Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը, դրամանենգության 4 դեպքից` 2-ը, կողոպուտի, կաշառակերության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 3 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծիծեռնավանքի հիմնադրումը նախքան զինադադարը խոսում է մեր հավատի մասին. վարչապետ
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա գտնվեց Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքում կազմակերպված միջոցառմանը:
Իր շնորհավորական խոսքում կառավարության ղեկավարն ընդգծեց այն հանգամանքը, որ մայիսին լրանում է զինադադարի կնքման քսաներորդ տարեդարձը, այնինչ այդ շրջանի գյուղերի վերաբնակեցումը սկսվել է նախքան զինադադարը: Դա նշանակում է, որ մենք ունեինք հույս ու հավատ, որ հաղթելու ենք պատերազմում և ի վիճակի ենք լինելու շենացնել մեր ազատագրված պատմական հայրենիքը: «Ինչ նշանակություն է ունեցել այս տարածքը հայոց պատմության ընթացքում, վկան է Ծիծեռնավանքը, որը երկարամյա գերության ժամանակաշրջանում ևս կարողացել է պահպանվել և այսօր ծառայել հայ ազգին ոչ միայն որպես եկեղեցի, այլ նաև որպես մեր պատմությունը վկայող հուշարձան»,- նշեց Ա. Հարությունյանը:
Վարչապետը շեշտադրեց, որ առկա են շատ խնդիրներ, որոնց մի մասը լուծում են ստացել, իսկ մնացածը տարիների ընթացքում կլուծվեն: Սակայն, ըստ նրա, ունեցել ենք նաև շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից ամենակարևորը համայնքում ծնված երեխաներն են: Նա գոհունակությամբ փաստեց ժողովրդագրական դրության բարելավումը՝ ընդգծելով, որ պետք է ստեղծվեն բոլոր նախադրյալները առաջիկայում ծնելիության ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար: Ա. Հարությունյանը այցելեց նաև Ծիծեռնավանքի վերականգնված վանական համալիր:
Միջոցառման ընթացքում Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքի հիմնադրման ու զարգացման գործում ունեցած զգալի ներդրումների համար ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք քաղաքացիներ:
Փախչելով հարց չի լուծվի. ազատամարտիկի պատգամը երիտասարդներին
Ազատամարտիկ, ԼՂՀ մարտական ծառայության մեդալակիր Գևորգ Գևորգյանը թե՛ իր երեխաներին, թե՛ ներկայիս երիտասարդությանը մի կարևոր պատգամ է հղում` երկրից հեռանալով հարց չի լուծվում: «Էդքան վիզ ենք դրել: Եռաբլուրում էլ տեղ չկա: Արյան գնով վերցրած հողը թողնեք գնաք` վերջն ի՞նչ է լինելու: Փախչելով հարց չի լուծվի»,- ասում է նա:
Գևորգյանը 1989-ին մասնակցել է Նոյեմբերյանում ընթացող պաշտպանական մարտերին: Սակայն հետո Երևան է վերադարձել` կյանքի բնականոն հունին: «Մի մեքենա էի վերցրել, տաքսի էի քշում: Գործերս լավ էին, օրը մեջ էի աշխատում, ամիսը 100-150 ռուբլի գումար էի վաստակում»,- հիշում է նա:
1992-ին, սակայն, տեղեկանալով, որ իր ընկերներից Վոլոդյա Մաթևոսյանը մարդկանց է հավաքագրում «Հայր Վահան» ջոկատի համար, որոշում է թողնել աշխատանքն ու ընտանիքը և ռազմաճակատ մեկնել: «Որոշեցի, որ այլևս գործի չեմ գնա: Ասի` աշխատում եմ` էլ ի՞նչ անեմ: Մարդիկ էնտեղ մեռնում են, մենք եկել ենք էստեղ փող ենք աշխատում»,- հիշում է նա: Երբ ջոկատի համար 51 անդամ է հավաքագրվում, մեկնում են Ղարաբաղ` Չլդրան գյուղ:
Խորհրդային բանակում ծառայություն անցած երիտասարդը «Հայր Վահան» ջոկատում ստանձնում է հետախուզական ջոկատի ղեկավարի պարտականությունները ու սկսում իր արցախյան մարտական ուղին: «Հենց ավտոբուսով հասանք, բոլոր կողմերից կրակում էին: Մեր ավտոբուսի վարորդը գլուխը բռնեց ու թաքնվեց: Կոմանդոսը մեզ դիմավորեց, ասաց, որ Դրմբոնի վրա հարձակում է եղել, ու մեր ջոկատից 10 մարդ է պետք հակահարձակման համար»,- ասում է Գևորգյանը:
Հենց առաջին մարտում Գևորգյանն ու իր զինակիցները հաղթանակ են տանում` շարքից հանելով նաև ադրբեջանցիների տանկերից երկուսը: Պատմում է, որ աշխատում էին տանկի վերնամասը վնասել, որպեսզի հետո կարողանան տեխնիկան շտապ վերանորոգել ու օգտագործել: Հիշում է, որ պահ էր լինում, երբ անգամ ինքնաձիգի պահունակ չունեին: Բայց միևնույնն է, հաղթում էին: Գևորգյանը հիշում է, որ ադրբեջանցիներին հատկապես սկզբնական շրջանում շատերն էին օգնում. նրանց կողմից հայերի դեմ էին կռվում չեչենները, ռուսները, թուրքերը, ուկրաինացիները: Իհարկե, գումարի դիմաց: «Մենակով թուրքերը գլուխ չէին հանի: Տանկերով հիմնականում ռուսներն ու թուրք գորշ գայլերն էին, իսկ օդուժում ուկրաինացիներն էին»,- ասում է նա:
Հարցին, թե ուժերի նման անհավասարակշիռ բաշխվածության պայմաններում ինչպես հայերը հաղթեցին, Գևորգյանը պատասխանում է. «Իրենք փողով էին գալիս, 200 դոլար: Դրանով կռիվ էին գնում. կմեռնեն, սաղ կմնան, էլ կարևոր չէ: Իսկ մենք պայքարել ենք մեր հայության, մեր հողերի համար, անշահախնդիր: Եթե փողի համար գնացած լինեինք, բոլորս էլ կմեռնեինք, անշահախնդիր ձևով ենք գնացել, որևէ մեկը չի պարտադրել ու չի ասել` կռվի գնացեք»: Ասում է նաև, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց սկսել են իրենց վարձկաններին կեղծ փողեր վճարել, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել ադրբեջանական կողմի մարտական ոգու ամրության վրա:
Գևորգյանն ասում է` բարկանում է, երբ ոմանք ազատամարտիկներին ասում են` չգնայիր կռվի. «Ասում եմ, ո՞նց չգնայի, ես չգնայի, մյուսը, չգնար, էն մյուսը, բա ո՞վ պիտի գնար»:
Գևորգյանը 1992-93 թթ. մասնակցել է Դրմբոնի, Գետավանի, Մալիքլուի, Չափառի, Հաթերքի, Երրոդ սովխոզի, Կարմիրավանի, Լենինավանի և Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններին: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել է: 1993-ի դեկտեմբերին` զինադադարից մի քանի ամիս առաջ, երբ թեժ մարտեր այլևս չէին ընթանում, Գևորգյանը տուն է վերադառնում` ստանձնելու ընտանիքի հոգսը և երեխաների դաստիարակությունը:
2008-ին, երբ սահմանին լարված իրավիճակ էր, Գևորգյանն ու իր մի խումբ մարտական ընկերներ հավաքվում ու Արցախ են մեկնում` իրենց աջակցությունը հայտնելու արցախահայությանը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացնում են,որ առաջին իսկ կանչի դեպքում իրենք պատրաստ են նորից զենք վերցնել ու պայքարել հանուն հայրենիքի:
Չնայած մարտական տրամադրվածությանը` 55-ամյա, 3 երեխաների հայր ազատամարտիկն առողջական խնդիրներ ունի` աղեստամոքսային համակարգի և լյարդի բուժման կարիք ունի: Պատկան մարմինները, սակայն, ձգձգում են Գևորգյանին զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորության ընձեռումը: Չնայած ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը, միևնույն է, որոշում դեռ չկա, նրան հայտնել են, որ մեկ ամիս անց միայն պետք է հանձնաժողովի նիստ տեղի ունենա, որտեղ էլ կքննարկեն Գևորգյանի հարցը:
Ազատամարտիկը սրտնեղած է իր նկատմամբ վերաբերմունքից. ասում է, որ ամիսներով հանձնաժողովի որոշմանն սպասելու փոխարեն ավելի հեշտ կլինի բուժման համար ինքնուրույն միջոցներ հայթայթել:
Մահվան ելքով ավտովթար Փարպի գյուղում
Ապրիլի 8-ին, ժամը 03.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում «Նիսսան» մակնիշի 34 LV 358 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչից խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ, նույն գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Տ. Ս.-ի դին:
«1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:
Առաջիկայում սպասվում են տեղումներ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում“Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
· Օդի առավելագույն ջերմաստիճան 27.40C (1975թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -1.50C (1988թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 12.50C
Անկախ
Արգելափակվել են մի շարք ավտոմեքենաներ (լրացված)
Կարաոկե՝ «Նվիրում ենք մայրերին» խորագրով
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մայրության և գեղեցկության օրվա տոնական շունչն առանձնահատուկ էր նաև երեկոյան Երևանում: Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած բազմաթիվ միջոցառումների շրջանակում էր նաև «Նվիրում ենք մայրերին» խորագրով կարաոկեն, որը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հյուսիսային պողոտայում: Մթնոլորտը ջերմ էր, հնչող երգերն էլ` նվիրված բացառապես մայրերին, կանանց ու աղջիկներին: Բեմահարթակը երևանցիներինն էր, ովքեր և դարձել էին տոնի անմիջական մասնակիցը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են նաև հայկական էստրադայի սիրված երգիչ երգչուհիները: Ինչպես տոնախմբող երևանցիներն էին խոստովանում՝ օրը հաջողվեց ու ամրագրվեց, որպես լիարժեք ապրած երևանյան ևս մեկ օր:
Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայց է կատարել հակաօդային պաշտպանության զորամասեր
Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության մի քանի զորամասեր։ Սեյրան Օհանյանին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, զինծառայողների առօրյայով և սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել զինծառայողների մարտական պատրաստականությունը, առկա զինտեխնիկայի վիճակը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, աշխատասենյակների կապիտալ նորոգման և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման աշխատանքները: Կառուցվող նոր շինություններն իրենց հնարավորություններով ու համալրվածությամբ եզակի են ամբողջ աշխարհի զինված ուժերում: Այս առումով Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանական գերատեսչության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը երկրի խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին։
ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել կողմերի երկխոսությանը. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ան Բրասերը, խոսելով ԼՂ հարցով աշխատող ենթահանձնաժողովի աշխատանքների մասին, նշել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել երկխոսության զարգացմանը և հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումների շարունակմանը: «Պետք է գնահատել բանակցության ցանկացած հնարավորություն: Ես աշխատելու եմ շարունակել նախորդ նախագահների ավանդույթները: Այժմ փորձում եմ կապ հաստատել երկու երկրների պատվիրակությունների հետ, որպեսզի քննարկենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են կողմերի միջև հանդիպումների անցկացման ձևաչափն ու քննարկումը շարունակելու հիմքերը»,-նշել է Բրասերը:
Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները: 2012թ. իրականացված համալիր ծրագրի շրջանակում ամբողջովին վերանորոգվեցին մայրաքաղաքում առկա շատրվանները, ու այսօր արդեն Երևանի հավերժության այս խորհրդանիշները երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում են բոլորովին նոր տեսքով ու գունային լուծումներով: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների համար՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության ու սիրո արդյունքում հնամենի մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում:
Երգող շատրվանների գործարկումից, շնորհավորական բացիկներից ու վարդերից բացի, Հանրապետության հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Ինքնատիպ ֆլեշմոբի միջոցով կանանց ու աղջիկներին շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Անակնկալ՝ առաջնեկին սպասող մայրերին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է եղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կազմակերպված միջոցառմանը։ Երևանի քաղաքապետի անունից Դավիթ Օհանյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա կանանց։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ օրհնության ու հյուրասիրության էր հրավիրել առաջնեկներին սպասող մայրացող կանանց։ Միջոցառումն սկսվել է օրհնության կարգով, ապա շարունակվել ազգագրական համույթի երգ ու պարով։
Առաջնեկներին սպասող մայրացող կանայք նաև նվերներ են ստացել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կողոպուտ խաչմերուկում
Քաղաքապետարանի անակնկալը ստացված է. տոնական տրամադրությունն ապահովված է ամբողջ մայրաքաղաքում
Բնության զարթոնքն ու կանացի գեղեցկությունը խորհրդանշող Մայրության և գեղեցկության տոնին քաղաքամայր Երևանը մեծ սիրով է պատրաստվել: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներ ու ծաղիկներ էին ստանում անցորդ բոլոր կանայք։ Փոքրիկ հայուհիները ևս ուշադրության պակաս չունեին: Բարեմաղթանքների ու շնորհավորանքների արժանացած կանանց և աղջիկների ուրախությունն ու ժպիտը սիրով էին լցրել մայրաքաղաքի առօրյան: Քաղաքապետարանի անակնկալը ստացված էր, տոնական տրամադրությունն՝ ապահովված ամբողջ մայրաքաղաքում: Օրվա հոբելյարները, շնորհակալություն հայտնելով յուրօրինակ շնորհավորանքների համար, ընդգծել են, որ Երևանին ու երևանցիներին ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների արդյունքում մայրաքաղաքն օրեցօր առավել գրավիչ է դառնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ
Մարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը և շրջապատող 12 գյուղերը, որ մեծամասնորեն բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից:
Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելին, քան 700 հայ ընտանիքներ, տարհանվել և տեղի Քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարևան Լաթաքիա: Ցավոք, շատ տարեց մարդիկ ստիպված են եղել մնալ Քեսաբում` զրկված լինելով տեղաշարժվելու հնարավորությունից:
Այս դեպքերից 3 օր անց Հայաստանից մեկնած մի խումբ պատգամավորների հետ ես նույնպես անձամբ այցելել եմ Լաթաքիա, հանդիպել հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքներին: Նրանք վկայությամբ` ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցիները, հասցրել ահռելի վնաս խաղաղ բնակչության ունեցվածքին:
Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաև ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց Ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել: Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացեք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների և վարակների տարածման վտանգի տակ, և չունեն անգամ հյուս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը:
Նկարագրված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ահռելի խախտում, մարդու իրավունքների միջազգային բոլոր պայմանագրերի խախտում, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Հարկ է նշել, որ Քեսաբի խնդիրը բարձրաձայնվել է աշխարհասփյուռ հայության կողմից, սակայն, ցավոք, ոչ միայն հայերին է վերաբերում խնդիրը` մի շարք այլ գյուղեր, բնակեցված քրիստոնեաների կամ այլ էթնիկ փոքրամասնությունների կողմից, նույն ուժերի կողմից նույնպես ենթարկվել են բռնությունների և տարհանման` մինչև ահաբեկիչների Քեսաբ հասնելը:
Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:
Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարևոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա և կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական և էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն դատապարտել:
«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժօգնության է դիմել ավելի քան 26 հազար կին
Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել ավելի քան 26 հազար կին: Համապատասխան հետազոտություններից հետո վիրահատության ուղեգրված 1838 կանանցից 857-ն արդեն վիրահատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես ուղեգրված այն կանանց, որոնք համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանան արդեն ակցիայի ավարտից հետո:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Արատտա երիտասարդական ակումբը»՝ լինելով հայակենտրոն և ազգային երիտասարդական կազմակերպություն, չի կարող անտարբեր գտնվել Քեսսաբում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
Մենք համոզված ենք, որ Քեսաբի հայերի ծրագրված տեղահանությունը 1915 թվականի հայոց ցեղասպանության շարունակությունն է, քանի որ իրադարձությունների ներկա ընթացքը ոչ այլ ինչ է, քան էթնիկական զտումներ և հայրենազրկում: Ինչպես Մեծ Եղեռնի ժամանակ, այնպես էլ հիմա թուրքական իշխանությունները հայերին ոչնչացնում են տարբեր կազմակերպված, հանցագործ, զինյալ խմբերի միջոցով: Թուրքիան անընդհատ հերքում է իր կապն այդ կազմավորումների հետ, սակայն փաստերը շատ են, ու անհերքելիորեն ցույց են տալիս Քեսսաբում կատարվող իրադարձությունների հետ նրա անմիջական կապը:
Անդրադառնանք այդ փաստերից ամենախոսուններին: Առաջին ու անհերքելի փաստն այն է, որ այդ խմբերը /8000-10000 մարդ/ Սիրիա են թափանցել հենց Թուրքիայից և անհնար կլիներ այդ խմբերի` թուրքական պետության մեջ կազմավորվելը, մարզվելը, զինվելը ու սահմանն անցնելը, եթե դրանց հետ որևէ առնչություն չունենար թուրքական պետությունը:
Փաստն այն է, որ երբ սիրիական իշխանությունները փորձեցին կասեցնել Քեսսաբում կատարվող ոճիրը, սիրիական ինքնաթիռը ոչնչացվեց թուրքական հակաօդային ուժերի կողմից: Սա ոչ այլ ինչ է, քան պետական աջակցություն ոճիրն իրականացնող զինյալ խմբերին:
Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում անհերքելի է դառնում Թուրքիա պետության մասնակցությունն այդ իրադարձություններին:
Հայտնի է, որ Քեսսաբն այն բնակավայրերից է, որտեղ պահպանվում են հայկական ավանդույթները և հայերն ապրում են միավորված կերպով, հետևաբար Քեսսաբի վրա հարձակումն ավելի շատ ուղղված է հայկական գործոնի վերացմանն ու պառակտմանը: Արդեն մեկ դար շարունակ հայության դեմ իրականացվում են տարբեր տեսակի հանցագործություններ, սկսած ցեղասպանությունից, մինչև անհատական հետապնդումներ ու սպանություններ, որոնք մասն են կազմում մեծ հայասպանության ծրագրի:
Ստեղծված իրավիճակում «Արատտա երիտասարդական ակումբը» համաշխարհային հանրությունից պահանջում է Քեսաբի դեպքերի հետ կապված իրականացնել անկախ հետաքննություն միջանկյալ արդյունքների պարբերական հրապարակմամբ: Մեր պահանջն է, որ հետաքննությունն իրականացվի ոչ միայն որևէ առանձին երկրի կամ էլ զուտ կառավարական խմբերի կողմից, այլ դրան մասնակցեն, թե՛ միջազգային, թե՛ հասարակական անկախ կազմակերպություններ ու փորձագիտական խմբեր, իսկ նախքան հետաքննության անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը, «Արատտա երիտասարդական ակումբը» գտնում է, որ.
- Պետք է կասեցվեն հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ այն իր մեջ վտանգներ է պարունակում հայոց ցեղասպանության փաստի անտեսման ու մոռացման առումով: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ անտեսելով ու անպատժելի թողնելով տեղի ունեցած հանցագործությունը` մենք պարարտ հող ենք պատրաստում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների հետագա շարունակության համար, ինչի վառ օրինակը մենք տեսանք հենց Քեսաբում:
- Պահանջում ենք դադարեցնել «մադրիդյան սկզբունքների» շուրջ ցանկացած տեսակի բանակցություն, քանի որ ըստ այդ սկզբունքների անտեսվում են հայ փախստականների իրավունքները և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հող են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության և կոտորածների համար:
Շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ՝ բոլոր վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլյոթյան տոնական անակնկալները շարունակվում են՝ ընդգրկելով ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածները, այլև վարչական բոլոր շրջանները: Երիտասարդ, ժպտադեմ կամավորները վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում ու մարդաշատ այլ վայրերում վաղ առավոտից իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին թույլ չեն տվել առանց ծաղիկների հեռանալ: Նրանց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներն են փոխանցվել: Կանայք, ի դեպ, անկեղծացել են՝ նշելով, որ ինչպես նախորդ տոներին, այնպես էլ Մայրության և գեղեցկության տոնին Երևանի քաղաքապետի կողմից անակնկալը, նաև՝ նրա կողմից շնորհավորանքները, սպասելի էին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում գործարք չի եղել
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում(ապրիլի 4-ից 7-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 24-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 8, ապօրինի ծառահատման` 1, մաքսանենգության` 5, խուլիգանության և յուրացման 2-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի` 1, մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծաղիկներով լեցուն զամբյուղներ Հյուսիսային պողոտայում
Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:
Մայրաքաղաքի փոքրիկ կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում ևս տեղադրվել են ծաղիկներով լեցուն զամբյուղներ: Անցորդ բոլոր կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից բաժանվել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ կանայք իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




