Գերմանիայի հայկական եկեղեցին հրաժարվել է հանդիպել ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ

almanyaԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության Քյոլնի պլատֆորմը  «Անատոլիայի մշակույթներ և հավատքներ» հավաքի շրջանակներում կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի համար հանդիպում է խնդրել ասորական, հույն ուղղափառ և հայ եկեղեցու պատասխանատուներից: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական կողմը վերջին պահին բացասական պատասխան է տվել` հրաժարվելով հանդիպում ունենալ թուրք քաղաքական գործչի հետ:

Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի` Քյոլնում գտնվող առաջնորդարանի ներկայացուցիչ Մինու Նիքփայը հարցի շուրջ գրավոր մեկնաբանություն է արել: «Մամուլում հայտնված լուրերի համաձայն` ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Գերմանիա կատարած այցի շրջանակներում այցելելու էր հայկական եկեղեցի: Նման լուր տարածվել էր նաև սոցիալական մեդիայում, որը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում: Եկեղեցու կառավարման խորհուրդը մերժել է այցի համար ներկայացված դիմումը: Քանի դեռ ԺՀԿ-ի ղեկավարությունն ու Քըլըչդարօղլուն մերժում են Հայոց ցեղասպանության ճշմարտությունը, նրանք այստեղ ընդունելություն չեն գնտի»:

Անկախ

Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին

2Ադրբեջանական բանակում՝ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, սպանություն է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջնական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ զինծառայողներ Յաշար Ահադզադեի և Իլքին Մուսթաֆաևի միջև վեճ է առաջացել, որի հետևանքով Ահազադեն երկաթի  կտորով հարվածել է Մուսթաֆաևին: Վերջինս ստացած հարվածից մահացել է:

Փաստի առնչությամբ ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Այլ մանրամասներ միջադեպի վայրի և պատճառների մասին  չի հաղորդվում:

Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

1Հունիսի 29-ին՝ ժամը 22:36-ին, Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալայի շրջանից 15 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական ծառայությանը, երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա:

Ըստ “Հագին” կայքի՝ երկրաշարժի պատճառով Զագաթալայի շրջանում որոշ տներ մասամբ քանդվել են, ավելացել են երկու տարի առաջ երկրաշարժից տուժած տների  ճաքերը: Տուժածներ չկան: Սակայն շատերը , վախենալով երկրաշարժի կրկինվելուց,  գիշերել են դրսում:

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար. թուրք նախարար

Մևլյութ Չավուշօղլու  Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ավելի ակտիվ մասնակցության դեպքում հակամարտությունն արդեն ավարտված կլիներ: «Հակամարտությունը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ»,-ասել է նախարարը` նշելով, որ Ուկրաինայում առաջացած վիճակը նրա հետևանքն է, որ Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները չեն լուծվել: «Հիմա Ղրիմի հարցն է առաջ եկել: Նման սառեցված կոնֆլիկտները վտանգ են ներկայացնում Եվրոպայի կայունության համար»,-նշել է Չավուշօղլուն:

 

Անկախ

«Վեցնյակը» հակված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել

g6+iranԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մաննը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) վճռականորեն է տրամադրված մինչև հուլիսի 20-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ վերջնական համաձայնագրի ստորագրմանը հասնելու հարցում:

«Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Բրյուսելում կազմակերպել էր «Վեցնյակի» քաղաքական տնօրենների հանդիպում, որի ժամանակ քննարկվել էր հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցային նոր փուլի նախապատրաստման հարցը,- հայտնել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի հարավում կառուցվում է նավթաքիմիական ձեռնարկություն

unnamedԻրանի ազգային նավթաքիմիական արդյունաբերության ընկերության գլխավոր տնօրեն Աբբաս Շերի Մուհամմադը և տնօրենի տեղակալ Մուհամմադ Հասան Փեյվանդին այցելել են Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի հարավում գտնվող Իրանշահր շրջան:

Աբբաս Շերի Մուհամմադը նշել է, որ այդտեղ  նավթաքիմիական ձեռնարկության կառուցումը կնպաստի նահանգի տնտեսական զարգացմանը, և երկրում կմեծանա նավթաքիմիական արտադրանքի ծավալը:

«Այս նավթաքիմիական ձեռնարկության առավելությունն այն է, որ մոտ է գտնվելու սպառողական շուկաներին: Մենք պատրաստ ենք համագործակցել դրսի ներդրողների հետ»,- նշել է Աբբաս Շերի Մուհամմադը:

Իրանի ազգային նավթաքիմիական արդյունաբերության ընկերության գլխավոր տնօրենը հավելել է, որ Իրանում կառուցվող ձեռնարկությունը զբաղեցնելու է 1000 հա տարածք:

Մոհամեդ Հասան Փեյվանդին իր հերթին ասել է, որ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների թուլացումը նպաստում է իրանական նավթաքիմիական արտադրանքի արտահանմանն ասիական երկրներին:

«Իրանական նավթաքիմիական արդյունաբերությունից եկամուտների հետագա ավելացմանը հիմնականում նպաստելու է ԵՄ երկրների ընկերությունների հետ համագործակցության վերսկսմանը»,- հայտնել է Փեյվանդին:

Այդ ընկերությունները պատժամիջոցների պատճառով, այժմ չեն կարողանում իրենց տեխնոլոգիան վաճառել Իրանին:

Ներկայումս ԵՄ երկրների նավթաքիմիական ընկերությունների հետ կապեր հաստատելու գործընթացը շարունակվում է:

Ուշագրավ է, որ նավթաքիմիական արտադրանքը համարվում է Իրանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը՝ հում նավթից հետո:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ-ն պատժամիջոցներից ազատել է Իրանի 14 խոշոր նավթքիմիական ընկերությունների:

Դա թույլ է տալիս ասիական սպառողներին հեշտ ու արագ իրանական նավթաքիմիական արտադրանք գնել՝ առանց ավելորդ իրավաբանական ու քաղաքական արգելքների:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն վերանայել է Ճապոնիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի Ֆրանսիայի ու Չեխիայի համար իրանական նավթի արգելքը:

Վերոնշված երկրներն ավելի վաղ պետք է սատարեին  Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները:

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չնայած արգելքի վերանայմանը, Վաշինգթոնը չի հրաժարվելու տնտեսական պատժամիջոցներից՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Թուրքական պատմագիտական ընկերությունում Հայկական հարցի մասնագետները հրաժարական են տալիս

ttkԹուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեթին Հյուլյագյուն հայտարարել է, որ իր հրաժարականից հետո կազմակերպությունից հեռանալու են ևս 4 մասնագետ, որոնք աշխատում են «Հայկական սեղանին»՝ այն է Հայկական հարցի շուրջ: «Շատ ափսոս. Հայկական հարցի շուրջ վերջին տարիներին կարևոր ուսումնասիրություններ կատարած Թուրքական պատմագիտական ընկերությունը հրաժարականների ցնցումներ է ապրում: Նախագահ Հյուլյագյուի հրաժարականից հետո ընկերությունում առաջացած անհանգիստ վիճակն անդրադարձել է նաև Հայկական հարցի շուրջ աշխատող գիտնականների վրա: Հայտնի է դարձել, որ 4 մասնագետ պատրաստվում է հրաժարական տալ»,-նշել է Հյուլյագյուն:

«Միլիյեթի» հաղորդմամբ՝ Հայկական հարցի գծով ընկերությունում աշխատող գիտնականներից Մուսա Շաշմազն էլ կարծիք է հայտնել, որ իրենց հեռացման գործում դեր են խաղացել լոբիստական խմբերը: «Վարչապետ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի վերաբերյալ ցավակցական հայտարարությունը խնդիրներ ստեղծեց Հայկական հարցի շուրջ աշխատողների համար: Բարձրագույն խորհուրդը փոխեց իր վերաբերմունքը մեր աշխատանքների նկատմամբ: Միգուցե Հայկական հարցի շուրջ մեր աշխատանքներն անհանգստացրել են որոշ լոբիստական խմբերի և միջոցներ են ձեռնարկվել մեզ ընդհատակում պահելու համար»,-ասել է Շաշմազը:

 

Անկախ

Թուրքիայում ընդդիմադիր հրապարակումներ արած ուսանողները կզրկվեն պետական հանրակացարաններից

usanoxԹուրքիայի Բարձրագույն կրթության վարկավորման և հանրակացարանների կազմակերպությունը հանրակացարանների կառավարման համակարգում նոր փոփոխություններ է իրականացրել: Համաձայն նոր կանոնադրության՝ այսուհետ կպատժվեն մամուլում կամ սոցիալական մեդիայում հակակառավարական հրապարակումներ արած ուսանողները: Վերջիններս կզրկվեն պետական հանրակացարաններից օգտվելու հնարավորությունից՝ նույնիսկ վճարովի հիմունքներով:

Բացի դրանից, այն ուսանողները, որոնք մեդիա հարթությունում կբողոքեն հանրակացարանի սնունդից կամ համալսարանների նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունից, կստանան նկատողություն: Իրենց ընդդիմադիր գործելակերպը շարունակելու դեպքում՝ այդ ուսանողները կարող են հեռացվել հանրակացարանից:

 

Անկախ

Բաքվի կենտրոնում հակահայկական բողոքի ակցիա է կազմակերպվել

5Ադրբեջանական “Ղարաբաղի ազատագրման” կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի երթ են կազմակերպել դեպի Բաքվի կենտրոնում գտնվող “Flame Towers” կառույցը, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, տեղեկացնում է “Ենի Մուսավաթ” թերթը:

Ակցիայի մասնակցշիցներն իրենց բողոքն են արտահայտել նիստին հայ պատգամավորների մասնակցության դեմ:

4Ըստ ադրբեջանական թերթի` ոստիկանությունը ուժով ցրել է ցուցարարներին: Հաղորդվում է մեծ թվով ձերբակալվածների մասին: Ցուցարարների մնացած մասը շարժվել է Միլի մեջլիսի (խորհրդարան) ուղղությամբ:

Ներկայումս ակցիան շարունակվում է Ադրբեջանի խորհրդարանի դռների մոտ:

 

Անկախ

Բաքվում հերթական իրավապաշտպանն է ձերբակալվել

2 (2)Բաքվում ձերբակալվել է հայտնի իրավապաշտպան Ալիաբբաս Ռուստամովը, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը` հղում կատարելով “Ազադլըխ” (Ազատություն) թերթին:

Ըստ տեղեկության` փաստաբանին տարել են գլխավոր դատախազությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Փաստաբանին ձերբակալելու պատճառները դեռևս հայտնի չեն:

Սա իրավապաշտպաններին հետապնդելու միակ դեպքը չէ: Սույն թվականի ապրիլի 28-ին ադրբեջանական իշխանությունները “Խաղաղության և ժողովրդավարության” ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն արգելել են Բաքվի օդանավակայանից թռիչք կատարել, նրանցից խլել են անձնագրերը և 24-ժամյա տանջանքների են ենթարկել, ինչի հետևանքով Արիֆ Յունուսը հոսպիտալացվել է:

Դատախազությունը հետագայում նրանց ճանաչել է որպես վկաներ`ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի գործով, ով մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար: Նրանց անձնագրերը մինչ օրս չեն վերադարձրել:

 

Անկախ

 

Թուրք բժիշկները փորձում են փրկել Անթալիայում լողավազանը ընկած 5-ամյա ռուս երեխայի կյանքը

rus Թուրք բժիշկները անում են հնարավոր ամեն բան 5-ամյա ռուս աղջկա կյանքը փրկելու համար: Փոքրիկ Ալյոնան ընկել է լողավազանը Անթալիա քաղաքի հանգստյան գոտիներից մեկում: Առանց հսկողության մնացած երեխան մոտ 20 րոպե մնացել էր ջրի տակ, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը շատ ծանր է: Թուրք բժիշկները երեխայի մորը՝ Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Յուլյա Պանկրատովային, առաջարկել են անջատել աղջկա թոքերը օդափոխող սարքավորումը և նրան օգտագործել որպես օրգանների դոնոր, քանի որ Ալյոնային փրկելու շատ քիչ հավանականություն կա:

Անկախ

 

Աբդուլահ Գյուլը Թուրքիայի նախագահի թեկնածու չի առաջադրվի

gulԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն այսօր ընդունել է Թուրքիայում Մալիի Հանրապետության դեսպան Բրահիմ Սումարեին:

Ընդունելությունից առաջ, որի ժամանակ դեսպանը հանձնել է իր հավատարմագրերը, Գյուլը լրագրողներին ասել է. «Գիտեք, որ սա մեր վերջին ընդունելությունն է»:

Հանդիպումից հետո նախագահի մամլո խոսնակ Ահմեդ Սևերը ևս նշել է, որ ընդունելությունը վերջինն է: Այս հայտարարությունը որակվել է որպես հրաժեշտի խոսք, այսինքն մեկ անգամ ևս հաստատվել է այն փաստը, որ Աբդուլահ Գյուլի թեկնածությունը չի առաջադրվելու գալիք նախագահական ընտրություններում:

 

Անկախ

Ադրբեջանում Rolls Royce ավտոմեքենայի վարորդը նվաստացրել է ոստիկանին

3 (1)Ադրբեջանում շքեղ, մոտ 1 միլիոն արժողությամբ Rolls Royce ավտոմեքենայի վարորդը անցորդների ներկայցությամբ նվաստացրել է ճանապարհային ոստիկանության աշխատակցին, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը` վկայակոչելով միջադեպի ականատեսներին:

Ըստ տեղեկության` դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին`գիշերվա ժամը մեկին, երբ մեքենայի վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, մեքենան սխալ տեղում է կայանել: Այդ պահին օրինախախտին է մոտեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցը և պահանջել է ցույց տալ փաստաթղթերը: Ի պատասխան` շքեղ մեքենային վարորդը դուրս է եկել մեքենայից և վիրավորել ոստիկանին: Աղմուկ լսելով` նրանց են մոտեցել անցորդները և որպեսզի նրանց ծիծաղի առարկան չդառնա` ոստիկանը կրկին պահանջել է ցույց տալ փաստաթղթերը:

Արդյունքում` երիտասարդ վարորդը մոտեցել է ոստիկանին և տվել 20 կոպեկ` նշելով. “Փող էիր ուզում, վերցրու այն ու ինձ հանգիստ թող”: Այս ամենը հավաքվածների ծիծաղն է առաջացրել, ինչը ստիպել է ոստիկանին կրկին առաջ տանել իր պահանջը: Շուտով նրանց է մոտեցել շքեղ ավտոմեքենայի ուղևորը` ատլետիկ կառուցվածքով, և ուժեղ հրել է ոստիկանության աշխատակցին դեպի ավտոմեքենան` հայտարարելով. “Չես տեսնում` տղան նյարդային է, ուղղակի նստի՛ր մեքենադ ու չքվի՛ր”:

Ապշահար ոստիկանին դեպքի վայրից արագ անհետանալուց բացի՝ ոչինչ չի մնացել:

 

Անկախ

Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակում է տեղի ունեցել

ekexeciԹուրքական «Հյուրիեթ» թերթից Ֆըրաթ Ալքաչի հաղորդմամբ՝ Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում գտնվող լատինական կաթոլիկ եկեղեցին ենթարկվել է ավազակային հարձակման: Այն պահին, երբ եկեղեցում մկրտության արարողություն է ընթացել, ութ հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են եկեղեցի՝ սպառնալով հավաքվածներին:

Ականատեսների վկայությամբ՝ ներկաները տագնապի րոպեներ են ապրել: Հանցագործներն այնուհետև դուրս են եկել եկեղեցու բակ և դանակով սպառնացել հոգևորականներին: Այդ ժամանակ եկեղեցու սպասավորներից Դողան Յըլդըրըմը մոտեցել է խմբին և պահանջել լքել տարածքը: Բեյօղլու թաղամասի ասորական Սուրբ Աստվածածնի եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Քենան Գյուրդալը հարձակման դեպքի մասին նշել է. «Վերջին շրջանում այս հարձակումները հաճախակի են դառնում: Համայնքը վախենում է գալ եկեղեցի: Դիմելու ենք համապատասխան մարմիններին»:

 

Անկախ

Եգիպտոսի բողոքներից հետո Չինաստանը կապամոնտաժի Սֆինքսի կրկնօրինակը

china-sphinxԵգիպտոսի բողոքներից հետո Չինաստանում գտնվող Գիզայի հայտնի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը կապամոնտաժվի:

Հեբեյ նահանգի հյուսիսում գտնվող 30 մետր բարձրություն, 60 մետր երկարություն ունեցող կառույցը զայրացրել էր Եգիպտոսի հնությունների նախարարությանը, որը իր բողոքը արտահայտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Չինացի պաշտոնյաների խոսքով՝ երկաթից և ցեմենտից պատրաստված կրկնօրինակը կօգտագործվի միայն որպես ֆիլմեր նկարահանելու ժամանակավոր վայր:

Չինաստանը ստեղծել է նաև Էյֆելյան աշտարակի և ամբողջական ավստրիական գյուղի կրկնօրինակները:

Գիզայի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում, որոնք հավաքվում են կառույցի մոտ լուսանկարվելու համար:

Սակայն ի տարբերություն կրաքարից պատրաստված օրիգինալի՝ չինական տարբերակը պատրաստված է ցեմենտից:

Չինական սֆինքսի կառուցման համար պահանջվել է ընդամենը երկու ամիս:

 

Անկախ

 

Ադրբեջանը ևս ցանկանում է միանալ Եվրամիությանը. Սահակաշվիլի

2 (1)Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը որոշ ժամանակ անց կցանկանան միանալ ԵՄ-ին: Այս մասին նա հայտարարել է “Le Temps” թերթի հետ զրույցում:

 

“Վրաստանում այժմ անգամ իշխանության եկած ընդդիմությունն է միացել իմ եվրոպամետ ուղղությանը: Ուկրաինայում այս գաղափարը տարածում է գտնում անգամ ռուսալեզու արևելքում: Պարադիգմը լիովին փոխվել է”, – վստահ է Սահակաշվիլին:

“Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ գործընկերության քայլեր ձեռնարկեն: Ժամանակի ընթացքում նրանք բոլորը կմիանան ԵՄ-ին”, – վստահ է Սահակաշվիլին, տեղեկացնում է “Inopressa”-ը:

 

Անկախ

Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալները քննադատել են Իլհամ Ալիևի ելույթը

1“Ադրբեջանը՝ առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է ԵԽԽՎ նստաշրջանում նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ այն համարելով անհիմն և կողմնակալ:

Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալներին միավորող դաշինքի հայտարարությունում նշված է. “Ալիևի կոպիտ արտահայտությունները, նրա սպառնալիքներն ու անհարգալից վերաբերմունքը ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ, նրա պնդումները, թե երկրում չկան քաղբանտարկյալներ, ԵԽԽՎ անդամները սուտ դիրքորոշումը հաստատում են, որ Ադրբեջանի իշխող ռեժիմը ինքնակամ չի պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել ժողովրդավարական նորմերը”:

Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ադրբեջանի իշխանությունները գործում են Ալիևի ելույթին համապատասխան՝ շարունակելով խախտել իրավունքներն և հետապնդել իրենց ընդդիմախոսներին:

Դաշինքը Ադրբեջանի իշխող ռեժիմից պահանջում է դադարեցնել այդ անարդար պրակտիկան, իսկ ԵԽԽՎ-ին՝ պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու համար ադեկվատ քայլեր ձեռնարկել՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով:

Անկախ  

Գերմանական «Gaffel» գարեջուր արտադրող ընկերությունը կդադարի արտադրել Իրանի դրոշի պիտակով գարեջուր

Գաֆֆել

Գերմանիայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները պահանջել են Բեռլինում գերմանական «Gaffel» գարեջուր թողարկող ընկերությանը դադարեցնել Իրանի դրոշի պատկերով  պիտակով գարեջրի արտադրությունը, քանի որ դա վիրավորում է իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները:

Բեռլինում գերմանական գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով այդ մեղադրանքներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներողություն են հայտնել և տեղեկացրել, որ այսուհետ կդադարեցնեն Իրանի դրոշը կրող պիտակով գարեջրի վաճառքը:

«Մենք չգիտեինք, որ իրանական դրոշը կրոնական խորհրդանիշ է, և բնավ չէինք ցանկացել վիրավորել իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները»,- ասել են գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Նրանք հավելել են, որ ընկերությունն արդեն  քայլեր է ձեռնարկել հավաքելու Իրանի դրոշը կրող պիտակներով գարեջրի շշերը և դադարեցրել է դրանց տարածումը:

Տեղեկացնենք, որ գերմանական գարեջուր արտադրող ընկերությունը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին թողարկել է մասնակից երկրների դրոշները պատկերող պիտակներով գարեջուր:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ»  լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական բանակը սպառնալիք է Հայաստանի համար. Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով ադրբեջանական բանակի մասին, նշել է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի համար բանակ կազմավորումը ամենակարևոր և գլխավոր հարցերից մեկն է, քանի որ այն մեծ դեր է խաղում հակամարտությունների լուծման գործում: Ալիևը հայտարարել է, որ ներկայումս ուժեղացող ադրբեջանական բանակը Հայաստանի համար սպառնալիք է հանդիսանում: «Նրանք էլ ընդունում են դա՝ իրենց պարտությունը, քանի որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք ունակ չեն ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը: Այն երկիրը, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը, չի կարող համարվել անկախ: Իրականում այս խոստովանությունը նշանակում է խոստովանել պարտությունը: Նրանք ընդունակ չեն մեզ դիմակայելու և ընդունում են այդ փաստը: Այսօր հզորացող ադրբեջանական բանակը հանդիսանում է հարցի լուծման ամենաառաջին գործոնը: Նույնիսկ զինադադարի պայմաններում ադրբեջանական բանակը մտահոգում է հայերին»,-հայտարարել է Ալիևը:

Անկախ

Թուրքիայում գրեթե հայտնի է նախագահի երկրորդ թեկնածուն

Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիթաշը «Habertürk» հեռուսաալիքի գլխավոր խմագիր Էրքան Չելիքի հետ զրույցում ակնարկել է, որ այս շաբաթվա վերջին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրվելու: «Եթե ինձ ժողովրդավար և ազատ կերպով տեսնում են թեկնածուի հարթության մեջ, ապա ես էլ չեմ խուսափի նախագահի թեկնածությունից: Իմ կարծիքով՝ թեկնածության հարցում խնդիր չի առաջանա: Եթե կուսակցական խորհուրդն էլ իր հավանությունը տա, ապա շաբաթվա վերջին կառաջադրենք մեր թեկնածուին»,-նշել է Դեմիրթաշը:

Սելահադդին Դեմիրթաշը ծագումով զազա քաղաքական գործիչ է, որը գլխավորում էր Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը: Թուրքական մեջլիսի 23-րդ ընտրաշրջանում պատգամավոր է ընտրվել Դիարբեքիրից, իսկ 24-րդում՝ Հաքյարիից:

 Անկախ