը անտրամաբանական է, քանի որ կառավարությունը ընդունել է, որ ներկայիս կանոնակարգը թերություններ ունի «Կառավարության կողմից արդեն որոշ չափով մեղմացվել են տուգանքների չափերը, այսինքն` նրանք ընդունում են, որ նախկին օրենքը՝ տուգանքների գների հետ կապված, սխալ է եղել», – ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով` իրենք դեմ չեն նորմալ երթևեկությանը, բայց չեն ընդունում, երբ հետապնդում են բիզնես շահեր ու ոչ թե քայլեր են անում նրա համար, որ երթևեկությունը կանոնակարգվի:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ երթը տեղի կունենա հուլիսի 17-ին. դրա նպատակը մարդկանց իրազեկումն է, իսկ կարգախոսն է` «Չենք վճարում տուգանքները»:

Դրանից հետո նախաձեռնությունը ծրագրում է ակցիաներ իրականացնել նաև մարզերում:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 8-ից 9-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, յուրացման 4 և խարդախության 10 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախօպերատիվ իրավիճակ

Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար

ձայնաազդանշանայինԱնբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։

Անկախ

Հանրային խորհուրդը քննարկել է հանրությանը հուզող մի շարք հարցեր

ՀԽ-նիստ

Հանրային խորհուրդը պատրաստվում է առաջիկա լիագումար նիստին, որի օրակարգը նախապատրաստելու նպատակով հուլիսի 8-ին կայացել է ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Օրակարգ ընդգրկվող հարցերի մի մասը Հանրային խորհուրդը նախատեսում է նաև ներկայացնել ՀՀ նախագահին` հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ:

ՀԽ փոքր խորհրդի նիստում, մասնավորապես, քննարկվել են հետևյալ հարցերը.

1. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:

2. Արտագաղթի իրական չափերը, հետևանքները և դրա կանխարգելմանն ուղղված քայլերը:

3. Կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունն ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:

4. Երևանի փողոցներում «կարմիր գծերի» օրինականության և ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը:

5. Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների (Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի և նոր ատոմակայանի կառուցում) և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

6. Անկախության տարիներին հանքերի վաճառքի և օգտագործման շահավետության հարցը:

7. Սննդամթերքի թանկացման պատճառները և ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման իրական պատկերը:

8. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:

Այլ հարցեր:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մանրամասն ներկայացրել է գործընթացը՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:

Արտագաղթի իրական չափերի, հետևանքների և դրա կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայացրել է նաև արտագաղթի վերաբերյալ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` հարցը ևս մեկ անգամ համակողմանիորեն ուսումնասիրելու և ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա կենսաթոշակային նոր համակարգի ազդեցության վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներ Սոֆյա Հովսեփյանը և Շողեր Բաբայանը: Նրանք ներկայացրել են մանկավարժների վարձատրման հետ կապված խնդիրները` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Որոշվել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կամբողջացնի խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Անկախ

Զինամթերք` կամավոր

Զենք-զինամթերքՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` 1952 թ. ծնված Լիպարիտ Հ.-ն կամավոր հանձնել է 3 լուսածիր, 7.62 մմ տրամաչափի 20 հրացանային, 7.62 մմ տրամաչափի` 60, ինքնաձիգի, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և «ՈւԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Հերթական ստուգայցը. 28 վարորդ` ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 95 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 7 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:

Անկախ

Օմսկում` շորթում, իսկ Աստրախանում` գողություն

ոստիկանությունՈստիկանության Արագածի բաժնի ծառայողները Ծաղկահովիտ գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոլանդ Ռ.-ին, որը հունվարի 10-ից ՌԴ Օմսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթում կատարելու մեղադրանքով:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը մարտի 2-ից ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով

բերման է ենթարկվելՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Խաղաղ Դոնի փողոցի 31 շենքից բերման են ենթարկել 1940 թ. ծնված Ստեփան Մ.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Անկախ

Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով

ՈստիկանությունՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել է 1991 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Անկախ

Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց

загруженноеՀուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:

«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

«Լայքատենչ» հասարակության տխուր առօրյան

nkar 1Յուրաքանչյուր մարդ, ինչպես և ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, տեղեկություններ ստանալու իրավունք ունի: Սակայն երբեմն լսարանին հրամցված ցածրորակ ու անհեթեթ տեղեկատվությունը վնասում է ընթերցողի ինքնագնահատականը:

Լրատվություն ստանալու աղբյուրներն այսօր բազմազան են: Եթե մեկ տասնամյակ առաջ չկար ձևավորված էկոտրոնային հասարակություն, և ինտերնետի հասանելիության ու մատչելիության խնդիր կար, քաղաքացիները տեղեկություններ ստանալու սահմանափակ միջոցներից էին օգտվում, սակայն ստացած լրատվությունն էլ «մաքրված էր» և գուցե հեռու ստահոդ, աղտոտված, անպարկեշտ ու էժանագին բամբասանքներից, ինչով այսօր դժբախտաբար ողողված է հայաստանյան լրատվական դաշտը:
Վաղուց ռադիոյին, հեռուստատեսությանը և տպագիր մամուլին փոխարինելու է եկել ինտերնետը: Սնկի պես աճող լրատվական կայքերը մեկը մյուսի հետևից ստեղծվում են և հեղեղում սոցցանցերը` «լայքատենչ» մոլուցքը գովազդի աղբյուր ծառայեցնելով: Նրանցից գուցե քչերն են, որ ասպարեզ են եկել օգտակար, անկողմնակալ տեղեկատվություն տարածելու առաքելությամբ: Նորաստեղծ բազմապիսի լրատվական կայքեր, «copy paste»-ի մակարդակից վեր չբարձրանալով, բայց պատշաճության սամաններն անցնելով կամ ուրիշի վրա ցեխ շպրտելով` բթացնում են սոցցանցերի օգտատերերի միտքը, աղճատում ճաշակն ու նույնիսկ այլասերություն տարածում:
Ցավն այն է, որ սոցցանցերում գրանցված օգտատերերը տարիքային սահմանափակում չունեն. հանկարծ մի սենսացիոն վերնագիր, և դու արդեն նրանց ցածրորակ լրատվության մշտական ընթերցողն ես: Չկա որևէ մեխանիզմ, որ զերծ պահի սովորական քաղաքացուն ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումից: «Լայքեր» հավաքող կայքերը հիմնականում տարածում են լուրեր, որոնց վերնագրերն ահաբեկող են ու սահմռկեցուցիչ, անընդհատ կարդում ես` այսինչի ամուսինը ծեծել է կնոջը, կամ այնինչը բռանբարել է սեփական դստերը, մեկ ուրիշը խեղդամահ է արել կնոջը կամ հարազատ երեխաներին, կամ երբեմն տեսնում ես վերնագրեր, որոնցում քարոզվում է վաղ տարիքում սեռական կյանք սկսելու երևույթը: Նման կայքերը նաև զբաղված են քիչ թե շատ մեզ ծանոթ հայտնիների անձնական կյանքը փորփրելով և էրոտիկ նկարների շարքեր հրապարակելով:
Ի՞նչ են տալիս այդ սահմռկեցուցիչ կամ ուռճացված դրվագներով հոդվածաշարերը, որոնցում անընդհատ ներկայացվում է դավաճանություն, ատելություն, վրեժխնդրություն: Առանց այդ էլ հեռուստատեսությունը տեղեկացնում է որոշ իրադարձությունների մասին: Երբեմն կարդում ես հոդվածներ, որոնց հեղինակները, չգիտես որտեղից, ինչ-որ բան լսած, փաստերը չճշտելով, հապշտապ տարածում են լուրը` ձգտելով առաջին տարածողը լինել: Սակայն քիչ հետո տեղեկանում ես, որ քիչ առաջ կարդացած լուրը հեռու էր ճշմարտությունից:
Վերջերս` վերնիսաժի հայտնի դեպքերի ժամանակ, երբ մի քանի օր սոցցանցերում վերլուծվում էր կատարվածը, մի լրատվական կայք տեղեկացրեց, որ ամենատարեց տուժածներից մեկը հենց վիրահատարանում մահացել է, հետո պարզվեց, որ գույժն անտեղի էր: Թե ում ջրաղացին են ջուր լցնում այդ լրատվական կայքերը, հարցի մի կողմն է. գուցե բիզնես է, որի մեջ չարժի էլ խորանալ:
Անհեթեթ վերնագրերով հոդվածներ են տարածվում, որոնց բովանդակությունը որևէ կապ չունի վերնագրի հետ, ու հարց է ծագում, թե հեղինակն առհասարակ ինչ է կամեցել լսարանին հաղորդել: Օրինակ` «Ծառուկյանը ավտովթարի է ենթարկվել»: Հետո կարդում ես ու հասկանում, որ հեղինակը միտումնավոր վերնագրում չի նշել նաև նույն քաղաքացու անունը: Կարծես ռինգում լինենք, յուրաքանչյուրը փորձում է ընթերցանության քանակի առումով առաջինը լինել և բազում «լայքեր» հավաքել մի հիմար ու անտեղի տեղեկություն տարածելու միջոցով:
Սթափվենք: Առանց այդ էլ այս հոգսաշատ ժողովուրդը բազմաթիվ անարդար երևույթների է բախվում, ընկճվում: Արժի՞ նրան ուրիշների անբարո կյանքին ու դժբախտություններին ականատես դարձնել: Զգոն լինենք, ընտրենք մեզ համար լավն ու օգտակարը և թույլ չտանք բազմանալ նման ուղենիշ չունեցող ու աննպատակ կայքերին:
Լ.Ն

Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

Հուլիսի 8-ին՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, Նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն: Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ Նախագահն արարողության մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով:

 

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը

 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան Հայրե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, և ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց Ցեղասպանությանը թանգարանի հիմքում:

Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վկա, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու: Մարդկային հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապես արդարության սերմեր են ցանում՝ առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժեքները։

Այդ լուսավոր տեղանուններից մեկն էլ, իհարկե, Արգենտինան է, որն օգնության հասնելով մեր ժողովրդին արհավիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև վերականգնեց մեր ժողովրդի սասանված հավատն առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը և կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը։

Հարգելի գործընկերնե՛ր,

Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Սակայն բոլորին է հայտնի՝ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: Մեծ Եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ և ազդարարելու հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-արգենտինական բարեկամության դարավոր պատմությունը ամբարում է էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մեր երկկողմ համագործակցությունը: Եվ այս օրը, անշուշտ, ոսկե տառերով է գրվելու ոչ միայն հայ-արգենտինական պատմության մատյանում, այլև իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ երբևէ գործված ամենածանր ոճրի՝ ցեղասպանության դատապարտման և կանխարգելման գործում:

 

***

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014թ. մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը): 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 10-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Հուլիսի 8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փաստաբանը չի կարողանում հանդիպել Վերնիսաժի գործով կալանավորված իր պաշտպանյալի հետ

08.07.14.1Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով օրեր առաջ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փասատաբան Լևոն Բաղդասարյանը չի մինչ օրս չի կարողանում հանդիպել իր պաշտպանյալին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում` հավելելով, որ այդ իսկ պատճառով տեղեկություն չունի, թե ինչ առողջական վիճակում է իր պաշտպանյալը:

«Այսօր երեքշաբթի է, անցել  է 5 օր, բայց դեռ լիազոր մարմնի` քննիչի կողմից չկա համապատասխան գրություն, որպեսզի ես` որպես պաշտպան, կարողանամ մուտք գործել փակ տարածք` իմ պաշտպանյալի հետ հանդիպելու»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք,  Վալերի Հովհաննիսյանը Վերնիսաժի մոտ ` ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի վարած ավտոմեքենայի ճանապարհը փակողներից և վիճաբանության մասնակիցներից մեկն է եղել, ով կրակոցների արդյունքում ծանր վնասվածքներ էր ստացել և դեպքից հետ 2 անգամ վիրահատվել: Նա, ի դեպ, մինչև հուլիսի 4-ը` մինչև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորման որոշումը կայացնելը, շարունակում էր բուժում ստանալ հիվանդանոցում:

Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են կալանավորման որոշումը, բայց դրա համար, նրա խոսքով ինքը նախ պետք է հանդիպի իր պաշտպանյալին և նրա հետ որոշ հարցեր քննարկի: Նա նաև հիշեցրեց, որ կալանքի որոշումը կայացվել է «անմարդկային, ստորացուցիչ» պայմաններում, քանի որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել պատգարակի վրա, շատ վատ վիճակում, բարձր ճնշմամբ, վիրահատությունից հետո աղիքը կողքից կախված, և այս պայմաններում դատը տևել է 4 ժամ:

Ի դեպ, Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ լուր ունեն դեպքի վայրից անհետացած BMW մակնիշի ավտոմեքենայի մասին: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցով ևս որևէ առաջընթաց քրեական գործում չկա:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի վրա կրակել են հենց այդ մեքենայի մեջ գտնվելու պահին, երբ նա փորձել է մեքենան դուրս բերել ճանապարհից: Իսկ երկրորդ հրազենային վնասվածքը ստացել է արդեն մեքենայից դուրս փախչելու ընթացքում: Այդ մեքենայով են հետագայում նաև հիվանդանոց տեղափոխել դեպքի ժամանակ վիրավորված Ներսես Մելքոնյանին, իսկ հիվանդանոցի բակից արդեն ավտոմեքենան անհետացել է և մինչ օրս չի գտնվել:

«Փաստինֆո»

Անկախ

Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը. Կարեն Թումանյան

Կարեն Թումանյան«Մեր երկրում ամենաթողությունը և անկառավարելիությունը հասել են իրենց գագաթնակետին: Վիճակն այնքան լուրջ է, որ շարժումները միայն կարող են հասնել հաջողության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդվզում» շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տարիներին ակտիվացել են  քաղաքացիական շարժումները: «Ամեն ինչ կարելի է ասել սկսվեց «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայից, և դա կարծես թե հաղթանակ տարավ քաղաքապետարանի կայացրած հակաժողովրդական որոշման նկատմամբ», – ասաց հրապարակախոսը:

Թումանյանը նաև իր գոհունակությունը արտահայտեց «Դեմ եմ» շարժման գործողություններից. այն անգամ կարողացավ խնդիրը հասցնել Սահմանադրական դատարան, ինչը մի կողմից հաջողություն է, սակայն կառավարությունը, ըստ Թումանյանի, ավելի խորամանկ գտնվեց.

«Եկավ մի պահ, որ ասում ենք` կուտակային լիներ, երևի ավելի լավ լիներ, հիմա գրեթե ամբողջ հանրությունն է ընդգրկված այստեղ», – ասաց նա ` նշելով, որ շարժումներից ամեն մեկը պայքարում էր միայն կոնկրետ խնդրի դեմ և այդտեղից է, որ առաջացել է նոր շարժում ստեղծելու գաղափարը. «Մենք հասկացանք` պետք է ստեղծել մի շարժում, որը կարձագանքի նման հակասահմանադրական որոշումներին, մենք պետք է զսպաշապիկ հասցնենք ռոբերտնազարյանական և նմանատիպ դուքյաններին», – հայտարարեց Կարեն Թումանյանը:

Նորաստեղծ շարժման ղեկավարը անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին` ընդգծելով, որ իրենց նպատակներից մեկն է թույլ չտալ նոր թանկացումներ: Նար խոսքով` ՀԾԿՀ-ի հայտարարությունները, որոնք միտված են հիմնավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, անհիմն են.  «Ի՞նչ է նշանակում` մասնավոր հիմնարկը ճեղքվածք ունի, և այն պետք է փակենք մենք, ինչու՞ պիտի նրա վատ կառավարման համար մենք տուժենք: Մենք, աշխատելով հանդերձ, աղքատ ենք, անձամբ ես երկու տեղ եմ աշխատում և հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում: Ինչու՞ մենք պետք է փրկենք Բիբինի հիմնարկը.  նա մեզ համար ո՞վ է», – ասաց նա:

Ըստ նրա` սպասելիքները նոր կառավարությունից սին էին, քանի որ այն  ոչ մի գնահատական չտվեց նախկինին: «Այս կառավարությունը նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ես հակված չեմ այն մտքին, որ պետք է հարյուր օր հետո գնահատական տալ, ի սկզբանե, ամեն ինչ պարզ էր: Հին կառավարության անդամների 90 տոկոսը մնաց: Ի՞նչ տարբերություն. Գագիկ Բեգլարյանը փոխվե՞ց, սոցապնախարարը փոխվե՞ց. ոնց որ աշխատել էին, այդպես էլ շարունակելու են»,- ասաց նա:

 

Անկախ

Մեկնարկել են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները

002 (1)Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել են են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ:

Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի շուրջ 200 շքապատշգամբ: Դրանց  վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Աշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ուժերով:

Կախված պատշգամբի տեսակից՝ վերանորոգման աշխատանքներից հետո պատշգամբները նաև ներկվում և արտաքին պատշաճ տեսքի են բերվում:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները, հանդիսանալով բնակիչների սեփականությունը,  պետք է հիմնանորոգվեին և վերակառուցվեին սեփականատիրոջ կամ համատիրության կողմից, սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովման կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ