Շտեմարանները հասանելի կլինեն համացանցում

շտեմարանԲարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում  են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության “Գնահատման և թեստավորման կենտրոն” ՊՈԱԿ-ի կայքում հետևյալ հասցեով՝http://atc.am/level0_.php?cat_=1&id=73:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հիմք  ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի “Դիմորդ” բաժնում ևս բացվել է “Շտեմարան” ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը լավագույն տասնյակի մեջ է

1Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարված «Արցախ` իմ սեր, իմ հպարտություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպում: Վերջինս խրախուսական շնորհակալագրեր հանձնեց մրցույթի հանրապետական փուլի տասը հաղթողներին, որոնց շարադրությունները համարվել էին լավագույններ: Ուրախությամբ նշենք, որ լավագույնների մեջ է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սան Առնո Ալեքսանյանը: Ինչպես նշել է Արմեն Աշոտյանը, բոլոր շարադրությունների մեջ կար ոգի, հպարտություն, սեր, Արցախին տեր կանգնելու պատրաստակամություն, ուստի իբրև պարգևատրում բոլոր հաղթողներն առաջիկայում եռօրյա այցելությամբ կուղևորվեն դեպի Արցախ:

Բարձրագույն պարգև` Հայաստան-ԵՄ արդյունավետ աշխատանքի համար

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ արդյունավետ աշխատանքի համար Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: Հանձնելով պարգևը` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձր է գնահատում Էդուարդո դը Լորենցո Օչոայի ավանդը` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության և կրթության բնագավառում Եվրոպական Միության ինտեգրման ծրագրերի տարածման և ընդլայնման գործում: Արմեն Աշոտյանը կարևորել է նաև Եվրամիության և Եվրախորհրդի հետ ակտիվ համագործակցությունը թե՛ ԵՄ հարևանության քաղաքականության, և թե՛ “Արևելյան գործընկերության” շրջանակներում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Եվրամիության խորհրդարանական խորհրդատուն այն եզակի օտարերկացիներից է, ում շնորհվում է նման պարգև:
Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան շնորհակալություն է հայտնել` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար:

Կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը

001 (2)Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին  մասնակցել է վարչական շրջաններում տարածքային  փուլում  հաղթած  12 դաստիարակ:  Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ  Հ.Միտոյանը, Նորք–Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերը, մանկապարտեզների տնօրեններ։  Քաղաքային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստային առաջադրանք և կլոր սեղան՝ բանավեճ։

Արդյունքում հաղթող է  ճանաչվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ.71 մանկապարտեզ ՀՈԱԿ–ի դաստիարակ Նորա Աբելյանը, ով կմասնակցի «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանրապետական փուլին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

վարչապետՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:

ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը, աշխարհով մեկ սփռված հայերին: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր շաբաթ մահանում է մեկ կենդանի լեզու, այսինքն՝ այդ լեզվի կրողները, այդ տեսակը վերանում է երկրագնդի վրայից: 21-րդ դարում էապես ուժգնանում է մրցակցությունը, այդ թվում ազգերի միջև և հասկանալի է, որ ինքնության պահպանության առանցքը, կարևորագույն երաշխիքը մայրենի լեզուն է: Մեր լեզուն է, որ մեզ միավորելու է և դարձնելու մեկ միասնական բռունցք, որը և հնարավորություն է տալու լուծել բազմաթիվ մարտահրավերներ, որոնցով լի է ժամանակակից աշխարհը»:
Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թևակոխել է մի փուլ, որին բնորոշ են արագ փոփոխությունները և մեր երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել մեր ինքնությունը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքնության պահպանման շարժիչ ուժը մեր պետությունն է և այդ տեսակետից, վերջին 20 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ, վտանգներ, որով լի է և աշխարհը, և տարածաշրջանը:«Մենք մեր պետության ներսում ձևավորում ենք այնպիսի հիմքեր, որոնք երաշխավորելու են հայ երիտասարդի ձգտումը՝ պահպանել իր ազգի արժեքները և ապահովել նրա հարատևությունը: Այդ տեսակետից, այսօր գոյատևման կարևոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի խնդիրն է: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձևով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընգծել է գործադիրի ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ունենալով հզոր բանակ՝ առաջին անգամ մեր ժողովուրդը հնարավորություն ունի երաշխավորել մեր ազգի անվտանգությունն իր սեփական ռազմական ուժերով, ինչն էլ մեր անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխիքն է:
«Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է և այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն: Եկել է ժամանակը, որ մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ցույց տան, որ ազգերի մրցակցության մեջ մենք կանք և լինելու ենք, և այդ բնագավառում մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ: 21–րդ դարում մրցակցությունը տեղափոխվել է ինտելեկտուալ, գիտելիքի դաշտ և դա նշանակում է, որ պետության թիվ մեկ խնդիրն այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը ձեզ հնարավորություն է տալու ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:
Տիգրան Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդներին հիշեցրել է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է և համոզմունք հայտնել, որ նրանք խորացնելով մայրենի լեզվի իմացությունը՝ կկարողանան այս կարևոր գաղափարը հաղորդել ապագա սերունդներին:
Ապրիլի 22-24-ն անցկացվող համահայկական այս համաժողովին մասնակցում են 500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ:

 

 

Միջին մասնագիտական կրթություն.Ի՞նչ են առաջարկում այս կրթական հաստատությունները

studentԵ՛վ պետական, և՛ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների կողքին ի՞նչ դեր է վերապահված միջին մասնագիտական կրթությանն ու համապատասխան ուսումնական հաստատություններին: Բուհերի բազմազանության, նրանց կողմից առաջարկվող ժամանակակից ֆակուլտետների կողքին այսօր գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց միջոցով շրջանավարտներն ինչ-որ չափով լրացնում են աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների պահանջարկը:

Սակայն ավանդաբար սերունդներին փոխանցվող արհեստագործական մասնագիտությունները ծերանում են, փոխարինող երիտասարդ արհեստագործներ գրեթե չկան, իսկ մասնավոր հատվածի կողմից այդ մասնագիտությունների պահանջարկը միշտ էլ առկա է, ոլորտն աշխատակիցների համալրման կարիք ունի: Մասնավորապես, խոսքը վերաբերում է զոդողներին, կռունկավարներին, պատշարներին, վարորդներին, ոսկերիչներին, որոնց առաջարկն անբավարար է համապատասխան որակյալ մասնագետների սակավ լինելու պատճառով: Արհեստագործական մասնագիտությունները, պահանջված լինելով հանդերձ, ինչո՞ւ են կորցրել իրենց գրավչությունը:

Տարեցտարի միջին մասնագիտական կրթության ուղղությամբ ավելանում են պետբյուջեի կողմից տրվող հատկացումները: Այս տարի միայն տվյալ ոլորտին հատկացվել է 5, 5 մլրդ դրամ: Ինչպես նշում է արհեստագործական (նախնական ) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, կառավարության և դոնոր միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ պարբերաբար կրթական միջին մասնագիտական հաստատություններն անհրաժեշտ լաբորատորիաներով, սարքավորումներով և համակարգչային տեխնիկայով վերազինելու փորձ է արվում:

Մեր երկրի կրթական համակարգում վաղուց զարկ է տրվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության դերի բարձրացմանը: Դեռ 2004-2005 թթ. ընդունվել է «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը, որը որպես նորմատիվ հիմք է ծառայել հետագա աշխատանքների իրականացման համար:

Տարեցտարի միջին մասնագիտական կրթության գրավչության ուղղությամբ տարվող քաղաքականության շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել և նույնիսկ մեծացնել դեպի այդ հաստատություններ ուղղորդվող դիմորդների հոսքը: Մտավախություն կար, որ ոլորտի բարեփոխումների, մանավանդ 12-ամյա կրթության ներդրման արդյունքում դիմորդների հոսքը դեպի քոլեջներ և ուսումնարաններ կնվազի, սակայն դիմորդների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է:

Ոլորտի ներկայացուցիչը շտապեց փաստել, որ, եթե տարիներ առաջ հասարակությունն ավելի շատ հակված էր բարձրագույն կրթությանը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը դիտվում էր երկրորդական կրթություն, ապա այժմ երիտասարդներն ավելի կողմորոշված են ընտրում միջին մասնագիտական կրթությունը` քաջ գիտակցելով որոշ առավելություններ: Օրինակ` այսօր դիմորդը համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում և առավել մատչելի ֆինանսական ռեսուրսների ներդրմամբ կարող է ստանալ միջին մասնագիտական կրթություն` դառնալով համապատասխան ոլորտի լավագույն մասնագետ: Այժմ երիտասարդներից շատերն առաջնություն են տալիս հենց միջին մասնագիտական կրթությանը` հաշվի առնելով այս հանգամանքները:

«Իննամյա կրթություն ստացած շրջանավարտները լուրջ խնդրի առջև են կանգնում` գնալ տասներկուամյա կրթության, այնուհետև բո՞ւհ, թե՞ ընտրել արագ և սեղմ ժամկետում կրթություն ու մասնագիտություն ստանալու հնարավորությունը: Այս մտահոգությունն ավելի շատ ուղղորդում է դեպի ուսումնարաններ և քոլեջներ»,- ասում է Ռոբերտ Աբրահամյանը:

Ներկայումս միջին մասնագիտական կրթության մեջ ներառված է մոտ 35 հազար ուսանող, որոնցից մոտ 28 500-ը` միջին մասնագիտական բնագավառում: Իսկ յուրաքանչյուր տարի միջին մասնագիտական կրթական հաստատություններ է դիմում ավելի քան 12 հազար դիմորդ: Ընդհանուր առմամբ, այսօր հանրապետությունում գործում են 97 պետական միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հստատություններ, որոնցից 25-ը ուսումնարաններ են: Միջին մասնագիտական մասնավոր քոլեջները 25-ն են, որոնց կեսը հավատարմագրված է տարբեր մասնագիտությունների գծով: Նախարարության կողմից ոլորտում իրականացված օպտիմալացման գործընթացների արդյունքում այդ ուսումնական հաստատությունների թիվը 10-ով նվազել է, որոնց մի մասը կա՛մ միավորվել է, կա՛մ լուծարվել:

Ուշադրության կենտրոնում է նաև ուսումնական ձեռնարկների քանակական ավելացման և ուսուցման արդյունավետ գործընթացը կազմակերպելու հարցը: «Զարգացման բոլոր ճանապարհներով և ուղղություններով աշխատանքներ են տարվում` բարձրացնելու միջին մասնագիտական կրթության դերը, մասնավորապես մշակվում են կրթական մասնագիտական չափորոշիչներ, նոր ժամանակակից ծրագրեր` ուղղված կարողությունների զարգացմանը, մշակվում և հրատարակվում են ձեռնարկներ, իսկ յուրաքանչյուր տարի վերապատրաստվում է 1000 մանկավարժ: Իրականցվում են նաև փորձի փոխանակման ծրագրեր տարբեր ուսումնական հաստատությունների միջև»,- նշում է վարչության պետը:

Այս կրթական հաստատություններում արվեստի բնագավառի մասնագիտությունների ուսուցման առավելագույն ժամկետը 5 տարի է, իսկ օրինակ` հաշվապահության, տուրիզմի կամ ճարտարագիտական մասնագիտություններինը ` 2-3 տարի:

Ռոբերտ Աբրահամյանի տեղեկացմամբ` հնացող մասնագիտություններից է հատկապես մանկավարժությունը, այդ ուղղությամբ այս հաստատություններ գրեթե հոսք չկա: Եթե տարիներ առաջ մանկավարժական միջին մասնագիտական կրթությունը բավական մեծ պահանջարկ ուներ հատկապես մարզերում և գյուղական համայնքներում, ապա այժմ միջին մասնագիտական կրթություն ստացած և դպրոցներում աշխատող ուսուցիչներին օրենքի ուժով պարտադրվել է մինչև 2018 թ. բարձրագույն կրթություն ստանալ: Այդ ժամանակշրջանից սկսած` բոլոր հանրակրթական դպրոցներում մանկավարժական գործունեությամբ են զբաղվելու բացառապես բարձրագույն կրթությամբ մանկավարժները:

Ի դեպ, միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա համարվող մասնագիտությունների ուղղությամբ մոտ 50 տոկոսով ավելացել են պետպատվերի շրջանակներում հատկացվող անվճար տեղերը: Եթե նախորդ տարիներին դրանց թիվը` 5500 էր, ապա այժմ անվճար տեղերի քանակը 7500 է, ինչը վկայում է որ արհեստագործական կրթությունը 98-99 տոկոսով անվճար է: Ստանալով 9-ամյա կրթություն և համապատասխան փաստաթուղթ` շրջանավարտները, առանց ընդունելության քննությունների, կարող են իրենց ատեստատի գնահատականներով ընդունվել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Առավել համալրվող մասնագիտություններից են հատկապես հաշվապահությունն ու էկոնոմիկան, տուրիզմի և սպասարկման ծառայությունները. խոհարարներ, դերձակներ, էլեկտրիկներ, զոդողներ, ճարտարագետներ, շինարարներ և ծրագրավորողներ: «Յուրաքանչյուր աշխատատեղ պետք է զբաղեցնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետը: Այդ մասնագիտությունները ստացած մարդիկ հիմնականում պահանջված են միջին օղակների կազմակերպիչների և տեխնիկների մակարդակում: Կան մասնագիտություններ, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում: Մենք պետք է կարողանանք աշակերտներին ուղղորդել և իրենց ապագայի ու հեռանկարների տեսանկյունից խորհուրդ տալ ընտրելու հենց այն մասնագիտությունները, որոնք պահանջարկ ունեն»:

Կան մասնագիտություններ, որոնք այսօր համարվում են ծերացող, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ երիտասարդ սերունդը հակված չէ դրանց ուղղությամբ մասնագիտանալու, իսկ առկա մասնագետներն էլ ավագ սերնդից են: Այսօր արհեստագործական հաստատություններն առաջարկում են զարդակիրառական արվեստի ճյուղը, որտեղ ներառված է ոսկերիչների, գորգագործների, վարորդների, զոդողների, խոհարարների, վարսահարդարների և այլ մասնագիտությունների որոշակի հատված: Զրուցակցիս համոզմամբ, եթե շրջանավարտներն այս ուղղություններով մասնագիտանան, ապա հետագայում, համեմատած մյուս մասնագիտությունների հետ, ավելի հեշտ աշխատանք կգտնեն` համարժեք աշխատավարձով:

Կան մի քանի արհեստագործական ուսումնարաններ, որոնք պատրաստում են կադրեր հենց այդ ուղղություններով: Ինչպե՞ս է ընթանում արտադրական համակարգի կազմակերպման գործընթացը գործատուների հետ: Ռ. Աբրահամյանի տեղեկացմամբ, թեև ոչ բոլոր գործատուներն են պատրաստակամ կազմակերպելու ուսանողների պրակտիկան, ապահովելու դասավանդման կամ ավարտական քննական և աշխատանքի տեղավորման գործընթացները, սակայն համագործակցության փայլուն օրինակներ էլ կան: Առաջադիմություն ունեցող ուսանողները կարողանում են հեշտությամբ աշխատանք գտնել գործատուների հետ համագործակցության արդյունքում:

Միջին մասնագիտական կրթության համակարգում սովորելը հնարավորություն է ընձեռում ուսանողներին լավ առաջադիմության դեպքում ուսումը շարունակելու արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 Լ.Ն.

Բուհերի դիմորդների թիվն այս տարի կրճատվել է 3 հազարով

դիմորդԱյս տարի միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 15 հազար դիմորդ, ինչը երեք հազարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2012-ին առաջին փուլի համար հայտագրվել էր 18107  դիմորդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը:

Կրճատվել է նաև քննական կենտրոնների թիվը` նախորդ տարվա 40-ի փոխարեն այս տարի ձևավորվել է 36 քննական կենտրոն:

Միասնական քննությունների հայտագրման վերջին փուլն ավարտվել է: ԳԹԿ-ում արդեն ընթանում են մուտքագրման և բազավորման աշխատանքները:

Կարո Նասիբյանն ասում է, որ միասնական քննությունների երկրորդ փուլին ավելի մեծ ակտիվություն են ակնկալում: Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվելու իրավունք չունեն, նրանք բուհ կդիմեն երկրորդ փուլով. քննությունների համար կհայտագրվեն հունիսի 24-ից հուլիսի 1-ը, իսկ բուհեր գործ կներկայացնեն հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:

 

Բուհերի դիմորդները հայոց լեզվից և գրականությունից փորձնական քննություն կհանձնեն

քննությունՀայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունից բացի դիմորդներն այս տարի  կարող են նաև փորձնական քննություն հանձնել` բուն քննությունն ավելի լավ պատկերացնելու համար:

Դպրոցներում նախապես հայտագրված դիմորդների համար կկազմակերպվի մինի-միասնական քննություն, որտեղ ամեն ինչ կլինի միասնական քննության նմանությամբ. սկսած քննասենյակ մտնելուց, քննության տևողությունը, ձևաթղթերը, թեստերն իրենց բարդությամբ: Այնուհետև քննական աշխատանքները կստուգվեն ու կհրապարակվեն գնահատականները:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն ասում է, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին արդեն փորձնական քննություններ կկազմակերպվեն Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում ու Երևանի մի քանի դպրոցներում:

Նպատակն է դիմորդներին ծանոթացնել նոր ձևաթղթին. հայոց լեզվի և գրականության ձևաթղթում ներառվել են նաև կարճ պատասխան ենթադրող հարցեր: Փորձնական քննությունը նաև հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ձևաթուղթը սխալ լրացնելու պատճառով միավորներ կորցնելը, ինչը նախորդ տարիներին դիմորդների հետ հաճախ էր պատահում:

Փորձնական քննությանը մասնակցելու համար դիմորդից գումար չի գանձվելու:

 

Արտոնություններ կրթական ոլորտում. Տարիներ առաջ ընդունած որոշումները հաջողությամբ են գործում

նկարՄեր կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ մեծանում է նաև բարձրագույն կրթություն ստանալու գրավչությունը: Որոշ առավելությունների շնորհիվ ուսանողներն այժմ լայն հնարավորություններ ունեն ուսում ստանալու և այն շարունակելու իրենց իսկ նախընտրած ուսումնական հստատություններում: Կրթական չափանիշների խստացման, որոշ մասնավոր բուհերի լուծարման արդյունքում, սակայն, ուսանողներին ընձեռված արտոնությունները շարունակեցին գործել: Խոսքը կրթության ոլորտում գործող երկու օրենքների մասին է, որոնցից մեկը վերաբերում է մասնավորից պետական բուհ փոխադրվելու և միջին մասնագիտականից բարձրագույն կրթություն ստանալու մասին կառավարության որոշումներին:

Տարիներ առաջ ներդրվեց և սկսեց գործել բուհից բուհ փոխադրվելու մասին որոշումը, որը մեզանում նորամուծություն էր: Սկզբում թե՛ կրթական հաստատությունների ղեկավարների, և թե՛ ուսանողների շրջանում թերահավատություն կար հավանական չարաշահումների պատճառով, քանի որ ընդունված որոշման տրամաբանությունն այնքան էլ մասնավոր բուհերի ղեկավարների սրտով չէր: Մասնավոր բուհում սովորող ուսանողները ուսումնառության ընթացքում կարող են իրենց կամքով տեղափոխվել որևէ պետական բուհ նույն մասնագիտությամբ ուսումը շարունակելու նպատակով: Ուսման առաջին երկու տարիների ընթացքում դրական գնահատականներ ստանալու պարագայում ուսանողները կարող են դիմում ներկայացնել իրենց բուհի ռեկտորին պետական ուսումնական այլ հաստատությունում ուսումը շարունակելու վերաբերյալ: Այնուհետև տվյալ ուսանողի փոխադրման մասին դիմումը պետք է ընդունի նաև փոխադրվելիք բուհի ղեկավարը` համապատասխան գերատեսչության ղեկավարների անմիջական թույլտվությամբ: Ի դեպ, փոխադրվելիս առարկայական տարբերությունները չպետք է գերազանցեն ութը, այսինքն` ուսանողը պետք է ուսումը նույն մասնագիտությամբ շարունակելու թույլտվություն ունենա:

Այս որոշման վերաբերյալ թերահավատությունը բխում էր նրանից, որ մասնավոր բուհերն ուսանողների թվաքանակի կորուստ էին ունենում, իսկ պետական բուհերի ռեկտորները քամահրանքով էին վերաբերվում մասնավորից ուսանող ընդունելու հանգամանքին: Պետական բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմից շատերը լուրջ չէին վերաբերվում տվյալ որոշմանը, չնայած յուրաքանչյուր փոխադրման թույլտվությունը պետք է անձամբ նախարարը տար:

Ինչևէ, փոխադրման այս կարգը և կառավարության որոշումը կայացան, և այս մեխանիզմով յուրաքանչյուր տարի տասնյակից ավելի ուսանողների է հնարավորություն տրվում սովորելու պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հաջորդ որոշումը, որը նույնպես հաջողությամբ կիրարկվում է, վերաբերում է միջին մասնագիտական կրթությանը, որը ինչ-որ չափով մեծացնում է քոլեջների գրավչությունը: Միջին մասնագիտական կրթության համակարգում սովորելը հնարավորություն է ընձեռում ուսանողներին առաջադիմության դեպքում ուսումը շարունակելու արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում:

2002-ից գործում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին համապատասխան բուհում ուսումը շարունակելու մասին կառավարության կողմից հաստատված կարգը: Գերազանց սովորող շրջանավարտները առարկայական տարբերությունները բարեհաջող հանձնելուց հետո (որոնք 8-ից ավելի չպետք է լինեն), կկարողանան նախընտրած բուհում ուսումը շարունակել երկրորդ կամ երրոդ կուրսից:

«Կարծում եմ` սա լավ հնարավորություն է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են շարունակել իրենց ուսումը` միանգամից մի կրթական ծրագրից անցում կատարելով մյուսին: Տեղափոխումներ յուրաքանչյուր տարի լինում են, և ուսումնական հաստատությունների կողմից էլ պահանջարկ կա, ինչը միջինի և բարձրագույնի համատեղ պայմանագրի հիման վրա է կայանում, այսինքն` մինչ ավարտական քննությունների սկիզբը ուսումնական հաստատությունները միմյանց հետ կնքում են պայմանագիր, որի հիման վրա կազմակերպվում է ավարտական քննությունը»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

Սակայն տեղափոխվելու հայտ ներկայացրած շրջանավարտների թիվը չպետք է գերազանցի բուհերի դիմորդների 10 տոկոսը (տվյալ մասնագիտության գծով): Եթե այդ թիվը գերազանցում է, ապա գործընթացը կազմակերպվում է մրցութային կարգով` հաշվի առնելով ուսանողի գնահատականները, գերազանցության դիպլոմը և այլ չափանիշներ: Ի դեպ, ներկայումս փոխադրվում են ԵՊՀ, ժողտնտեսության ինստիտուտ, ճարտարագիտական համալսարան, ֆիզկուլտուրիայի ինստիտուտ, այս տարի ավելացել է նաև Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Հնարավոր է, որ հետագայում պետական բուհերի այդ ցանկն էլ ավելի ընդլայնվի:

 Լ.Ն.

Երիտասարդ գիտնականները գիտության ոլորտում առաջընթաց չեն տեսնում

Մերի-Մանուկյան«Անկախը» պարբերաբար անդրադառնում է գիտության խնդիրներին` ներկայացնելով նաև Հայաստանի երիտասարդ գիտնականների խնդիրները, նրանց դիրքորոշումները: Այս անգամ «Անկախը» հետադարձ հայացք կգցի` պարզելու, թե մեր կողմից լուսաբանված  երիտասարդ գիտնականների աչքերով վերջին մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց կյանքում  և գիտության ոլորտում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Մերի Մանուկյանը, որ 10 տարի արդեն գիտությամբ է զբաղվում, չի բացառում, որ այս տարի հնարավոր է` թողնի աշխատանքը անձնական խնդիրների պատճառով:

Անդրադառնալով նախորդ մեկ տարվան` Մանուկյանն ասում է, որ այդ ընթացքում  գիտության ոլորտում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:«Գիտնականները սկսել են ավելի ակտիվ պայքարել իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար: ՊԳՖԱ ջանքերով և մասնավոր սեկտորի ֆինանսավորմամբ տեղի ունեցան մրցանակաբաշխություններ, որոնք, իհարկե, խթանում է երիտասարդներին: Բացի այդ, նախագահի կողմից երիտասարդներին հատկացվեց 100 մլն դրամ, ինչը հնարավորություն տվեց մի քանի երիտասարդների մեկնելու գիտական գործուղումների, կազմակերպվեցին գիտական դպրոցներ և գիտաժողովներ, ինչը կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի առումով: Անհրաժեշտ է նշել նաև ԳՊԿ կողմից տարբեր դրամաշնորհային ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն է տալիս քիչ թե շատ բարելավելու աշխատանքային պայմանները և համագործակցության նոր եզրեր փնտրելու»,- ասում է Մանուկյանը` հավելելով, որ արվածը  քիչ է պնդելու համար, որ գիտության ոլորտում կարևոր քայլեր են կատարվել:

Մանուկյանի համար վերջին մեկ տարում դրական է եղել այն մրցանակը, որ ստացել է «Տաշիր» հիմնադրամի կողմից «Առավելագույն հղման ինդեքս ունեցող գիտական հոդվածների» մրցույթում: Իսկ բացասական զարգացումները, ըստ Մանուկյանի, շատ են:

«Ոջիլի պատմության նման» կրկին ու կրկին հանգում ես մի բանի. գիտաշխատողին շաբաթական 5 օր և օրական 8 ժամ աշխատելու դիմաց այնքան չնչին գումար են վճարում, որ ծիծաղելի է: Հիմա էլ նոր հարկային քաղաքականության հետևանքով գիտնականներին հատկացվող հավելավճարներից ավելի շատ պահումներ են կատարվում, և գիտնականն  էլի տուժում է,- ասում է Մանուկյանը:- Մյուս կողմից էլ շատ վիրավորական է, որ ինչ-որ հիմնարկության հավաքարար կամ վարորդ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան գիտնականը: Ակադեմիայի աշխատողը  մեկ տարի աշխատելուց հետո իրեն չի կարող թույլ տալ գոնե  մեկ շաբաթով հանգստանալ հանրապետությունում: Լավ է, որ հիմա մեզ հատկացվեցին սոցիալական ապահովագրության փաթեթները, գոնե քիչ թե շատ հնարավոր կլինի որոշ առողջական խնդիրներ լուծել»:

Երիտասարդ գիտնականը նշում է նաև, որ նորմալ աշխատելու համար չկան համապատասխան նյութեր ու սարքեր. «Ինքս ԳՊԿ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար եմ և վերջին 2 տարում  դրամաշնորհի գումարներով կարողացել եմ ձեռք բերել անհրաժեշտ նյութեր փորձեր կատարելու համար: Իսկ հիմա դրամաշնորհն ավարտվում է, և ես նորից կանգնելու եմ «կոտրած տաշտակի» առաջ. ի՞նչ և ինչպե՞ս անել»:

Անդրադառնալով գիտության ոլորտի հրատապ խնդիրներին, որոնք շարունակում են չլուծված մնալ, Մանուկյանն առանձնացնում է երեքը: Առաջին` գիտնականի աշխատավարձի անհապաղ բարձրացում, այլապես մի քանի տարուց ակադեմիան արդեն աշխատող չի ունենա: Երկրորդ` գիտնականներին հարկավոր է ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով` մրցունակ գիտական արտադրանք ստանալու համար: Երրորդ` պետք է ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, այլապես մի քանի տարի հետո լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ նորմալ արդյունավետ աշխատող միջին սերնդի ներկայացուցիչները շատ քիչ են, իսկ  շատ երիտասարդներ ուղղակի ստիպված են լքել գիտությունը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուզաննա Սոխոյանն «Անկախի» հետ հարցազրույցից որոշ ժամանակ անց ԱՄՆ է տեղափոխվել, աշխատում է ԱՄՆ-ում` հետդոկտորական ծրագրի շրջանակներում հետազոտություններ է կատարում:

Սոխոյանն ասում է, որ ԱՄՆ-ում է աշխատում, քանի որ այնտեղ ինքնադրսևորվելու և ստեղծագործական աշխատանք կատարելու շատ ավելի  մեծ  հնարավորություններ ունի, քան Հայաստանում: «Թեև հայ գիտնականներն իրենց մտքի թռիչքով չեն զիջում որևէ այլ երկրի գիտնականներին, սակայն աշխատանքային պայմանների տարբերությունն անհավասար մրցակցություն է ստեղծում հայաստանցի և զարգացած երկրներում ապրող գիտնականների միջև,- ասում է նա:- Քանի որ Հայաստանցի գիտնականների վաստակած գումարը չի բավարարում առօրյա հոգսերը հոգալու համար, գիտնականը ստիպված է հավելյալ եկամտի աղբյուրներ փնտրել: Այդ պատճառով հայաստանցի շատ գիտնականների համար գիտությամբ զբաղվելը հոբբի է դարձել, ոչ թե հիմնական զբաղմունք: Դա չի կարող չանդրադառնալ գիտական միջավայրի վրա»:

Չնայած Սոխոյանը Հայաստանում չէ, շարունակում է հետևել այստեղ գիտության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Նրա կարծիքով`  ներկա իշխանությունների օրոք դրական տեղաշարժի սպասելը սին գործ է: «Մինչև երկրում համակարգային փոփոխություններ չլինեն, գիտության ոլորտը, աստիճանաբար ծախսելով նախկինում կուտակված կապիտալը, գահավիժելու է անդունդ»:

Խոսելով գիտնականի նկատմամբ վերաբերմունքի մասին  Հայաստանում և ԱՄՆ-ում` Սոխոյանն ասում է. « Իմ կարծիքով` գիտնականի նկատմամբ վերաբերմունքի հիմնական չափանիշը գիտնականի աշխատավարձն է: Իսկ ԱՄՆ-ում պրոֆեսորի աշխատավարձը շուրջ 60 անգամ ավելի է, քան հայաստանցի պրոֆեսորի աշխատավարձը: Եվ միջինում, կարելի է ասել, մարդու աշխատավարձը համեմատական է մարդու կատարած աշխատանքի բարդությանը: Գիտնականները շատ ավելի շատ են վաստակում, քան, ասենք, արագ սննդի կետերի աշխատակիցները: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում: Եվ դա ունի իր պատճառները: ԱՄՆ-ում նորարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է»:

Սոխոյանն ասում է, որ Հայաստանսում շարունակում է խզված  մնալ նաև գիտություն- տնտեսություն կապը. « Ո՛չ մասնավոր ներդրողը, ո՛չ պետական այրերը իմաստ չեն տեսնում գիտական նախագծեր ֆինանսավորելու մեջ: Գիտության ոլորտում ներդրումները ենթադրում են երկարաժամկետ հետևողական և շատ լուրջ աշխատանք: Վստահ կարելի է ասել, որ գիտահենք տնտեսության ճյուղերը շատ ավելի դժվար է զարգացնել, քան հանքարդյունաբերությունը»:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Անահիտ Գոգյանի կյանքում վերջին մեկ տարում փոփոխություններ շատ են եղել, սակայն դրանք ՀՀ կառավարության գործունեության արդյունք չեն. «Վերջին մեկ տարվա ընթացքում ԳԱՏԱՀ-ի դրամաշնորհով եղել եմ ԱՄՆ Բերկլիի համալսարանում, ստացել եմ ANSEF-ի դրամաշնորհ, Եվրոպական FP7 գրանտերի գնահատման մասնակցության հրավերքներ եմ ստացել: Սակայն դրանք կապված չեն եղել ՀՀ կառավարության բարեփոխումների հետ»:

Գոգյանի կարծիքով` կարևոր է, որ կառավարությունը փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ:

«Առայժմ կարող եմ, Հայաստանում գտնվելով, շատից-քչից
զբաղվել ֆիզիկայով: Հուսով եմ` իրավիճակը կլավանա, ու ստիպված չեմ լինի
որոշ ժամանակ անց լքել հայրենիքս»,- ասում է Գոգյանը` խոսելով ապագայի հեռանկարների մասին:

Ստացվում է, որ ինչքան էլ խոսվում է գիտության կարևորության ու գիտելիքահենք տնտեսության մասին, միևնույն է, խոսքը գործի չի վերածվում, կամ էլ այդ ամենն այնքան դանդաղ է կատարվում, որ գիտական հանրությունը դեռևս իր վրա չի զգում այդ փոփոխությունները:

 

«Բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին»

hx«Արմսես» ՀԿ-ն և ՀԽ երիտասարդական թևը ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար կազմակերպել էին երկամսյա դասընթացներ: Դասընթացի ընթացքում բանախոսները ներկա և ապագա լրագրողներին հաղորդեցին գիտելիքներ, որոնք պետք է իմանա ոլորտը լուսաբանող լրագրողը. տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, աշխարհաքաղաքական շահերը, հայոց բանակի կառուցվածքը և զարգացման միտումները, էջեր արցախյան ազատամարտից:

Դասընթացի շրջանակներում ռազմական լրագրողները հանդիպում ունեցան նաև ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը 1992-1993 թթ. եղել է պաշտպանության նախարար:

Վազգեն Մանուկյանի կարծիքով` ռազմական լրագրությունը բարդ բան է. շատ բան կարող ես իմանալ, բայց ամեն ինչ չէ, որ կարող ես գրել, որպես լրագրող` անընդհատ  երկընտրանքի առջևս ես. «Ռազմական լրագրող լինելու համար նախ և առաջ պետք է խիզախություն, իսկ դա պայմանավորված չէ վճարով, այլ` նվիրվածությամբ:  Երկրորդ` ինչքան էլ նվիրված լինես, պետք է նաև ինչ-որ բանի հասնելու անձնական ձգտում ունենաս:  Երրորդ` ինքնասահմանափակում: Ի տարբերություն մյուս ոլորտների լրագրողների` այստեղ երբեմն պետք է, որ ինքդ քեզ սահմանափակես` մտածելով` այս ինֆորմացիան քո երկրին օգո՞ւտ է, թե՞ վնաս:  Դա բավական դժվար գործ է, քանի որ այդ եզրն ամեն մեկի  համար տարբեր տեղում է  գտնվում»:

Մանուկյանի խոսքով`  տեղեկատվական գաղտնիությունը հատկապես կարևոր է պատերազմի ժամանակ: Արցախյան ազատամարտի տարիներին, սակայն, այդ առումով վիճակը թերի էր: «Մի գաղտնի օպերացիա իրականացրինք` մի օդաչուի միջոցով օդանավ փախցրինք Բաքվից:  Դրա մասին գիտեինք 3 հոգի:  Մեկ էլ տեղակալս հարցնում է` ինչ-որ ինքնաթիռ ե՞նք բերել, ավտոբուսում էին խոսում:  Այն ժամանակվա գաղտնապահությունն այդպիսին էր»:

Եղել է նաև, որ հայկական կողմը կարողացել է օգտվել տեղեկատվական արտահոսքից: Մանուկյանը պատմում է, որ Քարվաճառի օպերացիան սկսելու համար հարկավոր էր առնվազն 2000 սնարյադ (արկ), ինչը հայկական կողմը չուներ: «Ընկած ճարում էինք: Բայց դա այնքան էլ հեշտ չէր: Օրն անընդհատ նշանակվում էր, ապա հետաձգվում: Ամեն անգամ Ադրբեջանը պատրաստվում էր մեր հարձակմանը, բայց հարձակում այդպես էլ տեղի չէր ունենում:  Մտածում էր, որ դիտմամբ ենք անում: Ու երբ Քելբաջարի (Քարվաճառի) օպերացիան սկսվեց, չնայած բոլորը գիտեին, որ սկսվելու է, նրանց համար անսպասելի էր»,- հիշում է Մանուկյանը:

Անդրադառնալով բանակը լուսաբանել-չլուսաբանելու խնդրին` Մանուկյանն ասում է, որ բանակն անպայման պետք է լուսաբանել, այլապես համակարգը կփտի ներսից:  «Բանակի մասին չես գրում, չես գրում, հանկարծ բանակը պատուհաս է դառնում քո ժողովրդի գլխին: Ինչ- որ բան կա, որ չպետք է գրել, որ քո հակառակորդին չոգևորես, բայց եթե ոչ մի բան չգրես, ապա ներսում կաշառակերություն կլինի և այլն: Կարծում եմ, որ բանակի ներքին կյանքի քննադատությունը միայն օգուտ է բերել բանակին, առանց  դրա այն կփտեր,- ասում է Մանուկյանը և հավելում ,-ռազմական ոլորտի ամեն լրագրող իր համար ինչ-որ եզր պիտի սահմանի. մինչև այս եզրը ինչ էլ լինի ու ինչքան էլ վտանգավոր լինի, միևնույն է, գրելու եմ»:

Խոսելով բանակային կարգապահության մասին` Վազգեն Մանուկյանն ասում է, որ այն այժմ շատ ավելի բարձր վիճակում է, քան տարիներ առաջ: Պատմում է, որ  պատերազմի տարիներին հրամանատարներն  անընդհատ դիմում էին հարձակման անցնելու, գործողություններ սկսելու խնդրանքով` բացատրելով, որ խաղաղ օրերին արդեն զինվորները ներսում են սկսում հարաբերություններ պարզել:

Մանուկյանի կարծիքով, սակայն,  բանակային միջադեպերը լիովին բացառելն անհնար է. «Անհնար է, որ կոնֆլիկտներ չառաջանան մի վայրում, որտեղ հավաքված են հազարավոր զինված երիտասարդ ու տաքարյուն տղաներ»:

Իսկ բանակային միջադեպերի պատճառաբանությամբ բանակից խուսափելը, ըստ Մանուկյանի, պարզապես պատրվակ է. դրանք չլինեին` այլ պատրվակ կգտնվեր,  ուղղակի որոշ մայրեր ցանկանում են, որ իրենց երեխան ամեն գնով իրենց կողքին մնա և հեռու լինի ամեն հնարավոր վտանգից: Իրավիճակը շտկելու համար պետք է մարդկանց մտածողությունը փոխվի:

Բելգիացի գիտնականը հիացած է հայերի մտավոր կարողություններով և պատրաստվում է Հայաստանում գիտական կենտրոն հիմնել

gitnakannerԱռաջիկայում Հայաստանում կստեղծվի Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի գիտական կենտրոնի մասնաճյուղ:

Գիտական կենտրոնի պրոֆեսորներ  Մարկ Վան Հյուլեն  և Տիգրան Մահտեսյանը փետրվարի սկզբին ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով Հայաստանում էին`  հանդիպելու հայաստանյան գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ ու քննարկելու գիտական կենտրոնի մասնաճյուղի հիմնման մանրամասները: Սա Լյուվենի Կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի լիիրավ պրոֆեսոր և Լոնդոնի իմպերիալ քոլեջի էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտության բաժնի  հրավիրվող պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեի թվով 7-րդ այցելությունն էր Հայաստան:

Ապրիլին փոխադարձ այցով ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի մի քանի ներկայացուցիչներ կգնան Բելգիա` Լյուվենի համալսարան, ուր կկնքվեն համագործակցության համաձայնագրեր  ինչպես երկու երկրների  գիտական կենտրոնների, այնպես էլ երիտասարդական գիտական կառույցների  միջև:

ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհդի նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով` արդեն իսկ որոշված է լաբորատորիայի գտնվելու վայրը, հայկական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն բանով աջակցել ծրագրի իրականացմանը:

Չնայած նախնական պայմանավորվածություններին` Մարկ Վան Հյուլեն ասում է, որ  լաբորատորիայի ստեղծման ժամկետները դեռևս հստակեցված չեն, քանի որ նախ և առաջ պետք է կադրային խնդիրը լուծել: Հայաստանում լաբորատորիայի աշխատանքները սկսելու համար հարկավոր է առնվազն 10 աշխատակից: Բելգիացի պրոֆեսորն իր լաբորատորիայի ֆինանսական միջոցներից արդեն իսկ ֆինանսավորում է երկու հայ ասպիրանտների կրթությունը Լյուվենի կաթոլիկ համալսարանում: Նաև քայլեր են ձեռնարկվում մյուս մասնագետների ասպիրանտական կրթության  համար կրթաթոշակներ ապահովելու ուղղությամբ:

«Այստեղ մասնաճյուղ չենք կարող ունենալ, քանի դեռ համապատասխան մասնագետներ չունենք: Այս պահին մասնագետներ շատ չունենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, արդեն իսկ կես մլն եվրոյի ներդրում է կատարվել և դեռ կշարունակվի,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ուսումը ֆինանսավորելիս հայաստանցի երիտասարդների հետ պայմանագիր են կնքում, ըստ որի` նրանք պարտավորվում են կրթություն ստանալուց հետո վերադառնալ Հայաստան:- Նրանք, ովքեր ուզում են աշխատել մեզ հետ, պետք է անպայման վերադառնան Հայաստան, այլընտրանք չկա:  Կարևորը մարդկային ներուժն է, ներդրումները նրանց են ուղղված»:

Համատեղ կրթական ծրագիր իրականացնելու գործում խոչընդոտ է եղել միասնական դիպլոմի հարցը. ասպիրանտը պետք է գիտական ղեկավար ունենա թե՛ Հայաստանում, թե՛ Բելգիայում, երկու երկրներում էլ կրթություն ստանա, սակայն վերջում ստանա մեկ ընդհանուր դիպլոմ, որը ճանաչելի կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում: Հյուլեն ասում է, որ այս խնդիրն էլ արդեն լուծվել է, և առաջիկայում, օրինակ, Էլվիրա Խաչատրյանը կստանա ընդհանուր դիպլոմ:

«Պետք է կարողանանք ավելի շատ գումարներ հայթայթել, որ կազմը համալրենք նոր մասնագետներով: Հիմա նեղ նեյրոհոգեֆիզիոլոգիայի մասին է խոսքը, բայց այնտեղ շատ մասնագիտություններ կան, պրոյեկտները ևս շատ են: Բանակցում ենք մեկենասների հետ ֆինանսավորման հարցը լուծելու համար»,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ֆինանսական խնդիրները երկրորդական են, որոնք անպայման կլուծվեն, առաջնայինը տաղանդավոր կադրերին մեկ տեղում հավաքելն է:

Պրոֆեսորն ասում է, որ Հայաստանում մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ է տեսնում և հիացած է հայ երիտասարդների թե՛ մտավոր ունակություններով, թե՛ աշխատասիրությամբ. «Հայաստանում էլ կարող է լինել աշխարհի առաջադեմ համալսարաններից մեկը: Ունենալով այսպիսի ուղեղներ, պարզ է, որ ապագան Հայաստանինն է լինելու, ուստի մեծ ցանկություն կա  այստեղ էլ ուսումնասիրություններ անել»:

«Անկախի» հարցին, թե ինչու է Հյուլեն ցանկանում, որ արտերկրում կրթվելուց հետո հայ երիտասարդներն անպայման Հայաստան վերադառնան, պատասխանում է, որ նման ցանկության հեղինակը իր ընկեր, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանինն է:

«Իմ երազանքներից մեկն է, որ մեր երկրի ունեցած պոտենցիալը ռեալիզացվի»,- ասում է Մահտեսյանը` հավելելով, որ իր քայլով փորձում է ինչ-որ բանով օգնել իր հայրենիքին:

Հյուլեի հիմնադրած գիտական կենտրոնը Հայաստանում շարունակելու է աշխատել Mindspeller  ծրագրի վրա` փնտրելով այն կատարելագործելու ուղիներ: Mindspeller-ը նաև հայաֆիկացվելու է:

Հյուլեի ստեղծած սարքի շնորհիվ խոսելու և շարժվելու ունակությունից զրկված, բայց ուղեղի ակտիվությունը պահպանած  մարդիկ կարողանում են հաղորդակցվել:  Դրա համար հիվանդն ընդամենը հագնում է գլխարկը և ուշադրությունը սևեռում մոնիտորի վրա գրված այբուբենին` հայացքով ընտրելով իր ուզած տառերը: Մտքի ուժով հիվանդը րոպեում կարող է գրել մի քանի նախադասություն:

«Գլխարկ-սարքն ունի էլեկտրոդներ, որոնք ամրանում են գլխին և հեռակառավարմամբ ուղեղում առկա ակտիվությունը վերածելով ինֆորմացիայի` տեղափոխում են համակարգիչ: Նախկինում գլխարկը պետք է լարերով միանար համակարգչին, այսօր այդ լարերից ազատվել ենք, նախկինում գլխարկի մեջ նաև հատուկ նյութ էր լցվում, որպեսզի էլեկտրոդներն աշխատեին, այսօր այդ նյութն էլ չենք օգտագործում, և գլխարկն օգտագործելուց հետո գլուխը լվանալու կարիք չկա: Արագացել է նաև գլխարկի աշխատանքը. առաջ մի բառ գրելը 20 վայրկյան էր տևում, այժմ նույն ժամանակահատվածում կարելի է մեկ կամ մի քանի նախադասություն կազմել»,- ասում է Հյուլեն:

Համակարգիչ 1-ին դասարանցիներին, ՀՆԱ-ի 1-3 %` գիտությանը, բարձր աշխատավարձ` ուսուցիչներին Նախագահի թեկնածուների խոստումները կրթության և գիտության ոլորտում

ՀՀ նախագահի ութ թեկնածուները, ամեն մեկը յուրովի, շարունակում են  քարոզարշավը` ընտրողներին հատվածաբար ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի Հայաստանի տեսլականը:

«Անկախը» կներկայացնի, թե նախագահի թեկնածուներից ամեն մեկն ինչպիսին է պատկերացնում ապագայի Հայաստանի գիտակրթական ոլորտը:

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն աչքի է ընկնում բյուրեղացված վիճակով. լավ մշակված է, անտեղի որևէ միտք կամ բառ չկա:

«XXI դարում մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը»,- ասված է ծրագրում:

Այնուհետև կետ առ կետ շարադրված են խոստումները, ըստ որոնց` անցում կկատարվի երաշխավորված 12-ամյա կրթության,  ամեն 1-ին դասարանցու կհատկացվի համակարգիչ, մարզերում կկառուցվեն մանկապարտեզներ, սոցիալապես անապահով խավի համար կապահովվի անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, կհեշտացվի բուհական ընդունելությունը:

Նախընտրական ծրագրով նախատեսվում է բուհերում ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ,  առաջնային ուշադրություն կհատկացվի հայագիտությանը:

«Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը: Հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը»,- ամրագրված է ծրագրում:

Վերընտրվելու դեպքում  Սարգսյանը խոստանում է նաև իրավական ամուր հիմք  ստեղծել ակադեմիական գիտության զարգացման համար, աշխատանքներ տանել գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ:

«Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները: Գիտական հիմնարկները ստանալու են գործունեության առավել մեծ ազատություն: Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ գիտական հիմնարկների և մասնավոր հատվածի առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար»:

Նախընտրական այս դրույթերն առաջին հայացքից գրավիչ են, իրագործման դեպքում կարծես թե խնդիրներ էլ չենք ունենա: Բայց… Ծրագրում չկան «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերի  պատասխանները, չկան թվերով ու հստակ ժամկետներով արտահայտված խոստումներ ու ծրագրեր: Օրինակ` նվազագույնը քանի՞ համայնք է նոր նախակրթարան ունենալու, ի՞նչ պետք է հասկանալ «գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ» ասելով, գուցե ներկայիս մեթո՞դն էլ է ժամանակակից: «Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները» արտահայտությունը ևս պաթետիկ է, երբ չկա նշված կոնկրետ թիվ: Այլ բան է, եթե  նշվեր, որ այսքան տարի հետո  գիտությանը կհատկացվի, օրինակ, ՀՆԱ-ի 1%-ը:

2013-ին, նախորդ տարվա համեմատությամբ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելացվեց, ամեն տեղ բարձրաձայնվեց այդ մասին, բայց չնշվեց, որ դա օրենքի պահանջն էր և գիտությանը օրենքով սահմանված նվազագույնից մեկ լումա ավելի անգամ չի հատկացվել: Նույնը կարող է կրկնվել: Թվերի ու ժամանակացույցի բացակայությունը ծրագրում կարծես ապահովագրում է ՀՀԿ-ին, որպեսզի հնարավոր չլինի հետագայում ինչ-ինչ դրույթներ չկատարելու մեղադրանքներ հնչեցնել:

Ավելի պրակտիկ է Հրանտ Բագրատյանի ծրագիրն այս ոլորտում. նա  հարյուր քայլերից հինգը հատկացրել է կրթությանը և գիտությանը:

Նա նախատեսում է կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում մինչև ՀՆԱ-ի 3,2%-ի չափով ներկայիս 2,8-ի փոխարեն, ինչպես նաև բարձրագույն կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացում ՀՆԱ-ի 0,8%-ի չափով:

Նախատեսվում է նաև իրականացնել կրթության հավաստագրային ֆինանսավորում. այսինքն` աշակերտի կրթության համար գումարը հատկացվում է ոչ թե դպրոցին, այլ ծնողին, իսկ վերջինս էլ որոշում է, թե որ դպրոց ուղարկի իր երեխային:

Իսկ գիտությանը Բագրատյանը խոստանում է հատկացնել ՀՆԱ-ի 1%-ը ներկայիս 0.24%-ի փոխարեն. «Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ` թեմատիկ ֆինանսավորման հիմքերով: … Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով»։

Թեկնածուների գիտակրթական ոլորտի ծրագրերից ամենածավալունը Րաֆֆի Հովհաննիսյանինն է. գիտությանը և կրթությանն առանձին-առանձին է անդրադարձ կատարվում: Նա ոչ միայն թվերով ներկայացնում է ներկա իրավիճակը, այլև նշում, թե որոշակի ժամանակ հետո ինչպիսին է ինքը տեսնում ոլորտը և ինչ քայլեր է նախատեսում իրականացնել:

«Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է: Այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին` «ուղեղների արտահոսքին»,- ասված է ծրագրում:

Հովհաննիսյանը նախատեսում է.  «Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում և գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2014 թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչև 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում»:

Հովհաննիսյանը խոստանում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից, ապահովել 2000 թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը, ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք, խթանել գիտություն-արտադրություն կապը և այլն:

Նա նաև խոստանում է գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից և շահութահարկից, ինչպես նաև բուհերից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով:

Կրթության ոլորտում անհրաժեշտ քայլեր է համարում արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձևավորումը, կրթական մասնագիտությունների ցանկի և  կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին, հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը, դպրոցների կառավարման համակարգի շարունակական բարեփոխումը, հաշմանդամ և անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը, բոլոր մակարդակներում կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների դեմ պայքարը և այլն:

Մատնանշված քայլերն իրականացնելու համար, ըստ ծրագրի, հարկավոր է ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ի: Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվելու ինքնակրթությամբ, ինչպես նաև բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև մանկավարժական բուհերում բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:

Նախատեսվում է նաև պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր բուհերի  նկատմամբ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին:

Հովհաննիսյանը նախատեսում է նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Մյուս թեկնածուների ծրագրերում կրթությանը և գիտությանը կա՛մ անդրադարձ չկա, կա՛մ մեկ-երկու տող է հատկացված:

Այսպես, առայժմ հրապարակված է Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրի հենքը, որտեղ նշված ոլորտների մասին ոչինչ չի ասվում:

Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի նպատակներից է «ապահովել գիտակրթական ոլորտի նպատակային ու հետևողական զարգացումը պետության կողմից ընդունված չափանիշներին համապատասխան»:

Անդրեաս Ղուկասյանը նախատեսում է մշակել ու իրականացնել «2014-2020 թթ. ազգային զարգացման յոթնամյա ծրագիր», որի նպատակներից կլինի նաև «երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,  ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության  զարգացման համար»:

Վարդան Սեդրակյանի` էպոսի վրա  հիմնված ծրագիրը դեռևս ամբողջական տեսքով հասանելի չէ. թեկնածուն ակտիվ քարոզարշավը կսկսի փետրվարի 1-ից:  Արամ Հարությունյանն էլ, որ նախատեսում է դուրս գալ ընտրապայքարից,  ծրագիր չի հրապարակել:

Ինչո՞ւ են 16 բանասերները միասին ստեղծել «դիվային» շտեմարան

շտեմարանԿրքերը հայոց լեզվի և գրականության շտեմարանի շուրջ թեժացել են

 

2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանի առաջին հատորի հրապարակումից հետո կրքերը չեն հանդարտվում. աշակերտներն ու բանասերները դժգոհում են շտեմարանի արհեստական բարդությունից և պահանջում վերանայել այն:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Կարապետյանն ասում է, որ նոր շտեմարանն ավելի շատ ուսուցիչների, քան թե աշակերտների համար է. «Դիվային շտեմարան է: Իրավիճակ է ստեղծվել, երբ անգամ կրկնուսույցին է կրկնուսույց հարկավոր»: Կարապետյանն ասում է, որ շտեմարանում ընդգրկված են հազվադեպ կիրառվող բարբառային բառեր և հնաբառեր, որոնց աշակերտը դպրոցական ուսումնառության ընթացքում երբևէ չի առնչվում: Որպես օրինակ նշում է հետևյալ բառերը` դեդևել, հեթեթալ, այսահար, օրրերգ:

Դժգոհում է նաև գնահատման մեխանիզմներից: Օրինակ` «Ուղղագրություն» բաժնում պահանջվում է տրված բառերով բաղադրյալ հատուկ անուններ կազմել: Եթե աշակերտը պատասխանում նշված թվից գեթ մեկ բառ պակաս կազմի, միավոր չի վաստակի, մինչդեռ աշխատանք է կատարել:

Կարապետյանն ասում է, որ շտեմարանի առաջադրանքները ճիշտ գրելու համար բավարար գիտելիք ունեցող երեխան կունենա բանասիրության ֆակուլտետի շրջանավարտի գիտելիքներ. «Էլ  բուհում ի՞նչ պիտի նրան սովորեցնեն, մանավանդ եթե բանասիրության ֆակուլտետի դիմորդ չէ»:

Մասնագետի կարծիքով` առաջադրանքների բարդացման պատճառն անցած տարվա բարձր գնահատականներն են:  Այս տարվա շտեմարանը որևէ մեկը չի կարող անգիր անել. «Երեխան ոչ միայն առանց կրկնուսույցի, ինքուրույն չի կարող պարապել ու բուհ ընդունվել, այլև այնքան է բարդացել, որ նախկին երկու տարվա փոխարեն հիմա պետք է երեք տարի պարապի»:

Առանց կրկնուսույցի բուհ ընդունվելու անհնարինությունը փաստում է նաև  Մ. Խորենացու անվան թիվ 143 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանը. «Ո՞ւմ օգնությամբ աշակերտը պետք է պեղի բառարանները»: Նրա կարծիքով`  շտեմարանային առաջադրանքները կոչված են շփոթեցնելու աշակերտին, դժվարացնելու նրա գործը. եթե նախկինում պատասխաններից երկուսը սխալ էին, մեկը ճիշտ և մեկն էլ` ճշմարտանման, ապա ներկայիս շտեմարանում հարցերի զգալի մասը ճշմարտանման է:

Վրիպակներ ու սխալներ կան ոչ միայն շտեմարանում, այլև անգամ կազմին, որտեղ «1-ին մաս» կամ «I մաս» գրության փոխարեն նշված է «1 մաս»:

«Շտեմարանը նահանջել  է իր բուն նպատակից: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք սիրել մայրենին, գրագետ լինել, ճիշտ արտահայտել իրենց մտքերը, գեղեցիկ խոսել,- ասում է Սարգսյանը: – Արդյոք շտեմարանն օգնո՞ւմ է աշակերտին: Շտեմարանը երեխայի մեջ տագնապ է առաջացնում, ավելորդ լարում, հուզում: Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն մայրենին, բայց հակառակ երևույթն է առաջանում»:

«Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց  դեդևելու: Մենք քերովբեներ չենք»

Հայոց լեզվի և գրականության շտեմարանից իրենց դժգոհությունն արտահայտեցին նաև աշակերտները:

12-րդ դասարանցի Գրիշա Էձգերիձեի կարծիքով` շտեմարանն ավելի շատ բթացնելու համար է ստեղծված, քան կրթելու:

12-րդ դասարանցի Աննա Մուրադյանն էլ ասում է, որ մինչ շտեմարանի հրապարակումը, թեստերից կարողանում էր 17-18 միավոր հավաքել, բայց այժմ խուճապի մեջ է և միակ հույսն այն է, որ գոնե անգլերենից բարձր գնահատական ստանա:

Որպես անհեթեթ  հարցի օրինակ` աշակերտները մատնանշում են հետևյալ հարցը. «Ո՞ր շարքում են պատմավեպերի միայն դայակների և աղախինների անունները»: Եվ հարցնում են. «Եթե չենք հիշում Սամվելի դայակի անունը, նշանակում է պատմավեպին ծանոթ չե՞նք»:

Շտեմարանում կան նաև օտարաբանություններ, օրինակ` «Ուղղագրություն» բաժնի բառերից է «մասսա» բառը, որի հայերեն համարժեքն է «զանգված»-ը:

Գրիշան իր դժգոհությունը  նամակի միջոցով ուղարկել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` կից շարադրելով նաև շտեմարանային բառերից կազմված հետևյալ նախադասությունը. «Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց դեդևելու: Մենք քերովբեներ չենք»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այդ նախադասությունը շտեմարանի հետ կապ չունի, բայց  խոստացավ, որ քննական առաջադրանքներում անորակ և սխալ թեստեր չեն լինելու: Շտեմարաննները, սակայն, կմնան անփոփոխ:

ԳԹԿ–ն դժգոհությունները չափազանցված է համարում

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի կարծիքով` դժգոհությունները հայոց լեզվի և գրականության նոր շտեմարանից չափազանցված են: Ասում է, որ ԳԹԿ-ում հեղինակային խմբի և մասնագետների ներկայությամբ շտեմարանը քննարկվել է, և առանձնացվել  է 21 առաջադրանք, որոնք ենթադրաբար տեղ չեն գտնի քննական թեստում: Որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Ասում է, որ մեծ խնդիր չէ, եթե 7 հազար առաջադրանք պարունակող շտեմարանում 50-100 հարց խոտան լինի կամ մասնագետների կողմից ոչ պիտանի ճանաչվի: «Կարևորն այն է, որ շտեմարանը  դեռ քննական թեստ չէ,  և նման հարցերը չեն ընդգրկվի թեստի մեջ»:

Նոր շտեմարանի բարդությունը, ըստ Իսպիրյանի, նույնպես արհեստական չէ: «Շտեմարանի առկայության դեպքում, բնականաբար, գնահատականները բարձրացան, քանի որ բազան բաց է, երեխաները ծանոթ են առաջադրանքներին, պարապում են, անցած տարվա բարձր գնահատականները տրամաբանական էին: Բայց բարդացումն արհեստական  չէ: Այն, որ մի քիչ ավելացել են առաջադրանքները, և  դրանց տեսակն է փոխվել, դա թեստաբանության զարգացման միտումների մեջ է,- ասում է Իսպիրյանը:- Համաշխարհային պրակտիկայում թեստը 3 մասից է բաղկացած. ընտրովի պատասխաններով առաջադրանքներ, կարճ պատասխանով առաջադրանքներ, ինչը ենթադրում է նոր շտեմարանը, և  ընդարձակ պատասխանով առաջադրանքներ: Վերջինս  մեզ մոտ դեռ չի կիրառվում»:

ԳԹԿ ներկայացուցչի կարծիքով` պարզապես դժվարացել է պատահական պատասխան ընտրելու տարբերակը, իսկ իմացող երեխայի համար ձևակերպումը կարևոր չէ:

Իսպիրյանը նշում է, որ նոր տիպի առաջադրանքները կազմելու են 80 հարցանոց թեստի միայն մեկ հինգերորդը և ունենալու են 4 միավորի արժեք, այնպես որ անցած տարվա շտեմարանը լավ յուրացրած դիմորդները կկարողանան վաստակել առավելագույնը 16 միավոր:

Շտեմարանի կողմնակիցների և հակառակորդների «բանակները» օն–լայն պայքար են մղում

Շտեմարանների դեմ պայքարն անցել է նաև օն-լայն հարթակ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջ: Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջում են քննություններն անցկացնել անցած տարվա կարգով` չեղյալ հայտարարելով 2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարանի նոր հրապարակված հատորները և ուղեցույցը:

Որպես հակակշիռ նշված էջին` ստեղծվել է նաև «Այո շտեմարաններին» էջը, որն էլ կոչ է անում «պայքարել շտեմարաններից անտեղի դժգոհողների դեմ»:

Մինչ հանրությունը  իրական ու վիրտուալ աշխարհներում դժգոհում է ու պահանջում փոփոխել շտեմարանային առաջադրանքները, լույս տեսավ նաև երկրորդ հատորը, որն առաջադրանքների բնույթով նման է առաջինին: Շուտով կհրապարակվի նաև 5-րդ հատորը, որը կամփոփի 2011-ի շտեմարանի առաջին և երկրորդ հատորները: Իսկ նախորդ տարվա շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորներն ուժի մեջ են: Ընդհանուր առմամբ շտեմարանի 5 հատորներում զետեղված կլինի 7 հազար առաջադրանք` նախորդ տարվանից 2 հազարով ավելի:

Շտեմարանի  հեղինակներն են Փառանձեմ Մեյթիխանյանը, Աշխեն Ջրբաշյանը, Ալբերտ Մակարյանը, Ռիտա Սաղաթելյանը, Մարիամ Կուլախսզյանը, Պետրոս Կարեյանը, Անիչկա Ղազարյանը, Միրցա Հալաջյանը, Աննա Աբաջյանը, Լեոնիդ Թելյանը, Սամվել Մուրադյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գայանե Խալաթյանը, Գայանե Մկրտչյանը, Արշալույս Գալստյանը, Վաչագան Ավագյանը:

Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր, երբ հրապարակվեց ԳԹԿ որոշումը շտեմարանի վերաբերյալ: Ըստ այդմ` «Հայոց լեզու և հայ գրականություն»  առարկայի շտեմարանի 5-րդ հատորում կզետեղվեն բոլոր շտեմարաններում տեղ գտած վրիպակների, պատասխանների սխալների ու առաջադրանքների սխալ ձևակերպումների ուղղումները: Ինչպես նաև շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից կհանվեն առաջադրանքները, որոնցում առկա են  զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի բառերը: