Միայն մեկ տեսախցիկով լավ ֆիլմ չես ստեղծի. Թայֆուն Փիրսելիմօղլու

Թայֆուն Փիրսելիմօղլու

Թուրք ռեժիսոր, մի շարք վիպակների և պատմվածքների հեղինակ Թայֆուն Փիրսելիմօղլուն Երևանում էր իր` «Ես նա չեմ» ֆիլմով, որը Թուրքիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ արտադրություն է:  Ռեժիսորն իր կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ, 2002 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ խաղարկային «Ոչ մի տեղ» ֆիլմը, ապա շարունակել կարիերան «Ռիզա/Մշուշ/Մազ» եռագրությամբ: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ` աշխարհի տարբեր քաղաքներում, իսկ նրա ռեժիսորական դեբյուտը սկսել է «Իմ քեռին» կարճամետրաժ ֆիլմով:

 

 

–                     Ինչի՞ մասին է «Ես նա չեմ» ֆիլմը:

 

–        Ֆիլմի գլխավոր հերոսը` Նիհաթնին, ամաչկոտ անձնավորություն, ստիպված է լինում բախվել բարդ հանգամանքների, ինչն էլ հետագայում հանգեցնում է նրա ինքնության կորստին: Արկածները սկսվում են այն օրվանից, երբ հիվանդանոցի ճաշարանում իր հետ աշխատող երիտասարդ գործընկերուհին` Այշենը նրան հրավիրում է ընթրիքի: Գնալով նրա տուն` նա ամուսնական լուսանկարում հանկարծ բացահայտում է, որ ինքը շատ նման է այդ կնոջ ամուսնուն:

 

–                     Երբեևէ փորձե՞լ եք պատմական ֆիլմեր նկարել:

–        Ոչ, նման ֆիլմեր չեմ նկարել և չեմ էլ նկարելու: Պարզապես ինձ ազատ և լավ չեմ զգում այդ ժանրում: Իսկ իմ նոր ֆիլմում օգտագործելու եմ սեփական պատմվածքների թեմաները:

 

–                     Կա՞ որևէ ընդհանուրություն ձեր և ձեր ֆիլմի գլխավոր կերպարի` հերոսի միջև:

 

–                     Ես բոլոր կերպարների հետ էլ ընդհանրություն ունեմ.. (ժպտում է): Ընդհանրապես, որպես ֆիլմի հերոսներ ես ընտրում եմ փողոցում հանդիպող սովորական մարդկանց: Գիտեք, նրանք սարսափելի են, որովհետև կարող են հոգու խորքում սարսափելի պատմություններ թաքցնել:

 

–                     Ինչպե՞ս որոշեցիք նկարահանել այդ ֆիլմը, որը ձեր հինգերորդ աշխատանքն է:

 

–                     Ֆիլմի թեմայի մասին տարիներով եմ մտածել, դա իմ մեջ եղել է, բայց այն հանկարծակի եմ որոշել նկարահանել:

 

–                     Ստեղծագործելիս ձեզ ի՞նչն է ամենից շատ ոգեշնչում:

–      Դոստոևսկու ստեղծագործությունը, համաշխարհային դասականներն ու մտածողները: Սիրում եմ ինքնության կորստի թեման: Ուշադրությամբ եմ հետևում այդ երևույթին և կարծում եմ, որ հաճախ մարդիկ գնում են այդ քայլին, որպեսզի գոյատևեն այս բարդ աշխարհում: Ավելին, յուրաքանչյուրի մեջ ապրում է մեկ այլ անձ:

 

–                     Ո՞րն է թուրք կինոռեժիսորի համար ամենամեծ խոչընդոտը:

 

–                     Ֆիլմեր նկարահանելու համար ամենամեծ խնդիրը ֆինանսի հայթայթելն է: Այդ խնդիրը շատ երկրներում էլ կա, սակայն վերջին տարիներին Թուրքիայում կինոարտադրությունը զարգացել է, քանի որ ֆիլմերի մեծ մասը ֆինանսավորվում է մշակույթի նախարարության գումարներով: Երկրորդ խնդիրը ստեղծագործական մասն է: Շատերին թվում է, թե կինո նկարելը հեշտ է. մեկ տեսախցիկ և  ֆիլմը պատրաստ է, մինչդեռ ոչ բոլորին է հաջողվում լավ գործեր ստեղծել:

ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ…Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է:

ԱՐՏԵՄ  ՄԻԿՈՅԱՆ

Կան անհատներ, ովքեր համաշխարհային ճանաչում ունենալով, համարվում են ազգի, ժողովրդի պարծանքն ու այցեքարտը: Նման անհատներից է աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի Միկոյանը:

Արտեմ Միկոյանի կոչումները թվարկածով չեն ավարտվում. նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1968), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, վեց անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի, Լենինյան մրցանակի դափնեկիր, Կարմիր դրոշի շքանշանակիր, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանակիր,  ինչպես նաև` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-8-րդ գումարումների պատգամավոր է եղել…

Արտեմ Միկոյանի գլխավորությամբ մշակված ու նախագծած ինքնաթիռներով համաշխարհային շուրջ 60 ռեկորդ է սահմանվել, որոնց մի զգալի մասը մնում է չգերազանցված:

Մեծ հայորդին ծնվել է 1905 թվականի հուլիսի 23-ին Լոռու Սանահին գյուղում, ատաղձագործ Հովհաննես Միկոյանի ընտանիքում:

Միկոյանների ընտանիքը բազմանդամ էր. Անուշավանը ընտանիքի հինգերորդ զավակն էր: Հայրն աշխատում էր Ալավերդու պղնձի կոմբինատում, մայրը` Թալիդան, համագյուղացիների պատվերով կար էր անում:

Խոսելով իր ընտանիքի մասին, մեծ ավիակոնստրուկտորը հետագայում ժպիտով պատմում է մի զավեշտալի դեպք: Սանահին գյուղում ընդունված ու հաստատված էր, որ երեխային մկրտելու համար քահանային վճարում էին մեկ ռուբլի: Սակայն չգիտես ինչու, այս անգամ նորածնին մկրտելու համար ծխական քահանան կրկնակի վճար է ուզում, և հայրն ստիպված էր վճարել…

Անուշավան Միկոյանի մանկությունն անցավ հայրենի գյուղում` Լոռվա սարերում: Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար պատանին այծերն էր արածեցնում գյուղի անտառներում: Նա նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: Հետագայում նրա ուսուցիչ  Հովսեփ Գալստյանը լավ էր հիշում իր աշակերտին․

– Նա հետաքրքրությամբ, կարելի է ասել, սիրով էր հաճախում դպրոց։ Քամու նման արագաշարժ էր, բայց շատ ուշադիր։ Երբեք թույլ չէր տալիս իրեն հանկարծակիի բերել։ Սովորում էր նախանձելի ջանասիրությամբ։ Ինչ-֊որ արտակարգ շնորհք ուներ ըմբռնելու, կռահելու, թե ի՞նչ պետք է անել հետո:

1918 թվականին մի դիպված կանխորոշեց Անուշավան Միկոյանի ճակատագիրը: Թուրքական բանակը գրավել էր Լոռին: Սանահինի բնակչությունը քաշվել էր սարերը: Ամառային մի օր, սարերում հարկադրաբար վայրէջք է կատարում ՙՖարման՚ տիպի մի ռազմական ինքնաթիռ: Մինչ օդաչուն կարգի էր գցում շարժիչը, երեխաները շրջապատել էին ինքնաթիռն ու հետաքրքրությամբ զննում էին այն: Այդ օրվանից պատանին ուխտեց, որ պետք է թռչի…

1919 թվականին, հոր մահից հետո տակավին պատանի` հաստատվել է Թիֆլիսում, իր բարեկամուհի Վերգինե Թումանյանի տանը և այնտեղ շարունակել ուսումը: Շուտով սակայն, 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ավագ եղբոր` Անաստաս Միկոյանի մոտ ու սովորել Դոնի Ռոստովի արհեստագործական ուսումնարանում: Ուսումնարանն ավարտելուց հետո Անուշավան Միկոյանն աշխատանքի է անցնում Կրասնի Ակսայ գործարանում որպես խառատի աշակերտ: Սակայն արհեստավոր դառնալը չէր նրա մղումը: Նա ուսման ծարավը հագեցնելու համար ուզում էր տեղափոխվել Մոսկվա և 1924 թվականին ուղևորվում է մայրաքաղաք: Եղբոր միջամտությամբ նրան ընդունում ու ապաստան է տալիս Ստեփան Շահումյանի այրին` Եկատերինա Սարգիսովան:

Մոսկվայում Միկոյանը  ընդունվեց աշխատանքի, հրաժեշտ տվեց Շահումյանի այրուն, բայցև հրաժարվեց տեղափոխվել եղբոր` Անաստաս Միկոյանի բնակարան ու հաստատվեց գործարանի դռնապանի տան խոհանոցի մի անկյունում:

Զրկանքներն ու ծանր աշխատանքը անհետևանք չմնացին: Անուշավանը հիվանդացավ թոքախտով` այն ժամանակվա համար վտանգավոր հիվանդություն:

Որոշ ժամանակ որպես խառատ աշխատելուց հետո 1928 թվականից Անուշավան Միկոյանը ծառայում է խորհրդային բանակում, մեկ տարի անց ուսման անցնում Օրյոլ քաղաքի տանկային ուսումնարանում, որ կազմավորել էր Սուրեն Ստեփանի Շահումյանը, ապա զորացրվելուց հետո Սուրեն Շահումյանի խորհրդով ընդունվում և 1936 թվականին ավարտում է Մոսկվայի Ժուկովսկու անվան Ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: Հենց Շահումյանն իր դիրքով ու ազդեցությամբ նպաստեց Միկոյանի` ակադեմիա ընդունվելուն, քանզի վերջինս անգամ միջնակարգ կրթություն չուներ: Բայց դա չխանգարեց ուսանող Միկոյանին` ագահորեն կլանել գիտելիքն ու լրացնել պակասը: Շուտով նա ակադեմիայի ուսանողների առաջատարներից դարձավ:

Դեռևս ուսանողության տարիներին` 1935 թվականին, Անուշավան Միկոյանն իր ընկերների հետ ստեղծեց առաջին ինքնաթիռը` Օկտյաբրյոնոկը: Ապա ընկերների հետ նախագծեց ԽԱԻ-1 մարդատար ինքնաթիռը, որ սակայն ավելի մեծ արագություն էր զարգացնում, քան ժամանակի ռազմական ինքնաթիռները: Դա մեծ հաջողություն էր: Սակայն դեռ ամեն ինչ առջևում էր:

Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի անցավ Ժուկովսկու անվան ավիագործարանում: Անուշավան Միկոյանի Հետագա ողջ կյանքն ու գործունեությունը կապված էին հենց այս գործարանի հետ:

Անուշավան Միկոյանը Մոսկվայում եղբոր` Անաստասի տանը հանդիպեց իր սիրուն` Զոյա Իվանովնա Լիսիցինային ու 1936 թվականի փետրվարի 23-ին գրանցվեց նրանց ամուսնությունը: Եղբոր ընտանիքի մասին Անաստաս Միկոյանը հետագայում իր հուշերում գրել է.

«Արտեմ Իվանովիչը ընտանիքի լավ հայր էր։ Նա մեծ ու լավ ընտանիք ունի։ Երբ առաջին անգամ մեր տուն բերեց Զոյա Իվանովնային, նա լավ տպավորություն գործեց։ Շատ հաճելի կին էր, բայց հաճելի կանայք շատ կան, իսկ մեր ընտանիքներն ունեն իրենց սովորություններրը, իրենց բարքերը։ Կհարմարվի՞ արդյոք։ Նա հազվագյուտ, հիանալի կին դուրս եկավ։ Նա կարողացավ ռուս կնոջ լավագույն գծերը զուգորդել հայ կանանց լավագույն սովորությունների հետ։

Օրինակ, հատկանշական է թեկուզ այն, որ երբ մեր գյուղից որևէ մեկը գալիս էր Մոսկվա, այցելում էր Արտեմ Իվանովիչին։ Այդպես է մեզ մոտ ընդունված՝ եկողը անպայման այցելում է։ Ինձ մոտ գալը, ասենք, բարդ էր՝ անցագիր էր հարկավոր, իսկ նրանց մոտ հեշտ էր։ Եվ Զոյան միշտ բոլորին ընդունում էր որպես հարազատների․․․»։

1940 թվականին, պատերազմի նախօրեին Անուշավան Միկոյանը Գուրևիչի հետ ստեղծեց հանրահայտ Միգ-1 կործանիչը: Սա իսկական հեղափոխություն էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: Միկոյանի ստեղծած կործանիչները մեծ դեր ունեցան ոչ միայն Հայրենական պատերազմում Կարմիր բանակի` գերմանացիների դեմ մղած պայքարում, այլ առհասարակ, հետագայում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի` օդում համաշխարհային տիրապետության հաստատման գործում: Հատկապես հզոր է ՄԻԳ-19 գերձայնային կործանիչը, ինչը մինչ օրս լավագույններից է համաշխարհային օդուժի պատմության մեջ:

Առհասարակ, Միկոյանի ստեղծած ՄԻԳ-երը արտահանվել են աշխարհի շուրջ 40 երկրներ` ավելի քան  60000 քանակով:

1940 թվականից մինչ կյանքի մայրամուտը Անուշավան Միկոյանը ԽՍՀՄ ինքնաթիռաշինարարական փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետն էր:

Անուշավան Միկոյանը նախևառաջ մեծ երազող էր: Բազմիցս հարցազրույցներում, անհատական զրույցներում արտահայտել է միտքը, որ իր աշխատանքում կարևորը` երազել կարողանալն էր: Ահա նրա հաջողության բանալին: Երազանք, և կամք` կյանքի կոչելու այդ երազանքը: Նա ուներ նաև իր սկզբունքը և հաջողության գաղտնիքը. ՙԵրբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է՚:

Մեծ գյուտարարը, հայ ժողովրդի մեծ զավակը մահացավ 1970 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում, սրտի վիրահատության ժամանակ:

 

Վահե Անթանեսյան

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ

SenՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ:

«Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլև ողջ հասարակության շրջանում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արևշատյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Անկախ

Արտյոմ Գևորգյանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Արտյոմ Գևորգյան

***
Արտյոմ Գեղամյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ

Կրթություն 
1997 -2001 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)
2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց

Աշխատանքային գործունեություն
1998-2001 թթ. – «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ
2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական
2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ
2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս
2005-2006 թթ. – «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու
2007-2008 թթ. – «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան
2008 թ. – «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ
2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ
2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան
2013-2014 թթ. – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող
2014 թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

Գյումրիում գրանցված նոր սպանությունների շուրջ

Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած արտակարգ իրադարձությունների շուրջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ մահվան երեք դեպքերի առիթով էլ հարուցվել են քրեական գործեր: Դեպքի վայրերի ուսումնասիրություններն ավարտվել են:

սպանություններ Գյումրիում

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիում երեք դեպք է գրանցվել՝ 15 տարեկան, դեռևս ինքնությունը չպարզված տղան ընկել է Երևան-Գյումրի գնացքի տակ, ջախջախվել է վերջինիս գլուխը և տեղում մահացել է: Հաջորդ երկուսը սպանության դեպքեր են.  Գյումրու Արցախ թաղամասում սպանվել է նույն թաղամասի բնակիչ Էդգար Անտիկյանը: Տուժածին գիշերը ժամը 2-2:30-ի սահմաններում տեղափոխել են ՙԳյումրի՚ բժշկական կենտրոն, շատ ծանր՝ մահամերձ վիճակում: Նրա կյանքը փրկել չի հաջողվել, հիվանդանոց տեղափոխելուց րոպեներ անց մահացել է: Ըստ եղած վերքերի՝ Անտիկյանին դանակահարել են գլխի, կրծքավանդակի աջ և ձախ կողմերի և գոտկատեղի հատվածներում:

Սպանության հաջորդ դեպքը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին՝ Շիրակի մարզի Գետք գյուղի մոտ: Հայտնաբերվել է Գյումրի քաղաքի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային մահացու վնասվածքով: Գյուղին կից՝ ճանապարհին գտնվող մի կիսախարխուլ շինության մոտ ընկած է եղել Գրիգորյանի դին, իսկ քիչ հեռու՝ կայանված է եղել ՙՖորդ՚ մակնիշի 88 LO 988 պետհամարանիշով մեքենան:

Հավելենք, որ Հարություն Գրիգորյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրն է:

Այս դեպքերով հարուցվել են քրեական գործեր, ուսումնասիրվում են բոլոր շրջանառվող վարկածները:

Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլև նրանց սխրանքով (լուսանկարներ)

ճանաչենք հերոսներին

ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաև համատեղ նախաձեռնություններով՝ օգտագործելով միմյանց ներուժը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանի հետ։ Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ իրականացնում է «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը, որի շրջանակներում պատրաստել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մասին պատմող 30 հոլովակ:

ճանաչենք հերոսներին

 

 

ճանաչենք հերոսներինՐաֆֆի Գևորգյանը շուրջ 50 պատանիների ու երիտասարդների հոլովակների միջոցով ներկայացրեց Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհած հայորդիների գործն ու սխրանքները։ «Շատ կարևոր է, որ մարդ փոքր տարիքից ունենա հերոս, որին կձգտի նմանվել և որի գործը կփորձի շարունակել։ Ու այդ հերոսները պետք է լինեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Այդ հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանուններով, այլև նրանց սխրանքներով»,- դիմելով միջոցառմանը ներկաներին՝ ասաց Րաֆֆի Գևորգյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ հոլովակները հետաքրքրություն կառաջացնեն պատանիների մոտ, ու նրանք կբացեն գրքեր, կուսումնասիրեն համացանցային տեղեկությունները՝ հերոսների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։

ճանաչենք հերոսներին

Խոսելով Լեոնիդ Ազգալդյանի մասին՝ Րաֆֆի Գևորգյանը շեշտեց, որ գիտնական-ֆիզիկոսն իր ընկերների հետ գիտական միտքը կենտրոնացրել է զենքերի նախագծման, մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այն գործիչներից էր, ով կարևորում էր առանձին գործող ջոկատների միավորումն ու կանոնավոր բանակ ունենալու գաղափարը։ Ազգալդյանն ասում էր, որ հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի կանոնավոր բանակը:

DSC_9726

Րաֆֆի Գևորգյանն անդրադարձավ նաև Արծվաշենի 11 հերոսներին և Վոլոդյա Դարբինյանին։ Վոլոդյա Դարբինյանն ու նրա 11 զինակիցները, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են՝ թշնամու կրակը գիտակցված ընդունելով իրենց վրա։

ճանաչենք հերոսներին

Պատանիները ծանոթացան Արշակ Ղամբարյանի, Աշոտ Չախոյանի և մեր մյուս զոհված ազատամարտիկների սխրանքներին։ Հատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ով միայն 12 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին։ 8 լեզվի կատարելապես տիրապետող գիտնականն իր կյանքը նվիրում է հայոց ազատագրական պայքարին՝ մեծ ներդրում ունենալով նաև Արցախի ազատագրման գործում։

Միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու խրոխտ յարխուշտայով։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գողություն «Հաղթանակ» զբոսայգու սրճարանից. գիշերային անկոչ հյուրերի հայտնաբերման աշխատանքներին մասնակցեցին նաև ոստիկանության վետերանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

գողություն

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:

Մանկատնից` փողոց

ՏիգրանԳյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»:

Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա էին և նախորդ տարիներին նրանցից շատերը բնակարան ստացան, ապա ներկայումս դրանցում բնակվողների գերակշիռ մեծամասնությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Այդ «մոդուլներից»  մեկի դատարկ սենյակում էլ հանդիպեցինք 23-ամյա Տիգրանին: Նա մեծացել է  մանկատներից մեկում:  20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել: Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:

Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները դատարկաձեռն չէին: Տիգրանին տրմադրվեց Կանադայի «Գոլոլեան Հիմնադրամի» և ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցութամբ ձեռք բերված օգնությունը:

Խիզախությանբ հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու համար Ռուզվելտ Թորոսյանը պարգևատրվել է

Ռուզվելտ  ԹորոսյանՄարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ  Թորոսյանին:

 

Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք է ստանա արտերկրում:

Իր երախտագիտությունը հայտնելով զինծառայողին և նրա հարազատներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր աջակցությունը կցուցաբերի արտերկրում Ռուզվելտ  Թորոսյանի հետագա բուժման կազմակերպման համար:

 

 

Սպանվել է ժամկետային զինծառայող

ՊԲ,պն 18.07.2014թ., ժամը  07.00-ի սահմաններում,  N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

 

Թեժ գիծ՝բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ

Թեժ գիծՏեղեկացնում ենք, որ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին և դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:

Աշխատանքային խումբը օպերատիվ կերպով կարձագանքի քաղաքացիների ահազանգերին, մասնավորապես այն դեպքերում, երբ անբողոքարկելի դարձած վարչական ակտերով քաղաքացիները չեն եղել պատշաճ ծանուցված, բանկային հաշիվների արգելադրումներն իրականացվել են բռնագանձման ենթակա գումարներից առավել մեծ ծավալով և այլ դեպքերում, որտեղ կարող են առկա լինել անձանց իրավունքների խախտումներ:

Աշխատանքային խմբի հետ կարող եք կապ հաստատել և Ձեր խնդիրը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծով՝ (010) 31 91 74 հեռախոսահամարով, աշխատանքային ժամերին:

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին

 Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս ՊապակոստասինՀուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար: Կողմերը փաստեցին, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի աճել է և ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական համագործակցության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հունաստանի ռազմական կցորդին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Մոսկվայում ձերբակալել են հայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին.7or.am

Լևոն ՀայրապետյանՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են աշխարհում ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ Վկայակոչելով «Rosbalt.ru»–ին, հաղորդում է7or.am-ը:

Նրան ձերբակալել են «кингисеппской» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։

Լևոն Հայրապետյանին ձերբակալել են 2014թ. հուլիսի 15–ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից։Իրավապահները՝ ուժեղացված հսկողության ներքո, գործարարին տարել են հարցաքննության։ Առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։

Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը այժմ ցմահ բանտարկություն է կրում։

Լևոն Հայրապետյանն աշխարհի ամենահարուստ հայերի ցանկում զբաղեցնում է 10–րդ տեղը։Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

ԼՂՀ Շահումյանի շրջանում ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ

ձերբակալությունԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <КМС> տեսակի <TD 2042> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի <ПМ> տեսակի <ВА 0033> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու <Ф-1> տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի <АКМС> տեսակի <TF 7373> համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի <ПМ> տեսակի <СН 3478> համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:
Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար:
Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործը գտնվում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:
Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Անկախ

Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է մաշկային հիվանդություն

արսեն խոջայանԱդրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ սեռավարակներ չեն հայտնաբերվել: «Հրազդանի» բժշկական կենտրոնում ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետների մասնակցությամբ Արսենին բուժզննության ենթարկելուց հետո վերցվել էր արյան նմուշ` պարզելու` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե՞ ոչ: Հերթական հետազոտության արդյունքում սեռավարակներ չեն հայտնաբերվել, սակայն հաստատվել է մաշկային հիվանդություն` փսորիաս: ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժնի ղեկավար Տիգրան Գևորգյանի խոսքով, մաշկային այս հիվանդությունը վարակիչ չէ, զարգանում է սթրեսի, նյութափոխանակության խանգարման, մի շարք այլ պատճառներով, պայմանավորված է լինում նաև արտաքին ազդեցությամբ: Արսեն Խոջոյանին նշանակվել է դեղորայքային բուժում: Ըստ անհրաժեշտության` Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բժշկական հետազոտության:

Անկախ