Հայտնի փոփ աստղ Մադոննան «Instagram»-ում չարշավով (մուսուլմանական գլխաշոր, որը ծածկում է ողջ դեմքը) լուսանկար է հրապարակել, որը մեծ քննարկումների պատճառ է դարձել: Իր կարիերայի ողջ ընթացքում մի շարք սկանդալների կենտրոնում հայտնված 55-ամյա երգչուհին լուսանկարի վերաբերյալ որոշել է մեկնաբանություն անել: Ի պատասխան երկրպագուների քննադատություններին՝ Մադոննան նշել է, որ իրենից առաջ Լեդի Գագան էլ է կրոնական հագուստներ հագել: Իսկ Լեդի Գագան, օգտագործելով այս առիթը, Մադոննային մեղադրել է իրեն կրկնօրինակելու մեջ:
Հանրապետականները ցանկանում են Օբամային դատի տալ իրավասությունները չարաշահելու համար
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները մտադիր է դատական հայց ներկայացնել նախագահ Բարաք Օբամայի դեմ, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
Բեյներն Օբամային մեղադրում է իրավասությունները չարաշահելու ու երկրի օրենքները խախտելու մեջ: Նրա խոսքով, նախագահը քաղաքական որոշումներ է կայացրել շրջանցելով ԱՄՆ-ի օրենսդրությունն ու առանց կոնգրեսի համաձայնության:
Իր հերթին, Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնստը վստահություն է հայտնել, որ իբր նախագահը օրենքին հետևում է: Սակայն, նրա խոսքով,”հանրապետականները հայց են ուզում ներկայացնել, քանի որ համաձայն չեն Օբամայի քաղաքականության հետ:
ԱՄՆ-ում գողը հանցանքի վայրում մոռացել է դուրս գալ Facebook-ից
Մինեսոթա նահանգում գողը մոռացել է դուրս գալ տուժածի համակարգչից օգտվելուց հետո, ֆեյսբուքյան իր էջից,հաղորդում է ВВС-ն:
Տանտիրոջ խոսքով, հենց դա թույլ տվեց, որ գողին փողոցում ճանաչի, քանի որ գողությունից հետո համակարգչում մնացել էր նրա լուսանկարը: Արդյունքում, ոստիկանները ձերբակալեցին Նիկոլաս Ուիգին, որն արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել:
Ոստիկանության տվյալներով, հիմա նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Ամերիկային կին նախագահ է պետք. Միշել Օբամա
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտարարել է, որ երկրին կին առաջնորդ է անհրաժեշտ: Այս հայտարարությունը ներկաների կողմից ընդունվել է բուռն ծափահարություններով: «Այս աշխատանքը պետք է կատարի նա, ով ավելի լավ է պատրաստված դրա համար, և ես կարծում եմ, որ մենք մի քանի տարբերակներ ունենք, այնպես չէ»,-նշել է Միշել Օբաման:
Միջոցառմանը ներկա լրագրողների հաղորդմամբ՝ Միշել Օբաման չի նշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը: Չնայած նախագահ Բարաք Օբամայի 42-ամյա կինը դեռևս որոշում չի կայացրել առաջադրվելու հաջորդ նախագահական ընտրություններում, մի շարք վերլուծաբանների կարծիքով հենց նա է դեմոկտրատների հավանական թեկնածուն:
Նշենք, որ ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականին:
1942թ-ի Օսկար արձանիկը աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով
1942թ-ի Օսկար արձանիկը Ռոդ Այլենդի աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով: Աճուրդի տունը, նախքան արձանիկի վաճառվելը, սպասում էր 5,000-30,000 դոլար ստանալ դրա վաճառքից, սակայն այն երկուշաբթի օրը գնել էին գրեթե 80,000 դոլարով:
Արձանիկը Ակադեմիայի 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել էր Ժոզեֆ Ս. Րայթը «My Gal Sal» ֆիլմի գունային ձևավորման համար:
33 սմ բարձրությամբ և 2 կգ կշռով արձանիկը Րայթի մահից հետո 1985թ-ին ժառանգել էր նրա զարմիկը:
Ակադեմիան նախկինում հետաքննել էր արձանիկի վաճառքի փաստերը: Ակադեմիայի կանոնակարգում նշված է, որ 1950թ-ից հետո տրված Օսկար արձանիկների շահողները կամ նրանց ժառանգորդները իրավունք չունեն դրանք վաճառել՝ նախքան 1 դոլարով Ակադեմիային առաջարկելը:
ԱՄՆ-ում մասշտաբային օպերացիա են անցկացրել մանկական մարմնավաճառության դեմ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն համատեղ մասշտաբային օպերացիա են անցկացրել երեխաներին, որոնց հարկադրում են մարմնավաճառությամբ զբաղվել, ազատելու համար, հաղորդում է ԲիԲիսին:
Օպերացիայի ընթացքում հաջողվել է ազատել 168 երեխայի ու ձերբակալել 300 մարդու, որոնք կասկածվում են երեխաների սեքսուալ շահագործման մեջ:
Օպերացիան անց է կացվել Միացյալ նահանգների տարածքում գտնվող ավելի քան 100 քաղաքներում: Ի դեպ, օպերացիան տևել է 4 օր:
84 մարդու սիբիրյան խոցով հիվանդացության վտանգ ԱՄՆ-ում
84 մարդ ԱՄՆ-ում սիբիրյան խոցով վարակվելու հնարավոր ռիսկային խմբում են:
Ջորջիա նահանգում գտնվող Ատլանտայի կառավարական լաբորատորիայի 78 աշխատակից չի բացառվում, որ վարակված լինեն սիբիրյան խոցով,հաղորդում է ԲիԲիսին::
Պատճառը լաբորատորիայում մահացու մանրէների հետ շփումն է առանց անվտանգության պահանջներին հետևելու, հայտնել են Հիվանդությունների կանխարգելման ու վեահսկման կենտրոնում:
Հիմա գիտաշխատողները հսկողության տակ են ու, ինչպես Կենտրոնում են նշում, ռիսկը չափազանց փոքր է:
Լոս Անջելեսում Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով
Հայտնի նկարիչ,մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի առանձնատունը վաճառվել է 74 մլն դոլարով, հաղորդում է Газета.Ru-ն: Այն զբաղեցնում է 3,2 հազար քմ տարածք, ունի 8 ննջասենյակ, 17 լոգարանռա Տարածքում լողավազան կա, թենիսի կորտ, մառան: Տունը վաճառքի էր հանվել 90 մլն դոլարով:
Դիսնեյն այն գնել էր 1949-ին: 90-ականներին ներդրող Գաբրիել Բրեներն առանձնատունը 8,5 մլն դոլարով գնել էր մուլտիպլիկատորի կնոջից: Դրանից հետո այն վերակառուցվել էր, տարածքն էլ` ընդլայնվել:
Օբամայի կիսանդրին տպել են 3D-պրինտերով
Սմիթսոնյան ինստիտուտի եռաչափ տպագրության մասնագետները ստացել են ԱՄՆ նախագահ Օբամայի կիսանդրին` 3D-պրինտերի օգնությամբ, հաղորդում է Газета.Ru-ն:
Դրա համա նախագահի դեմքը սկանավորել են ականջից ականջ: Նախագահի եռաչափ կիսանդրին ստացել են ձեռքի սկաների ու խցիկների օգնությամբ: Սկանավորման ամբողջ պրոցեդուրան տևել է 5 րոպե:
Կիսանդրին տպվել է 5 հազար թերթից հալած պլաստիկով: Ամբողջ գործընթացը տևել է 40 ժամ.”Կարող եք տեսնել կնճիռներն ու դեմքի մաշկի անցքերն անգամ”,-ասել է մասնագետներից Վինչե Ռոսսին:
Կյանքի օրոք դիմակ են հանում ԱՄՆ բոլոր նախագահներից: Ավելի վաղ դրա համար նրանք ստիպված էին գիպսով անշարժ նստել ու շնչել միայն քթի մեջ տեղադրված խողովակի միջոցով: Սակայն, 3D-պրինտերի ստեղծման շնորհիվ այդ պրոցեսը կատարելագործվել է:
ԱՄՆ-ում ռեակտիվ ինքնաթիռում 3 մարդ է ողջակիզվել
Ոչ մեծ ռեատիվ ինքնաթիռը Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքի միջազգային օդանավակայանում հրկիզվել է, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ըստ տեղեկության, հրդեհի զոհ են դարձել 3 մարդիկ, որոնք այդ պահին օդանավում են եղել:
ԱՄՆ-ի ավիացիոն իշխանությունները պարզել են, որ Westwind II մոդելի ինքնաթիռը պետք է թռիչք կատարեր Հանթսվիլի օդանավակայանից, սակայն դուրս է եկել թռիչքուղուց ու հրդեհվել է:
Կատարվածի պատճառով մի քանի չվերթեր են հետաձգվել: Ներկայում մասնագետները փորձում են պարզել կատարվածի պատճառները:
9-ամյա տղան մեքենան է վարել՝ ցանկանալով այցելել տատիկին
Վինսկոնսին նահանգի 9-ամյա բնակիչը 4 տարեկան ուղևորի հետ մեքենայով արագընթաց մայրուղի է դուրս եկել՝ փորձելով հասնել տատիկի տուն:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Վաշինգտոնի համայնքում:
Իշխանությունների տեղեկություններով՝ երեխան գտել էր մի բանալիներով մեքենա և սկսել վարել: 9-ամյա վարորդը այնքան փոքր է եղել, որ հազիվ է կարողացել հասնել ղեկին և արագընթաց մայրուղով մեքենան վարել է թույլատրված արագությունից ավելի քան երկու անգամ ավել արագությամբ:
Տղայի մեկնարկելուց հետո նրան վազանց կատարող մեքենան կանգնեցրել է նրան՝ նախքան երեխան կհասցներ իրեն կամ որևէ մեկին վնասել: Այնուհետև մայրուղու վարորդները զանգահարել են 911 ծառայություն
Տղան, նախքան կանգնելը, հասցրել էր վարել վեց կիլոմետր: Ոստիկանությունը հայտնել է, որ որևէ մեղադրանք առաջ չի քաշվի և իրենք պարզապես ուրախ են, որ որևէ մեկը չի տուժել:
Հիլարի Քլինթոնն առաջ է անցել Օբամայից
Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող էր ավելի հաջողակ նախագահ դառնալ, քան Բարաք Օբաման է:
Եթե միջազգային քաղաքական գործիչ Օբամային պաշտպանում է հարցված ամերիկացիների 40%-ը, ապա 63%-ը համոզված է, որ Հիլարին նախագահական գործունեության մեջ կգերազանցեր Օբամային:
Հարցվածների 61%-ը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնն արդյունավետ պայքար է տարել ահաբեկչության դեմ, մինչդեռ Օբամայի պայքարի արդյունավետության մասին կողմ է արտահայտվել նրանց 49%-ը:
Քլինթոնի էկոնոմիկական ձեռնարկներին պատրաստ է հավատալ 63%-ը, իսկ Օբամայի ձեռնարկներին` ընդամենը 38%-ը:
Կարգավորիչի կատակից հետո ինքնաթիռը ստիպված օդում պտույտներ է գործել
Ինքնաթիռը ստիպված մեկ ու կես ժամ օդում պտույտներ է գործել, երբ օդային երթևեկության կարգավորիչը կատակել է, որ նա չի կարող վայրէջք կատարել:
Delta Flight 360 պատրաստվում էր վայրէջք կատարել Ատլանտայի միջազգային օդանավակայանում, երբ կարգավորիչը կատակել է, որ ինքնաթիռը չի կարող վայրէջք կատարել:
Ըստ տեղեկությունների՝ օդաչուն արդեն փոխել էր ուղղությունը և կրկին 12 կմ բարձրացել վերև:
Այնուհետև ինքնաթիռը ստիպված սկսել է պտույտներ գործել, մինչ ներքևում իրավիճակը հարթվել և ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել:
Դաշնային ավիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ օդաչուին և ուղևորներին դեպքի ընթացքում վտանգ չի սպառնացել՝ ավելացնելով, որ իրենք հետազոտում են օդային հաղորդակցությունը Delta 630-ի հետ:
«Իմ ամուսինը աշխարհի ամենալավ հայրն է». Քիմ Քարդաշյան
Հունիսի 15-ը Քիմ Քարդաշյանի համար յուրահատուկ օր էր: Այդպես է նշել կրակոտ մայրը թվիթերյան իր էջում:
Օրը հիանալի էր ոչ միայն նրա համար, որ ԱՄՆ-ում հայրերի տոնն էր, այլ որ նրա դուստրը` Նորթն արդեն մեկ տարեկան է: Այդ հաղորդագրությունը Քիմը փակցրել է իր էջում դստեր և ամուսնու`Քանյե Ուեսթի պատվին` տեղադրելով նաև հետաքրքիր լուսանկարներ, որոնցից մեկը մեր տեսադաշտում է:
«Ահա, թե ինչպիսին է կյանքը: Իմ ամուսինը աշխարհի ամենալավ հայրն է: Ես հպարտ եմ, քանի որ երջանիկ մայր և կին եմ: Ծնունդդ շնորհավո´ր, իմ գեղեցիկ աղջիկ: Դու հրեշտակ ես և քեզ շատ եմ սիրում: Շնորհավոր Հայրերի տոնը, սիրելի´ս, աշխարհի ամենալավ հայրիկ: Տեսնելով, թե ինչպես ես սիրում և պաշտպանում մեր դստերը` ինձ պարուրում ես մեծ սիրով», – արտահայտվել է Քարդաշյանը:
Լուսանկարում Քարդաշյանի ամուսինն ու փոքր դուստրը մի տեսակ հոգնած, կողք կողքի պառկած են, իսկ պատճառը Քիմը փորձում է ասել.
«Մենք այնքան էինք խաղացել, որ ամուսինս ու երեխաս ուղղակի սպառվեցին», – հավելել է նա:
Եթե Ք. Քարդաշյանը դստերն անվանել է Նորդ Ուեսթ` Հյուսիս-Արևմուտք և փորձեր է կատարել երեխայի ունքերը հանել, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին էր նրանց տոնական խաղը:
Բիլ Քլինթոնը վերջին 25 տարիների ԱՄՆ-ի ամենահարգված նախագահն է
Նոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Բիլ Քլինթոնը վերջին 25 տարիների ամենահարգված նախագահն է:
Wall Street Journal-ի հրապարակած տվյալներով՝ հարցվածների 42 տոկոսը Քլինթոնին համարել է ամենահարգված նախագահը:
Բարաք Օբաման հավաքել է 18 տոկոս ձայն, Ջորջ Բուշ Կրտսերը՝ 17 տոկոս, իսկ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը՝ 16 տոկոս:
Վերոնշյալ հարցումներին մասնակցել է 1,238 մարդ:
Wall Street Journal-ը նշում է, որ հարցումների արդյունքերը ցույց են տալիս, թե ինչքան շատ են աշխատել Քլինթոններն իրենց անունը մաքրելու համար:
Սա վկայում է այն մասին, որ այս պահին Քլինթոնները Ամերիկայի ամենահայտնի քաղաքական գործիչներն են:
Հարցվածների 55 տոկոսը հայտնել է նաև, որ 2016թ-ի նախագահական ընտրություններում կքվեարկեն Հիլարի Քլինթոնի օգտին:
Անտառային հրդեհի պատճառով հազարավոր կալիֆոռնիացիներ են տարհանվել
Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում անտառային ուժեղ հրդեհի պատճառով Ուոֆֆորդ-Հայթսի հազարավոր բնակիչ է տարհանվել:
Վերջին օրերին հրդեհը մոտեցել է Սեքվոյա ազագային արգելոցին ու Ուոֆֆորդ-Հայթսի մատույցներին: Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան հազար հրշեջ, իսկ ուղղաթիռներից ջուր են ցանում անտառի դժվարհասանելի մասերում: Իրավիճակը բարդանում է ուժեղ քամու պատճառով, որը նպաստում է կրակի տարածմանը, հաղորդում է РИА Новости-ն:
Կալիֆոռնիայում անտառային հրդեհները բացառություն չեն հատկապես ամռանը, երբ չոր ու շոգ եղանակ է լինում:
Հոլիվուդում Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանվի
Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել: «Իմ հոգու դատարկությունը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում սկսված մի սիրո պատմություն ներկայացնող ֆիլմում կխաղա հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթը: Վերջինս մարմնավորելու է հայ բժշկուհու կերպարը: Ուինսլեթի խաղընկերոջ դերի համար ամենահավանական թեկնածուն մեկ այլ աստղ Մարկ Ուոլբերգն է: Ֆիլմի հիմնական նպատակն է առաջ տանել ընդհանուր ցավի գաղափարը: Ներկայացվելու է, թե պատերազմը ինչպես խաթարեց միասին ապրող հայ, թուրք և քուրդ ժողովուրդների խաղաղությունն ու բարեկամությունը:
Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի հոլիվուդյան ընկերություններից մեկը: Նկարահանումների մի մասը տեղի կունենա Ախթամար կղզում, Արարատի մոտ և Էրզրումում: Նախատեսվում է, որ ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի արդեն 2015 թվականին:
«Սև ոսկին»` հարաբերությունները հարթելու հարմար միջոց
Հետևելով տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` նկատում ենք, որ այդ երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան հակասություններ: Եթե Իրանի շահագրգռությանն անդրադարձել էինք նախորդ` «Թեհրան-Վաշինգտոն. հնարավո՞ր է թշնամին դառնա «բարեկամ» հոդվածում, ապա այժմ կփորձենք պարզաբանել, թե ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ինչ շահեր ունի, առավել ևս` այն ժամանակ, երբ ըստ ամերիկացիների` պատժամիջոցներն արդյունք տալիս են: Հետաքրքիր է` ինչ է փոխվել ներկայումս:
Այն թեզը, որ ամերիկացիները տարածաշրջանում անցնում են «կառավարելի քաոսի» ռեժիմի, ավելի իրական է թվում: Սխալ է կարծել, թե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար հիմնական դաշնակիցը սունիական դավանանքի ներկայացուցիչներն են՝ ի դեմս Պարսից ծոցի միապետությունների, Թուրքիայի, Պակիստանի: ԱՄՆ-ի համար միշտ էլ կարևոր է եղել սունիական և շիական հավատքի գործոնների և՛ հակադրումը, և՛ հավասարակշռումը: Ուստի, շիական գործոնի ջախջախումը կամ թուլացումը չի մտել ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի մեջ:
ԱՄՆ-ի նպատակն է Իրանին «ենթակա գործընկերոջ» կարգավիճակի պարտադրումը և այդ երկրի վառելիքահումքային պաշարների ու դրանց առաքման ուղիների վերահսկումը: Դա մոտավորապես ենթադրում է այնպիսի մոդել, ինչպիսին գործում է Պարսից ծոցի էներգակիրներով հարուստ երկրների դեպքում։ Այլ հարց է, որ դա չի ստացվում Իրանի պարագայում: Այդ պատճառով էլ փոխվում են մարտավարական մոտեցումները: Թեև ԱՄՆ-ի պլաններում Իրանն այսուհետ էլ մեկուսացված կլինի, սակայն պատժամիջոցները պետք է մեղմացվեն. արևմտյան ընկերությունների որոշակի մասնակցությամբ իրանական նավթը և գազը պետք է հոսեն արտաքին շուկա։
Եթե Վաշինգտոնը այլընտրանքային տեխնոլոգիաների օգնությամբ ապագայում կարողանա բավարարել նավթի և գազի իր պահանջարկը, բնավ չի նշանակում, որ հետաքրքրությունը կկորցնի Մերձավոր Արևելքի նկատմամբ և դուրս կգա այդ տարածաշրջանից: ԱՄՆ-ն շարունակելու է ձևավորել ամբողջ աշխարհում էներգակիրների վերահսկման և փոխադրման իրեն ձեռնտու համակարգը։
Նախադրյալներ կան ենթադրելու, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունների մեջ կրկին առաջ է մղվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը:
ԱՄՆ-ի կողմից ներմուծվող նավթի պահանջարկի նվազման, ինչպես նաև Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հնարավոր վերացման արդյունքում իրանական նավթի արդյունահանման ծավալն օրական կավելանա 3-4 մլն բարելով: Միաժամանակ լիբիական ու իրաքյան նավթի արդյունահանման ծավալների 2-3 մլն բարելով ավելացումը կնպաստի համաշխարհային շուկայում նավթի գների նվազմանը: Դա կհանգեցնի Ռուսաստանի նավթային եկամուտների նվազմանը, հետևաբար և` ռուսական պետության թուլացմանը: Իհարկե ԱՄՆ-ն շահագրգռված է, որ նավթի գինն իջնի, բայց ոչ շատ:
Միաժամանակ չի բացառվում, որ ԱՄՆ-ն վերանայի իրանական գազը Եվրամիության ուղղությամբ արգելափակելու դիրքորոշումը, որը նաև ԵՄ-ի շահերին է հակասում:
Եթե իրանական էժան գազը, սիրիական, իրաքյան և Միջերկրական ծովի բնական գազի հետ ուղղորդվի դեպի Եվրամիության երկրներ, ապա եթե նույնիսկ չձախողվի ռուսական «Հարավային հոսքի» կառուցումը, ապա Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կնվազի: Առանց իրանական կամ մերձավորարևելյան գազի` Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից չի վերանա:
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կրկին կնպատակադրվի իրանական նավթի և գազի արդյունահանման և տեղափոխման նախագծերում որոշակի մասնակցություն ունենալ, որպեսզի համաշխարհային շուկայում իրանական էներգակիրների մասնաբաժինը մեծացվի: Այսպես ԱՄՆ-ն փորձում է փլուզումից փրկել այսպես կոչված «նավթադոլարի համակարգը», որը վտանգի տակ է հայտնվել հենց այս պատժամիջոցների կիրառման հետևանքով: Նավթի առուվաճառքի միջազգային գործարքներում միտում է նկատվում շրջանցելու դոլարը, և որպես վճարման միջոց օգտագործվում է չինական յուանը, եվրոն, հնդկական ռուփին, ոսկին կամ տարբեր բարտերային մեխանիզմներ:
Արդյոք Իրանը չի վնասում իր անվտանգությունը` կրկին դռները բացելով արևմտյան կապիտալի առջև: Իրանի սահմանադրության համաձայն` բաժնետոմսեր չեն հատկացվում օտարերկրյա ներդրողներին նավթի և գազի հանքավայրերի մշակման համար, սակայն դրանք կարող են շահագործվել «գնել-հետ վերադարձնել» համակարգով: Ըստ այդ համակարգի` նոր տեխնոլոգիաների և ներդրումների փոխարեն օտարերկրյա ներդրողների եկամուտները սովորաբար կազմում են նավթի վաճառքի շահույթի մոտ 15-20 տոկոսը: Այս մեխանիզմի դեպքում օտարերկրյա ներդնողը գնում է պետությունից իր իսկ արդյունահանած նավթը տվյալ պահի շուկայական գներով, իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո հանքավայրը վերադարձվում է Իրանի ազգային նավթային ընկերությանը:
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեհը վերջերս հայտարարել էր, որ կարող են էլ ավելի բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքվել օտարերկյա ընկերությունների հետ, հատկապե`ս «Հարավային Ֆարս» գազատարի շահագործման համար:
Ի դեպ, Իրանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ճյուղերը կարիք ունեն օտարերկյա զգալի ներդրումների: Արևմտյան ընկերությունները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ներդրումներով կարող են նպաստել նավթի և գազի կորուստների կրճատմանը, դրանց արդյունահանման ծավալների մեծացմանը, հետևաբար` եկամուտների ավելացմանը:
Հավելենք, որ սխալ է կարծել, թե Իրանն այս ամենի արդյունքում կհրաժարվի սեփական միջուկային տեխնոլոգիաներ (թեˊ ռազմական, թեˊ խաղաղ նպատակներով) ստեղծելու քաղաքականությունից: Իրանի միջուկային ռազմավարությունը նույնն է, պարզապես նախագահ Ռոհանիի մարտավարությունն է տարբերվում նախորդից: Այն ենթադրում է մեղմ մեթոդներով, բանակցությունների և փոխհամաձայնությունների միջոցով ժամանակ շահելով` աստիճանաբար հասնել գերնպատակի իրականացմանը: Պատահական չէ, որ Օբամայի ընդդիմախոսները մեղադրում են, որ Իրանի կողմից ոչ այնքան կարևոր զիջումների դիմաց պատժամիջոցների թուլացման արդյունքում կես տարվա ընթացքում Իրանը կրկին կուժեղանա և կստանա իր միջուկային զենքը:
Դժվար է ասել, թե ինչպես կընթանան այս գործընթացները: Սակայն ամփոփելով նշենք, որ իրանաամերիկյան հարաբերությունների բարելավումը երկուստեք էներգետիկ-տնտեսական հետաքրքրությունների արդյունք է, դրանք լուրջ փոփոխությունների են հանգեցնելու, բայց և միաժամանակ տարածաշրջանի հավասարակշռության համար ավելի կայուն նախադրյալներ կապահովեն:
Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ
90-ամյա Ջորջ Բուշը իր տարեդարձին անկարգելով թռիչք է կատարել
ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշը 5 տարի առաջ խոսք էր տվել, որ 90 տարեկան դառնալուն պես թռիչք կկատարի անկարգելով: Ահա Բուշը կատարել է իր խոստումը և նախկին զինվորականներից բաղկացած թիմի օգնությամբ բարեհաջող թռիչք է իրականացրել: Երկրորդ համաշխարհայինի տարիներին Բուշը ստիպված էր եղել դուրս ցատկելու հրաձգության տակ հայտնված ինքնաթիռից: Իր 90-ամյակին Բուշը կրկնել է այդ հերոսությունը՝ օգտագործելով ԱՄՆ-ի դրոշի՝ կարմիր, սպիտակ և կապույտ գույներով անկարգել:
Մեյնում իրականացրած իր 8-րդ թռիչքի մասին Բուշը «Twitter»-յան էջում գրել է. «Մայնում հրաշալի օր է, անկարգելով թռչելու համար բավական հրաշալի»: «Բուշը և անակնկալներ և ադրենալին է սիրում: Սա Բուշի դասական կեցվածքն է»,-նշել է նրա մամլո խոսնակը: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահի ծննդյան առիթով 200 հյուրերի համար հատուկ տոնական ընդունելություն է կազմակերպվել:
Օբամայի պարանոցին բուժզննմամբ մաշկային գոյացություններ են հայտնաբերվել
Բուժզննման ժամանակ Օբամայի պարանոցի վրա բարորակ ոչ մեծ մաշկային գոյացություններ են հայտնաբերվել, հաղորդում է Вести.Ru-ն:
Ընդ որում, բժիշկները հավատացնում են, որ նա հոյակապ առողջության տեր է ու մաշկի քաղցկեղի ոչ մի նշան, սուր ու քրոնիկ մաշկային հիվանդություն չունի: Բուժզննմամբ պարզվեց, որ Օբաման 100%-անոց տեսողություն ունի, լավ լսողություն ու հոտառություն:
Սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի աշխատանքում ոչ մի շեղում չկա: Բժիշկները նշել են, որ Օբաման կանոնավոր կերպով D վիտամին է ընդունում, երբեմն ծամոն օգտագործում թութունային կախվածության դեմ պայքարելու նպատակով և իբուպրոֆեն է խմում աջ ոտնաթաթում ցավի պատճառով:
Բուժախտորոշման մեջ նշվում է, որ «նախագահը ներկայում առողջ է ու առողջ կլինի մինչև իր իրավասությունների վերջ», որն ավարտվում է 2017-ի հունվարին: