Փախչելով հարց չի լուծվի. ազատամարտիկի պատգամը երիտասարդներին

Ձախից առաջինը` Գևորգ Գևորգյան

Ձախից առաջինը` Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ, ԼՂՀ մարտական ծառայության մեդալակիր Գևորգ Գևորգյանը թե՛ իր երեխաներին, թե՛ ներկայիս երիտասարդությանը մի կարևոր պատգամ է հղում` երկրից հեռանալով հարց չի լուծվում: «Էդքան վիզ ենք դրել: Եռաբլուրում էլ տեղ չկա: Արյան գնով վերցրած հողը թողնեք գնաք` վերջն ի՞նչ է լինելու: Փախչելով հարց չի լուծվի»,- ասում է նա:

Գևորգյանը 1989-ին մասնակցել է Նոյեմբերյանում ընթացող պաշտպանական մարտերին: Սակայն հետո Երևան է վերադարձել` կյանքի բնականոն հունին: «Մի մեքենա էի վերցրել, տաքսի էի քշում: Գործերս լավ էին, օրը մեջ էի աշխատում, ամիսը 100-150 ռուբլի գումար էի վաստակում»,- հիշում է նա:
1992-ին, սակայն, տեղեկանալով, որ իր ընկերներից Վոլոդյա Մաթևոսյանը մարդկանց է հավաքագրում «Հայր Վահան» ջոկատի համար, որոշում է թողնել աշխատանքն ու ընտանիքը և ռազմաճակատ մեկնել: «Որոշեցի, որ այլևս գործի չեմ գնա: Ասի` աշխատում եմ` էլ ի՞նչ անեմ: Մարդիկ էնտեղ մեռնում են, մենք եկել ենք էստեղ փող ենք աշխատում»,- հիշում է նա: Երբ ջոկատի համար 51 անդամ է հավաքագրվում, մեկնում են Ղարաբաղ` Չլդրան գյուղ:
Խորհրդային բանակում ծառայություն անցած երիտասարդը «Հայր Վահան» ջոկատում ստանձնում է հետախուզական ջոկատի ղեկավարի պարտականությունները ու սկսում իր արցախյան մարտական ուղին: «Հենց ավտոբուսով հասանք, բոլոր կողմերից կրակում էին: Մեր ավտոբուսի վարորդը գլուխը բռնեց ու թաքնվեց: Կոմանդոսը մեզ դիմավորեց, ասաց, որ Դրմբոնի վրա հարձակում է եղել, ու մեր ջոկատից 10 մարդ է պետք հակահարձակման համար»,- ասում է Գևորգյանը:
Հենց առաջին մարտում Գևորգյանն ու իր զինակիցները հաղթանակ են տանում` շարքից հանելով նաև ադրբեջանցիների տանկերից երկուսը: Պատմում է, որ աշխատում էին տանկի վերնամասը վնասել, որպեսզի հետո կարողանան տեխնիկան շտապ վերանորոգել ու օգտագործել: Հիշում է, որ պահ էր լինում, երբ անգամ ինքնաձիգի պահունակ չունեին: Բայց միևնույնն է, հաղթում էին: Գևորգյանը հիշում է, որ ադրբեջանցիներին հատկապես սկզբնական շրջանում շատերն էին օգնում. նրանց կողմից հայերի դեմ էին կռվում չեչենները, ռուսները, թուրքերը, ուկրաինացիները: Իհարկե, գումարի դիմաց: «Մենակով թուրքերը գլուխ չէին հանի: Տանկերով հիմնականում ռուսներն ու թուրք գորշ գայլերն էին, իսկ օդուժում ուկրաինացիներն էին»,- ասում է նա:
Հարցին, թե ուժերի նման անհավասարակշիռ բաշխվածության պայմաններում ինչպես հայերը հաղթեցին, Գևորգյանը պատասխանում է. «Իրենք փողով էին գալիս, 200 դոլար: Դրանով կռիվ էին գնում. կմեռնեն, սաղ կմնան, էլ կարևոր չէ: Իսկ մենք պայքարել ենք մեր հայության, մեր հողերի համար, անշահախնդիր: Եթե փողի համար գնացած լինեինք, բոլորս էլ կմեռնեինք, անշահախնդիր ձևով ենք գնացել, որևէ մեկը չի պարտադրել ու չի ասել` կռվի գնացեք»: Ասում է նաև, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց սկսել են իրենց վարձկաններին կեղծ փողեր վճարել, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել ադրբեջանական կողմի մարտական ոգու ամրության վրա:
Գևորգյանն ասում է` բարկանում է, երբ ոմանք ազատամարտիկներին ասում են` չգնայիր կռվի. «Ասում եմ, ո՞նց չգնայի, ես չգնայի, մյուսը, չգնար, էն մյուսը, բա ո՞վ պիտի գնար»:
Գևորգյանը 1992-93 թթ. մասնակցել է Դրմբոնի, Գետավանի, Մալիքլուի, Չափառի, Հաթերքի, Երրոդ սովխոզի, Կարմիրավանի, Լենինավանի և Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններին: Այդ ընթացքում երկու անգամ վիրավորվել է: 1993-ի դեկտեմբերին` զինադադարից մի քանի ամիս առաջ, երբ թեժ մարտեր այլևս չէին ընթանում, Գևորգյանը տուն է վերադառնում` ստանձնելու ընտանիքի հոգսը և երեխաների դաստիարակությունը:
2008-ին, երբ սահմանին լարված իրավիճակ էր, Գևորգյանն ու իր մի խումբ մարտական ընկերներ հավաքվում ու Արցախ են մեկնում` իրենց աջակցությունը հայտնելու արցախահայությանը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացնում են,որ առաջին իսկ կանչի դեպքում իրենք պատրաստ են նորից զենք վերցնել ու պայքարել հանուն հայրենիքի:
Չնայած մարտական տրամադրվածությանը` 55-ամյա, 3 երեխաների հայր ազատամարտիկն առողջական խնդիրներ ունի` աղեստամոքսային համակարգի և լյարդի բուժման կարիք ունի: Պատկան մարմինները, սակայն, ձգձգում են Գևորգյանին զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորության ընձեռումը: Չնայած ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը, միևնույն է, որոշում դեռ չկա, նրան հայտնել են, որ մեկ ամիս անց միայն պետք է հանձնաժողովի նիստ տեղի ունենա, որտեղ էլ կքննարկեն Գևորգյանի հարցը:
Ազատամարտիկը սրտնեղած է իր նկատմամբ վերաբերմունքից. ասում է, որ ամիսներով հանձնաժողովի որոշմանն սպասելու փոխարեն ավելի հեշտ կլինի բուժման համար ինքնուրույն միջոցներ հայթայթել:

 

 

 

 

Tags: ,