Գրոսմայստեր Իգոր Զայցև-Աղայանը թևակոխեց իր 75-րդ գարունը:
Իգորը ծագումով հայ է, նրա հայրը Արկադի Աղայանն է:
Իգոր Զայցև-Աղայանը եղել է մի շարք հռչակավոր շախմատիստների, այդ թվում` աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մարզիչ-մարտավկան:
Մայիսի 30-ից մինչև հունիսի 9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ընտրանին, որ նախապատրաստվում է այդ ստուգատեսին, այս օրերին` մայիսի 19-ից սկսած, ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Կոնչե Զասպեի հարմարվետ մարզաբազայում: Վերջում մեր մարզիկները ստուգողական հանդիպումներ կանցկացնեն նույն մարզաբազայում հանգրվանած տարբեր երկրների կաշվե ձեռնոցի վարպետների, գուցե նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ուկրաինա մեկնելուց առաջ ահա թե ինչ ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
– Իմ գլխավորությամբ Հայաստանի մեծահասակների հավաքականն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նախկինում հին աշխարհամասի առաջնությունում ռինգ եմ դուրս բերել մեր երկրի մինչև 23 տարեկանների հավաքականը: 2012-ին Կալինինգրադում կայացած այդ ստուգատեսում ունեցել ենք մեկական չեմպիոն` 2-րդ և 3-րդ մրցանակակիր: Ինչ վերաբերում է մեծահասակների թիմին, ապա այն իմ ղեկավարությամբ 2012-ին մասնակցել է Ստամբուլում կազմակերպված օլիմպիական վարկանիշային մրցաշարի և մնացել է առանց ուղեգրի: Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում էլ հաջողությունը ուղեկից չէր: Ի դեպ, մեր թիմի անդամների մեծ մասն առաջին անգամ է կարողությունները փորձելու այդպիսի ներկայացուցչական ստուգատեսում: Մեր ընտրանին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում վերջերս համատեղ մարզումներ է անցկացրել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Պարապմունքներն օգտակար էին: Նախապատրաստական այդ շրջանում, թեև հիմնական ուշադրությունը դարձվում էր մարզիկների ընդհանուր ֆիզիկական և հատուկ պատրաստականությունը բարելավելուն, օգտվելով առիթից, չորս անգամ Հայաստանի ներկայացուցիչները ստուգողական մրցամարտեր անցկացրին ռուսաստանցի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականի մարզիկները լավ տպավորություն թողեցին, մրցակիցներին տեխնիկական և տակտիկական պատրաստականության մակարդակով ոչնչով չզիջեցին: Այդուհանդերձ, ստուգողական հանդիպումները պաշտոնական մրցումներից տարբերվում են:
– Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների համալրման հնարավորությունների տարբերություն չկա՞:
– Ռուսաստանի ներկայացուցիչները չորս թիմով էին մարզվում. 52 բռնցքամարտիկ էր պարապում: Բոլորն էլ հետո Ղրղըզստան` հաջորդ ուսումնամարզական հավաքին մեկնեցին: Մինչդեռ Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնությանը պատրաստվում է ներկայանալ ոչ լիվ կազմով` 7 մարզիկով: 69 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունենք: Այդ քաշային կարգում նախկինում հավաքականում հանդես է եկել Սամվել Մաթևոսյանը: Այժմ էլ հույս չկա, որ որևէ մեկը կարող է իրեն արդարացնել: Մարդ տանել, որն առաջին իսկ հանդիպումում կպարտվի, իմաստ չունի: Նույն բանը կարելի է ասել մեր 81 կգ և 91 կգ քաշային մարզիկների մասին: Կան տղաներ, բայց ներկայումս նրանք Եվրոպայի առաջնությունում պատվով հանդես գալու մակարդակ չունեն: Իսկ նախապատրաստվում են Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Արմեն Սիմոնյանը (+91 կգ):
– Հավաքականում ինչո՞ւ չի ընդգրկվել 75 կգ քաշային փորձառու բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Նա թողե՞լ է ակտիվ սպորտը:
– Կարելի է ասել, որ Անդրանիկը 90 տոկոսով թողել է բռնցքամարտը: Ինքս նրա հետ զրուցել եմ, հայտնել, որ շատ բան է արել հայկական բռնցքամարտի համար և պետք է որոշում կայացնի: Ինձ համար այդ վճիռը կողմնորոշիչ կլինի: Հակոբյանը 32 տարեկան է, և պատրաստ ենք նրան ընդառաջել, միջազգային մրցելույթները շարունակելու հնարավորություն տալ, նաև օգնել բոլոր հարցերում: Ամեն դեպքում նա առաջիկա Եվրոպայի առաջնությանը չի նախապատրաստվել և չի մասնակցելու, թե ինչ կլինի հետո, առայժմ անորոշ է:
– Հավաքականի բռնցքամարտիկների մասին ի՞նչ կասեք: Նրանցից ամենաճանաչվածը Եվրոպայի նախկին չեմպիոն Դանիելյանն է: Մյուսների մասին քիչ բան է հայտնի:
– Դանիելյանը երկու տարի շարունակ տարբեր խնդիրներ է ունեցել, նաև կենցաղային բնույթի: Նա 26 տարեկան է, ուսի վնասվածքը շատ է խանգարել: Հիմա Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է: Վերջերս Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում նա լավ տպավորություն թողեց, եթե հոգեբանորեն տրամադրվի, վստահություն ձեռք բերի իր ուժերի նկատմամբ, ապա Եվրոպայի առաջնությունում լավ հանդես կգա: Ի դեպ, այս քաշային կարգում ունենք նաև լավ երիտասարդ բռնցքամարտիկ: Կորյուն Սողոմոնյանը նախապատրաստվում է, որ հանդես գա Կազանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերում, նաև աշխարհի առաջնությունում: Դա բավական է, մարզիկը չի կարող մեկ տարվա ընթացքում երեք խոշորամասշտաբ մրցման մասնակցել: Աբգարյանը, Ավագյանը, Բաչկովը երկրորդ տասնամյակը նոր թևակոխած բռնցքամարտիկներ են, ունեն մրցակցության փորձ: Մասնավորապես, Ավագյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե, Աբգարյանը` բրոնզե մեդալակիր է: Բաչկովը Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում ուժեղ բռնցքամարտիկների հաղթեց և երկրորդը ճանաչվեց: Պուլուզյանն էլ փորձառու է, տեսնենք , թե ինչպես իրեն կդրսևորի:
– Վաղուց է, ինչ նա հավաքականում է: Դա բռնցքամարտիկի վերջի՞ն հնարավորությունն է:
– Չէի ցանկանա ասել, բայց այդպես է:
– Իսկ Հովիկյանը և Սիմոնյանը ի՞նչ հույսեր են ներշնչում:
– Առաջինը 23 տարեկան է: Նա ռինգում մարտական է, չի ցանկանում զիջել մրցակիցներին: Ցանկալի է, որ այդպիսի կամային հատկանիշներ մեր բոլոր բռնցքամարտիկները դրևսորեն: Սիմոնյանը Ուկրաինայից է` Լուգանսկ քաղաքից: Կալինինգրադում` Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա մի հաղթանակ տարավ, սակայն երկրորդ մրցամարտը վատ անցկացրեց: Պատճառն այն էր, որ հոգեբանորեն չէր տրամադրվել հանդիպմանը, վստահություն չուներ: Նա Չեխիայում միջազգային մրցաշարի մասնակցեց: Տպավորությունն այն է, որ 20-ամյա մարզիկն աստիճանաբար առաջադիմում է:
– Հնարավո՞ր է, մեր հավաքականի մարզիկներին Եվրոպայի առաջնությունում խանգարի հենց մրցափորձի պակասը:
– Դա չպետք է բացառել: Այդուհանդերձ, կամային հատկանիշները հաճախ լրացնում եմ մարզիկների մրցափորձի պակասը:
– Այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնությունում ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Հույսով ենք գնում, որ մեդալներ կբերենք: Ընթացքը ցույց կտա: Հաջողությունը և անհաջողությունը չէի ցանկանա վիճակահանության հետ կապել: Միայն կարող եմ ասել, որ մեր տղաները մրցավայր կներկայանան պայքարի պատրաստ:
– Մեր թիմում կա՞ն մարզիկներ, որոնք շեշտը դնելու են նոկաուտով հաղթելու վրա, թե՞ բոլորն էլ խաղարկային բռնցքամարտիկներ են, փորձելու են հնարավորինս շատ, բայց ոչ այնքան ուժեղ հարվածներ հասցնել և միավորներով առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:
– Հիմնականում տեղաշարժվող, խաղարկային բռնցքամարտիկներ ունենք: Վերջին մեկ տարին աշխատում ենք, որ նրանք նաև ուժեղ հարվածներ հասցնեն:
– Այդ դեպքում շատ բան կարող է որոշել այն հանգամանքը, թե ինչքանով անաչառ կլինեն մրցավարները: Հայաստանից մրցավար սպասարկելո՞ւ է Եվրոպայի առաջնությունը:
– Եթե մրցավարները կողմնակալություն դրսևորեն, միևնույն է, ոչինչ չենք կարող անել: Մեր երկրից Մինսկում մրցավար չի լինելու: Հրավիրվել են միայն այն մասնագետները, որոնց միջազգային կարգը 3 աստղ է: Հայաստանում այդ կարգի մրցավար չկա: Այդ առումով դժվար է լինելու: Արդեն քանի տարի է` այդ հարց այդպես էլ չի կարգավորվում:
– Բռնցքամարտով զբաղվելը դժվարին գործ է: Ինչպե՞ս է լուծվում Հայաստանի հավաքականի անդամների վարձատրության հարցը:
– Ովքեր միջազգային մրցասպարեզներում հաջողություններ ունեն, վարձատրվում են, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ստանում են մեր երկրի նախագահի սահմանած սանդղակով թոշակ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը ևս աջակցում է արժանավորներին: Ոչ ոք ուշադրությունից դուրս չի մնում: Այնպես որ, ֆինանսական խնդիրներ չկան:
– Ի՞նչ է նախատեսված նախապատրաստական վերջին փուլում:
– Մինչև մայիսի 29-ը մեր ընտրանին Կոնչե Զասպեում համատեղ պարապմունքներ և ստուգողական հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:
– Ադրբեջանի թիմն ի՞նչ կապ կարող է ունենալ մեր երկրի հավաքականի հետ:
– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը` Վադիմ Զոլոտարյովը, ուկրաինացի է: Նա նախկինում բարձրակարգ բռնցքամարտիկ է եղել, լավ հարաբերութուններ է պահպանում Հայաստանի ներկայացուցիչների հետ: Այնպես որ համատեղ աշխատանքը կարող է միայն փոխշահավետ լինել: Կիևից էլ կմեկնենք մրցավայր` Մինսկ:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստվում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այդ մասին լրագրողներին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը` Ցեզարի Կուխարսկին: Վերջինս նշել է, որ երկու ակմումբների ղեկավարները բանակցում են, և ֆուտբոլիստն էլ անհամբերությամբ սպասում է, թե երբ է կրելու «Բավարիայի» մարզազգեստը:
Օրերս թեթևքաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ԱՄՆ Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» մրցամարտ անցկացրեց մեքսիկացի Հավիեր Գոլոյի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ: Թեև նախատեսված էր, որ բռնցքամարտիկները պետք մրցեն 10 ռաունդ, սակայն 4-րդ ռաունդում Դարչինյանի մրցակիցը հատնվեց ռինգի հատակին և այլևս չշարունակեց պայքարը: Այսպիսով, մեր մարզիկը հաղթեց նոկաուտով:
Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնեց, որ նպատակն այն էր, որ Դարչինյանը հաղթի և դառնա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, չեմպիոնական գոտու համար մրցամարտ անցկացնի: Ներկայումս Դարչինյանը հանդես է գալիս նոր քաշային կարգում և կշռում է 56 կգ: Հայ բռնցքամարտիկն արդեն 38 տարեկան է և ցանկանում է ռեկորդ սահմանել: «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, բացի տարած հաղթանակների քանակից, կարևոր նշանակություն ունի, թե քանի քաշային կարգում է տվյալ բռնցքամարտիկը չեմպիոն դարձել: Դարչինյանը երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել և ցանկանում է ևս մեկ քաշային կարգում այդպիսի հաջողության հասնել: Նա երբեք չի խոսում ռինգին հրաժեշտ տալու մասին, միայն մենք ենք երբեմն ակնարկում: Բայց պետք է տարիքի հետ հաշվի նստել և ժամանակին փառքով հեռանալ»,- ասաց Բադալյանը:
Հետաքրքիր էր, թե ինչու այս անգամ մարզիչն իր սանի կողքին չէր, երբ նա մրցամարտ էր անցկացնում: Բադալյանը պարզաբանեց, որ սկզբում նախատեսվում էր մրցամարտը կազմակերպել Մեքսիկայում: Բայց դա անվտանգ չէր: «Խորհուրդ տվեցի Դարչինյանին, որ նա մրցավայրը փոխելու պահանջ ներկայացնի: Եվ չեզոք վայր ընտրվեց` Տեխասը: Թեև այն ԱՄՆ-ի տարածք է, Մեքսիկայի սահմանին մոտ է, մեքսիկացի հանդիսականները մրցավայրում շատ էին: Չգնացի, քանի որ տեխնիկական հարցեր առաջացան: Մի ամիս առաջ անհրաժեշտ էր տեղյակ պահել, որ պատրաստվում եմ Տեխաս ուղևորվել, թույլտվություն ստանալ: Բացի այդ, նախատեսվում էր իմ գեղանկարչական գործերի ցուցահանդեսի բացումը: 76 աշխատանք մայիսի 17-27-ը ներկայացված է Գեղագիտական ազգային կենտրոնի երևանյան ցուցասրահում: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, թեև նախկինում քանիցս տարբեր ցուցահանդեսներում իմ գործերը ներկայացվել են»,- ասաց Բադալյանը:
Ի դեպ, Տեխասում են եղել նաև Դարչինյանի կինը` Օլգան և որդին` Ռուբենը: Այդ է պատճառը, որ նա ընտանիքով վերադարձել է Ավստրալիա: Բռնցքամարտիկը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Հայաստան կժամանի, որպեսզի մտերիմների շրջապատում նշի հաջողությունը:
Դեռևս պարզ չէ, թե ով կլինի Դարչինյանի հաջորդ մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, նա չեմպիոնական գոտու համար մրցամարտ կանցկացնի օգոստոսին կամ սեպտեմբերին: Բանակցությունները երկար կտևեն: Եթե մեր մարզիկը ևս մեկ գոտի ձեռք բերի, կլինի 9-րդը: Դա մեծ ձեռքբերում կհամարվի:
Կատալոնական «Բարսելոնան» և բրազիլական «Սանթոսը» ընդհանուր հայտարարի են եկել: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այսուհետ կխաղա «Բարսելոնայի» կազմում: Հարձակվողը 5 տարով աշխատանքային պայմանագիր է կնքել: Գործարքի այլ մանրամասները գաղտնի են պահվում:
Նեյմարը միայն հայտնել է, որ Խավիի, Ինիեստայի և Մեսսիի հետ խաղալը մեծ պատիվ է և իր երազանքը իրականացել է: «Չգիտեմ, թե երբ կմեկնեմ Իսպանիա: Շնորհակալ եմ «Սանթոսին» և արդեն մտածում եմ իմ նոր թիմի մասին»,- ասել է ֆուտբոլիստը:
Մաշտոցի պողոտայում` «Ավիատրանս» ընկերության մերձակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարել Կապանի «Գանձասար» ակումբի տնօրեն Վլադիկ Առաքելյանին:
Ուշագրավ է, որ ավտոմեքենայի վարորդը մոտեցել է տուժածին և օգնել: Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Առաքելյանը ձեռքի և ոտքի կոտրվածքներ ունի: Բժիշկների վկայությամբ` նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ալուշտայում անցկացվող շախմատի Ուկրաինայի ակումբային առաջնության ավարտին մնացել է երկու տուր: Լունգանսկի «Շտրաֆբատ» թիմը, որ կազմում է Տարոն Շահբազյանը, վաստակել է 8 թիմային և 23,5 անհատական միավոր: Այն 4-րդ տեղում է: Իսկ առաջատարը Խարկովի «Իրավաբանական ակադեմիա» թիմն է` 14 (34) միավոր: Ապա հաջորդում են կիևյան «Բրատստվո» և «Ավանգարդ» ակումբները, որոնք հավաքել են 12 (29,5) և 11 (28) միավոր:
Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրաձգարանում անցկացվող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից կրակահերթերում 123 մարզիկների պայքարում Հրաչ Բաբայանը հավաքած 620,1 միավորով զբաղեցրել է 46-րդ տեղը, իսկ Հայաստանը ներկայացնող գերմանացի Քրիստիան Լաուերը 613 միավորով` 93-րդն է:
Կանանց մրցավեճին մասնակցում էր 126 մարզուհի: Հայ հրաձգուհիներից` Իրինա Աղաջանյանը 410,8 միավորով զբաղեցրել է 57-րդ, Սվետլանա Տիգրանյանը (401,8 միավորով) 113-րդ տեղը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեղափոխվել է «Կրասնոդար»:
28-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել այդ ակումբի ղեկավարության հետ: Նա կարող է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը:
Պիզելին իր նոր թիմի խաղընկերներին կմիանա հունիսի սկզբին:
Մայիսի 26-ի երեկոյան պարզ դարձան «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքի հաղթող թիմերը։ Ամենաարագը Վանաձորը ներկայացնող ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ թիմն էր, երկրորդ հորիզոնականում ՙ3+2՚ թիմն էր, իսկ երրորդ տեղը գրավեց ՙԱմբա՚-ն։ Թիմերի ղեկավարների անհատական մրցույթում նույնպես հաղթող ճանաչվեց առաջին տեղը զբաղեցրած ՙՎանաձորը՝ համահայկական երիտասարդական մայրաքաղաք՚ խմբի ավագ Սերգեյ Պետրոսյանը։
Սերգեյն այս տարի ավարտում է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Նա նշեց, որ իրենց թիմի բոլոր անդամներն էլ զբաղվում են սպորտով, սիրում են հածանվավազքը։ Վանաձորում հաճախ են կազմակերպվում հեծանվային արշավներ, որոնց ներգրավվում են ոչ միայն տեղացիներ, այլև զբոսաշրջիկներ։ Սերգեյ Պետրոսյանի կարծիքով՝ նման միջոցառումները նպաստում են հեծանվային սպորտի մասսայականացմանը, ինչպես նաև համախմբում երիտասարդներին։
ՙՊատրիոտներ՚ խումբը հեծանվավազքում գրավել է 10-րդ տեղը, սակայն այս թիմը ներկայացնող Ելենա Թադևոսյանը տխուր չէ։ Ամբողջ երթուղին հանելուկների միջոցով վերծանել են և անցելով մայրաքաղաքի 5 հայտնի ու անհայտ վայրերով՝ մեկ ժամում հասել են եզրագծին։
Հաղթող թիմերի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ «Փլեյ Սիթի՚ ժամանցի կենտրոնում։ Հաղթող երեք թիմերի բոլոր անդամները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան Ծաղկաձորում հանգստի ուղեգրի։ Իսկ թիմերի ղեկավարների մրցույթում հաղթած Սերգեյ Պետրոսյանը ՙՀԱՅԱՍԱ՚ երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից ստացավ Լեռնային Ղարաբաղում հանգստի ուղեգիր։
«Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթ-հեծանվավազքը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ն՝ «Հեծանիվ+» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Մարզական այս միջոցառմանը մասնակցեց ավելի քան 300 երիտասարդ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ուկրաինայի 2012/2013թթ. ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ուկրաինայում ավարտվեց 2012/2013թթ. ֆուտբոլի առաջնությունը և 24-ամյա Մխիթարյանը դարձավ 25-րդ գոլի հեղինակ, 8 գնդակով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած նիգերիացի հարձակվող Բրաուն Իդեյեին («Դինամո» Կիեւ): Լավագույն եռյակը եզրափակեց Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը, ով խփել է 15 գոլ:
Լավագույն ռմբարկու դառնալուց բացի, Մխիթարյանը նաեւ Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց:
Հաղթանակից հետո Ուկրաինացի երգչուհի Գայտանան Հենրիխ Մխիթարյանի հետ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը:
Ավելի վաղ Գայտանան հայտարարել էր, որ եթե Մխիթարյանը 25 գոլ խփի Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնությունում, ապա ինքը կերգի հայերեն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ ”Աբովյան” քրեակատարողական հիմնարկում անցկացրեց մարզական-մասսայական միջոցառում դատապարտյալ կանանց և անչափահաս տղաների մասնակցությամբ, որոնք միմյանց հետ մրցեցին վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ,վազք 30 մ և հեռացատկ տեղից մրցաձևերից: Մարզաձևերի հաղթղները, մրցանակակիրները և մասնակիցները պարգևատրվեցին հովանավորների կողմից հատկացված նվերներով և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրերով: Միջոցառմանը աջակցեցին ”Ասողիկ” հրատարակչությունը, Աբովյանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:Միջոցառումը կնպաստի դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, առողջ ապրելակերպի ամրապնդմանը:Միջոցառումը անց է կացվում թվով 4-րդ անգամ: 2014 թ. միջոցառումը կանցկացվի նոր թարմացված ծրագրով:
Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչը: Պատվավոր մրցանակը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Առաջինը կփորձի 5-րդ անգամ տիրանալ Եվրոպայի գլխավոր ակումբային գավաթին, իսկ դորտմունդցիները կձգտեն կրկնել 16-ամյա վաղեմության հաջողությունը: Ուշագրավ է, որ եզրափակիչը 7-րդ անգամ կանցկացվի «Ուեմբլի» մարզադաշտում և 7-րդ անգամ այն կսպասարկվի իտալացի մրցավարների կողմից:
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» եւ «Բավարիայի» շահերը կհատվեն 5-րդ անգամ: Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում և սուպերգավաթի համար պայքարում հաջողությունն ուղեկցել է մյունխենցիներին: Իսկ առաջնության երկու հանդիպումները ավարտվել են 1:1 հաշվով: Վերջին անգամ դորտմունդցիները «Բավարիային» հաղթել են Գերմանիայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում: Անցյալ տարվա մայիսի 12-ին տեղի ունեցած այդ հանդիպումը նրանք շահել են 5:2 հաշվով:
«Բավարիան» 10-րդ անգամ է մասնակցելու այս մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը: Այդ ցուցանիշով առաջատար են «Ռեալը» (12) և «Միլանը» (11): Բացի դրանից, բավարացիները կարող են դառնալ պատվավոր մրցանակը 5 անգամ նվաճած 4-րդ ակումբը «Լիվերպուլից» (5), «Միլանից» (7) և «Ռեալից» (9) հետո:
Սա լինելու է տարբեր մրցաշարերում «Բորուսիայի» եւ «Բավարիայի» 101-րդ հանդիպումը: Նախորդ խաղերից 46-ը ավարտվել է մյունխենցիների, իսկ 25-ը՝ դորտմունդցիների հաղթանակով: Մնացած հանդիպումներում արձանագրվել է ոչ-ոքի:
Այսօր Մյունխենում մեկնարկում է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը, որին կմասնակցեն Հայաստանը ներկայացնող 4 հրաձիգներ: Նրանցից մեկըՙ Քրիստիան Լաուերը գերմանացի է: Նա մեր մարզուհուՙ Իրինա Աղաջանյանի ամուսինն է և այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Իրինան Մյունխենում հանդես կգա օդամղիչ հրացանով 10 մհեռավորությունից հրաձգության մրցումներում, իսկ նրա ամուսինը բացի այդ մրցաձևից, ուժերը կչափի նաև հրացանով 50 մ-ից հրաձգությունում:
Մյունխենում Հայաստանի պատիվը կպաշտպանեն նաև Սվետլանա Տիգրանյանն ու Հրաչիկ Բաբայանը:
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունն է կրել Հունգարիայում կազմակերպված ընկերական մրցաշարում:
Երրորդ տուրում Հայաստանի թիմը 2:3 հաշվով պարտվել է սլովենացիներին՝ զբաղեցնելով խմբում վերջին տեղը: Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Սամվել Խաչիկյանը և Կարեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 1։4 հաշվով պարտվել էին Հունգարիայի թիմին, հետո էլ՝ Շվեյցարիայի՝ 1:6:
Հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումը:
Խաղի տոմսերը վաճառվում են մայիսի 25-ից:
Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Հայաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում ավարտված շախմատի 27-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Միաժամանակ Անդրանիկը կես միավորով գերազանցեց գրոսմայստերի նորման:
Մատիկոզյանը երկրորդ անգամ է հաղթահարում գրոսմայստերական բնագիծը:
Ջերմուկում ավարտվեց շախմատի Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլ հանդիսացող երկրի տարածաշրջանային առաջնությունը: Մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Մանվել Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նրանից կես միավորով ետ մնացին միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը և Գրիգոր Դիլանյանը: Այս երեք շախմատիստներն իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին: