ԿԳ նախարարը պաշտոնական այցով Վրաստան կմեկնի

Արմեն-ԱշոտյանՎրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Ն. Վարդանյանը և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը: Նախատեսված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական գիտակրթական համագործակցության ընդլայնման, Վրաստանում հայ համայնքի կրթական խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Իվան Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, ինչպես նաև Իլյայի պետական և Վրաստանի տեխնիկական համալսարաններ, որտեղ հանդիպումներ կունենա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև հայ և վրացի ուսանողների հետ, հանդես կգա դասախոսությամբ: Այցի շրջանակներում ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ուսուցիչների վերապատրաստման Ազգաին կենտրոնում հանդիպում կունենա հայ ուսուցիչների հետ: Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր` Իլյայի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև:

Անկախ

ԵրՃՇՊՀ-ն վերածվել է հիմնադրամի

երճշպհՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը դեռ մեկ տարի առաջ քննարկել է պետական համալսարանները ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպելու հարցը և եզրակացրել, որ այն բխում է Բոլոնյան գործընթացի պահանջներից և մեկ քայլ առաջ է համալսարանների ինքնավարության ապահովման տեսակետից: Խորհուրդը ողջունել է դեռևս 2012թ. այս ուղղությամբ կատարված առաջին քայլը, որով Հայաստանի պետական ագրարային համալսարանը վերակազմակերպվեց որպես հիմնադրամ:

Այսօր կայացած նիստում Կառավարության որոշմամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի է վերածվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Ակնկալվում է, որ նորաստեղծ հիմնադրամը ավելի մեծ հնարավորություն կունենա բարելավել կրթության որակը, ճկուն և արդյունավետ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների, ավելացնել պետբյուջե մուծվող հարկերը:

Անկախ

Օտարերկրյա բուհերում սովորողների համար կսահմանվեն հավասար պայմաններ

նիստ-կգԱյսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

 լեզվաբանական համալսարանՁևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

 լեզվաբանական համալսարանՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ողջույնի խոսքում շնոհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար, համալսարանի ռեկտոր  Գայանե Գասպարյանը վստահեցրել  է, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա:

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ուսանողներին հակիրճ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած փառավոր ուղին, կազմավորման փուլերը, առանձնահատկությունները, պաշտպանական բարեփոխումները, խոսել է առկա բացթողումների և մարտահրավերների, ինչպես նաև` ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարների շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև պատասխանել է կրթօջախի դասախոսների և ուսանողներին  հուզող հարցերին:

Միջոցառման ավարտին ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բուհում հայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա պահելու համար Սեյրան Օհանյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին և պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է գերատեսչական մեդալներով: Համալսարանի մի շարք դասախոսներ ու ուսանողներ արժանացել են նաև պատվոգրերի:

Ուսումնական հաստատության գիտական խորհրդի որոշմամբ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  պարգևատրվել է համալսարանի Ոսկե մեդալով:

 Անկախ

Հայ գիտնականներն ավելի բարձր արդյունք են ապահովում, քան Վրաստանի և Ադրբեջանի գիտնականները միասին. ԳՊԿ նախագահ

Սամվել ՀարությունյանԳՊԿ տվյալներով Հայաստանում գիտության ոլորտում աշխատում է 7500 մարդ, որոնց 30 տոկոսը (2250 մարդ) գիտաշխատողներ են: Նրանցից 1200-ը  հոդվածներ են տպագրում միջազգային ռեյտինգային ամսագրերում և աշխատանքի բարձր ցուցանիշ են ապահովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով` Թոմսոն Ռոյթերսի հրապարակած տվյալների համաձայն` հայաստանյան գիտնականները 2013-ին միջազգային հեղինակավոր ամսագրերում 750 հոդված են տպագրել, ինչը ավելին է, քան Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները միասին վերցրած:

« Չէի ասի, որ կարելի է շատ հպարտանալ այս ցուցանիշով, քանի որ ավելիին ենք ի վիճակի: Հույս ունեմ, որ այս արդյունքները  գնալով կլավանան: Իհարկե, եթե բյուջեն ավելի մեծ լիներ, ավելի լավ արդյունք կունենայինք»,- ասում է Հարությունյանը:

ԳՊԿ նախագահն ասում է, որ 2014-ին գիտության բյուջեն 1,3 մլրդ դրամով ավելացել է նախորդ տարվա համեմատ` կազմելով 12,6 մլրդ դրամ:

Գիտությունը երևի միակ ոլորտն  է, որի ֆինանսավորման չափաբաժինը որոշվում է օրենքով, այսինքն համամասնորեն բյուջեի ավելացմանն ավելանում է  նաև գիտության բյուջեն. «Համարում եմ, որ սա բավականին փոքր բյուջե է, եթե ավելի շատ լիներ, ավելի շատ աշխատանք կարվեր և ավելի լուրջ արդյունքներ կարող էինք ունենալ: Բայց մեր պետության հնարավորությունն առայժմ սա է: Համոզված եմ, որ նոր հնարավորություններ առաջանալու պայմաններում գիտությունն անմասն չի մնա»:

Խոսելով գիտական թեմաների ֆինանսավորման գործընթացից, ասում է, որ այժմ միջազգային մակարդակով է փորձաքննություն իրականացվում, ինչի հետևանքով տուժել են տեղայնացված մակարդակով հետազոտություններ կատարողները, և նման պայմաններում կարող են դժգոհություններ լինել:

« Գիտնականը պետք է ունենա միջազգային հրապարակումներ, պետք է ճանաչված լինի նաև դրսում, գիտական աշխատանքը արժեք ունի, եթե այն  կարդում են ոչ միայն կողքի լաբորատորիայում, այլ նաև այլ հանրապետություններում: Բնականաբար, մարդիկ, ովքեր տեղայնացված համակարգով էին աշխատում, տուժեցին,- ասում է Հարությունյանը:- Հիմա գիտնականը պետք է հասկանա, որ մրցույթում հաղթելու համար պետք է հրապարակվի լավ ամսագրերում, նորմալ թիմ ընտրի, ոչ թե իր ընտանիքի անդամներին ընդգրկի: Այսինքն բազմաթիվ պայմանների պիտի համապատասխանի մրցույթում հաղեթելու և ֆինանսավորում ստանալու համար»:

Խոսելով երիտասարդ գիտնականներին խրախուսելու մասին` ասում է, որ տարեկան մոտ կես մլրդ դրամ է հատկացվում երիտասարդ գիտնականներին. 150 մլն բյուջեով է նախատեսված, նաև գրանտային ծրագրերում պարտադիր պայման է, որ գոնե մեկ երիտասարդ գիտնական ընդգրկված լինի. « Առայժմ այսքանն ենք կարողանում անել»:

Հարությունյանն ասում է, որ նախորդ տարի առաջին անգամ գիտական սարքավորումներ ձեռք բերելու մրցույթ է անցկացվել, որի համար հատկացվել է 305 մլն դրամ: Նման մրցույթ կանցկացվի նաև այս տարի: 2013-ին 5 հետազոտական լաբորատորիա է ձեռք բերվել:

Հումանիտար ոլորտում լաբորատորիաներից մեկը մատենադարանի համար է` թվայնացման աշխատանքներ իրականացնելու համար, մյուսը` հնագիտական ուսումնասիրությունների համար է նախատեսված: «Պետք է աշխատենք առաջիկա տարիներին ևս մի քանի նոր սարք ձեռք բերել, որպեսզի մեր գտածոները փորձաքննություն անցնեն ոչ թե տարբեր  երկրներում, այլ Հայաստանում: Հաճախ  գտածոն ուղարկում են այլ երկիր փորձաքննության, և  տարօրինակ պատասխաններ են գալիս, քանի որ պատմությունը նաև քաղաքականություն է: Դրա համար որոշեցինք մեր սեփականն ունենալ: Մոտ ապագայում այդ լաբորատոր սարքերը  ձեռք կբերենք, և հնագիտական  փորձաքննությունները Հայաստանում կիրականացնենք»,- ասում է Հարությունյանը:

Մյուս երեք լաբորատորիաները բնագիտական ոլորտի համար են` տեղակայվել են  Ռադիոֆիզիկայի  ինստիտուտում, Ճարտարապետության և շինարարության   պետական համալսարանում և Ֆիզիկայի ինստիտուտում:

«Ժամանակակից գիտության մեջ լուրջ գիտական արդյունքներ ակնկալելու համար պետք է ժամանակակից  սարքավորումներ ունենանք»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ հնարավորության դեպքում սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվող գումարները կավելացնեն:

Ասուլիսի ընթացքում ներկայացված  գիտության ոլորտում 2013-ի ամփոփմանն ու 2014-ի անելիքների մանրամասներին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության անդամ

UITEՀայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության լիիրավ անդամ` նպատակ հետապնդելով համատեղ ուժերով բարձրացնել «Made in Armenia» ապրանքանիշի ճանաչելիությունը, աջակցել գիտահետազոտական աշխատանքներին ու հայկական արտադրությանը:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին և զբաղվում է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությամբ: Արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետ (Armtab) և առաջին հայկական հեռախոս (Armphone): Պլանշետի ծրագրային և սարքային ապահովման դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը համախմբում է ավելի քան 60 տեղական և արտերկրյա կազմակերպություն, զբաղվում է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանությամբ, մասնավորապես` հարկային, մաքսային, իրավական խնդիրների լուծման աջակցությամբ: Միությունն իրականացնում է նաև ոլորտային զարգացման խոշոր ծրագրեր, ինչպիսիք են «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը, կազմակերպում է միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը , Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության Մասին

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.` ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել Տեղեկատվական, Հեռահաղորդակցության և Բարձր Տեխնոլոգիաների ոլորտի միջազգային առաջատար՝ ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների և հատկապես միության անդամների համար` ապահովելով գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրեր և շահերի պաշտպանություն՝ իրավական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը կոնսոլիդացնող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:

 Անկախ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց

ՊՆ, Ջոն Կիրակոսյանի դպրոցՀՀ պաշտպանության նախարարությունից Անկախին հայտնեցին, որ հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «ԻԴԵԱ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ:

ՊՆ, Ջոն Կիրակոսյանի դպրոցԱյցելությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Սեյրան Օհանյանը և Ռուբեն Վարդանյանը եղել են ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ դպրոցում ստեղծված վիրտուալ հրաձգարանում, ռազմամարզական և խաղային հրապարակներում, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության կաբինետում, որը կրում է դպրոցի շրջանավարտ, Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանի անունը: Հյուրերը հետևել են դպրոցի աշակերտների միջև վիրտուալ հրաձգարանում կազմակերպված մրցույթին:

Աշակերտները հյուրերի համար նաև Հայոց բանակին նվիրված երաժշտական ներկայացում էին պատրաստել: Ներկայացման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի հետ մարտի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու:  Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:

 Անկախ

Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը

համակարգՀունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:

Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,
կարևորելով  վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: “Համակարգը նպատակ ունի ոչ թե  խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ  աշխարհի այն երկրներից  մեկը, որը կունենա ազգային վարկանիշավորման  համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետևողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ: Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները”,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդծելով, որ  հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ: Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի  շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանիշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել: “Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են.  ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի ՝քաղաքային և գյուղական,  ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը”,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
Նախարարի տեղակալի խոսքով`  վարկանիշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանիշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի փորձնական տվյալները.  “Մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը ու կազմվել վարկանիշները` հինգ տասնյակին մոտ ցուցանիշների հիման վրա: Վարկանիշավորման համակարգը ներկայացված է առանձին ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ դպրոցների վարկանիշավորման իրենց նախընտրած սանդղակը:  schoolrate.armedu.amկայքն  արդեն հասանելի կլինի հունվարի 20-ից: Կայքում տեղակայված է դպրոցների ընդհանուր վարկանիշը, գործում են “Աշակերտների ուսումնառություն”, “Ուսուցիչներ”, “Դպրոցի ակտիվություն”, “Կառավարման արդյունավետություն” բաժինները: Հնարավոր է դպրոցների վարկանիշավորումը ստանալ` ըստ մեկ չափանիշի` ընտրելով 49 ցուցանիշներից յուրաքանչյուրը”,- տեղեկացրել է Ա. Պողոսյանը:
Վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է   2013թ-ին , որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով  ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ:

Անկախ

Հայոց լեզվի բառապաշարի հարստացմանն ուղղված նոր խաղ «Dasaran.am»-ի կողմից.

Նկար«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը,   հավատարիմ Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը միտված իրենց առաքելությանը, հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների  հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ ևս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության արդիականացումը խթանելու արդունավետ միջոց:

«Բառերի տիեզերք»-ը, որը բաղկացած է բարդության տարբեր աստիճանի հոմանիշների և հականիշերի բաժիններից, կօգնի մեր աշակերտներին ինտերակտիվ եղանակով հարստացնել հայոց լեզվի իրենց զինանոցը: Խաղի հետաքրքրաշարժ բովանդակությունը և տպավորիչ դիզայնը հնարավորություն կտան աշակերտներին ինտերակտիվ կերպով հաղորդակցվել ոսկեղենիկ հայոց լեզվի ողջ հմայքին՝ պարտավորեցնելով վերջիններիս  խոսել ավելի հարուստ և գեղեցիկ հայերեն: Այս մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ խաղային եղանակով սովորելու մեթոդը ձերբազատում է աշակերտին կրթության պարտադրանքի կարծրատիպից՝ վերածելով այն հաճույքի և այդպիսով արդյունավետորեն նպաստելով նոր սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը:

«Dasaran.am» կրթական հարթակն էլ խաղը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 930 դպրոցների աշակերտներին՝ ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ դրա լայն տարածման և բարձր արդյունքներ գրանցելու համար:

«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներմուծման եղանակով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են

Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

«Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ բոլոր բաժանորդները վայելում են ծրագրի ծառայություններից անվճար հիմունքներով օգտվելու առանձնաշնորհ:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

 Անկախ

Կրթության նախարարների համաժողով` Լոնդոնում

լոնդոնՄիացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը  հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաև կրթական համակարգի կարիքների, ռազմավարության և բարեփոխումների  իրականացման վերաբերյալ քննարկումներ: Նախատեսվում են նաև նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումները մի շարք երկրների կրթության նախարարների հետ:

Անկախ

Աշոտյանն առաջարկում է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը

Արմեն-ԱշոտյանԱրմեն Աշոտյանն առաջարկում է մեր երկիրը վերանվանել` այն կոչելով Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Աշոտյանն  առաջարկը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում` կոչ անելով քննարկել ու կարծիքներ հայտնել: Աշոտյանը գրում է. «Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:

Խոսքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին է: Հանրային քննարկումներն առավել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական և կառավարման համակարգերի փոփոխությունների վրա:  Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում:

Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:  Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմնադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում:  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է:  Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:

Անկախ

Մայիսի 16-ը` ուսանողության օր

ԵՊՀԱյսօր տեղի ունեցած նիստում  Գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:

Անկախ

Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

նիստԱյսօր կայացած Կառավարության նիստում նաև կրթության ոլորտին առնչվող որոշումներ են ընդունվել:

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:

Անկախ

Ա. Աշոտյան. «Ներքին կարգերը պետք է դարձնել ավելի ուսանողակենտրոն»

Արմեն-ԱշոտյանԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը և 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ  թեև ԵՊԲՀ-ում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, սակայն  նախարարության ակնկալիքները բուհից  ավելի մեծ են: “Կան որոշակի տեսանելի խնդիրներ, որոնց լուծումը ես համարում եմ առաջնային: Դրանցից կարևոր եմ համարում արդյունավետ կրթական գործընթացի  կազմակերպումն ամբիոններում: Շատ ամբիոններում գործող կարգերը բավարար արդյունավետ չեն, ինչի անուղղակի արտահայտումը կարելի է համարել նաև այն, որ հերթական քննաշրջանի ժամանակ բժշկականի ուսանողները հայտնվում են ամնենաշատ լուծարք ունեցողների շարքում: Սա հարուցում է ուսանողների դժգոհությունը, որը հանրային արձագանք է ստացել նաև մամուլում: Իմ պահանջը հետևյալն է՝ չիջեցնելով կարգապահության նշաձողը՝  ներքին կարգերը դարձնել ավելի ուսանողակենտրոն: Հաջորդ կարևոր խնդիրը, որն ընդհանուր է բոլոր բուհերի, այդ թվում նաև բժշկական համալսարանի համար, դա գիտական բաղադրիչի ծավալային մեծացումն է: Բուհերը չեն ուզում սեփական միջոցները ծախսել գիտության զարգացման վրա՝ դա թողնելով առավելապես պետության վրա: Նախապատրաստվում է օրինագիծ, որով ամրագրվում է, որ բուհական բյուջեների որոշակի տոկոսը պարտադիր պետք է հատկացվի գիտությանը”,- նշել է նախարարը: Ա.Աշոտյանն իր խոսքում շեշտել է նաև, որ ԵՊԲՀ-ն գտնվում է  միջազգային հավատարմագրման փուլում և միջազգային կազմակերպության կողմից անցկացված դիտարկման արդյունքով 10 չափանիշներից 7-ը դրական է գնահատվել:

2013 թվականին ԵՊԲՀ ֆինանսական մուտքերը կազմել են 1 մլրդ 426 մլն դրամ, որից շուրջ  720 մլն դրամը կազմել է աշխատավարձի ֆոնդը: Համալսարանական կլինիկաների մուտքերը ապահովվել են 97 տոկոսով և կազմել  3 մլրդ 311 մլն դրամ՝ նախատեսված 3 մլրդ 400 մլն-ի դիմաց, որի 65 տոկոսը կազմել է բուժհաստատությունների անձնակազմի աշխատավարձը: Կլինիկական հաստատությունների բյուջեները ձևավորվել է պետական պատվերի և վճարովի ծառայությունների մուտքերից:
Նիստի ընթացքում ռեկտորը, ներկայացնելով  2014 թվականի բյուջեի նախահաշիվը, նշել է, որ ֆինանսական հոսքերի կառավարման օպտիմալացում է նախատեսվում և  պատասխանել է նաև կառավարման խորհրդի անդամների հարցերին: Մասնավորապես ուսանողական խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվել են կլինիկական օրդինատուրայի  ուսումնառությանը վերաբերող  խնդիրներով:
Նիստի ավարտին կառավարման խորհուրդը հավանություն է տվել ԵՊԲՀ 2013 թվականի հաշվետվությանն ու 2014 թվականի բյուջեի նախագծին:

 

Անկախ

Արմեն Աշոտյանը ներկայացրել է 2014 թվականի գերակա խնդիրները ԿԳ ոլորտում

արմեն աշոտյանՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ “2014 թվականի գերակա խնդիրները և ծրագրերը” թեմայով: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարվա այն անելիքները, որոնք, ըստ Ա. Աշոտյանի, թույլ կտան ևս  մեկ քայլ առաջ տանել կրթական բարեփոխումները: Նախարարի խոսքով` այս տարի առաջարկվել են այնպիսի գերակա խնդիրներ, որոնք մի կողմից` նախորդ տարիների բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են, մյուս կողմից` նոր ակնկալիքներ են ձևավորում շահառուների մոտ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընթացիկ տարվա ընթացքում կշարունակվի դասագրքերի փորձարկման գործընթացը. մեկ տարի շուրջ 80 դպրոցում կփորձարկվեն դասագրքերը, ապա կլրամշակվեն և նոր միայն կմտնեն դպրոց: “Այս գործընթացը մեզ թույլ է տվել կտրուկ նվազեցնել դասագրքերում առկա անճշտությունների և վրիպակների քանակը և պատահական չէ, որ վերջին տարիներին հասարակությունը և մասնագիտական հանրույթը լուրջ դժգոհություններ չունի` դասագրքերի որակի հետ կապված”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս տարի կլրամշակվի նաև դպրոցների վարկանիշավորման համակարգը, որը հասարակությանը կմատուցի առավել ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվություն:

Բացի այդ, նախատեսվում է շարունակել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Ըստ Ա. Աշոտյանի` նախորդ տարի արտադրության է դրվել հայկական առաջին պլանշետը, որը կարող է դառնալ այն հիմնական կրթական գործիքը, որի միջոցով 2015 թվականից առաջին դասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր` մեկը պարտադիր կրթական չափորոշչին համապատասխան, մյուսը` հավելյալ ուսուցողական: “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական դասավանդումը մի շարք դպրոցներում ևս ընդգրկված է գերակա խնդիրների շարքում. փորձնական փուլ անցնելուց հետո այն նախատեսվում է դարձնել պարտադիր առարկա: Այդ կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` կազմված լավագույն մասնագետներից, ովքեր էլ կմշակեն առարկայի ուսումնական  պլանը:

Հաջորդ գերակա խնդիրը հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցումն է 12-ամյա պարտադիր, այդ թվում`  մասնագիտական կրթության: Ըստ նախարարի` այդ ուղղությամբ այս տարվա բյուջեում նախատեսված են բավականաչափ միջոցներ, ինչպես նաև առկա է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Ա. Աշոտյանը կարևորել է նաև ազգային փոքրամասնությունների համար իրականացվող միջոցառումները` մայրենի լեզվով դասավանդման որակի բարձրացման, դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումները` ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների օժանդակությամբ: “Ոլորտը տարեցտարի առավել պահանջված է դառնում:  ՀՀ կառավարությանը հաջողվել է ընթացիկ տարվա համար ԵՄ-ի համապատասխան ֆոնդերից 6 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել գյուղատնտեսական քոլեջներին` վերջիններս արդիականացնելու և դրանք տնտեսության համար առավել պահանջված դարձնելու ուղղությամբ”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ այս տարին ևս ոլորտի համար ձեռքբերումների տարի կլինի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում որպես գերակա խնդիր Ա. Աշոտյանը կարևորել է Բոլոնիայի գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակականության  ապահովումը: Մասնավորապես, ընդգծվել է Որակավորումների ազգային շրջանակի ներդրման շարունակականության խնդիրը: “ՈԱՇ-ն այն առանցքն է, որը թույլ կտա հայկական բուհերի դիպլոմների առավել լայնածավալ և լիարժեք ճանաչում ԵՄ երկրներում` ըստ համապատասխան մակարդակների: Որպես գերակա խնդիր` պետք է նշել նաև սոցիալական խոցելի խմբերի ուսանողների կրթության հարցը: Նախորդ տարի մեկնարկել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք կշարունակվեն ընդլայնվել նաև այս տարի: ԱԺ-ում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի` կսահմանվեն ուսանողական զեղչերի պարտադիր  նվազագույն շեմերը և սոցիալական խմբերի համար օրենքով երաշխավորված զգալի  զեղչերը:

Առաջիկայում նախարարությունը կներկայացնի ուսանողների սոցիալական կարիքների գնահատման հետազոտություն, որտեղ առավել ընդգրկուն ներկայացված են ուսանողության խնդիրները, այդ թվում` հանրակացարանի, ճաշարանի,  ուսման վարձի, տրանսպորտի, որն իր հերթին  թույլ կտա կառավարությանն առավել հստակ պատկերացնել` ինչ սոցիալական խնդիրներ ունի ուսանողությունը և որտեղ հատկապես կենտրոնացնել կառավարության ջանքերը”,-նշել է նախարարը` ընդգծելով նաև Նորարարությունների հիմնադրամի իրականացրած նախագծերը, որոնց համար 10 բուհերի զգալի լրացուցիչ ֆինանասավորում է տրամադրվել` ավելի արդիական կրթական միջավայր ստանալու համար:

Ըստ Ա. Աշոտյանի` ոլորտում գերակա է նաև հակակառուպցիոն ռազմավարության միջոցառումը, որը նախարարի խոսքով` դեռ երկար ժամանակ պարտադիր պայման է լինելու և կրելու է շարունակական բնույթ: Այս կապակցությամբ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հասարակության աջակցության կարիքը: “Մենք ունակ ենք լսել հասարակության ձայնը և մեր որոշումների կայացման գործում այդ ձայնը դարձնել որոշիչ, եթե այն փաստարկված է: Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել, և որոշումների կայացման գործընթացում նման տեսակի թափանցիկություն և մատչելիություն երբեք չի եղել, այդ թվում` կրթության ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:

Անդադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին Աշոտյանն ասել է. «Կարիք չկա 1998-2008 թթ.-ի ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, քանի որ որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա»:

Նրա խոսքերով` այդ թվականներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: «1998թ-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան ՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին: Իսկ 2003թ-ի նախագահական ընտրություններից հետո հիշում եք իշխանության կոնֆիգուրացիան` Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան: Այդ տարիները նաև մեր տարիներն են` հաջողությունների, խնդիրների, տնտեսական վերելքի, հասարակաքաղաքական փոփոխությունների, և կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է և զարմանալի է այդ գնահատականը հատկապես երկրի երկրորդ նախագահի կողմից»,-ասել է  Ա.Աշոտյանը:

Ըստ Ա. Աշոտյանի` իր համար հաճելի է, որ ՀՀ երկրորդ նախագահը հիշատակել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, բայց չգիտի, թե որքանով էր այն անկեղծ: «Հետաքրքիր է, թե երբ է Ռ.Քոչարյանը վերջին անգամ այցելել պանթեոն, չգիտեմ, գուցե սխալ եմ»,- ասել է  նա` հավելելով, որ ՀՀԿ-ն գնահատում է անցյալը, բայց կառուցում է ապագան. «Կարիք չկա սեփական ցավդ դարձնել ուրիշի հիվանդություն, մենք նման խնդիր չունենք»:

Անկախ

 

Արմեն Աշոտյանը` խնդիրների սկանդալային ժողովածուի մասին

Արմեն-ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկանդալի պատճառ դարձած  մաթեմտիկական խնդիրների ժողովածուին:

Աշոտյանն իր ՖԲ էջում գրել է. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները»  Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են:  Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:  Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:  Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

Նշենք, որ քննարկումների առարկա էր դարձել խնդիրների բովանդակությունը: Բերենք մի քանի օրինակ նշված խնդիրների ժողովածուից.

«Ընկերները Սոսի մասին այսպիսի խնդիր կազմեցին. «Մի երեկո մեր ընկեր Սոսը մեր ձեռքն ընկավ, և յուրաքանչյուրս 3 անգամ նրա վզակոթին հասցրեցինք: Մեր ընկեր Սոսն ընդամենը 108 անգամ վզակոթին ստացավ: Մենք քանի՞ հոգով էինք»:

«Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը 18 ճյուղ ուներ, ամեն ճյուղի 2 տատիկ էր նստել: Ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:

«Ավագ եղբայրը 2 կոնֆետ ունի, իսկ փոքրը` 12 կոնֆետ: Ավագը փոքրից քանի՞ կոնֆետ պիտի խլի, որպեսզի եղբայրների միջև հավասարություն հաստատվի»:

«Սոսը գազանանոցում 3 ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ սոսի վրա թքեց: Ուղտերը քանի՞ անգամ Սոսի վրա թքեցին»:

 

Անկախ

Պարտականությունների կատարումը ստանձնել է պրոռեկտորը

երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը:

Անկախ

Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ է ընտրել

հարվարդի շրջանավարտների ակումբ«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. դեկտեմբերի 27-ին Ակումբի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին և գանձապահ՝ Գոհար Գյուլումյանին:
Մարտին Գալստյանը կստանձնի 2013թ. նախագահ Սամսոն Ավետյանի պարտականությունները:
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:
Ակումբը Հարվարդի համալսարան ընդունված հայազգի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ և կազմակերպում է տարբեր թեմաներով սեմինարներ, հանդիպումներ ու դասախոսություններ:
Մարտին Գալստյանը, ով այժմ Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետն է, 2010 թվականին ավարտել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցը, իսկ Գոհար Գյուլումյանն, այժմ աշխատելով Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում որպես ավագ տնտեսագետ, 2005 թվականին մասնակցել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցի՝ «Հանրային ֆինանսական կառավարում» գործնական դասընթացին:
Հայաստանում Հարվարդի Շրջանավարտների Ակումբը հիմնվել է 2006թ.-ին:

Ա. Աշոտյան. «Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը»

կգ-ժողովՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին Անկախին տեղեկացնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները` նշելով, որ 2013 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք: “Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե որակի, և թե աճի հնարավորություն կա: Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն պոտենցիալը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները: Այո, խնդիրները շատ են, սակայն մենք պարտավոր ենք` նախ լուծել այս պահին լուծվող խնդիրները, սկսել լուծել այս պահին չլուծվող խնդիրները և չստեղծել նոր խնդիրներ”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ընթացիկ տարում նախարարությունն ունի ներքին և արտաքին կարևորության բազմաթիվ միջոցառումներ: “Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը` հենց այսօրվանից աշխատելով այդ ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա աշխատանքները հիմնականում համապատասխանել են մեր կողմից դրված խնդիրներին: Ցանկանում եմ շեշտել, որ 2013 թվականին համապատասխան կառույցների` նախարարությունում կատարված ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական մի շարք միջոցառումներ: Մի կողմից ուրախությամբ պետք է նշել, որ նախարարության աշխատակիցների կողմից աղաղակող բաղթողումներ չեն գրանցվել, սակայն կան հարցեր, որոնք ավելի կազմակերպչական և բովանդակային բնույթի էին, և մենք ինքներս պետք է տեսնեինք մեր աշխատանքի բացթողումները: Ֆինանսական բացթողումների բացակայությունն այլևս ինձ չի ուրախացնում. այդպես էլ պետք է լինի: Մեր հաջորդ քայլն է` կազմակերպչական և բովանդակային աշխատանքների բնույթը դարձնել հենց ինքնագնահատման առարկա` պլանավորումից մինչև մոնիթորինգ: Այն ձևակերպումը, որ տարիներ շարունակ այդպես ենք արել, այլևս արդարացում չէ և իներցիոն բնույթը չի կարող արդարացվել, այսպես կոչված,  ավանդույթներով”,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված են միջազգային մի շարք խոշոր միջոցառումներ` Բոլոնիայի քարտուղարության, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսված նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքերի շրջանակում:

Մեկնարկել է երկրորդ կիսամյակը

կրթություն,լոգոՀՀ կրթության և գիտության նախարարությունից Անկախին հայտնում են, որ հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից: Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ:

Անկախ