Արդարադատության նախարարը բոլոր ծխողներին հորդորում է թողնել ծխելը

18_bԱրդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես մանուկյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հորդորել է թողնել ծխելու վնասակար սովորությունը: Նա մասնավորապես գրել է.

“Մինչև վերջնականապես չծխողների շարքը համալրելը, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ պարբերաբար թողնում էի ծխելը…: Եվ ինչ-որ պահի, սրանից տարիներ առաջ, հասկացա, որ ծխելը ոչ միայն ինքնակործանում է, այլև անազնիվ և անպատասխանատու՝ հարազատներիդ և շրջապատիդ համար:

Այսօր հետաքրքիր բան պարզեցի, որ մեր փոխնախարարներն ու ես ճշտորեն համադրելի ենք աշխարհում ծխողների և չծխողների թվի հարաբերակցությանը. այսինքն 5-ից մեկն է ծխում: Այժմ հայտարարում եմ, որ եթե մինչև մյուս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրը փոխնախարարը չմիանա մեզ՝ չծխողներիս, ապա կկանգնի մեր թիմից դուրս մնալու իրական վտանգի առաջ:
Բոլոր ծխողներին խորհուրդ եմ տալիս և հորդորում թողնել այդ կործանարար սովորությունը, հենց թեկուզ նրա համար, որ չծխողներն ավելի պայծառ երազներ են տեսնում …”:

 

Անկախ

 

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազում է

DSC08897«2014 թվականի 4 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 55 դեպք: Նախորդ տարվա համապատասխան շրջանում կատարվել էր նման 74 դեպք», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ամփոփելով տվյալներն, ասաց Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ այդ թվի նվազումը մեծապես ոստիկանության տարած աշխատանքների արդյունք է.  «Հաշվի առնելով, որ երեխաները խոցելի և չպաշտպանված խումբ են` ոստիկանությունը լուրջ աշխատանքներ է տանում երեխաների նկատմամբ բռնությունները կանխելու ուղղությամբ», – նշեց նա:

Ոստիկանները մասնավորապես կազմակերպում  են դասընթացներ և զրույցներ աշակերտների հետ, որոնց ընթացքում փորձում են երեխաներին բացատրել, որ միմյանց նկատմամբ պետք է ավելի հանդուրժող լինել. անհանդուրժողության հետաևքով արած մեկ քայլը անգամ կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ:  Անաչափահասներին բացատրվում են նաև նրանց իրավունքները և, թե ինչ անել կատարվող բռնության դեպքում: Ավագ դպրոցներում գործում են դպրոցական տեսուչներ, որոնց առաքելությունը նույնպես երեխաներին վտանգներից զերծ պահելն է: «Այնուհանդերձ երեխաներին հանցագործություններից հետ պահելու ամենամեծ պատասխանատվությունը դրված է ընտանիքների անդամների վրա»,- շեշտեց Արթուր Վարդանյանը:

Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների հիմնական մասն առողջությանը վնաս հասցնելու դեպքերն են:  Եղել են դեպքեր, երբ անչափահասն է իր հասակակցին բռնության ենթարկել: Եղել են միջադեպեր ուսուցիչների մասնակցությամբ. մեկ անգամ աշակերտն է ծեծել ուսուցչին, իսկ երկու անգամ` հակառակը:

 

Անկախ

«Կիսաբաց լուսամուտներ»-ի ստեղծագործական խումբը փաստաբանից պահանջում է ներողություն խնդրել

hrach1«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի` երեխաների խնամքի և Թուրքիա տեղափոխելու հավանակության թեմային նվիրված թողարկման նկարահանմանը մասնակցելու համար որպես հյուր հրավիրված փաստաբան Սուսաննա Մխիթարյանը «Ա-ԹԻՎԻ» (ATV) հեռուստաընկերության, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խմբի և բարեգործական հիմնադրամի հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող  արտահայտություններ է տարածում զանգածային լրատվության միջոցներով և պահանջում է տեսագրված հաղորդումը եթեր չհեռարձակել: Մասնավորապես`

  • Սուսաննա Մխիթարյանը հայտարարում է, թե հաղորդումը նախապես կազմակերված շոու էր, որի ընթացքում իր և քաղաքապետարանի ներկայացուցչի հասցեին, իբր, լուտանքներ, սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչել, որոնք ուղղորդել է հեռուստաալիքի հաղորդավար Հրաչ Մուրադյանը:
  • Սուսաննա Մխիթարյանը հաղորդման կազմակերպիչներին մեղադրել է շովինիզմի, ազգայնամոլության, Թուրքիայի դեմ թշնամանքի, սպանության գովերգման մեջ, մինչդեռ տեսագրված հաղորդումը վերաբերում էր երեխաների խնամքի խնդրին և խնամքի վերաբերյալ կայացված որոշմանը, հետագայում Թուրքիա տեղափոխելու հավանականությանը: Նման մեղադրանքները հստակ վիրավորանք են, որոնք ուղղված են հաղորդման կազմակերպիչ հեռուստաընկերությանը և հաղորդավարին: Նման մեղադրանքները վնասում են հեռուստաընկերության բարի համբավը, ստեղծագործական խմբի անդամների պատիվն ու արժանապատվությունը:
  • Սուսաննա Մխիթարյանը հայտարարել է նաև, թե իբր թողարկման տեսագրության ընթացքում իր դեմ բռնություն կիրառելու սպառնալիքներ են հնչել: Այս հայտարարությունը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ թողարկման տեսագրության ընթացքում նման որևէ միջադեպ տեղի չի ունեցել:
  • Սուսաննա Մխիթարյանը հաղորդման տեսագրության ընթացքում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հաղորդման մասնակից երիտասարդի հասցեին` եղբորն ու քրոջը կասկածելով անբարոյական հարաբերությունների մեջ:
  • Որպես Սուսաննա Մխիթարյանի որդի և դուստր ներկայացած անձինք հաղորդավար Հրաչ Մուրադյանին ուղարկել են մի շարք նամակներ, որոնք Հրաչ Մուրադյանի հասցեին վիրավորանքներ ու բռնության սպառնալիքներ են պարունակում:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը հերքում է Սուսաննա Մխիթարյանի անհիմն մեղադրանքերը և պնդում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:  «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշրի տվյալ թողարկումը նպատակ ունի օբյեկտիվ ներկայացնել խնդիրը, բաց և հանրային քննարկումների շնորհիվ լուծումներ գտնել և օգնել մարդկանց:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հրապարակային ներողություն խնդրել հեռուստաընկերությունից և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար Հրաչ Մուրադյանից:  «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հերքել իր իսկ տարածած հերյուրանքները, որոնք նշված են այս հայտարարության տեքստում:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը մտադիր է դիմել ՀՀ փաստաբանների պալատ` փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման համար Սուսաննա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը մտադիր է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի հասցեին վիրավորանքներ հասցնելու, սպառնալիքներ տարածելու և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խաչընդոտելու հատկանիշներով:

Եթե փաստաբան Սուսաննա Մխիթարյանը ողջամիտ ժամկետում չբավարարի այս հայտարարության մեջ նշված պահանջները և շարունակի իր հակաօրինական վարքագիծը, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը ստիպված կլինի դիմել դատական պաշտպանության` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով:

Տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա թողարկումը եթեր կհեռարձակվի «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերության եթերով սույն թվականի հունիսի 2-ին և 3-ին` ժամը 20:30-ին:

 

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբ

 

Անկախ

 

«Առաջարկությունների տաղավարներ»-ով արդեն ստացվել է ավելի քան 500 առաջարկ

unnamedՄայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում մայիսի 1-ից տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով քաղաքացիների կողմից նամակներով ստացվել է ավելի քան 500 առաջարկ։

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ամփոփելով անցնող մեկ ամսվա արդյունքները, տեղեկացրել է, որ ստացված բոլոր առաջարկներն ուսումնասիրվել և խմբավորվել են: Դրանց մի մասը փոխանցվել է համապատասխան ստորաբաժանում՝ հնարավոր լուծում տալու նպատակով: Իսկ առավել ընդգրկուն առաջարկները կներկայացվեն քաղաքապետին՝  առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար: Հատկանշանական է, որ քաղաքացիների որոշ առաջարկներ, կապված, օրինակ, բակերի բարեկարգման հետ, արդեն իսկ ընդգրկված են Երևանի զարգացման այս տարվա ծրագրերում և արդյունքները երևանցիների համար շուտով տեսանելի կլինեն:

«Առաջարկությունների տաղավարներ»-ի ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Մեկնարկել են մայրաքաղաքի շենքերի լվացման աշխատանքները

002Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման 2014 թվականի ծրագրում ևս ընդգրկվեցին շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ երանգները: 2014թ-ի ծրագրում ընդհանուր առմամբ ներառվել է 32 շենք Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 29-ից 30-ը)

1401459622,1705Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 19 դեպքից` 11-ը, խարդախության` 15, մաքսանենգության` 3, կողոպուտի, յուրացման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մայիսի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 110-րդ կմ-ին «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 29-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռ. Մելիքյան փողոցի թիվ 2/Ա շենքի բակում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

Անկախ

Դրո. այսօր Դրաստամատ Կանայանի ծննդյան օրն է

դրոԴրաստամատ Կանայանը ծնվել է Իգդիրում 1884 թ. մայիսի 31-ին:

Տակավին պատանի` Դրոն տարվում է զինվորական կյանքի ռոմանտիզմով: Երկար ժամանակ թափառում է զորամասերի, զինվորների մոտ, երազում զինվորական ապագայի մասին: Նրա սիրելի կենդանին ձին էր, սիրելի գործիքը` հրացանը: Վաղ տարիքից նա  տարվեց ազգային-հեղափոխական գաղափարներով, անդամակցեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Կռիվը, պատերազմը Դրոյի տարերքն էր, և ժամանակը ցույց տվեց, որ պատանին ճիշտ ընտրություն է կատարել: Դրոյի հայրը ստիպված էր հաշվի նստել տղայի ընտրության հետ ու նրան զինվորական վարժարան ուղարկել:

1903 թ., երբ ցարական հրամանով փակվեցին Կովկասի հայկական դպրոցները, Դրոն պայքարի մեջ մտավ: Անդամակցումը ՀՅԴ-ին նոր խթան եղավ նրա գործունեության մեջ: Դրոն տեսաբան չէր, գործի մարդ էր, և նա դա ապացուցեց նույն 1903 թ., երբ կատարեց իր կյանքի առաջին ահաբեկումը` սպանելով Սուրմալույի Թեջարապատ գյուղի գյուղապետ, մատնիչ Մարտիրոսին: Երբ մահացու վիրավորված Մարտիրոսը ցուցմունք տվեց, որ իրեն սպանողը Դրոն է, իշխանությունները կալանեցին նրան, սակայն ռուս սպաների ցուցմունքով ու միջամտությամբ Դրոն ազատ արձակվեց:

Հայ-թաթարական ընդհարումներն իսկական դպրոց եղան Դրոյի համար: 21 տարեկան Դրոն, Նիկոլ Դումանի հրամանատարությամբ, նախ Բաքվում, ապա Երևանում և Նախիջևանում պատասխանատու հանձնարարություններ էր կատարում` ընդհուպ ղեկավարելով ամբողջ շրջանի հայության ինքնապաշտպանությունը:

Բաքվում ամենածանր իրավիճակն էր հայկական ճակատի համար: Իշխանությունների թելադրանքով ու անթաքույց աջակցությամբ թաթար ամբոխը կոտորում էր հայ ազգաբնակչությանը, ոչնչացնում նրա գույքը: Անգամ այրվեցին հայերին պատկանող նավթահորերը:

Դրոն համընդանուր ճանաչում ստացավ 1905 թ. մայիսի 11-ին, երբ Նիկոլ Դումանի հրահանգով ահաբեկեց Բաքվի հայատյաց նահանգապետ Նակաշիձեին: Դաշնակցության Բաքվի կոմիտեն քննարկում էր, թե ում պիտի հանձնարարի Նակաշիձեի սպանությունը, երբ սենյակ է մտնում քսանամյա պատանին ու թախանձագին խնդրում, որ այդ պատասխանատու գործը հանձնարարեն իրեն: Ի վերջո, պատանու թախանձանքները հասնում են նպատակին, և Դրոն պատվով է կատարում հայ ժողովրդի դահճի սպանությունը, որից հետո կուսակցական ընկերների և ողջ հայության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերում:

Հայ-թաթարական ընդհարումներից հետո Դրաստամատ Կանայանը ՀՅԴ հանձնարարությամբ զբաղվում է Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելու գործով: Նա հաստատվում է Բայազետում և զենքի տեղափոխման հետ մեկտեղ զբաղվում Թուրքիայի քուրդ ցեղապետների հետ աշխատանքով` քրդերի մեջ հեղափոխական գաղափարներ  տարածելով:

Դրոն իր ողջ ռազմական տաղանդով փայլեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նշանակվեց Երկրորդ կամավորական գնդի հրամանատար և գործում էր Վանի ուղղությամբ: Նրա հրամանատարությամբ կամավորների երկրորդ ջոկատը ռազմաճակատ մեկնեց 1914 թ. հոկտեմբերի 24-ին: Նրա ջոկատում հաշվառված էր 380 մարտիկ, որոնցից 50-ը` հեծյալներ:

Հետաքրքիր դիպված կա Դրոյի` այդ շրջանի կյանքի մասին: Երբ նա վիրավոր պառկած էր Թիֆլիսի զինվորական հոսպիտալում, նրան է այցելում անձամբ Նիկոլայ Երկրորդ կայսրը` պետական պարգև հանձնելու: Հիվանդասենյակում ցարը հարցնում է Դրոյին, թե որտեղ է սովորել այդպես քաջաբար կռվել: «Հեղափոխության մեջ»,-պատասխանում է Դրոն: Թուլասիրտ կայսրը շտապում է դուրս գալ Դրոյի հիվանդասենյակից:

1918 թ. մայիսի 23-27-ը նա ստանձնեց Ապարանի ճակատի հրամանատարությունը: Ապարանի ճակատամարտը հիրավի Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր: Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն փոքրաթիվ ուժերով (6000 կռվող) կասեցնել թուրքական 13000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից: Առհասարակ, 1918 թ. մայիսին հարձակվող 35000-ոց թուրքական կանոնավոր բանակին դիմագրավում էր 12000-ոց Հայկական կորպուսը:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Դրոն ձեռնամուխ եղավ հայկական բանակի կազմավորմանը: Սակայն նրա վաստակը անուրանալի է հատկապես երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում: Դրոն ստեղծեց հատուկ հարվածային խումբ, որի նպատակը մաուզերիզմի դեմ պայքարն էր: Դրոն կարճ ժամանակամիջոցում կարողացավ խիստ միջոցներով արմատախիլ անել մաուզերիզմը Հայաստանում և երկրում կարգ ու կանոն հաստատել:

1918 թ. դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի ժամանակ ՀՀ կառավարությունը հենց Դրոյին վստահեց հայկական բանակի հրամանատարությունն ու հանձնարարեց Լոռին մաքրել վրացիներից: Շուրջ մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում Դրոն ջախջախեց վրացի գեներալ Ծուլուկիձեի ուժերը, մաքրեց Լոռին վրացիներից և պատրաստվեց շարժվել Թիֆլիսի վրա: Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ:

1919 թ. ՀՀ կառավարությունը Դրոյին շնորհեց գեներալի զինվորական կոչում:

1920 թ. աշնանը` Սիմոն Վրացյանի վարչապետության օրոք, Դրաստամատ Կանայանը ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը:

1920 թ. դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, համաձայն ՀՀ կառավարության և Հայհեղկոմի միջև կնքված պայմանագրի, ՀՀ կառավարությունից Դրոն և Տերտերյանը մինչև Հայհեղկոմի Երևան ժամանելը մնացին անցումային կառավարության մեջ: Այդ ժամանակամիջոցում Դրոն և Կարմիր բանակի զորահրամանատար Սիլինն էին երկրի փաստացի ղեկավարները: Երբ Երևան ժամանեց Հայհեղկոմը, սկսվեցին բռնությունները բնակչության դեմ: Դրոն միակն էր, որ ըմբոստացավ և ընդդիմացավ հայ բոլշևիկների գործելակերպին: Ի վերջո, նրան գործուղեցին Մոսկվա, ուր 5 տարի բանտարկված պահելուց հետո արտաքսեցին Ռումինիա:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծ էր Դրոյի դերը հայ ռազմագերիների փրկության աշխատանքներում: Առհասարակ նա էապես նպաստեց, որ ֆաշիստական Գերմանիան փոխեր իր վերաբերմունքը հայերի հանդեպ, և հայերը Եվրոպայում չունենային հրեաների ճակատագիրը:

Դրոն հարաբերություններ ուներ գերմանական բարձրաստիճան զինվորականության, հատկապես` Ռոզենբերգի հետ և նրա միջոցով ցանկանում էր իրականացնել իր ծրագրերը, այն է` հայ ռազմագերիներից կազմել Հայկական լեգեոն, ինչն էլ կյանքի կոչվեց: Հայկական լեգեոնի վրա դրված էր Հայաստանը փրկելու առաքելությունը: Եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան պատրաստ էր պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանն ու ներխուժել Հայաստան: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար այդ ժամանակ Հայաստանից և հայությունից: Եվ Հայկական լեգեոնի առաքելությունը պետք է լիներ այն, որ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի հաղթանակից անմիջապես հետո, երբ այլևս բաց կլինեին Կովկասի դարպասները, այս հայկական զորքը պետք է արագ երթով հյուսիսից մտներ Հայաստան:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

007Երևանի ավագանին մայիսի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել գրականագետ,  հրապարակախոս,  բանասիրական գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր,  Հայաստանի  ժուռնալիստների  միության «Ոսկե  գրիչ» մրցանակի  դափնեկիր  Գառնիկ  Անանյանի հիշատակը  հավերժացնող  հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Ակադեմիկոս,  պատմաբան,  ԽՍՀՄ  գիտության  վաստակավոր գործիչ  Մկրտիչ  Ներսիսյանի  հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագիծը քվեարկության դնելիս ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները չգրանցվեցին, ըստ այդմ՝ նաև չմասնակցեցին քվեարկությանը: Իսկ ավագանու գրանցված մյուս անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն տվեցին որոշման նախագծին:

Երևանին ավագանու հավանությանն են արժանացել նաև մի շարք բնակարաններ բնակիչներին անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերը:

Ավագանու որոշմամբ Երևան  համայնքի  սեփականությունը հանդիսացող  Փ.  Բուզանդի  փողոցում գտնվող վարչական  շենքի  4-րդ  հարկում, անհատույց  օգտագործման իրավունքով, մինչև 2016 թվականի մայիսի 30-ը ժամկետով տարածք է տրամադրվել «Լրագրողի հայացք» ընկերությանը: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես քվեարկությամբ արժանացել են ավագանու հավանությանը:

Ընդմիջումից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին, բարձրացված որոշ հարցերի հետ կապված էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում կոնկրետ հանձնարարականներ է տվել քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներին:

Ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ

«Բարև Երևան» դաշինք30 մայիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.

 

«Հարգելի գործընկերներ,

 

Երևանի ավագանու ապրիլի 30-ի նիստում ավագանին ընդունեց մի որոշում, որով Երևան համայնքի բնակիչների համար սահմանեց տեղական ինքնակառավարման մարմնի կողմից այս կամ այն որոշումն ընդունելու իրենց մասնակցության կարգը: Նույն օրը Երևանի ավագանին առանց    բնակիչներին իրազեկելու, նրանց  կարծիքը հարցնելու համաձայնություն տվեց  Երևանի փողոցներից մեկում կանգնեցնել Կոմունիստական կուսակցության գործիչ, մարդկության դեմ ստալինյան ոճրագործության մասնակից Անաստաս Միկոյանի մահարձանը: Արձանի տեղադրման թույլտվությանը «կողմ» քվեարկած ավագանու անդամները կա՛մ անտեղյակ են բռնարարքներին մեղսակից ու հակահայ այս կոմունիստական գործչի անցյալին, կա՛մ իմանալով, բայց  չընդվզելով դրա դեմ, իրենց քայլով արժևորեցին ինչպես  հայերի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների գնդակահարությունները, մարդկության դեմ հանցագործությունները…

 

Չի բացառվում, որ ավագանու նիստին ներկաներից շատերի պապերը նույնպես ենթարկվել են Ստալինի, Բերիայի, Միկոյանի և մյուս  հանցակիցների բռնություններին ու մահապատժի… Քաղաքակիրթ պետությունները կանգնեցնում են պետական, հանրային, մշակութային այն գործիչների արձանները, որոնք իրենց գործունեությամբ օրինակելի են եղել ազգի, պետության համար, իսկ նրանց մեծ ու փոքր սխրանքները ուսանելի եւ ընդօրինակման ենթակա են մատաղ սերնդի դաստիարակության գործում:

 

Անցած 1 ամսվա ընթացքում Միկոյանի մասին լսեցինք, կարդացինք, դիտեցինք  հանրության մեծամասնության համար նախկինում անծանոթ շա՜տ նյութեր, որոնց գերակշիռ մասը խիստ բացասական նստվածք է թողել շատերի վրա: Որոշ անձինք եթե սկզբում համարձակորեն հրապարակավ պաշտպանում էին արձանի տեղադրման մասին  որոշումը, ապա  վերջին օրերին պարզապես գերադասում են չխոսել: Հանրային կարծիքն  ակնհայտորեն  դեմ է Երևանում Միկոյանի արձանի տեղադրմանը: Վիճակը շտկելու և մեր որոշումը վերանայելու  համար կա մեկ ճանապարհ՝ չեղյալ հայտարարել ապրիլի 30-ի որոշումը, և  այդ  նպատակով կոչ ենք անում ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ համատեղ ստեղծենք  ավագանու որոշման նախագիծ, որով չեղյալ կհայտարարվի ապրիլի 30-ի ավագանու որոշումը:

 

 

Կարծում ենք՝ որպեսզի ավագանու մոտակա նիստին նախագիծը ընդգրկվի օրակարգ, ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները կարձագանքեն հնարավորինս արագ»:

Պետությունը պետք է ամենամեծ բեռը կրի Հայաստանը գովազդելու առումով

DSC08892«Ամեն տարի Հայաստան է այցելում մոտ 900 հազար զբոսաշրջիկ և մոտավորապես նույնքան անց է կացնում իր հանգիստը դրսում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուրիզմի ոլորտի ներկայացուցիչ,  «Armenia travel» տուրիստական կազմակերպության նախագահ Մարինա Կպրյանը, ընդգծելով, որ ամեն տարի ներգնա տուրիզմը 10 տոկոս աճ է գրանցում, և մեծանում է այն երկրների շրջանակը, որտեղից տուրիստներ են այցելում Հայաստանը:

Սա, ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ընկերությունների կատարած աշխատանքի արդյունքն է. «Ինչպես պետական կազմակերպությունները, այնպես էլ մասնավոր  ընկերությունները մասնակցում են տուրիստական ցուցահանդեսների, որոնց  ժամանակ ներկայացնում են Հայաստանի տուրիստական պրոդուկտը: Եթե նախկինում միայն մեկ մասնավոր ընկերություն էր մասնակցում նման միջոցառումների, ապա այժմ ավելի քան 10 ընկերություն է ներկայացնում Հայաստանը»:

«Տուրիզմը Հայաստանում կրում է սեզոնային բնույթ: Տուրիստական պրոդուկտը հիմնականում մշակութային է և ճանաչողական: Մեր նպատակն է զարգացնել այլ ուղղություններ` էքստրեմալ, գյուղական և այլն: Աճ տեղի է ունենում, որովհետև տուրիզմը ոչ միայն ազգային խնդիր է, այլև տուրիստական ընկերությունները հասկանում են, որ դա շահավետ աշխատանք է: Այնուամենայնիվ պետությունը պետք է ամենամեծ բեռը կրի Հայաստանը գովազդելու առումով», – ասաց ոլորտի ներկայացուցիչ Գարի Շահինյանը: Ըստ նրա` Հայաստանը գրավում է օտարերկրացիներին նախ քաղաքական կայուն վիճակով: «Մեր երկիրը ունի երկար տարիների պատմություն, հարուստ մշակույթ, ինչը գրավում է եվրոպացի ինտելեկտուալ զբոսաշրջիկներին: Ժողովրդի հյուրասիրությունը ևս միշտ հաճելի է տուրիստներին: Մեծ դեր ունի նաև խոհանոցը: Զբոսաշրջիկները սիրում են հայկական սեղանների լիությունը. Եվրոպայում դա ընդունված չէ: Մենք միշտ նրանց առաջարկում ենք ազգային ուտեստներ` տոլմա, քյուֆթա, խորոված, բանջարեղեն»,-ասաց նա:

Ակտիվ տուրիստական շրջանը Հայաստանում սկսվում է մարտ-ապրիլ ամիսներից և ավարտվում է նոյեմբերի սկզբում: Ամառային սեզոնի ժամանակ ավելի շատ այցելուներ են լինում, իսկ ձմեռային տուրիզմի առումով Հայաստանը դեռ պետք է շատ աշխատանքեր տանի: «Ձմեռային սեզոնի ժամանակ Հայաստանը այնքան էլ գրավիչ չէ օտարերկրացիների համար: Այդ շրջանում Հայաստանը միայն կորպորացիոն և էստրեմալ տուրիզմ կարող  է առաջարկել», – նշեց Մարինա Կպրյանը:

 

Հայաստան են այցելում հիմնականում Արևմտյան Եվրոպայից, այդ թվում ` Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Պորտուգալիա: Քիչ չեն տուրիստները Ճապոնիայից: ԱՄՆ-ից ակտիվություն չի նկատվում: Վերջին տարիներին Հայաստանով սկսել են հետաքրքրվել Հարավային Ամերիկայի բնակիչները: Կայուն է Սփյուռքից այցելությունների թիվը:

Արտերկրից եկած զբոսաշրջիկի համար Հայաստանում հանգիստը արժե մոտ 500-1000 եվրո:

Արդիական խնդիր է շարունակում մնալ հյուրանոցների սակավաթիվ լինելր: Ակտիվ սեզոնի ընթացքում հյուրանոցներում ազատ տեղեր չեն լինում, ինչի պատճառով տուրգործակալությունները հավելյալ տուրիստներ չեն կարողանում ընդունել:

«Հասարակական զուգարանների խնդիրը այժմ այնքան էլ արդիական չէ, քանի որ, բացի այն, որ շատ տեղերում արդեն զուգարաններ տեղադրվել են, տուրիստական ընկերությունները այնպես են փորձում կազմակերպել իրենց երթերը, որ նման խնդիր չառաջանա»,- ասաց Կպրյանը:

 

Կպրյանի կարծիքով, զարմանալի չէ, որ հայերը հիմնականում այլ երկրներում են հանգստանում:. «Բնական է, որ Հայաստանի քաղաքացիները այլ երկրներում են գերադասում հանգստանալ: Դա միայն ֆինանսների հարցը չէ: Մարդիկ ցանկանում են նոր երևույթներ բացահայտել: Հայերը, օրինակ, սիրում են ծովային երկրներ, իսկ ծովային երկիր Իտալիայի քաղաքացիները ևս այլ երկրներում են հանգստանում»:

 Անկախ

Միայնակ անօթևան տարեցին բնակարան են հատկացրել քանդման ենթակա շենքում

New PictureԳյումրիում գրեթե բոլորին է հայտնի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը: Այս բազմահարկը երկրաշարժի պատճառով դարձել է վթարային և գրեթե ամեն տարի կառավարության կողմից խոստումներ են հնչել այդ շենքն ընդգրկելու ամրացման ու վերանորոգման ծրագրերում:

Շենքի բնակիչների բողոքների հետքերով խնդրին պարբերաբար անդրադարձել են մարզային հեռուստատեսությունները: Սակայն, ի տարբերություն հարևանությամբ գտնվող բազմահարկերի, այս շենքն այդպես էլ չի ամրացվել, այն ներկայումս կիսով չափ բնակեցված է և կիսով չափ էլ կիսաքանդ վիճակում է: Ու որքան էլ մեզ համար զարմանալի էր, հանդիպեցինք բավականին հետաքրքրաշարժ դեպքի: Երկրաշարժի պատճառով անօթևան ընտանիքների են հատկացվել այս շենքի այլ բնակավայրեր տեղափոխված նախկին բնակիչների կողմից լքված կամ նորակառույց բնակարաններ ստացած նախկին բնակիչ անօթևան ընտանիքների բնակարանները: Դեռ 2000 թվականին այս կիսախարխուլ շենքում «բնակարանամուտ» է տոնել 72-ամյա միայնակ տարեց Հրանուշ Պողոսյանը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Ռուսաստանի Հասարակական պալատն արձագանքել է ՀՀ Հանրային խորհրդի կոչին

Ievgeny_Vyelihov_1_.jpegՍ.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի կոչի հերթական արձագանքն է հնչել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի քարտուղար Եվգենի Վելիխովի կողմից:
Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը կիսում է հայկական կողմի մտահոգությունը՝ կապված Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության, կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունների հետ:
Վելիխովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Հասարակական պալատը պատրաստվում է հանրային քննարկումների շրջանակներում բարձրացնել Սիրիայում հումանիտար աղետի, ապստամբների գործողությունների և արտաքին ուժերի կողմից նրանց օժանդակելու հարցը՝ խնդրելով հայ գործընկերներին աջակցել այդ քննարկման անցկացմանը:
Ի դեպ, ՌԴ Հասարակական պալատը 2013 թվականից ղեկավարում է նաև Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան, և Վելիխովը հանդիսանում է այդ ասոցիացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային խորհրդի կոչին այս կամ այն ձևով արձագանքել էին տարբեր երկրների Հանրային խորհուրդները: Ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել հատկապես Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված էր. «Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:
Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, և խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:
Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, և միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավուքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»:

 

Անկախ

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ

եղանակը հայաստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ  հանրապետության տարածքում՝մայիսի 30-31-ը առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում`
Մայիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 1-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Անկախ

Արսեն Խոջոյանի բազմազավակ մայրը խնդրում է մի քանի ամսով սառեցնել վարկը

arsen_xojoyan_696389593Ադրբեջանական գերությունից հայկական կողմին հանձնված Վերինկարմիրաղբյուրի 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը չի վատթարացել, բայց չի էլ լավացել: Նրա մայրը` Սվետա Խոջոյանը, Անկախի թղթակցին ասել է, որ մոտ մեկ ժամ առաջ է խոսել Արսենի հետ, որն այս օրերին Սևանում է` օգնելու անասնապահությամբ զբաղվող հորը:

ՙՙՀայրը` Անանիան, էսօր գնացել ա Էջմիածին, որ տրակտոր քշի օրավարձով, Արսենն էլ Սևան ա, փողով անասուն պահելու ա գնացել: Մեկի անասուններն են պահում, որ գոնե մի երկու կոպեկ աշխատեն, որ վարկերը փակենք: Հետը մի տղա էլ կա Ղրղիից /հարևան Արծվաբերդ/ գյուղից: Էդ տղայի մայրն էլ կթվորուհի ա էնտեղ, թափշյուր եմ արել/ապսպրել/, որ լավ նայեն տղուս, ասել եմ` հիվանդ տղա ա, լավ կնայեք: Էդ տղու հերն էլ էլի մեր շամշադնեցի, ասեց` ես կսրսկեմ, էլ ուրիշի չեմ ասի: Արսենը օրը մեկ ասեղ սրսկվում է, երեք հատ էլ դեղ ա խմըմ: Որ եկավ Բաքվից, մաշկին սպիտակ ու կարմիր այտուցներ կային, դրանց համար էլ քսուք են առել, քսում ա, դե բայց չի անցել: Մեկ էլ ասել են, որ դեղատնից օճառ առնեմ հատուկ, քսի, էդ էլ ա անում՚՚:

Տիկին Սվետայի խոսքով, Արսենը գանգատներ ունի, ոտքերն են ցավում, թուլություն ունի, մեկ-մեկ քթից արյունահոսոթյուն է ունենում: ՙՙԵս հարցրել եմ, ասել` կարող ա ինչ-որ բան են սրկսել ընդեղ, ասում ա` ես նման բան չեմ տեսել: Դրա համար մտածըմ եմ` կարող ա ուտելիքի կամ թեյի մեջ են ինչ-որ բան քցել, գիդըմ չեմ՚՚:

Արսեն Խոջոյանի քույրերը` Ալվարդն ու Անին , նաև կրտսեր եղբայրը` Արմանը, ևս առողջական խնդիրներ ունեն: Նրանք այժմ գյուղում են, դարձյալ դեղորայքային բուժում են ստանում: Այսօր տիկին Սվետային նաև զանգահարել են Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնից և տեղեկացրել, որ առողջապահության նախարարի հանձնարարությունն է` բուժզնության ենթարկել Արսենին: Սվետա Խոջոյանն այժմ փորձում է կապ հաստատել Սևանի անասնապահական այդ ֆերմայի ղեկավարի հետ, որ Արսենին մի քանի օրով հնարավոր լինի Երևան տեղափոխել` բժշկական հետազոտության նպատակով:

Սվետա Խոջոյանը դիմում է բարի կամքի մարդկանց` օգնել ընտանիքը դուրս գա այս ծայրահեղ ծանր վիճակից: ՙՙԱրեգակ՚՚ վարկային ունիվերսալ կազմակերպությունից մինչև Արսենի գերեվարվելը, Խոջոյանները վարկ են վերցրել և այժմ, հայտնվելով դժվար վիճակում, չեն կարողանում մարել անգամ տոկոսները: ՙՙԷսօր թե այդ կազմակերպությունից, թե երաշխավորները գլխիս էին թափվել, ասում են, եթե վաղը չմուծեք, դատի ենք տալու, չեմ ուզում դատարան ընկնեմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ` մի քանի ամսով սառեցնեն վարկը, մինչև Արսենս հունի մեջ ընկնի, որ կարողանանք վճարել՚՚,-խնդրում է յոթ զավակների մայրը:

 

Անկախ

Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է

2 (1)Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: 3 (2)Հանդիսավոր միջոցառման ընթացքում խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքով: Միջոցառման ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք սպաներ և պայմանագրային զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:  Անկախ