«Իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում». Րաֆֆի Էլլիոտտ

raffiՐաֆֆի Էլլիոտտը 24 տարեկան է: Նրա իռլանդացի հայրն ու սիրիահայ մայրը սիրահարվել ու ամուսնացել են  Մոնրեալում, որտեղ հայրն իրավաբանություն էր սովորում, մայրը` ատամնաբուժություն: Հայրը շատ հայ ընկերներ ուներ, և մի հավաքույթի ժամանակ ծանոթանում է մոր հետ: Վերջինս ակնարկում է, որ դեղնավուն մազերով ու կարճահասակ տղաների չի հավանում, սակայն ճակատագիրն այնպես է անում, որ ամուսնանում է հենց այդպիսի տղայի հետ: Ազգային պատկանելությունը նրանց ամուսնությանը չի խանգարում, քանի որ երկուսի համար նույնն էին ընտանեկան արժեքները: Միայն թե հայրը սկսում է հայերենի դասերի հաճախել, և հիմա հայերեն ավելի լավ գիտի, քան սիրիահայ մայրը:

Րաֆֆին նրանց առաջնեկն է և միայն արտաքինով է տարբերվում սովորական հայից: Նա ունի նաև քույր ու եղբայր: Հայրը երեք երեխաներին էլ հայկական դպրոց է ուղարկել: Րաֆֆին հիշում է, որ հայրն էր դասերը պարապում, ուղղում իրենց հայերենի սխալները: «Մենք տիպիկ սփյուռքահայի կյանքով էինք ապրում»,- ասում է նա:

Միգուցե շատերին տարօրինակ թվա, որ իռլանդացի հայրն իր երեխաների մեջ ջերմեռանդորեն  հայություն էր սերմանում, սակայն Րաֆֆին դա հետևյալ կերպ է բացատրում. «Նախ` հայրս մորս շատ էր սիրում, բայց կար նաև այլ պատճառ. հայրս հասկանում էր հայոց պայքարը, որ մենք ցեղասպանության սերունդներն ենք, և եթե մենք էլ հայ չմեծանանք, ապա դրանով ցեղասպանությունը կշարունակվի»:

Ամեն կիրակի հայրը ստիպում էր, որ երեխաները գնան հայկական եկեղեցի, հաճախեն հայկական խմբակներ: Սակայն Րաֆֆին խոստովանում է, որ սկզբում դա իրեն դուր չէր գալիս. մտածում էր` ինչո՞ւ պիտի իր ընկերներն անգլերեն, ֆրանսերեն սովորեն, իսկ ինքն այդ դժվար հայոց լեզուն:

Րաֆֆիի մայրը 88-ի երկրաշարժից հետո սերտ կապեր է հաստատում Գյումրիի հետ, զբաղվում բարեգործությամբ և հաճախ էր Րաֆֆիի հետ այցելում Գյումրի: Պատահական չէ, որ Րաֆֆիի ֆեյսբուքյան էջի անձնական տվյալներում նշված է, որ ինքը ոչ թե Կանադայից է կամ Երևանից, այլ Գյումրիից: Ի դեպ, ֆեյսբուքում նա իր ազգանվանը նաև «յան» է ավելացրել`դարձնելով Էլլիոտտյան:

2006-ին, երբ 14 տարեկան էր, Հայաստան է գալիս ընկերների հետ և երեք շաբաթ մանկատներից մեկում կամավորական աշխատանք կատարում: Վերադառնալով Կանադա` զգում է, որ այս այցն իր մեջ շատ բան է փոխել: «Ես միշտ զգում էի, որ Կանադայում անհանգիստ եմ, բայց պատճառը չէի հասկանում»,- ասում է նա ու բացատրում,- հայրս արմատներով իռլանդացի է, բայց մենք մի քանի սերունդ արդեն Կանադայում ենք և խորը արմատներ ենք գցել այնտեղ: Հորս քեռին Կանադայի վարչապետն է եղել 1983-93 թվականներին, և մեզ համար որևէ բարդություն չի եղել: Սակայն ես չէի հասկանում` ո՞րն է կանադացին, ինձ համար անընդունելի էր, որ մի քանի սերունդ այնտեղ ապրողը և մի քանի օր առաջ եկածը նույն կանադացին են:  Իսկ Հայաստանում ուրիշ է`մի ազգ է, մի մշակույթ, մեզ միավորում են նույն ցավերը, նույն նպատակը, և դա ինձ ավելի հոգեհարազատ է»:

Րաֆֆին սկսում է պայքարել Հայաստանի համար: Բոլոր հայկական նախաձեռնություններին արդեն մասնակցում է ոչ թե պարտադրաբար, այլ մեծ ցանկությամբ: Ավելին, քոլեջում և համալսարանում հայ ուսանողական միություն է հիմնում: Երկու տարի առաջ նա մի ծրագրով գալիս է Հայաստան աշխատելու և որոշում է մնալ: Այժմ արդեն սեփական բիզնեսն է հիմնել բարձր տեխնոլոգիաների ծառայությունների ոլորտում, որը գտնվում է Գյումրիում: Ասում է, որ մարզերը պետք է զարգացնել, այնտեղ նույնպես ներուժ կա: Աշխատում է նաև իր մասնագիտությամբ` քաղաքական տնտեսագիտությամբ` խորհրդատվություն իրականացնելով տարբեր կազմակերպությունների համար:

Րաֆֆին սիրում է Հայաստանը և անկեղծորեն զարմանում, որ մարդիկ այստեղից հեռանում են: Մյուս կողմից`  խիստ քննադատաբար է վերաբերվում իշխանություններին և հասկանում, որ լուրջ քայլեր են անհրաժեշտ երկրի վիճակը փոխելու համար: Ինչ վերաբերում է հայկական մտածելակերպին, ապա շփվելով հայերի հետ աշխարհի տարբեր վայրերում` նկատել է, որ նրանք  ամեն տեղ նույնն են` սիրում են տխուր հոգեվիճակը. «Երբ հային հարցնում ես` ո՞նց ես, երբեք չի ասում` լավ, միշտ ասում է` ոչինչ, վատ կամ շատ վատ: Հայերն իրենց մեջ մտցրել են, որ չի կարելի լավ կյանք ունենալ, և եթե հայ ես, ուրեմն պիտի դժգոհ լինես: Շատերը նույնիսկ մտածում են, որ օտար երկիր գնալուն պես իրենց կյանքը կփոխվի: Ոչ, էդպես չի»,- ասում է նա:

Նաև նկատել է, որ հայերը սիրում են ուրիշին մեղադրել, բայց երբեք սեփական սխալները չեն ընդունում: Օրինակ, երբ տաքսի է նստում, վարորդը հարցուփորձ է անում և երբ իմանում է, որ Կանադայից է եկել, զարմանում է, ասում, թե այստեղ ի՞նչ կա, բոլորը խաբում են, սուտ են խոսում և այլն. «Բայց վերջում նույն վարորդը մինիմալ ճանապարհի համար ինձանից 2000 դրամ է ուզում… և կարծում է, որ եթե գնա Կանադա, ապա իր բոլոր խնդիրները կլուծվեն: Ոչ, որովհետև ինքն է անառողջ, նախ ինքն իր մեջ պետք է խնդիրները լուծի»:

Րաֆֆին նաև զարմանում է, որ բոլորը դժգոհ են, բայց չեն պայքարում իրենց իրավունքների համար, մինչդեռ Կանադան հեշտությամբ ձեռք չի բերել այն, ինչ այսօր ունի. մարդիկ 200 տարի պայքարել են դրա համար: Այնուամենայնիվ, նա երիտասարդների մեջ ներուժ տեսնում է և հավատում, որ երիտասարդությունը պիտի փոխի հայաստանյան իրավիճակը. «Վախը միայն այն է, որ շատերը գնացել են և կարող է` այդ մի փոքր առողջ հատվածն էլ գնա»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է իրեն, ապա իր համար Հայաստանը լավ երկիր է, և կնախընտրեր իր զավակներին այստեղ մեծացնել: «Ես հարգում եմ իմ իռլանդական, կանադական արմատները, բայց իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Իսկ իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում»,- ասում է նա:

 

 

Քրիստինե Մելքոնյանը ևս չի հասկանում քաղաքապետարանին

Քրիստինե ՄելքոնյանՀանրապետության հրապարակը բարեկարգելու քաղաքապետարանի որոշումը զայրացրել է ոչ միայն ArmNews հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանին, Հանրային հեռուստաընկերության առաջին դեմքերից մեկը` Քրիստինե Մելքոնյանը ևս չի հասկանում քաղաքապետարանի հայտարարության իմաստը երկրում տիրող վիճակի ֆոնին:
«Կարդացել եմ քաղաքապետարանի հայտարարությունը` հրապարակը նորոգելու բաց մրցութի մասին ու հատկապես «ազդեցիկ» էր հիմավորումը` «ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության
խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային
միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում»: Մեղմ ասած, ԶԱՎԵՇՏ է: Լենինի արձանը հանելուց հետո բազմակի նորոգումների ընթացքում ոչ մի նախագծող, ճարտարապետ, շինարար գլխի չնկա՞վ, որ սենց լուրջ «անհարմարություններ» են լինելու: Էս քաղաքը ուրիշ պրոբլեմ չունի՞: Ունի’ և շա’տ……վստահ եմ, որ քաղաքապետարանն էլ գիտի դրանց մասին` գոնե քարոզարշավի ընթացքում էդպես էր թվում: Հենց այդ պատճառով, ոչ մի կերպ չեմ հասկանում այս ձեռնարկի տրամաբանությունը: Ինչու՞ եք արժեզրկում, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ, ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, էլ չեմ ասում` ՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ձևակերպումներն ու քաղաքացուն ստիպում չսիրել իր քաղաքը…», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստինե Մելքոնյանը:

Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին. Արտակ Ալեքսանյան

Արտակ ԱլեքսանյանՀեռուստամեկնաբան Արտակ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ մի գրառում կատարեց` իր վրդովմունքը հայտնելով քաղաքապետարանի` կենտրոնը բարեկարգելու որոշմանը: Գրառումը մեջբերում ենք առանց կրճատման.
«Մի գրառում էի արել, որ երկիրը լքում է ադեկվատության զգացումը: Գրելուց հետո մտածում էի, որ կարծես թե մի քիչ չափազանցրել էի, գույները խիտ էի ներկայացրել: Բայց պարզվեց` ընդհակառակը: Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակը նորոգելու համար: Երկար բացատրություն էր այն մասին, որ իրականում ծանրաբեռնված է երթևեկությունը, որ չի ծառայում իր նպատակին: Հասկանալի է , որ այդ շինարարությունը առնվազն մի քանի հարյուր միլիոն դրամ է լինելու: Ամենաքիչը` 150 մլն դրամ: Կարդում եմ և ուղեղումս չի տեղավորվում: Լու՞րջ է սա, թե՞ կատակ: Լավ, էս քաղաքում էդքան փող վատնելու տեղ չկա՞: Ախր մի քանի շաբաթ է անցել ընտրություններից, երբ բոլորը խոսում էին Երևանի ահավոր շատ պրոբլեմներից` ջրամատակարարումից մինչև քանդված շենքեր, չաշխատող վերելակներից մինչև վթարային հանրակացարաններ: Ի՞նչ եք կպել կենտրոնից ու պոկ չեք գալիս: Եթե խնդիրը մի երկու շենք քանդելն է, քանդեք, էլ խի՞ եք էդքան փող ծախսում: Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին: Ախր, սա ցինիկության գերադրական աստիճանն է, սա իրականությունից կտրվել է, ու այնպես կտրվել, որ չհասկանալ, որ երևանը էլ ցավ ու դարդ չունի, հիմա Հանրապետության հրապարակը պետք է նորոգել: Թող էդ գումարով շատ չէ, 10 հատ վերելակ գնեն, թող էդ գումարով շատ չէ, թող 10 ընտանիքի, էն որբերի, որ ապրում են անտանելի հանրակացարանում, բնակարան գնեն: Ախր ո՞նց կարելի է էս թանկացման ֆոնին էդ փողը ծախսել հրապարակի վրա: Լավ, կարելի է ճաշակ չխաղալ ժանտախտի ժամանակ: Չէ որ խոստացել էին, որ ծայրամասերին ուշադրություն կդարձնեն: Դե դարձրեք: Ինչի եք վեցերորդ անգամ ռեդիզայն անում հրապարակը: Հեսա էլի ամառ է գալու, էլի փակելու են հրապարակը ու էս շոգին էլի խցանումներ են լինելու: Վերջը էս քաղաքում Նարեկ Սարգսյանը մի բան անելու է, որ իրեն չանիծեն, չհայհոյեն ու ասեն` հա, էս մեկը լավն է: Լավ, էդ մարդը ինչի՞ է հետևողականորեն ընկել կենտրոնը այլանդակելու հետևից», – գրել է Արտակ Ալեքսանյանը ու վերջում պատասխան չի գտել, – «Եսիմ է…»:

Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը

3123

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ոչ մի օր կանգ չի առնում՝ իրականացնելով իր առջև դրված խնդիրները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին և ընդգծել, թե ինչու՞ է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. «Մեհմետ Հաքան Յայլը՝ այդպես էր 30-ամյա այդ երիտասարդի անունը, ով ինձ նամակ էր ուղարկել, մասնավորապես այդ նամակում նշում է. «Իմ մանկությունն անցել է Ստամբուլում…, որտեղ բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեի: Սակայն հասունանալով սկսեցի ավելի շատ զգալ, որ մարդիկ, չգիտեմ ինչու, հայերի նկատմամբ անհիմն թշնամանք են տածում: Կյանքիս ամբողջ ընթացքում դրան ընդհանրապես կարևորություն չեմ տվել, միայն տանջվել եմ: Որովհետև իմ ճանաչած ամենալավ ընկերներս հայեր էին: Այժմ ես Գերմանիայում եմ: Ասում են, որ ամենալավ միջոցը ամեն ինչին դրսից նայելն է. իրոք, այդպես է: Մարդը կարողանում է օբյեկտիվ լինել»: Նա ասում է, որ պատրաստվում է ամառային արձակուրդին Հայաստան այցելել և նշում. «Ես ցանկանում եմ այնպիսի մշտական բարեկամություն, որ փոխադարձաբար ներվեն պատմության ընթացքում կատարված սխալները, և դա մարդկանց ապագայի վրա ավելի խաղաղ ազդեցություն կունենա»,-թուրք երիտասարդի նամակը ներկաների համար ընթերցել է Նախագահը և տեղեկացրել, որ երեկ պատասխանել է այդ նամակին. «Մի փոքրիկ հատված եմ ուզում մեջբերել իմ պատասխանից. «Ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այսօր աճում է թուրք երիտասարդների սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ թուրքական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ: Հենց այդ սերունդն է, որ հարցականի տակ է դնում այդ քաղաքականության արժանահավատությունը, և ամենագլխավորը պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել նախնիների սխալները և բաց ու կառուցողական քննարկումների միջոցով հասնել հաշտեցման»:

Իմ պատասխանում ես համաձայնություն եմ հայտնել ներելու կարևորության մասին նրա դիտարկմանը՝ միաժամանակ նշելով, որ ներելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ներումը հայցվի, արարքներն ընդունվեն: Այո՛, հայ ժողովուրդը, համոզված եմ, որ նաև թուրք ժողովուրդը, ցանկանում են ապրել խաղաղ և արժանապատիվ կյանքով: Հավատացած եմ, որ մի օր այդ ցանկությունը կառարկայանա և հուսով եմ, որ թուրք երիտասարդների աճող առաջադեմ նոր սերունդն է դառնալու այս գործի ճարտարապետը:

Ինչու եմ այսպես մանրամասն կանգ առնում այս նամակագրության վրա: Համարել ու շարունակում եմ համարել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ու հնարավոր է հենց այսօր, միգուցե հենց 100-ամյակի շրջանակներում: Այս առումով մենք իհարկե մեծ գործ ունենք անելու: Մենք կարող ենք Թուրքիայի հասարակության, Թուրքիայի իշխանությունների հետ միասին հասնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգրվան, մենք կարող ենք օգնել նրանց գտնելու անցյալի բեռից ազատվելու ճանապարհը ու լինելու իրենց կողքին այդ շատ դժվարին գործընթացում: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է մեր հանձնաժողովի աշխատանքներում, և մենք առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք այդ հանգամանքին: Կարծում եմ, որ որևէ մեկը ինձ միամիտի տեղ չի դնում: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կարծում, որ ես մեծ հույս ու հավատ ունեմ՝ առավել ևս թուրք իշխանությունների նկատմամբ: Բայց այս ուղղությամբ աշխատանքները ես մշտապես կարևորել եմ, կարևորում եմ և կարևորելու եմ»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները քննարկել են նախորդ նիստից հետո մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված և ընթացիկ կազմակերպական ու բովանդակային աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները: Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2014թ. մայիսին, Երևանում՝ այդ ընթացքում աշխատանքային խմբերի շրջանակներում շարունակելով ակտիվ աշխատանքը:

Ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը

3ՀՀ պաշտպանության նախարարությունում մայիսի 30-ին ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը:

Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից մի շարք առաջարկներ արվեցին` միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ինչպես նաև ռազմական հոգեբանների գիտելիքների և հմտությունների, մասնագետական ունակությունների բարձրացմանը: Ներկայացվեցին նաև զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, նշվեցին դրանց վերացման ուղիները, այդ համատեքստում ընդգծվեց սպայական անձնակազմի վերապատրաստման կարևորությունը:

Ողջունելով մասնակիցներին և իր գոհունակությունը հայտնելով գիտաժողովի անցկացման կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում` նշելով, որ այն կարող է վեր հանել և՛ բացասական, և՛ դրական երևույթները` լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելեց, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Այս առումով Սեյրան Օհանյանը կարևորեց վարժանքների անցկացումը զինծառայողների հոգեբանական զարգացման և մարտական ոգու կոփման գոծում: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մայրենի լեզվի ուսուցման և ընդհանրապես կրթական պրոցեսի վրա:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` կարևորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձևավորումը հասարակության շրջանում, հատկապես` բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել ևս մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է և այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը` ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաև` բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր հանձնում է սահմանները պաշտպանելիս»,- եզրահանգեց պաշտպանության նախարարը:

Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշեց հետագա անելիքները` աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաև գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը:

«Յունիգրաֆ իքսը» հյուրընկալեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին

DSC07868Մայիսի 30-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկան հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին։ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության երեք մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում։ Եվրոպացի մասնագետները պատասխանեցին «Յունիգրաֆ իքսի» կենդանաբույժների հարցերին։

Եվրոպացի մասնագետները Հայաստան են ժամանել «Երիտասարդ կենդանաբույժների վերապատրաստում» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։

Հայաստանյան այցելության ընթացքում կենդանաբույժները վարպետության դասեր են անցկացնում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար։

«Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը տեղեկացրեց, որ թրեյնինգները միտված են թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծմանը։ «Մենք ունենք այն ներուժը, որպեսզի պետական, մասնավոր և հասարակական սեկտորների համագործակցության արդյունքում կենդանիների գլխաքանաքի վերահսկման խնդիրը լուծենք ամբողջությամբ»,- նշեց Նարե Արամյանը։

«Յունիգրաֆ իքս» ընկերությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է գործակցել թափառող կենդանիների խնդրով մտահոգ ցանկացած կազմակերպության հետ։

 

 

 «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ

 

Մոռացել ենք առաջին hանրապետության ղեկավարների ազնվությունը

այրերՀայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը: Ճիշտ է, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ժամանակ պետականությունը` անկախությունը, մեր ժողովրդին տրվեց իրադրության հանգամանքների պայմաններում, բայց այն մեզ չտրվեց ինքնըստինքյան, ինչպես երկար ժամանակ նշվում էր:

  Ուրիշները անկախություն ստացան, մենք` վերանվաճեցինք

Հիշենք, որ 1918 թ. դեռևս գործում էր Անդրկովկասյան սեյմը, որը բաղկացած էր հայերի, վրացիների և ադրբեջանցիների ազգային խորհուրդներից: Այդ ժամանակ թուրքական կողմը պահանջում էր առանձին երկրների հետ պայմանագրերի կնքում, և կովկասյան իշխանություններն էլ արդեն որոշ չափով հեղինակազրկվել էին: Այս իրավիճակում մայիսի 26-ին Սեյմը նիստ գումարեց, ու հենց այդ նիստի ժամանակ էլ լուծարվեց: Դրանից հետո Վրաց ազգային խորհուրդը մայիսի 26-ին նիստ գումարեց ու Վրաստանը հայտարարեց անկախ: Դրա հաջորդ օրը` մայիսի 27-ին, արդեն Ադրբեջանի ազգային խորհուրդը նիստ գումարեց և անկախ հռչակեց թաթարական այդ պետությունը` Ադրբեջանական Հանրապետությունը: Եվ այդ պայմաններում Հայաստանն արդեն մնացել էր միայնակ: Ուստի մայիսի 28-ին էլ Հայոց ազգային խորհուրդը Հայստանը հռչակեց անկախ պետություն, Թիֆլիսում էլ իրեն հռչակեց Հանրապետության գերագույն մարմին:

Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2.5 տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում ստեղծվեցին օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններ, իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ, օրենքներ մշակվեցին, որ պետք է դրվեին շրջանառության մեջ և այլն:

Բայց, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի անկախությունը ինքնըստինքյան չկայացավ, դրա համար հայ ժողովուրդը դեռ պետք է հերոսամարտ մղեր: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվեց այնպիսի ծանր պայմաններում, երբ միայն 180 հազար հոգի զոհ գնացին սովին ու համաճարակներին, այդ ժամանակ Էջմիածնում և հարակից շրջաններում կային ավելի քան 450 հազար գաղթականներ և այլն: Այս պայմաններում նորաստեղծ պետականության իշխանությունների գերխնդիրները շատ-շատ էին. պետք էր այդ մարդկանց կերակրել, օթևանով ապահովել, աշխատանք տալ և այլն: Եվ այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով ու այդպիսի ծանր պայմաններում, թուրքական հոծ բանակի սպառնալիքի ներքո, հայերը վերագտան իրենց անկախությունն ու պետականությունը: Այդ իսկ պատճառով արդարև Հայաստանի երրորդ Հանրապետությունը համարվում է առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը:

Եթե համեմատենք առաջին և երրորդ հանրապետությունների ձևավորման սկզբնական ժամանակները, ապա տեսնում ենք, որ որոշակի տարբերություններով,  բայց իրավիճակային խիստ նմանություններ կան` սով, գաղթականություն, աղքատություն, պատերազմ առաջին հանարապետության դեպքում և երկրաշարժ, պատերազմ, ԽՍՀՄ փլուզում, թուրք-ադրբեջանական շրջափակում, այս անգամ Ադրբեջանից հայ փախստականների հոսք դեպի հանրապետություն և  երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրերին:

 Առաջին հանրապետության ղեկավարների տված դասերը չենք սերտել

Չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, թե ինչպես գոյատևեց այդ 2.5 տարիներին առաջին հանրապետությունը, և ինչու կորցրեց իր անկախությունը, անցնենք այլ հարցի:

Այժմ արդեն անհրաժեշտություն է առաջանում հիշել, որ առաջին Հանրապետության ղեկավարներն ազնիվ մարդիկ էին, ինչպես հիմա պնդում են պատմագետներն ու պատմաբանները:

Բերենք մի քանի օրինակ: Հովհաննես Քաջազնունին, որ առաջին հանրապետության վարչապետն էր 1919 թ., գտնվելով ծանր սոցիալական վիճակում ու գումար չունենալով, արտասահման մեկնեց` վաճառելով իր վերարկուն ու դրանից ստացված գումարով տոմս գնեց: «Հավաստի տվյալներ եմ ասում. քանի որ հնարավորություններ չունեին, պետությունը սուղ միջոցներ ուներ ու պայմանների տեսանկյունից բավականին ծանր վիճակում գոյատևող պետություն էր, ու հենց այդ պայմաններում վարչապետը ստիպված էր Ամերիկա մեկնելուց առաջ վաճառել իր վերարկուն ու ստացված գումարը ծախսել տոմս գնելու վրա: Եվ հետաքրքիրն այն է, որ մինչ 1919 թ. մարտից մայիսն ընկած շրջանը, երբ Հայաստանն արտասահմանից առաջին օգնությունը ստացավ, նա թողեց վարչապետությունը` զբաղվելու համար այդ օգնությունը Հայաստան հասցնելու գործերով, քանի որ գլխավորը դա էր համարում»,- առաջին հանրապետության ղեկավարների մասին պատմում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Մի ուրիշ օրինակ է այն փաստը, որ Հայաստանի առաջին Հանրապետության ՛ վարչապետներ Քաջազնունու և Համո Օհանջանյանի որդիները զոհվեցին 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ:

Հարկ է հիշել, որ Էջմիածնի վեհարանի դռները Հովհաննես Թումանյանի պահանջով բացվեցին գաղթականներին օթևան տալու համար: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտերին մասնակցում էին բոլորը` սկսած կաթողիկոսից, գրողներից և վերջացրած հարուստներով, գյուղացիներով, ժողովրդով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից գլխավորը` Արամ Մանուկյանը. մահացավ այդ օրերին հազարավոր հայերի կյանք խլած համաճարակից` բծավոր տիֆից: Որովհետև, ինչպես նշում են պատմաբանները, Երևանի դիկտատորը հրաժարվել էր իրեն հասանելիք դեղամիջոցից, որպեսզի իր բաժին  դեղով ուրիշ` աղքատ մարդիկ ապաքինվեին:

«Այսօրվա ղեկավարության մեջ էլ, իհարկե, նվիրյալ մարդիկ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ինքնազոհողության, բայց այն նվիրումը, որ այն ժամանակվա ղեկավարության մեծ մասի մոտ կար, այսօր, ցավոք սրտի, ոչ բոլորի մոտ կա: Ընդհանուր առմամբ եմ ասում, երբ ղեկավարներին համեմատության մեջ ենք դնում, այն ազնվությունը, ազնիվ մղումը հիմա ես չեմ կարծում, որ ղեկավարության մեջ լինի այնքան շատ, ինչքան առաջին հանրապետությունում, ավելի շատ շահադիտական նկատառումներ եմ տեսնում այսօր: Մյուս կարևոր հանգամանքը. նրանք չէին խորշում անգամ իրենց որդիներին բանակ զորակոչելուց, ինչպես Համո Օհանջանյանի որդին զոհվեց հենց պատերազմի ժամանակ: Եվ բոլոր ղեկավարների զավակների միջև հավասարություն էին դնում, տարբերություն չկար մեծահարուստի, պաշտոնյայի ու հասարակ քաղաքացու միջև: Իսկ այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է մեկնում ծառայության, ու մեկնելիս էլ ինչպիսի՞ պայմաններում է ծառայում»,- նշում է Էդիկ Մինասյանը:

Այսպիսի օրինակներն առաջին Հանրապետության ղեկավարների մեջ շատ են:  Ու հենց նրանց ջանքերի շնորհիվ էր, որ առաջին շրջանում պետականության կառուցումը կայացավ: Մենք, իսկապես, շատ դասեր ունենք քաղելու այդ ղեկավարներից, առաջին հանրապետության կարճ, բայց բուռն ու բովանդակալից գոյության պատմությունից: Հենց այն պարզ պատճառով, որ պատմությունը շատ հաճախ կրկնվում է:

Եվ երբ նայում ենք առաջին հանրապետության ղեկավարների վարքին ու կենցաղավարությանը,  ապա նայում ենք նեկայիս հանրապետության «էլիտայի» վարքուբարքին, հարց է առաջանում` ներկայիս հանրապետության ղեկավարները դասեր քաղե՞լ են առաջին հանրապետության ղեկավարների  թե՛ սխալներից, թե՛   ուսանելի փորձից ու կենսակերպից: Եվ ուզո՞ւմ են քաղել:

 

 

Հաղթանակ գյուղում «Գյուրզա» տեսակի օձ են հայտնաբերել

«Գյուրզա» տեսակի օձՄայիսի 30-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 4-րդ փողոցի թիվ 45 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Հայտնաբերվել է «Գյուրզա» տեսակի մոտավորապես 1 մ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Փլուզում Կապան քաղաքում

big_1369908923_2Մայիսի 30-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ  Սյունիքի մարզի  Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տունը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել  հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Ա.Ալեքսանյանին պատկանող երկհարկանի չբնակեցված տան երկրորդ հարկի ննջասենյակի պատը (12քմ) և առաստաղը (24քմ):

Տուժածներ չկան:

Ոստիկանության փոխգնդապետն ու կինը զբաղվել են վաշխառությամբ

300513.1.8Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ, մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական տասը տոկոսով:

Նախապատրաստված նյութերով 2013թ-ի մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի եւ նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլ նաև՝ մեկ այլ քաղաքացի։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։

 

ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում

unicef_armeniaՀամաձայն 2012 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված “Խոսքը ներառման մասին է” ուսումնասիրությանը, Հայաստանում կան 8,000 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում են ողջ մանկական բնակչության 1 %-ը: Այսուամենայնիվ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի , հաշվի առնելով, որ մանկական հաշմանդամության միջազգային ակնկալելի ցուցանիշը մոտ 2.5 % է, առավել հավանական է, որ կլինեն շուրջ 12,000 հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով, ինչպիսին են օրինակ ընտանիքի չդիմելը կարգավիճակ ստանալու համար կամ հաշմանդամության սահմանման ներկայիս բժշկական ախտորոշման վրա հիմնված չափորոշիչները:

Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ կամ օրական 3 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ընդհանուր աղքատության գիծը մեկ շնչի հաշվով ամսական կազմում է 97.1ԱՄՆ դոլար), մինչդեռ 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության կամ ավելի քիչ քան 2 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ծայրահեղ աղքատության գիծը մեկ շնչի հաշվով կազմում է 57.2 ԱՄՆ դոլար)` համաձայն ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության կողմից տպագրված Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը  2012թ. զեկույցի:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները  հանրակրթության հասանելիության հարցում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը բոլորովին դպրոց չի հաճախում: Գյուղական վայրերում ապրող և դպրոց չհաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների տոկոսն ավելի բարձր է. գյուղերում 4 հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկը կամ 23%-ը չի հաճախում դպրոց: Ավելին, դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների  51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների  36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց ընտանիքներից բաժանվելու և հաստատությունում, ինչպես օրինակ մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում տեղավորվելու ռիսկը ավելի բարձր է, քան մյուս երեխաներինը: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկը կամ 16%-ն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Ավելին, հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:

Հաշմանդամութուն ունեցող երեխաները առավել քիչ հավանական է, որ ունենան ընկերներ և ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն համայնքային կյանքի միջոցառումներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց 33%-ը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին և իրենց ընտանիքներին մատուցվող ծառայությունների հսկայական պակաս կա: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից չորսը կամ 81%-ը որևէ սոցիալական ծառայություն, բացի հաշմանդանդամության թոշակից չի ստանում:

Չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես կրթության ոլորտում: Այսօր 1700 հաշմանդամություն ունեցող երեխաներ սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում և այս ցուցանիշը կավելանա Կրթության մասին օրենքում համապատասխան  փոփոխությունների ընդունմամբ, որոնք ներկայումս քննարկվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կան նաև 4 ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք գործում են Հայաստանի Տավուշի մարզում, որոնք մասնագիտացված ծառայություններ են մատուցում մոտ 600 հաշմանդամություն ունեցող երեխաների:

Սպասվում է անձրև և ամպրոպ

big_1369906689_30ՈՒշադրություն

Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:

ՀՀ տարածքում՝

Մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝

Մայիսի 31-ին հնարավոր է, հունիսի 01-04-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Երևանի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան  35.60C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      6.10C (1935 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  19.50C

 

 

BMW-ն բախվել է պատին, վարորդն ու ուղևորը հիվանդանոց են տեղափոխվել

բախումՄայիսի 29-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի թիվ 33/6 շենքի պատին և դռանն է բախվել «BMV» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՄայիսի 29-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Այրում քաղաքի Բարեկամության փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ին, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Վանաձորում կրպակ է այրվել

հրդեհՄայիսի 30-ին, ժամը 06.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում գտնվող կրպակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին, մարվել` 07.04-ին:

Այրվել է Գ. Վարդումյանին պատկանող կրպակի տանիքից մոտ 9 քմ մակերեսով հատված:

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին, երկու մարդ հիվանդանոց է տեղափոխվել

ապակիԱյսօր, ժամը 07.30-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում բախվել են Հարություն Թադևոսյանի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի 33 VT 223 պ/հ և Շահվերդ Եփրեմյանյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 05 ԼՕ 602 ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Շ. Եփրեմյանը և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արուսյակ Ոսկանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Օձը խայթել է Լուսաղբյուրի բնակչին

շտապ-օգնությունՄայիսի 29-ին, ժամը 18.27-ին, տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լուսաղբյուր գյուղի բնակիչ` 1956 թ. ծնված Նորիկ Մկոյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Կարկտահարություն Սյունիքի մարզում

ԿարկտահարությունՄայիսի 29-ին, ժամը 13.11-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ից մինչև 13.10-ը տեղացած կարկուտի հետևանքով Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում վնասվել են ցանքատարածքներ:

Վնասի չափերը ճշտվում են:

Մահվան ելքով ավտոպատահարՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին

92572Մայիսի 30-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Օպել» մակնիշի 35 ST 292 և «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Վ. Մկրտչյանը տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1968 թ. ծնված Հ. Էվոյանը և ուղևորներ՝ 1941 և 1999 թ. ծնված Գ. Էվոյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախագահը ներկա է գտնվել «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի համերգին

3110

 

3112Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի համերգին: Համերգին ներկա է գտնվել նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը: