Հանրային խորհուրդը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահակոթողին

ՄանւկըանԱյսօր` ապրիլի 24-ին, Հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովի նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:ՀԽ-2

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ»-ի հետ զրույցում կարևորեց Ցեղասպանության միջազգային ճանաչումը` նշելով, որ դա պետք է ոչ միայն հայ ժողովրդին, այլ առավել ևս` աշխարհին. «Ճանաչումը մեզ համար մի փոքր մխիթարանք կլինի, մյուս կողմից որոշ երաշխիքներ կտա, որ Թուրքիայի հետ` որպես հարևաններ, կկարողանանք ավելի հանդարտ ապրել, իսկ մարդկությանը հնարավորություն կտա լինել առավել քաղաքակիրթ և հետագայում խուսափել նման իրադարձություններից»,-ասաց նա:

ՀԽ-3

«Թուրքերն արդեն պատրաստ սպասում են մեր գործողություններին». Ռուբեն Սաֆրաստյան

Ռուբեն ՍաֆրաստյանՀարցազրույց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

–Ցեղասպանության  98-րդ տարելիցն է: Ամփոփելով վերջին տարին`  ի՞նչ դիրքերում է  Թուրքիան  իր ժխտողական քաղաքականությամբ:

– Թուրքական ժխտողականությունը պետական մակարդակի  քաղաքականություն է,  և դա, իմ կարծիքով, հասկանալի է: Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի Հանրապետությունը արդյունք է Հայոց ցեղասպանության:

Սա նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետությունն իր գոյության ընթացքում  միշտ կշարունակի ժխտել Ցեղասպանությունը: Երկրորդ հանգամանք էլ կա` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները  եղել են  ոչ միայն  Երիտթուրքական կուսակցության անդամներ, այլև անմիջական մասնակցություն են ունեցել և՛ Ցեղասպանությանը, և՛ Ցեղասպանության նախապատրաստմանը: Այնպես որ  չեմ սպասում,  թե Թուրքիայի պետության կողմից  պաշտոնապես կարող է Ցեղասպանության ճանաչում և դատապարտում լինել: Այլ է պատկերը հասարակության մեջ: Մտավորականության, ուսանողների փոքր խումբ կա Թուրքիայում, որը հիմնականում  մեկ-երկու քաղաքում է կենտրոնացած: Նրանք համարում են, որ  հայերից պետք է ներողություն խնդրել Ցեղասպանության համար: Չեմ կարծում, թե նրանց թիվն ավելացել է վերջին տարվա ընթացքում:   Չէի ասի, որ վերջին մեկ տարում էական փոփոխություններ են եղել թե՛ պետական քաղաքականության մեջ,  թե՛ հասարակական մոտեցումներում:

– Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու մտքին:

–  Հայաստանի Հանրապետությունն ընդունել է   ցեղասպանության ճանաչման խնդիրը որպես մեր արտաքին  քաղաքականության օրակարգային խնդիր,  այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում,  ստեղծվել է պետական հանձնաժողով, բայց կարծում եմ, որ աշխատանքներն այս բնագավառում պետք է ակտիվացնենք, որպեսզի հող պատրաստենք խնդիրը գիտական հարթությունից իրավական հարթություն տեղափոխելու համար: Գիտական առումով Հայոց ցեղասպանությունն աշխարհում  ոչ ոք հարցականի  տակ չի դիտարկում: Միայն թուրքերը չեն ընդունում, դա էլ իրենց խնդիրն է:

Գիտական առումով  մենք անցել ենք այն փուլը, որ պետք է աշխարհին համոզենք,  որ եղել է ցեղասպանություն: Պետք է կարողանանք ժողովրդի ուժերը կենտրոնացնել այլ խնդրի լուծման վրա, այն է` հանցագործության համար հատուցում ստանալու, իսկ սա շատ բարդ խնդիր է: Ինչու, որովհետև գործ ունենք պետության հետ, որը ժխտում է Ցեղասպանությունը և ուժեղ, կարևոր պետություն է տարածաշրջանում ու աշխարհում և իր բոլոր ուժերը կգործադրի մեղադրանքի դեմ պայքարելու համար, չի ուզենա հատուցում տալ:

– Իսկ մենք` հայերս, ի՞նչ ենք պահանջում, միայն ճանաչո՞ւմ, թե՞ նաև հատուցում:

– Շատ կարևոր խնդիր է: Իմ անձնական կարծիքով` քանի որ չունենք ընդունված հայեցակարգ, ժամանակն արդեն հասունացել է, որ երկրորդ փուլին անցնենք, քանի որ ճանաչումից հետո հատուցում ստանալն է, իսկ դա կարելի է անել դատական ճանապարհով, միջազգային ատյաններ դիմելով: Բայց պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան դրան դեմ կլինի, ուստի  պետք է շատ լավ նախապատրաստվենք: Պետք է ներգրավել ողջ աշխարհի հայության ներուժը` և՛ պատմաբաններին, և՛ քաղաքագետներին, և՛ իրավագետներին, և՛ հոգեբաններին: Իմ կարծիքով` պետք է ստեղծվի մի խումբ  և լուրջ փաստաթուղթ դնի սեղանին, թե ուր ենք դիմելու, որ ատյանին, երբ ենք դիմելու, ինչպես ենք դիմելու, ինչ մեղադրանքներ ենք ներկայացնելու, ինչ ենք պահանջելու և այլն:

Ի տարբերություն մեզ` թուրքերն արդեն նման հանձնաժողով ունեն: 2001-2002-ին ստեղծեցին փոխվարչապետի  ղեկավարությամբ մշտապես գործող հանձնաժողով, որում  կան  բարձրագույն պաշտոնյաներ, գիտության, հետախուզության, ոստիկանության ներկայացուցիչներ, նույնիսկ արտասահմանցի մասնագետների են հրավիրում:  Անվանումը  մոտավորեպես այս է` «Այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարող հանձնաժողով»: Որքան  կարելի է դատել մամուլի հրապարակումներից,  իսկ նրանք գաղտնի են աշխատում, և քիչ բան է հրապարակվում,  ուսումնասիրում են, թե ինչ քայլեր  կարող ենք ձեռնարկել մենք Թուրքիային մեղադրելու և հատուցում պահանջելու համար: Այսինքն`  նախապես տարբերակներն ուսումնասիրում են:  Եվ համոզված են, որ մեր գործողությունների տարբեր տարբերակների դեմ իրենք արդեն համապատասխան քայլեր ունեն:

– Այսինքն` մենք դեռ չենք սկսել,  իսկ նրանք արդեն պատրա՞ստ են:

– Մեզ մոտ  հանձնաժողովներ եղել են, աշխատել են, պետք է նրանց աշխատանքը ի մի բերվի: Բայց պետք է  նաև մի պետական հանձնաժողով լինի, որում  ամբողջ հայությունը կլինի, որը ի մի կբերի բոլոր աշխատանքները: Իսկ թուրքերն արդեն նման բան ունեն և պատրաստ սպասում են մեր գործողություններին:

– Վերադառնանք ճանաչման գործընթացին: Վերջին բանաձևը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին եղել է 2010-ի մարտին, դրանից հետո հաջողություններ կարծես չունենք, բոլոր նախաձեռնությունները  տապալվել են: Հայկական կո՞ղմն է թերանում, թե՞ թուրքական կողմն է ավելի ակտիվացել:

– Գիտեք, ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմը: Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումներն  այնպես ընթացան (արաբական գարունը նկատի ունեմ), որ Թուրքիայի դերը և նշանակությունը շատ մեծացավ, առաջին հերթին ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի համար: Նրանք ուղղակի շահագրգռված են Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնել: Եվ Թուրքիան վարպետորեն  օգտվում է դրանից: Հետևաբար այս տարի էլ չեմ սպասում, որ ԱՄՆ նախագահն իր ամենամյա ուղերձում ցեղասպանություն բառն արտաբերի:

– Իսկ հայկական կողմի  քաղաքականության մեջ ինչ–որ բան կա՞, որ պետք է փոխել:

– Կարծում եմ, որ պետք է Ցեղասպանության ճանաչումը շարունակենք, բայց նաև չմոռանանք Հայկական հարցի դասական կերպարանքի մասին: Զարգացումները  Մերձավոր Արևելքում  հանգեցնում են նրան, որ  չի բացառվում` առաջիկա  տարիներին սկսվի Մերձավոր Արևելքի քաղաքական սահմանների վերաձևում, իսկ այդ սահմանները, որ հիմա կան, ըստ էության առաջացել են Սևրի պայմանագրով: Մասնավորապես, կամաց-կամաց քրդական պետության ստեղծման խնդիրն է հասունանում, իսկ Սևրի պայմանագիրը միակ միջազգային փաստաթուղթն է, որում նշված է Քուրդիստանի մասին, իհարկե, ոչ թե որպես անկախ, այլ ավտոնոմ պետության  Օսմանյան կայսրության կազմում: Ուզած չուզած, վերադառնալու և բացելու են Սևրի պայմանագիրը: Եվ այդտեղ մենք պետք է հիշեցնենք աշխարհին, թե Սևրի պայմանագրով մեզ ինչ է տրվել:  Չպետք է մոռանանք Սևրի պայմանագիրը, Արևմտյան Հայաստանը: Եթե շարունակենք այս ուղղությամբ ջանքեր ներդնել, կարող ենք որոշակի հաջողությունների հասնել: Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ մի օր մեզ,  այսպես ասած, կհրամցնեն Արևմտյան Հայաստանը, բայց ամեն դեպքում  չպետք է թույլ տանք, որ նաև մոռանան:

– 2015-ին ընդառաջ` Հայաստանը և Սփյուռքը որքանո՞վ են միասնական մոտեցումներում, ամեն ոք գիտի՞ իր անելիքը:

– 2015-ը  սիմվոլիկ նշանակություն ունի, բայց դրանով պայքարը չի ավարտվում: Կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել միայն սփյուռքի ուժերով: Օրինակ`  հիմա եվրոպական  մի շարք երկրներում սփյուռքի հայկական կազմակերպությունները մի շատ կարևոր նախաձեռնություն են սկսել,  որ այդ երկրների դպրոցական դասագրքերում մտցվի հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը դառնա համաեվրոպական հիշողության բաղկացուցիչ մաս: Սա շատ կարևոր խնդիր է, և հենց այն խնդիրներից է, որով սփյուռքը պետք է զբաղվի:

Բայց նաև խնդիրներ կան, որոնց դեպքում Հայաստանը պիտի նախաձեռնություն ցուցաբերի, օրինակ` հանձնաժողովի կամ ավելի ճիշտ` գիտնականների խմբի ստեղծումը:

– Իսկ հայ–թուրքական հարաբերությունների ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում: 

– Մենք պետք է միջպետական հարաբերությունները տարանջատենք երկու ժողովուրդների միջև հարաբերություններից: Միջպետական հարաբերություններում երկու հարևան երկրների միջև պետք է գոյություն ունենան նորմալ դիվանագիտական հարաբերություններ և նորմալ գործող սահման: Ժողովուրդներն  իրար հետ ունեն խնդիրներ: Դա բարդ խնդիր է. երկար ժամանակ է պահանջվում, որ թուրքական հասարակությունը դարձի գա և  կարողանա ընկալել, թե ինչ ոճրագործություն է ժամանակին եղել, և դատապարտի, ժամանակակից թուրքին տարանջատի օսմանյան պետության  թուրքից, որն այդ հանցագործությունն է կատարել: Եթե ինքը չի դատապարտում, ուրեմն նույնացնում է իրեն հանցագործի հետ: Ժամանակ է պահանջվում, որ թուրք ժողովուրդը դրան հասնի:

Թուրքիան դեռ 1991-ից, երբ ճանաչեց ՀՀ անկախությունը,  ընտրեց Հայաստանի նկատմամբ ճնշումների քաղաքականությունը, որը  շարունակում է  20 տարուց ավելի: Կարծում եմ, որ ոչ մի պրատակոլ, բանակցություն, գաղտնի բանակցություն չպետք է լինի, այդ ամենն անցել է, Թուրքիան ինչքան կարող էր, այդ իմիտացիան արեց, բոլորին խաբեց: Պետք է հիմա հայտարարի, որ Հայաստանի հետ հաստատում է նորմալ դիվանագիտական հարաբերություններ և սահմանը բացի, սա միակ բանն է, որ Թուրքիան պետք է անի:  Իսկ արձանագրությունները, կարծում եմ, մեռած են և  ոչ մեկին չեն հետաքրքրում, դրանք այլևս  վերակենդանացվելու շանս չունեն:

– Վերջերս Թուրքիայում հայերի նկատմամբ կատարվող  բռնությունները, Երևան–Վան չվերթի հետաձգումը կապվա՞ծ են Ցեղասպանության տարելիցի հետ: Եվ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու էլ ի՞նչ լծակներ ունի:

– Երկորդ հարցից սկսենք.  ինչ կարողանում,  արդեն անում է: Մեկ էլ մի հնարավորություն կա, որ վտարի Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներին: Մի քանի անգամ Էրդողանը սպառնացել է դրանով, բայց աշխարհն այնքան բացասական վերաբերմունք ցուցաբերեց դրան, որ նա  երևի «լեզուն կծեց»: Թուրքիան ինչ  կարողանում է, Հայաստանի դեմ անում է, և դա անում է արդեն երկու տասնամյակից ավելի:

Չվերթի կասեցումը ես համարում եմ քայլ, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ: Զուտ կոմերցիան չվերթը փորձեցին վերածել քաղաքական լծակի Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու համար: Որ ցույց տան` տեսեք` ուզենանք` կլինի, չենք ուզում` չի լինի: Ադրբեջանի բողոքն էլ  դեր խաղաց: Բայց հիմնականում թուրքերը ցույց են տալիս, որ մեզ հետ հարաբերություններում իրենք են խաղի կանոնները որոշում:

Ինչ վերաբերում է հայերի վրա հարձակումներին, կարծում եմ` դրանք ուղղված են ոչ միայն հայերի, այլև ընդհանրապես քրիստոնյաների դեմ:  Ներկայիս կառավարությունը իսլամամետ  է: Այդ ֆոնի վրա Թուրքիայում ուժեղանում են իսլամամետ ծայրահեղական տրամադրությունները` ուղղված ընդհանրապես քրիստոնյաների դեմ: Պատահական չէ, որ վերջին տարիներին  Թուրքիայում պարբերաբար քրիստոնյաների սպանություններ են տեղի ունենում: Հետևյալ հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք. Թուրքիայում հայերի նկատմամբ,  մանավանդ վերջին տարիներին, ձևավորվում է մթնոլորտ, թե  հայերը հատուցում են ուզում, հայերը անշնորհակալ են, օսմանյան կայսրությունում այդքան լավ պահեցինք, բայց հայերը ապստամբեցին:

Մի հանգամանք էլ կա` Հալեպի հայ համայնքը: Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում տարբեր նպատակներ ունի, դրանցից մեկն էլ այն է, որ ազատվի Հալեպի հայ համայնքից, քանի որ այդ համայնքը շատ ակտիվ է եղել և կարևոր դեր է ունեցել Ցեղասպանության ճանաչման պայքարում: Կան տվյալներ, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրեր են մշակում, որ հարմար առիթի  դեպքում  հայերին քշեն Հալեպից և այդ գլխացավանքից  ազատվեն:

Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է ոչ  միայն Ցեղասպանության  առնչությամբ կեղծելուն, խաբելուն իր ժողովրդին, այլև հայերին ճնշելուն. թույլ չտալ, որ հայերն իրենց ապահով զգան և հնարավորության դեպքում տեղափոխել այդ քաղաքականությունը երկրի սահմաններից դուրս: Ինչը հիմա անում են:

Ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը

Photo 0001-2Ապրիլի 23-ի երեկոյան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթը համախմբել է հայ երիտասարդությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ հայ երիտասարդությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միասնական է, պահանջատեր ու իրավատեր։ «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մեծ ողբերգության հետևանքով հայ ժողովուրդը զրկվեց սեփական հայրենիքի նկատմամբ իրավունքից, այդ իրավունքը պետք է վերականգնվի, և այդ ճանապարհին մեզ առաջին հերթին ազգային համախմբում է անհրաժեշտ՚,- նշեց Կարեն Ավագյանը:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Հայ  դատը միասնական պահանջատիրություն է։ ՙՋահերով երթը, բարեբախտաբար, դադարել է լինել մեկ կուսակցության կազմակերպած կամ մեկ կուսակցության համակիրների միջոցառում։ Այս միջոցառումն այլևս համահայկական է։ Սա այն տեղն է, որտեղ բոլորը համախմբված են և բոլորն իրենց հայ են զգում՝ անկախ հայացքներից»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանն էլ նշեց, որ հայ երիտասարդությունը չի մոռացել և չի կարող մոռանալ մեր պատմության մեծագույն ողբերգությունը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում պետք է բարձրացնել նաև հատուցման և հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման հարցը:

Նշենք, որ ապրիլի 23-ի երեկոյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների նախաձեռնությամբ ջահերով երթեր և մոմավառություններ են կազմակերպվել նաև մարզերում։

 

Մոմավառություն Գյումրիում

23.04.2013-1Գյումրիում երիտասարդները դուրս էին եկել ավանդական ապրիլքսանչորսյան երթի: Երթը սկսվեց այսօր երեկոյան, ժամը 18:00-ից` Գյումրու Շարլ Ազնավուրի հրապարակից, ապա Հայաստանի դրոշներով, պաստառներով ու ջահերով, “ճանաչում”, “Հայաստան”, “հատուցում” վանկարկելով երթի մասնակիցները շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ:

Մասնակցում էր մոտ 50 երիտասարդ:
Այս նախաձեռնության հեղինակներն էին “ԱՐՄ ստրոնգ” երիտասարդական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը, “Աջակից” ՀԿ-ն, Սուրբ Հակոբ եկեղեցասեր երիտասարդական միությունը:

Քայլերթի հանգրվանը, նախատեսածի նման եղավ Սուրբ “Ամենափրկիչ” եկեղեցու բակում` քահանայի հետ ընդհանարական աղոթքով: Տեղի ունեցավ նաև մոմավառություն. մոմերով խաչ կազմվեց, ապա երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը:

Մահացու ելքով կրակոցներ Գյումրիում, բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը

կրակոցԱյսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

girls in ictԱպրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:

Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով  ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաև ՀՀ կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ  գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ: Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին:

Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

Ելույթ կունենան  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը,  Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահԲրյուս Պողոսյանը, ,«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը:

Միջոցառմանը ներկա կլինեն բուհերի և քոլեջների 200 ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների և ՏՏ կրթական հաստատությունների, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական վիրտուալ համալսարանի, Երևանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններիկին ներկայացուցիչներ:

ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից և այլ հաստատություններից:

Բացվել է ևս երեք համակարգչային դասարան

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից  մեկի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը,  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասարաններից նաև ինտերակտիվ կապ կստեղծվի այլ պետությունների դպրոցների հետ: Երևանի քաղաքապետարանի և UCOM ընկերության համագործակցության արդյունքում համակարգչային առաջին դասասենյանկը բացվել էր դեռ անցյալ տարի` մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 156 դպրոցում:  Այսօր բացի թիվ 19 դպրոցից, համակարգչային դասարաններ են բացվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 և 192 դպրոցներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանդիսությամբ բացվեց Դիտավան համայնքի նորակառույց դպրոցը

MHM77188 copyԵրեկ` ապրիլի 22-ին, Տավուշի մարզի Դիտավան գյուղում կայացավ նորակառույց երկհարկանի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը կառուցել եւ կահավորել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը` Հիմնադրամի ՙԲարերար անդամներ՚ Արմեն եւ Նատիա Էքսերճիէան ամուսինների հովանավորությամբ: Վերջիններիս կողմից Հինադրամին նվիրաբերած ավելի քան 300մլն ՀՀ դրամի շնորհիվ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն եւ դպրոց:

    

Բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, բարերար ընտանիքը զավակների ու թոռների հետ միասին: Դիտավանցիներն աղ ու հացով դիմավորեցին հյուրերին: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՙԴիտավանի պատվավոր գյուղացիներ՚ կոչմանն արժանացած Էքսերճիէան ամուսիններին:

ՙՏեր եւ տիկին Էքսերճիէանների շնորհիվ Դիտավանն այսօր զգալիորեն բարվոք վիճակում է: Պահպանեք այն ինչ ձեռք բերեցիք այս մեծահոգի ընտանիքի եւ նրանց առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ, իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի թեթեւանան ձեր հոգսերը՚, – ողջույնի խոսքում ասաց Հիմնադրամի գործադիր տնօրենը:

                

           ՙՈ±վ կմտածեր, որ մի օր մեր գյուղ կայցելեն Էքսերճիէան ամուսինները եւ այսքան կփոխվի մեր կյանքը: Հպարտ ենք, որ նման մարդիկ են կանգնած մեր կողքին՚– իր երախտիքի խոսքում ասաց դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: Բացմանը համայնքի անունից շնորհակալական խոսք ասաց նաեւ համայնքի նախկին ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, ով բարերար ընտանիքին նվիրեց իր տնամերձ հողատարածքը: 

   

          Շուրջ 300 բնակիչ ունեցող համայնքն ունի 30 դպրոցահասակ երեխա: 

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին

 Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին:

Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Նախատեսվում է ևս 8 մլն դոլար ներդնել սառնարանային տնտեսության և մրգային պահածոների գործարանի կառուցման համար:
Ընկերությունում աշխատում է 172 մարդ: 2013 թվականին նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 100-ով:
«Մանչո Գրուպ»-ը զբաղվում է հացահատիկային բոլոր տեսակի կուլտուրաների` ցորենի, գարու, եգիպտացորենի խոշոր ներկրումով, ինչպես նաև տեղական արտադրանքի մթերումով և վերամշակումով, ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ, մասնավորապես, ալյուր, սպիտակաձավար, մանրաձավար, ռահատ լոխում, վաֆլի, շոկոլադապատ թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, կեքս, էկլեր, թռչնի կաթ, սառնաշաքար, կարամել, քաղցրանուշ, գետնանուշ, քաղցր և աղի ձողիկներ, մարմելադ, սուֆլե, շոկոլադե սալիկներ, իրիս, կոնֆետների հավաքածու, սառը սուրճ և այլն: Ընկերության կողմից շահագործվում են 2 ալրաղացներ, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա:
2008-2009թթ. «Մանչո Գրուպ»-ն ընդլայնել է իր արտադրությունը` կազմակերպելով նաև գինու և կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում), խաղողի լավագույն տեսակներից դասական տեխնոլոգիայի միջոցով: Խաղողից ստացված գինու և կոնյակի հետ զուգահեռ ընկերությունը մթերում և արտադրում է բարձրորակ նռան գինի:
2011թ.-ից սկսած արտադրվում է նաև մրգային օղի, որը պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից և տանձից: 2012թ.-ի նոյեմբերից «Մանչո Գրուպ»-ի գինու, կոնյակի գործարանն իր տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:
Ընկերությունը 2012 թ. ՀՀ պետական բյուջե է փոխանցել շուրջ 586.5 մլն դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 159-րդ տեղը:

Գերմանիան կարող էր հեշտությամբ կասեցնել կամ գոնե կանխել Հայոց ցեղասպանությունը.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում«Հայացք» մամուլի ակումբում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունինն այսօր խոսեց Հայոց մեծ եղեռնից` գերմանաթուրքական դաշինքի համատեքստում:
Բանախոսի մեկնաբանությամբ` գերմանական արխիվները հարուստ են Հայոց ցեղասպանության մասին նյութերով, իսկ Եղեռնն իրականացվել է գերմանական բարձրաստիճան պաշտոնյաների իրազեկության պայմաններում. «Գերմանիան կարող էր հեշտությամբ կասեցնել կամ, եթե արդեն սկսվել էր, կանխել Հայոց ցեղասպանությունը, սակայն չարեց դա: Թուրքիայի երեք քաղաքներում` Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում և Մոսուլիում չիրականացվեցին ջարդեր, որովհետև գերմանացի երկու գեներալ չենթարկվեցին Էնվերի հրամանին: Նրանցից մեկը  մահակի լեզվով խոսեց թուրքերի հետ, մյուսը ուղղակի հրաժարական ներկայացրեց, սակայն  այս քայլերը Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վատացման պատճառ չդարձան»:

Աշոտ Հայրունին ասաց նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում գերմանացիներն բացառիկ նշանակություն ունեն՝ թե՛ իրենց դիվանագիտական փաստաթղթերով, թե ՛ արխիվներով:

Ավտոպատահարներ Հայաստանի տարածքում`կան վիրավորներ

ավտոպատահարներ19-ամյա աղջկան վրաերթի ենթարկելուց հետո անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան քաղաքի ֆրանսիայի հրապարակում` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և դիմել  փախուստի:
Աղջիկը  բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

«Վոլվո»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Ապրիլի 22-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին  դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 23-ին, ժամը 00.30-ին, մոտոցիկլետը Երասխ-Երևան ճանապարհի 34 կմ-ին բախվել  է «BMW-320» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ

Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին-Սամաղար ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսումնասիրությունը․ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է աղքատության և եկամտի անհավասար բաշխման»

1Երևան – Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Հակոբյան բնապահպանական կենտրոնը ՀԱՀ-ի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի հետ համատեղ իրականացրել է ուսումնասիրություն, համաձայն որի 2004-2010 թվականներին հանքարդյունաբերությունը Հայաստանում նպաստել է տնտեսական աճին՝ միաժամանակ հանգեցնելով եկամուտների անհավասար բաշխման և աղքատության:

 2

 

Հանքում աշխատողներն աշխատում են թունավոր, ծանր մետաղների հետ` առանց ձեռքերն ու շնչուղիները պաշտպանող ձեռնոցների և դիմակների: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, Քաջարան: Լուսանկարը ` Նազիկ Արմենակյանի

 

Ուսումնասիրության http://newsroom.aua.am/files/2013/04/mining_grigoryan.pdf գլխավոր հետազոտող և հեղինակ, դոկտոր Ալեքսանդր Գրիգորյանը դիտարկել է տարածաշրջանային տվյալները և իր զեկույցում նշել, որ հանքարդյունաբերությունն ունի որոշակի դրական ազդեցություն տնտեսության աճի վրա:

3

«Սա համահունչ է հանքարդյունաբերության կողմնակիցների կողմից հաճախ հնչեցվող այն պնդմանը, որ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության աճի համար»,- ասաց ՀԱՀ-ի տնտեսագիտության դոցենտ Գրիգորյանը:

Ա․ Գրիգորյանի վերլուծությունները, մյուս կողմից, նաև ցույց են տալիս, որ «․․․հանքարդյունաբերության արդյունքում սովորաբար մեծանում է եկամուտների անհավասար բաշխումը և խորանում է աղքատությունը մասնավորապես Հայաստանի այն մարզերում, որտեղ առկա է հանքարդյունաբերական ոլորտը»։

 

Սա հակասում է հանքարդյունաբերության կողմնակիցների այն պնդմանը, թե այս ոլորտը ստեղծում է նոր աշխատատեղեր, ինչը մարզերում և առհասարակ երկրում ապահովում է միջինից մինչև երկարաժամկետ զարգացումներ։

 

Այս հակադրվող իրողությունները կարելի է բացատրել Հայաստանի տնտեսությունում գերիշխող մի շարք գործոններով:

«Հանքարդյունաբերությունը, որպես Հայաստանի տնտեսության ճյուղ, տարիներ շարունակ ընդլայնվել է, սակայն տնտեսական ճգնաժամի ու համաշխարհային մետաղների գների բարձրացմանը զուգընթաց այն ավելի նշանակալի դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի մեջ»,- բացատրեց նա՝ նշելով, որ այս միտումը կշարունակվի, եթե տնտեսության մեկ այլ ոլորտ չսկսի թափ հավաքել:

 

Հանքարդյունաբերական ոլորտի մեկ այլ ազդեցությունն աղքատության աճն է, և սրանց փոխկապակցվածությունը, Գրիգորյանի կարծիքով, ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:

 

Հանքարդյունաբերության ունեցած ազդեցության այլ հետազոտություններ՝ կատարված ՀԱՀ-ի հանրային առողջապահության դպրոցի և Հակոբյան կենտրոնի կողմից, ցույց են տալիս հետևյալը․ որոշ բնակիչներ պնդում են, որ շատ սեփականատերեր ստիպված են շատ ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը: Ըստ Գրիգորյանի՝ այսպիսի դեպքերում, եթե դրանք իրոք տեղի են ունեցել, հանքարդյունաբերողները զրկում են գյուղացիներին այն կապիտալից, որը խիստ անհրաժեշտ է հարստություն ստեղծելու համար։

Ավելին, հանքարդյունաբերության կամ հանքային վերամշակման ոլորտում աշխատող մարդկանց չի տրամադրվում առողջական ապահովագրություն՝ մի փաստ, որը կարող է ընտանիքների ուսերին դնել առողջական լրացուցիչ ծախսեր և/կամ նվազեցնել նրանց աշխատանքային արդյունավետությունը:

 

Մոլիբդեն վերամշակող հանքում աշխատողի ձեռքերը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, Քաջարան: Լուսանկարը ` Անահիտ Հայրապետյանի: Նույն աշխատակիցն առանց պաշտպանիչ ձեռնոցների փոխում է իր երեխայի տակդիրը թունավոր ու ծանր մետաղների հետ ժամեր շարունակ աշխատելուց հետո: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

 

Քաղաքականության դերը

 

«Եթե մենք ուզում ենք հանքարդյունաբերությունը դարձնել Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտ, ապա մենք պետք է նաև զարգացնենք ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որի դեպքում թե՛ անմիջական համայնքները, թե՛ամբողջ երկիրը կշահեն առավելագույնս»,- ասաց ՀԱՀ Հակոբյան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

Երիտասարդ տղամարդը հիվանդանոցում` իր կնոջ հետ միասին: Նա ստամոքսի խոց ունի և համոզված է, որ այն առաջացել է հանքում աշխատելու արդյունքում: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

 

Հանքարդյունաբերությունն ու արդյունահանող արդյունաբերությունները որոշ երկրներում նշանակալից դեր են խաղացել՝ ապահովելով երկարաժամկետ աճ, մասնավորապես՝ Նորվեգիայում, Ավստրալիայում և Բոտսվանայում։ «Այս երկրները հաջողությամբ օգտագործել են հանքարդյունաբերությունը և բարձրացրել իրենց բնակչության ճնշող մեծամասնության կենսամակարդակը, քանի որ նրանք մշակել և ներդրել են լավ հանրային քաղաքականություն»,- շեշտեց Ամիրխանյանը, ով անցած նոյեմբեր ամսին այս թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել:

 

Առանց հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող համապատասխան քաղաքականության ու զսպող լծակների Հայաստանը կշարունակի քայլել հանքարդյունաբերական մի ճանապարհով, որը հարստացնում է մի քանի հոգու, իսկ ներկա ու ապագա սերունդների մեծամասնությանը զրկում է իրենց ժառանգությունից օգտվելու հնարավորությունից։

 

Համաձայն Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011-ին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատել է 15.500 մարդ, ինչը կազմել է երկրի ընդհանուր զբաղվածության մոտ 1%-ը, իսկ ՀՆԱ-ի աճին նպաստել է մոտ 3%-ով:

 

ՀԱՀ-ը կազմակերպում է մեկ այլ միջազգային գիտաժողով «Բնապահպանական և մասնագիտական առողջության հիմնախնդիրները» թեմայով: Գիտաժողովին, որ նախատեսված է անցկացնել ապրիլի 22-23-ը, կմասնակցեն առաջատար մասնագետներ, որոնք Երևան են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության և շինարարության ազդեցությունն անցումային տնտեսությունների վրա, ինչպիսին ունենք Հայաստանում: Նրանց ներկայացրած հետազոտությունները լուծումներ կառաջարկեն աշխատակիցների, համայնքների բնակչության և երեխաների մոտ աշխատանքի ու շրջակա միջավայրի ազդեցությամբ ի հայտ եկած առողջական խնդիրներին և կօգնեն այս հիմնախնդիրները լուծելուն ուղղված հանրային քաղաքականություն մշակել:

 

 

Կովը ջուր է խմում Արծվանիկի պոչամբարից, որը պատկանում է Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին: Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի

 

ՀԱՀ-ի Հակոբյան բնապահպանական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնը:

ՀԱՀ-ն և Հակոբյան բնապահպանական կենտրոնը նպաստում է բնական միջավայրի պաշտպանությանն ու վերականգմանը՝ հետազոտության, կրթության ու համայնքային իրազեկման միջոցով: ՀԱՀ/ՀԲԿ հիմնական ոլորտները ներառում են՝ բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն ու պահպանություն, կառուցապատված միջավայրի կանաչապատում, մաքուր էներգետիկա և էներգախնայողություն, ինչպես նաև տեղեկատական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

 

ՀԱՀ-ի Բիզնեսի և Տնտեսագիտության քոլեջը տարածաշրջանի առաջատար բիզնես դպրոցն է, որը նպաստում է ձեռնարկատիրական, նորարարական և բարոյական առաջնորդության ձևավորմանն ու զարգացմանը: Վերջին 20 տարում այն սպասարկել է հայ և արտասահմանցի ուսանողների, կորպորացիաների և համայնքների:

 

Լուսանկարները վերցված են «Հետազոտական ֆոտոլրագրություն՝ հանուն մարդու իրավունքների և մաքուր միջավայրի» նախագծից և իրականացվել են Բաց հասարակության հիմնադրամներ ծրագրի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ի կողմից:

 

Հոդվածի աղբյուրը անգլերեն լեզվով՝ http://www.armenianweekly.com/2013/04/16/aua-study-mining-in-armenia-creates-poverty-income-inequality/

 

Թարգմանեցին՝ Լիլիթ Ստեփանյանը և Աննա Աղլամազյանը

 

Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԵրևանի քաղաքապետի “Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին” որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները “Հրազդան” մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

•    թ.1 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի “Զորավար Անդրանիկ” կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – “Հրազդան” մարզադաշտ,
•    թ.2 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Աթենքի փող. – Հաղթանակի կամուրջ – Մաշտոցի պողոտա – Կորյունի – Աբովյան փողոցներ – մետրոպոլիտենի “Երիտասարդական” կայարան: Հետադարձը` Աբովյան – Մոսկովյան – Սարյան փողոցներ – Մաշտոցի պողոտա – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – “Հրազդան” մարզադաշտ,
•    թ.3 երթուղի – “Հրազդան” մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. – Լենինգրադյան – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի “Բարեկամություն” կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Հրամանատար Մազմանովի եղբոր աղջիկը միայնակ ապրում է կաթոցների տակ (video)

Ցավոք վերջին շրջանում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատև հիվանդությունից հետո երիտասարդ մահացած որդու հետո ապրում է միայնակ: Այն կացարանը ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Ավելացնենք, որ նա ավելի քան հայտնի զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է:
Առավել մանարամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

Բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

բեռնատարԱպրիլի 22-ին, ժամը 17.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Վանաձոր – Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454ՍՕ12 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Հովհաննես Մկրտչյան, ծնվ.1963 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել, և բռնկվել է հրդեհ:
Տեղի ուժերով Հ.Մկրտչյանը դուրս է բերվել բեռնատարի խցիկից և հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել` 18.11-ին: Այրվել են 2 անվադող, վառելիքի բակը, մասնակի` բեռնախցիկը և վարորդի խցիկը:

2-ամյա փոքրիկը հոսպիտալացվել է թունավորումով

շտապ-օգնությունԱպրիլի 22-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Եղեգնաձոր քաղաքի, այնուհետև` Երևանի«Սբ.Աստվածամայր», այնուհետև` «Մուրացան» բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհի Անի Շավարշյանը (ծնվ. 2011թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհ Գառնի գյուղում

հրդեհԱպրիլի 22-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 1-ին փակուղու թիվ 3 տան մոտակա թոնրատանը, որը մարվել է տեղի ուժերով:
Աշոտ Բաբայանին պատկանող թոնրատանը այրվել են 15 մեղվի փեթակ, տանիքի փայտե կառուցատարրերը` 12 քմ, տանիքում` 30 հատ փայտե արկղ:

 

Կատարվածից ժամեր անց ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 22-ին, գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկան Արայիկ Խաչատրյանը մայրաքաղաքի Տիտոգրադյան և Այվազովսկու փողոցների խաչմերուկում էր: Հանկարծ խաչմերուկում գտնվող բենզալցակայանի տարածքում տարօրինակ մի բան նկատեց, որն առաջին հայացքից հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցնում: Դիմակավորված 5 հոգի իրարանցում էին սարքել:
Ավազակային հարձակում էր: Տեղի ունեցածից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր:
Բերման ենթարկվածն Արսեն Ավետիսյանն էր: Շարունակվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքները դեպքի մասնակից մյուս չորսին էլ հնարավորինս արագ հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ բնույթի զրույցներ իրականցվեցին Ավետիսյանի բարեկամների և ընկերների շրջապատում: Կարճ ժամանակում հնարավոր եղավ ճշտել ավազակային հարձակման բոլոր մասնակիցների ինքնություններն ու բնակության վայրերը: Կատարվածից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Արմենակ Ջավադյանը, Անդրանիկ Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանն ու Թորգոմ Հարությունյանը միացան իրենց ընկերոջը: Հետագա օպերատիվ բացատրական աշխատանքների շնորհիվ բացահայտվեցին դեպքի մանրամասները:
Պարզվեց նաև, թե ինչու՞ էին երիտասարդները դիմել այս ծայրահեղ ու անօրեն քայլին:
Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Վարչապետին են ներկայացվել լսողական սարքերի իմպլանտացիայի կենտրոնի գործունեության արդյունքները

10349_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բժշկական գիտությունների դոկտոր Ակիրա Իշիյամաին և Armenian International Medical Found-ի ղեկավար Սալբի Ագարակյանին: Վերջիններիս աջակցությամբ 2004 թվականից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիրը:

Մասնագետները վարչապետին են ներկայացրել ծրագրի արդյունքները և շնորհակալություն հայտնել ծրագրի նկատմամբ հետևողական ուշադրություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ այս ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Կոխլեար իմպլանտացիայի վեց տասնայակից ավելի վիրահատություն և ոչ մի բացասական արդյունք չի գրանցվել:
Տիգրան Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ծրագրի հետագա ընթացքին և կարևորել նման բարդ վիրահատությունների իրականացման գործում հայ մասնագետների վերապատրաստումը:

***
Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունը ողջ աշխարհում բժշկական թանկարժեք միջամտություն է համարվում իմպլանտի բարձր գնի պատճառով:
Մինչև 2008 թվականը մեր երկրում համապատասխան իմպլանտը ձեռք էր բերվում միայն բարեգործական միջոցների շնորհիվ, 2008 թ.-ից Կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ են կատարվել նաև պետական պատվերի շրջանակներում:
Կարևորելով այս ծրագիրը` 2008 թ.-ից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն սահմանել է որպես տարածաշրջանային բացառիկ ծրագիր, նկատի ունենալով, որ վիրահատությունները 100 տոկոսանոց արդյունք են ունենում:
Ծրագիրը նյութական օժանդակություն է ստանում ՀՀ կառավարության, Կալիֆոռնիայի հայ համայնքի և տարբեր բարեգործների կողմից:
Վիճակագրության համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 1000-րդ երեխան առանց լսողության է ծնվում և երկուսը կամ երեքը խլություն են ձեռք բերում կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: