Այսօր Մումբայում 5 հանցագործ բռնաբարել է 22-ամյա աղջկան: Նրան իր ընկերոջ հետ քարշ են տվել մի լքված շինություն, ծեծել են նրանց, ապա բռնաբարել աղջկան: Ներկայում հանցագործների ֆոտոռոբոտներն են ստեղծել: Լրագրող աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:
ԱՄՆ-ում դեռահասները ծեծելով սպանել են 88-ամյա վետերանին
Վաշինգտոնի Սպոկան քաղաքում երկու դեռահաս ծեծելով սպանել են Երկրորդ համաշխարհային պատերազմի 88-ամյա վետերան Դելբերտ Բելտոնին:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Գրիֆիթսի խոսքով, երկու դեռահասները վետերանին ծեծել են ավտոկայանատեղիում, բիլիարդի ակումբի մոտ: Ծերունին մահացել է մինչ շտապօգնության ժամանումը: Մարդասպաններին առայժմ չի հաջողվել բռնել, ոստիկանությունը սկսել է հետաքննությունը:
Բենտոնը կռվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խաղաղօվկիանոսյան ճակատներում ու ծանր վիրավորվել: Պատերազմի ավարտից հետո նա 30 տարի աշխատել է տեղի ալյումինի գործարանում:
Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը օգոստոսի 22-ին նահանգում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով:
Յոսեմիթյան ազգային պարկի շուրջ անտառային հրդեհներն արդեն մեկ շաբաթ է, որ մոլեգնում են: Երեկվա դրությամբ հրդեհը 217 քմ տարածք է ոչնչացրել: Պարկում այրվել է շուրջ 47 քմ անտառ:
ԱՄՆ-ի 11 նահանգներում խոշոր հրդեհների 51 օջախ է գրանցվել: Այդահոյում տարհանվել է 2 հազար տուն: Հրդեհների պատճառած վնասն ընդհանուր առմամբ գնահատվում է 600 մլն դոլար:
Բրեյվիկի կողմնակիցներն ահաբեկչությամբ են սպառնում
Nya-Wermlands Tidningen թերթի խմբագրությունում ստացված սպառնալիքներով նամակում տեղեկացվում է թագավորկան ընտանիքի նստավայրի պայթեցման մտադրության մասին: Դիմումը ոչ գրագետ անգլերենով է գրված ու ստորագրված`”Հյուսիսային Եվրոպայում Անդերս Բերինգ Բրեյվիկի համակերների խումբ”:
Նամակում աղավաղված անգլերենով շարադրել են, որ պատրաստվում են մեծ ռումբ պայթեցնել Կառլստադի մոտ ու ապագայում իրենց թիրախն են դառնալու համասեռականները:
Ոստիկանությունն արդեն շղթայել է Կառլստադում գտնվող թագավորական նստավայրը , իսկ բոլոր իրավապահ օրգաններն առավելագույն պատրաստականության վիճակի են բերվել:
Բրեդլի Մենինգն Օբամայից ներում է խնդրել
WikiLeaks-ի`35 տարվա ազատազարկման դատապարտված տեղեկատուն` Բրեդլի Մենինգը Բարաք Օբամային խնդրել է իրեն ներում շնորհել: Նախագահին ուղղած նամակում նա խոստովանել է, որ օրենքը խախտել է միայն իր երկրի նկատմամբ սիրուց: Նրա խոսքով, ամեն անգամ, երբ Իրաքում կամ էլ Աֆղանստանում ամերիկյան զինվորների ձեռքով խաղաղ բնակիչներ են զոհվել, դա վերածվել է գաղտնի տեղեկության, իսկ հրամանատարությունը դա քողարկել է ազգային անվտանգության հետաքրքրություններով, փոխանակ պատասխաներ իր սխալների համար:
Կօգնեն արդյոք այս խոստովանությունները Մենինգին` առայժմ պարզ չէ: Սակայն փորձագետներն ու լրագրողները գտնում են, որ Օբաման շատ հավանական է, որ կրճատի Մենինգի պատժաժամկետը:
Մոսկվայում փողոցային տեսախցիկները կարձագանքեն “օգնության” կանչերին
Մոսկվայում ակուստիկ վերլուծության համակարգեր կհայտնվեն, որոնք կսարքավորվեն մուտքերում ու փողոցներում տեղադրված տեսահսկման խցիկներում: Համակարգը կտարբերի վտանգավոր ձայներն ու ռուսերենով օգնության ճիչերը. Ներկայում մշակվում են համապատասխանող բառարաններ: Դրա վրա Մոսկվան կծախսի 10 մլն ռուբլի:
“Համակարգը կտարբերի պայթյունի, մեքենաների բախման, ինչպես նաև` օգնության կանչերը: Մեկնարկային ծրագրով` համակարգը կփորձարկվի մուտքային տեսահսկման 100 խցիկներում, որոնք արդեն հագեցած են բարձրախոսով: Փորձերին լրացուցիչ կմասնակցեն նաև 30 առանձին սարքավորումներ` առանց տեսախցիկի` միայն ձայնային ազդանշաններ ստանալու համար : Թե որ հասցեներում են տեղադրվելու այդ սարքավորումները, դեռևս չեն հայտնել”,-տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Իլհամ Ալիևի գործունեության վերաբերյալ կայք է բացվել
Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի 10-ամյա նախագահական գործունեության վերաբերյալ կայք է բացվել:
“President-az.com” կայքի հեղինակը Իլհամ Ալիևն է: Այն ներկայացված է 7 լեզվով`ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն: Կայքը բաղկացած է 40 բաժնից, որոնցում արտացոլվել է Իլհամ Ալիևի`10 տարվա նախագահական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքը տնտեսության, սոցիալական ապահովման, բանակի հիմնադրման, արտաքին քաղաքականության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Տարբեր բաժիններում տեղադրված է ավելի քան 300 հոդված:
Հավելենք, որ 2013թ.-ի հոկտեմբերին 9-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Իլհամ Ալիևը թեկնածուներից մեկն է:
Արբեջանցին սպանել է գազի գումարը հավաքողին, ապա ինքնասպան եղել
Ադրբեջանի Իմիշլիի շրջանում սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Իմիշլիի շրջանի բնակիչ, 1944թ.-ին ծնված Իսլամ օղլու Աբբասովը վիճաբանել է, ապա կրակելով սպանել գազի գումար հավաքող Մուբարիզ Խոսրով օղլու Փարաջևին (1962թ):
Այնուհետև Աբբասովը նույն այդ հրացանով ինքնասպան է եղել:
Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռներ են արձակվել, որոնք երկրի տարածք չեն հասել
Իսրայելցի զինվորականի տեղեկություններով՝ Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռներ են արձակվել, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել երկրի տարածք:
Ռազմական ներկայացուցիչ գնդապետ Պիտեր Լերները հայտնում է, որ հրթիռները արձակվել են հինգշաբթի օրը Լիբանանի Տյուրոս նավահանգստային քաղաքի կողմից: Չորս հրթիռներից մեկը վնասազերծվել է իսրաելական “Iron Dome” պաշտպանական համակարգի միջոցով, իսկ մյուսները Իսրայելի տարածք չեն հասել: Նրա տեղեկություններով՝ Իսրայելի հյուսիսային շրջաններում փողոցներն ու մեքենաները թեթևակի վնասվել են՝ հակահրթիռային համակարգի միջոցով հրթիռը վնասազերծելու ընթացքում:
Լերները կատարվածի մեջ մեղադրում է համաշխարհային ջիհադիստական տարրերին՝ նկատի ունենալով Ալ-Քաիդայի հետ կապ ունեցող խմբավորումներին:
Իսպանիայում չբացահայտված, 4 մ երկարությամբ, եղջրավոր ծովային հրեշ է ափ նետվել
Եղջյուրներով, երկար, սպիտակ մարմնով և լպրծուն կառուցվածքով արարածը միֆական հրեշ կարող է համարվել, սակայն այն միանգամայն իրական է:
Իսպանիայի Վիլարիկոս գյուղի մոտակայքում առեղծվածային արարած է ափ նետվել: Այժմ հետազոտություններ են իրականացվում պարզելու, թե ինչ կենդանի է դա:
Huffington Post-ի տեղեկություններով՝ տարօրինակ արարածին նկատել է մի լողորդ, որը սկզբում բախվել է նրա գլխի, այնուհետև նաև ամբողջ մարմնի հետ:
Քաղաքացիական պաշտպանության բաժնի կոորդինատոր Մարիա Սանչեսը հայտնում է, որ իրենք գաղափար չունեն, թե դա ինչ է:
Կենդանու մարմինը այնքան քայքայված է, որ անվտանգությունից ելնելով նրա մնացորդները թաղելու անհրաժեշտություն կա:
Տարբեր վարկածներ են առաջ քաշվել կենդանու վերաբերյալ՝ սկսած շնաձկան տեսակից, մինչև թիավար ձուկ, սակայն հետազոտողները դեռևս ուսումնասիրում են այն:
Պապ Բենեդիկտը` իր ուշագրավ հրաժարականի մասին
Կաթոլիկ լրատվական գործակալության տվյալներով՝ նախկին պապ Բենեդիկտը հայտնել է, որ ինքը հրաժարական է տվել, քանի որ առեղծվածային փորձառության միջոցով Աստված նրան այդպես է ասել:
Բենեդիկտն իր ուշագրավ հրաժարականի մասին հայտարարել էր փետրվարին՝ դառնալով 600 տարվա ընթացքում առաջին պապը, որը նման բան է արել:
Zenith լրատվական գործակալությունը, մեջբերելով Վատիկանի այգիներում գտնվող մենաստանում բնակվող Բենեդիկտի այցելուին, նշում է, որ Բենեդիկտը հայտնում է, որ Աստված տեսանելի կերպով չի խոսել իր հետ, այլ դա արել է առեղծվածային փորձառության միջոցով:
Նրան հաջորդել է պապ Ֆրանցիսկը, որը 1,300 տարվա մեջ ընտրված առաջին ոչ Եվրոպացի պապն է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բենեդիկտն իր այցելուին նաև հայտնել էր, որ հետևելով պապ Ֆրանցիսկի քայլերին՝ որպես պապ, ինքընավելի ու ավելի է համոզվում, որ իր որոշումն Աստծո կամքով է եղել:
Անցած կիրակի Բենեդիկտը մեկ օր անց էր կացրել հարավային Հռոմում գտնվող պապական ամառանոցում՝ մայրաքաղաքի շոգից խուսափելու համար, ինչը ցույց է տալիս, որ 86-ամյա նախկին պապը ճամփորդելու համար բավարար առողջական վիճակում է: Հրաժարականից հետո լրատվամիջոցները հայտնում էին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Մենինգը խնդրում է այսօրվանից իրեն կին համարել ու կոչել Չելսի
Wikileaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգը խնդրում է այսօրվանից իրեն Չելսի Մենինգ անվանել ու հավատացնում է, որ ինքը կին է, հայտնել է NBC News հեռուստաալիքը:
“Ես Չելսի Մենինգն եմ, ես կին եմ: Հաշվի առնելով, թե ինչպես եմ զգում ու զգացել մանկուց, ես ցանկանում եմ հորմոնաթերապիա սկսել հնարավորինս շուտ: Ինչպես նաև, պահանջում եմ, որ այս օրվանից սկսած դուք ինձ դիմեք նոր անունով ու իգական սեռի դերանուն կիրառեք (բացի պաշտոնական փոստից, որ ուղարկվում է ուղղիչ գաղութ)”:
Մենինգը ելույթ է ունեցել այդ հայտարարությամբ Wikileaks գաղտնի փաստաթղթերը հանձնելու գործով դատավճռի հրապարակումից հետո:
Երեկ ԱՄՆ դատարանը Մենինգին դատապարտեց 35 տարվա բանտային կալանքի: Դատավճիռը ավելի մեղմ էր,մեղադրող կողմը Մենինգի համար պահանջում էր 60 տարվա ազատազրկում:
Դատավճիռը թույլ կտա Մենինգին ազատ արձակվել, երբ նա կդառնա 60 տարեկան.հիմա նա 25 տարեկան է:
Մարկ Ցուկերբերգի Facebook-ի էջ մտած հակերը առցանց նվիրատուներից կստանա 12,000 դոլար
Մարկ Ցուկերբերգի Facebook –ի էջ մտած հակերը, որը ցանկացել էր իր այդ քայլով ցուցադրել կայքի անվտանգության հետ կապված թերությունը, առցանց իրականացված դրամահավաքից կստանա 12,000 դոլար:
Պաղեստինցի Խալիլ Շրեատեի համար GoFundMe դրամահավաքի ընթացքում հավաքվել է 11,741 դոլար:
Պաղեստինցին հայտնում է, որ ինքը ստիպված է եղել այդ քայլին գնալ, քանի որ Facebook-ը նախկինում ուշադրություն չէր դարձնում անվտանգության թերությունների վերաբերյալ իր նախազգուշացումներին:
Խալիլն իր գտած անվտանգության թերության միջոցով կարողացել էր իր ընկերներ չհանդիսացող մարդկանց էջերում ինչ-որ բաներ տեղադրել:
Թերությունը հայտնաբերելուց հետո Facebook –ի հիմնադրի ընկերներից մեկի էջում գրելով ՝ Խալիլը սկզբում կապվել էր Facebook-ի անվտանգության հետ հարցերով թիմի հետ: Սակայն նրան շնորհակալություն հայտնելու և թերությունը վերացնելու փոխարեն Facebook-ը պատասխանել էր, որ դա թերություն չէ:
Այնուհետև նա այդ թերությունն օգտագործել էր Մարկ Ցուկերբերգի էջ մտնելով՝ ներողություն խնդրելով նրա անձնական անձեռնմխելիությունը խախտելու համար և նշելով, որ ինքն այլ ելք չի ունեցել Facebook-ի թիմի ուշադրությունը գրավելու համար:
Այդ քայլից րոպեներ անց Facebook-ի թիմը կապվել էր նրա հետ և հարցրել, թե ինչպես է նա կարողացել մտնել իրենց ղեկավարի էջ, որից հետո Facebook-ի անվտանգության թիմի անդամներից մեկը գրել էր, որ իրենք հինգշաբթի օրը վերացրել են այդ թերությունը:
Բելգիան պահանջել է թագավորական պալատը հեռացնել Google-ի օնլայն քարտեզից
Բելգիայի իշխանությունները արբանյակից կատարված թագավորական նստավայրի եռաչափ պատկերներում թագավորական ընտանիքի նկատմամբ սպառնալիք են տեսնում:
Բելգիական իշխանությունների տվյալներով, քարտեզի վրա հստակ երևում է պալատը, որը տեղակայված է Բրյուսելի հյուսիսում, Լաքենում ու դրան հարող տարածքը: Փորձագետների կարծիքով, նման լուսանկարները կարող են թագավորի նստավայր կազմակերպված ներխուժման սպառնալիք ստեղծել: Նրանք Google ընկերությանը հիշեցրել են, որ թագավորի սեփական տարածքների լուսանկարումն օդից, ինչպես նաև թռիչքը դրանց վրայով` անվտանգության նկատառումով արգելված է դեռևս 1954-ից:
Google-ի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնել են, որ պատրաստ են լուծելու առաջացած խնդիրը թագավորական պալատի հետ համատեղ: Ընկերության տվյալներով, Բրյուսելի օնլայն քարտեզը համացանցում հասանելի է 2011-ից:
Ռոբերտ Մուհաբեն 7-րդ անգամ հռչակվեց Զիմբաբվեի առաջնորդ
89-ամյա Ռոբերտ Մուհաբեն 7-րդ անգամ երդվեց որպես Զիմբաբվեի նախագահ:
Նա ղեկավարում է այն պահից, երբ երկիրը 1980-ին անկախացավ Միացյալ Թագավորությունից: Հուլիսին նա կրկին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում:
Նրա ընդդիմախոսները հայտարարել են, թե ընտրությունների արդյուքները կեղծված են, ինչին ի պատասխան Մուհաբեն խորհուրդ է տվել`” թող գնան ու կախվեն”:
«Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված նախընտրական վիճակը վատթարացել է». Human Rights Watch
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված նախընտրական վիճակը վատթարացել է, երկրի իշխանությունները ճնշում են բողոքի բոլոր ձևերը: Այս մասին հայտարարել է “Human Rights Watch” միջազգային իրավապաշտպան կազմակերպության ժնևյան գրասենյակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը. տեղեկացնում է “Հաքքին” կայքը:
Ֆլորիան Իրմինգերը նշել է, որ իշխանությունները խախտում են քաղաքացիների հավաքներ կազմակերպելու իրավունքը, իշխանություններին քննադատողների նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հետապնդում են իրավապաշտպաններին:
“Կարծում ենք, որ Ադրբեջանում ԵԱՀԿ-ի երկարաժամկետ առաքելության մոնիթորինգի անհրաժեշտություն կա, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն ընտրության օրով: Պետք է մոնիթորինգ անցկացնել ոչ միայն նախաընտրական, այլ նաև հետընտրական փուլում: Պարադոքսային իրավիճակ է ստեղծվել. բոլորը գիտեն ապագա նախագահի անունը: Ոչ մի եվրոպական երկրում այսպիսի բան չեք տեսնի: Նշանակում է`բոլորը գիտեն, որ ընտրությունները կեղծված են”:
Ադրբեջանում նախագահական ընտրություննեըը կայանալու են 2013թ.-ի հոկտեմբերիր 9-ին:
ՃՏՊ Վրաստանում. կան հայ տուժածներ (լրացված)
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Չինացի բարձրաստիճան պաշտոնյան կկանգնի դատարանի առաջ
Չինաստանում սկսվել է Բո Սիլայի նկատմամբ սկանդալային դատական պրոցեսը: Նրան մեղադրում են կոռուպցիայի ու իշխանությունը չարաշահելու մեջ:
Դատը տեղի է ունենում ՉԺՀ-ի արևելքում` Ցզինան քաղաքում: Բո Սինայն ինչ որ ժամանակ զբաղեցնում էր Չունցին քաղաքի կոմկուսի ղեկավարի պաշտոնը: Անցած տարի նրան մեղադրեցին մի շարք լուրջ հանցագործությունների, իսկ նրա կինը մեղադրվեց ամերիկացի գործարարի սպանությունը կազմակերպելու մեջ:
Բո Սիլային հեռացրին աշխատանքից ու ձերբակալեցին անցած գարնանը:
ԵՄ-ն կասեցրել է Եգիպտոսին զենքի ու հատուկ տեխնիկայի մատակարարումը
Եգիպտոսի իրադարձություններից հետո, ԵՄ որոշում ընդունեց երկրին զենքի ու հատուկ տեխնիկայի մատակարարումն արգելելու վերաբերյալ, ինչը կարող է կիրառվել ներքին բռնությունների նպատակով:
Բացի այդ, եվրոպական երկրները պատրաստվում են վերանայել Կահիրեի հետ ռազմական համագործակցության ծրագրերը:
Ռազմական աջակցության ծրագրով Եգիպտոսը ԵՄ 28 երկրներից ստանում էր տարեկան 130-140 մլն եվրո: ԱՄՆ-ն այդ օգնության 10-րդ մասն էր տրամադրում: Ֆինանսապես Եգիպտոսին աջակցել նրանք մտադիր են այսուհետ էլ:
ԱՄՆ-ում շոգին ավտոմեքենայի մեջ թողնված երեխան մահացել է
Ամերիկյան Հեմփսպեդ քաղաքում երեկ մահացել է ավտոմեքենայում շոգին մոռացված 7-ամսական երեխան: 25 տարեկան հայրը` Դևոն Ֆեններն առավոտյան իր քաղաքացիական կնոջը տարել է աշխատանքի, դրանից հետո 7 և 4 տարեկան երեխաներին հասցրել է մանկապարտեզ, իսկ ամենփոքր որդուն թողել է ավտոմեքենայի մեջ:
Մեկուկես ժամ անց վերադառնալով, հայրը հայտնաբերել է երեխայի անշունչ մարմինը: Նա փոքրիկին հասցրել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել նրան փրկել: Մեքենայում ջերմաստիճանը եղել է 49 աստիճան ըստ Ցելսիուսի: հորն անզգուշորեն սպանություն կատարելու մեղադրանք է ներկայացվել: ԱՄՆ-ում այս տարվա սկզբից արդեն ծնողների կողմից ավտոմեքենայում մոռացված 15 երեխա է մահացել:
2008-ին նույն կերպ մահացել է որդեգրված ռուսաստանցի Դիմա Յակովլևը: Խորթ հայրը 32 աստիճանի պայմաններում նրան մոռացել էր փակ ավտոմեքենայի մեջ 9 ժամ: Տղամարդուն դատարանն արդարացրեց: