Ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել

«Գյուրզա» տեսակի օձՄայիսի 28-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 1-ին փողոցում կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի 35 DL 711 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են օձ:

Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է. Աշոտ Մելքոնյան

Ashot MelkonyanՄայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-ամյակը: Այս առիթով «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ:

– Պարոն Մելքոնյան, 96 տարի առաջ հռչակված և ընդամենը 2,5 տարի կյանք ունեցած հանրապետությունն ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել մեր հետագա պատմական ընթացքի համար:

– Եթե խորհրդային ժամանակաշրջանում այդ հանրապետության անունն իսկ փոխում էին` այն անվանելով ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանի Բուրժուական Հանրապետություն, ապա անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Առաջին Հանրապետության այդ երկուսուկես տարվա պատմությունը սկսեցին ներկայացնել հակառակ տեսանկյունից` միայն վարդագույն գույներով: Բայց հիմա` անկախության ձեռքբերումից տասնամյակներ անց, կարող ենք 1918-ի խորհուրդը ճշգրիտ գնահատել:

Ընդունված է ասել, որ 1045-ին Բագրատունյաց Անիի և 1375-ին Կիլիկյան թագավորության անկումից հետո մենք պետականություն չենք ունեցել մինչև 1918 թվականը: Սա սխալ մոտեցում է, որովհետև պետականությունը միայն լիարժեք թագավորական իշխանությունը կամ հանրապետությունը չէ: Պետականությունը հաճախ հանդես է գալիս անթեղված` իշխանապետությունների տեսքով: Բարգատունյաց թագավորության անկումից հետո թագավորություններ պահպանվեցին Կարսում, Սյունիքում, հետագայում պետականությունը շարունակվեց իշխանապետություններով և մելիքություններով:

Մելիքն ուներ զորք, դատական համակարգ, որոշակի միջպետական հարաբերությունների իրավունք: Իսկ Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչվում էր անգամ Իրանի շահի կողմից: Այդ շղթան էր, որ հանգեցրեց 1918-ին:

Սա ուզում եմ նշել, քանի որ մեր թուրք-ադրբեջանական հակառակորդներն ասում են, թե հենց մենք` հայերս ենք ասում, որ XI դարի կեսերից պետականություն չենք ունեցել և միայն 1918-ին թուրքերի բարեգութ վերաբերմունքի շնորհիվ պետականությունը վերականգնեցինք: Ոչ: Մենք պետականությունը 1918-ին վերականգնել ենք մայիսյան հերոսամարտերի բոցերով:
Մինչև անկախության հռչակումը, երբ գոյություն ուներ Անդրկովկասյան Սեյմը, վրացիները գաղտնի բանակցությունների մեջ էին գերմանացիների, իսկ ադրբեջանցիները` թուրքերի հետ, որպեսզի Անդրկովկասյան Սեյմի լուծարումից և անկախության հռչակումից հետո Թուրքիան և Գերմանիան ճանաչեին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Այսինքն` ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը պայքարում էր թուրքերի դեմ, այդ հանրապետության ղեկավարությունը սակարկության մեջ էր թուրքերի հետ հայկական հողերի հաշվին: Մեկը մյուսի հետևից հայկական հողերը` Էրզրում, Սարիղամիշ, Կարս, հանձնվում էին առանց կռվի: Բայց մենք 1918-ի մայիսի 22-30-ը տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերի շնորհիվ վաստակեցինք պետականություն ունենալու իրավունք: Պետք է մեկընդմիշտ ցրել այն կարծիքը, թե թուրքերը սկուտեղի վրա մատուցեցին մեր պետականությունը:

Մայիսի 28-ի խորհուրդը շատ մեծ է: Պետականության վերականգնումից հետո պետականության զգացողությունը ներարկվեց հայ ժողովրդրի մեջ ընդամենը 2,5 տարվա ընթացքում: Դրա ամենավառ ապացույցը 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությունն է, որի արդյունքում դաշնակցությունը եկավ իշխանության և վերականգնեց պետականությունը մինչև 1921-ի ապրիլի 2-ը: Սա նշանակում է, որ 2,5 տարում մարդկանց մեջ ձևավորվեց պետականության զգացողությունը, և հենց ազգը զգաց, որ ինքը վտանգված է խորհրդային իշխանության առաջին ամիսներին, ապստամբեց և նորից իշխանության բերեց նախկին ղեկավարներին: Մեր ժողովուրդը ճաշակեց պետականության համը, և այդ զգացողության շնորհիվ էր, որ խորհրդային իշխանության տարիներին պետականությունը դարձյալ ոչ անկախ պայմաններում շարունակեց իր գոյությունը:

1920 թ. դեկտեմբերի 2-ի երևանյան համաձայնագրով, երբ դաշնակցությունը իշխանությունը հանձնեց, Հայաստանը ոչ թե հռչակվեց խորհրդային Ռուսաստանի մասնիկ, ինչպես ոմանք կարծում են, այլ հռչակվեց խորհրդային սոցիալիստական անկախ պետություն: Այլ հարց է, որ 1922-ին լենինյան ղեկավարությունը ազգերի ինքնուրույնությունը սահմանափակելու նպատակով սկզբում ստեղծեց Անդրկովկասյան Դաշնությունը, հետո 1922-ի դեկտեմբերի 30-ին այն մտցրեց ԽՍՀՄ-ի մեջ, և սուվերեն իրավունքները պակասեցին: Մինչև 1922 թ. Խորհրդային Հայաստանն անկախ է եղել, ունեցել է դիվանագիտական ներկայացուցիչներ տարբեր երկրներում: Մայիսի 28-ի իներցիայով կյանքի կոչվեց վարչական համակարգով բացարձակապես նախորդի հետ կապ չունեցող մի համակարգ` Խորհրդային Հայաստանը, որը նույնպես պետականության դրսևորում էր:Երրորդ հանրապետությունը ևս կյանքի կոչվեց անթեղված պետականության հիմքի վրա:

Բոլշևիկ գործիչների ծրագրերում բացարձակապես չկար խորհրդային Հայաստան ունենալու ծրագիր, լավագույն դեպքում նպատակ ունեին ինքնավար մարզի կամ հանրապետության կարգավիճակով Հայաստանը մտցնել կա՛մ ապագա խորհրդային Վրաստանի, կա՛մ Ադրբեջանի կազմ: Իսկ փետրվարյան ապստամբությունը և 1918-20 թթ. հանրապետությունը ստիպեցին կենտրոնական իշխանություններին հաշվի նստելու առաջին հանրապետության և դրան հաջորդած երկրորդ հանրապետության գոյության հետ: Դրա հիմքի վրա էլ ստեղծվեց երրորդ հանրապետությունը:

Մայիսի 28-ի տոնակատարությունը, որը նշվում է որպես առաջին հանրապետության տոն, կարծում եմ` ինչ-որ իմաստով ճիշտ չի ձևակերպված: Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է, առհասարակ պետականության, որն ուղղակի կապ ունի երկրորդ և երրորդ հանրապետությունների հետ: Մայիսի 28-ի խորհուրդը հենց այդ շարունակականության մեջ է:

– Երրորդ հանրապետությունն արդեն 23 տարի անկախ է, բայց մինչև հիմա բազում չլուծված խնդիրներ կան, որոնք արդարացնում ենք նորանկախ հանրապետություն լինելու հանգամանքով: Առաջին հանրապետության 2,5 տարիների ընթացքում այն ժամանակվա պետական այրերն ի՞նչ ու ինչպե՞ս հասցրեցին անել:

– Առաջին հանրապետության ղեկավարներն արել են անկարելին: Երբ թուրքական զորքը ներխուժել էր Արևելյան Հայաստան և անմիջական վտանգ էր կախվել Էջմիածնի ու Երևանի վրա, որտեղ ծվարել էին հարյուրհազարավոր արևելահայեր ու արևմտահայ գաղթականներ, Բաթումի պայմանագիրը ստորագրելն այլընտրանք չուներ: Սա պետք է դառնորեն ընդունել: Նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը: Ոմանք շահարկում են, թե Հայաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով դեպի Արևմուտք, մոռացության տվեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության հետևանքով երկիրը կործանվեց: Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորինս փորձեց սերտ կապեր հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ադրբեջանն ամեն ինչ արեցին, որ հայ-ռուսական մերձեցումը բացառեն, և հաջողեցին: Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, Սևրով տարվելուն, բա ի՞նչ պիտի անեին: Նրանք հասկանում էին, որ փոքրիկ Հայաստանը չի կարող ապագա ունենալ առանց ելքի դեպի Սև ծով, ուստի հայացքն ուղղել էին դեպի Արևմուտք: Այլ հարց է, որ Արևմուտքի մեր դաշնակիցները մեզ մենակ թողեցին թուրքերի դեմ, հետո էլ անցան նրանց կողմը: Բայց Հայաստանն ավելին անել չէր կարող:

Ինչպես վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է պատկերավոր ասում, Հայաստանի Հանրապետությունը, միևնույն է, դատապարտված էր կործանվելու, քանի որ հայտնվել էր բոլշևիկյան սալի և թուրքական մուրճի միջև: Ուստի ասում եմ` Աստված մի արասցե, որ պատմության անիվը երբևէ նորից պտտվի այնպես, որ Թուրքիան և Ռուսաստանը նորից դառնան դաշնակիցներ, դա մեզ համար աղետալի հետևանքներ կունենա: Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակցին, պետք է հիշենք, որ մենք կուրորեն չպիտի լինենք Ռուսաստանի կրտսեր եղբայրը, այլ լինենք հավասարը հավասարի պես: Եթե ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ուրեմն պետք է իմանան, որ հավասարազոր դաշնակից ենք, և հավուր պատշաճի հարգեն մեր ազգային շահերն ու իրավունքները:

– Երրորդ հանրապետությունը կառուցելիս որքանո՞վ ենք հաշվի առել առաջին հանրապետության դասերը:

– Եթե առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ 2,5 տարի, ապա երրորդ հանրապետությունն արդեն գոյություն ունի մոտ 2,5 տասնամյակ, սա, կարծում եմ, կարևոր գնահատական է այդ հանրապետության սխալները հաշվի առնելու և դասերից հետևություններ անելու իմաստով: Փառք Աստծո, տարածքների հարցում դեռ շահած վիճակում ենք: Այլ հարց է, որ պետք է հեռատես գտնվենք, այլապես այսպիսի ահռելի արտագաղթի պայմաններում շահեկան վիճակը երկար չի տևի, Աստված մի արասցե, դրանով կարող է վտանգվել նաև երրորդ հանրապետության գոյությունն ու հեռանկարը: Պետք է սթափվենք և հասկանանք, որ արտագաղթը աղետալի է մեզ համար, իշխանությունները պետք է սթափվեն և ժողովրդին այս հողի վրա պահելու քայլեր ձեռնարկեն, որպեսզի ոչ միայն երրորդ հանրապետության ապագայի իմաստով վստահ լինենք, որ խնդիր չունենք, այլև, իմ խորին համոզմամբ, մի օր պիտի ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարին արժանանանք, քանի որ Թուրքիան վաղ թե ուշ որպես երկիր դատապարտված է կործանման: Խելոք լինենք, որ պատեհ պահին օգտվենք այդ առիթից:

– Պարոն Մելքոնյան, Ձեր կարծիքով 1918-ի իրադարձությունները, առաջին հանրապետության պատմությունը որքանո՞վ են ներկայիս սերնդին ճիշտ ներկայացված:

– Կարծում եմ, որ այդ նյութերը հավուր պատշաճի դեռ ներկայացված չեն մեր ժողովրդին: Պետության խնդիրը պետք է լինի նպաստավոր միջավայր ստեղծել, որ հնարավոր լինի պահանջարկ առաջացնել մարդկանց մեջ դեպի այս իրադարձությունների ուսումնասիրությունը: Մարդիկ գիտեն, որ նման բան է եղել: Ո՞վ կարող է ասել, որ Սարդարապատի մասին չգիտի: Բայց չգիտեն, թե ինչպես է տեղի ունեցել, ինչ ընթացք է ունեցել, որն է դրա պատմական նշանակությունը:

– Այսօրվա սերունդը հայրենասե՞ր է:

– Յուրաքանչյուր դարաշրջան ծնում է իր հերոսներին: Նրանք, ովքեր կարծում են, թե այս սերունդը չի կռվի, որովհետև հուսալքված է, որովհետև Հայաստանում օլիգարխիա կա, սխալվում են: Աստված մի արասցե, երբ գա այդ պահը, նա օլիգարխին էլ է մոռանալու, բթամիտ պաշտոնյային էլ, նա աչքի առաջ ունենալու է իր ընտանիքը, իր ծնողին, իր երեխային և գնալու է հայրենիքի համար կռվելու: Ի դեպ, վաղ միջնադարում հայրենիք էին անվանում այն հողակտորը, որը հորից ժառանգաբար անցնում էր որդուն:
Ամեն ժամանակաշրջան կծնի իր հերոսներին: Եվ ես ցանկանում եմ, որ գալիք սերունդը, որը պիտի հերոսանա, արժանանա շատ ավելի մեծ արդյունքների, քան մեր սերունդը, որովհետև մենք դեռ շատ ազատագրելու հողեր ունենք:

Ադրբեջանցիները դարձյալ հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել

ՊԲ,պնՄայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ.  ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ

 Տարոն Մարգարյան,Մարտի 8Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա և Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ:
96 տարի առաջ մայիսի 28-ին տեղի ունեցավ այն, ինչին մեր ժողովուրդը սպասել էր դարեր շարունակ: Մենք կրկին վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մե՛ր պետությունը` Հայաստանի առաջին հանրապետությունը: Աշխարհն այդ օրը կրկին լսեց հայի մասին, իմացավ, որ մենք կանք ու որ լի՛ ենք մեզ պաշտպանելու, մեր ապագան ինքներս կերտելու անկոտրում վճռականությամբ:
Եվ այսօր, նշելով մեր առաջին հանրապետության օրը, մենք նաև խոնարհվում ենք բոլոր այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և այլուր իրենց կյանքի գնով ապահովեցին հանրապետության կայացումն ու աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իսկապես անպարտելի է սեփական երկրի, հայրենիքի համար կռվող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայ զինվորը: Նաև նրանց օրինակն էր, որ, ոգեշնչելով մեր նորօրյա հերոսներին, մեր ժողովրդին բերեց մայիսյան մյուս պանծալի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը:
Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, հաջողություն: Արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին ու սերունդներին փոխանցենք ավելի հզոր, ավելի ծաղկուն Հայաստան:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

 

Մայրաքաղաքում քանդվել է հերթական ապօրինի կառույցը

003 (1)Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան: Հերթական ապօրինաշինությունը հայտնաբերվել և քանդվել է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 9-րդ  շենքի բակում: Շինությունը դեռևս 2009 թվականին դատարանի վճռով ճանաչվել է պետական սեփականություն, քանի որ այն զբաղեցրել է հանրային սեփականություն հանդիսացող հողատարածք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համապատասխան որոշմամբ՝ շենքի կցակառույցը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից ամբողջովին ապամոնտաժվել է, իսկ ազատված տարածքը վերադարձվել է շենքի բնակիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայիսի 30-ին մեկնարկում է Cartoon Non-Stop համերգային ծրագիրը

Սերգեյ ՍմբատյանՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին,  31-ին և հունիսի 1-ին Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները։

 

Cartoon Non-Stop-ը դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած  Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունն է։ «Եթե Hollywood Non-Stop-ը նպատակ ուներ դասական երաժշտության ոլորտում ներգրավել երիտասարդներին, ապա նոր ծրագրով մեր թիրախը երեխաներն են։ Բոլոր այն երեխաները, որ կգան համերգին իրենց ծնողների հետ, կհեռանան արդեն պատկերացում կազմելով, թե ինչ է սիմֆոնիկ երաժշտությունը »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը». «Ալադդինը» և այլն։ Սերգեյ Սմբատյանը խոստացավ, որ կլինեն նաև հետաքրքիր անակնկալներ։ «Բոլորը հոլիվուդյան արտադրության ֆիլմերից են։ Երաժշտության ընտրությունը շատ բարդ գործընթաց էր, քանի որ կան շատ հրաշալի մուլտֆիլմեր, որ հարուստ չեն բազմերանգ սիմֆոնիկ երաժտությամբ, և հակառակը. կան շատ գեղեցիկ երաժշտություն ունեցող մուլտֆիլմեր, որոնք, անձամբ ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ Մուլտֆիլմերի ընտրությունը կատարվել է նաև սոցցանցերում տեղադրված հարցման արդյունքում։

Այս անգամ ևս կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով։

Դիրիժորը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այս տարի արդեն հայկական ֆիլմերը պրոպագանդող համերգային ծրագիր անցկացնելու ուղղությամբ։

ՀՊԵՆ –ի տնօրեն Սոնա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ մայիսի 31-ին ՝ ժամը 14։00-ին տեղի կունենա մեկ լրացուցիչ՝ բարեգործական համերգ, որին ներկա կգտնվեն այն երեխաները, որոնք ի վիճակի չեն ներկա գտնվելու մյուս համերգներին։

Անկախ

Հրավիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը,լուսանկարներ

6503Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

unnamedՀանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:

«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:

Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:

հայոց ցեղասպանության հանձնաժողովԱյս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:

Հարգելի՛ գործընկերներ,

Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:

Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:

6500Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը:

Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:

Այս հանգամանքը և փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ:

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:

Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:

Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:

Հարգելի՛ գործընկերներ,

Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:

Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., Նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:

Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլև մասնակցելու բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության:

Մինչ ավանդատոնի բուն միջոցառումների մեկնարկը, Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել  Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշարձանին: Այնուհետ քաղաքապետն աշնակցիների և Աշնակ այցելած հարյուրավոր հայորդիների հետ միասին շարժվել է դեպի Գևորգ Չավուշի թանգարան: Հատկանշական է, որ այս տարի ֆիդայական ավանդատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Գևորգ Չավուշի թանգարանի՝ «ֆիդայատան» աշտարակին տեղադրվել է Հայոց արծվի քանդակը: Ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով և քանդակագործ Գևորգ Գևորգյանի կողմից իրականացված արծվի քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ներկաները նշում էին, որ տարիներ անց կյանքի կոչելով թանգարանի շենքի հեղինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ հայացքը դեպի Էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ արծիվի քանդակը թանգարանի աշտարակին տեղադրելու մտահղացումը, ըստ էության, ավարտուն տեսք է հաղորդվել ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի թանգարանին:

002 (1)Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին նախաձեռնության համար՝ տոնախմբության մասնակիցները նաև ընդգծել են, որ արծվի քանդակի տեղադրումը կիսատ գործն ավարտին հասցնելու պարտքի կատարում էր նախնիների հոգու առջև, ինչն իր հերթին նաև սերունդների հայեցի դաստիարակության խորհուրդ է կրում իր մեջ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Շնորհավորելով տոնի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ընդլայնվում է տոնախմբության՝ տարբեր սերունդների մասնակիցների թիվը. «Հատկապես մշեցիների և սասունցիների կողմից մայիսի 27-ին մեծ ֆիդայապետ Գևորգ Չավուշի մահվան օրը որպես ոգեկոչման տոն նշելը երկար տարիներ ավանդույթ է եղել:  Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է իսկական տոնի և համազգային  տոնախմբության: Ու հատկապես վերջին 2-3  տարիներին առավել վերաիմաստավորված է նշվում այս տոնը, ինչի վառ ապացույցն է նաև հազարավոր մարդկանց այցելությունը Աշնակ: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս հիշելու և գնահատելու իսկապես հերոս ֆիդայապետին ու նրա հերոսական մահվան օրինակով հայրենասիրության իսկական դասեր առնելու, առավել ևս, որ ճակատագրի բերումով Գևորգ Չավուշի մահվան օրը մեր պատմության մեկ այլ հերոսական էջի՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրեին է: Ինձ համար հատկապես շատ ուրախալի է, որ տոնախմբությանը տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում, ինչի արդյունքում, համոզված եմ, Չավուշի ու մեր մյուս հերոսների հայրենասիրական ոգին փոխանցվում է նաև նրանց, ինչը նրանք հաստատապես կփոխանցեն նաև մեր հետագա սերունդներին: Այս տարի նաև իրականացրեցինք Գևորգ Չավուշի թանգարանի հիմնադիրների երազանքը, որը թանգարանը կառուցելիս կիսատ էր մնացել: Մեր մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ով նաև այս թանգարանի ճարտարապետն է եղել, ի սկզբանե նպատակ է ունեցել շենքի աշտարակին տեղադրել նաև հայացքը Էրգրին հառած ու թռիչքի պատրաստ արծվի քանդակ: Եվ ահա այսօր, ի ուրախություն բոլորիս, մենք իրականացրինք այդ մտահաղացումը և արծիվն, ինչպես տեսնում եք, իր տեղում է: Ու տա՛ Աստված, որ շուտ գա այն օրը, երբ մեր անկոտրում կամքի խորհրդանիշ արծիվը իրոք կթռչի դեպի Էրգիր՝ հետ նվաճելով մեր պապենական հողն ու ջուրը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մինչև ուշ երեկո համերգային ծրագրով ուղեկցվող տոնախմբության շրջանակում աշնակցիներին ու Աշնակ այցելած հայորդիներին ազգային, հայրենասիրական երգ ու պարով ողջունել են մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Հայաստանում շոգ ամառ չի սպասվում. Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյան«Մայիսին օդի միջին ջերմաստիճանը եղել է  16 աստիճան , տեղումները՝ 40 մմ ս.ս, իսկ հունիսի համար կանխատեսվում է 21 աստիճան և  տեղումների մակարդակը՝  21 մմ ս.ս.», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով մայիս ամիսը և, կանխատեսելով եղանակային պայմանները հունիս ամսվա համար, ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։

Նա նշեց, որ այս տարի բավականին շոգ մայիս եղավ, այն շատ չորային էր, չկային տեղումներ և նույնիսկ դիտվել է նորմայից շատ բարձր ջերմաստիճան։  Մեղրիում դիտվեց անգամ մինչև 37 աստիճան ջերմություն։ Եթե անցյալ տարի մայիսի 27-ի Արագածի բարձր լեռնային օդերևութաբանական կայանում ձյան ծածկը կազմում էր 1մ 2 սմ, ապա այս տարի ձյան ծածկը արդեն բացակայում է։  Ջրամբարների լցվածությունը շարունակում է շատ քիչ մնալ։

Սևանա լճի մակարդակը 1900.47մ է, 0 մ փոփոխություն՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Մայիսի 10-ից հետո եղանակը փոխվել է ներթափանցած սևծովյան ցիկլոնների ազդեցության հետևանքով տեղումներ սկսվեցին հանրապետությունում:

Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ մինչև մայիսի 29-ը հանրապետության որոշ շրջաններում զգալի տեղումներ կլինեն, երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ,  առանձին հատվածներում կարկուտ և քամու ուժգնացում, 30-ին և 31-ին տեղումները կպահպանվեն հիմնականում լեռնային շրջաններում։

 

Հունիս ամիսը ամբողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանը կանխատեսված է նորմայից 1 աստիճան ցածր կլինի և տեղումների քանակը նորմայից ավել։ Հատկապես տաք կլինի հունիսի առաջին տասնօրյակը օդի ջերմասռիճանը Արարատյան դաշտում, Սյունիքի, Տավուշի հովիտներում կբարձրանա մինչև 34-35 աստիճան, իսկ հունիսի երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը  համեմատաբար ցածր կլինի։ Ակնկալվում է բավականին խոնավ հունիս։

«Կանխատեսումներ ամբողջ ամռան համար դեռ պատրաստ չեն, սակայն վստահ կարող եմ ասել, որ շոգ ամառ Հայաստանի Հանրապետությունում չի սպասվում», -եզրափակեց Սուրենյանը։

Անկախ

Հակահիգիենիկ պայմաններով շինություն, որտեղից անհրաժեշտ է օր առաջ դուրս բերել անօթևան ընտանիքներին

«Շիրակ կենտրոնը» նախկինում բազմիցս ահազանգել է Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին Լենտեքստիլի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին:
Այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթևան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզև նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի: Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթևան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, և անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը: Այդ շենքի կացարանային պայմանների մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:

«Թուրքիան մարդու իրավունքների, մշակութային, քաղաքակրթական առումներով բացարձակապես չի տեղավորվում եվրոպական արժեքների մեջ»

Մայիսի 26-ին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանամերձ Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը, մեծ ողբերգության ճանաչման գործընթացին նվիրված դասընթաց։ «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» խորագրով ծրագիրն իրականացնում է «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դպրոցի ավագ դասարաններքննարկումի աշակերտների համար դասախոսություն կարդաց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը։ Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի կողմից ծրագրված քաղաքականություն, որն Օսմանյան կայսրությունը և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունն իրականացրին հայ ժողովրդի դեմ։

Պատմաբանը մոլորություն անվանեց այն տեսակետը, թե Հայոց ցեղասպանությունը սկսել է իրականացվել 1915 թվականից։ «Մենք չպետք է կտրված դիտենք աբդուլհամիդյան, Ադանայի կոտորածները և Կիլիկիայի հայության դեմ ուղղված հանցագործություններն Առաջին աշխարհամարտին սկիզբ առած գործընթացներից։ Հայոց ցեղասպանությունը՝ որպես մեր ժողովրդի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն, սկսվել է դեռևս 1890-ական թվականներին, մասնավորապես, 1891թ., երբ Աբդուլ Համիդի որոշմամբ ստեղծվեցին չարաբաստիկ համիդյան ջոկատները, որոնք էլ դարձան գլխավոր հարվածային ուժը, և դրանով փորձեցին առաջին լուրջ հարվածը հասցնել արևմտահայությանը»։

Արմեն Մարուքյանը ներկայացրեց Ցեղասպանության 4 փուլերը՝ հայ տղամարդկանց զորակոչն օսմանյան բանակ և նրանց ոչնչացումը, արևմտահայ մտավորականության ձերբակալությունները, հայ ժողովրդի տեղահանությունը բնօրրանից, այնուհետև՝ Սիրիայի անապատներում ստեղծված համակենտրոնացման ճամբարներում հայերի կոտորածները։ Այդ ճամբարները կարելի է համարել Երկրորդ համաշխարհայինի համակենտրոնացման ճամբարների նախատիպը։

Ըստ պատմաբանի՝ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն իրականացնում է Ցեղասպանության 5-րդ փուլը՝ մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու ժխտողական քաղաքականությունը։

Արմեն Մարուքյանն ընդգծում է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է քայլեր կատարվեն հանցագործ պետությանը պատասխանատվության ենթարկելու և մեր հայրենիքի նկատմամբ մեր իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Հարցը պետք է տեղափոխվի դատապարտման և հատուցման դաշտ։

Դասախոսության ավարտին պատմաբանը պատասխանեց նաև աշակերտների հարցերին, որոնք առնչվում էին հայ-թուրքական սահմանի բացմանը, ԱՄՆ կողմից Ցեղասպանության փաստի չճանաչմանը, թուրքական արխիվները բացելուն և այլն։

Պատասխանելով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամկցելու հեռանկարի մասին հարցին՝ պատմաբանը նշեց, որ  ԵՄ համար ո՜չ քաղաքական, ո՜չ տնտեսական առումներով շահավետ չէ Թուրքիայի նման երկրի մուտքն իր կազմ։ Մարդու իրավունքների, մշակութային, քաղաքակրթական առումներով այն բացարձակապես չի տեղավորվում եվրոպական արժեքների մեջ։

«Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Արշակյանը նշեց, որ այսպիսի ծրագրերը խիստ պահանջված են Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից բնակավայրերի համար։ Այստեղ սերունդ է մեծանում, և մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարիք կա։ «Մենք չենք ուզում, որ ազգային առանցքային հարցերի շուրջ ինֆորմացիայի պակաս լինի։ Դասախոսություններն աշակերտների համար վարում են ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնագետներ, քաղաքագետներ։ Ծրագիրը դրական եզրակացություն է ստացել Կրթության ազգային ինստիտուտի կողմից, ներկայացվել է ԿԳՆ, որտեղից նույնպես հավանության է արժանացել»,- ասում է Արման Աշակյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլերում կկազմակերպվի Ցեղասպանության թեմայով վիկտորինա-մրցույթ, այցելություն «Եռաբլուր» պանթեոն, որից հետո աշակերտները կլինեն  Շիրակի մարզի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում, որտեղից հնարավորություն կունենան դիտելու պատմական Անի մայրաքաղաքը` իր խոնարհված եկեղեցիներով և ծանոթանալու Անիի պատմությանն ու մշակութային առանձնահատկություններին։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մայրաքաղաքը ծաղկապատվում է

001Մայրաքաղաքում ընթացքում են տարեկան կանաչապատման ու սիզամարգերի մշակման աշխատանքները։ Երևանի քաղաքային ջերմատնից տարբեր վարչական շրջաններ արդեն տեղափոխվել են 600.000 հոլանդական և 250.000 տեղում աճեցրած ծաղկասածիլներ։

Այս տարի Երևանի սիզամարգերում, պուրակներում (ընդհանուր հանրագումարով 7.5 հա տարածքում) տնկվելու է 2 մլն 400 հազար ծաղիկ՝ թավշենի, պետույնա, կատարանտուս, փիփերթ, գեորգենի, սալվա և այլն։ Ամբողջ խմբաքանակը տնկված կլինի մինչև հունիսի 15-ը։

7 փողոցներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի համալրման աշխատանքները ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Ղարաքիլիսայի ճակատամարտը1918 թ. մայիսն ամենաօրհասականն էր հայոց պատմության մեջ:  Այդ օրերին Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայությունը գոյապայքարի էր ելել թուրքական յաթաղանի դեմ: Առաջին երկու դեպքում հայերը հաղթեցին ու թշնամին նահանջեց: Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտը ողբերգական ավարտ ունեցավ: Բայց հենց Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին  էր, որ թուրք զորահրամանատար Վեհիբ փաշան օրեր անց ասաց. «Այս պատերազմում Դարդանելից հետո Ղարաքիլիսան ամենալուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի: Ղարաքիլիսայի  մոտ հայերը ապացուցեցին, որ կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել»: Անցյալ դարասկզբի հայ քաղաքական, մշակութային գործիչներից մեկը` Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտն անվանեց XX դարի Ավարայր:

Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի բաժանվեց: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս և գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետևանքներ: Թիֆլիսում և շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը,  բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:

Թուրքերը, շատ լավ հասկանալով Թիֆլիսի նշանակությունը Անդրկովկասի յուրացման գործում, մեծ ուժեր էին կենտրոնացրել Ղարաքիլիսայի ուղղությամբ: Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի անկումից հետո իսկական շփոթ էր սկսվել Լոռու ձորում: Տեղացիների խուճապը բազմապատկվում էր գաղթականների մեծ հոսքով ու նրանց պատմություններով: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա: Թվում էր` թուրքական արշավող ենիչերին այլևս անպարտելի է, և ոչինչ չի կարող նրան կանգնեցնել: Եվ թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, կրնկակոխ հետապնդելով փախչող հայ գյուղացուն, արդեն մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:

Պետք է նշել, որ համատարած այս քաոսին, փախչելու մոլուցքին չենթարկվեց Լոռու բնակչությունը, որն անդրդվելիորեն մնաց տեղում` պատրաստ դիմագրավելու արհավիրքը: Սակայն կազմակերպված դիմադրություն ցույց տալու համար չկար որևէ զինվորական կամ վարչական մարմին, չկար զորք: Բնակչությունը վատ էր զինված, և գրեթե անիմաստ էր թվում դիմադրությունը: Այս պայմաններում թշնամին արագ երթով մոտենում է Համամլուին:

Ղարաքիլիսայի բնակչությունը որոշում է  բանակցել թուրքերի հետ. անձնատուր լինել թշնամուն անձի և ինչքի ապահովության երաշխիք ստանալու դեպքում: Անգամ պատգամավորություն է ընտրվում` Վանո Արսենյանի ղեկավարությամբ: Պատգամավորությունը շարժվեց դեպի Համամլու` դիմավորելու թուրքերին: Արջուտի մոտ նրանց շրջապատեցին շրջակա թուրքական գյուղերի բնակիչները, և հայերը վտանգը զգալով` հետ գնացին:

Մի քանի օր Ղարաքիլիսայի հայերն ապրեցին սարսափի ու հուսահատության մեջ: Թվում էր` կործանումն անխուսափելի է: Բայց մայիսի 24-ին եկավ փրկությունը` Նժդեհն իր խմբով, որ Դիլիջանից փութաց Ղարաքիլիսա` փակելու թուրքի ճանապարհը: Լոռեցիները Նժդեհին դիմավորեցին որպես փրկչի:

Հասնելով Ղարաքիլիսա` Նժդեհն իզուր ժամանակ չկորցրեց: Մինչ այդ ճակատի այս գծի հրամանատարությունը ստանձնել էր գեներալ Արեշյանը, որը, սակայն, հրամանատարությունը հանձնելով գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանին, մեկնեց Թիֆլիս: Բեյ-Մամիկոնյանին պետք է օգներ գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպեցին հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը:  Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` հրամայեց դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:

Մայիսի 25-ին թուրքական բանակը թնդանոթային նախապատրաստությունից հետո հարձակման անցավ: Հայկական ուժերը չընկրկեցին թշնամու առջև և պահեցին պաշտպանական գիծը: Համընդհանուր ոգևորությունը տիրել էր բոլորին: Ընդամենը երկու օր առաջ հուսալքված լոռեցին այլևս բռունցք դարձած հաղթական կռիվ տվեց թուրքական կանոնավոր բանակի դեմ: Հայկական ուժերը ոչ միայն պահեցին գիծը, այլև որոշ վայրերում աշխարհազորը շրջապատման մեջ առավ թուրքական առանձին զորախմբեր: Ամեն դեպքում, եռօրյա մարտերից հետո թուրքական բանակը կարողացավ գրավել Աչաուրթի և Բզովդալի բարձունքները: Հայկական դիրքերն աստիճանաբար օղակվում էին թշնամու ուժերի կողմից: Օրհասական պահին փայլում է գնդապետ Սամարցևը, որ մի քանի հարյուրյակներով անակնկալ հարձակումով գրավում է Մայմեխը և հետ շպրտում թշնամուն ճակատի աջ թևից` փրկելով հայերին շրջապատումից: Այնուամենայնիվ, մեկ օր անց թշնամին կարողանում է հետ մղել հայերին և սեղմել օղակը: Ուժեղ մարտեր են ծավալվում Հաջի-Ղարայի դիրքերում: Թշնամուն հաջողվում է այստեղ ևս ընկճել հայերի դիմադրությունն ու չորս կողմից ակցանի մեջ առնել Ղարաքիլիսան:

Օրհասական պահին թվում էր` մի հույս կա. թվում էր` միայն մոտակայքում` Դսեղում գտնվող Անդրանիկը կարող էր փրկել հուսահատ պաշարյալներին: Անդրանիկը Դսեղում էր իր մարտունակ զորաբանակով: Դսեղից Ղարաքիլիսա մեկ ժամվա ճանապարհ էր, բայց Անդրանիկը չկար… Անդրանիկը հրաժարվեց կռվի բռնվել:

Մայիսի 28-ին, երբ հայությունը տոնում էր հայոց անկախության հռչակումը, երբ Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամին ճողոպրում էր, Ղարաքիլիսան ընկավ: Ղարաքիլիսայում սկսվեց թուրքական նախճիրը:

Թշնամին, ճիշտ է, հավաստիացրեց քաղաքի անձնատվությունը հաստատող հայ բանբերներին, որ բնակչությունը չի տուժի, սակայն թուրքի խոսքը ե՞րբ է հավաստի: Անձնատվության օրն իսկ` կեսգիշերին, թուրքական բանակը Վարդանլու գյուղի խուժանի առաջնորդությամբ Ղարաքիլիսայում սկսեց թալանը, որ ուղեկցվում էր բռնաբարություններով ու սպանություններով: Ամբողջ մեկ շաբաթ թշնամին չէր կարողանում հագուրդ տալ արյան ծարավին: Քաղաքից դուրս գնդակահարություններ էին կատարվում: Տեղական թուրքերի մատնությամբ ձերբակալվում էին երևելի հայերը, երիտասարդները և տեղում գնդակահարվում: Ավարի, բռնությունների ու կոտորածների ենթարկվեցին Ղարաքիլիսայի շրջակա բոլոր հայկական բնակավայրերը: Հատկապես գազանաբար էին գործում տեղացի թուրքերը, որոնք, մոռացած հարևանության, հայերի հետ դրացիության մասին, հագուրդ էին տալիս իրենց գազանային կրքերին: Թուրք խուժանն ուղղակի գերի էր բռնում հայերին, մատնության սպառնալիքով թալանում նրանց ու հանձնում ասկյարներին:

Թուրքերը Ղարաքիլիսայի կենտրոնում ժողովում են գերիներին և նրանց խումբ-խումբ քաղաքից դուրս հանելով` գնդակահարում: Երկու օրվա մեջ հազարավոր գերյալներ են գնդակահարվում գյուղաքաղաքի մատույցներում:

Նախճիրը շարունակվեց մինչև հունիսի 10-ը: Միայն տասն օր անց թուրքական հրամանատարությունը, հագենալով հայերի արյունով, վերջ տվեց սպանություններին ու բռնություններին, որոնց զոհ գնաց մոտ 10000 հայ:

Սակայն փրկվելով թուրքի յաթաղանից` լոռեցին հայտնվեց սովի ճիրաններում: Երկշաբաթյա կռիվն ու թալանը լրիվ քայքայեցին Ղարաքիլիսայի և շրջակա բնակավայրերի բնակչության տնտեսությունը: Թշնամին ու տեղական թուրք ամբոխը այնպես էին թալանել հայերին, որ հիմա էլ սովը սկսեց իր հունձը հայության շրջանում:

Սովին հետևեց համաճարակը: Շոգ ամառը, հազարավոր անթաղ դիակները նպաստեցին համաճարակի արագ տարածմանը: Հազարավոր մարդիկ զոհ գնացին սովին ու համաճարակին, իսկ թուրքական իշխանությունները, բնականաբար, ոչինչ չէին ձեռնարկում դրանց դեմն առնելու համար:

Այս ամենը չէր լինի, եթե Անդրանիկը ժամանակին օգնության հասներ Ղարաքիլիսայի ճակատին: Մինչդեռ նրան Ղարաքիլիսայում սպասում էին անհամբեր, որպես փրկչի: Բայց նա չկար ու չկար: Անգամ գնդապետ Ա.Բեյ-Մամիկոնյանը գրավոր լուր է ուղարկում Անդրանիկին, որում, նկարագրելով իրերի վիճակը, խնդրում է օգնության փութալ: Անդրանիկը, զանց առնելով խնդրանքը, հրաժարվում է ճակատ մտնել` պատճառաբանելով, թե հսկում է երկաթգիծը:

Իր զորաբանակով նահանջելով առաջացող թշնամու առջև` նա մայիսի վերջին մտավ Լոռու դաշտ` Ջալալօղլի: Սակայն չամրանալով այնտեղ` շարունակեց նահանջը: Հետևելով Անդրանիկի օրինակին` փախուստի դիմեց նաև Ջալալօղլիի բնակչությունը: Վարդաբլուրում պայթեցնելով զինապահեստը` զորավար Անդրանիկը իջավ Լոռու ձոր ու հաստատվեց Դսեղում:

Առհասարակ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովն Անդրանիկին չէր վստահում: Դեռևս Էրզրումի անկումից հետո Անդրանիկը Հայոց ազգային խորհրդին էր ներկայացրել իր հրաժարականը: Խորհուրդը մերժեց, և զորավարը պայման դրեց, որ պետք է ենթարկվի միայն Նազարբեկովի հրամանատարությանը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ

 

Արջը՝ Երևանի Հալաբյան փողոցում,լուսանկարներ

արջաին,արջՄայիսի 26-ին, ժամը  23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

արջէԴեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական  այգու աշխատակիցները արջկենդանուն տեղափոխել են ԱԻՆ,արջանվտանգ տարածք:

Արտենի գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր, խաղողի այգիներ, ցանքատարածքներ

Կարկուտը վնասել է միջհամայնքային ավտոճանապարհըՄայիսի 26-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.50-ից մինչև ժամը  16.05-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են 500-600 հա պտղատու ծառեր, խաղողի այգիներ, հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Անկախ

Երկրաշարժ Հայաստանում

երկրաշարժՄայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության`  44.220:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
Անկախ