Հունիսի 16-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատռված վերքերով, սալջարդով և արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ: Ծնողները հայտարարել էին, որ երեխան վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հունիսի 25-ին պարզվել է, որ աղջնակին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, Թեղուտ գյուղի կենտրոնական ճանապարհի վերջնամասում վրաերթի է ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Գ.-ն:
Հունիսի 25-ին, ժամը 18.15-ին, Վարդան Գ.-ն Դիլիջան քաղաքի Ուսանողական փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Վարձակալը յուրացրել է տանտիրոջ կոնյակները
Հունիսի 25-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին: Նա խոստովանել է, որ վարձակալական հիմունքներով բնակվելով Էվելինա Խ.-ի տանը` հունիսի 20-ին յուրացրել է 40 շիշ կոնյակ. մի մասը վաճառել է 5.000 դրամով, իսկ մնացածը` նվիրել հարազատներին` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Նորոգման աշխատանքներն ավարտվել են Երևանի ևս մեկ մանկապարտեզում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 154 մանկապարտեզ՝ օրերս ավարտված վերանորգումից հետո շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով։ Մի քանի փուլով նորոգված մանկապարտեզում 15 օր առաջ ավարտվել են վերջին փուլում ծրագրված՝ միջանցքների, աստիճանավանդակների ամբողջական նորոգման ու շենքի արտաքին հարդարման աշխատանքները։
«Մանկապարտեզի նորոգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Աշխատանքների ճիշտ ծրագրված հերթականության շնորհիվ մանկապարտեզը նորոգման օրերին էլ է աշխատել, բոլոր 4 խմբերն էլ հաճախել են»,- քաղաքապետի տեղակալին ներկայացրել է մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը։
Այնուհետ, մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հրավիրել է դիտելու մանկապարտեզի ավագ խմբի սաների ավարտական հանդեսը։
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին քաղաքապետարանի կողմից նվերները՝ դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները, այս մանկապարտեզի ավագ սաներին հանձնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը շարունակվում է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը: Աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հերթական այցելությունն այս անգամ Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի հ. 40 տանը վարձակալությամբ բնակվող ամուսիններ Հակոբ Բերբերյանի և Սոնյա Դաբաղյանի չորս անձից բաղկացած ընտանիքին էր, որը վերջերս հյուրընկալել է նաև Սիրիայից ներգաղթած իրենց բարեկամուհուն՝ անչափահաս երկու երեխաների հետ:
Սոցիալական ապահովության վարչության պետը տանտիկնոջ հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները: Ընդգծելով, որ սիրիահայերը և նրանց խնդիրները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են, Ռ. Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նման այցելությունները շարունակական բնույթ են կրում, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում արել և անում է հնարավորը մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին լուծում տալու և նրանց սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետն այս և մյուս սիրիահայ ընտանիքներին առաջարկել է ակտիվ կապ պահպանել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների հետ՝ աջակցություններն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այս անգամ Բերբերյանների ընտանիքին որպես աջակցություն տրամադրվել է հագուստ, կոշկեղեն և դրամական օժանդակություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում
Հունիսի 25-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, «Մերսեդես ML 430 V8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Արամայիս Զոհրանյանին, որը տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Դրամապանակ գողացած կնոջը հայտնաբերեցին
Ապրիլի 28-ին, ժամը 22.00-ին, 1952 թ. ծնված Աշոտ Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտ ոմն Ռիմա գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և իր բազմազավակության մշտական տոմսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռիման 1977 թ. ծնված Ռիմա Շ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Նրան 8 տարի որոնում էին Մոսկվայի իրավապահները
«Ես չեմ հավատում, որ երբևէ կունենամ բնակարան ». ասում է 85- ամյա միայնակ անօթևան կինը
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Նրանցից շատերը ավելի քան քառորդ դար բնակվելով ժամանակավոր կոչվող թիթեղյա վագոն-տնակներում, կորցրել են երբևէ բարեկեցիկ բնակարանում բնակվելու իրենց հույսը: Ներկայացվող տեսանյութը 85-ամյա միայնակ տարեց կնոջ մասին է, նա միակ զավակի մահից հետո ամբողջովին մենակ է մնացել:
Տաքսու վարորդը գողացել է ուղևորի ճամպրուկը
Հունիսի 15-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1965 թ. ծնված Աշոտ Ս.-ն նույն օրը, ժամը 00.50-ին, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկից նստել է անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենա, գնացել Քանաքեռ ՀԷԿ թիվ 17 շենքի մոտ, իսկ երբ իջել և մի քանի րոպեով մտել է շենք` տաքսու վարորդը հեռացել է` գողանալով մեքենայում մնացած իր ճամպրուկը, որի մեջ եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, հագուստներ, տան բանալիներ և 150 դոլար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1963 թ. ծնված Հովհաննես Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, ներկայացել է բաժին:
Ճամպրուկն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
4 ժամում` 20 անսթափ վարորդ Երևանում
Երիտասարդական աշխատանքը հանուն ինտեգրացիայի. Սիրիահայերը հայրենիքում փախստական չեն
Անձի ազատ տեղաշարժի իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք, յուրաքանչյուր ոք ունի ցանկացած՝ այդ թվում սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադանալու իրավունք: Կառավարությունները սովորաբար երաշխավորում են իրենց քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ֆիզիկական անվտանգությունը, բայց երբ մարդիկ փախստական են դառնում, անվտանգության այս ցանցն անհետանում է: Փախչելով պատերազմից ու հետապնդումներից և դառնալով փախստական` մարդիկ հաճախ հայտնվում են անչափ խոցելի իրավիճակում, զրկվում իրենց պետության պաշտպանությունից:
Հունիսի 24-ից 30-ը «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» հասարակական կազմակերպությունը (SYW) Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է երիտասարդ փախստականների խնդիրներին նվիրված «Youth work for refugee inclusion» միջազգային ծրագիրը, որին մասնակցում է տասը եվրոպական երկրների շուրջ 40 ներկայացուցիչ:
Փախստականը, ըստ ՀՀ օրենսդրության, ունի տնտեսական, սոցիալական և մշակութային նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացին: Սակայն փախստականները հարկադրաբար հայտնվելով օտար երկրներում՝ բախվում են, ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական և ինտեգրացիոն մի շարք խնդիրների: «Հայաստանն ունի յուրահատկություն. մեր փախստականների 99%-ը էթնիկ հայեր են: Ծրագրի գաղափարն առաջացավ 2012թ.-ին, երբ կազմակերպությունն սկսեց աշխատել Սիրիայի փախստականների հետ: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կան եվրոպական երիտասարդական կազմակերպություններ, որոնք մշակել են փախստականների հետ աշխատելու և նրանց խնդիրները լուծելու նոր մեթոդներ», -ասում է ծրագրի համակարգող Սիրարփի Մանյանը:
Փախստականների հոսքը Հայաստան սկսվել է 1988 թվականից, երբ Ադրբեջանից հարկադրաբար Հայաստան են տեղափոխվել ավելի քան 360,000 մարդ: Վերջին տարիներին սիրիական հակամարտության պատճառով Հայաստանում հանգրվանեցին բազմաթիվ սիրիահայեր, ովքեր, չնայած փախստականի կարգավիճակ չունեն հայրենիքում, սակայն թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեպես կայանալու կարիք ունեն:
«Անհրաժեշտաբար պիտի հաշվի առնենք հայկական առանձնահատկությունները. Սիրիահայերը հայրենիքում չեն կարող դիտվել որպես փախստական»,-իր բացման խոսքում նշեց ԵՄ փորձագետ, Երիտասարդական ակումբների նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«Youth work for refugee inclusion» միջազգային ծրագրի նպատակն է քննարկել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների փորձն ու գիտելիքները, մշակել երիտասարդ փախստականների հետ աշխատանքի նոր մոտեցումներ` նպաստելով նրանց` հասարակությունում արդյունավետ ներգրավմանը»,- նշեց հյուրընկալող կազմակերպության նախագահ Ռոբերտ Մխիթարյանը:
Ինչպիսին են հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում
Հունիսի 25-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում հրավիրված միջոցառման ընթացքում ներկայացվեցին Համշենը, համշենահայությունն ու նրա մշակույթը։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը։
Միջոցառումը կազմակերպել էր «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցաբար հասարակության տարբեր շերտերին ներկայացնում է հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում։
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը նկատում է, որ Թուրքիայում բնակվող համշենցիներն առանձնահատուկ են իսլամացած և ծպտյալ հայերի շրջանում։ Նրանց մի մասը հայախոս է՝ հաղորդակցվելով հայկական բարբառներից մեկով։ Թուրքագետը նշում է, որ բացի Թուրքիայից` առկա են համշենցիների խմբեր Միջին Ասիայում, Աբխազիայում, Ռուսաստանում։ Հետխորհրդային շրջանում բնակվող համշենահայերը քրիստոնյա են, հայախոս և իրենց համարում են հայ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի համշենցիներին, ապա նրանց մի մասն ընդունում է իր հայկական ծագումը, մյուս մասը՝ ոչ։ Թուրքագետը նկատում է, որ այս հարցում համշենցիները թերևս մեղավոր չեն, քանի որ տարիներ շարունակ թուրքական պատմագրությունը նրանց մեջ մտցրել է այն գաղափարը, թե իբր համշենցիները թուրքական ցեղի մի տեսակ են։ Եվ նրանց համար դժվար է միանգամից կարծրատիպերը հաղթահարել։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում որոշ տեղաշարժեր նկատվում են։ Համացանցի, հաղորդակցման միջոցների զարգացման, հայ գիտնականների ուսումնասիրությունների ու այցելությունների շնորհիվ համշենցիները տեղեկանում են իրենց ծագման մասին։
«Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի հեղինակ Լուսինե Սահակյանը կինոնկարի ցուցադրումից հետո պատասխանեց հանդիսատեսի հարցերին։ Նա մասնավորապես նշեց, որ ֆիլմն արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Այն ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային, Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոներում, Տորոնտոյի «Նուռ» փառատոնում, Պրահայում և այլն: Այսօր արդեն ֆիլմի տիտրերը թուրքերեն թարգմանելու մտադրություն կա։
Նշենք, որ ֆիլմում տեղ են գտել դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության պատմության, նրա բնակիչների բռնի իսլամացման մասին։ Ռիզեի և Արդվինի նահանգներում կատարված բացառիկ նկարահանումների շնորհիվ հանդիսատեսը ծանոթանում է Խոփայի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Չայելիի գավառների համշենցիների պարերի, երգերի, նրանց խոսվածքի ու բանահյուսության, հավատալիքների, զբաղմունքի, ինչպես նաև խոհանոցի հետ: Ներկայացվում են նաև ինքնության հետ կապված համշենցիների ընկալումներն ու նրանց ժողովրդագրական պատկերը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Խոշոր ջրակույտեր գետնանցումում
Հունիսի 25-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բարեկամության հրապարակի գետնանցում. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են գետնանցումի մոտ 15 մետր հատվածում՝ առաջացնելով մոտ 10 սմ խորությամբ ջրակույտեր:
Դեպքի վայրում են գտնվել վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները:
Ջրահեռացման աշխատանքներն իրականացվել են տեղի ուժերով:
Ուժեղ քամին տանիքներ է պոկել
Հունիսի 25-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Երևանի Հ. Բաբաջանյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքը (12 քմ):
***
Հունիսի 25-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Երևանի Նալբանդյան փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է` վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Մ. Հ.-ին պատկանող տան տանիքը (150 քմ):
ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել Թուրքիային. Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, խոսելով իրաքյան ճգնաժամի մասին, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը առանց վարանելու միջոցներ կձեռնարկի հնարավոր վտանգից Թուրքիային պաշտպանելու համար: Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն մտահոգված է Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: «Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր բոլոր դաշնակիցներին, այդ թվում նաև Թուրքիային»,-ընգծել է Ռասմուսենը՝ հիշեցնելով թուրք-սիրիական սահմանին «Patriot» զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման մասին:
Ո՞վ է ավելի համառ՝ «աֆրիկյաննե՞րը», թե՞ Լևոն Վարդանյանը
Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված երևանյան ամենագեղեցիկ ու յուրօրինակ շենքերից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի ճակատագիրը դեռևս անհայտ է:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են, որ շենքի ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար հիմք է ծառայում ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության կողմից ներկայացված գրությունը՝ ուղղված «Միլենիում քոնստրաքշն» ընկերության տնօրեն Թադևոսյանին: Գրության մեջ նշված է, որ շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել, իսկ ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանի պահպանությունը: Ուստի, գործակալությունն անհրաժեշտ է համարում անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները մինչև համապատասխան փաստաթղթերի առկայության ապահովումը:
Ըստ նախաձեռնության անդամների, շենքի ապամոնտաժման աշխատանքների դադարեցման համար հիմք է նաև այն, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբան լաբ Երևան» քաղաքաշինական հասարակական կազմակերպությունը համատեղ հայցադիմում են ներկայացրել դատարան, որով վիճարկում են Աֆրիկյանների շենքի օտարման և տեղափոխման մասին Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի որոշումները:
Հայցը վարույթ ընդունելու կամ մերժելու ժամկետը՝ օրեքով տրված դատարանին, լրանում է ուրբաթ օրը` հունիսի 27-ին:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հայցի հիմքում ընկած փաստերը. «Մեր իրավական դիրքորոշումն այն է, որ 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը: Մենք նաև բազմաթիվ այլ փաստեր ենք ներկայացրել՝ այդ թվում մշակույթի նախարարության համապատասխան գործակալության գրությունը, ըստ որի քանդման աշխատանքները պետք է դադարեցվեն, մինչև համապատասխան փաստաթղթերի ներկայացումը»,-ասաց Իշխանյանը:
Այս ամենից հետո, ըստ իրավապաշտպանի, շենքի քանդման աշխատանքները շարունակելը նույնիսկ քրեական հանցագործություն է: «Փաստորեն, քաղաքացիները Հայաստանում պաշտպանում են օրինականությունը, մինչդեռ ոստիկանները` ոչ, նրանք կատարում են անօրինական հրաման՝ դեմ գնալով քաղաքացիների օրինական պահանջին և իրենց գործողություններով նպաստելով Հայաստանում անօրինականությանն ու հանցագործությանը»:
«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի պնդմանը, որ իրենց գործողություններին օրինական են, նախագիծն իրականություն է դառնալու, և Աֆրիկյանների շենքը նույնությամբ վերակառուցվելու է «Հին Երևանի» տարածքում, Իշխանյանը հակադարձում է. «Ինչ տեսակետներից են իրենք այդ քայլերն իրականացնում՝ անձնական շահերից ելնելով, թե «ճարտարապետական լուծումներից», դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է երկու հարց՝ Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանումը և օրենքի կիրառումը Հայաստանում: Փաստորեն, այդ գործընթացը կատարվում է անօրինական ձևով, իսկ մնացած ամեն ինչ մտավարժանքներ են»:
Եթե դատարանը չվաբարարի հայցը, ո՞րն է լինելու հասարակական կազմակերպությունների հաջորդ քայլը: Իշխանյանը պատասխանում է. «Շարունակելու ենք պայքարը՝ դատական մյուս ատյաններ դիմելով և աջակցելով քաղաքացիական հասարակության շարժումներին: Համենայնդեպս, երբ մենք դիմում ենք, չենք մտածում՝ տեսնենք` ինչ կստացվի, մենք դիմում ենք հաղթելու նպատակով»:
Նրա համոզմամբ՝ տեղի ունեցողն անօրինականություն է, իսկ մշակույթի նախարարությունը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, այնպես էլ այս հարցում, անիմաստ կառույցի դեր է կատարում, քանի որ չի կարողանում, որպես կարևոր գերատեսչություն, իր ֆունկցիաները կատարել:
«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որի նախաձեռնությամբ է ապամոնտաժվում Աֆրիկյանների շենքը, հակադարձում է իրենց ընդդիմախոսներին: Մեզ հետ զրույցում նա ևե մեկ անգամ հայտարարեց, որ իրենց գործողություններն օրինական են: Ավելին, նա որպես ճարտարապետ՝ վստահ է, որ Երևանում երբևէ պատմամշակութային այլ շենքերի ապամոնտաժման աշխատանքներն այսքան օրինական, ճշգրիտ ու պրոֆեսիոնալ ձևով չեն իրականացվել, որքան այս շենքի դեպքում:
Ինչ վերաբերում է հնչող այն տեսակետին, թե չի կատարվում մշակույթի նախարարության պահանջը, ճարտարապետը հիշեցնում է, որ գրության հեղինակը ոչ թե նախարարությունն է, այլ մշակույթի նախարարության գործակալությանը՝ նշելով, որ նախարարությունը չի կարող դեմ լինել իր իսկ կողմից ժամանակին հաստատված նախագծին: «Շենքի ապամոնտաժման և «Հին Երևան»-ի տարածքում վերակառուցվելու նախագիծը հաստատվել է նախ մշակույթի նախարարության կողմից, ապա ուղարկել Երևանի քաղաքապետերան, իսկ վերջինս շինարարության թույլտվություն է տվել: Հիմա մշակույթի նախարարության ինչ որ գործակալության պետ՝ Արմեն Աբրոյանը, հայտարարում է, որ թերի փաստաթղթեր կան: Հո իր ասելո՞վ չի: Այդ մարդն ինքնագործունեությամբ է զբաղված, և դրա մասին թող իր նախարարը մտածի»,-ասում է Վարդանյանը:
Ճարտարապետը նաև չի ընդունում այն փաստարկը, որ եթե հայց է ներկայացվել դատարան, նշանակում է՝ ապամոնտաժման աշխատանները պետք է դադարեցվեն. «Երբ դատարանը որոշում կկայացնի, որ պետք է դադարեցնել, խնդրեմ, թող որոշումը տանեն քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ եթե ասի՝ դադարեցրեք, դադարեցնենք: Երևանի տարածքում մի մարդ իրավունք ունի դադարեցնել շինարարությունը՝ դա Երևանի քաղաքապետն է: Իսկ քանի դեռ նման որոշում չկա, մենք մեր աշխատանքը շարունակելու ենք»:
Լևոն Վարդանյանը ակտիվիստներին կոչ է անում մտածել իրենց գործողությունների իրավաչափության մասին, թե արդյոք հասարակական կարգն ու հարակից բնակիչների անդորրը խանգարելը որքանո՞վ է օրինական: «Գալիս են, աղմկում, խփում դարպասներին, իրենց թվում է՝ դա թատերաբեմ է: Բնակիչներն էլ ինձ են բողոքում, ասում են՝ հիվանդներ կան, փոքր երեխաներ,-ասում է Վարդանյանը,-ինչ վերաբերում է ինձ՝ ես խնդիր չունեմ, ես իմ աշխատանքը շարունակելու եմ և իմ ճարտարապետական նախագծի տերն եմ, իսկ Աբրոյանը մշակույթի նախարարի խնդիրն է, մարդկանց հանգիստը խանգարողներն էլ՝ ոստիկանության խնդիրը»:
«Հին Երևան» նախագծի հեղինակն ուրախ է, որ դատարան այդ հարցով հայց է ներկայացվել, քանի որ ինքը՝ որպես նախագծող, կարող է բոլոր հարցերի պատասխանները տալ և ապացուցել, որ ինքը ճիշտ է:
Բայց արդյոք դատարանը կարո՞ղ է որոշել՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, դա էլ հարց է, քանի որ Հայաստանում հույս դնել դատարանների վրա, մեղմ ասած, միամտություն կլինի:
Հարցի միակ պատասխանը թերևս կարող է տալ «Հին Երևան» նախագծի իրականացումը, որին այդպես համառորեն չեն հավատում ակտիվիստները, և որը տարիներ ի վեր համառորեն առաջ է քաշում ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Փաստն այն է, որ այսօր նախագծի իրականացումը դեռևս տեսանելի չէ:
Անի Գասպարյան
Գողացել է զոքանչի հեռախոսը
Հունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Ջահուկյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս:
Պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ռադիկ Ծ.-ն հյուրընկալվելով կնոջ մոր տանը` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Վնասի չափը պարզվում է:
Հեռախոսն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծեծկռտուք և կրակոցներ` ավտոմեքենան արագ վարելու պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը
Երևանի Մանկական զբոսայգում տեղադրված «Խաղաղության քար» հուշաքարի բացման պատիվը վերապահված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոյին։
Ներկայացնելով հուշաքարի ծագումը՝ Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից է, որոնցից 188-ը ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են յուրօրինակ հուշաքարերի։
«Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր այստեղ հնարավորություն ունենք Հիրոշիմայի քաղաքացիների սրտի մասնիկը հասցնել հայ ժողովրդին, որը միջազգային հանրության շրջանակներում իր հետևողական անխոնջ ներդրումով նպաստում է խաղաղությանը։ Հիրոշիմայի բնակիչների ձեռքով յուրաքնաչյուր քարի վրա փորագրվել են խաղաղության համար աղոթող գթության աստվածուհի Կաննոնի պատկերը և «Հիրոշիմայի կողմից» («FROM HIROSHIMA») բառերը։ Քաղաքացիների մտահղացմամբ՝ 1991թ. քարերն սկսեցինք նվիրաբերել աշխարհի առաջնորդներին։ Այս սալաքարերը՝ միջուկային աղետի համր վկաները, կարծում ենք, յուրաքանչյուր երկրում կդառնան մարդկության համընդհանուր իղձերի ներդաշնակության, եղբայրության և խաղաղության ուղերձի ինքնատիպ կրողներ։ Շնորհակալ ենք ՀՀ նախագահին, ում հավանությամբ և աջակցությամբ Հիրոշիմայի խաղաղության քարը հայկական հողում՝ Երևանում սկսում է ապրել նոր կյանքով»,- նշել է Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոն։
Հուշաքարի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ-ճապոնական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳՆ ԱՕԱ վարչության պետ Աշոտ Ոսկանյանը և Հիրոշիմայի խաղաղության քար ասոցիացիայի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամները, քաղաքացիներ։
ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ջերմորեն ողջունել է ճապոնական պատվիրակությանն ու ներկաներին և հատկանշել, որ 2012 թվականին ՀՀ նախագահի Ճապոնիա կատարած այցի արդյունքում առավել ամրապնդվել են հայ-ճապոնական հարաբերությունները, ապա նախանշել է դրանց էլ ավելի զարգացման միտումները՝ մասնավորապես ընդգծելով, որ 2015 թվականի սկզբին Երևանում նաև Ճապոնիայի դեսպանություն կբացվի։
«Այս զարգացումներն արդեն իսկ մեծ և դրական ազդեցություն են ունենում մեր երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ շփումների ակտիվացման վրա։ Խաղաղության քարի բացումը ևս մի խորհրդանշական քայլ է՝ ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը»,- նշել է ՀՀ նախագահի օգնականը։
Աշխարհի տարբեր երկրներ ուղարկվող հուշաքարերից մեկն ընդունելու և հատկապես Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում տեղադրելու համար Հիրոշիմայի քաղաքապետի շնորհակալական ուղերձին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել մեծ խորհրդով այս քարերից մեկը Երևան ուղարկելու համար։
«Ուրախ եմ, որ Երևանը նույնպես այդ մայրաքաղաքների, քաղաքների շարքում է։ Հայ ժողովուրդն իր կենսագրության ընթացքում բազմաթիվ կորուստներ է ունեցել, արհավիրքներ տեսել, ողբերգություններ ապրել և առավել քան գիտի խաղաղության գինն ու արժեքը։ Այսօր էլ հայ ժողովուրդը իր ջանքերն է ներդնում տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Միջոցառումն ավարտվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ ճապոնական հանրահայտ «Հայրենիք» երգի կատարմամբ։
Խաղաղության քարին երեք լեզուներով գրված է Հիրոշիմայի բնակիչների խորհրդանշական պատգամը, որտեղ ասված է. «…Դասեր քաղելով մեր տառապանքից և առաջնորդվելով մեղքի զգացումով, որ մենք ունենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքն անցած այլ ազգերի հանդեպ՝ մեր սահմանադրությամբ հավաստեցինք այսուհետ երբեք այլ երկրների նկատմամբ ագրեսիա չիրականացնելու մեր վճռականությունը։ Մենք նվիրաբերում ենք այս սալաքարերն աշխարհի ժողովուրդներին՝ հուսալով, որ համայն մարդկությունը կկիսի անպատերազմ աշխարհում ապրելու մեր ընդհանուր իղձը, աչքի առաջ ունենալով Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությունը՝ որպես հիշեցում խաղաղության կարևորության մասին»։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքում ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրի շրջանակում ապրիլի սկզբից մեկնարկել են մայթերի սալիկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 32000 քմ տարածք, որից 26400 մետրը՝ նոր սալիկներով, իսկ 4500 քմ տարածքում կհանվեն և նորոգումից հետո կվերատեղադրվեն հին սալիկները: Նորերով կփոխարինվեն Հանրապետության հրապարակի ավելի քան 500 քմ մակերեսով բետոնե մեծ սալերը: Մայրաքաղաքի 13 հասցեներում սալիկապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, 5 հասցեներում դեռևս ընթանում են: Այս ուղղությամբ աշխատանքները վարչական շրջաններից ստացված հայտերի համաձայն կշարունակվեն նաև մայրաքաղաքի մի շարք այլ վայրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

