Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում

DSC_2765Փետրվարի 20-23-ը Երևանում անցկացվում է «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային 2-րդ գիտաժողովը։ Երիտասարդ տնտեսագետներն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Համաշխարհային ճգնաժամի և տնտեսագիտական մտքի հիմնահարցեր», «Մենաշնորհների պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Երջանկության և բարեկեցության տնտեսագիտություն», «Հեռուստաալիքներով գովազդային տեսահոլովակների բաշխման որոշ խնդիրներ» և այլն։

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է 85 զեկույց, որոնց հեղինակները մինչև 35 տարեկան մասնագետներ են՝ ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ։ «Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ` մասնակիցների թիվը կտրուկ աճել է։ Եթե 2013թ. ունեինք մոտ 65 մասնակից, ապա այս տարի նրանց թիվը հասնում է 85-ի։ Ընդ որում, գիտական այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների շրջանում։ Մենք գիտաժողովի շրջանակներում համագործակցում ենք բանկերի, տարբեր կազմակերպությունների հետ, որոնք դրամական խրախուսական մրցանակներ են սահմանել ուսանողների համար համար։ Ի սկզբանե գիտաժողովի կազմկոմիտեն ու գիտական կոմիտեն որդեգրել են հենց ուսանողներին խրախուսելու սկզբունքը, որպեսզի նրանք սկսեն գիտությամբ զբաղվել»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Հայաստանիերիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ գիտաժողովին տեսակապի միջոցով մասնակցում են երիտասարդ գիտնականներ նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Վրաստանից։

Եռօրյա այս գիտաժողովը համատեղ կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

 

Քննարկվել է Լեյդենի համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը

լեյդենՆիդեռլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լեյդենի համալսարանի  ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանում  հայագիտական ամբիոնի վերականգման հարցը, որը գործել է 1994-2009 թվականներին և փակվել համալսարանի ֆինանսական դժվարությունների պատճառով: Ամբիոնի վերականգման համար  հայկական կողմն առաջարկել է համագործակցային բազմաշերտ ծրագիր՝ հայագիտության բնագավառում Հայաստանի  առաջատար բուհերի մասնակցությամբ, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով: Կողմերը քննարկել են նաև  Լեյդենի համալսարանի և Երևանի պետական և պետական բժշկական համալսարանների միջև համագործակցային համաձայնագրերի ստորագրման հնարավորությունները մի շարք ուղղություններով՝  բժշկակենսաբանություն, աստղագիտություն, հիմնարար գիտություններ: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև համալսարանի գրադարան, որտեղ առկա են ավելի քան 250 հայալեզու հին տպագիր գրքեր:
Նախարար   Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հոլանդական մի շարք հիմնադրամների ղեկավարնեի հետ և քննարկել Հայաստանում քաղաքացիական և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի շարունակականության ապահովման խնդիրները՝ ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում:
Հանդիպումներին  մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ Լեզվի տեսչությանը գործադիրի գործառույթ տրվի, դա կվնասի բիզնեսի զարգացմանը». Սերգո Երիցյան

Սերգո ԵրիցյանԵթե մենք գործադիրի գործառույթ ունենայինք, վարույթ հարուցելու իրավունք ունենայինք, մեր աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ: Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է, որ մեզ գործադիրի գործառույթ տրվի, քանի որ ըստ նախարարության` դա կվնասի բիզնեսի զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով` եթե նման լիազորություններ չտրվեն, տեսչությունից ավելի արդյունավետ աշխատանք ակնկալել հնարավոր չէ, քանի որ այն միայն վերահսկողական, տեսչական գործառույթ է իրականացնում և չունի գործադիրի գործառույթներ:

«Արդեն երկու-երեք տարի է խոսվում է տեսչությունը վերակազմավորելու, գործադիրի գործառույթ տալու մասին, առանց դրա անհնար է: Մենք մի կողմից վերահսկում ենք, բայց դա չի նպաստում լեզվի խնդիրների լուծմանը»,- ասաց Սերգո Երիցյանը:

Լեզվի տեսչության պետի խոսքով` այսօր օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրներ կան, որոնց պատճառով անգամ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ: Անհրաժեշտութուն կա, որ օրնեսդրությունը հստակեցվի: Օրենսդրական նախաձեռնությունը կա, բայց ոչինչ չի փոխվել:

Սերգո Երիցյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել տեսչական բարեփոխումների մասով: Հնարավոր բոլոր ոլորտների համար ստուգաթերթեր են կազմել, որոնք ռիսկային ստուգումների կարևոր հիմքերից են: Վերջին մեկ տարվա ընթացքում տուգանքների արդյունքում 6 մլն դրամ է մտել պետական բյուջե: Հիմնական խախտումները վերաբերել են հրապարակային գրվածքներին՝ ցուցանակներ, գովազդային վահանակներ և բժշկական հաստատություններին:

«Լեզվաքաղաքականության պետական ծրագրի ընդունումը ևս հնարավորություն կտա լեզվին առնչվող որոշակի խնդիրներ լուծել: Անհրաժեշտ են լեզվական ձեռնարկների, բառարանների հրատարակումը, տերմինաբանական խորհրդի ստեղծումը: Ցավոք, Տերմինաբանական խորհուրդն արդեն 7 տարի է չի գործում օրենսդրական բացի պատճառով»,- ասաց Լեզվի տեսչության պետը:

 Անկախ

Գլոբալ տաքացումը երկիրը խորասուզում է խավարի մեջ

o_564466Երկրի վրա արկտիկական սառույցների հալչելու և արևի լույսի ջերմության նվազման մեջ մասամբ մեր մոլորակն է մեղավոր: Ահա այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել գիտնականները: Դիտարկումների ու արբանյակից ստացված լուսանկարահանումների վերլուծության ընթացքում նրանք նկատել են, որ վերջին մի քանի տարում երկիրը կորցնում է իր լույսն անդրադարձնելու հատկությունը` ալբեդոն:

Երբ Արկտիկայում սառույցը հալչում է, ավելի  մուգ մակերեսի` ջրի կամ էլ հողի, հավասարակշռությունը փոփոխվում է ոչ մեր օգտին` անդրադարձնելով ավելի քիչ ու կլանելով ջերմության ավելի մեծ մասը:

Բացի այդ, արկտիկական օդը ջերմությունը չի փոխադրում մակերեսից մթնոլորտի ավելի բարձր շերտեր, ի տարբերություն, օրինակ, արևադարձների, որտեղ օդային զանգվածներն ավելի հավասարաչափ են բաշխվում:

Անկախ

ՓԵՏՐՎԱՐԻ 21. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐԸ

girq 1Հայերենը սոցիալական ցանցերում ուղղակի աղավաղվում է

Երբ 1948-ին պակիստանցիները որոշեցին, որ այսուհետ այդ հողերում պետք է լսվի միայն ուրդու լեզուն, մարդիկ համեստաբար լռեցին չորս տարի: Սակայն, ուսանողների մի խումբ Բանգլադեշի մայրաքաղաքում (Դաքա) հանրահավաք կազմակերպեց, որտեղ խոսում էին միայն իրենց մայրենի լեզվով (բենգալերեն): Պակիստանցիները սպանեցին ցույցի շատ մասնակիցների, բայց ըմբոստ բանգլադեշցիները շարունակեցին խոսել իրենց լեզվով:
Նրանք այդ տարվանից փետրվարի 21-ը նշում են որպես մայրենի լեզվի օր, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն հռչակեց 1992-ից:

Տարիներ շարունակ փետրվարյան սիրո տոներին հաջորդում է մայրենի լեզվին նվիրված օրը, որը սովորաբար կազմակերպվում է ավելի զուսպ. հավանաբար, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մենք, այնուամենայնիվ, սովոր ենք աղճատել մեր թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքը:

Մայրենի լեզվի օրը բանասերների, ավելի ճիշտ` բանասիրական գիտությունների թեկնածուների, դոկտորների օրն է: Լեզվաբանները շտապում են մի մամուլի ակումբից մյուսը՝ հիշեցնելու, որ մենք հայերեն չգիտենք, խոսում ենք ինչպես պատահի՝ մայրենին խառնելով ռուսերենի և անգլերենի հետ:

Կարո՞ղ ենք ասել, որ փետրվարի 21-ը հայոց լեզվի պահպանման օրն է:
Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Արտակ Սարիբեկյանը շփվում է միմիայն գրական հայերենով: Ասում է՝ ուսանող տարիներին ծիծաղում էին վրան, բայց պահպանում է հայերենը:

Երիտասարդ գիտնականին զայրացնում է հիմնականում «Լեզվի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների անկատարությունը:
– «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, որ բովանդակում է հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, լեզվի վիճակը, մեր երկրում գրեթե չի գործում: Այն պետք է կիրառի լեզվի պետական տեսչությունը, որի անունը կա միայն,- ասում է Սարիբեկյանը:- Լեզվի պետական տեսչությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից առանձնացված ստորաբաժանում է, որը որոշումներ չի կարողանում ընդունել, քանի որ չունի հայերենի բարձրագույն խորհուրդ: Այնտեղ կա ընդամենը 10 աշխատող, որոնք հազիվ են հասցնում արձանագրել այս կամ այն վայրում փակցված ցուցանակում գրված օտարալեզու արտահայտությունները և աշխատում, որ դրանք փոխարինվեն հայերենով:
Լեզվաբանը նշում է նաև, որ լիարժեք չեն կիրառվում նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շատ ցուցանակներում հայերեն արտահայտությունները բացակայում են կամ շատ ավելի փոքր են, չնկատվող, քան օտարալեզու արտահայտությունները:

Հիշեցնենք, որ ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով:

Այս դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշների և մակնիշների վրա: Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին:

Արտակ Սարիբեկյանը երիտասարդ գիտնական է: Ամեն օր արթնանում է հույսով, որ իր հետ կխոսեն գրական հայերենով (ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը), բայց ամեն օր զայրանում է՝ նկատելով, թե ինչպես ենք անփութորեն աղճատում մեր լեզուն: Երիտասարդ գիտնականը մեղավորներ չի փնտրում, բայց նախատում է հիմնականում սոցիալական ցանցերով ոչ գրական հայերենով շփվող քաղաքացիներին:

– Հայերենը սոցիալական ցանցերում աղավաղվում է: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասը բջջային հեռախոսներից է մուտք գործում համացանց, որոնց մեծ մասը հայերեն գրելու և կարդալու հնարավորություն ունի, բայց չենք օգտվում: Այս համատեքստում պետք է ասեմ՝ ամենացավալին այն է, որ համակարգիչներով օգտվելիս շատերը նախընտրում են գրել լատինատառ հայերենով: Ես սարսափում եմ մեր Facebook-ի լեզվից, արտահայտչամիջոցներից. մի շարք հայերեն արտահայտություններ պարզապես ծիծաղելի են, երբ լատինատառ ես գրում,- ասում է երիտասարդ գիտնականը:

Անկախ

Բարձր է գնահատվել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները

կգն2Աշխատանքային այցով Նիդեռլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Թագավորության  կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև տեղեկատվություն` Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նախարար Արմեն Աշոտյանն իր եվրոպացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականին  Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին: Տիկին Յ. Բուսեմակերը բարձր է գնահատել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները:
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրոպական կրթական տարածքի մարտահրավերների մասին: Այդ համատեքստում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը,  մասնավորապես, կարևորվել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ գիտակրթական ծրագրերին երկու երկրների բուհերի համատեղ մասնակցությունը:
Հանդիպման ժամանակ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի եզակի փորձը՝ տարրական դպրոցի պարտադիր կրթական ծրագրերում “Շախմատ” առարկայի ներառման վերաբերյալ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շեշտվել է, որ Հայաստանը և   Նիդեռլանդները ոչ միայն շախմատային ավանդույթներ և հզոր պոտենցիալ ունեցող, այլև կրթական համակարգի զարգացմանը միտված նորարարական կրթական ծրագրեր իրականացնող երկրներ են:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը Յեթ Բուսեմակերի  ուշադրությունը հրավիրել է Նիդեռլանդների Թագավորությունում ապրող մեր հայրենակիցների կրթական խնդիրների վրա՝ մասնավորապես, մայրենի լեզվի ուսուցման հետ կապված:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ պատվիրակությունն այսօր կայցելի նաև աշխարհի լավագույն հարյուր բուհերի ցանկում ընդգրկված Լեյդենի համալսարան:

Կամ լավ հայր կամ լավ սիրեկան

ol3001392723049Շատ կանայք գուցե հիասթափվեն, իմանալով դրա մասին, սակայն գիտնականները  հայտարարում են, որ ուժեղ սեռի այն ներկայացուցիչները, որոնք հրաշալի են տանում հոր դերը, չեն կարող լավ սիրեկաններ լինել ու` ընհակառակը:

Նման եզրահանգման են եկել Նոթր –Դամի ու Իլինոյսի համալսարանների գիտնականները, կատարված փորձերի արդյունքերի վերլուծությունից հետո, որին  մասնակցել է Ֆիլիպինյան կղզիների 433  երիտասարդ բնակիչ:

Պարզվեց, որ երեխայի ծնունդից հետո , տղամարդկանց մեծամասնությունն ավելի քիչ է սեքսով զբաղվել, քան մինչ այդ: Ընդ որում,  նրանք, ովքեր  հայրական պարտականությունները շատ ավելի հաջող են կատարում ու երեխային ավելի շատ ժամանակ են հատկացնում, սեքսի նկատմամբ ու հետաքրքրություն են դրսևորում:

Հետաքրքրական է, որ երեխա բեղմնավորելու շանսերը բարձր տեստոստերոնով տղամարդկանց մոտ ամենամեծն են, սակայն, երեխայի ծննդից անմիջապես հետո, այդ մակարդակն օրգանիզմում էականորեն նվազել է: Բնական է, որ հորմոնալ նման փոփոխությունն էլ հանգեցրել է սեքսուալ կյանքի նկատմամբ հետաքրքրության նվազման:

Անկախ

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նիդեռլանդների Թագավորություն

հայ-հոլանդական հարաբերություններՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդների Թագավորությունում: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության  կրթության, մշակույթի և գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ  կապված հարցեր:
Նախատեսվում է նաև դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդների ինստիտուտի ներկայացուցիչների և հոլանդահայ համայնքի հետ: Այցի ընթացքում տեղի կունենա նաև հանդիպում “Միջազգային բակալավրիատ” /ՄԲ/ կազմակերպության ղեկավարության հետ:

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևան քաղաքի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ

001 (4)Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։

«Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ առարկայի ուսուցիչը, ինչը առավելագույն անաչառություն է ապահովում։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, և նկատելի է աճը ոչ միայն աշակերտների մասնակցության ցուցանիշում, այլ նաև գիտելիքների, պատրաստվածության առումով»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։

Երևան քաղաքի դպրոցներում փետրվարի 1-ին մեկնարկած ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը կեզրափակվի փետրվարի 19-ին, Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, «Գրականություն» առարկայի օլիմպիադայով։ Մարզային փուլը կանցկացվի փոտրվարի 22-ից մարտի 11-ը՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի։ Օլիմպիադաների այս փուլին կմասնակցեն նաև ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանը, Շիրակացի ճեմարանը, ԱՅԲ կրթահամալիրը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիզելային վառելանյութ` պլաստիկե փաթեթներից

52fde8ea-a3b2-b4e1-a3b2-b4ee1241dce9.photo.0Հայտնի բան է` պլաստիկե փաթեթները կարճատև կյանք ունեն. Մեկ անգամ օգտագործվելուց հետո հայտնվում են աղբանոցում: Սակայն, պարզվում է, որ նման փաթեթներից կարելի է վառելանյութ արտադրել.դիզելային վառելիք, բնական գազ ու յուղ` մեքենաների համար: Իլինոյսի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ դա հնարավոր է: Վերամշակման ընթացքում այդ փաթեթները թթվածնի բացակայությամբ խցերում ենթարկել են պիրոլիզի, ինչի հետևանքով ելքային արդյունքում 80% գազ  է ստացվել:

Worldwatch-ի տվյալներով, ԱՄՆ-ում ամեն տարի շուրջ 100 մլրդ փաթեթ է աղբանոց նետվում: Դրանից միայն 13%-ն է վերամշակվում, իսկ մնացածն աղտոտում է շրջակա միջավայրը` մեծ վտանգ ներկայացնելով մոլորակի համար:

Նախորդ ուսումնասիրությունների ընթացքում , գիտնականները փորձել էին պլաստիկե փաթեթներից նավթ ստանալ: Իլինոյսի համալսարանից մասնագետների թիմն ավելի առաջ անցավ  ու, տարբեր ֆրակցիաներ իրար խառնելով` ստացավ վառելանյութ, որն իր բնութագրերով հավասարարժեք է ամերիկյան diesel #2:

Անկախ

Ուսանողների կարծիքները՝ կրթական քաղաքականության մշակման հիմքում

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել “Հայաստանի պետական բուհերի ուսանողության մասնակցությունը Բոլոնիայի գործընթացին”  ուսումնասիրության շնորհանդեսը: Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հետազոտությունը նպատակ  է ունեցել՝  գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը Բոլոնիայի գործընթացում, ինչպես նաև պարզել, թե ուսանողությունը  ինչպես է ընկալում բոլոնյան գործընթացի  բաղադրիչները: <<Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից մենք շատ ենք կարևորում բոլոր շահառուների կարծիքները. հատկապես ուսանողների կարծիքները մեզ համար հետադարձ կապի լավագույն միջոցն են: Ուսումնասիրության արդյունքները հիմք են ծառայելու և հաշվի են առնվելու  հետագա կրթական քաղաքականության մշակման համար: Ուսանողների գնահատականներն ու կարծիքները, որոնք տեղ են գտել  հետազոտության մեջ համարում եմ բավական օբյեկտիվ: Թեև կա որոշակի վերապահում կրթության ոլորտի բարեփոխումների նկատմամաբ, ինչը համարում եմ բնական, սակայն ակնհայտ է նաև նրանց ցանկությունը՝ դառնալու կրթական քաղաքականության և ծրագրերի շարժիչ ուժն ու բաղկացուցիչ մասը: Այս իմաստով ներկայացվող հետազոտությունը, որը ներառում է կրթության ակադեմիական իրավիճակի գնահատականը,  մեզ համար ունի ախտորոշիչ նշանակություն”,- բացման խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ կատարված ուսումնասիրության երկրորդ հատվածը, որը վերաբերում է ուսանողների սոցիալական իրավունքներին ու խնդիրներին, կներկայացվի առաջիկայում:
Ներկայացված գնահատականներից ԿԳ նախարարը դրական ցուցիչ է համարել այն, որ շատ ուսանողներ մագիստրատուրայում ուսանելը  դիտել են կարևոր հանգամանք և այն գնահատել բակալավրիատից տարբերվող կրթական ծրագիր. “Մի քանի տարի առաջ կար ընկալում, թե մագիստրատուրան ավելորդ է: Շատ կարևոր եմ համարում նաև ուսանողների պատրաստակամությունը ներգրավվելու բուհի կառավարմանը, հատկապես բուհական բյուջեի ծախսերի թափանցիկությունն ապահավելու հարցում: Ցավոք, մտահոգիչ է օտար լեզուների իմացության մակարդակի հարցը, որը փաստվել է մի քանի այլ հետազոտություններով նույնպես: Փորձը ցույց է տալիս., որ մեր ուսանողները օտար լեզու սովորելու պահանջին լուրջ ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ դա կիրառական նշանակություն է ունենում իրենց համար: Օրինակ. երբ գալիս է թեզի պաշտպանության պահը կամ միջազգային որևէ ծրագրի մասնակցելու ցանկություն են ունենում, սկսում են շատ արագ բարելավել լեզվի իմացության մակարդակը: Ներկայացված արդյունքները գոհացուցիչ եմ համարում հատկապես այն, որ բուհերում շատ վիճահարույց և պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ռոտացիոն համակարգը, որը ապահովում է ուսանողների տեղափոխությունը վճարովիից անվճար և հակառակ ուղղությամբ, բավական բարձր դրական գնահատականի է արժանացել՝ 80 տոկոսից ավելին համակարգն արդյունավետ է  գանահատել:Իհարկե կան նաև խնդիրներ, բայց սա վկայում է, որ համակարգի ներդնումն արդարացված է”,- նշել է նախարարը:
Հետազոտությունն  իրականացվել է 2013թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՆ պատվերով՝  “Այ Փի Էս Սի” Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից: Ներկայացնելով արդյունքները՝ կենտրոնի վերլուծաբան Ս. Մանուկյանը նշել է, որ  հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող 1202 ուսանողներ, ովքեր փաստել են, որ բոլոնյան գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է:
Բոլոնիայի գործընթացում ընդգրկվածության կարևոր նախապայման է դիտվել  օտար լեզվի իմացությունը, կրեդիտային համակարգի ներդնումը, ինչպես նաև ռոտացիոն համակարգի արդյունավետությունն ու ուսանողական շարժունությունը:
Հետազոտության արդյունքնեով՝  բակալավրիատի ուսանողների 58.6%-ը և մագիստրատուրայի` 78.7%-ը ռուսաց լեզվի իրենց իմացությունը գնահատում են “լավ” կամ “գերազանց”, իսկ անգլերենի դեպքում դա համապատասխանաբար` 36.6% և 50.9% է:
Ռուսերենի և անգլերենի իմացությունը կտրուկ աճում է մագիստրատուրայի ավարտական կուրսում, երբ ուսանողները թեզի պատրաստման ընթացքում ինտենսիվ օգտվում են օտարալեզու գրականությունից:
Բակալավրիատի ուսանողների 30.1%-ը, իսկ մագիստրատուրայի` 52.6%-ը, համարում են, որ իրենք լավատեղյակ կամ բավարար տեղյակ են Բոլոնիայի գործընթացից, իսկ կրեդիտային համակարգից տեղեկացվածությունը գնահատում են համապատասխանաբար` 73.4%  և  82.6%-ը:
Բակալավրիատի ուսանողների 69.0%-ը տեղյակ են, թե ինչ առարկաներ են ուսանելու հաջորդ կիսամյակում, իսկ 57.9%-ը` ուսման ամբողջ ընթացքում: Մագիստրատուրայում այդ ուսանողների քանակը համապատասխանաբար` 59.1% և 55.1% է: Այդ ուսանողները սկզբունքորեն ունակ են մասնակցել իրենց անհատական ուսուցողական ծրագրերի կազմավորմանը, որը Բոլոնիայի գործընթացի բաղադրիչ է:
Մագիստրատուրայի ուսանողների 56.2%-ը համարում է, որ մագիստրատուրայի ծրագրերը որակապես տարբերվում են բակալավրիատի ծրագրերից, 75.3%-ը համարում է, որ դրանք տարբերվում են նաև մասնագիտական առումով, իսկ 45.5%-ը համարում է, որ մագիստրատուրայի դիպլոմով աշխատանք գտնելն ավելի հեշտ է:
Ինչ վերաբերում է ռոտացիոն համակարգին. համալսարաններում անվճար համակարգից վճարովի և հակառակ ուղղությամբ անցում են կատարել ուսանողների 18.0%-ը: Ուսանողների 84.6%-ը համարում է, որ վճարման համակարգի ռոտացիոն սկզբունքը “լիովին արդարացի է” կամ “ավելի շուտ արդարացի է”:
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների միջազգային փոխանակմանը մասնակ¬ցել ցանկացող ուսանողների 55.1%-ի կարծիքով՝ դրան խոչընդոտում են ֆինանսական դժվարությունները,  31.1%-ի կարծիքով` արտասահմանում ուսման մասին տեղեկությունների պակասը Հայաստանում, 25.6%-ի կարծիքով`  անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման և լրացման դժվարությունները, 23.1%-ի՝ կարծիքով ընթացակարգերի երկար տևողությունը, 21.1%-ի կարծիքով` իրենց նախընտրած դասընթացների բացակայությունը:
Նշվում է նաև, որ բուհական համակարգում անխուսափելի են վարձավճարների և աշխատավարձերի բարձրացման հետ կապված կոնֆլիկտները, քանի որ մոտակա 10 տարիների ընթացքում նվազելու է բուհական տարիքի երիտասարդների քանակը, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի քանակը չի կրճատվում և առկա է ինֆլյացիա: Այդ կոնֆլիկտները կոնստրուկտիվ հունով կարգավորելու համար առաջարկվում է թափանցիկ և ընկալելի դարձնել բուհերի բյուջեները: Այդ դրույթի հետ համաձայն են ուսանողների 47.2%-ը, հատկապես նրանք, ում համար դժվար է ուսման վարձի վճարումը:

Դրամաշնորհներ ստացան երիտասարդ գիտնականները

DSC_2718Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գիտական դրամաշնորհների հանձնման արարողությունը:

ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրման գործընթացին: Ինչպես տեղեկացրեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, եռակողմ համագործակցության արդյունքում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցներից հատկացված 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը (5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) տրամադրվեց մինչև 35 տարեկան այն երիտասարդ գիտնականներին, որոնց աշխատանքները ներկայացվել են ANSEF 2014թ. դրամաշնորհային մրցույթին և փորձագիտական հանձնախմբի կողմից ճանաչվել լավագույնը: «2014թ. մրցույթին հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող են ճանաչվել 31-ը: Ուրախալի է, որ գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր երկրում գիտության ապագան փայլուն ձեռքերում է, և ՀՀ նախագահի կողմից աջակցումը երիտասարդ գիտնականներին նպաստում է, որպեսզի վերջիններիս ակտիվությունն էլ ավելի մեծանա»,- ասաց Գևորգ Վարդանյանը։

Նշենք, որ հաղթող գիտական թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 2-ն աստղագիտության, 1-ական էլեկտրոնիկայի, կեսաինֆորմատիկայի, բժշկագիտության և էկոլոգիայի ոլորտներից են:

Անցած 14 տարիների ընթացքում ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետազոտական խորհրդին ներկայացվել են 1500-ից ավելի դիմում-առաջարկներ: 342 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել մոտ 1330 գիտնականներ, ստացել են դրամաշնորհներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 710 հազար ԱՄՆ դոլար:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ազգային ինքնության բացահայտման ևս մեկ միջոց

Yervand-Zoryan-Աշխարհասփյուռ հայությունն իր երկրի արմատներին ու պատմությանը կառչելու ևս մեկ հնարավորություն ունի: Հայկական վիրտուալ համալսարանն իր նորարարության շնորհիվ ևս մեկ անակնկալ է մատուցում մեր հայրենակիցներին: Խոսքը վերջերս թողարկված «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքն է, որն ընթերցելու մի քանի տարբերակներ է առաջարկում ընթերցողներին` թե՛ խտասկավառակով, թե՛ առցանց: Գրքի հեղինակը մեր սփյուռքահայ բարեկամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանն է, որի հետ է մեր զրույցը այս կապակցությամբ:

– Որքանո՞վ է գիրքն արդիական և սփյուռքում ունե՞նք կրթական համայնք, որի համար դեռևս ազգապահպանման գործոնը չի կորցրել կարևորությունը:

– Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` կրթական համայնք է ձևավորում նաև հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող և գործում է արդեն մի քանի տարի: Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի և մատչելի կրթություն` մշակութային, կրթության և այլ ուղղություններով: Համալսարանը նպատակ ունի նաև համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով, որի առաջին թողարկումն այս գիրքն է: Այն բավական սպասված էր ուսանողների շրջանում, և կարծում եմ` ըստ արժանվույն կգնահատվի: Այն համարվում է ՀՎՀ-ի նորարար էլեկտրոնային մատենաշարի առաջին գիրքը` «Հայկական լեռնաշխարհ» անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը: Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը և վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով:
– Իսկ ինչո՞ւ թեմայի ընտրությունը կանգ առավ հայկական լեռնաշխարհի վրա:
– «Հայկական լեռնաշխարհի» թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը, հենց հայկական լեռնաշխարհով է պայմանավորված մեր պատմության և ազգային ճակատագրի առանձնահատկությունները:
– Իսկ թողարկումը միայն հայալեզո՞ւ է, թե՞…
– Ոչ, գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա արևելահայերեն և անգլերեն, այնուհետև արևմտահայերեն և ևս 4 լեզվով` թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն և այլն: Գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը և նրանց ակնկալիքները գրքից, ուստի փորձ է արվել տեղեկությունները մատուցել մատչելի լեզվով` միաժամանակ ապահովելով ոճային ինքնատիպությունը:
Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատելու իրենց առաջընթացը, առանձնացնելու ժամանակաշրջանի կարևորագույն իրադարաձությունները և ծանոթանալու հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:
– Ինչպե՞ս կարող է ընթերցողը ձեռք բերել այն:
– Գիրքը բոլորի համար կլինի անվճար և ամենուրեք հասանելի: Բացի թողարկված տեսաերիզներից, ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով և այլն:
– Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիությունը, և ի՞նչ աղբյուրներ են օգտագործվել:
– Դրանք վերցվել են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից և այլն: Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր` շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ և մանրակրկիտ ուսումնասիրությունների: Գրքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ, նյութը մեկնաբանվում է տեսաշարի ձևով, տեսողական 3D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամանակագրությամբ, դինամիկ քարտեզներով և այլն:
– Կլինե՞ն նոր թողարկումներ:
– Այո, նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը, որոնցից երկուսը, ի դեպ, նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա և կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը: Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ` ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ և այլն: Այդ գրքերի միջոցով կընդլայնվի նաև ՀՎՀ-ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը: Ի դեպ, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս վիրտուալ գրքի թողարկմանը, և այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը: Կարծում եմ, ինչպես այս, այնպես էլ հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում:
Լ. Ն

Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ

համագործակցությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային:
Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:
Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. Բուցկովան ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված բուհական ծրագրերը, որոնք նպատակ ունեն նպաստել անդամ երկրների միջբուհական կապերի զարգացումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի համագործակցության, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:Այդ նպատակով նախարարի նախաձեռնությամբ հիմնադրամի պատասխանատուները հանդիպումներ կունենան նաև  Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ և կքննարկեն ըստ ուղղությունների համատեղ դրամաշնորհային ծրագրերի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի շարժունության ապահովմանը միտված նախաձեռնություններ:
Վիշեգրադյան գործընթացում ներգրավված երկրներն են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:

 

« «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական». Աշոտ Բլեյան

բլեյան«Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ այսուհետ պետական ծրագրերով արտերկրում ուսանելու մեկնող անձանց տարկետման իրավունք տրվելու է Կառավարության կողմից՝ համապատասխան գրավի դիմաց:

ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ ձևով իրենք փորձում են փակել բոլոր այն դռները, որոնցով մարդիկ կխուսափեն ծառայությունից:

«Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Նա, ով ընտրում է պետության կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագիր, պարտավոր է հաշվի նստել պետության հետ: Նախարարության առաջնահերթ խնդիրը կրթություն ստանալն առաջնային նպատակ դարձնելն է: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, այն է` սովորելու մեկնեն նրանք, ում համար առաջնահերթությունը կրթությունն է»,- ասաց Տիգրան Սահակյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանն էլ նկատեց, որ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ հարցը չի լուծվում, ընդհակառակը, այդ օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ կարևորը «Զինապարտության մասին» օրենքի փոփոխության նպատակն է, որը հստակ չէ: Անդրադառնալով գրավի չափին` Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ 8.5 միլիոն դրամը ողջամիտ չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ 8,5 մլն դրամ գույքային գրավը վերաբերում է միայն միջկառավարական համաձայնագրերով արտասահման ուսման մեկնող ուսանողներին։

Հարաբերություններում բոյը նշանակություն ունի

o_894161 (1)Ռայսի ու Հյուսիսային Տեխասի համալսարանների մասնագետները սիրահարված զույգերի հետ հարցազրույց են ունեցել, պարզելու, թե որքան կարևոր է բոյը հարաբերություններում:

Պարզվեց, որ ժամանակակից աշխարհում, որտեղ ավանդական շատ հայացքներ ոտնահարվում են,  կանանց մեծամասնությունը, ինչպես և դարեր առաջ, գերադասում են հանդիպել իրնցից բարձրահասակ տղամարդկանց հետ: Գիտնականները բացատրում են, որ նման ցանկությունը պայմնավորված է այն բանով, որ բարձրահասակ տղամարդու հետ կինն ավելի պաշտպանված է զգում, ու այդ ձգտումն ու պահանջը նրա մեջ գենետիկորեն է  դրված:

Ոորոշ կանայք հարցման ընթացքում հայտարարել են, որ իրենց դուր չի գալիս “տղամարդու աչքերի մեջ` ներքև նայել”, որ չեն կարողանում իրենցից ցածրահասակ տղամարդու հետ գեղեցիկ գրկախառնվել ու նման բաներ: Այդպիսով, կանանց համար կարևոր է հարցի գեղագիտական կողմը, մինչդեռ տղամարդկանց համար, մեծ հաշվով, մեկ է, թե աղջկա բոյն ինչքան է:

Հարցված տղամարդկանց ընդամենը 13,5 %-ն է ցանկություն հայտնել հանդիպելու իրենցից ցածր հասակով կանանց հետ: Իսկ մասնակից կանանց գրեթե կեսը հայտարարել է, որ ցանկանում է կողքին բարձրահասակ տղամարդ տենել:

“Զույգը որտեղ տղամարդը կնոջից բոյով է` յուրաքանչյուրը կատարում է իրեն հատկացված  դերը` տղամարդը պաշտպանում ու իշխում է, իսկ կինը ենթարկվում, ջերմություն ու քնքշություն է պարգևում”,-կարծում է Հյուսիսային Տեխասի պրոֆեսոր Ջորջ Յանսին: Գիտնականը նման նախապատվությունները բացատրում է  ավանդական սոցիալական սպասումներով ու գենդերային կարծրատիպերով, որոնք տարիների ընթացքում են դաստիարակվել գեղեցիկ  և ուժեղ սեռերի ներկայացուցիչների մեջ:

Անկախ

Հայտնի են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները

բիլայն Հայտնի են դարձել այն ուսանողներն, ովքեր հաղթող են ճանաչվել «Beeline Scholarship» ծրագրի շրջանակում՝ արժանանալով «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող կրթաթոշակներին։  ԿԳ նախարարության ներկայացուցիչների ու անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը ծրագրի երկրորդ փուլում հարցազրույցների ընթացքում 178 ուսանողից ընտրել է  95 հաղթող:

 

Առավելագույն թվով կրթաթոշակների արժանացել են Երևանի պետական համալսարանի ուսանողները: Ընդհանուր առմամբ, նրանք կազմում էին հաղթողների 30%, որոնց հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս համալսարանից կրթաթոշակ կստանա ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված ուսանողների 12.5%: Ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:

 

Կրթաթոշակների համար պայքարում էին նաև մարզերում գործող համալսարանների ուսանողները: Այստեղ առաջատարն էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղից երեք ուսանող կստանա կրթաթոշակ:

 

Հաղթող մասնակիցների շրջանում տոկոսային հարաբերությամբ գերիշխում են աղջիկները` կազմելով  կրթաթոշակին արժանացած ուսանողների 70%–ը։

 

«Beeline Scholarship» ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ երիտասարդները տաղանդաշատ են և խելացի։ Վստահ եմ, որ նրանց լավ ապագա է սպասվում, քանի որ այս երիտասարդներն իրենց ստեղծարար և նորարար մտածողությամբ հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին և ապացուցեցին, որ կարողանում եմ քայլել ժամանակակից աշխարհի պահանջներին ընդառաջ։ «ԱրմենՏել» ընկերության  աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերը հետապնդում են մեկ հիմնական նպատակ՝ դարձնել մարդկանց կյանքն ավելի լավ, և այս ծրագիրը համարում եմ այդ նպատակին հասնելու լավագույն դրսևորումներից մեկը»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

«Մեզ համար ուրախալի էր տեսնել, թե որքան հետաքրքրական ու նորարար են ուսանողների առաջարկները: Հանձնաժողովը մի քանի  օր շարունակ լսում էր ուսանողներին և ընտրել է լավագույններին: Հուսով եմ, նրանք կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 

Նշենք, որ «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին: «Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող:

 

Կրթաթոշակից բացի, հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի։

 Անկախ

« «Արմթաբ»-ը չի զիջի շուկայի մյուս առաջատարներին». Վահան Շաքարյան

Վահան Շաքարյան«Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանի խոսքով` հայկական «Արմթաբ» պլանշետը շուկայի առաջատարներին չի զիջելու ոչ մի բանով և մոտ 50 %-ով ավելի էժան է լինելու:

«Դեռևս գնի մասին չենք կարող խոսել, որովհետև հաշվարկներ պետք է արվեն: Հույս ունենք, որ մինչև մայիսի վերջ կունենանք արտադրություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահան Շաքարյանը:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր «Արմթաբ» պլանշետը Հայաստանո՞ւմ չի արտադրվում, այլ Չինաստանում` Վահան Շաքարյանը նշեց, որ ամեն անգամ արտադրություն իրականացնելիս իրենք Հայաստանից գնում են Չինաստան, որպեսզի կանգնեն արտադրության գլխին և վերահսկեն որակյալ արտադրությունը, իսկ դա մեծ գումարների հետ է կապված: Որոշում ընդունվեց, որ այդ արտադրական մասը Չինաստանից տեղափոխվի Հայաստան՝ «Միննո»-ի արտադրության համար։

«Միևնույն ժամանակ որոշեցինք արտադրության ընթացքում ստեղծել «Արմթաբ»-ը, որը «Միննո»-ի հետ միասին կարտահանվի ԱՊՀ և արաբական երկրներ ո՛չ թե որպես «Միննո», այլ որպես «Արմթաբ»: Այսօր ժամանակն է, որ բոլորս գնահատենք Հայաստանում եղած ինտելեկտուալ կարողությունները»,- ասաց Վահան Շաքարյանը` ավելացնելով, որ արդեն 3 տարուց ավելի է, ինչ իրենք Չինաստանում «Միննո» են արտադրում: «Հայաստանի շուկան այս ասպարեզում զարգացած չէ, դրա համար էլ իրենց հիմնական նպատակը «Միննո»-ի արտահանումն է։

Վահան Շաքարյանի խոսքով` իրենք չեն էլ պատրաստվում պայքարել Apple-ի կամ Samsung-ի հետ։ Իրենք դա չեն ցանկանում, դա ինքնասպանության նման կլինի:

 Անկախ

 

Հանրային նշանակության հարցեր` ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում

կՏեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր երկու հարց` “Գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման սկզբունքները, մեթոդաբանությունը և չափորոշիչները” և “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության  2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում”: Բացելով նիստը` նախարարն ընդգծել է, որ այս տարի կոլեգիան ավելի արդյունավետ գործունեություն է ծավալելու` քննարկելով հանրային նշանակության մի շարք խնդիրներ: Անդրադառնալով առաջին հարցին` Արմեն Աշոտյանը նշել է, որ փաստաթուղթը ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմը մշակել է ՀՀ վարչապետի հանձնարարականով, որի կապակցությամբ մի շարք աշխատանքներ արդեն կատարվել են: “Թեման արդիական է` և’ բովանդակային, և’ կառավարչական իմաստով: Կարևորելով վերոնշյալ հարցը` գիտության հետագա զարգացման և ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների տեսանկյունից, ակնկալում եմ բուռն քննարկում”,-նշել է Ա. Աշոտյանը: Հիմնական զեկուցող` Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանն իր ելույթում նշել է, որ թեման, իրոք, խիստ արդիական է. մի շարք երկրներում բազային ֆինանսավարումը կատարվում է համապատասխան վարկանիշներով:  Ս. Հարությունյանը ներկայացրել է փաստաթղթի իրավական հիմքերը, բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները, մասնավորապես, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի/նախագծերի  իրականացման, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և գիտական կադրերի պատրաստման ծրագրերի դեպքերում:  Գիտպետկոմի նախագահը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման մեթոդաբանությունը, որը  սահմանում է գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները և դրանց հաշվարկման կարգը` ընդգծելով գիտական հետազոտությունների արդյունավետությունը /1 գիտական աշխատողի հաշվարկով` նախորդ 5 տարիների կտրվածքով/, կադրային ներուժը, նյութատեխնիկական ապահովվածությունը, միջազգային գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, հանրապետական գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, գիտական արդյունքի առևտրայնացման մակարդակը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը: Զեկույցի վերջում Ս. Հարությունյանը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման չափորոշիչները և ԳԱՑ-ի գնահատման հիման վրա գիտական կազմակերպությունների ընդգրկման կատեգորիաները: Զեկույցի ավարտին բանախոսը պատասխանել է կոլեգիայի անդամների հարցերին: Օրինակ, նախարարին հետաքրքրում էր գիտության ոլորտում մեթոդաբանության մշակման խնդիրը, մասնավորապես,  թե վարկանիշավորումն ինչպիսի ֆինանսական ազդեցություն է ունենալու գիտական հիմնարկների վրա` կարևորելով վստահությունը մեթոդաբանության հանդեպ և վարկանիշավորումը հանրային կառույցի պատվիրակելու պատրաստակամությունը: ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը ներկայացրել են փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Կոլեգիայի նիստի երկրորդ` “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության  2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում” հարցը ներկայացրել է տեսչության պետ Ա. Կարապետյանը: Նա, մասնավորապես, ներկայացրել է Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերի ավագ  դպրոցների, ինչպես նաև ՀՀ 146 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը: Աժ պատգամավոր Ռ. Մուրադյանն իր դիտարկումներն է ներկայացրել հաշվետվության վերաբերյալ` ընդգծելով, որ անհրաժեշտ է “կրթության որակին” տալ իրավական սահմանում: Բացի այդ, նա անդրադարձել է նաև մանկավարժների համակարգչային հմտությունների խնդրին: Կոլեգիայի անդամներին հետաքրքրել է նաև մանկավաժական ստաժի և աշխատանքի արդյունավետության հարաբերակցության, մեթոդաբանության, տարակարգ ունեցող ուսուցիչների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՀ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը նշել է, որ 2011 թվականից ի վեր, ինչ ԿՏՊ-ն իրականացնում է ուսումնասիրություններ դպրոցներում, տարիների ընթացքում կուտակված մի շարք խախտումներ, մասնավորապես, վեց տարեկան երեխաների ընդունում, անօրինական փոխադրումներ, ռուսական դասարաններում անօրինական պահում, ընդհանրապես վերացել են: Ծավալվել է բուռն քննարկում` ներկայացված կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության մեթոդաբանության շուրջ: Նախարար Ա. Աշոտյանը, ամփոփելով քննարկումները, նշել է, որ ԿՏՊ-ն նման լայնածավալ ուսումնասիրություն կատարում է առաջին անգամ, ուստի բնական էր` կոլեգիայի նիստին նման բուռն քննարկումը:
Նիստի ավարտին կոլեգիան կայացրել է համապատասխան որոշում:

ԿԳՆ-ն հայտարարում է տարբերանշանի մրցույթ, մրցանակը` 300 հազար դրամ

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայատարարում է միջոցառման տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ անձինք:
Տարբերանշանը պետք է արտացոլի եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր:
Մրցույթի հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝
Առաջին տեղ՝ 300 հազար դրամ,
Երկրորդ տեղ՝ 200 հազար դրամ,
Երրորդ տեղ՝ 100 հազար դրամ:

Մրցութային աշխատաքները /տպագիր և էլեկտրոնային/ ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Անհրաժեշտ է աշխատանքներին կից ներկայացնել նաև մասնակցի վերաբերյալ տեղեկություն/կազմակերպության պարագայում իրավաբանական անձի տվյալները, իսկ ֆիզիկական անձը՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե, կոնտակտային տվյալներ/:
Մրցութային հանձնաժողովում ընդգրկված կլինեն կրթության, գիտության և մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ: Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը կպատկանի ՀՀ ԿԳՆ-ին:
 Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի  մարտի 10-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն մինչև 2014 թվականի  մարտի 28-ը: 
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով՝ Երևան,Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն, սենյակ 639:
Հեռ. 52-73-43, էլփոստ՝ [email protected]