Թուրքիայում առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների առաջկցությամբ երեխաների քաշի վերաբերյալ հետազոտություն է անցկացվել, որի արդյունքների համաձայն՝ երկրում 7-8 տարեկան երեխաների 2,1 տոկոսը ունի թերի քաշ, իսկ 22,5-ը ավելորդ քաշի խնդիր: Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ 7-8 տարեկան տղա երեխաների 23,3, իսկ աղջիկների 21,6 տոկոսը ճարպակալում ունի: Արձանագրվել է նաև, որ 12 և բարձր տարիք ունեցող երեխաների 72 տոկոսը շարժուն կյանք չի վարում, ինչն էլ բերում է քաշի ավելացմանը:
Դիրարբեքիրում թուրքական դրոշի իջեցումը երկրում խառնաշփոթ ստեղծելու նպատակ էր հետապնդում. Թայիփ Էրդողան
Երեկ Դիրաբեքիրում թուրքական ռազմաօդային ուժերի հրամանատարությունում թուրքական դրոշի իջեցման փաստը լայն քննարկումների առիթ է դարձել երկրում: Այսօր վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարելով, որ տեղի ունեցածը երկրով մեկ խառնաշփոթ ստեղծելու փորձ է, քննադատել է այդ քայլին գնացած զինծառայողներին: «Եթե այդ դավաճանը գնդակահարվեր, նրանք իրարանցում կառաջացնեին երկրի արևելյան շրջաններում»,-ասել է Էրդողանը: Վերջինս երկրի կուսակցություններին մեղադրել է տեղի ունեցածի մեջ քաղաքական շահ փնտրելու փորձերի համար: Էրդողանը գտնում է, որ դրոշի իջեցման միջադեպը նախապես ծրագրավորված է եղել:
Նշենք, որ երեկվա միջադեպը լուրջ դժգոհություն է առաջ բերել երկրում: Այսօր մի շարք ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն պետական դրոշի: Թուրքական խորհրդարանում ևս օրը սկսվել է դրոշների ուղեկցությամբ: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, արդեն 5 հոգի ձերբակալվել է:
Մոսուլում 28 թուրք վարորդի պատանդ են պահում
Իրաքի և Լևենտի իսլամական պետություն կոչվող ահաբեկչական կազմակերպությունը Մոսուլում պատանդ է վերցրել բեռնատարի 28 թուրք վարորդի: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վարորդների փրկության համար լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել և որ պատանդների գտնվելու վայրը իմանալու համար ամեն ինչ արվում է: Ստացված լուրերի համաձայն՝ վարորդները ողջ և անվնաս են, ինչը մեծ մխիթարանք է նրանց հարազատների համար:
Սան Պաուլուում դադարեցվել է մետրոյի գործադուլը, սակայն այն կարող է սկսվել Ռիո դե Ժանեյրոյում
Սան Պաուլուում մետրոյի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, սակայն միության պաշտոնյաները զգուշացրել են, որ հինգշաբթի օրը իրենք աշխատակիցներին կրկին հետ կկանչեն աշխատանքից, եթե բարձր աշխատավարձերի վերաբերյալ իրենց պահանջը չկատարվի: Հինգշաբթի օրը Սան Պաուլուում տեղի կունենա Բրազիլիայում Աշխարհի առաջնության մեկնարկային խաղը:
Երկուշաբթի օրը միության անդամները քվեարկել են անցած շաբաթ սկսված գործադուլը ժամանակավորապես դադարեցնելու համար՝ որոշելով չորեքշաբթի օրը կրկին քվեարկություն իրականացնել պարզելու համար արդյո՞ք վերսկսել գործադուլը, թե ոչ:
Ռիո դե Ժանեյրոյի մետրոյի աշխատակիցներին ներկայացնող միության անդամները երեքշաբթի օր ևս քվեարկություն կիրականացնեն գործադուլ կազմակերպելու համար որոշում կայացնելու նպատակով:
Նման գործողությունները մեծ վտանգ են ներկայացնում Աշխարհի առաջնության համար, քանի որ մետրոն ֆուտբոլային խաղերի հանդիսատեսի հիմնական տեղափոխման միջոցն է հանդիսանում:
Երկուշաբթի օրը Սան Պաուլուի միության անդամները հանդիպել են շրջանային իշխանությունների հետ, սակայն համաձայնության չեն հասել աշխատակիցների համար պահանջվաց աշպատավարձերի բարձրացման շուրջ: Մետրոյի աշխատակիցների գործադուլը սկսվել էր անցած հինգշաբթի օրը, ինչը 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր արել:
Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը
Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը հանդիսացող 111- ամյա նյույորքցին:
Ալեքսանդր Իմիքը մահացել է կիրակի առավոտյան Մանհեթենի տարեցների տանը:
Այս ապրիլին Կալիֆոռնիայում գտնվող Տորանսի գրենոտոլոգիայի ուսումնասիրությունների խումբը Իմիքին գրանցել էր որպես աշխարհի ամենատարեց մարդ:
Իմիքը ծնվել է Լեհաստանում 1903թ-ի փետրվարին:
Նրա կինը, որը նկարիչ էր Նյու Յորքում, մահացել է 1986թ-ին:
Նրանք երեխաներ չունեին:
Իմիքը իմացել է, որ ինքը աշխարհի ամենատարեց մարդն է, և նրան դուր էր գալիս իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունը:
Միսաո Օկավան՝ 116-ամյա ճապոնացի կինը, աշխարհի ամենատարեց կինն է համարվում: Այժմ աշխարհի ամենատարեց մարդու տիտղոսը անցել է նույնպես ճապոնացի Սակարի Մոմոյին, որը Իմիքից փոքր է մեկ օրով:
Իլհամ Ալիևը իրեն ծիծաղեցնելու համար դերասանին տուն է նվիրել
Ադրբեջանցի երիտասարդ դերասան Էլշան Օրուջևը, ով առավել հայտնի է ադրբեջանական ATV հեռուստաալիքով հեռարձակվող “Bozbaş Pictures” հումորային շոուից Ֆելաքեթի կերպարով, երկրի նախագահ Իլհամ Ալիևից որպես նվեր տուն է ստացել, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը՝ հղում կատարելով ադրբեջանական “Մոդերն” լրատվական կայքին:
Ըստ տեղեկության՝ ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Իլհամ Ալիևը, Էլշան Օրուջևը կրկին ներկայացել է Ֆելաքեթի՝ գյուղացի տղայի կերպարով, ով տարբերվում է իր հիմարությամբ:
Օրուջևը անմիջականորեն մոտեցել է նախագահին և զարմացրել է նրան իր ամենահայտնի հայտարարությամբ. “Ինչքանո՞վ ինձ կվաճառեք սա: Ասում են՝ Դուք շատ գեղեցիկ տուն ունեք, ինչքանո՞վ այն կվաճառեք ինձ”: Այս ամենը նախագահ Ալիևի ծիծաղն է առաջացրել:
“Իմը չեմ վաճառի, բայց քեզ այլ տուն կտամ”,- պատասխանել է երկրի նախագահը:
Ըստ կայքի՝ նախագահը իր խոստումը կատարել է և դերասանին նոր տուն է նվիրել:
Նիգերիական «Բոկո հարամը» ևս 20 կնոջ է առևանգել
Նիգերիական ահաբեկչական «Բոկո հարամ» խմբավորումը 20 կնոջ է առևանգել Չիբոկ գյուղական բնակավայրից, որտեղի դպրոցից ավելի վաղ շուրջ 200 աշակերտուհու էր առևանգել:
Զինյալները Գարկին Ֆուլանի գյուղ են մեկնել ու զենքի սպառնալիքով կանանց ստիպել բեռնատար նստել, ապա հեռացել են անհայտ ուղղությամբ: Նիգերիական բանակը մեղադրել են անգործության ու Բոռնո նահանգի գյուղերի բնակիչներին ինքնապաշտպանության հարկադրելու մեջ:
Անցած շաբաթ Եվրոպական միությունը «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու վերաբերյալ որոշում է կայացրել :
Լեհաստանում միզող Լենինի արձան են տեղադրել
Կրակովում Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի միզող արձան են տեղադրել, հայտնում է Lenta.ru-ն:
Երեկ երեկոյան կանաչ գույնի արձանը տեղադրել են Ռոնալդ Ռեյգանի անվան Կենտրոնական հրապարակում,: Արձանն այնտեղ կկանգնի ևս մի քանի օր, որից հետո այն կտեղափոխեն Նովայա Գուտա թաղամասում գտնվող Լազնյա-Նովայի թատրոնի բակ:
Խորհրդային ժամանակաշրջանում Ռեյգանի հրապարակում Լենինի 20-մետրանոց արձանն էր կանգնած: 1970-ին վանդալները սղոցեցին դրա ոտքը: Խորհրդային Միության փլուզումից հետո քանդակը ապամոնտաժեցին և ուղարկեցին Շվեյցարիա:
Պատժիչները Սլավյանսկի կեսը հողին են հավասարեցրել
Ուկրաինական բանակը Սլավյանսկում ոչնչացրել է շինություների կեսը, հայտարարել են Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները:
«Կարելի է հաստատ ասել, որ քաղաքի 50%-ը հողին է հավասարեցվել»,-հայտնել է «Հարավ-Արևելյան ճակատի» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կոնստանտին Կնիրիկը: Նրա խոսքով, քաղաքում լուրջ խնդիրներ կան էլեկտրա-, ջրա- ու գազամատակարարման հետ կապված, գործնականում բացակայում է բջջային կապը:
Վերջին շրջանում Սլավյանսկում կրակոցները չեն դադարում: Ինչպես Դոնեցկի մարզային ադմինիստրացիայի մամլո ծառայության պետ Իլյա Սուզդալևն է հաղորդել, բեկորային վնասվածքից Սլավյանսկում 2 երեխա է զոհվել. 12 և 6 տարեկան տղա ու աղջիկ:
Թալիբները կրկին են հարձակվել Կարաչիի օդանավակայանի վրա
Նոր զինված հարձակում է կատարվել պակիստանյան Կարաչիի Ջինն օդանավակայանի անվտանգության ծառայության ճամբարի վրա, որը հունիսի 9-ին էր թալիբների հարձակման թիրախ դարձել:
Հունիսի 9-ի երեկոյան իրականացված գրոհի հետևանքով 21 մարդ էր զոհվել, 10 գրոհային էլ մեկուսացվել էին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հաձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» ահաբեկչական շարժումը:
Հայտնի է, որ 7 զոհերի մարմինները դուրս են բերել տերմինալի սառցաբաժնից: Զոհվածները մասնավոր տրանսպորտային ընկերության աշխատակիցներ են, որոնք, գրոհայինների հարձակումից պատսպարվել էին սառցախցում:
Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է (լրացված)
Հունիսի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
***
Հունիսի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
Ժամը 21.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացել է փլվածքի վտանգ. վթարավերականգնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով:
***
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:
***
Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).
1. Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան (ծնվ. 30.12.2004 թ.)
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:
Պորոշենկոն հանձնարարել է երկրի հարավ- արևելքում խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք ստեղծել
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն կարգադրել է խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք ստեղծել, որով կարող են երկրի հարավ-արևելքից (որտեղ հիմա ուժային օպերացիա է իրականացվում) մեկնել, հայտնել են պետության ղեկավարի մամլո ծառայությունից: Այդ հարցը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների , ՆԳՆ-ի, Պաշտպանության նախարարության ու ԱԻ պետծառայությունների հետ:
Մամլո ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ պետության ղեկավարը հրամայել է «մեկնել ցանկացող խաղաղ բնակչության համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները», որպեսզի նոր զոհեր չլինեն:
Պորոշենկոն կառավարությանն է հանձնարարել մարկանց տեղափոխման կազմակերպումն ու բուժսպասարկումը, ինչպես նաև` խմելու ջրով , սննդով ու դեղամիջոներով ապահովելու համար շարժական կետերի ստեղծումը:
Տեղի պետադմինիստրացիաները տեղի ինքնակառավարման մարմինների հետ պետք է ապահովեն ուժային օպերացիայի շրջանից հեռացած մարդկանց տեղավորումը:
Ադրբեջանցիները սոցկայքերում քննարկում են “Azsığorta”-ի ցնցող գովազդը
Ադրբեջանական “Azsığorta” ապահովագրական ընկերությունը գովազդային հոլովակ է նկարահանել, որը օբյեկտիվ պատճառներով թույլ չեն տվել եթերում հեռարձակել: Սակայն դա չի խանգարել, որ այն դառնա սոցկայքերում ակտիվորեն քննարկվող տեսանյութերից մեկը:
Ինչպես տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը, գործողությունները տեղի են ունենում Բաքվի փողոցներից մեկում, որտեղ երկու մեքենաներ են բախվում: Դեպքի վայր են ժամանում երկու երիտասարդ, ովքեր սկսում են ծեծել մեղավոր վարորդին:
“Միգուցե դուք ցանկանայիք, որ ապահովագրական ընկերությունները ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորների հետ հենց այսպես վարվեին: Ցավոք, մենք միայն կարող ենք ձեզ գումար վճարել”,- տեսանյութում հնչում է ընկերության ներկայացուցչի ձայնը:
Ըստ կայքի՝ այս տեսահոլովակը սոցկայքերի օգտատերերի կոշտ քննադատության պատճառ է հանդիսացել, սակայն որոշներին էլ դա շատ է դուր եկել:
Հետ դեպի Խորհրդային Միությու՞ն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկում է հանրաքվե անցկացնել Ստալինինգրադը վերականգնելու համար:
Պուտինն առաջարկել է հանրաքվե անցկացնել ռուսական Վոլգոգրադ քաղաքի անունը Ստալինինգրադ վերանվանելու համար: Նման հայտարարությամբ Պուտինը հանդես է եկել Նորմանդիայում պատերազմի ռուս վետերանների հետ հանդիպման ընթացքում, իսկ հանդիպումը նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում էր:
1925թ.-ից այս քաղաքը, որ ավելի քան մեկ միլիոն մարդու բնակավայրն է, դարձել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից և հայտնի էր Ցարիցին անվամբ, այնուհետ այն վերանվանվել է Ստալինինգրադ` Սովետական առաջնորդ Իոսիֆ Ստալինի պատվին: Իսկ 1961թ.-ին Խրուշչովի վարչակազմն այն վերանվանել է Վոլգոգրադ:
Ռուս ուղղափառ եկեղեցու խոսնակ Վսեվոլոդ Չապլինը ևս իր հավանությունն է տվել քաղաքը վերանվանելու հարցում: Նա նշել է. Ստալինինգրադ բառն արդեն ինքնությույն նշանակություն ունի` անկախ Ստալինի անունից: Այն ասոցացվում է հայտնի ճակատամարտում հաղթանակի հետ, որը մեր պատմության մասն է,-փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:
Ամերիկաբնակ երկու հայեր զբաղվել են բենզալցակայանի հաճախորդների անձնական տվյալների գողությամբ.NEWS.am
Լոս-Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է երկու հայերի՝ բենզալցակայանի հաճախորդների կրեդիտային քարտերի տվյալների գողության կասկածանքով, հաղորդում է NEWS.am-ը:
Ոստիկանները ժամանել են, երբ Գլենդելի բնակիչները բենզալցակայանի հաճախորդների կրեդիտային քարտերի տեղեկատվությունը կարդացող սարքավորում են ամրացրել: Սպաների խոսքերով, կասկածյալների մեքենաներում հայտնաբերվել են նոթբուք, կարդացող սարքավորում եւ գործիքներ, հաղորդում է nbclosangeles.com-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է 27-ամյա Էդուարդ Մարտիրոսյանին եւ 22-ամյա Արամ Մանասարյանին, որոնց մոտ նաեւ գտնվել են կեղծ կրեդիտային քարտեր:
Մեքսիկայում արգելվել է կենդանիներին կրկեսում օգտագործել
Մեքսիկայում վերջնականապես արգելվել է կենդանիներին կրկեսային ներկայացումներում օգտագործելը` կենդանիների պահման վատ պայմանների մասին հաճախակի բողոքների պատճառով:
Իրավազանցներին 45-60 հազար դոլար տուգանք է սպառնում: Ընդ որում, արգելքը չի տարածվում դելֆիններով ջրային շոուի, ցլամարտի ու ավանդական մեքսիկական ռոդեոյի վրա:
Սթիվեն Փեյնի կրկեսի ներկայացուցիչների կարծիքով` իշխանությունների նման միջոցների ձեռնարկումը «փոքր ինչ կեղծ է»:
«Եթե նրանց նպատակը կենդանիների կյանքի պայմանների բարելավումն է, ապա թող կարգավորեն դա: Հակառակ դեպքում, նրանք միայն ստիպում են, որ կրկեսը դաշնային մարզի սահմաններից դուրս հնարավորություններ փնտրի»,-ասում են կրկեսի ներկայացուցիչները:
Գերմանիայում կարկուտը 5 մարդ է սպանել
Ուժեղ քամին ու կարկուտը Գերմանիայի հյուսիս-արևմուտքում 5 մարդու մահվան պատճառ են դարձել: Բացի այդ, տարերքը մի քանի ժամով կաթվածահար է արել ավտոմայրուղու ու երկաթուղիների երթևեկությունը: Եղանակային վատ պայմանները Դյուսելդորֆի օդանավակայանից կատարվող չվերթները հետաձգելու պատճառ է դարձել:
Քամու արագությունը գերազանցել է 40 մ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 3 մարդ զոհվել է Դյուսելդորֆում տապալված ծառի պատճառով, Քյոլնում աղետի հետևանքով հեծանվորդ է զոհվել, իսկ Հեսենում մի տղամարդ զոհվել է`ճանապարհը տապալված ծառերից մաքրելու ժամանակ:
Ներկայում մաքրման աշխատանքներ ու պատճառված վնասի հաշվարկ է կատարվում:
Օբաման պատրաստ է պատասխանել ամերիկացիների կրթական բոլոր հարցերին
ԱՄՆ Սպիտակ տունը մեզ տեղեկացրեց, որ Բ. Օբաման պատրաստ է ուսանողներին կաջակցել: «Մենք կապահովենք անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի ուսանողները լրացնեն քոլեջն ու հասնեն իրենց նպատակին: 2020 թվականին ԱՄՆ-ը ևս մեկ անգամ քոլեջի շրջանավարտներին կօգնի` կրթական լայն հնարավորություն ստանալ»:
Նախագահի խոսքով, բարձրագույն ուսումը ամենակարևոր ներդրումն է, որն ամերիկացիները կարող են անել իրենց ապագայի համար` մեծացնելով սեփական ապագայի ներուժը, աշխատավարձը և նվազեցնել իրենց գործազրկության ռիսկը: Չնայած այդ օգուտներին, դրան հասնելու համար վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բարդություններ են եղել: Քոլեջն անհասանելի էր շատ ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար:
Վերջին երեք տասնամյակի ընթացքում հասարակական քոլեջի միջին ուսումն ավելի քան եռապատկվել է, իսկ տիպիկ ընտանիքի եկամուտը հազիվ թե բավականացրել: Արդյունքում, շատ ուսանողներ հենվել են ուսանողական վարկերին, որպեսզի կարողանան վճարել իրենց կրթությունը: Այսօր ուսանողների 71 տոկոսը ստանում է բակալավրի աստիճան, որի միջինը 29,400 ԱՄՆ դոլար է, մինչդեռ ուսանողները կարող են մարել իրենց վարկերը, հաճախ պարտքեր կուտակելով:
«Ղեկավարությունը դեռ շատ անելիքներ ունի` քոլեջներն ավելի մատչելի ու հասանելի դարձնելու համար: Այնպես որ փորձելու եմ դա անել իմ գրչի և հեռախոսի օգնությամբ` այդպիսքվ ուսանողի պարտքը դարձնել ավելի մատչելի և մարելու համար կառավարելի», -նշել է ԱՄՆ նախագահը:
Այդ առիթով, Բ. Օբաման ստերագրել է նոր նախագահական հուշագիր, որը վարկառուներին մոտ 5 մլն լրացուցիչ ուսանողական վարկերը մարելուև եկամուտները 10 տոկոսով խնայելու հնարավորություն կտա: Հուշագիրը նաև նախանշում է մի շարք նոր գործողություններ` ուղղված դաշնային ուսանողական վարկերի փոխառուներին աջակցելուն, հատկապես խոցելի վարկառուներին:
Սպիտակ տան տեղեկացմամբ, հունիսի 10-ին, ժամը 4:00-ին ԱՄՆ նախագահը կմասնակցի իր առաջին «Tumblr Q&A (հարց և պատասխան)»-ին` կրթական բոլոր հարցերին պատասխանելու համար:
Հնդկաստանում ամբարտակից բաց թողնված ջուրը քշել է 25 ուսանողների
Փրկարարները Հիմալայների գետերից մեկում փնտրում են տասնյակ հնդիկ ուսանողների, որոնց քշել է ամբարտակից բաց թողնված մեծ քանակությամբ ջրի հոսքը:
25 ուսանողներ լուսանկարվելիս են եղել Հայդարաբադ քաղաքի մոտակայքում գտնվող Բիս գետի ափին, երբ նրանց վրա է թափվել հիդրոէլեկտրակայանից բաց թողնված ջուրը:
Ուսանողները շուրջ 48 այլ ուսանողների հետ 10 օրով ժամանել էին դաշտային աշխատանքների, ուսանողների մի մասին հաջողվել է փրկվել:
Մանալիի ոստիկանությունը երկուշաբթի առավոտյան հայտնաբերել է չորս ուսանողի մարմիններ: Նրանց տեղեկություններով՝ նավերի և սուզակների անբավարար քանակությունը խանգարում է որոնողական աշխատանքներին:
Յուսուֆ Հալաչօղլուն պնդում է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են
Հայտնի հակահայ Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ PKK-ի 80 տոկոսը հայեր են: «Հայերի շրջանում հանդիպող թուրքական անուններն ու հատկապես թուրքական ազգանունները իրենց ինքնությունը թաքցնելու համար է: «Özgür Gündem» թերթում հրապարակված մի հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ սարերում գտնվող ավազակների 34 տոկոսը զրադաշտ է, 34-ը՝ քրիստոնյա, 11 տոկոսը դավանում է մանիքեություն, 10 տոկոսը մահմեդական է, 7-ը՝ մովսեսական, իսկ 4-ը՝ աբրահամականության հետևորդ: 35 հազար PKK–յականների առաջնորդը՝ Ապոն հայ է, ում անունը Արթին Հակոբյան է: Հայեր են նաև քրդական ակտիվ գործիչներ Շեմդին Սաքըքը, Սըրը Սաքըքը, Էմինե Այնան»,-նշել է Հալաչօղլուն:


