Հունաց պատրիարք Բարտոլոմեոսը այցելել է Էդիրնե` մշակույթի և արվեստի տան բացումը կատարելու համար: Այնտեղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատրիարքը չի պատասխանել իրեն ուղղված այն հարցերին, որոնք վերաբերվել են նրա դեմ նախապատրաստվող մահափորձի շուրջ պնդումներին: Պատրիարք Բարտոլոմեոսը այսպես է խոսել. «Վստահ եմ, որ ամենից առաջ ամենակարող Աստված, այնուհետև մեր պետության անվտանգության ծառայությունը մեզ բավական լավ է պահպանում: Ոչ մի մտահոգություն չունեմ, որ մի վախ չունեմ: Դրա համար էլ մինչև այստեղ եկել եմ: Ամեն տեղ էլ գնում եմ, ծրագիրս փոխել չեմ տալիս: Փառք Աստծո, ապահով ձեռքերում եմ:»
«Radikal»-ը հիշեցնում է, որ օրերս Կայսերիից մի մարդ նախազգուշացնող նամակ էր ուղարկել անվտանգության ծառայություններին՝ հայտնելով, որ պատրիարք Բարտոլոմեոսի դեմ մահափորձ է նախապատրաստվում, քանի որ նա դա երազում է տեսել:
Ամերիկացին սիրամարգ բռնաբարելու համար կկանգնի դատարանի առաջ
Ամերիկյան Իլինոյս նահանգի բնակիչը սեքսուալ բռնության համար պատիժ կկրի: Այլասերվածի զոհը Ֆիլ անունով սիրամարգն էր: Թռչունի դիակը գտել են նրա ավտոտնակում:
Ոստիկանները ձերբակալել են 64-ամյա Դեվիդ Բեկմենին: Պարզվել է, որ տղամարդը օրենքի հետ խնդիրներ է ունեցել: Նա ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել անչափահասի նկատմամբ մանկապղծության և ծեծի երկու դեպքերի պատճառով: Բեկմենի “ծառայողական ցուցակը” դրանով չի վերջանում. նրա հաշվին կա հեռախոսային շորթումներ և թմրանյութ թաքցնելը: Հետաքննելով այդ դեպքերը` ոստիկանները ավտոտնակում հայտնաբերել են սատկած սիրամարգին: Դեպքը կատարվել է ապրիլի 28 -ին:
Ոստիկանությունում չեն կարողանում ասել թռչնի մահվան ճշգրիտ ժամանակը և պատճառը: Նաև դեռ չի պարզվել` ինչ կապ ունի սատկած սիրամարգը անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնության հետ: Ոստիկանությունը չի բացառում , որ այդ երկու դեպքերը փոխկապակցված են:
Ինչպես հաղորդում է Daily Herald թերթը, Բեկմենին ձերբակալել են մայիսի 8 -ին: Նրան մեղադրում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Նրան մեղադրանք կառաջադրեն հունիսի 12 -ին: Նա դեռ բանտում է, բայց հնարավորություն ունի գրավի դիմաց ազատ արձակվելու:
Բնապահպանական PETA կազմակերպությունը դեռ 2011 թ.հետաքննություն է անցկացրել և պարզել է, որ սեքսուալ բռնության դեպքերը այնքան էլ հազվադեպ չեն: Ամենաշատն այլասերվածության զոհերը լինում են կենդանիները, որոնց բազմացնում են ֆերմաներում` խոզերից մինչև հնդկահավեր: Բնապահպանները եզրակացնում են. կենդանիների նկատմամբ բռնություն կատարողներին հազվադեպ է հաջողվում պատժել:
Թուրքական Ռեյհանլը բնակավայրում 900 սիրիացի նախկին հարսանյաց սրահում են ապրում (տեսանյութ)
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում, որտեղ օրերս պայթյուն էր տեղի ունեցել, նախկին հարսանյաց սրահում 900-ից ավելի սիրիացի է բնակվում, որոնցից 400-ը երեխաներ են: Ռեհյանլը ահաբեկչությունից հետո այստեղ ապաստանած սիրիացիները չեն կարողանում դուրս գալ: Հարսանյաց սրահի մոտակայքում հերթապահում է հատուկ գործողության ոստիկանությունը:
«Radikal»-ը գրում է, որ սիրիացիների համար ապաստան դարձած սրահը 2 հարկանի է և 500 քմ տարածք ունի: Ներսում կանանց և տղամարդկանց համար միայն մեկական լոգարան ու զուգարան կա: Տղամարդիկ քնում են ներքևի հարկում, իսկ կանայք ու երեխաները՝ վերևի: Սենյակներում բազմամարդ լինելու հետևանքով ահավոր գարշահոտություն է տարածվել, ինչի պատճառով օդափոխիչները, չնայած ցուրտ եղանակին, անդադար աշխատում են: Պատերազմից փախած հարյուրավոր սիրիացիներ աշխատում են շարունակել իրենց կյանքը նեյլոնից պատրաստված պատերով փոքրիկ սենյակների ներսում:
http://webtv.radikal.com.tr/Turkiye/3478/dugun-salonunda-900-suriyeli.aspx
Թուրքական իշխանությունները համուզված են, որ տեղի ունեցած պայթյունների հետ ո՛չ սիրիական ընդդիմությունը, ո՛չ էլ Ալ-Քաիդան կապ չունեն
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շաբաթ օրը Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների հետ սիրիական ընդդիմությունը կապ չունի: Նրա խոսքերով՝ ահաբեկչության հետևում կանգնած են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը:
Էրդողանի պնդումների հետ մեկտեղ այսօր Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ 46 մարդու կյանք խլած պայթյունների առնչությամբ անցկացվող հետաքննությունը ահաբեկչության հետ Ալ-Քաիդայի որևէ կապ ևս չի հայտնաբերել: Հայտնի է միայն այն, որ ահաբեկչության համար օգտագործված պայթուցիկը գաղտի կերպով Հաթայ է բերվել, ապա այն տեղադրվել է ավտոմեքենաների մեջ, որոնք էլ օգտագործվել են տարբեր տեղերում:
Հեյդար Ալիևը նախընտրում էր հայկական կոնյակ խմել (տեսանյութ)
Բրիտանական The Telegraph պարբերականը օրեր առաջ գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013թ. մայիսի 9-10-ը Սոչի քաղաք այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին նվիրել էր 42 տարվա հնեցված հայկական կոնյակ: Նման պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բլոգերների շրջանում. նրանցից ինչ-որ մեկը հիշել է մամուլում շրջանառված սկանդալային մի պատմությունը՝ հայկական կոնյակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, ռուս հայտնի գրող, հաղորդավար Վիկտոր Շենդերովիչը պատմել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի`հայկական կոնյակի հանդեպ ունեցած սիրո մասին: Այսպես` 2000-ականների սկզբին ռուսական “Էխո Մոսկվի” ռադիոկայանի խմբագրություն էր այցելել Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը`հարցազրույց տալու համար: Համաձայն ավանդույթի`խմբագրությունը հյուրասիրություն էր կազմակերպել: Բարձրաստիճան հյուրի ժամանումից րոպեներ առաջ Վենեդիկտովը պարզել էր, որ հյուրասիրության սեղանին հայկական կոնյակ էր դրված: Վերջինս վրդովվել էր և պահանջել անմիջապես ադրբեջանական կոնյակ դնել սեղանին:
Երբ սեղանին արդեն ադրբեջանական կոնյակ էր դրված, Հ. Ալիևը գնացել է ընթրիքի սեղանից օգտվելու: Կոնյակը համտեսելուց հետո իրեն ուղեկցողներին հրահանգել էր հեռանալ, և երբ բոլորը գնացել էին, ժպիտով հարցրել էր Վենեդիկտովին. “Իսկ հայկական կոնյակ չունե՞ք”:
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ավստրիայում
Մայիսի 5-ին եւ 12-ին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում միջոցառումներ՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին: Միջոցառումներին մասնակցեց Ավստրրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հուշահամալիրի կենտրոնական հուշակոթողին, խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հայ եւ բախտակից խորհրդային ժողովուրդների ռազմագերիների հուշատախտակներին:
Մայիսի 5-ին Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում տեղի ունեցավ նոր թանգարանային սրահի եւ Անվանասրահի բացման պաշտոնական արարողությունը՝ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի, Խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերի, փոխվարչապետ եւ ԱԳ նապարար Միխայել Շպինդլեգգերի, ՆԳ նախարար Յոհաննա Միկլ-Լեիթների, կառավարության այլ անդամների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին եւ մասնակիցների առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, Ամերիկայի Հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեւիդ Հարրիսը, եվրոպական տարբեր երկրներից ժամանած ճամբարի նախկին ռազմագերիներ:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը եւ Մաուտհաուզեն հուշահամալիրի ղեկավարությունը դեռեւս 2012թ. նախաձեռնել էր 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եւ զոհված շուրջ 15633 ԽՍՀՄ քաղաքացիների ինքնության ճշգրտման գործընթաց` նախկին ռազմագերիների եւ զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի գիրք տպագրելու եւ հուշահամալիրում Անվանասրահ ստեղծելու նպատակով:
Դեսպանության ջանքերով եւ Հայաստանի պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում ճշգրտվել են ցուցակում ընդգրկված թվով 59 հայ ռազմագերիների տվյալները, որոնց անունները տեղ են գտել Անվանասրահի հուշատախտակներում եւ ցուցասրահի հիշատակի գրքում: Հիշատակի գրքի ամբողջական հրատարակումը ծրագրված է 2014 թվականին:
Բացի այդ՝ դեսպանությունը Հայաստանի կենտրոնական զինվորական կոմիսարիատից ստացել էր համապատասխան անձանց վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, մասնավորապես 5 հայ ռազմագերիների լուսանկարներ, անձը հաստատող փաստաթղթեր եւ հավելյալ տվյալներ, որոնք արդեն իսկ ներառվել են եւ առաջիկայում էլ զետեղվելու են Ավստրիայի Ներքին գործերի նախարարության եւ հուշահամալիր-թանգարանի տեղեկատվական հրատարակություններում: Մասնավորապես, ՄԱՈՒՏՀԱՈՒԶԵՆ տեղեկատվական ամսագրի մայիսյան թողարկման մեջ հատուկ առանձնացվել եւ զետեղվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից զորակոչված եւ 1945 թ. ապրիլի 22-ին համակենտրոնացման ճամբարում իրենց մահկանացուն կնքած Վանուշ եւ Արսեն Հարությունյան եղբայրների լուսանկարը:
Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի
Սիրիային սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի:
Ինչպես հաղորդում է “Սաբահ”-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը: “Այս պահին 9 մարդ ձերբակալվել է: Բոլորը մեր քաղաքացիներ են: Նրանք խոստովանել են իրենց հանցանքը”, ասել է Աթալայը:
Ներկայումս զոհերի թիվն արդն հասել է 46-ի: Նրանցից 38-ի մարմիններն արդեն ճանաչվել են. 35 -ը Թուրքիայի քաղաքացիներ են, երեքը` սիրիացիներ:
Հիշեցնենք, որ Ռեյհանլը բնակավայրում մայիսի 11-ին 4 պայթյուն էր որոտացել: Այս քաղաքում է ապաստան գտել սիրիացի փախստականների մեծ մասը:
Թուրքիայում 25 կգ կշռող պայթուցիկ է հայտնաբերվել
Թուրքիայում՝ Անկարա-Մերսին ավտոճանապարհին, մի պարկ է հայտնաբերվել, որի մեջ 25 կգ կշռող պայթուցիկ է եղել, հաղորդում է թուրքական “Սաբահ” օրաթերթը։
Պայթուցիկը հայտնաբերել է բեռնատար մեքենայի վարորդը, ով անցնելիս է եղել այդ ճանապարհով։
Ըստ օրաթերթի`եթե պայթուցիկը չհայտնաբերվեր, ապա այն կարող էր լուրջ կորուստների պատճառ դառնալ։
Դեպքի վայրում հայտնաբերված 25 կիլոգրամանոց պայթուցիկն ուղարկվել է Թուրքիայի անվտանգության ուժերի մասնագետներին, ովքեր էլ հետաքննություն են սկսել։
Թալիբանը ազատ է արձակել 4 թուրք գերու
Աֆղանական Թալիբանի շարժման խոսնակ Զեբիհուլահ Մուջահիդը լրատվամիջոցներին ուղարկած էլեկտրոնային նամակով հայտնել է, որ անցած ամիս գերի վերցված 8 թուրք քաղաքացուց 4-ին ազատ են արձակել, որպես «բարի կամքի դրսևորում», իսկ մյուս 4-ին էլ բաց կթողներն մոտ ժամանակներում: Մուջահիդը տեղեկություն չի տվել թուրքերի հետ միասին գերության մեջ գտնվող աֆղան թարգմանչի, մեկ ռուս և երկու ղըրղըզ օդաչուների ազատ արձակման մասին:
Թուրք քաղաքացիները Աֆղանստանում մի նախագիծ իրականացնելու համար ապրիլի 21-ին Խոսթա քաղաք ուղղաթիռով գնալիս հարկադրված վայրէջք էին իրականացրել երկրի հարավում գտնվող Լոգարի շրջանի Մանգել հովտում և գերի վերցվել Թալիբանի կողմից: Ինչպես հաղորդում է Anadolu» գործակալությունը՝ նրանցից 4-ը երեկ ազատ են արձակվել: Նրանց տարել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող թուրքական դեսպանատուն:
Հարավային Կորեայի նախագահը հեռացրել է իր մամլո քարտուղարին սեռական ոտնձգության համար
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ աշխատանքից հեռացրել է իր մամլո քարտուղար Պակ Յուն Չժան Չժունին, որը մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ:
«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով «Yonhap» լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Վաշինգտոնի ոստիկանությունը մամլո քարտուղարին մեղարդել է հարավկորեական դեսպանատան 21-ամյա կորեական ծագմամբ աշխատակցուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Միջաեպի առնչությանմբ հետաքննություն է սկսվել: Աշխատանքից ազատված Պակ Յուն Չժան Չժունը առաջին ինքնաթիռով վերադարձել է հայրենիք: Վերջինս մամլո ասուլիսի ժամանակ հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և նշել, որ հայց կներկայացնի ԶԼՄ-ի դեմ, որոնք իր մասին սխալ տեղեկատվություն են տարածել:
Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցին տուգանք վճարել`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար
Իսմայիլլիի շրջանային դատարանը (Ադրբեջան) “Ազատություն” ռադիոկայանի շրջանային թղթակից Ազեր Ալիին դատապարտել է 200 մանաթ չափով տուգանքի`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար: Նման պատժի է արժանացել նաև Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Վուգար Գադիրովը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նրանք ձերբակալվել էին Ադրբեջանի Իմիշլի քաղաքում մայիսի 10-ին` “Դեպո” թաղամասի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Բնակիչները, ի նշան արոտավայրերի բացակայության դեմ բողոքի, 150 գլուխ անասուն էին դուրս բերել քաղաքի կենտրոն:
Ոստիկանության աշխատակիցները փակել էին այդ երթի ճանապարհը Հեյդար Ալիևի պողոտայում, իսկ լրագրողի աշխատանքին` խոչընդոտել: Ալին, Գադիրովը և մի քանի այլ անձինք ձերբակալվել էին և 5 ժամ անցկացրել ոստիկանության բաժնում:
Փաստաբան Անար Գասըմլըն հայտարարել է, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:
Ի նշան բողոքի`ադրբեջանցին ամբողջությամբ մերկացել է և նստել ոստիկանության շենքի առջև (տեսանյութ)
Ադրբեջանում քաղաքացին, ի նշան Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ապօրինությունների դեմ բողոքի, մերկացել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Youtube-ում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ամբողջովին մերկ տղամարդն ինչպես է նստել Ադրբեջանի Բարդայի շրջանի ոստիկանության շենքի առջև և հայհոյում ճանապարհային ոստիկաններին: Մերկ ադրբեջանցին հայտարարել է, որ իրեն նման հուսահատ քայլի դրդել է Բարդայի ոստիկանապետը, ով իրեն ստիպել է 300 մանաթ վճարել:
Այնուհետև մերկ ցուցարարի շուրջն են հավաքվել պատահական անցորդներ և ոստիկաններ`պահանջելով հագնվել: Ոստիկաններից մեկը հարձակվել է տղամարդու վրա և հարվածել դեմքին: Երկար համոզելուց հետո ադրբեջանցին որոշում է հագնել կիսավարտիքն ու հայտարարում է, որ մերկ ակցիան շարունակելու է այլ վայրում:
Ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում Բարդայի ոստիկանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել կատարվածը: Հայտնի չէ տղամարդու ինքնությունն ու քայլերի հստակ դրդապատճառը: Ադրբեջանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել:
Կնոջը հեռացրել են ինքնաթիռից, քանի որ նա անընդհատ երգում էր Ուիթնի Հյուսթոնի երգը (տեսանյութ)
Ամերիկյան ավիաուղիների օդաչուն ստիպված արտակարգ վայրէջք է կատարել, որպեսզի ինքնաթիռից իջեցնեն ուղևորներից մեկին, որը անընդհատ երգում էր Ուիթնի Հյուսթոնի հայտնի I Will Always Love You երգը:
Լոս Անջելես-Նյու Յորք թռիչքից կարճ ժամանակ անց սկսվել է կնոջ սոլո կատարումը և նյարդայնացրել մյուս ուղևորներին ու օդաչուին:
Օդաչուն ստիպված է եղել վեց ժամ տևող թռիչքի կեսից արտակարգ վայրէջք կատարել Կանզաս քաղաքում, որպեսզի աշխատակիցները ինքնաթիռից հեռացնեն կնոջը:
Չնայած անձնակազմի անդամները թույլ չէին տալիս ուղևորներին նկարել, այնուամենայնիվ նրանցից մեկը հասցրել է մի քանի վայրկյան նկարել, երբ կնոջը հանում էին ինքնաթիռից` 1990-ականների փոփ երգը երգելով:
Կնոջը հարցաքննել են և բաց թողել առանց որևէ տուգանքի:
Այս երգը առաջին անգամ կատարել է Դոլլի Փարթոն 1974թ-ին և մեծ հռչակ է վայելել այս երգի շնորհիվ, սակայն երգը համաշխարհային հիթ է դարձել Ուիթնի Հյուսթոնի կողմից կատարվելուց հետո: Երգը Հյուսթոնը կատարեց 1994թ-ին որպես Bodyguard ֆիլմի սաունդթրեք, որից հետո Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ այն ճանաչվեց տարվա լավագույն ալբոմ, իսկ I will Always Love You սինգլը ճանաչվեց երաժշտության պատմության մեջ կին արտիստի կողմից կատարված բոլոր ժամանակների բեստսելլեր:
Բաքվի քաղաքապետը, հրաժարվելով իր ծննդյան օրից, կոչ է արել այսուհետև իրեն շնորհավորել Հ. Ալիևի ծննդյան օրը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը հրաժարվել է իր ծննդյան օրվանից`մայիսի 13-ից:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, քաղաքապետը կոչ է արել մայիսի 13-ի փոխարեն այսուհետև իրեն շնորհավորել մայիսի 10-ին՝ Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը:
“Մայիսի 13-ը ինձ համար սովորական օր է: Տարվա ամենաերջանիկ օրն ինձ համար մայիսի 10-ն է: Հենց այդ օրն էլ իսկական ծննդյան տոն է ինձ համար: Մեր Բաքուն գնալով ավելի գեղեցիկ է դառնում՝ շնորհիվ մեր Հեյդար Ալիևի: Իմ ամենամեծ ցանկությունն ու երազանքը այն է, որ մեր Բաքուն և Ադրբեջանը դառնան աշխարհի ամենագեղեցիկ վայրերը: Հենց դա էլ ինձ համար կլինի իսկական նվեր”,- նշել է Աբութալիբովը:
Ջեթ Լին կբացի թայ չիի դպրոց
Հայտնի կինոաստղ Ջեթ Լին Չինաստանի ինտերնետի ձեռնարկատեր Ջեք Մուի հետ միասին կհիմնի թայ չիի դպրոց` փորձելով նպաստել մարզանքի տարածմանը:
Մուն աշխարհի ամենամեծ օն-լայն մանրավաճառ ծառայության հարթակի` Ալիբաբայի հիմնադիրն է: Անցյալ շաբաթ նա լքել է կայքի գործադիր տնօրենի պաշտոնը` ասելով, որ ցանկանում է իրեն նվիրել կրթության ոլորտի զարգացմանը և բնապահպանությանը:
Լին հայտնի է կունգ ֆուի հմտություններով և այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են չինական «Հերոսը», հոլիվուդյան «Վիշապ կայսեր գերեզմանը»:
Դպրոցում կսովորեցնեն թայ չի և մարտական արվեստ առաջատար մասնագետի ղեկավարությամբ:
Կինոաստղը և գործարարը նախկինում հիմնադրել են մշակութային ընկերություն, որը տալիս էր թայ չիի դասեր ընկերությունների աշխատակիցներին:
Ֆերգյուսոնը պատրաստվում է լքել ֆուտբոլը հանուն իր կնոջ
Հայտնի է դարձել, որ Ալսեքս Ֆերգյուսոնը պատրաստվում է լքել ֆուտբոլը հանուն իր կնոջ:
Նա տեղեկացրել է, որ որոշումը կայացրել է Սուրբ Ծննդյան ժամանակ:
«Ամեն ինչ փոփոխվեց, երբ Քեթիի քույրը մահացավ: Նա այժմ մեկուսացած է: 47 տարի շարունակ նա եղել է ընտանիքի առաջնորդը, խնամել երեք որդիներին և զոհաբերել իրեն հանուն ինձ»,-ասում է Ֆերգյուսոնը:
«Այժմ նա թոռնիկներ ունի, ովքեր խենթի պես սիրում են նրան, սակայն նա կորցրել է իր ամենամտերիմ ընկերուհուն` քրոջը»:
Ֆերգյուսոնի խոսքերով` նա լքում է ֆուտբոլը իր կնոջ կողքին լինելու համար:
Ոստիկանները կանգնեցրել են թմրավաճառների ինքնաթիռը` խոյահարելով այն
Բրազիլիայի իրավապահներին հաջողվել է ոստիկանական ավտոմեքենայի միջոցով կանգնեցնել թմրավաճառների օդանավը: Սպաների խիզախ գործողությունների շնորհիվ հանցագործների մոտից առգրավվել է 230 կգ կոկաին:
Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին, երկրի հարավարևելյան Սանտա-Վիտորիա քաղաքում: Իրավապահները չվախեցան մեքենայով խրվել օդանավի մեջ, որպեսզի խանգարեն նրան թռչել: Տեսանյութերը, որոնք նկարահանվել են ոստիկանական մեքենայի միջից , նման են մարտաֆիլմի կադրերի: Տեսահոլովակը արդեն հավաքել է 85 հազար դիտում YouTube-ում:
Կադրի ետևում լսվում են կրակոցներ, սակայն հասկանալի չէ` ոստիկաններն են կրակում, թ՞ե հանցագործները: Մի պահ տեսախցիկը ուղղվում է ներքև, հնարավոր է աշխատակիցը, որը այն պահել էր , վիրավորվում է: Արդյունքում ոստիկանանական մեքենան խրվում է թռչող օդանավի պոչի մեջ` ստիպելով նրան կանգ առնել:
Տեսահոլովակի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ իրավապահները ձերբակալել են հինգ հանցագործի, որոնք փորձում էին փախչել ինքնաթիռով:
Եվ դատելով այս ամենից` կարելի է ասել, որ ոստիկանական մեքենաներով օդանավերին խոյահարելը Բրազիլիայում տարածված պրակտիկա է: 2011 թ. ցանցում հայտնվեց նմանատիպ տեսանյութ: Ոստիկանները մեքենայով հարվածել էին օդանավի թևին`թույլ չտալով նրան թռչել: Արդյունքում ձերբակալվել էին նույնպես հինգ հոգի, նրանցից առգրավել էին ավելի քան 200 հազար դոլարի բեռ: Ծառայողական ավտոմեքենային հասցրած վնասը կազմել է 400 դոլար:
Հոնկոնգում տրանսսեքսուալներին թույլատրել են ամուսնանալ
Հոնկոնգի դատարանը թույլատրել է տրասնսեքսուալներին ամուսնանալ, չնայած նախկինում նման բան կտրականապես արգելվում էր:
Տվյալ դեպքում տղամարդը կին դառնալու որոշում է ընդունել, որպեսզի ամուսնանա իր սիրեցյալի հետ: Նրա անձնական քարտում սեռի դիմաց գրառումն ուղղված է, սակայն նրա ծննդյան վկայականում նշված է, որ նա տղամարդ է:
5 դատավորներից 4-ը պաշտպանել են դատարանի որոշումը, իսկ մեկը դեմ է քվեարկել: Բացի այդ, դատարանը կարգադրել է 12- ամսյա ժամկետով հետաձգել դատական որոշման օրենքի ուժ ստանալը, որպեսզի կառավարությունը կարողանա փոփոխություն մտցնել գործող օրենսդրության մեջ:
Յանցզի գետի վրա նավաբեկության պատճառով չինական խանութներում սպառվել է խմելու ջուրը
Քաղաքային խանութներում սպառվել է խմելու ջուրը: Իչժեն քաղաքի խանութներում ջրի սպառման պատճառը Յանցզի գետում կատարված վթարն է. բեռնատարը բախվել է կամրջի հենքին: Նավը տեղափոխում էր 12 500 տ կավաքար:
Բնակչությունը լրջորեն մտահոգված է ջրի թունավորման հավանականության պատճառով: Դա էլ բնակիչներին մղել է խմելու ջրի պաշարներ կուտակելու:
Մահմուդ Ահմադինեժադին սպառնում են մտրակի 74 հարվածով
Հնարավոր է, որ Իրանի նախագահ Ահմադինեժադը պատժվի նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ կատարելու համար, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, մանավորապես The Daily Telegraph-ը :Հրատարակության տվյալներով, քվեարկության համար գրանցվելու ժամանակ Ահմադինեժադն ուղեկցել է իր համախոհին ու լրիվ հավանական է` իր իրավահաջորդին` Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին :
Գործող նախագահի նկատմամբ բողոք է ներկայացրել Դիտորդական խորհուրդը, իսկ որպես պատիժ` Իրանի նախընտրական օրենսդրության խախտման համար նա կարող է արժանանալ մտրակի 74 հարվածի:
Իսլամական Հանրապետության կառավարությունում այդ տեղեկությունը հերքում են: Նախարարների կաբինետի մամլո քարտուղարն ասել է, որ Ահմադինեժադը գործել է որպես մասնավոր անձ: Դրա համար էլ օրենքին հակասող ոչ մի բան նրա արարքում չկա: