Թուրքիան «պատրաստ է օգնել» իր իսկ զինյալների կողմից ունեզրկված ու տեղահանված քեսաբահայությանը

Քեսաբ  Հայտնի է, որ մարտի 21-ից ի վեր թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբում լարված իրավիճակ է տիրում: Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի տարածքից ներխուժած զինյալների  միջև մարտերը, որոնք ուղեկցվում են շարունակական ռմբակոծումներով, չեն դադարում: Ստեղծված վտանգավոր դրության պատճառով մոտ 600 հայ ընտանիք՝ 2 հազար հոգի, ստիպված եղան լքել իրենց տները:

Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի բազմակողմ քաղաքական գործերի վարչության ղեկավար Բասաթ Օզթյուրքը, նամակ հղելով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղակայված ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող գրասենյակի փոխքարտուղար Նիգել Ֆիշերին, հայտնել է հետևյալը. «Թուրքիան ցանկանում է աջակցել հյուսիս-արևմտյան Սիրիայում, մասնավորապես Քեսաբում ստեղծված անապահով վիճակի պատճառով իրենց տները լքած և օկուպացիայի տակ գտնվող այս տարածքում մնացած մարդկանց հումանիտար օգնության տրամադրմանը»: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ նամակում ընդգծվում է, որ Թուրքիան ՄԱԿ-ի համակարգող գրասենյակի կամ ՄԱԿ-ի այլ կառույցների միջոցով պատրաստ է անհապաղ օգնություն տրամադրել մասնավորապես տարածաշրջանի սիրիահայությանը: Թուրքական կողմը հայտնել է, որ Մարդինի շրջանում մոտ 2 հազար մարդ ընդունելու պատրաստ փախստականների ճամբարներ են տեղակայվել, անհրաժեշտության դեպքում դրանց թիվը կավելացվի: Հայտնի է, որ նման բովանդակությամբ նամակ ուղարկվելու է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարություն:

Քեսապ. 0 Ժամ. տարհանում, ապաստանի եւ օժանդակության տրամադրում, բայց նաեւ քարոզչաքաղաքական աշխատանք

քեսաբ,Քեսապի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ  հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետեւանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:

Պետք է արձանագրել, որ դեպի Քեսապ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հաւանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ հայկական կողմի համար: Երբ Թուրքիան բացահայտ զինում և ֆինանսավորում է զինյալ խմբաւորումներին, ապա այս դեպքում Քեսապի շրջանը պոտենցիալ կարեւոր միջավայրերից էր նկատվում եւ շարունակում է նկատվել թափանցման, բայց մանաւանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար: Զինվորական այս ծրագրի պահն էր պարզապես, որ չէր ճշտվել: Թուրքական տարածքներից Սիրիա հարձակման 0 ժամը:

Այս մտահոգությունը, աւելի ճիշտ պիտի լիներ ասել վտանգը, առկա էր Քեսապի համար. հայտնաբար մնայուն այս սթափ եւ համապատասխան պատրաստվածության իրականությունն էր, որ դեպքերի սկսմանը զուգահեռ շատ արագ կազմակերպվեցին տարհանման գործողությունները: Պաշարված շրջանները եւս, երբ բանակի մարտերի թեժացման եւ որոշ դիրքերի վերագրաւման հետ նկատելի դարձաւ պայմանների համեմատական փոփոխությունը, ճեղքվեցին եւ այդ տեղերը եւս ապաստանած  հայրենակիցները տեղափոխվեցին համեմատաբար աւելի ապահով վայրեր:

Պետք է աւելացնել, որ տարհանման նման տարողության ընկալման պատրաստ էր նաեւ Լաթաքիայի շրջանի հայկական շտաբը, որ անմիջապես տարհանված հայրենակիցներին ընդունելու միջոցառումների դիմեց: Փաստորեն, մի քանի  հանգրվանով իրականացած տարհանման գործողություններըը, հակառակ ծանր բախումներին, ռմբակոծումներին, հրացանաձգություններին եւ բնակավայրերի ուղղությամբ արձակազենների արձակած կրակահերթերին, անցան առանց մարդկային վնասների:

Մյուս կողմից սակայն, ամբողջ մի հայկական գյուղի ամայացումը մռայլ հուսահատական գույներով պարուրեց ոչ միայն շրջանի հայությանը, այլ նաեւ հայկական աշխարհը: Քեսապահայության արմատները ձգվում են մինչեւ 10-րդ դար: Երկու օրվա ընթացքում արագ ամայացումը եւ մինչ այժմ նաեւ գյուղի եւ հայկական կառույցների ճակատագրի անորոշությունը, մեղմ ասած, մխիթարական հեռանկարներ չեն ուրվագծում հայրենիքի սահմանամերձ գաղթօջախների հեռանկարին:

Հրատապ աշխատանքների հրամայականը աւելի քան գերակա օրակարգ է Հայաստանի Հանրապետության եւ սփիւռքահայ հոգեւոր եւ քաղաքական կենտրոնների համար: Քաղաքական-հարաբերական աշխատանքներ, զինյալ խմբաւորումների չեզոքացման եւ գյուղի անդորրի վերահաստատման նպատակով օպերատիւ հանդիպումներ, կոչեր: Բայց մանաւանդ Լաթաքիայում ժամանակաւոր հաստատված քեսապահայության օժանդակության աշխատանքների արտակարգ թափ:

Քաղաքական տրամաբանությունը եւ նրան ուղեկցող Սիրիայի տարածքում ծաւալվող զինվորական գործողությունների հաջորդականությունն ու ընդհանրապես երեւացող ռազմավարությունը կարող են հուշել, որ թեկուզ Թուրքիայից սանձազերծված լինելուն այս գործողությունները քեսապահայությունը չունեն իբրեւ առաջնային թիրախ: Որ քեսապահայության տարհանումը (այս դեպքում` տեղահանությունը), գյուղի ամայացումը, հաւանական թալանն ու հայ կազմակերպված համայնքի չեզոքացումը եւս բխում են սահմանից այն կողմ գործող պետության շահերից, վիճարկման խնդիր չէ անշուշտ: Ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերի գրաւումն ու հայության հասանելիք վնասները իբրեւ թուրքական տարածքներից կառավարվող ծրագրերի հետապնդած համատեղելի շահեր աւելի համոզիչ կարող է  դարձնել գործողությունների պատճառահետեւանքային մղումները:

Հայկական կողմին վերապահված նշված աշխատանքներից  բացի, քարոզչաքաղաքական աշխատանքները բոլորից աշխույժ ձեւով կարող են կենտրոնանալ միջազգային ահաբեկչության դեմ միջոցառումներ որդեգրած, դրա դեմ աննահանջ պայքար հայտարարած միջազգային ընտանիքի առնչված կառույցների վրա` Թուրքիայի այս առումով ունեցած փաստացի դերակատարությունը լույսի բերելու նպատակով եւ համարժեք հակազդեցություն ակնկալելով։ Դժվար չէ ենթադրել, թե Անկարայի ի՜նչ տեսակ ծառայությունների համապատասխան լայնածիր օժանդակություններ է ստացել  Թուրքիայում գործող, ֆինանսաւորվող, ռազմափորձերի մասնակցող աշխարհաքաղաքացիական ահաբեկչությունը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Ասադի ուժերը առավոտից սկսած օդային և ցամաքային հարձակումներ են իրականացնում Քեսաբի և Թյուրքմեն սարի շրջակայքի վրա

քեսաբ   Սիրիայի կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև 5 օր առաջ սկսված մարտերը, որոնց արդյունքում Քեսաբի շրջանը անցավ ընդդիմադիրների ձեռքը, գնալով ավելի են թեժանում:  «Ակօս»-ի հաղորդմամբ՝ Ասադի ուժերը առավոտից սկսած օդային և ցամաքային հարձակումներ են իրականացնում Քեսաբի և Թյուրքմեն սարի շրջակայքի վրա: Յայլադաղը գավառից 3 կմ հետավորության վրա գտնվող Քեսաբից ծխի ամպեր են բարձրանում:

Հայտնի է, որ հարձակման արդյունքում 19 մարդ է վիրավորվել, որոնց սահմանից տեղափոխել են Հաթայ: Վիրավորները նշել են, թե Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել: Ընդդիմադիրներից մեկի վկայությամբ՝ մի շարք մարդիկ չեն վիրավորվել, սակայն գտնվում են անգիտակից վիճակում: Այնուհանդերձ քիմիական զանքի օգտագործման փաստեր առայժմ չեն հայտնաբերվել:

 Անկախ

Թուրք-սիրիական սահմանին շարունակում են թռչել թուրքական ռազմական ինքնաթիռները

 թուրքական ռազմական ինքնաթիռներ Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ կատարել թուրք-սիրիական սահմանին: Այդ մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը: Այն բանից հետո, երբ սիրիական 4 ինքնաթիռ ու ուղղաթիռ սկսել են մոտենալ թուրքական սահմանին՝ Հաթայի շրջանի Յայլադաղը և Ջիլվեգյոզյու անցակետերի մոտակայքում, թուրքական լրատվամիջոցները փաստմամբ, F-16 ռազմական 5 ինքնաթիռ 12 անգամ վտանգի են ենթարկվել սիրիական կողմից:

Անկախ

ՙՙԱշխարհի հայության պասիվության պատճառով է, որ այսօր քեսաբցիները շատ թանկ են վճարում՚՚. Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ,լուսանկարներ

քեսաբէԱրևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակամուրջով հայտարարեց, որ Քեսաբի հայերի հիմնախնդիրների նկատմամբ աշխարհի հայության պասիվության պատճառով է, որ այսօր քեսաբցիները շատ թանկ են վճարում:

 

քեսաբՆրա խոսքով` այստեղ բավական մեծ պատասխանատվություն է կրում ընդհանուր լրատվական դաշտը, որովհետև իրենք տեղեկացրել են, թե ինչ և ինչպես կարող է պատահել, լրատվական դաշտը չի օգտվել այդ տեղեկատվությունից և ոտքի չի հանել աշխարհի հայերին:

Արմենակ Աբրահամյանը նշեց, որ 2012-ից սկսած` Քեսաբի շրջանի հայերից շատերը ներգրավված են ինքնապաշտպանական ջոկատներում և ոչ միայն. Հալեպի ժողովուրդը մտել է պետական բանակ, որը կռվում է ապստամբների դեմ:

քեսաբ,«Կանխատեսելով իրադարձությունների այս ընթացքը, կոչ արեցինք հայկական աշխարհին` ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, սակայն այն լրջորեն չընկալվեց։ Ես կոչ եմ անում վերադարձնել Քեսաբը, օգնել քեսաբցիներին: Հիմա մեր ժողովուրդը դժվար կազցության մեջ է: Ինչպես Ստեփանակերտի ժողովուրդը տեղափոխվեց Մարտակերտ, հիմա մեր ժողովուրդն է տեղափոխվում Լաթաքիա: Մենք պետք է տարբեր կազմակերպությունների միջոցով կամ կառավարության հետ պայմանավորվածության գալով՝ Լաթաքիայի ժողովրդին օգնություն ուղարկենք»,- ասաց Արմենակ Աբրահամյանը` հավելելով, որ Սիրիայի կառավարական զորքերը կրկին փորձելու են Քեսաբի ուղղությամբ գործողություններ անել, բայց շատ դժվար է լինելու, քանի որ Քեսաբը իր բնությամբ շատ նման է Լեռնային Ղարաբաղին:

քեսաբ.Քեսաբի զոհերի թվի մասին  Արմենակ Աբրահամյանի փոխանցմամբ` ստույգ տեղեկատվություն չկա, քանի որ մի մասը անտառների մեջ կորսվեցին, մի մասն էլ թաքցված են: Բանախոսը նշեց, որ այս հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում:

«Շատ կարևոր է, որ անմիջապես դիմենք և՛ ՄԱԿ-ի անվտանգության Խորհուրդ, և՛ ՄԱԿ-ի բոլոր ատյաններին՝ տեղեկացնելու համար, թե ի՞նչ է կատարվել, որովհետև Թուրքիան և իր կառավարությունը խախտել են ՄԱԿ-ի որոշումները` տեռորիստական օգնության հետ կապված: Մեր նպատակն է, որ ՄԱԿ-ը դատապարտի Թուրքիային»,-հայտարարեց Արմենակ Աբրահամյանը:

Անկախ

Մանրամասնութիւններ՝ Քեսապի մէջ բռնարարգներու եւ վնասներու մասին

Քեսաբ բնակավայրՔեսապ միշտ ալ խաղաղ աւան մը եղած է, անոր բնակիչները խաղաղասէր եղած են: Անոնք իրենց օրապահիկը կ՚ապահովէին հողագործութեամբ, եւ աւանդականի թեթեւ զբօսաշրջիկութեան գործերով: Քաղաքին մէջ զինուորական կեդրոնատեղիներ կամ նման անձնական կեդրոններ չկան, այդ բոլորը ծայրամասերուն վրայ կը գտնուին, հետեւաբար արդարացուցիչ պատճառներ չկան ժողովուրդը իրենց խաղաղ տուներէն տեղահանելու: Եղածը կը նպատակադրէ չարդարացուած պատճառներով շրջանը իր բնիկ ժողովուրդէն դատարկել:

Ժողովրդին կառոյցներու վնասներու տարողութիւնը:

Այս մէկը պատահեցաւ քանի մը շէնքերու երբ Ուրբաթ օր այդ ընտանիքները լքեցին իրենց տուները, տակաւին յստակ թիւեր չունինք, չնայած տարածուած շատ մը տեսաերիզները ցոյց կու տան մխացող տուներ եւ շէնքեր:

(Մինաս Պէտիրեանին տունը, Սեպուհ Գարաեագուպեանին հիւրանոցը:)

Առեւանգումներ:

Երբ Ստիւ Շեխուկեան իր մոթորսայքլով կը հեռանար Տուզաղաճի շրջանէն (պաշտօնական անունը Ալ Շաճարա, որ բախումի շրջան էր Քեսապի մէջ), անոր գնացքը կը խոչընդոտէ զինեալ մը եւ կը ստիպէ անոր վար իջնել իր մոթորսայքլէն: Ստիւ կ՛ըսէ, որ այդ անձը որ զինք կեցուցած էր մօրուքաւոր մէկն էր, որ արաբերէն չէր խօսեր: Երբ Ստիւ ըսած էր, թէ ինք հայ է, մօրուքաւորը դանակ մը հանելով սպառնացած է մորթել զինք կոկորդէն, որմէ ետք Ստիւին շղթայած են մօտակայ շէնքի մը երկաթեայ պատուհանին: Երբ կռիւը սաստկացեր է եւ կրակի բոցեր բարձրացած են, զինեալը փախուստ տուած է եւ զինք ձգած հոն: Ստիւ կրցած է ձերբազատուիլ իր շղթաներէն, թուփերուն մէջէն ճամբայէն դուրս գալ եւ հասնիլ հոն ուր տեղահանուողները ապաստանած էին:

Բռնի ուժով ներխուժում:

Տիգրանուհի Մանճիկեանը, տարեց եւ անհանգիստ կին մըն է, այն քիչերէն էր որ չկրցան տեղափոխել զինք, իր առողջապահական պայմաններուն պատճառաւ: Քաղաքի կեդրոնը խուզարկելէ ետք, անոնք բռնի ուժով մտան իր տունը, ուր զինեալ մը, բանաւոր եւ մարմնային սպառնալիքներով, ոսկեղէն եւ այլ արժէքաւոր բաներ պահանջեց իրմէ, որ ինք արդէն չունէր: Զինեալը տունը  տակնուվրայ ընելով առաւ այն ինչ որ գտաւ եւ հեռացաւ: Ան իր այս վկայութիւնը հեռախօսով հաղորդեց:

Այլ բռնի ուժով ներխուժումներ:

Շատ մը տեղահանուողներ, հեռաձայնեցին իրենց տուները, իմանալու համար որ ով պիտի պատասխանէ, ահաւասիկ օրինակներ.-

*Մինաս Սողոմոնեանը, որ տնային ճաշեր կը պատրաստէ, երբ զանգեց, անոնցմէ մէկը պատասխանելով իրեն ըսաւ, որ մենք կը վայելենք ձեր համեղ, իսկապէս լաւ գործ կ՛ընէք, որ մեր գործը չէ:

*Նման բան պատահեցաւ Ժոզէֆ Քէլաղպեանին հետ, ուր ներխուժողը ըսաւ կը վայելենք ձեր ուտելիքները:

*Անի Պոյմուշաքեան երբ հեռաձայնեց Հայ Աւետարանական եկեղեցւոյ գրասենեակը, անոնք պատասխանեցին եւ ըսին որ այս վայրը արդէն մեր հսկողութեան տակ է եւ մեր հաշւոյն եկածին պէս այս տեղին հետ պիտի վարուինք… հեռաձայնը գոցելով ան ըսաւ, որ զինեալները իրենց սպառնալիքները կը կատարեն:

*Փարէն Յովսէփեան երբ զանգեց, անոնք իրեն վստահեցուցին թէ շատ գեղեցիկ կահոյք ունի:

*Նազարէթ Դանիէլեան նոյնպէս, ներխուժողներ կային իր տան մէջ:

Գողութեան տարողութիւնը:

*Զաւէն Բանոսեանին կանաչեղէնի խանութը:

*Նշան Ինճէճիկեանին կանաչեղէնի խանութը:

*Արմէն Չէրչիկեանին ուտեստեղէնի խանութը եւ այլ խանութներ:

ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ – ՀԱԼԷՊ

25 Մարտ 2014

Անկախ

Սիրիայում ոչնչացվել է ադրբեջանցիներից բաղկացած խմբավորում

3Սիրիայում կառավարական զորքի կողմից անցկացրած հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է “IŞİD” խմբավորման 13 անդամ, որոնց մեծ մասն ադրբեջանցիներ են եղել, հաղորդում է “Հագին” կայքը:

Տեղեկությունների համաձայն՝ կառավարական զորքի ստեղծած թակարդն է ընկել 25 գրոհային, որոնցից կեսին հաջողվել է դուրս պրծնել:

Այդ գործողության ընթացքում սպանվել է նաև երկու թուրք գրոհային՝ Անկարայից Էբու Իսմաիլն ու Մուստաֆան:

Թուրքիայի զինված ուժերը կատարել են իրենց պարտականությունը. Աբդուլահ Գյուլը սիրիական ինքնաթռի կործանման մասին

gul  Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հաագայում տեղի ունեցած միջուկային անվտանգության թեմայով համաժողովի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից սիրիական ինքնաթռի կործանման հետ: Այս մասին հաղորդում է «TRT»-ն: «Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված դրությունը՝ մեր զինված ուժերը ցուցաբերել են ողջամտություն այդ վտանգավոր իրավիճակում: Մեր սահմանի պաշտպանության համար նրանք կատարել են իրենց պարտականությունը»,-ասել է Գյուլը:

Հալէպի մէջ հրթիռներու եւ հրասանդերու տարափը կը շարունակուի:

ՀալէպԱյսօր՝ 24 Մարտ 2014ի, Ժամը 16:30ին, մօտաւորապէս կէս ժամուան մէջ Նոր Գիւղի շրջանին մէջ, ճշգրտօրէն Ս.Երրորդութիւն եկեղեցւոյ (որ ծանօթ է, որ Զուարթնոց եկեղեցի անունով) շրջակայքը եօթ հրթիռ եւ հրասանդ տեղաց:
Անոնք ինկան բնակելի շէնքերու տանիքները եւ տուներու վրայ: Ինկած հրթիռներուն պատճառով հայ երիտասարդ մը, երիտասարդուհի մը եւ տեղացի մայր ու որդի մը վիրաւորուեցան:
Զոհերուն մասին ցարդ յստակացում չկայ:
Հրթիռներէն մէկուն թիրախը Հայ Կաթողիկէ Ս.Երրորդութիւն (Զուարթնոց) եկեղեցին էր: Հրթիռը պայթաւ եկեղեցւոյ գմբէթին վրայ…
Հրասանդներէն մէկը ինկաւ հայու մը բնակարանին վրայ եւ հրդեհ մը բռնկեցաւ, շրջանի հայ երիտասարդները փութացին շիջանել կրակը մինչեւ հրշէջ մեքենաներու ժամանումը:
Հրթիռաձգութիւնը նիւթական ծանր վնասներ պատճառեց շրջանի բնակարաններուն, դեռ չխօսած անոր պատճառած վախի, սարսափի ու հոգեկան խանգարումներու մասին…
Լրատուական Գրասենեակ – Հալէպ

 Անկախ

Քեսաբ՝ սիրիահայության կարևոր կենտրոն

ՔեսաբՎերջին օրերին սիրիական Քեսաբում տիրող լարված ու վտանգավոր իրավիճակը, որի մեջ հայտնվել է այնտեղ բնակվող հայ համայնքը, առիթ հանդիսացավ, որպեսզի հիշենք հայաշատ այս բնակավայրի կարևորության ու պատմական անցյալի մասին:

Քեսաբը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 3 կմ հեռավորության վրա: Այստեղ առաջին հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1861թ. Անտոնյան միաբանության հայերի կողմից, որը նվիրվում է Անարատ Հղությանը՝ Աստվածամորը, սակայն այնույետև այն վերածվել է սրահի: 1904 թվականից այստեղ են հաստատվում Ֆրանչիսկյան միաբանությանը պատկանող հայերի մի խումբ, ովքեր կառուցում են Պաղճաղազի Աստվածամոր եկեղեցին, իսկ 1925թ. Քեսաբում հիմնվում է Ս. Միքայել եկեղեցին, վանքն ու վարժարանը: Մինչև Առաջին աշխարհամարտը այստեղ 4760 հայ էր բնակվում: Քեսաբին կից 9 գյուղերում ընդհանուր առմամբ մոտ 4000 հայ կար: Քեսաբի Ս. Աստվածամոր եկեղեցուն կից դպրոցում 20-րդ դարասկզբին 140 տղա երեխա էր սովորում:

Այժմ Քեսաբում Հայ կաթոլիկ համայնքին են պատկանում Ս. Միքայել, Պաղճաղազի Վերափոխման եկեղեցիները և Քարատուրանի Ս. Աստվածածին՝  Քեսաբի բարբառով ՙՙԿեղեցի՚՚ կոչվող ուխտատեղին: Իսկ Ս. Միքայել եկեղեցու հովանու ներքո գործում են Բարեյուսոյ Վարժարանը, Ժողովրդապետական հանձնախումբը,  Հ.Կ.Մ. պատանեկան միությունը և Տիկնաց միությունը: Այսօր Սիրիայի Լազիկիե նահանգի կազմի մեջ մտնող Քեսաբի բնակչության մեծամասնությունը հայեր են: Քեսաբի և շրջական գյուղերի հայ բնակչության թիվը մոտ 2 հազար է:

Անկախ

Եգիպտոսում Մահմեդական եղբայրության 529 անդամներ մահվան են դատապարտվել

egypt-protestsԵրկուշաբթի օրը Եգիպտոսի դատարանը օգոստոսին Մինյա քաղաքում կատաղի ցույցերի և մեկ ոստիկանի սպանության համար մեղադրվող Մահմեդական եղբայրության 529 անդամների մահվան է դատապարտել:

Այդ ցույցերը տեղի էին ունեցել Կահիրեում երկու մեծ նստացույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ մահվան ելքով բախումներից հետո, որտեղ ցուցարարները աջակցում էին պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիին:

EgyNews-ի տվյալներով՝ 529 մեղադրյալներից ոչ բոլորն են բանտարկված:

Դատարանը նաև արդարացրել է 16 այլ մեղադրյալների:

 

Անկախ

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 529 անդամ մահապատժի է դատապարտվել

egiptosԵգիպտոսում ռազմական հեղաշրջման հակառակորդներից 529 հոգի մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով Եգիպտոսում արգելված և ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը անդամակցելու մեջ: Այս որոշումը կայացվրել է  Կահիրեի հարավում գտնվող Էլ-Մինիի քրեական դատարանի կողմից, դատական գործերը շուտով կփոխանցվեն մուֆթիություն: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այս գործով մեղադրվող ևս 16 հոգի արդարացվել է: Նշենք, որ սա 2013 թվականի
հուլիսի 3–ի ռազմական հեղաշրջման հակառակորդների նկատմամբ կայացված առաջին դատական որոշումն է:

Թուրքիան խփել է հայերին ահաբեկիչներից պաշտպանելու համար օդ բարձրացած սիրիական ռազմական օդանավը.news.am

200461Թուրքիայի կողմից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջան մտած իսլամիստ-ահաբեկչների դեմ գործողության դուրս եկած սիրիական ռազմական օդանավը խփվել է թուրքական կործանիչների կողմից,հաղորդում է news.am-ը :

Թուրքական Sozcu պարբերականը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրները, նշում է, որ Սիրիայի կառավարական ռազմական օդանավ հետապնդել են հայաբնակ Քեսաբի շրջան մտած ահաբեկիչներին, երբ թուրքական օդուժն անսպասելիորեն խախտել է Սիրիայի օդային սահմանը եւ հրթիռով հարվածել սիրիական օդանավերից մեկին՝ դրանով աջակցելով քրիստոնյաներին կոտորելու եկած ահաբեկիչներին:

Վնասված ռազմական օդանավը վայր է ընկել, իսկ օդաչուին հաջողվել է օդապարիկով փրկվել:

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե իբր սիրիական օդանավը խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, որի համար էլ կրակ է բացվել:

Նշենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթակիայի շրջան։

Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարածքից։

Անկախ

Արամ Ա. կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Քեսաբի հայությանը

Արամ Ա. կաթողիկոսՈւրբաթ առաւօտեան զինեալ ուժերու թրքական սահմանէն Քեսապ
ներթափանցումի առաջին իսկ ժամերէն սկսեալ, Արամ Ա. կաթողիկոս մօտէն
հետեւեցաւ ստեղծուած կացութեան եւ յատկապէս Քեսապի մեր ժողովուրդին
դիմագրաւած դժուարութիւններուն։ Այս ուղղութեամբ վեհափառ հայրապետը
մնայուն կերպով կապեր հաստատեց Հալէպի, Լաթաքիոյ, Դամասկոսի եւ
Լիբանանի մեր հոգեւոր, համայնքային ու քաղաքական
պատասխանատուներուն հետ եւ խորհրդակցութիւններ ունեցաւ անոնց հետ։

Երբ շաբաթ յետմիջօրէին Թուրքիայէն աւելի կազմակերպուած կերպով եւ
քանի մը ճակատներու վրայ ներթափանցումներ կատարուեցան՝ սաստիկ
ռմբակոծումներու թիրախ դարձնելով Քեսապը, վեհափառ հայրապետը
անմիջապէս կապ հաստատեց պատասխանատու անձնաւորութիւններու հետ
եւ պահանջեց, որ անմիջապէս առնուին պէտք եղած քայլերը՝ պաշտպանելու
համար Քեսապի հայութիւնը։

Շաբաթ գիշեր ուշ ժամուն վեհափառ հօր այցելեց Լիբանանի մէջ Սուրիոյ
դեսպանը։ Հանդիպման ներկայ եղան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի
ներկայացուցիչ Յակոբ Խաչերեան եւ Հայկական երեսփոխանական պլոքի
ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի։ Սուրիոյ դեսպանը յայտնեց, որ Սուրիոյ
նախագահին կողմէ իրեն պարտականութիւն տրուած է անմիջապէս այցելելու
վեհափառ հայրապետին իրեն վստահեցնելու, թէ Սուրիոյ պետութիւնն ու
բանակը իրենց կարելին պիտի ընեն վերահաստատելու շրջանի
խաղաղութիւնը։

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին դեսպանը յայտնեց, որ
յստակ տուեալներու համաձայն, Թուրքիան ո՛չ միայն քաջալերած է
զինեալներու մուտքը Քեսապ, այլ նաեւ անոնց տրամադրած է ծանր զէնքեր եւ
դիւրացուցած անոնց յառաջխաղացքը։ Ան յայտնեց, որ սուրիական բանակը
թէեւ զոհեր տուած է, սակայն կրցած է լայն չափով ետ մղել զինեալ ուժերու
թափանցումները։ Շարունակելով իր խօսքը՝ դեսպանը ըսաւ, որ նախագահը եւ
Սուրիոյ պետութիւնը խոր յարգանք ունին հայ ժողովուրդին նկատմամբ եւ
սուրիահպատակ հայերը կը նկատեն հաւատարիմ քաղաքացիներ սուրիական
հայրենիքին, հետեւաբար անոնց պաշտպանութիւնը պետութեան աւագ
պարտաւորութիւնն է։ Ան նաեւ տեղեակ պահեց վեհափառ հայրապետը, որ
Լաթաքիոյ նահանգապետը այցելած է եկեղեցւոյ ու դպրոցի սրահներուն մէջ
հաստատուած Քեսապի հայութեան ու խոստացած ամէն տեսակ օգնութիւն
ընծայել:

Վեհափառ հայրապետը ըսաւ, թէ ինք մտահոգութեամբ կը հետեւի Սուրիոյ
անցուդարձերուն, եւ ո՛չ միայն Սուրիոյ հայերով, այլեւ ամբողջ Սուրիոյ
ժողովուրդի ու Սուրիոյ բոլոր շրջաններու ապահովութեամբ մտահոգ է։
Խօսելով Քեսապի մասին՝ վեհափառը ըսաւ, որ Քեսապը խորհրդանշական
իմաստ մը ունի մեր ամբողջ ժողովուրդին համար։ Վեհափառը յիշեցուց, որ
նոյն ցեղասպան Թուրքիան է, որ առիթը կ’օգտագործէ հարուածելու հայ
ժողովուրդը։

Կիրակի առաւօտ վեհափառ հայրապետը միաբան հայրերէ բաղկացած
պատուիրակութիւն մը ղրկեց Լաթաքիա։ Պատուիրակութեան նպատակն է մեր
ժողովուրդի զաւակներուն փոխանցել վեհափառ հայրապետին աղօթքներն ու
զօրակցութիւնը, տեղեակ դառնալ ստեղծուած կացութեան եւ յատկապէս
ուսումնասիրել ժողովուրդին կարիքները, որպէսզի կաթողիկոսարանին կողմէ
անհրաժեշտ կարգադրութիւնները կատարուին։

Կիրակի առաւօտ Մայր տաճարին մէջ վեհափառ հայրապետը պատգամ մը
ուղղեց մեր ժողովուրդին։ Ան ընդհանուր գիծերով բացատրեց Քեսապի մէջ
ստեղծուած կացութիւնը եւ յիշեցուց, որ նոյն ցեղասպան թուրքը 100 տարիներ
ետք դարձեալ գաղթական կը դարձնէ մեր ժողովուրդի զաւակները: Ապա
վեհափառը շեշտեց, որ աղօթքի եւ զօրակցութեան ճամբով Մեծի Տանն
Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը կը մնայ Քեսապի ու ամբողջ Սուրիոյ հայութեան
կողքին:

Անկասխ

Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը Բեյրութում

IMG_4405Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի  Հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ

Մարտի 23-ին դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ լիբանանյան Էմիլ Բուստանի համերգասրահում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Երեկոյի առաջին մասում ներկայացվեց Հեկտոր Բեռլիոզի «Ամռան գիշերներ» ստեղծագործությունը, մենակատար` բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր Ռուքսանդրա Դոնոսե (մեցցո սոպրանո):

Երեկոյի ավարտին Դոնոսեն կիսվեց, որ վայելել է նվագախմբի հետ աշխատանքի և յուրաքանչյուր րոպեն: Նշեց նաև, որ չնայած փորձերի համար հատկացված շատ սուղ ժամանակին, նման պրոֆեսիոնալ և եռանդով լեցուն երիտասարդների հետ համագործակցությունը չափազանց դյուրին էր: Համերգի 2-րդ մասում Երիտասարդականը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի Սիմֆոնիա թիվ 6 «Հովվերգական»-ը:

Այս համերգով Երիտասարդականը եզրափակեց իր ելույթները Լիբանանում՝ Al Bustan 20-րդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երիտասարդականին հաջողվեց գերել հանդիսատեսին և արժանանալ լեփ-լեցուն դահլիճների հոտնկայս ծափահարություններին՝ լսարանին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն օրինակներ և համագործակցելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Անտոնիո Մենեսեսը (թավջութակ), Ջանլուկա Մարչիանոն (դիրիժոր), Ռուքսանդրա Դոնոսեն (մեցցո սոպրանո), Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (բանդոնեոն) և շատ ուրիշներ:

Համերգները իրենց ներկայությամբ պատվեցին Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Աշոտ Քոչարյանը և Բեյրութի հայ համայնքի այլ նշանավոր ներկայացուցիչներ: Հյուրախաղերը կարելի է վստահաբար հաջողված համարել, ընդ որում՝ սպասվածից առավել: 

 

Անկախ

Զինյալները սպանել են Բաշար Ասադի հորեղբորորդուն

88_mainԼաթաքիայից հյուսիս մարտերի ժամանակ սպանվել է ազգային պաշտպանության ուժերի տարածքային հրամանատար Հիլյայ Ասադը` Արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադի հորեղբորորդին: Դա տեղի է ունեցել կիրակի, մարտի 23-ին, հայտնել է  մերձծովյա նահանգի նահանգապետ Ահմեդ Շեյխ Աբդել Կադերը: Նրա խոսքով,»իր հայրենասիրությամբ հայտնի հրամանատարը զոհվել է հերոսի նման» , նրա հետ  Թուրքիային սահմանակից Քեսաբում զոհվել է ևս 7 զինծառայող:

Ազգային պաշտպանության ուժերը ստեղծվել են 2012-ին, որպես կիսամարտական ձևավորումներ, որոնք աջակցում են սիրիական բանակին: Լաթաքիայում հիմնականում այդ ուժերն ալավիթներից են կազմավորված.այդ համայնքից են նաև նախագահ Ասադն ու նրա ընտանիքը:

Անկախ

Բեյրութում զինված բախումներ են, կան տուժածներ

ԲեյրութԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավ-արևմտյան մասում զինված բախում է տեղի ունեցել սիրիական ընդդիմության և կառավարության կողմնակիցների  միջև: Կողմերը հրազեն և պայթուցիկներ են օգտագործել Արաբական համալսարանի մետակայքում: ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ կան վիրավորներ: Լիբանայան անվտանգության ուժերը շրջափակել են ամբողջ թաղամասը, որտեղ փոխհրաձգություն է ընթանում և փորձում են հարթել իրավիճակը:

Բեյրութում լարված դրության պատճառը սիրիական սահմանին տեղի ունեցած միջհամայնքային բախումներն են, որոնց հետևանքով մարտի սկզբից արդեն 24 մարդ է զոհվել, 152-ը՝ վիրավորվել:

Անկախ

Դրությունը Քեսաբում շարունակում է մնալ լարված

kessabՍիրիական ընդդիմության ուժերին հաջողվել է կառավարական զորքերից գրավել սիրիական հայաշատ Քեսաբ բնակավայրը: Ընդդիմադիրների հսկողության տակ է անցել սահմանային անցակետը, ինչպես նաև մի քանի կարևոր դիրքեր: Մարտերը այստեղ ընթացել են ամբողջ գիշեր: Այսօր էլ թուրքական կողմից շարունակում են լսվել կրակոցի և պայթյունների ձայներ: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ ընդդիմադիր ուժերից վիրավորված 23 հոգու սահմանով տեղափոխել են Յայլադաղի շրջան: Նրանցից 4-ին թուրք բժիշկները չեն կարողացել օգնել, մյուսները ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ:

Անկախ

Գիտաժողով Ալեքսանդրիայի գրադարանում

110.Symposium in Cairo 21.03.2014Ալեքսանդրիայի գրադարանում կայացել է գիտաժողով` նվիրված եգիպտահայ ականավոր պետական գործիչ, Եգիպտոսի նոր շրջանի առաջին արտաքին գործերի նախարար Պողոս Բեկ Յուսուֆյանին, ում մահվան 170 տարելիցը լրանում է այս տարի։ Այն կազմակերպել էր Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական բաժանմունքը` Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի  հետ համագործակցությամբ։

Բացման հանդիսավոր նիստին ելույթ ունեցողների թվում էին Ալեքսանդրիայի նահանգապետ Տարեկ Մահդին, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական տնօրեն Էզզա էլ–Խուլին։ Մասնավորապես, դեսպան Մելքոնյանը խոսել է հայ–եգիպտական արդի հարաբերությունների մասին` նշելով, որ դրանց հիմքում այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են դեռ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունից Եգիպտոսի անկախացման գործընթացում հայ ականավոր գործիչների ներգրավվածության շնորհիվ։ «Մեր ժամանակներում, երբ ցավոք հաճախ ենք առերեսվում անհանդուրժողականության, այլատյացության և ռասիզմի դրսևորումների, նվիրումի և փոխվստահության վրա հիմնված այդ գործակցությունը կարող է հանդուրժողականության և համագոյակցության ուսանելի օրինակ ծառայել»– ասել է ՀՀ դեսպանը։

Եգիպտացի գիտնականների նեկայացրած մոտ մեկ տասնյակ զեկույցներում հարկինս արժեվորվել է ինչպես Պողոս Բեկ Յուսուֆյանի գործունեությունը, այնպես էլ  Եգիպտոսի հասարակական, մշակութային կյանքում հայերի ունեցած նշանակալից ներդրումը։ Կարևորվել է Եգիպտոսում այն բարենպաստ միջավայրի ապահովումը, որն ինքնադրսևորման հնարավորություն է ստեղծել հայ գործիչների համար։ Ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր բռնագաղթված  հայերի` Եգիպտոսում բարյացակամ ընդունելություն գտնելու և այդ երկրում հաստատվելու մանրամասներին։

Ավելի քան երկու հարյուր ունկնդիրների թվում էին օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ և ուսանողներ:

Հաջորդ օրը նահանգապետ Տարեկ Մահդին, դեսպան Մելքոնյանը և Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը միասին այցելել են  Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարան, որտեղ ջերմ և անկեղծ մթնոլորտում հանդիպում է տեղի ունեցել Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև բոլոր ներկաները հարգանքի տուրք են մատուցել Առաջնորդարանի բակում գտնվող Պողոս Բեկ Յուսուֆյանի և Նուբար Փաշա Նուբարյանի շիրիմներին։

Տեղեկանք: Պողոս Բեկ Յուսուֆյանը (1768-1844). եղել է Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալիի անձնական քարտուղարն ու թարգմանիչը։ Հաջորդաբար զբաղեցրել է արտաքին առևտրի տնօրենի, մաքսատների կառավարչի, ի վերջո` արտաքին առևտրի և գործերի նախարարի պաշտոնները: 
         Ալեքսանդրիայի գրադարանը, որը հիմնադրվել է 2002–ին, խոշորագույնն է տարածաշրջանում։ Տարողունակությունը 7-8մլն հատոր է։ Գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով։  Ունի մասնագիտացված մասնաճյուղեր, թվայնացված արխիվներ, գիտա–հետազոտական կենտրոններ, թանգարաններ և մշտական ցուցահանդեսներ։ Այստեղ պարբերաբար անց են կացվում միջազգային և տեղական նշանակության գիտաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ։

Անկախ

Հարձակում Քեսաբի վրա

Քեսաբ բնակավայր

Այսօր, մարտի քսանմեկի  առավոտյան, զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել    Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել  է Քեսաբին մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը  փորձում է ետ մղել գրոհայիններին: Բախումները ներկա պահին շարունակվում են: Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա այլ տարածքներից հեռացել է ավելի ապահով վայրեր: Կան տուժածներ:

Անկախ